Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ, 109-ՐԴ ԵՎ 219-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0041/02/11

    դատարանի որոշում                                             2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0041/02/11

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արտակ, Արուսյակ և Սիրիկ Ամիրյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.11.2012 թվականի որոշման դեմ` ըստ Արտաշես Ամիրյանի հայցի ընդդեմ Արտակ, Արուսյակ և Սիրիկ Ամիրյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արտաշես Ամիրյանը պահանջել է Արտակ, Արուսյակ և Սիրիկ Ամիրյաններից յուրաքանչյուրից հօգուտ իրեն բռնագանձել 3.088.630 ՀՀ դրամ:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Յու. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 04.07.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Արտակ, Արուսյակ և Սիրիկ Ամիրյաններից յուրաքանչյուրից հօգուտ Արտաշես Ամիրյանի բռնագանձվել է 2.806.637 ՀՀ դրամ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.11.2012 թվականի որոշմամբ Դատարանի 04.07.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արտակ, Արուսյակ և Սիրիկ Ամիրյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արտաշես Ամիրյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 109-րդ հոդվածի 2-րդ կետը և 219-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Ինչպես սույն քաղաքացիական գործով, այնպես էլ թիվ ԿԴ3/0357/02/09 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով վեճ առկա է նույն անձանց` Արտաշես Ամիրյանի և Արտակ, Արուսյակ և Սիրիկ Ամիրյանների միջև, ինչպես նաև վեճի առարկան նույնն է. ի թիվս այլ պահանջի` թիվ ԿԴ3/0357/02/09 քաղաքացիական գործով առկա էր նաև գումարի բռնագանձման պահանջ: Հետևաբար սույն գործով վարույթը, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի, ենթակա էր կարճման:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետով, բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ բողոք բերած անձանց նման պնդումը չի ներկայացվել և քննարկվել Դատարանում, ուստի վերջինս դրա վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել: Բողոք բերած անձանց պնդմամբ Դատարանում այդ հարցը քննարկվել է, որն իր արտացոլումն է գտել նաև Դատարանի վճռի մեջ: Այդուհանդերձ Դատարանը չի կարճել սույն քաղաքացիական գործի վարույթը` պատճառաբանելով, որ թեև երկու քաղաքացիական գործերում էլ կողմերը նույնն են, սակայն առարկան է տարբեր: Մինչդեռ ինչպես վերը նշվեց, հայցի առարկան ևս նույնն է:

Այսպիսով` Վերաքննիչ դատարանը, սխալ կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետը, չի անդրադարձել վերաքննիչ բողոքում մատնանշված` Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը սխալ մեկնաբանելու և խախտելու մասին փաստարկին:

Ըստ բողոք բերած անձանց` ինքնակամ կառույցի մասով հայցը չպետք է բավարարվեր, քանի որ այն չի մտնում ժառանգական զանգվածի մեջ ինքնակամ լինելու հիմքով, ջրագիծը փոխվել է պատասխանողների խողովակներով, իսկ երկաթյա խողովակները Արտաշես Ամիրյանը վաճառել է այլ անձանց, ինչպես նաև ժառանգատուի հուղարկավորության, հոգեհացի կազմակերպման, գերեզմանի կառուցման և բարեկարգման աշխատանքները կատարվել են նաև պատասխանողների կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 09.11.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 09.11.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բողոք բերած անձանց պնդումն առ այն, որ սույն և թիվ ԿԴ3/0357/02/09 քաղաքացիական գործով վեճի առարկան և կողմերը նույնն են, ուստի գործի վարույթը ենթակա է կարճման, անհիմն է, քանի որ դատական նիստի արձանագրության ուսումնասիրությունից պարզվում է, որ տվյալ հանգամանքի վերաբերյալ որևէ դիրքորոշում պատասխանողները Դատարանում չեն հայտնել, տվյալ հարցը դատարանի կողմից դատաքննության ընթացքում քննության առարկա չի դարձվել, ուստի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով չէր կարող դառնալ Վերաքննիչ դատարանի քննության առարկա:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 05.11.2010 թվականի թիվ ԿԴ3/0357/02/09 օրինական ուժի մեջ մտած վճռով դատարանը քննել էր Արտակ, Արուսյակ և Սիրիկ Ամիրյանների, երրորդ անձ Թերեզա Ամիրյանի հայցն ընդդեմ Արտաշես Ամիրյանի` ժառանգությունը բաժանելու և ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից բաժիններն առանձնացնելու պահանջի մասին, և Արտաշես Ամիրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թերեզա, Արտակ, Արուսյակ և Սիրիկ Ամիրյանների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը մեծացնելու և գումարի բռնագանձման պահանջների մասին քաղաքացիական գործը:

Արտաշես Ամիրյանի` գումարի բռնագանձման մասով հայցապահանջը վերաբերել է ժառանգատուի հուղարկավորության և հոգեհացի կազմակերպմանը, գերեզմանի կառուցման և բարեկարգման աշխատանքներին:

Վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման կողմից 18.02.2000 թվականին տրված թիվ 0247722 սեփականության իրավունքի գրանցման վկայականը` ՀՀ Կոտայքի մարզի Արգել գյուղում գտնվող 32-13 կադաստրային համարի անշարժ գույքի` Թերեզա Ամիրյանի մասով, ճանաչվել է անվավեր: Հակընդդեմ հայցը մնացած մասով մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 68-73):

2) Սույն գործով Արտաշես Ամիրյանի հայցի առարկան վերաբերում է ժառանգատուի հուղարկավորության և հոգեհացի կազմակերպման, գերեզմանի կառուցման և բարեկարգման աշխատանքների, ջրագծի կառուցման, նախկին կիսաքանդ շինությունը քանդելու և շինության վերակառուցման ծախսերի բռնագանձմանը (հատոր 1-ին, գ.թ. 2-3):

3) Արտակ, Արուսյակ և Սիրիկ Ամիրյանները 28.11.2011 թվականին ներկայացրած հայցադիմումի պատասխանով խնդրել են կարճել սույն քաղաքացիական գործի վարույթը` նշելով, որ ինչպես սույն, այնպես էլ թիվ ԿԴ3/0357/02/09 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով հայցի հիմքը, առարկան և կողմերը նույնն են: Դատարանն իր 04.07.2012 թվականի վճռով անդրադարձել է նշված փաստարկին և գտել է այն անհիմն` պատճառաբանելով, որ նշված երկու քաղաքացիական գործերով կողմերը նույնն են, սակայն հայցի առարկան է տարբեր (հատոր 3-րդ, գ.թ. 17, 99):

4) «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի 06.12.2010 թվականի թիվ 063-01-02/Վ-10 եզրակացության համաձայն` Արտաշես Ամիրյանի կողմից Կոտայքի մարզի Արգել գյուղի 8-րդ փողոցի 18 տան ջրագծի անցկացման ծախսերի ընդհանուր շուկայական գինը գնահատվում է 1.142.550 ՀՀ դրամ, նախկին կիսաքանդ շինությունը քանդելու և 95 քմ մակերեսով շինության վերակառուցման ծախսերի շուկայական գինը գնահատվել է 8.075.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 22):

5) Կոտայքի մարզի Արգել գյուղական համայնքի ղեկավար Մ. Ավագյանի կողմից 10.11.2010 թվականին տրված թիվ 1177 տեղեկանքի համաձայն` Ռուդիկ Դավթյանի, Հրաչ Գասպարյանի, Վարդան Հակոբյանի, Օնիկ Գեղամյանի հայտարարությունների հիման վրա փաստվում է, որ Արգել գյուղի 8-րդ փողոցի 18-րդ տուն հասցեում գտնվող սեփական տան համասեփականատեր Արտաշես Ամիրյանը` որպես պատվիրատու և վճարող, կատարել է նշված տան շինարարական աշխատանքները և խմելու ջրագծի կառուցումը (հատոր 1-ին, գ.թ. 14):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ սույն օրենսգրքի 110 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:

Դատարանը, ըստ էության քննելով սույն քաղաքացիական գործը, հայցը բավարարել է, իսկ Արտակ, Արուսյակ և Սիրիկ Ամիրյանների` 28.11.2011 թվականին ներկայացրած հայցադիմումի պատասխանով ներկայացրած սույն քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ փաստարկին անդրադառնալով, գտել է այն անհիմն` պատճառաբանելով, որ նշված երկու քաղաքացիական գործերով կողմերը նույնն են, սակայն հայցի առարկան է տարբեր:

Վերաքննիչ դատարանը Դատարանի 04.07.2012 թվականի վճիռը թողել է օրինական ուժի մեջ և անդրադառնալով վերաքննիչ բողոքում ևս տեղ գտած պատասխանողների` սույն քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ փաստարկին` գտել է այն անհիմն`պատճառաբանելով, որ սույն գործի վարույթը կարճելու վերաբերյալ դիրքորոշում Դատարանում չի ներկայացվել, և այդ հարցը վերջինիս կողմից քննարկման առարկա չի դարձվել:

Սույն գործում առկա է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 05.11.2010 թվականի թիվ ԿԴ3/0357/02/09 օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով քննվել է Արտակ, Արուսյակ և Սիրիկ Ամիրյանների, երրորդ անձ Թերեզա Ամիրյանի հայցն ընդդեմ Արտաշես Ամիրյանի` ժառանգությունը բաժանելու և ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից բաժիններն առանձնացնելու պահանջի մասին, և Արտաշես Ամիրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թերեզա, Արտակ, Արուսյակ և Սիրիկ Ամիրյանների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը մեծացնելու և գումարի բռնագանձման պահանջների մասին քաղաքացիական գործը: Արտաշես Ամիրյանի` գումարի բռնագանձման մասով հայցապահանջը վերաբերել է ժառանգատուի հուղարկավորության և հոգեհացի կազմակերպման, գերեզմանի կառուցման և բարեկարգման աշխատանքների ծախսերը հատուցելուն: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 05.11.2010 թվականի վճռով Արտաշես Ամիրյանի` գումարի բռնագանձման նշված պահանջը մերժվել է:

Նշված քաղաքացիական գործով և սույն գործով Արտաշես Ամիրյանի հայցապահանջների համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ երկու գործերով էլ գումարի բռնագանձման պահանջները` ժառանգատուի հուղարկավորության և հոգեհացի կազմակերպման, գերեզմանի կառուցման և բարեկարգման աշխատանքների մասով, և փաստական, և իրավական հիմքերով նույնն են, այսինքն` նույնն են թե դրանց հիմքում ընկած փաստական հանգամանքները (փաստական հիմքը) և թե իրավական ակտերը (իրավական հիմքը): Ավելին, նույնն են նաև գործի հիմքում ընկած փաստական հանգամանքները հիմնավորող ապացույցները: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է քաղաքացիական գործի վարույթն այդ մասով կարճելու անհրաժեշտ և բավարար հիմք:

Սույն գործով Արտակ, Արուսյակ և Սիրիկ Ամիրյանների կողմից 28.11.2011 թվականին Դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանից, ինչպես նաև Դատարանի 04.07.2012 թվականի վճռից երևում է, որ պատասխանողները վկայակոչել են սույն քաղաքացիական գործի վարույթը կարճելու հիմքերի մասին, իսկ Դատարանն իր հերթին նշված վճռով անդրադարձել է այդ հարցին: Հետևաբար անհիմն է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ Դատարանում նշված հարցը չի բարձրացվել և այն քննարկման առարկա չի դարձվել: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ քննվող գործի ընթացքում վարույթը կարճելու հիմքերի հայտնաբերման դեպքում դատարանն ինքն է պարտավոր իր նախաձեռնությամբ կարճել գործի վարույթն ամբողջությամբ կամ մասամբ` անկախ կողմի ներկայացրած միջնորդությունից: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ քննարկվող հիմքով գործի վարույթը ենթակա է կարճման նաև վերադաս դատարաններում` ստորադաս դատարանի դատական ակտի բողոքարկման վարույթի ընթացքում, եթե նման հիմք գոյություն է ունեցել ստորադաս դատարանում գործի քննության ընթացքում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է նույն կողմերի միջև, նույն առարկայի վերաբերյալ, նույն հիմքով օրինական ուժի մեջ մտած վճիռ, հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի և 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի ուժով Վերաքննիչ դատարանի ակտը մասնակիորեն ենթակա է բեկանման և սույն գործի վարույթը` ժառանգատուի հուղարկավորության և հոգեհացի կազմակերպման, գերեզմանի կառուցման և բարեկարգման աշխատանքների ծախսը հատուցելու մասով, ենթակա է կարճման:

Անդրադառնալով բողոք բերած անձանց` կիսաքանդ շինությունը քանդելու և դրա հետևանքով 95 քմ մակերեսով շինության վերակառուցման և ջրագիծ անցկացնելու հետ կապված ծախսերի մասով հայցը մերժելու պնդմանը` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` հողամասի սեփականատերը, այդ թվում` ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման հետ կապված ռիսկերը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1234-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգվող գույքի ընդհանուր սեփականության նկատմամբ կիրառվում են ընդհանուր բաժնային սեփականության մասին` սույն օրենսգրքի 12 գլխի կանոնները, եթե այլ բան սահմանված չէ ժառանգության մասին սույն օրենսգրքի կանոններով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային սեփականության յուրաքանչյուր մասնակից պարտավոր է իր բաժնին համաչափ մասնակցել ընդհանուր գույքից գանձվող հարկերին, տուրքերին և մյուս վճարներին, ինչպես նաև գույքի պահպանման այլ ծախսերին:

Վերը նշված դրույթներից հետևում է, որ ինքնակամ կառույցով ծանրաբեռնված հողամասի սեփականատերը կրում է որոշակի ռիսկեր, որոնք կապված են հողամասի վրա գտնվող շինության ինքնակամ լինելու կարգավիճակի հետ: Եվ եթե նման ռիսկը կրում է հողամասի միակ սեփականատերը, ապա մեկից ավելի ժառանգների կողմից ժառանգությունը, այդ թվում ժառանգական զանգվածում ներառված հողամասը ընդունելու դեպքում, վերջիններիս հարաբերությունների նկատմամբ կիրառելի են ընդհանուր սեփականության իրավունքի կանոնակարգումները: Այլ կերպ` համասեփականատերերը կրում են ընդհանուր սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի պահպանման և այլ ծախսերը հոգալու պարտականություն: Այդ պարտականությունը բաժնային սեփականության իրավունքի դեպքում համասեփականատերերից յուրաքանչյուրը կրում է իր բաժնին համաչափ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված սկզբունքով է անհրաժեշտ առաջնորդվել նաև ինքնակամ կառույցի նկատմամբ համասեփականատերերի պարտականությունների բաշխման դեպքում:

Վերոգրյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, բավարարելով հայցապահանջը և Արտակ, Արուսյակ և Սիրիկ Ամիրյաններից բռնագանձելով կիսաքանդ շինությունը քանդելու և դրա հետևանքով 95 քմ մակերեսով շինության վերակառուցման ծախսերը, ինչպես նաև ջրագծի կառուցման համար կատարված ծախսերը, չեն պարզել` նախ նշված ինքնակամ շինությունը սեփականության իրավունքով պատկանող ում հողամասում է կառուցված, վերակառուցված շինությունն արդյոք օրինական է, ջրագիծը սեփականության իրավունքով պատկանող ում հողամասով է անցնում և արդյոք այդ ջրագծից օգտվում են Արտակ, Արուսյակ և Սիրիկ Ամիրյանները: Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կանոնների պահպանմամբ ապացուցման առարկան որոշելու և դրանում ներառված փաստերը հաստատելու պարագայում միայն հնարավոր կլինի կատարել եզրահանգում կատարված ծախսերի բաշխման վերաբերյալ: Մասնավորապես, եթե ինքնակամ կառույցը գտնվում է նաև Արտակ, Արուսյակ և Սիրիկ Ամիրյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, ապա ինքնակամ կառույցի քանդման ծախսերի ռիսկը կրում են նաև վերջիններս: Այդուհանդերձ քանդված շինության փոխարեն նոր շինություն կառուցելը, որն իր կարգավիճակով դարձյալ ինքնակամ է, չի պարտավորեցնում Արտակ, Արուսյակ և Սիրիկ Ամիրյաններին վերակառուցման ծախսերի հատուցմանը: Նույն կանոններով անհրաժեշտ է առաջնորդվել նաև անցկացված ջրագծի ծախսերի բաշխման հարցը լուծելիս:

Վերոգրյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կիսաքանդ շինությունը քանդելու և դրա հետևանքով 95 քմ մակերեսով շինության վերակառուցման և ջրագիծ անցկացնելու հետ կապված ծախսերի վերաբերյալ բողոքի փաստարկները հիմնավոր են և սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո գործն անհրաժեշտ է ուղարկել ստորադաս դատարան`նոր քննության:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ, 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.11.2012 թվականի որոշումը և գործի վարույթը` ժառանգատուի հուղարկավորության և հոգեհացի կազմակերպման, գերեզմանի կառուցման և բարեկարգման աշխատանքների ծախսերը հատուցելու պահանջի մասով, կարճել, իսկ հայցապահանջի մնացած մասով գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.04.2013
N ԿԴ3/0041/02/11
Որոշում