Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ, 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 64-ՐԴ, 65-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ            Վարչական գործ թիվ ՎԴ/2731/05/11

    դատարանի որոշում                                         2013 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2731/05/11

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

    Դատավորներ`        Ա. Աբովյան

                       Ա. Առաքելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.10.2012 թվականի որոշման դեմ ըստ հայցի Փառանձեմ Գևորգյանի ընդդեմ Նախարարության` աուդիտորի որակավորումը շնորհված համարելու և աուդիտորի որակավորման վկայականը տրամադրելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Փառանձեմ Գևորգյանը պահանջել է աուդիտորի որակավորումը համարել շնորհված և պարտավորեցնել Նախարարությանը տրամադրել աուդիտորի որակավորման համապատասխան վկայական:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 26.03.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.10.2012 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.03.2012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի, 44-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի, 64-րդ, 65-րդ, 67-րդ, 68-րդ հոդվածների, 144-րդ հոդվածի 3-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատական չի տվել սույն գործի շրջանակներում առկա փաստերին, ճիշտ չի մեկնաբանել համապատասխան իրավական ակտերի նորմերը, մանրամասն չեն ուսումնասիրվել գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչը հանգեցրել է սույն վարչական գործով սխալ որոշման կայացմանը:

Թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանը անտեսել են այն հանգամանքը, որ սույն գործի շրջանակներում խոսքը գնում է ոչ թե իրավահարաբերության ճանաչման, այլ փաստի ճանաչման մասին: Դատարանների կողմից հաշվի չի առնվել այն, որ որակավորման վկայականը կարող է տրամադրվել բացառապես որակավորման քննությունները հանձնելու արդյունքում, այսինքն` անձի մասնագիտական գիտելիքների ստուգման ճանապարհով և ոչ թե դատական կարգով: Ավելին, Դատարանն անգամ չի հիմնավորել այն փաստը, որ Նախարարության կողմից վարչարարության ընթացքում թույլ է տրվել օրենսդրության պահանջներից չբխող որևէ գործողություն կամ խախտում:

Բացի այդ, աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու համար ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից աուդիտորների որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 03.02.2005 թվականի թիվ 123-Ն որոշմամբ հաստատված «Լիազորված մարմնի կողմից աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգով»: Կարգի 2-րդ կետով նախատեսվում է, որ աուդիտորների որակավորումը «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջները բավարարող աուդիտորի որակավորում ստանալու համար լիազորված մարմին դիմում ներկայացրած ֆիզիկական անձի (դիմողի) մասնագիտական գիտելիքների ստուգման արդյունքների հիման վրա աուդիտորի որակավորման վկայական տալու ընթացակարգ է: Աուդիտորների որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով: Մինչդեռ Փառանձեմ Գևորգյանն աուդիտորների որակավորման քննություններին մասնակցելու համար առաջին անգամ դիմել է 17.09.2008 թվականին: 30.09.2010 թվականին մասնակցել է անցկացված քննությանը (արձանագրություն թիվ 16, 30.09.2010 թվական), որի արդյունքում չի որակավորվել, երկրորդ անգամ դիմել է 09.12.2010 թվականին, նրա դիմումին ընթացք է տրվել, և ՀՀ կառավարության 03.02.2005 թվականի թիվ 123-Ն որոշմամբ հաստատված «Լիազորված մարմնի կողմից աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգի» համաձայն` պետք է հրավիրվեր առաջիկայում կազմակերպվելիք քննություններին, որը տեղի չի ունեցել, հետևաբար հայցվորը քննություններ չի հանձնել: Օրենսդիրը նախատեսել է մի շարք պարտադիր պահանջներ և պայմաններ, այսինքն` հայցվորը պետք է մասնակցեր իր մասնագիտական գիտելիքների ստուգման համար նախատեսված քննությանը և հետո հանձնաժողովի կողմից դրական արդյունքի հիման վրա ստանար աուդիտորի որակավորման վկայական, որից հետո նա կարող էր ձեռնամուխ լինել իր իրավունքի իրականացմանը: Այնինչ տվյալ դեպքում Փառանձեմ Գևորգյանը վերը նշված քննություններին դեռևս չի մասնակցել, իսկ Դատարանը, վերազանցելով իր լիազորությունները, նրան համարել է աուդիտորի որակավորում ստացած:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.10.2012 թվականի որոշումը և այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. 09.12.2010 թվականին Փառանձեմ Գևորգյանը դիմել է Նախարարություն աուդիտորի որակավորում ստանալու նպատակով քննություններին մասնակցելու համար (գ.թ. 8):

2. Փառանձեմ Գևորգյանի կողմից դիմումը ներկայացնելուց հետո մինչ սույն գործով հայցադիմումը ներկայացնելու պահը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից չի կազմակերպվել աուդիտորի որակավորման քննություն:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական խնդրին, թե արդյոք աուդիտորի որակավորում ստանալու քննություններին մասնակցելու հայտ ներկայացնելու և սահմանված ժամկետում քննություն չկազմակերպվելու դեպքում հայտ ներկայացրած անձին իրավասու մարմինը պետք է շնորհի աուդիտորի որակավորում և տրամադրի համապատասխան վկայական:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» կետի դրույթը չի կարող մեկնաբանվել որպես հայցվող ցանկացած վարչական ակտի ընդունված լինելը հաստատող նորմ: Հայցվող վարչական ակտը, ինչպես նաև հայցվող իրավունքը պետք է հիմնված լինեն օրենքի հիման վրա, չխախտեն այլոց իրավունքներն ու ազատությունները: Հետևաբար նշված նորմի բովանդակության մաս պետք է կազմի նաև հայցվող վարչական ակտի իրավաչափությունը, որի առկայությունը հաստատվելուց հետո միայն հնարավոր կլինի փաստել վարչական ակտի և դրա հիման վրա ծագող իրավունքի գոյությունը (տես` Սերգեյ Գասպարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով իր դիրքորոշումը, միաժամանակ արձանագրում է, որ վերոնշյալ հոդվածը չի ենթադրում վարչական մարմնի կողմից վարչարարություն չիրականացվելու դեպքում վարչարարությունն իրականացված լինելու և հայցվորի կողմից պահանջվող վարչական ակտն ընդունված լինելու կանխավարկածի առկայություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» կետով սահմանված կանոնի կիրառման համար անհրաժեշտ է նաև ուսումնասիրել վարչարարության այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են աուդիտորների որակավորմանը:

i

ՀՀ կառավարության 03.02.2005 թվականի թիվ 123-Ն որոշմամբ հաստատված «Լիազորված մարմնի կողմից աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգի» (այսուհետ` Կարգ) 2-րդ կետով նախատեսվում է, որ աուդիտորների որակավորումը «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 22-րդ հոդվածով սահմանված պահանջները (սույն կարգի 3-րդ կետ) բավարարող աուդիտորի որակավորում ստանալու համար լիազորված մարմին դիմում ներկայացրած ֆիզիկական անձի (այսուհետ` դիմող) մասնագիտական գիտելիքների ստուգման արդյունքների հիման վրա աուդիտորի որակավորման վկայական (այսուհետ` վկայական) տալու ընթացակարգ է: Աուդիտորների որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով:

Նույն կարգի 5-րդ կետի համաձայն` աուդիտորների որակավորման քննություններն անցկացնում է լիազորված մարմնի կողմից ստեղծված աուդիտորների որակավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է առնվազն ինն անդամ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի երկու ներկայացուցիչ: Հանձնաժողովի կազմում լիազորված մարմնի ներկայացուցիչների թիվը չի կարող չորսից պակաս լինել:

Կարգի 6-րդ կետի համաձայն` քննությունները կարող են անցկացվել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած աուդիտորների որակավորման քննությունների ծրագիրը (այսուհետ` ծրագիր), ինչպես նաև լիազորված մարմնի կողմից այդ ծրագրի շրջանակներում հաստատված հարցերը (թեստերը) և տիպային խնդիրները պաշտոնապես հրապարակվելու օրվանից ոչ շուտ, քան 2 ամիս հետո:

Կարգի 10-րդ կետի համաձայն` քննություններն անցկացվում են պարբերաբար` լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ, եթե առկա է սույն կարգի 3-րդ կետի պահանջները բավարարող առնվազն մեկ դիմում: Քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմողին տեղեկացվում է քննությունից առնվազն 7 օր առաջ:

Կարգի 22-րդ կետի համաձայն` հանձնաժողովը քննության անցկացման օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է քննության երկրորդ փուլի (խնդիրների) պատասխանները և, հաշվի առնելով սույն կարգի 17-րդ կետի պահանջները, ընդունում է որոշում դիմողներին աուդիտորի որակավորում շնորհելու վերաբերյալ: Այդ նպատակով յուրաքանչյուր խնդիր ստուգվում և գնահատվում է հանձնաժողովի առնվազն 2 անդամի կողմից:

Հանձնաժողովը քննության արդյունքներն ամփոփում է դռնփակ: Հանձնաժողովի եզրակացությունը հրապարակվում է:

Քննության արդյունքների մասին դիմողին պատշաճ ձևով հայտնվում է, կամ դրանք նրան են ուղարկվում ոչ ուշ, քան քննությունների ավարտի օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ աուդիտորների որակավորման քննությունների անցկացումը` որպես վարչարարության առանձին տեսակ, ունի իր առանձնահատկությունները:

Առաջին հերթին այն իրականացվում է մասնագիտական գիտելիքների ստուգման ճանապարհով, որի արդյունքների հիման վրա միայն կարող է ընդունվել համապատասխան որոշում: Այսինքն` վարչարարության այս տեսակի պայմաններում միայն դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերը բավարար չեն համապատասխան վարչական ակտ կայացնելու համար:

Երկրորդ. աուդիտորների որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով: Այսինքն` վարչարարության այս տեսակն ունի իրականացման հատուկ կարգ քննության ձևաչափով, իսկ քննության ընթացքում համապատասխան ձևով ստուգվում են անձի մասնագիտական գիտելիքները: Քննությունից բացի այլ եղանակով վարչարարության այս տեսակն իրականացվել չի կարող:

Երրորդ. աուդիտորների որակավորման քննություններն անցկացնում է լիազորված մարմնի կողմից ստեղծված աուդիտորների որակավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Այսինքն` միայն այդ մարմնի ձևավորման պարագայում է հնարավոր համապատասխան վարչարարության իրականացում:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» կետի կիրառման հարցը քննարկելիս դատարանները պետք է հաշվի առնեն Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև վարչական վարույթի առանձնահատկությունները:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի կիրառման համար հայցվող վարչական ակտի իրավաչափությունը, որի առկայությունը հաստատվելուց հետո միայն հնարավոր կլինի փաստել վարչական ակտի և դրա հիման վրա ծագող իրավունքի գոյությունը, հնարավոր չէ պարզել առանց քննությունների անցկացման և համապատասխան հանձնաժողովի կողմից անձի մասնագիտական գիտելիքների ստուգման: Այսինքն` վարչարարության որոշակի տեսակների դեպքում իրավունքի գոյության հարցն ուղղակիորեն կապված է վարչարարության իրականացման հետ, որի արդյունքում է միայն հնարավոր որոշել հայցվող վարչական ակտի իրավաչափությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` 09.12.2010 թվականին Փառանձեմ Գևորգյանը դիմել է Նախարարություն աուդիտորի որակավորում ստանալու նպատակով քննություններին մասնակցելու համար, սակայն դիմումը ներկայացնելուց հետո մինչ սույն հայցադիմումը ներկայացնելու ժամանակահատվածը Նախարարության կողմից քննություններ չեն կազմակերպվել:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել Դատարանի այն եզրահանգումները, որ «տվյալ դեպքում Նախարարությունը պնդում է, որ աուդիտորի որակավորման վկայականն անձանց շնորհվում է համապատասխան քննություններից հետո, որպիսի փաստ տվյալ դեպքում առկա չէ: Դատարանը ևս գտնում է, որ աուդիտորի որակավորման վկայականն անձանց շնորհվում է համապատասխան քննություններից հետո, որպիսի փաստ տվյալ դեպքում առկա չէ, սակայն Դատարանը միևնույն ժամանակ գտնում է, որ հենց այդ քննությունների չկազմակերպումը, կամ, այլ կերպ ասած, վարչարարության չիրականացումն է, որ հանգեցնում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված այն իրադրությանը, որ որակավորման վկայականը պետք է համարել շնորհված այն պարզ պատճառով, որ հենց վարչարարության չիրականացումն է հանգեցրել համապատասխան վարչական ակտի չընդունմանը»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` հնարավոր էր և չէր բացառվում Փառանձեմ Գևորգյանի կողմից հայց ներկայացվեր դատարան Նախարարությանը պարտավորեցնելու աուդիտորի որակավորման քննություններ անցկացնելու պահանջով:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով քննությունները չանցկացվելու պայմաններում Վերաքննիչ դատարանը չէր կարող հանգել հայցվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ եզրահանգման, որն անհրաժեշտ պայման է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի կիրառման համար: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Փառանձեմ Գևորգյանի հայցն աուդիտորի որակավորման վկայականը տրամադրելու պահանջի մասով ենթակա է մերժման:

Անդրադառնալով Փառանձեմ Գևորգյանի` աուդիտորի որակավորումը շնորհված համարելու պահանջին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն` գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 65-67-րդ հոդվածներին համապատասխան:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ճանաչման հայց կարող է ներկայացվել միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ ներկայացնել վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայց: Ճանաչման այնպիսի հայցի ներկայացման պարագայում, որի բավարարումը պայմանավորված է վարչական մարմնի կողմից մեկ այլ վարչական ակտի ընդունմամբ, այսինքն` որոշակի իրավահարաբերության առկայության ճանաչմանը նախորդում է վարչական ակտի ընդունում, վեճը ենթակա չէ քննության դատարանում: Կիրառելով նշված կանոնը սույն գործի փաստերի նկատմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աուդիտորների որակավորման քննություն անցկացված չլինելու և համապատասխան վկայական տրամադրված չլինելու պարագայում աուդիտորի որակավորում շնորհված համարելու պահանջը ենթակա չէ դատարանում քննության, հետևաբար տվյալ վեճն ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Փառանձեմ Գևորգյանի ներկայացրած պահանջն իրենից ներկայացնում է ճանաչման հայց, քանի որ ըստ էության խնդրել է ճանաչել այն փաստը (իրավահարաբերության առկայությունը), որ իրեն շնորհվել է աուդիտորի որակավորում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել այն, որ աուդիտորի որակավորում շնորհված լինելու պահանջը քննության է ենթակա բացառապես որակավորման քննությունները հանձնված լինելու արդյունքում, այսինքն` անձի մասնագիտական գիտելիքների ստուգման արդյունքում: Հետևաբար քանի դեռ բացակայում է նման ստուգումը և դրա հիման վրա կայացված համապատասխան որոշումը, Փառանձեմ Գևորգյանի պահանջը նշված մասով ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.10.2012 թվականի որոշումը և աուդիտորի որակավորման վկայականը տրամադրելու պահանջի մասով այն փոփոխել. Փառանձեմ Գևորգյանի հայցը` աուդիտորի որակավորման վկայականը տրամադրելու պահանջի մասով, մերժել, իսկ աուդիտորի որակավորումը շնորհված համարելու պահանջի մասով գործի վարույթը կարճել:

2. Փառանձեմ Գևորգյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.04.2013
N ՎԴ/2731/05/11
Որոշում