Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿՈՒ ԿԱՄ ԱՎԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԿՈՒ ԿԱՄ ԱՎԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱԽԿԻՆՈՒՄ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ Կ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                        ԵԷԴ/0126/13/11

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԷԴ/0126/13/11

Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Ավետիսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

մասնակցությամբ

    պաշտպաններ                                Ն. Ռշտունու

                                              Ռ. Ռշտունու

 

    դատախազ                                   Ա. Դավթյանի

 

    2013 թվականի փետրվարի 15-ին                          ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արսեն Արայի Արծրունու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման դեմ դատապարտյալ Ա.Արծրունու պաշտպաններ Նարինե և Ռուբեն Ռշտունիների վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով Արսեն Արայի Արծրունին մեղավոր է ճանաչվել 1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 72-րդ, 17-100-րդ հոդվածներով, 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով և դատապարտվել` 1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով` 12 տարի ժամկետով ազատազրկման, նույն օրենսգրքի 17-100-րդ հոդվածով` 12 տարի ժամկետով ազատազրկման, նույն օրենսգրքի 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով` մահապատժի:

1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի հիման վրա` նվազ խիստ պատիժն ավելի խիստ պատժի մեջ կլանելու սկզբունքով Ա.Արծրունու նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել բացառիկ պատժամիջոց` մահապատիժ:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի օգոստոսի 1-ի թիվ ՆՀ-103-Ա հրամանագրով Ա.Արծրունուն ներում է շնորհվել, և նրա նկատմամբ նշանակված մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

3. 2006 թվականի հուլիսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` վերոհիշյալ դատավճիռը վերանայելու և այն 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու խնդրանքով:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2006 թվականի օգոստոսի 8-ին որոշել է. «Արսեն Արայի Արծրունու կողմից կատարած հանցավոր արարքները համապատասխանեցնել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված` ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի 1-ին մասին, 38-104 հոդվածի 1-ին մասին, 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15 կետերին» (տե՛ս Առաջին ատյանի դատարանում կազմված նյութեր, էջ 4)Լ

4. 2011 թվականի հունիսի 14-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան մուտք է եղել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ա.Արծրունու դիմումը, որով դատապարտյալը խնդրել է վերանայել իր վերաբերյալ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճիռը և այն համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքին` հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011 թվականի մայիսի 23-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-143-Ն ՀՀ օրենքը:

5. 2011 թվականի օգոստոսի 22-ին դատապարտյալ Ա.Արծրունու պաշտպան Ն.Ռշտունին վերաքննության կարգով բողոքարկել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2006 թվականի օգոստոսի 8-ի որոշումը` խնդրելով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերը փոխարինել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով, քանի որ գործը քննած դատավորի անփութության պատճառով հիշյալ որոշման մեջ տեղ է գտել տեխնիկական սխալ, և արդյունքում խախտվել են դատապարտյալ Ա.Արծրունու հիմնարար իրավունքները:

Վերաքննիչ դատարանը 2011 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Արծրունու պաշտպան Ն.Ռշտունու վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատապարտյալ Ա.Արծրունու պաշտպան Ն.Ռշտունին բերել է վճռաբեկ բողոք:

Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է` Ա.Արծրունու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2006 թվականի օգոստոսի 8-ի որոշումը և Վերաքննիչ դատարանի 2011 թվականի օգոստոսի 31-ի որոշումն ամբողջությամբ բեկանվել և գործն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

6. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2012 թվականի հուլիսի 12-ին որոշում է կայացրել դատապարտյալ Ա.Արծրունու վերաբերյալ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճիռը վերանայելու և այն ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասին և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխանեցնելու մասին: Դատապարտյալ Ա.Արծրունու նկատմամբ նշանակված պատիժը` ցմահ ազատազրկումը, թողնվել է նույնը:

7. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 12-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք են բերել դատապարտյալի պաշտպաններ Նարինե և Ռուբեն Ռշտունիները:

Վերաքննիչ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Արծրունու պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 12-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

8. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման դեմ դատապարտյալ Ա.Արծրունու պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

9. Նախաքննական մարմնի կողմից Ա.Արծրունուն մեղադրանք է առաջադրվել 1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով, 99-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ կետերով հետևյալ արարքների համար.

«Լիբանանի Հանրապետության քաղաքացիներ Արսեն Արծրունին 1990 թվականին, իսկ Արա Հարմանդայանը 1991 թվականին մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն, ուր զբաղվել են տնտեսական գործունեությամբ: Ա.Արծրունին 1981 թվականից, իսկ Ա.Հարմանդայանը 1982 թվականից լինելով Հայ հեղափոխական դաշնակցության կուսակցության անդամ, Հայաստանում շարունակել են իրենց կուսակցական գործունեությունը և կատարել են կուսակցության կողմից տրված հանձնարարությունները: ՀՅԴ կուսակցության տնտեսական բնագավառի առաջադրանքները կատարելու համար Ա.Արծրունին 1992-1993 թվականների ընթացքում կազմել ու պատրաստել է «Դրո» կառույցի բացատրություն ծրագիր-առաջարկը, իսկ ապա նաև «Դրո» հատուկ ծառայության կանոնադրությունը և միջանկյալ այլ փաստաթղթեր, որոնցում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին հակառակ նախատեսել է զինվորական կարգապահության վրա հիմնված հետախուզական գաղտնի կառույցի ստեղծում, որն իր գործունեության հիմքում նպատակ ունենալով պահպանել կուսակցության հեղափոխական սկզբունքները, մերժելու Հայ դատի հետապնդման համար պառլամենտական գործունեության սկզբունքները, մինչև կազմակերպության մաքրագործումը մանիպուլյատոր թափանցումներից, կուսակցության մեջ պահելու Հայրենիքի և սփյուռքի կառույցների միջև կշիռը, միաժամանակ պետք է զբաղվեր քաղաքական, ռազմական, տնտեսական, դիվանագիտական և այլ բնույթի տեղեկությունների հավաքումով: Այդ փաստաթղթերում ամրագրելով ու արձանագրելով, որ «Դրո» տնտեսական հետախուզական կառույցը ստեղծվում է ՀՅԴ կուսակցության բարձրագույն մարմնի որոշմամբ, Ա.Արծրունին կանոնադրությամբ նախատեսված տնտեսական բաժնին վերաբերող խնդիրների լուծման նպատակով սկզբնական շրջանում ստեղծել է տնտեսական հետախուզական օպերատիվ կառույցը (ՏՀՕԿ), ապա «Դրո» կառույցի տնտեսական դասակը, որը զբաղվել է ոչ միայն անօրինական տնտեսական գործունեությամբ, այլ նաև ՀՅԴ կուսակցության անդամների նկատմամբ ոտնձգություններ կատարած, կուսակցության գաղափարներին դավաճանած, կուսակցության նկատմամբ վնասարար գործունեություն ծավալած անձանց հայտնաբերելու, նրանց նկատմամբ ահաբեկչություն կատարելու և հաշվեհարդար տեսնելու հակաօրինական հանցավոր գործունեությամբ` բանդիտիզմով:

Բանդայի կազմում Ա.Արծրունին ընդգրկել է իր գրասենյակում աշխատող ՀՅԴ կուսակցության անդամներ Արմենակ Մնջոյանին, Արմենակ Զաքարյանին, Արա Հարմանդայանին, Հովհաննես Մկրտչյանին: Վերջիններիս միջոցով տարբեր ժամանակներում բանդայի կազմում հավաքագրվել ու ընդգրկվել են նաև Արման Գրիգորյանը, Արտավազդ Մանուկյանը, Զորայր Աթաբեկյանը, Էդիկ Սիմոնյանը, Գևորգ Ալավերդյանը և Թաթուլ Գաբրիելյանը: Կառույց-բանդան զինելու և հանցագործությունների կատարման ընթացքում զենք օգտագործելու համար անօրինական ճանապարհով և առանց համապատասխան թույլտվության բաժանվել են հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, որոնցից նախաքննության ընթացքում հայտնաբերվել և իրեղեն ապացույց են ճանաչվել լեհական արտադրության մեկ ատրճանակ-ավտոմատը, «Մակարով» տեսակի յոթ ատրճանակները, ռազմամթերք հանդիսացող փամփուշտները և այլ նյութեր:

Բանդայի գործունեության գաղտնիությունն ապահովելու և չբացահայտվելու նպատակով բանդայի անդամներին շնորհվել է կանոնադրությամբ նախատեսված որսի, օժանդակի, մարտիկի կոչումներ, ունեցել են ծածկագիր-համարներ, գաղտնի հավաքատեղեր, թաքստոցներ, կեղծանուններ, կիրառվել է միմյանց հետ հաղորդակցության ծածկագրված համակարգ, տրվել են գաղտնագրված հրամաններ ու զեկույցներ, օգտագործվել են կապավորներ, շնորհված ծածկագրերն ու կեղծանուններն էլ հաճախակի փոփոխվել են:

(...)

Բանդայի համար որպես հավաքատեղի և բազա են հանդիսացել «Արծրունի» ընկերության կողմից «Խանասոր» անվանումով ընկերության պահեստի անվան տակ Մասիսի շրջանային ձուկտնտեսության վարչությունից վարձակալած և նույն շրջանի Այնթափ գյուղում գտնվող պահեստների տարածքը և Երևանի Նար-Դոսի փողոցի 4-րդ շենքի թիվ 75-րդ բնակարանը, որը գաղտնապահության նկատառումներով անվանվել է «Փարոս»:

Բանդան ունեցել է ինչպես տրանսպորտային միջոցներ, այնպես էլ ռադիոկապի միջոցներ, համակարգիչներ, կեղծ անձնագրեր պատրաստելու համար մետաղյա դրոշմակներ, ձեռնաշղթա, զրահաբաճկոն և այլ միջոցներ:

Իրենց լուսանկարներով, սակայն տարբեր անձանց անուններով ակնհայտ կեղծ անձնագրեր են ունեցել և օգտագործել բանդայի անդամներ Ա. Մնջոյանն ու Ա. Զաքարյանը:

1993-1994 թվականների ընթացքում բանդայի կողմից կատարվել են մի շարք ծանր հանցագործություններ, այդ թվում` դիտավորյալ սպանություններ, թմրամիջոցներ ձեռք բերելու, մաքսանենգ ճանապարհով փոխադրելու և այլ հանցագործություններ:

Այսպես` 1993 թվականի օգոստոս ամսին Երևան քաղաքի բնակիչներ, երկվորյակ եղբայրներ Հայկ և Վահան Գեղամյաններն այլ անձանց հետ միասին գնացել են Երևանի Բաղրամյան փողոցի վրա գտնվող «Արծրունի» ընկերության գրասենյակ և Ա.Արծրունուց ավտովթարի հետևանքով Արարատի շրջանային հիվանդանոցում գտնվող իրենց կուսակցական ընկերներին` Հրանտ Մարգարյանին և Հրազդանի Աբոյին, տեսակցության գնալու համար գումար են պահանջել: Ա.Արծրունին հրաժարվել է նրանց գումար տալուց, որի առիթով մի կողմից Գեղամյան եղբայրների, իսկ մյուս կողմից` Ա.Արծրունու և Ա.Հարմանդայանի միջև վիճաբանություն է առաջացել, այն վերածվել է կռվի, որի ընթացքում Հ.Գեղամյանը ջարդել է ընկերության գրասենյակի պատուհանի ապակիները, համակարգիչներից մեկը և պարտադրել է Ա.Արծրունուն իրենց մեքենայով գնալ Արարատ քաղաք` շրջանային հիվանդանոց:

Գրասենյակի դռանը ընթացող վիճաբանությունը և կռիվը դադարեցնելու նպատակով միջամտել է նաև գրասենյակից դուրս եկած Հ.Մկրտչյանը: Այդ պահին ավտոմեքենայով Բաղրամյան փողոցով անցնող Աշոտ Ներսիսյանը, տեսնելով իր ծանոթներ Գեղամյան եղբայրներին կռիվ անելիս, կանգնեցրել է ավտոմեքենան մայթեզրի մոտ և իջնելով մեքենայից` մոտեցել է Հ.Մկրտչյանին և ձեռքին ունեցած ինչ-որ իրով հարվածել է նրա գլխին, որից վերջինս ուշաթափվել ու ընկել է գետնին: Տեսնելով այդ` Ա.Ներսիսյանը դեպքի վայրից հեռացել է:

Չհանդուրժելով տեղի ունեցած ընդհարումը` Ա.Արծրունին տնտեսական հետախուզական օպերատիվ դասակի հրամանատար Ա.Մնջոյանի հետ նախնական պայմանավորվածությամբ և փոխհամաձայնությամբ պլանավորել և մշակել են Ա.Ներսիսյանի կողմից ընկերության գրասենյակի վրա հարձակվելու պատճառները պարզելու նպատակով վերջինիս հայտնաբերելու, առևանգելու, իսկ ապա նաև սպանելու գործողությունը, որը գաղտնագրվել է որպես «Քերոբ» կամ «02» գործողություն:

Գործելով Ա.Արծրունու հետ ունեցած հանցավոր պայմանավորվածությամբ` Արմենակ Մնջոյանն իր հերթին Ա.Ներսիսյանին առևանգելու հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով համապատասխան հետախուզական աշխատանքների կատարումը հանձնարարել է Ա.Զաքարյանին, որն էլ իր հրամանատարությամբ գործող Է.Սիմոնյանի, Զ.Աթարբեկյանի և Գ.Ալավերդյանի մասնակցությամբ շուրջ երկու ամիս շարունակ գաղտնի դիտարկումներով և իրականացված հետախուզական միջոցառումներով նախապատրաստական աշխատանքներ են կատարել, որի ընթացքում պարզել են Աշոտ Ներսիսյանի բնակության տարբեր վայրերը, վերջինիս բնակարանի հասցեն, հեռախոսի համարը, բնակարանի սենյակների և նրանցում եղած գույքի տեղադրման հատակագիծը, ճշտել են Ա.Ներսիսյանի առօրյան` ունեցած կապերը, հաճախելու վայրերը, օգտագործվող ավտոմեքենաների պետհամարանիշերը, զբաղմունքը, որոնց վերաբերյալ տարբեր ամսաթվերով իրենց նախապես տրված ծածկագրերի նշումներով զեկուցագրեր են ներկայացրել Ա.Զաքարյանին, որն էլ իր հերթին` Ա.Մնջոյանին, վերջինս էլ` Ա.Արծրունուն:

1993 թվականի հոկտեմբերի 12-ին նշված անհրաժեշտ բոլոր տվյալները պարզելուց հետո բանդայի անդամներ Ա.Մնջոյանը, Ա.Գրիգորյանը, Ա.Զաքարյանը, Է.Սիմոնյանը, Զ.Աթարբեկյանը, Հ.Մկրտչյանը և Ա.Մանուկյանը հանդիպել են Այնթափի բազայում, ուր Ա.Մնջոյանի առաջարկությամբ փոխադարձ հանցավոր համաձայնության են եկել «Արծրունի» ընկերության գրասենյակի մոտ օգոստոս ամսին տեղի ունեցած դեպքի պատճառները պարզելու, նաև Հ.Մկրտչյանին մարմնական վնասվածք պատճառելու համար վրեժխնդիր լինելու նպատակով Ա.Ներսիսյանին առևանգելու և բազա բերելու հարցի շուրջ, որից հետո Հ.Մկրտչյանին Ա.Ներսիսյանի կողմից ճանաչելու պատճառով Հ.Մկրտչյանին թողել են բազայում, իսկ մյուսները, «Մակարով» մակնիշի ատրճանակներով զինված, Ա.Մնջոյանի գլխավորությամբ վերջինիս կողմից վարած «ՎԱԶ-2121» մակնիշի Կ 90-59 ԱՐ պետհամարանիշի ավտոմեքենայով, ընդ որում` չբացահայտվելու նպատակով ավտոմեքենայի պետհամարանիշը փոխված վիճակում, գնացել են Երևանի Չարբախ թաղամասում գտնվող Շահվերդյան փողոցի 35-րդ շենքի մոտ, որի թիվ 15 բնակարանում կնոջ և մանկահասակ երեխայի հետ բնակվել է Ա.Ներսիսյանը: Հասնելով Ա.Ներսիսյանի բնակելի շենքի մոտ` Ա.Մնջոյանի հանձնարարությամբ և նախապես կատարած դերերի բաշխմամբ Է.Սիմոնյանը, Զ.Աթարբեկյանը և Ա.Մանուկյանը հերթապահել են դրսում` փողոցից հետևելով գործողության ընթացքին, իսկ Ս.Գրիգորյանը և Ա.Զաքարյանը Ա.ՄՆջոյանի հետ միասին բարձրացել են Ա.Ներսիսյանի բնակարան, Ա.Ներսիսյանի ընկերոջ կողմից մեքենա վաճառելու նպատակով ուղարկված լինելու հնարովի պատրվակով մուտք են գործել բնակարան և շուրջ երկու ժամ տարբեր թեմաներով զրուցել են Ա.Ներսիսյանի հետ` փորձելով վստահություն ներշնչելու միջոցով նրան դուրս բերել բնակարանից, ապա առևանգելով տանել Այնթափի բազա:

Տեսնելով, որ Ա.Ներսիսյանը չի ցանկանում դուրս գալ բնակարանից, Ա.Մնջոյանը, Ա.Գրիգորյանը և Ա.Զաքարյանը հանել են իրենց մոտ ունեցած ատրճանակները և փողերն ուղղելով Ա.Ներսիսյանի վրա` առաջարկել են իրենց հետ ներքև իջնել, սակայն վերջինս գոռգոռալով տեղից վեր է թռել, որի ժամանակ էլ նրանք երեք ատրճանակներից կատարված կրակոցներով սպանել են Ա.Ներսիսյանին, իսկ ապա նաև կրակոցների ձայնից այդ սենյակ մտած նրա կնոջը` Նունե Մարուքյանին, ու աննկատ դուրս գալով բնակարանից` դրսում հերթապահող Է.Սիմոնյանի, Ա.Մանուկյանի և Զ.Աթարբեկյանի հետ նույն ավտոմեքենայով վերադարձել են Այնթափի բազա, ընդ որում` ինչպես մեքենայի մեջ Է.Սիմոնյանին, Ա.Մանուկյանին և Զ.Աթարբեկյանին, այնպես էլ բազայում սպասող Հ.Մկրտչյանին հայտնել են, որ հնարավոր չի եղել Ա.Ներսիսյանին առևանգել ու բազա բերել, որի պատճառով էլ նրան ու կնոջը սպանել են իրենց բնակարանում:

Նույն օրը Ա.Մնջոյանը գաղտնագրված գրավոր զեկույց է կազմել` հասցեագրված Ա.Արծրունուն, որտեղ նշել է, որ «02 գործողությունը պսակվել է հաջողությամբ` իրենց կողմից նախօրոք մշակված երկրորդ տարբերակով»

:Բանդայի կողմից 1994թ. ապրիլ ամսին ծրագրվել է նաև ՀՅԴ կուսակցության ներսում «խափանարար» գործունեություն իրականացնելու համար նշված կուսակցության անդամ Գագիկ Գրիգորի Սահակյանի սպանությունը, որը գաղտնագրվել է որպես «Թոփ-1» գործողություն:

1994 թվականի ապրիլ ամսին Ա.Արծրունին Գ.Սահակյանի սպանությունը նախապատրաստելու և կատարելու հանձնարարությունը տվել է Ա.Մնջոյանին` իր դասակի միջոցով իրականացնելու համար:

(...)

Ստանալով հանձնարարությունը, բանդայի անդամներ Հ.Մկրտչյանի և Ս.Գրիգորյանի կողմից Ա.Զաքարյանի ղեկավարությամբ շուրջ մեկ ամիս տևած գաղտնի դիտարկումներով և իրականացված համապատասխան հետախուզական միջոցառումներով նախապատրաստական աշխատանքներ կատարելուց, Գ.Սահակյանի առանձնատան տեղն ու նրա առօրյան պարզելուց հետո 1994 թվականի ապրիլի 26-ին և 27-ին` գիշերը, սպանությունը կատարելու նպատակով Ա.Զաքարյանը, Ա.Գրիգորյանը, Հ.Մկրտչյանը և Ա.Մանուկյանը Ա.Մնջոյանի գլխավորությամբ «ՎԱԶ-2121» Նիվա մակնիշի ավտոմեքենայով «Մակարով» տեսակի ատրճանակներով զինված գնացել են Գ.Սահակյանի առանձնատան` Երևանի Հովնաթանի փողոցի թիվ 53 տան մոտ, որտեղ նախապես կատարած դերերի բաշխմամբ Հ.Մկրտչյանն ու Ա.Մանուկյանը հեռվից հետևել են Գ.Սահակյանի գալուն` Ա.Մնջոյանին, Ա.Գրիգորյանին ահազանգելու նպատակով, իսկ վերջիններս սպանությունը անմիջականորեն իրականացնելու համար զինված սպասել են Գ.Սահակյանին նրա առանձնատան շրջակայքում, սակայն առաջին օրը Գ.Սահակյանը տուն չի վերադարձել, իսկ երկրորդ օրը նրան երկու այլ տղաների հետ մեքենայով տեսել են Մալաթիա փողոցում, այնուհետև մինչև ժամը 24-ը նրան սպասել են իր առանձնատան մոտ, սակայն Գ.Սահակյանը տուն չի վերադարձել և տեղացող հորդառատ անձրևի պատճառով այլևս չեն սպասել Գ.Սահակյանի գալուն և փաստորեն իրենցից անկախ պատճառներով այդ օրերին չեն կարողացել իրենց հանցավոր մտադրությունը` Գ.Սահակյանի սպանությունը, իրականացնել, որը նրանց հաջողվել է կատարելու 1994 թվականի մայիսի 2-ին:

Այդ օրը բանդայի անդամներ Ա.Գրիգորյանը, Հ.Մկրտչյանը, Ա.Մանուկյանը Ա.Մնջոյանի գլխավորությամբ, սակայն առանց Ա.Զաքարյանի, որին նախորդ օրը հարբած լինելու պատճառով Ա.Մնջոյանը որպես հրամանատար զրկել էր նախատեսված սպանության գործողությանը մասնակցելուց, «Մակարով» տեսակի ատրճանակներով զինված, «ՎԱԶ-2121» Նիվա մակնիշի Կ 90-59 ԱՐ պետհամարանիշի ավտոմեքենայով կրկին գնացել են Գ.Սահակյանի տան մոտ, որտեղ ավտոմեքենան Գ.Սահակյանի առանձնատան շրջակայքում եղած անձանց տեսադաշտում չերևալու նպատակով հեռու են կանգնեցրել, Ա.Մանուկյանը սպասել է ավտոմեքենայի մեջ, իսկ Հ.Մկրտչյանը ճանապարհին սպասել է Գ.Սահակյանի գալուն` ռադիոկապով առանձնատան մոտ սպասող Ա.Մնջոյանին ու Ա.Գրիգորյանին այդ մասին տեղեկացնելու համար: Գիշերվա ուշ ժամին նկատելով իր անձնական «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայով տուն վերադարձող Գ.Սահակյանին, Հ.Մկրտչյանը այդ մասին ռադիոկապով հայտնել է Ա.Մնջոյանին ու Ա.Գրիգոյանին, որոնք առանձնատան ավտոտնակի մոտ մոտեցել են ավտոմեքենայից իջած Գ.Սահակյանին և իրենց մոտ ունեցած թիվ ԻՊ 2267 ու ԳՆ 2686 ատրճանակներից արձակած դիմահար 18 կրակոցներով սպանել են նրան ու ապա աննկատ հեռանալով դեպքի վայրից` նստել են մոտակայքում իրենց սպասող ավտոմեքենան և Հ.Մկրտչյանի ու Ա.Մանուկյանի հետ հեռացել են:

Հաջորդ օրը Ա.Մնջոյանը Գ.Սահակյանի սպանության վերաբերյալ պլանավորված գործողության հաջող ավարտի մասին զեկուցագրով տեղեկացրել է բանդայի ղեկավար Ա.Արծրունուն (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 124-126):

10. ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով արձանագրվել է.

«Դատական կոլեգիան գործով ձեռք բերված ապացույցների գնահատմամբ գտնում է, որ «Քերոբ» գործողության համար առաջադրված մեղադրանքի դրվագում ամբաստանյալ Ա.Արծրունու արարքը ենթակա է վերաորակման ՀՀ քրեական օրենսգրքի 17-100-րդ հոդվածով` միայն Ա.Ներսիսյանի սպանությունը կազմակերպելու համար` նկատի ունենալով, որ այն կատարվել է ի պատասխան նրա` «Արծրունի» ընկերության գրասենյակի մոտ 1993 թվականի օգոստոսին կատարած գործողության, որին Ա.Արծրունին անմիջականորեն չի մասնակցել, սակայն կազմակերպել է այն, իսկ Ն.Մարուքյանի սպանության համար մեղադրանքը պետք է դուրս գա նրան առաջադրված մեղադրանքի ընդհանուր ծավալից` ի նկատի ունենալով, որ Ն.Մարուքյանի սպանությունը այն կատարողների կողմից կատարվել է Ա.Մնջոյանի հետ ունեցած իր նախնական պայմանավորվածությունից դուրս /կատարողների էքսցես/, որի համար ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ կետով երկու անձի սպանություն կատարելու համար քրեական պատասխանատվություն պետք է կրեն միայն կատարողները` Ա.Մնջոյանը, Ա.Գրիգորյանը և Ա.Զաքարյանը:

Գնահատելով «Թոփ-1» գործողության համար առաջադրված մեղադրանքների դրվագով ամբաստանյալներից յուրաքանչյուրի կատարած գործողությունները` դատական կոլեգիան գտնում է, որ նախաքննական մարմնի կողմից իրավական ճիշտ գնահատական չի տրվել Ա.Արծրունու, Հ.Մկրտչյանի և Ա.Զաքարյանի գործողություններին:

Այսպես` ըստ գործի տվյալների` նախաքննական մարմինը Ա.Արծրունուն այդ դրվագով մեղադրանք առաջադրելիս ընդունել է, որ նա պլանավորել և կազմակերպել է Գ.Սահակյանի սպանությունը, որի կատարումը հանձնարարել է բանդայի հրամանատար Ա.Մնջոյանին, որն էլ բանդայի անդամների միջոցով այն իրականացրել է, և որի անմիջականորեն կատարմանը ամբաստանյալ Ա.Արծրունին չի մասնակցել: Փաստորեն գործի տվյալներով հիմնավորվել է, որ Ա.Արծրունին Ա.Ներսիսյանի սպանությունը կազմակերպելուց հետո կազմակերպել է նաև Գ.Սահակյանի սպանությունը, որի պայմաններում վերջին գործողության համար նրան առաջադրված մեղադրանքը ենթակա է վերաորակման ՀՀ օրենսգրքի 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով»:

ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան գտել է, որ Ա.Արծրունուն նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքը քրեաիրավական որակման առումով ենթակա է փոփոխման: Ա.Արծրունու մեղքը հիմնավորված համարելով ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով, 17-100-րդ հոդվածով և 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված հանցանքները կատարելու մեջ` 1996 թվականի դեկտեմբերի 10-ին կայացրել է մեղադրական դատավճիռ (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 128):

11. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 12-ի որոշման համաձայն` «2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների համաձայն` 2003 թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ է դրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը` նույն օրվանից ուժը կորցրած ճանաչելով 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը:

ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու կապակցությամբ, մասնավորապես, մինչև օրենսգրքի գործողության մեջ դրվելը կայացված դատավճիռները ենթակա են եղել վերանայման` դատապարտյալների կատարած հանցանքները քրեաիրավական առումով համապատասխանեցնելով ՀՀ քրեական օրենսգրքին:

ՀՀ քրեական օրենսգրքով մահապատիժը` որպես բացառիկ պատժամիջոց, դադարել է գոյություն ունենալուց:

ՀՀ քրեական օրենսգրքի 49-րդ և 60-րդ հոդվածներով որպես պատժատեսակ նախատեսվել է ցմահ ազատազրկումը:

(...)

ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով Ա.Արծրունին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով, 17-100-րդ հոդվածով, 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով:

Վերոնշված հանցանքները քրեաիրավական որակման առումով համադրելով 2003 թվականի օգոստոսի 1-ին գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի հետ, վերանայելով դատավճիռը և համապատասխանեցնելով 2003 թվականի օգոստոսի 1-ին գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքին` դատարանը գտնում է, որ դատապարտյալ Ա.Արծրունու կատարած հանցանքները 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասին, 38-104-րդ հոդվածի 1-ին մասին և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետին:

(...)

Նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 8-րդ կետի, դրան համապատասխան` գործող ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի քրեաիրավական առումով տարանջատումը հանցանքը որակյալ դարձնող մյուս հատկանիշներից ժամանակին օրենսդրորեն պայմանավորված է եղել սոսկ հանցավորի սուբյեկտիվ դիտավորության շեշտման անհրաժեշտությամբ: Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի ուժը կորցրած ճանաչվելու պայմաններում, որպես առանձին հատկանիշ, մեխանիկորեն չի առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված` հանցանքը որակյալ դարձնող մեկ այլ հատկանիշի և սպանության մեկ այլ տեսակի` երկու և ավելի անձանց սպանության ապաքրեականացում:

Հետևաբար, դատարանը գտնում է, որ դատավճռով Ա.Արծրունուն մեղսագրված սպանության կազմակերպման երկու դեպքերի ընդգրկումը մեկ արարքի մեջ` որպես երկու անձանց սպանության կազմակերպում, ենթակա է համապատասխանեցման գործող ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նշված հոդվածի սանկցիան նախատեսում է նաև ցմահ ազատազրկում:

Այսպիսով, դատապարտյալ Ա.Արծրունու վերաբերյալ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճիռը համապատասխանեցնելով գործող ՀՀ քրեական օրենսգրքին` դատարանը գտնում է, որ դատապարտյալ Ա.Արծրունուն նշված դատավճռով մեղսագրված հանցանքները ենթակա են համապատասխանեցման ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասին և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին` Ա.Արծրունու նկատմամբ նշանակված քրեական պատիժը` ցմահ ազատազրկումը, թողնելով նույնը (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 131-133):

12. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման համաձայն` «(...) Դատարանը, վերանայելով ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճիռը, իրավացիորեն գտել է, որ Ա.Արծրունու կատարած հանցանքները պետք է համապատասխանեցնել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասին ու 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին, և ՀՀ Նախագահի 2003 թվականի օգոստոսի 1-ի ՆՀ-103-Ա հրամանագրով Ա.Արծրունու նկատմամբ սահմանված ցմահ ազատազրկում պատիժը թողել անփոփոխ:

Վերանայելով 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճիռը` Դատարանը պատճառաբանված կերպով գտել է, որ նախկինում /դիտավորյալ/ սպանություն կատարած անձի կողմից սպանություն կատարելը ենթադրել է առնվազն երկու կամ ավելի անձանց սպանության կամ հանցափորձի առկայություն: Հետևաբար, երկու կամ ավելի անձանց սպանությունը` որպես ծանրացուցիչ հանգամանք, որպես սպանության տեսակ, և 1961թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածով և գործող 104-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանրացուցիչ հանգամանքների շրջանակում նախատեսված լինելով` իրենց փաստական և բովանդակային առումով փոփոխություն չեն կրել ու ունեն միմյանց համապատասխանող և համարժեք բովանդակություն: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի ապաքրեականացումը մեխանիկորեն չի արժեզրկում 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի` երկու և ավելի անձանց սպանությունը որպես ծանրացուցիչ և արարքը որակյալ դարձնող հատկանիշ հանդիսանալը, չի բացառում սպանության նշված տեսակի գոյությունը Ա.Արծրունուն առաջադրված մեղադրանքում: Նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 8-րդ կետի ու դրան համապատասխան գործող 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի քրեաիրավական առումով տարանջատումը հանցանքը որակյալ դարձնող մյուս հատկանիշներից, ժամանակին օրենսդրորեն պայմանավորված է եղել սոսկ հանցավորի սուբյեկտիվ դիտավորության շեշտման անհրաժեշտությամբ, սակայն 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի ուժը կորցրած ճանաչվելու պայմաններում, որպես առանձին հատկանիշ, մեխանիկորեն չի առաջացրել 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը որակյալ դարձնող մեկ այլ հատկանիշի և սպանության մեկ այլ տեսակի` երկու և ավելի անձանց սպանության ապաքրեականացում, հետևաբար դատավճռով Ա.Արծրունուն մեղսագրված սպանության կազմակերպման երկու դեպքերի ընդգրկումը մեկ արարքի մեջ` որպես երկու անձանց սպանության կազմակերպում, ենթակա է համապատասխանեցման գործող ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին:

(...)

Վերոգրյալ հիմքերի առկայության պայմաններում, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ սույն գործով թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կհանգեցնեին դատական սխալի, ուստի գտնում է, որ Դատարանի որոշումը օրինական է ու հիմնավորված և այն բեկանելու, իսկ բերված վերաքննիչ բողոքը բավարարելու օբյեկտիվ հիմքեր առկա չեն» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 69-71):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

13. Բողոք բերած անձինք փաստարկել են, որ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 22-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի և 52-րդ հոդվածի 2-րդ մասի խախտումներ:

Ի հիմնավորումն իրենց վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերները նշել են, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանն իրավասություն չուներ ըստ էության վերանայել քրեական գործը. այս առումով Առաջին ատյանի դատարանն իրավասու էր գործող օրենսդրությանը համապատասխանեցնել ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճիռը: Մինչդեռ, ըստ բողոքաբերների, Առաջին ատյանի դատարանը ոչ թե դատավճիռը համապատասխանեցրել է գործող օրենսդրությանը, այլ նույն արարքի համար երկրորդ անգամ դատապարտել է Արսեն Արծրունուն: Այսպես` ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով Ա.Արծրունու արարքները որակվել են 1961 թվականի քրեական օրենսգրքի 72-րդ, 17-100-րդ հոդվածներով և 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով, քանի որ կոլեգիան հաստատված է համարել, որ Ա.Արծրունին կազմակերպել է երկու առանձին սպանություն, որոնք կատարվել են տարբեր ժամանակ ու կապված չեն եղել միասնական դիտավորությամբ կամ նույն շարժառիթով: Առաջին ատյանի դատարանը, սակայն, հիմնավորված է համարել, որ սույն գործով կատարված երկու սպանությունները, որպես բանդայի գործունեության արդյունք, տեղավորվել են բանդայի ստեղծման և գործունեության նպատակների համատեքստում:

14. Վերլուծելով հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները բնութագրող որակյալ հանգամանքները` բողոքաբերները նշել են, որ մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքն ուժի մեջ մտնելը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով նախատեսված որակյալ հանգամանքը հանդիսացել է սուբյեկտիվ հատկանիշ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված որակյալ հանգամանքը` օբյեկտիվ հատկանիշ: Ապա բողոք բերած անձինք եզրահանգում են արել այն մասին, որ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքով ուժը կորցրած է ճանաչվել 1961 թվականի քրեական օրենսգրքի 17-99-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխանող` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը, ինչը նշանակում է, որ վերացել է սպանության որակյալ հանցակազմի սուբյեկտիվ հատկանիշը:

Վերոգրյալից բողոք բերած անձինք հետևություն են արել այն մասին, որ Ա.Արծրունու արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («երկու կամ ավելի անձանց սպանություն») վերաորակելու համար Առաջին ատյանի դատարանը պետք է բեկաներ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճիռը, մինչդեռ նման իրավասություն ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ:

15. Շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն գործի հանգամանքները` բողոք բերած անձինք նշել են, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանն իրավասու էր վերանայել միայն ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով Ա.Արծրունու արարքին 1961 թվականի քրեական օրենսգրքի 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով տրված որակումը, հատկապես, որ Առաջին ատյանի դատարանն ընդունել է, որ ՀՀ Գերագույն դատարանի կողմից Ա.Արծրունու արարքին 1961 թվականի քրեական օրենսգրքով տրված որակումները (72-րդ, 17-100-րդ հոդվածներ և 17-99-րդ հոդվածի 8-րդ կետ) համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ, 38-104-րդ հոդվածի 1-ին մասով և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով նախատեսված հանցակազմերին:

16. Անդրադառնալով Ա.Արծրունու նկատմամբ նույնը թողնված պատժին` ցմահ ազատազրկմանը, բողոք բերած անձինք նշել են, որ այն անհիմն է և հակասում է ՀՀ ներպետական ու միջազգային օրենսդրությանը:

Ի հիմնավորումն իրենց վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերները նշել են, որ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով Ա.Արծրունու նկատմամբ նշանակվել է բացառիկ պատժամիջոց` մահապատիժ: 2003 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով մահապատիժը` որպես պատժատեսակ, վերացել է, ուստի 1993-1994 թվականներին կատարված հանցագործությունների համար ամենածանր պատիժը կարող էր լինել 15 տարի ժամկետով ազատազրկումը, մինչդեռ Ա.Արծրունու մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ ՀՀ Նախագահի 2003 թվականի օգոստոսի 1-ի ներում շնորհելու մասին հրամանագրով:

Վերոշարադրյալ վերլուծությունը համադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ և ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածներում ամրագրված նորմերի հետ, որոնց համաձայն պատիժը նշանակվում է դատարանի դատավճռով, և արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության կատարման պահին, բողոք բերած անձինք գտել են, որ անհասկանալի է, թե ինչն էր փոխարինում ՀՀ Նախագահը, եթե 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ մահապատիժն արդեն իսկ վերացել էր օրենքի ուժով: Այս համատեքստում բողոք բերած անձինք վիճարկում են Ա.Արծրունու նկատմամբ նշանակված պատիժը` ցմահ ազատազրկումը, Առաջին ատյանի դատարանի կողմից նույնը թողնելու հանգամանքը` նշելով, որ Առաջին ատյանի դատարանը որպես պատիժ թողնում է ՀՀ Նախագահի և ոչ թե դատարանի կողմից Ա.Արծրունու նկատմամբ նշանակված պատիժը:

17. Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկները` բողոքաբերները խնդրել են մասնակիորեն, այն է` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխանեցնել և պատժի մասով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը, կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ` որոշելով, որ 1961 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 17-100-րդ հոդվածով որակված հանցագործությունը համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասին, 17-99-րդ հոդվածի 8-րդ կետը (38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետ)` 38-104-րդ հոդվածի 1-ին մասին` որպես պատիժ թողնելով 12 տարի ժամկետով ազատազրկում:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

18. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքով ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածը (հանցագործությունների կրկնակիությունը), 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը (նախկինում սպանություն կատարած անձի կողմից սպանություն կատարելը) ուժը կորցրած ճանաչելու և ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածում (հանցագործությունների համակցությունը) փոփոխություններ և լրացումներ կատարելու համատեքստում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված սպանության որակյալ հանցակազմի (երկու կամ ավելի անձանց սպանությունը) կիրառման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Երկու կամ ավելի անձանց սպանությունը, նախկինում սպանություն կատարած անձի կողմից կատարված սպանությունը և սույն գործով ստորադաս դատարանների որոշումների հիմնավորվածությունը.

 

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանն առաջին հերթին քննության է առնում այն հարցը, թե որոնք են երկու կամ ավելի անձանց սպանության և նախկինում սպանություն կատարած անձի կողմից կատարված սպանության հանցակազմերի կիրառման առանձնահատկությունները:

20. 1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածը պատասխանատվություն էր սահմանում առանց ծանրացուցիչ հանգամանքների կատարված դիտավորյալ սպանության համար:

1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ կետը պատասխանատվություն էր նախատեսում երկու կամ մի քանի անձանց սպանության համար:

2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև` ՀՀ քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկել[ն է]»:

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը պատասխանատվություն է նախատեսում երկու կամ ավելի անձանց սպանության համար:

Մեջբերված քրեաիրավական նորմերի վերլուծությունից երևում է, որ մեկից ավելի անձանց սպանությունն ինչպես 1961, 2003 թվականների, այնպես էլ 2011 թվականին փոփոխված քրեական օրենսգրքերում նախատեսված է որպես սպանության որակյալ հատկանիշ: Այլ խոսքով` երկու կամ ավելի անձի սպանության հանգամանքն ընդգրկված է եղել և շարունակում է անփոփոխ մնալ սպանությունը որակյալ դարձնող հատկանիշների տիրույթում և օրենսդրական փոփոխությունների համատեքստում որևէ բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Ավելին, սպանության հանցակազմից բացի, ՀՀ քրեական օրենսգրքում առկա են մի շարք հանցակազմեր, որոնց որակյալ հատկանիշների շարքում առկա է արարքը երկու կամ ավելի անձի նկատմամբ կատարելը (տե՛ս, օրինակ` ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ, 109-րդ հոդվածների 2-րդ մասերը, 112-րդ, 113-րդ, 132-րդ, 359-րդ հոդվածների 2-րդ մասերի 1-ին կետերը, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը և այլն):

21. 1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 8-րդ կետը պատասխանատվություն էր նախատեսում առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից, կամ նախկինում դիտավորյալ սպանություն կատարած անձի կողմից սպանություն կատարելու համար (բացառությամբ անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցումով, կամ տուժողի կողմից զուգորդված բռնության կամ ծանր վիրավորանքի ազդեցության տակ առաջացած հանկարծակի հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունից):

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքի ընդունումը գործող նույն հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը պատասխանատվություն էր նախատեսում նախկինում սպանություն կատարած անձի կողմից (բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 105-108-րդ հոդվածներով նախատեսված արարքների) կատարված սպանության համար:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքի ընդունումը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածը շարադրված էր հետևյալ կերպ`

«1. Հանցագործությունների համակցություն է համարվում`

1) սույն օրենսգրքի տարբեր հոդվածներով կամ նույն հոդվածի տարբեր մասերով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել.

2) այնպիսի մեկ գործողությունը (անգործությունը), որը պարունակում է սույն օրենսգրքի երկու կամ ավելի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ:

2. Հանցագործությունների համակցության դեպքում անձը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր հանցագործության համար` սույն օրենսգրքի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքի ընդունումը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածը շարադրված էր հետևյալ կերպ`

«1. Հանցագործությունների կրկնակիություն է համարվում սույն օրենսգրքի Հատուկ մասի միևնույն հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կրկնակիությունը բացակայում է շարունակվող հանցագործության դեպքում, որը բաղկացած է միասնական հանցավոր մտադրությամբ միավորված երկու կամ ավելի արարքից:

3. Սույն օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը կրկնակի է համարվում միայն սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքում:

4. Կրկնակիությունը բացակայում է, եթե նախկինում կատարած հանցանքի համար անձը քրեական պատասխանատվությունից ազատվել է օրենքով սահմանված հիմքերով, կամ այդ հանցանքի համար դատվածությունը մարվել է կամ հանվել»:

Մեջբերված քրեաիրավական նորմերի վերլուծությունից երևում է, որ մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքն ուժի մեջ մտնելը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածի իմաստով կրկնակիությունն առաջանում էր ինչպես նույնական, այնպես էլ միաբնույթ հանցագործություններ կատարելու դեպքում: Այդ իրավադրույթին համապատասխան` մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքի ընդունումը գործող քրեական օրենսգրքի Հատուկ մասը պարունակել է բազմաթիվ նորմեր` կապված հանցագործությունների կրկնակիության հետ (տե՛ս, օրինակ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը, 138-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, 3-րդ մասի 4-րդ կետը, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, 3-րդ մասի 4-րդ կետը, ինչպես նաև 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը և այլն): «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքի ընդունումից հետո նշված նորմերը ուժը կորցրած են ճանաչվել:

22. «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքի ընդունումից հետո գործող ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն`

«1. Հանցագործությունների համակցություն է համարվում`

1) սույն օրենսգրքով (տարբեր հոդվածներով կամ միևնույն հոդվածով կամ հոդվածի միևնույն կամ տարբեր մասերով կամ կետերով) նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել.

2) այնպիսի մեկ գործողությունը (անգործությունը), որը պարունակում է սույն օրենսգրքի երկու կամ ավելի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ:

2. Հանցագործությունների համակցության դեպքում անձը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր հանցագործության համար` սույն օրենսգրքի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով»:

Մեջբերված քրեաիրավական դրույթի վերլուծությունից երևում է, որ դրանում ամրագրված հանցագործությունների համակցությունը բնութագրվում է`

1) քանակական հատկանիշով (երկու կամ ավելի հանցանք կատարելը),

2) որակական հատկանիշներով, որոնք են`

ա) տարաբնույթ, նույնական կամ համանման հանցանք կատարելը,

բ) համակցություն կազմող հանցանքների համար դատված չլինելը,

գ) համակցություն կազմող առնվազն երկու հանցանքների կատարումից հետո դրանց քրեաիրավական նշանակություն ունեցող հետևանքների, օրինակ` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների պահպանումը,

դ) նույնական հանցագործություններ կատարելու դեպքում` հանցանքը երկու կամ ավելի անձանց նկատմամբ կատարված լինելու հատկանիշի բացակայությունը:

23. Հիմք ընդունելով սույն որոշման 20-22-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը (նախկինում սպանություն կատարած անձի կողմից սպանություն կատարելը) ուժը կորցնելու պարագայում էլ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանգամանքը (երկու կամ ավելի անձանց սպանությունը) շարունակում է մնալ սպանության որակյալ հատկանիշ: Այլ խոսքով` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքի ընդունումից հետո օրենսդիրը, ընդլայնելով հանցագործությունների իրական համակցության տեսակները (ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ), այնուամենայնիվ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ հանցանք կատարելու համար պատասխանատվություն նախատեսող Հատուկ մասի համապատասխան նորմերից, այդ թվում` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից չի հրաժարվել: Այսինքն` առկա է օրենսդրորեն հաշվի առնված համակցություն, երբ օրենսդիրը մեկից ավելի հանցանքների կատարումը նախատեսում է որպես հանցակազմի որակյալ հատկանիշ (օրինակ` խուլիգանությունը` զուգորդված գույքը դիտավորությամբ ոչնչացնելով կամ վնասելով, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն առաջացրել է տուժողի մահ և այլն), որի պարագայում արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասում նախատեսված համապատասխան որակյալ հանցակազմով և ոչ թե հանցագործությունների համակցության կանոններով:

Կրկնակիության ինստիտուտի վերացումից հետո ՀՀ քրեական օրենսգրքում երկու կամ ավելի անձանց նկատմամբ հանցանք կատարելու համար պատասխանատվություն նախատեսող նորմերի առկայությունը վկայում է այն մասին, որ օրենսդիրը հաշվի է առել այս որակյալ հատկանիշի հանրային վտանգավորությունը և բացառել է, օրինակ` երկու կամ ավելի անձանց սպանության դեպքում արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` համակցության ընդհանուր կանոնով որակելու հնարավորությունը:

24. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքի ընդունումից հետո գործող ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով` հանցագործությունների համակցություն է հանդիսանում միևնույն հոդվածով կամ հոդվածի միևնույն մասով (մասերով) կամ կետով (կետերով) նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը` բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմում հանցանքը երկու կամ ավելի անձանց նկատմամբ կատարված լինելու հանգամանքը նախատեսված է որպես հանցակազմի որակյալ հատկանիշ: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` որպես երկու կամ ավելի անձանց սպանություն պետք է որակվեն ինչպես սուբյեկտիվ կողմից մեկ միասնական դիտավորության մեջ ընդգրկված երկու կամ ավելի անձանց սպանության, այնպես էլ սուբյեկտիվ կողմից միմյանց հետ չկապված դիտավորությամբ կատարված երկու կամ ավելի անձանց սպանության (այլ կերպ ասած` նախկինում սպանություն կատարած անձի կողմից նոր սպանություն կատարելու) դեպքերը, եթե դրանցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ արարքը չի կարող գնահատվել որպես երկու կամ ավելի անձանց սպանություն մասնավորապես այն դեպքում, եթե դրան նախորդել կամ հաջորդել է սպանության արտոնյալ հանցակազմը (ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ, 106-րդ, 107-րդ, 108-րդ հոդվածներ): Նման դեպքում արարքները ենթակա են ինքնուրույն որակման:

25. Սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից քննության առնվող երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով Ա.Արծրունուն մեղսագրված և 1961 թվականի քրեական օրենսգրքի 17-100-րդ հոդվածով, 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով որակված արարքները 2003 թվականին ընդունված և 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքով փոփոխության ենթարկված ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխանեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 12-ի, ինչպես նաև այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումները:

26. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան հաստատված է համարել, որ Ա.Արծրունին Ա.Ներսիսյանի սպանությունը կազմակերպելուց հետո կազմակերպել է նաև Գ.Սահակյանի սպանությունը, և նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով, 17-100-րդ հոդվածով և 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը 2012 թվականի հուլիսի 12-ին որոշում է կայացրել, որտեղ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի դատավճռով Ա.Արծրունուն մեղսագրված հանցանքները քրեաիրավական որակման առումով համադրել է 2003 թվականի օգոստոսի 1-ին գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի հետ, վերանայել է ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի դատավճիռը և, համապատասխանեցնելով այն 2003 թվականի օգոստոսի 1-ին գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքին, գտել է, որ դատապարտյալ Ա.Արծրունու կատարած հանցանքները 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասին, 38-104-րդ հոդվածի 1-ին մասին և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետին:

Առաջին ատյանի դատարանը գտել է նաև, որ նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 8-րդ կետի, դրան համապատասխան գործող ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի քրեաիրավական առումով տարանջատումը հանցանքը որակյալ դարձնող մյուս հատկանիշներից ժամանակին օրենսդրորեն պայմանավորված է եղել սոսկ հանցավորի սուբյեկտիվ դիտավորության շեշտման անհրաժեշտությամբ: Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի ուժը կորցրած ճանաչվելու պայմաններում, որպես առանձին հատկանիշ, մեխանիկորեն չի առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված` հանցանքը որակյալ դարձնող մեկ այլ հատկանիշի և սպանության մեկ այլ տեսակի` երկու և ավելի անձանց սպանության ապաքրեականացում: Հետևաբար ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի դատավճռով Ա.Արծրունուն մեղսագրված սպանության կազմակերպման երկու դեպքերի ընդգրկումը մեկ արարքի մեջ` որպես երկու անձանց սպանության կազմակերպում, ենթակա է համապատասխանեցման գործող ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նշված հոդվածի սանկցիան նախատեսում է նաև ցմահ ազատազրկում: Այսպիսով, դատապարտյալ Ա.Արծրունու վերաբերյալ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճիռը համապատասխանեցնելով գործող ՀՀ քրեական օրենսգրքին` Առաջին ատյանի դատարանը գտել է, որ դատապարտյալ Ա.Արծրունուն նշված դատավճռով մեղսագրված հանցանքները ենթակա են համապատասխանեցման ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասին և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

Վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում ստուգելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը` Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կհանգեցնեին դատական սխալի, ուստի գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը օրինական է ու հիմնավորված և այն բեկանելու, իսկ բերված վերաքննիչ բողոքը բավարարելու օբյեկտիվ հիմքեր առկա չեն (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան հաստատված է համարել, որ Ա.Արծրունին կազմակերպել է երկու անձի սպանություն, և դրա հիման վրա 1961 թվականի քրեական օրենսգրքով տվել է նրա արարքի քրեաիրավական որակումը: Առաջին ատյանի դատարանը Ա.Արծրունու արարքին ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի կողմից տրված որակումը 2003 թվականի քրեական օրենսգրքին համապատասխանեցրել է գործի նույն փաստական հանգամանքների շրջանակներում: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել, որ Ա.Արծրունին դատապարտվել է երկու անձի սպանությունը կազմակերպելու համար:

27. Սույն որոշման 26-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 20-24-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Արծրունու արարքին ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի կողմից տրված որակումը 2003 թվականի քրեական օրենսգրքին համապատասխանեցնելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասում առկա` «երկու կամ ավելի անձանց» ձևակերպումը վկայում է այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածում առկա է օրենսդրորեն հաշվի առնված համակցություն, որի պարագայում Ա.Արծրունու կողմից կազմակերպված երկու անձի սպանությունը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասում նախատեսված համապատասխան հոդվածով, այն է` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով և ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` հանցագործությունների համակցության կանոններով:

Հետևաբար, ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով Ա.Արծրունուն մեղսագրված և 1961 թվականի քրեական օրենսգրքի 17-100-րդ հոդվածով, 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով որակված արարքները 2003 թվականին ընդունված և 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքով փոփոխության ենթարկված ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխանեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 12-ի, ինչպես նաև այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումները հիմնավորված և պատճառաբանված են:

II. Վճռաբեկ բողոքում բարձրացրած այլ հարցեր.

28. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացրած հաջորդ իրավական հարցը հետևյալն է. ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով Ա.Արծրունու արարքին տրված քրեաիրավական որակումը` 1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 17-100-րդ հոդվածը, 17-99-րդ հոդվածի 8-րդ կետը, Առաջին ատյանի դատարանի կողմից 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխանեցնելու հետևանքով խախտվե՞լ է արդյոք կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքը:

29. Կրկնակի դատապարտման անթույլատրելիության սկզբունքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Դ.Բաբայանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) նույն արարքի համար կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) սկզբունքը հիմնարար տեղ է զբաղեցնում ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված պաշտպանության համակարգում, որի հիմքում ընկած է մեղքը քաված լինելու կանխավարկածը, և այն իրենից ներկայացնում է նույն արարքի համար նույն անձին կրկին քրեական հետապնդման չենթարկելու, չդատապարտելու, չպատժելու երաշխիք: Ընդ որում «նույն արարքի համար» ձևակերպումը նշանակում է, որ կրկնակի դատապարտման անթույլատրելիության առարկան պետք է ընկալվի ոչ թե հանցանքի իրավական որակման, այլ փաստական նկարագրության իմաստով:

(...) «նույն արարքի համար» ձևակերպումը ճիշտ կիրառելու համար անհրաժեշտ է անդրադառնալ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում տեղ գտած «քրեական մեղադրանք» եզրույթի մեկնաբանմանը` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով:

(...) Եվրոպական դատարանի (...) դիրքորոշումներից հետևում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով իրավախախտումը որպես «քրեական» որակելու չափորոշիչներն են` ա) իրավախախտման դասակարգումն ըստ ազգային օրենսդրության, բ) իրավախախտման բնույթը, գ) նշանակված կամ հնարավոր պատժի խստության աստիճանը: Ընդ որում, իրավախախտումը «քրեական» որակելու համար բավարար է այդ չափորոշիչներից միայն մեկի, այլ ոչ թե բոլորի պարտադիր առկայությունը:

(...) Անդրադառնալով non bis in idem սկզբունքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրա կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել Սերգեյ Զոլոտուխինն ընդդեմ Ռուսաստանի գործով կայացված վճռում, որի համաձայն` նախադեպային իրավունքի հիմքը, որը ձևավորվել է դատարանի կողմից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի բողոքարկման արդյունքում, փաստում է, որ առկա է մի քանի մոտեցում այն հարցի հետ կապված, թե նույնն են արդյոք այն արարքները, որոնց մեջ դիմողը մեղադրվում է: Առաջին մոտեցումը, որը հիմնվում է դիմողի «նույն վարքագծի վրա» անկախ այն բանից, թե այդ վարքագիծն ինչպես է որակվում օրենքով (idem factum), ներկայացված է Gradinger-ի գործով կայացված վճռում (...), որի համաձայն` թեև երկու հանցագործությունների տարբերակումը, բնույթն ու նպատակները տարբեր են եղել, տեղի է ունեցել 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի խախտում, քանի որ երկու որոշումներն էլ հիմնված են եղել դիմողի նույն վարքագծի վրա: (...) Երկրորդ մոտեցումը ևս բխում է այն ենթադրությունից, որ մեղադրյալի վարքագիծը, որի վրա հիմնված է մեղադրանքը, նույնն է, սակայն նշվում է, որ նույն վարքագիծը կարող է հասցնել մի քանի հանցագործության, որոնք կարող են քննվել տարբեր վարույթներում: (...) Դատարանի կարծիքով, թեև արդարադատության պատշաճ իրականացման սկզբունքին ավելի համահունչ կլիներ այն, որ երկու հանցագործությունների վերաբերյալ գործերը քննվեին նույն դատարանում` մեկ վարույթով, սակայն այն փաստը, որ քննվող գործով երկու վարույթ է իրականացվել, էական չի հանդիսանում: (...) Երրորդ մոտեցումը շեշտադրում է երկու հանցագործությունների «էական տարրերը»: (...) Դատարանը գտնում է, որ տարբեր մոտեցումների առկայությունը, կապված այն խնդրի հետ, թե դիմողին մեղսագրվող արարքն իսկապես համընկնում է այն արարքի հետ, որի համար նա արդեն դատապարտվել կամ արդարացվել է, առաջացնում է իրավական անորոշություն, որը համատեղելի չէ այնպիսի հիմնարար իրավունքի հետ, ինչպիսին է նույն հանցագործության համար երկու անգամ չմեղադրվելը (...):

(...) Դատարանը կարծում է, որ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածը պետք է ընկալվի այնպես, որ արգելվի երկրորդ «հանցագործության» մեջ մեղադրելը կամ դատապարտելը, քանի որ այն բխում է նույն փաստերից կամ այնպիսի փաստերից, որոնք ըստ էության նման են:

7-րդ արձանագրության 4-րդ հոդվածում ամրագրված երաշխիքները ենթակա են կիրառման նոր մեղադրանք հարուցելու ժամանակ, երբ սկզբնական արդարացումը կամ դատապարտումն արդեն ձեռք է բերել res judicata ուժը: Այս հատման կետում առկա նյութը, անկասկած, ներառում է այն որոշումը, որով առաջին «պատժիչ վարույթը» եզրափակվել է, և այն մեղադրանքները, որոնք ներկայացվել են դիմողին նոր վարույթով: Որպես կանոն, այս փաստաթղթերում պետք է երկուստեք առկա լինեն այն հանցագործության փաստական հանգամանքները, որի համար դիմողն արդեն դատապարտվել է, և այն հանցագործության, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել: Դատարանի կարծիքով, նման փաստական հանգամանքները որպես ելակետ բավարար են պարզաբանելու համար այն հարցը, թե արդյոք երկու վարույթների փաստերը եղել են նման, թե ըստ էության նույնական: Դատարանը շեշտադրում է, որ կարևոր չէ, թե նոր մեղադրանքների որ հատվածներն են, ի վերջո, հետագա վարույթներով բավարարվել կամ մերժվել, քանի որ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածն ամրագրում է երաշխիքներ` ուղղված նոր վարույթով մեղադրվելու կամ պատասխանատվության ենթարկվելու դեմ և ոչ թե երկրորդ անգամ դատապարտվելու կամ արդարացվելու արգելքի դեմ (...):

Դատարանը կրկնում է, որ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածը չի սահմանափակում երկու անգամ չմեղադրվելու և դատարանի առաջ չկանգնելու իրավունքը (...): 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածը կիրառվում է անգամ այն դեպքերում, երբ անձը մեղադրվել է, սակայն չի դատապարտվել: Դատարանը կրկնում է, որ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածը սահմանում է երեք տարբեր երաշխիքներ և նշում, որ որևէ մեկը չպետք է լինի ա) մեղադրման ենթակա, բ) մեղադրված կամ գ) դատապարտված նույն հանցագործության համար (...) (տե՛ս Դավիթ Բաբայանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԿԴ1/0043/01/11 որոշման 23-25-րդ կետերը):

30. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Արծրունու կողմից հանցանք կատարելու ժամանակ գործով քրեական օրենսդրությամբ երկու կամ մի քանի անձանց սպանությունը և նախկինում դիտավորյալ սպանություն կատարած անձի կողմից կատարված սպանությունը` որպես սպանության հանցակազմի որակյալ հատկանիշներ ամրագրված են եղել 1961 թվականի քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ կետերում: ՈՒստի, ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի դատավճռով Ա.Արծրունին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ, 17-100-րդ հոդվածներով և 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով այն բանի համար, որ, գործելով բանդայի կազմում, կազմակերպել է երկու անձանց դիտավորյալ սպանություն (տե՛ս սույն որոշման 1-ին և 10-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Արծրունու վերաբերյալ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճիռը համապատասխանեցվել է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասին և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

31. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված հանգամանքները գնահատելով սույն որոշման 29-րդ կետում և, համապատասխանաբար, Դ.Բաբայանի գործով որոշման մեջ շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Արծրունուն մեղսագրված արարքները քրեորեն պատժելի են եղել ինչպես 1961, այնպես էլ 2003 թվականների քրեական օրենսգրքերով, բացի այդ, Ա.Արծրունուն մեղսագրված արարքները ՀՀ քրեական օրենսգրքի նորմերին համապատասխանեցվել են գործի նույն փաստական հանգամանքների շրջանակներում, և համապատասխանեցման արդյունքում նրա վիճակը չի վատթարացել: Այլ խոսքով` Ա.Արծրունին նույն արարքի համար ոչ թե կրկին դատապարտվել է, այլ օրինական ուժի մեջ մտած դատավճռով նրան մեղսագրված արարքները համապատասխանեցվել են ՀՀ քրեական օրենսգրքի նորմերին: Հետևաբար, ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով Ա.Արծրունու արարքին տրված քրեաիրավական որակումը` ՀՀ քրեական օրենսգրքի 17-99-րդ հոդվածի 8-րդ կետը, Առաջին ատյանի դատարանի կողմից 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխանեցնելու հետևանքով կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտում թույլ չի տրվել:

32. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացրած հաջորդ իրավական հարցը հետևյալն է. Ա.Արծրունուն մեղսագրված արարքները ՀՀ քրեական օրենսգրքի նորմերին համապատասխանեցնելու արդյունքում թո՞ւյլ է տրվել արդյոք քրեական օրենքի հետադարձ ուժի կանոնը սահմանող` ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի խախտում:

33. Քրեական օրենքի հետադարձ ուժի հարցը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Գ.Պողոսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Սա նշանակում է, որ անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե արարքը կատարելու ժամանակ գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել, ինչպես նաև հանցանք կատարած անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն այն օրենքով, որը գործել է նրա կողմից արարքը կատարելու ժամանակ: Nullum crimen, nulla poena sine lege սկզբունքի բաղադրամասերից է նաև այն դրույթը, համաձայն որի` չի կարող կիրառվել ավելի ծանր պատիժ, քան այն, որն օրենքով կիրառելի է եղել հանցագործության կատարման պահին:

(...) ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Քրեական օրենքը հետադարձ ուժ է ստանում, այսինքն` դրա գործողությունը տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց վրա հետևյալ դեպքերում.

1. նոր օրենքը վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում),

2. նոր օրենքը մեղմացնում է պատիժը,

3. նոր օրենքն այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը:

Ինչպես երևում է վերոգրյալից, քրեական օրենքին հետադարձ ուժ տալու պայմանները սպառիչ են և ունեն իմպերատիվ բնույթ, այսինքն` եթե նոր ընդունված օրենքը պարունակում է վերը նշված պայմաններից առնվազն մեկը, ապա իրավակիրառող մարմինը պարտավոր է դրա գործողությունը տարածել մինչև օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն:

Այն դեպքերում, երբ նոր ընդունված օրենքը միաժամանակ բովանդակում է պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող դրույթներ, ապա օրենքը հետադարձ ուժ է ստանում միայն մեղմացման առումով (տե՛ս Գասպար Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի որոշման 16-17-րդ կետերը):

34. Վերահաստատելով և զարգացնելով սույն որոշման նախորդ կետում և համապատասխանաբար նաև Գ.Պողոսյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումներ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քրեական օրենքը համարվում է արարքի հանցավորությունը բացառող, եթե`

ա) այդ օրենքով հանցագործություն չի համարվում այն արարքը, որը նախկին օրենքով հանցագործություն էր (լրիվ ապաքրեականացում),

բ) արարքը չի դադարում հանցագործություն լինելուց, սակայն հանցակազմն այնպիսի փոփոխությունների է ենթարկվում, որ հանցավոր համարվող արարքների շրջանակը նեղանում է (մասնակի ապաքրեականացում): Մասնակի ապաքրեականացման դեպքերը կարող են վերաբերել հանցակազմի առանձին տարրերին կամ հատկանիշներին, ծանրացնող հանգամանքներին և այլն:

35. 1961 թվականի քրեական օրենսգրքով` ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությունը (99-րդ հոդված) պատժվում էր ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամանակով կամ մահապատժով:

2003 թվականի քրեական օրենսգրքով` ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությունը (104-րդ հոդվածի 2-րդ մաս) պատժվում էր ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքի ընդունումից հետո գործող ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար սահմանվեց պատիժ` ազատազրկում` տասներկուսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

36. Սույն որոշման նախորդ կետում նշված հանգամանքները գնահատելով սույն որոշման 33-34-րդ կետերում, ինչպես նաև 20-27-րդ կետերում շարադրած վերլուծության համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքն ուժի մեջ մտնելը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու հետևանքով երկու կամ ավելի անձանց սպանությունը որպես սպանության որակյալ հատկանիշ չի ապաքրեականացվել, հետևաբար արարքի քրեաիրավական որակման իմաստով Ա.Արծրունու վիճակը որևէ կերպ չի բարելավվել:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Արծրունուն մեղսագրված արարքները ՀՀ քրեական օրենսգրքի նորմերին համապատասխանեցնելու արդյունքում թույլ չի տրվել քրեական օրենքի հետադարձ ուժի կանոնը սահմանող` ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի խախտում:

37. Բողոքաբերները փաստարկել են նաև, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ա.Արծրունու նկատմամբ նույնը թողնված պատիժը` ցմահ ազատազրկումը, անհիմն է և հակասում է ՀՀ ներպետական ու միջազգային օրենսդրությանը (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը): Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Նախագահի 2003 թվականի օգոստոսի 1-ի թիվ ՆՀ-103-Ա հրամանագրով Ա.Արծրունուն ներում է շնորհվել, և նրա նկատմամբ նշանակված մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը): Այսինքն` ՀՀ Նախագահի հրամանագրով Ա.Արծրունու նկատմամբ ոչ թե պատիժ է նշանակվել, այլ նշանակված պատիժը փոխարինվել է ավելի մեղմ պատժատեսակով: ՈՒստի, այս առումով Առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ա.Արծրունու նկատմամբ նույնը թողնված պատիժը` ցմահ ազատազրկումը, չի հակասում ՀՀ ներպետական ու միջազգային օրենսդրությանը և հանդիսանում է ոչ թե ՀՀ Նախագահի, այլ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով Ա.Արծրունու նկատմամբ նշանակված պատիժ, որը հետագայում մեղմացման առումով փոփոխվել է:

Ինչ վերաբերում է ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճիռը վերանայելու ընթացակարգի վերաբերյալ փաստարկներին (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց անդրադարձել է Արսեն Արծրունու գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ին կայացված թիվ ՎԲ-16/11 որոշմամբ:

38. Հիմք ընդունելով սույն որոշման մեջ շարադրված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքում նշված հիմքերի շրջանակներում սույն գործով նյութական և դատավարական օրենքի էական խախտումներ թույլ չեն տրվել, այդ առումով Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Դատապարտյալ Արսեն Արայի Արծրունու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.02.2013
N ԵԷԴ/0126/13/11
Որոշում