ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ թիվ ՎԴ/4969/05/11
դատարանի որոշում 2013 թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/4969/05/11
Նախագահող դատավոր` Ա. Աբովյան
Դատավորներ` Ա. Առաքելյան
Գ. Ղարիբյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Աբելյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2013 թվականի ապրիլի 05-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հովհաննես Նահապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.11.2012 թվականի որոշման դեմ, ըստ Հովհաննես Նահապետյանի հայցի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ոստիկանություն)` 15.07.2011 թվականի թիվ ԱԳ 477254 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հովհաննես Նահապետյանը պահանջել է անվավեր ճանաչել Ոստիկանության 15.07.2011 թվականին կազմված վարչական իրավախախտման թիվ ԱԳ 477254 արձանագրությունը և դրա հիման վրա կայացված որոշումը:
ՀՀ վարչական դատարանի 22.09.2011 թվականի որոշմամբ հայցադիմումը որոշման վիճարկման մասով ընդունվել է վարույթ, իսկ արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասով դրա ընդունումը մերժվել է:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 12.03.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է` Ոստիկանության 15.07.2011 թվականի թիվ ԱԳ 477254 որոշումը ճանաչվել է անվավեր:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.11.2012 թվականի որոշմամբ Ոստիկանության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 12.03.2012 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հովհաննես Նահապետյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերլուծությունից բխում է, որ նշված հոդվածի 1-ին մասով պատասխանատվություն է նախատեսված առանց ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (այսուհետ`ԱՊՊԱ) կտրոնը սահմանված տեղում փակցնելու տրանսպորտային միջոց վարելու համար, այսինքն` նշված հոդվածի 1-ին մասով պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում կտրոնը սահմանված տեղում փակցված լինելու հանգամանքի պարզումը: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում ի թիվս այլոց նաև չգործող ԱՊՊԱ կտրոնով տրանսպորտային միջոց վարելու համար, այսինքն` տվյալ դեպքում նշանակություն չունի կտրոնի փակցված լինել կամ չլինելու հարցը, այլ իրավական նշանակություն ունի կտրոնի առկայությունը:
Մինչդեռ սույն գործով վարչական ակտը կայացրած պաշտոնատար անձը չի պարզել ԱՊՊԱ կտրոնի առկայության փաստը, այլ միայն բավարարվել է` պարզելով դիմապակուն այն փակցված չլինելու և ժամկետանց կտրոն փակցված լինելու փաստերը, ինչի արդյունքում խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.11.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.03.2012 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն` 15.07.2011 թվականին արձանագրվել է Հովհաննես Նահապետյանի կողմից «ԲԵ-ԷՄ-ՎԵ» մակնիշի 25ՍՍ117 համարանիշի մեքենան չգործող ԱՊՊԱ կտրոնով վարելու և երթևեկության գոտիների սահմանները նշող հոծ գիծ գծանախշերը հատելու փաստը: Արձանագրությունում Հովհաննես Նահապետյանի կողմից կատարվել է նշում. «Պետավտոտեսուչը տրանսպորտային միջոցը կանգնեցրել է հոծ գիծը խախտելու համար, սակայն խախտել է իր որոշումը 94 կետով, որը չի համապատասխանում իրականությանը» (գ.թ. 44):
2. Վարչական իրավախախտման վերաբերյալ 15.07.2011 թվականի թիվ ԱԳ 477254 որոշման համաձայն` Հովհաննես Նահապետյանը չգործող ԱՊՊԱ կտրոնով տրանսպորտային միջոցը վարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` ենթարկվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի (գ.թ. 6):
3. Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SG 218901 պայմանագրի համաձայն` Հովհաննես Նահապետյանի կողմից «ԲԵ-ԷՄ-ՎԵ» մակնիշի 25ՍՍ117 հաշվառման համարանիշի մեքենան ապահովագրվել է 12.07.2011 թվականին (գ.թ. 9):
4. «ԲԵ-ԷՄ-ՎԵ» մակնիշի 25ՍՍ117 հաշվառման համարանիշի մեքենայի ԱՊՊԱ կտրոնը տրվել է Հովհաննես Նահապետյանին: Պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվել 12.07.2011 թվականից մինչև 11.10.2011 թվականը (գ.թ. 10):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ չգործող ԱՊՊԱ կտրոնով տրանսպորտային միջոցներ վարելու և առանց ԱՊՊԱ կտրոնի տրանսպորտային միջոցներ վարելու զանցակազմերի տարանջատման խնդրին` հաշվի առնելով այդ իրավախախտումների տարածվածությունը և իրավական որոշակիություն ապահովելու անհրաժեշտությունը:
i
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`առանց ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության կտրոնը (այսուհետ` ԱՊՊԱ կտրոն) սահմանված տեղում փակցնելու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ԱՊՊԱ կտրոնով Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
Սույն գործի փաստերի համաձայն` «ԲԵ-ԷՄ-ՎԵ» մակնիշի 25ՍՍ117 համարանիշի մեքենայի սեփականատերը Հովհաննես Նահապետյանն է: Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SG 218901 պայմանագրի և թիվ SG 218901 կտրոնի համաձայն` «ԲԵ-ԷՄ-ՎԵ» մակնիշի 25ՍՍ117 հաշվառման համարանիշի մեքենան ապահովագրվել է 12.07.2011 թվականին, և պայմանագրի գործողության ժամկետը սահմանվել է 12.07.2011 թվականից մինչև 11.10.2011 թվականը: Վարչական մարմինը, արձանագրելով հիշյալ ավտոմեքենայի դիմապակուն չգործող կտրոն փակցված լինելու փաստը, Հովհաննես Նահապետյանին վարչական պատասխանատվության է ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սանկցիայով: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն` Հովհաննես Նահապետյանը վարչական իրավախախտման գործի քննության ժամանակ առարկություն է ներկայացրել վարչական մարմնին` նշելով, որ արձանագրված խախտումը չի համապատասխանում իրականությանը:
Դատարանը հայցը բավարարել է` գտնելով, որ սույն գործով վարչական մարմինը չի պարզել ԱՊՊԱ կտրոնի առկայության փաստը, այլ միայն բավարարվել է դիմապակուն այն փակցված չլինելու և ժամկետանց կտրոն փակցված լինելու փաստերը պարզելով, որով խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը:
Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով դատական ակտը, հայցը մերժել է` պատճառաբանելով, որ արարքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 2-րդ մասով որակելու համար անհրաժեշտ է ԱՊՊԱ կտրոնի համար սահմանված տեղում չգործող կտրոն փակցված լինելու հանգամանքը` անկախ գործող պայմանագրի առկայության:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համեմատական վերլուծության արդյունքում եզրահանգում է, որ նշված հոդվածի 1-ին և 2-րդ մասերն ունեն տարբեր զանցակազմեր, որոնց օբյեկտիվ կողմն իրարից էապես տարբերվում է, ուստի տարբեր են նաև նշված մասերից յուրաքանչյուրի խախտման համար նախատեսված սանկցիաները: Մասնավորապես` 129.1-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվությունը վրա է հասնում առանց ԱՊՊԱ կտրոնը սահմանված տեղում փակցնելու տրանսպորտային միջոց վարելու համար: Առանց ԱՊՊԱ կտրոնի տրանսպորտային միջոցի վարումը կարող է դրսևորվել երկու պարագայում` նախ կնքված է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիրը, առկա է գործող կտրոնը, որը սակայն փակցված չէ սահմանված տեղում: Այս դեպքում պատասխանատվությունը վրա է հասնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար:
Երկրորդ` պայմանագիրն ու կտրոնն ընդհանրապես առկա չեն, ինչի պատճառով էլ կտրոնը փակցված չէ սահմանված տեղում: Այս դեպքում պատասխանատվությունը վրա է հասնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված զանցակազմի շրջանակներում, որտեղ անձը ցուցաբերում է անգործություն և չի կնքում ԱՊՊԱ պայմանագիր` այդ կերպ ոտնձգելով ճանապարհային երթևեկության ոլորտում առաջացող հարաբերությունների նկատմամբ:
Վերոնշյալից հետևում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում կտրոնը սահմանված տեղում փակցված չլինելու հանգամանքի պարզումը: Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 2-րդ մասով պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայմանն առկա կտրոնի կեղծված, չգործող և տվյալ տրանսպորտային միջոցի համար տրված չլինելու հանգամանքի պարզումն է:
Իրավակիրառ պրակտիկայում, ինչպես նաև վարչական վարույթների ժամանակ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի կիրառման միասնական պրակտիկա ապահովելու անհրաժեշտությամբ Վճռաբեկ դատարանը նշված հոդվածը հարկ է համարում մեկնաբանել երկու և ավելի վարչական իրավախախտումների համար պատասխանատվության իրավակարագավորման համատեքստում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:
Եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում: Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված իրավախախտումներից ցանկացածի համար պատասխանատվության վերաբերյալ հոդվածներով նախատեսված լրացուցիչ տույժերից մեկը:
Հիշատակված իրավադրույթը առավելագույնի սկզբունքի դրսևորման ձևերից է, որը վարչական մարմինների կողմից կամայականությունների զսպման կամ կանխարգելման գործառույթ է իրականացնում: Սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ նույն անձի կողմից մեկից ավելի վարչական զանցանքներ կատարելու դեպքում առավել վտանգավոր կամ առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան իրենում ներառում է առավել նվազ զանցանքների համար սանկցիաները:
Այդուհանդերձ հարկ է նկատել, որ հնարավոր են դեպքեր, երբ երկու զանցանքների զուգորդումը լինի նվազ հանրային վտանգավորություն առաջացնող, թեկուզև դրանում ներառված լինեն առավել և նվազ հանրային վտանգավորություն ունեցող զանցակազմեր:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառումը պրակտիկայում առաջ է բերում խնդիրներ, որոնք արդյունք են այդ հոդվածներով նախատեսված զանցանքների բովանդակության ոչ միատեսակ ընկալման:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված զանցանքն օրենսդիրը նախատեսել է այն հաշվով, որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն սուբյեկտները, ովքեր, կնքելով ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր, ձեռք են բերել կտրոն, սակայն այն չեն փակցրել ավտոտրանսպորտային միջոցի դիմապակուն: Հարկ է նկատել, որ այս դեպքում զանցանք կատարող սուբյեկտը ցուցաբերում է դիտավորություն առ այն, որ ունենալով գործող ԱՊՊԱ կտրոն` այն չի փակցնում տրանսպորտային միջոցի դիմապակուն: Այնուամենայնիվ, զանցանքի սուբյեկտիվ կողմի դրսևորմանն օրենսդիրը նշանակություն չի տվել և անկախ այն հանգամանքից` արարքը սուբյեկտիվ կողմի առումով ինչպես է դրսևորվել, անձը ենթակա է պատասխանատվության: Մյուս կողմից նշված զանցանքը չունի հանրային մեծ վտանգավորություն, քանի որ անձը փաստացի կնքել է երրորդ անձանց հանդեպ իր պատասխանատվության ապահովագրման պայմանագիր և ապահովագրական պատահարի վրա հասնելու դեպքում տուժողը կստանա համապատասխան փոխհատուցում:
Նույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված զանցանքը և դրա համար սահմանված սանկցիան շատ ավելի խիստ է, ինչը պայմանավորված է արարքի հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանով: Ի տարբերություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի` այս դեպքում անձը չի ապահովագրում երրորդ անձանց հանդեպ իր պատասխանատվությունը և շարունակում է երթևեկել չգործող (ժամկետանց) կտրոնով կամ կեղծում է կտրոնի վրա առկա թվանշաններն այնպես, որ արտաքուստ տպավորություն ստեղծվի, թե կտրոնը գործում է, և կամ էլ տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնում է մեկ այլ տրանսպորտային միջոցի համար տրամադրված կտրոն: Ակնհայտ է, որ այս դեպքում անձը միջոցներ է ձեռնարկում խուսանավել իր պատասխանատվությունն ապահովագրելուց, ինչը ենթադրում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի վրա հասնելու դեպքում տուժող կողմի վրա է ընկնում ապահովագրական հատուցում չստանալու ռիսկը:
Նշված վերլուծությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի արարքները զուգորդմամբ կատարելու դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել ոչ թե վարչական հարաբերություններում գործող առավելագույնի սկզբունքով, այլ համաչափության սկզբունքով, երբ նպատակին հասնելու համար օգտագործվող միջոցները կլինեն ոչ միայն պիտանի, այլև անհրաժեշտ և չափավոր: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն, որ երկու արարքների զուգորդման դեպքում նվազում է այն հանրային վտանգավորությունը, որը կարող էր առկա լինել բացառապես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի դեպքում:
Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն իրավիճակներում, երբ անձը վարում է տրանսպորտային միջոցը, որի դիմապակուն փակցված է չգործող ԱՊՊԱ կտրոն, և միաժամանակ անձի մոտ է գտնվում ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագրի հիման վրա տրված գործող ԱՊՊԱ կտրոնը, սակայն այն փակցված չէ սահմանված տեղում, ապա արարքը պետք է որակվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին մասով:
Համադրելով վերոնշյալ մեկնաբանությունները սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրակացության, որ Հովհաննես Նահապետյանը չգործող ԱՊՊԱ կտրոնով տրանսպորտային միջոցը վարելու համար Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` ենթարկվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի, թեև վերջինիս ավտոմեքենայում առկա էր թիվ 218901 ԱՊՊԱ պայմանագրի հիման վրա տրված գործող կտրոն: Այսինքն` գործող ԱՊՊԱ կտրոնն առկա էր, սակայն փակցված չէր սահմանված տեղում, որպիսի պարագայում արարքը ենթակա էր որակման Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին մասով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման դեպքերում վարչական մարմինը չպետք է սահմանափակվի տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցված կտրոնի գործող լինելու փաստը պարզելով, այլ ելնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից` պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.11.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 12.03.2012 թվականի վճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Աբելյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան