Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 232-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 232-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական     Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2561/02/08

    դատարանի որոշում                                            2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2561/02/08

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

    Դատավորներ`        Ն. Տավարացյան

                       Ս. Միքայելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արսեն ՈՒմուրշատյանի ներկայացուցիչ Նվարդ Փիլիպոսյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Արսեն ՈՒմուրշատյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Արսեն ՈՒմուրշատյանից բռնագանձել 1.799 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով գումար` որպես պատճառված վնասի փոխհատուցում:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 20.08.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.12.2012 թվականի որոշմամբ Արսեն ՈՒմուրշատյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.08.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արսեն ՈՒմուրշատյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 232-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 52-րդ, 53-րդ և 94-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից Դատարան ուղարկված հաղորդագրության մեջ նշված է, որ Արսեն ՈՒմուրշատյանը տարիներ առաջ ժամանակավոր բնակվել է Երևանի Քաջազնունի (Կուզնեցովի) փողոցի 7-րդ շենքի թիվ 3 բնակարանում այն դեպքում, երբ համաձայն Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի 27.10.2012 թվականի թիվ 1 և բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին 29.10.2012 թվականի թիվ 328177 տեղեկանքների` Արսեն ՈՒմուրշատյանը ծնված օրվանից հաշվառված է և բնակվում է Երևանի Քաջազնունի (Կուզնեցովի) փողոցի թիվ 7/3 տանը, երբևիցե նշված հասցեի հաշվառումից չի հանվել և փաստացի բնակության վայրը չի փոխել, իսկ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից Դատարան ուղարկված հաղորդագրության մեջ նշված հասցեն (Քաջազնունի (Կուզնեցովի) փողոց 7-րդ շենքի թիվ 3 բնակարան) բազմաբնակարան շենքի հասցե է, իսկ Արսեն ՈՒմուրշատյանի հաշվառման և փաստացի բնակության հասցեն` Երևանի Քաջազնունի (նախկին Կուզնեցովի) փողոց տուն 7/3` սեփական տան հասցե է: Հետևաբար Արսեն ՈՒմուրշատյանը պատշաճ ծանուցված չի եղել դատական նիստի ժամանակի և վայրի մասին և չի մասնակցել գործի քննությանը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանն իր ուշադրությանը չի արժանացրել և չի գնահատել այն հանգամանքը, որ Բանկը չի ներկայացրել որևիցե ապացույց, որով կհիմնավորվեր Արսեն ՈՒմուրշատյանի մեղքը կատարվածի մեջ կամ կհիմնավորվեր այն հանգամանքը, թե ինչ պետք է կատարեր Արսեն ՈՒմուրշատյանը, որը չի կատարել ու պատճառել է վնաս և դրանց միջև պատճառահետևանքային կապը, ավելին` Դատարանը որպես Արսեն ՈՒմուրշատյանի մեղքի բացակայության ապացույց չի գնահատել թիվ 1-26 քրեական գործի 01.03.2006 թվականի դատավճիռը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.12.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 02.12.2009 թվականին դատական ծանուցագիր է ուղարկվել Արսեն ՈՒմուրշատյանին` Երևանի Կուզնեցովի 7/3 հասցեով, որը հետ է վերադարձվել ծրարի վրա «դուռը փակ է» նշումով (հատոր 1, գ.թ. 32-34):

2) Դատարանի 12.05.2011, 15.06.2011 թվականներին նշանակված նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատասխանող Արսեն ՈՒմուրշատյանին ուղարկված ծանուցագրերը հետ են վերադարձվել 13.04.2011, 17.05.2011 թվականներին` ծրարի վրա «դուռը փակ է» նշումով (հատոր 1, գ.թ. 77-81):

3) Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածով, 20.06.2011 թվականին ծանուցում է ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գ.Գյանջումյանին պատասխանող Արսեն ՈՒմուրշատյանին 13.07.2011 թվականի դատական նիստի մասին ծանուցելու խնդրանքով (հատոր 1, գ.թ. 89-91):

4) 06.07.2011 թվականին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից Դատարան է ուղարկվել հաղորդագրություն, որով հավաստվել է, որ պատասխանող Արսեն ՈՒմուրշատյանը տարիներ առաջ ժամանակավոր բնակվել է Քաջազնունի (Կուզնեցովի) փողոց 7-րդ շենքի թիվ 3 բնակարանում, այժմ նա նշված բնակարանում չի բնակվում, և նրա գտնվելու վայրը հայտնի չէ, ուստի ծանուցել նրան կայանալիք դատական նիստի վերաբերյալ հնարավոր չէ (հատոր 1, գ.թ. 92):

5) Դատարանի 12.08.2011 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատասխանող Արսեն ՈՒմուրշատյանին ուղարկված ծանուցագիրը 20.07.2011 թվականին հետ է վերադարձվել ծրարի վրա «տունը փակ է մշտապես» նշումով (հատոր 1, գ.թ. 95-106):

6) Երևանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 27.10.2012 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Արսեն ՈՒմուրշատյանը, 1970 թվականից սկսած, ապրում է Երևանի Քաջազնունի (Կուզնեցովի) փողոցի 7/3 տանը (հատոր 2, գ.թ. 15):

7) Արսեն ՈՒմուրշատյանի անձնագրի պատճենի և բնակչության պետական ռեգիստրի անձնագրային և վիզաների վարչության 29.10.2012 թվականի թիվ 328177 տեղեկանքի համաձայն` 12.02.1991 թվականից Արսեն ՈՒմուրշատյանը հաշվառված է Երևանի Քաջազնունի (Կուզնեցովի) փողոցի 7/3 տուն հասցեում (հատոր 1, գ.թ. 141, հատոր 2, գ.թ. 16-17):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Սույն գործը վարույթ ընդունելով` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում պարզել, թե արդյոք պահպանվել են դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման հարցին:

Վճռաբեկ դատարանը նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում (տես` Վերգուշ Վարդանյանի հայցն ընդդեմ Եղիշ Թորոսյանի և մյուսների թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի ընթացակարգի պահպանմամբ գործը քննելով, Արսեն ՈՒմուրշատյանի բացակայությամբ վերջինիս իրավունքները չի խախտել, ավելին, Դատարանը ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցները` Արսեն ՈՒմուրշատյանին դատական նիստի վայրի և ժամանակի մասին տեղեկացնելու համար, և երբ սպառվել են բոլոր միջոցները, գործը քննել է վերջինիս բացակայությամբ:

Վճռաբեկ դատարանն ըստ էության համաձայնում է Վերաքննիչ դատարանի նշված դիրքորոշմանն այն առումով, որ Դատարանը ձեռնարկել է միջոցներ Արսեն ՈՒմուրշատյանին ծանուցելու վերաբերյալ, այդուհանդերձ նման միջոցների ձեռնարկումն ինքնին չի կարող բացառել դատավարական իրավունքի խախտումը, եթե այդպիսին այնուամենայնիվ տեղ է գտնում: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բավարար չափով հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ Դատարանը դատավարական իրավունքի խախտում թույլ չի տվել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արսեն ՈՒմուրշատյանին նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին ծանուցումները, համաձայն Դատարանի ուղարկած ծանուցագրերի և Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի 06.07.2011 թվականի գրության, Արսեն ՈՒմուրշատյանին են ուղարկվել Երևանի Քաջազնունի (Կուզնեցովի) փողոցի 7-րդ շենքի թիվ 3 բնակարան հասցեով, մինչդեռ Երևանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 27.10.2012 թվականի և բնակչության պետական ռեգիստրի անձնագրային և վիզաների վարչության 29.10.2012 թվականի թիվ 328177 տեղեկանքների, ինչպես նաև Արսեն ՈՒմուրշատյանի անձնագրի պատճենի համաձայն` Արսեն ՈՒմուրշատյանը հաշվառված է և բնակվում է Երևանի Քաջազնունի (Կուզնեցովի) փողոցի 7/3 տուն հասցեում, որպիսի հանգամանքը, սակայն, Վերաքննիչ դատարանն անտեսել է:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արսեն ՈՒմուրշատյանը պատշաճ ձևով չի տեղեկացվել նշանակված դատական նիստերի մասին, ինչի արդյունքում խախտվել է Արսեն ՈՒմուրշատյանի` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

Նյութական իրավունքի նորմերի խախտման մասին բողոք բերած անձի պատճառաբանություններին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ գործը քննվել և վճիռը կայացվել է Արսեն ՈՒմուրշատյանի դատավարական իրավունքների սահմանափակումների պայմաններում, որի արդյունքում վերջինիս փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձվել: Հետևաբար, այդ պատճառաբանությունները չեն կարող լինել քննության առարկա նաև Վճռաբեկ դատարանում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.04.2013
N ԵԿԴ/2561/02/08
Որոշում