Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 8-ՐԴ ԵՎ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1730/02/11

    դատարանի որոշում                                              2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1730/02/11

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Գ. Հակոբյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լիլիթ Գևորքովայի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լիլիթ Գևորքովայի ընդդեմ Սվետլանա Միքայելյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու, տնից վտարելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լիլիթ Գևորքովան պահանջել է իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևանի Գ. Մահարի փողոցի թիվ 34 բնակելի տունը հետ պահանջել Սվետլանա Միքայելյանի ապօրինի տիրապետումից, վերջինիս վտարել նշված բնակելի տնից, ինչպես նաև Սվետլանա Միքայելյանից բռնագանձել 1.500.000 ՀՀ դրամ գումար` որպես նշված տունն ապօրինի տիրապետելու արդյունքում ստացված եկամուտ, և 700.000 ՀՀ դրամ գումար` որպես փաստաբանի վարձատրության գումար:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Գ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 29.06.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Սվետլանա Միքայելյանի ապօրինի տիրապետումից հետ պահանջել Լիլիթ Գևորքովային սեփականության իրավունքով պատկանող Երևանի Գ. Մահարի փողոցի թիվ 34 բնակելի տունը և Սվետլանա Միքայելյանին վտարել նշված բնակելի տնից. մնացած պահանջների մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.10.2012 թվականի որոշմամբ Սվետլանա Միքայելյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 29.06.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիլիթ Գևորքովան:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 18-րդ, 19-րդ և 35-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ և 118-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը Սվետլանա Միքայելյանին պատվիրված նամակով պատշաճ ծանուցել է 15.06.2012 թվականի ժամը 16:50-ին կայանալիք դատական նիստի մասին, մինչդեռ նշված ծանուցագիրը հետ է վերադարձվել ծրարի վրա «Բացակայում է հանրապետությունից» նշումով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29.06.2012 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Դատարանի 05.12.2011 թվականի որոշմամբ Լիլիթ Գևորքովայի հայցադիմումը ընդունվել է վարույթ, և նախնական դատական նիստեր են նշանակվել 18.01.2012 թվականին, 09.02.2012 թվականին, 01.03.2012 թվականին, 22.03.2012 թվականին, 12.04.2012 թվականին, 14.05.2012 թվականին և 30.05.2012 թվականին: Նշված նախնական դատական նիստերի վայրի և ժամանակի մասին Դատարանը Սվետլանա Միքայելյանին պատշաճ ծանուցել է հայցադիմումում նշված Երևանի Գ. Մահարի փողոցի թիվ 34 տուն հասցեով: Դրանց վերաբերյալ դատական ծանուցագրերը Սվետլանա Միքայելյանը ստացել է (հատոր 1-ին, գ. թ. 23-24, 70-72, 85-87, 91-93, 99, 105, 107, 108, 117-119).

2) Դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, 30.05.2012 թվականին որոշում է կայացրել 15.06.2012 թվականի ժամը 16:50-ին գործը դատաքննության նշանակելու մասին: Նշված որոշումը պատշաճ ձևով Սվետլանա Միքայելյանին ուղարկվել է նույն` Երևանի Գ. Մահարի փողոցի թիվ 34 տուն հասցեով: Որոշումը փոստային ծառայության կողմից հետ է վերադարձվել ծրարի վրա «Հասցեատերը բացակայում է հանրապետությունից» նշումով: Նշանակված դատաքննության օրը Սվետլանա Միքայելյանը և նրա ներկայացուցիչը չեն ներկայացել: Այդ նիստում Դատարանը գործի քննությունը հայտարարել է ավարտված` միաժամանակ հայտարարելով վճռի հրապարակման վայրն ու ժամանակը (հատոր 1-ին, գ.թ. 120, 127-132).

3) Սվետլանա Միքայելյանը Դատարանին և Լիլիթ Գևորքովային չի հայտնել գործի վարույթի ժամանակ իր հասցեն փոխելու մասին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է դատական ծանուցումների հետ կապված դատավարական պարտականությունները բարեխիղճ կատարելու, ինչպես նաև գործի քննության ընթացքում հասցեն փոխելու և դրա մասին դատարանին ու գործին մասնակցող անձանց չհայտնելու դատավարական հետևանքների վերաբերյալ միասնական պրակտիկա ձևավորելու անհրաժեշտությամբ:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

Նույն օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանվում են գործին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները, որի 3-րդ կետը սահմանում է, որ գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերն ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում:

Վերը նշված դրույթների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով: Նշված սկզբունքը դրսևորվում է նաև դատարանին և գործին մասնակցող մյուս անձանց հասցեի փոփոխության վերաբերյալ գործին մասնակցող անձի կողմից ծանուցելով: Նման կերպ պաշտպանվում է ոչ միայն հասցեն փոխած անձի իրավունքը, այլև դատավարության մյուս մասնակիցների իրավունքները, քանի որ դատարանը, ծանուցագրերը ուղարկելով փոխված հասցեով, ըստ էության ապահովում է գործի ողջամիտ ժամկետում քննությունը մի կողմից և դատավարության մասնակիցների` դատական նիստին ներկա գտնվելու հնարավորությունը մյուս կողմից: Դրանով է պայմանավորված նաև այն, որ օրենսդիրը իր դատավարական իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվող կողմի վրա է թողնում հետևանքները կրելու ռիսկը, այն է` հասցեն փոփոխելու վերաբերյալ հաղորդման բացակայության դեպքում ծանուցումը համարվում է հանձնված` անկախ հասցեատիրոջ` այդ հասցեում բնակվելու կամ գտնվելու հանգամանքից:

Սվետլանա Միքայելյանի Վերաքննիչ բողոքը բավարարելիս Վերաքննիչ դատարանը նշել է, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.9-րդ հոդվածի 2-րդ կետի կարգով պատասխանող Սվետլանա Միքայելյանին է ուղարկվել Դատարանի` գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը, որը սակայն հասցեատիրոջը չի հանձնվել: Գործ թերթ 128-130-ում առկա փոստային անդորրագրով, հավաստագրով և վերադարձված փոստային ծրարով հիմնավորվում է, որ հասցեատերը` Սվետլանա Միքայելյանը, առաքանին չի ստացել, և ծրարը վերադարձվել է Դատարան «բացակայում է հանրապետությունից» նշումով: Դատարանը դատաքննությունն իրականացրել է Սվետլանա Միքայելյանի բացակայությամբ այն դեպքում, երբ վերջինս 15.06.2012 թվականին նշանակված դատական նիստի վերաբերյալ չի եղել պատշաճ ծանուցված», գտել է, որ «տվյալ պարագայում Դատարանը չի իրականացրել ակտիվ գործողություններ պատասխանողին պատշաճ ծանուցելու ուղղությամբ և վերջինին չի ընձեռել պատշաճ հնարավորություն դատական նիստի օրվա, վայրի և ժամի մասին տեղեկանալու համար, որպիսի պարագայում պատասխանողը զրկվել է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ դատաքննությանը մասնակցելու և ՀՀ Սահմանադրության ու օրենքներով իրեն վերապահված իրավունքներն իրացնելու հնարավորությունից»:

Վերոնշյալ վերլուծությունների և գործի փաստերի համադրմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը իրավաչափ չէ: Սույն գործով ստորադաս դատարանի կողմից նախ և առաջ գնահատման առարկա պետք է դարձվեր պատասխանողի դատավարական իրավունքներից օգտվելու և պարտականությունները ոչ բարեխղճորեն կատարելու փաստը, հետո նոր միայն պատշաճ ծանուցված լինելու փաստը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը ծանուցված չլինելու հիմքին անդրադառնալիս նախ պետք է պարզեր, թե արդյոք դատավարությանը մասնակից կողմը դատական նիստից բացակայել է ոչ պատշաճ ծանուցման հետևանքով, թե ծանուցվելով դատական նիստի ժամի և վայրի մասին` արհեստականորեն ձգձգել է դատական նիստի գործընթացն ու ձևական հիմքեր ստեղծել վերաքննիչ բողոք բերելու համար:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չի ուսումնասիրել վերը նշված փաստի գոյությունը, քանի որ սույն գործում առկա ապացույցներից պարզ է դառնում, որ Դատարանը, ձեռնամուխ լինելով գործը դատաքննության նախապատրաստելուն, որոշումներ է կայացրել նախնական դատական նիստեր հրավիրելու մասին և կողմերին պատշաճ ծանուցել է դրանց ժամանակի ու վայրի մասին: Այդ նիստերի վերաբերյալ դատական ծանուցագրերը Սվետլանա Միքայելյանին ուղարկվել են Երևանի Գ. Մահարու փողոցի թիվ 34 տուն հասցեով, որոնք նա ստացել է: Հերթական` 30.05.2012 թվականին հրավիրված նախնական դատական նիստում Դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, որոշում է կայացրել 15.06.2012 թվականի ժամը 16:50-ին գործը դատաքննության նշանակելու մասին: Նշված որոշումը պատշաճ ձևով Սվետլանա Միքայելյանին ուղարկվել է նույն` Երևանի Գ. Մահարու փողոցի թիվ 34 տուն հասցեով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործը դատաքննության նշանակելու մասին Դատարանի 30.05.2012 թվականի որոշումը համարվում է Սվետլանա Միքայելյանին հանձնված, թեկուզև այդ որոշումը հանձնելու պահին վերջինս այդ հասցեում այլևս չի բնակվել կամ գտնվել, քանի որ Սվետլանա Միքայելյանն ինչպես Դատարանին, այնպես էլ գործին մասնակցող անձ Լիլիթ Գևորքովային չի հայտնել գործի վարույթի ժամանակ իր հասցեն փոխելու մասին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն գործով դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկվել է միայն դատական նիստի վերաբերյալ պատշաճ ծանուցված չլինելու հիմքով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 29.06.2012 թվականի վճռին:

2. Սվետլանա Միքայելյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք, և 20.000 ՀՀ դրամ` որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.12.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Գ. Հակոբյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.04.2013
N ԵԷԴ/1730/02/11
Որոշում