Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԼԴ/0224/01/11

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԼԴ/0224/01/11

Նախագահող դատավոր` Ա. Խաչատրյան

    Դատավորներ`        Ա. Հովհաննիսյան

                       Մ. Ռեհանյան

                                                                               

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Օհանյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Զուռնաչյանի

 

    2013 թվականի փետրվարի 15-ին                          ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գայանե Նորիկի Փահլևանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի նոյեմբերի 12-ի որոշման դեմ Լոռու կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Մ.Հախվերդյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև`Առաջին ատյանի դատարան) 2012 թվականի հունվարի 31-ի դատավճռով Գայանե Նորիկի Փահլևանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 376-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Գ.Փահլևանյանը դատապարտվել է ազատազրկման` 4 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` մեկ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Գ.Փահլևանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Ամբաստանյալ Գ.Փահլևանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 2012 թվականի մայիսի 29-ի որոշմամբ մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` թողնվել օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանի 2012 թվականի մայիսի 29-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ.Փահլևանյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ վերադարձվել է:

Գ.Փահլևանյանի վերաբերյալ 2012 թվականի հունվարի 31-ի դատավճիռը ստացել է օրինական ուժ, և քրեական գործն ուղարկվել է Առաջին ատյանի դատարան` կատարման:

2. Դատապարտյալ Գ.Փահլևանյանի պաշտպան Վ.Զուռնաչյանը դիմել է Առաջին ատյանի դատարան` խնդրելով հստակեցնել Գ.Փահլևանյանի վերաբերյալ 2012 թվականի հունվարի 31-ի դատավճիռը և որոշել, թե «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշումը Գ.Փահլևանյանի նկատմամբ կիրառելու պայմաններում նրա նկատմամբ նշանակված վերջնական պատիժը որքան է կազմում:

3. Առաջին ատյանի դատարանը 2012 թվականի սեպտեմբերի 25-ին որոշում է կայացրել դատապարտյալ Գ.Փահլևանյանի վերաբերյալ 2012 թվականի հունվարի 31-ի դատավճռի անհստակությունը լուծելու մասին:

4. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման դեմ Լոռու կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Մ.Հախվերդյանը բերել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը` թողնվել օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 12-ի որոշման դեմ Լոռու կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Մ.Հախվերդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հունվարի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել դատապարտյալ Գ.Փահլևանյանի պաշտպան Վ.Զուռնաչյանը` նշելով, որ բողոքի հեղինակի փաստարկներն անհիմն են և չեն բխում օրենքից:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման համաձայն` «Դատավճռի կատարման ընթացքում պարզվել է, որ Գայանե Փահլևանյանի նկատմամբ կիրառման ենթակա է «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թվականի որոշումը, քանի որ նա հանցավոր արարքները կատարել է 2007 թվականի հունիսի 1-ից մինչև 2010 թ-ի ապրիլի 1-ը և նրա նկատմամբ համաներման մասին նշված որոշումը կիրառելու արգելքներ չկան: Դատարանը Գ.Փահլևանյանի նկատմամբ չկիրառելով համաներման մասին որոշումը, թույլ է տվել նրա նկատմամբ նշանակված պատժի հաշվարկի սխալ:

(...)

Դատարանը գտնում է, որ Գայանե Փահլևանյանի նկատմամբ կիրառման ենթակա է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի 26.05.2012 թվականի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը` ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով և նույն որոշման 8-րդ կետի 5-րդ ենթակետը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որոնց արդյունքում հստակեցման ենթակա է նրա նկատմամբ նշանակված վերջնական պատժի չափը:

(...)

Դատարանը գտնում է, որ Գայանե Փահլևանյանի նկատմամբ համաներում կիրառելու արդյունքում նա պատժից լրիվ ենթակա է ազատման ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով, որը պետք է կատարվի դատարանի որոշմամբ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ [հոդվածի 3-րդ] մասով նշանակված պատժից ենթակա է կրճատման մեկ չորրորդ մասը, որը պետք է կատարվի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից:

(...)

Ամբաստանյալ Գայանե Նորիկի Փահլևանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել ազատազրկման 1/մեկ/ տարի ժամանակով: Կիրառել Գայանե Փահլևանյանի նկատմամբ «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թվականի որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետը և նրան ազատել պատժից:

Ամբաստանյալ Գայանե Նորիկի Փահլևանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել ազատազրկման 4 /չորս/ տարի 6 /վեց/ ամիս ժամանակով, առանց գույքի բռնագրավման:

Ամբաստանյալ Գայանե Փահլևանյանի նկատմամբ «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թվականի որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառումը` պատժաչափի մեկ չորրորդ մասը կրճատելու հաշվարկի մասով թողնել կատարելու ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկին:

Դատավճռի եզրափակիչ մասի մնացած մասը թողնել նախկին խմբագրությամբ» (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 260-261):

7. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 12-ի որոշման համաձայն` «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածում օրենսդիրը օգտագործել է «մասնավորապես» բառը, որն արտահայտում է դատական ակտի ի կատար ածման ընթացքում ծագած կասկածների և անհստակությունների կոնկրետ դրսևորումների հատուկ ամրագրման և ոչ թե այդ կասկածների և անհստակությունների վերանայելու իրավական հիմքերի սպառիչ թվարկման նշանակություն:

Պատժի չափի հստակ որոշումը, խափանման միջոցների, դատական ծախսերի վերաբաշխումը, իրեղեն ապացույցների ճակատագրի լուծումը, ինչպես նաև դատական ակտի անհստակությունների մեկնաբանումը, դատական ակտի վերաբերյալ կասկածների և անհստակությունների լուծման կոնկրետ դրսևորումներ են, որոնք թվարկված են ոչ սպառիչ, ուստի վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատական ակտի ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները լուծելիս պետք է ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի ամբողջ համատեքստում, հաշվի առնելով նաև գործի կոնկրետ հանգամանքները:

Տվյալ դեպքում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2012թ. դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ և ուղարկվել է կատարման, որի ընթացքում էլ պարզվել է, որ դատապարտյալ Գայանե Փահլևանյանի նկատմամբ չի կիրառվել «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թվականի որոշումը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատավճռով դատապարտյալ Գայանե Փահլևանյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ, ուստի քրեակատարողական հիմնարկը զրկված է եղել համաներման ակտի կիրառման հնարավորությունից:

Այս պայմաններում վերաքննիչ դատարանը գտնում է, որ կոնկրետ դեպքում դատարանը սույն քրեական գործի շրջանակներում կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի այն պետք է թողնել օրինական ուժի մեջ» (տե՛ս Քրեական գործ, հատոր 7, թերթ 29-32):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

8. Բողոք բերած անձի պնդմամբ` բողոքարկվող որոշումն օրինական չէ և կայացվել է քրեադատավարական օրենքի էական խախտմամբ: Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանն իր կողմից 2012 թվականի հունվարի 31-ին կայացված դատավճռի անհստակությունը լուծելիս փոփոխել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով սահմանված պատժաչափը: Հետևաբար, սույն գործով ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը թույլ են տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, այն է` տարածական մեկնաբանության են ենթարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածը:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունվարի 31-ի դատավճռին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավճիռները կամ դատական այլ որոշումներն ի կատար ածելու ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները լուծելու` դատարանի իրավասության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նշված հարցով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Գ.Փահլևանյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունվարի 31-ի դատավճռի անհստակությունը լուծելու մասին նույն դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի որոշումը:

i

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի համաձայն` «Դատավճիռ կամ այլ դատական որոշում կայացրած դատարանն իրավունք ունի լուծել դրա ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները, մասնավորապես`

1) հստակ որոշել հաշվարկվող պատժի չափը, եթե դատարանի դատավճռում այն սահմանված չէ.

(...)

3) լուծել խափանման միջոցների, դատական ծախսերը վերաբաշխելու և իրեղեն ապացույցների ճակատագրի հարցը, եթե այն լուծված չի եղել կամ լուծված է եղել ոչ հստակ.

4) մեկնաբանել իր որոշումների անհստակությունները»:

Մեջբերված քրեադատավարական դրույթի վերլուծությունից երևում է, որ այն սահմանում է դատավճռի կամ դատական այլ որոշման ի կատար ածման փուլում դատարանի լուծմանը ենթակա հարցերի հետևյալ շրջանակը`

ա) պատժի չափի հստակեցում,

բ) խափանման միջոցների հետ կապված հարցեր,

գ) դատական ծախսերի վերաբաշխում,

դ) իրեղեն ապացույցների տնօրինում,

ե) որոշման մեջ առկա անհստակությունների պարզաբանում:

Վերոնշյալ հարցերի լուծումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի իմաստով, հանդիսանում է դատավճռի կամ դատական այլ որոշման ի կատար ածման փուլում ծագած կասկածների և անհստակությունների լուծում:

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշման նախորդ կետի (ե) ենթակետում ամրագրված` անհստակությունների լուծման դատարանի իրավասությունը ներառում է այն հարցերի լուծումը, որոնք կապված չեն անձի մեղքի կամ նրա նկատմամբ նշանակված պատժի հետ: Այլ խոսքով` անձի մեղքի և (կամ) պատժի հետ կապված հարցերը ենթակա են լուծման բացառապես գործի դատական քննության փուլում, իսկ գործի քննության այլ փուլերում դրանց անդրադարձը հակասում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի որոշակիության սկզբունքին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղքի և (կամ) պատժի հետ կապված հարցերը դուրս են անհստակությունների լուծման դատարանի իրավասության շրջանակներից և պետք է իրականացվեն ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված` դատական ակտի բողոքարկման ընթացակարգով:

i

13. ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:

Մեջբերված քրեաիրավական դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Վ.Ավետիսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) Համաներումն իրենից ներկայացնում է ինքնուրույն գործող իրավական ինստիտուտ, որի կիրառելիության հիմքում դրված են մի կողմից` ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան հոդվածները, իսկ մյուս կողմից` օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնի կողմից ընդունվող մարդասիրական բնույթ ունեցող պետաիրավական նորմատիվ ակտը, որով հանցանք կատարած անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից և պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը կամ վերացվել դատվածությունը: Առանց համաներման ակտի գոյության օրենսգրքերի համապատասխան դրույթներն իրացվել չեն կարող:

(...)

Համաներման ակտի կիրառումը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում: (...) նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն» (տե՛ս Վարուժան Գագիկի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 16-րդ կետը):

14. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և, համապատասխանաբար, Վ.Ավետիսյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը համադրելով սույն որոշման 11-12-րդ կետերում շարադրված վերլուծության հետ` Վճռաբեկ դատարանը զարգացնում է Վ.Ավետիսյանի որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումը և արձանագրում է, որ իր իրավական նշանակությամբ համաներման ակտը հանդիսանում է իրավաբանական փաստ, այսինքն` հանգամանք, որի հետ իրավական նորմը կապում է իրավական հետևանքների (իրավահարաբերությունների) փոփոխումը կամ դադարեցումը:

Որպես «իրավադադարեցնող» իրավաբանական փաստ` համաներման ակտը հանդես է գալիս այն դեպքերում, երբ սահմանում է նշանակված պատժից անձին ազատելու և դատվածությունը հանելու դեպքերը:

Որպես «իրավափոփոխող» իրավաբանական փաստ` համաներման ակտը հանդես է գալիս այն դեպքերում, երբ սահմանում է անձի նկատմամբ նշանակված պատժաչափի կրճատման դեպքերը:

Վերոնշյալ` «իրավադադարեցնող» և «իրավափոփոխող» իրավաբանական փաստերի իմաստով` համաներման ակտով նախատեսված «պատժից ազատելը», «դատվածությունը հանելը» և «պատժաչափը կրճատելը» տարբերվում են ՀՀ քրեական և քրեակատարողական օրենսգրքերով նախատեսված համանման ինստիտուտներից, քանի որ իրականացվում են ոչ թե ուղղակիորեն նյութաիրավական օրենսդրության, այլ ինքնուրույն գործող իրավական փաստաթղթի` համաներման ակտի կիրառման արդյունքում:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համաներման ակտի հիման վրա պատժից ազատելու, դատվածությունը մարելու և պատժաչափը կրճատելու դեպքերը չեն հանդիսանում անձի պատժի հետ կապված հարցի լուծում:

15. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում շարադրված եզրահանգումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ դեպքում, երբ գործի դատական քննության ընթացքում դատարանն անձի նկատմամբ չի կիրառում համաներման ակտը և դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում նախատեսված համաներման չկիրառմամբ, դատարանն իրավասու է մեկնաբանել իր որոշման մեջ առկա անհստակությունը և դատավճռի կամ դատական այլ որոշման ի կատար ածման փուլում կայացնել անձի նկատմամբ համաներման ակտի կիրառման մասին որոշում:

Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատական ակտի կատարման փուլում համաներման ակտի կիրառումը հնարավոր է այն դեպքում, երբ դատարանը գործի դատական քննության ընթացքում ընդհանրապես չի անդրադարձել համաներման ակտի կիրառման հարցին: Ինչ վերաբերում է այն դեպքին, երբ գործի դատական քննության փուլում դատարանը անդրադառնում է անձի նկատմամբ համաներման ակտի կիրառման հարցին և սխալ է թույլ տալիս, օրինակ` քննարկում է համաներման կիրառման հարցը և չի կիրառում կիրառման ենթակա համաներման ակտը կամ սխալ է կիրառում այն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համաներման ակտի կիրառման հետ կապված վերոնշյալ սխալները հանդիսանում են անձի նկատմամբ պատիժ նշանակելիս թույլ տրված դատական սխալներ, որոնք պետք է ուղղվեն ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված` դատական ակտի բողոքարկման ընթացակարգով:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2012 թվականի հունվարի 31-ի դատավճիռը կայացնելիս Առաջին ատյանի դատարանը Գ.Փահլևանյանի նկատմամբ պատիժ է նշանակել` առանց «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) կիրառման: Առաջին ատյանի դատարանի նշված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Դատական ակտի կատարման փուլում Գ.Փահլևանյանի պաշտպան Վ.Զուռնաչյանը դիմել է Առաջին ատյանի դատարան` խնդրելով հստակեցնել նույն դատարանի 2012 թվականի հունվարի 31-ի դատավճիռը և որոշել, թե Համաներման ակտը Գ.Փահլևանյանի նկատմամբ կիրառելու պայմաններում նրա նկատմամբ նշանակված վերջնական պատիժը որքան է կազմում (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

i

Առաջին ատյանի դատարանը 2012 թվականի սեպտեմբերի 25-ին որոշում է կայացրել դատապարտյալ Գ.Փահլևանյանի վերաբերյալ նույն դատարանի 2012 թվականի հունվարի 31-ի դատավճռի անհստակությունը լուծելու մասին: Այդ դատական ակտով Առաջին ատյանի դատարանը որոշել է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով Գ.Փահլևանյանի նկատմամբ կիրառել Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետը և նրան ազատել պատժից: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Գ.Փահլևանյանի նկատմամբ Համաներման ակտի 8-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառումը` պատժաչափի մեկ չորրորդ մասը կրճատելու հաշվարկի մասով թողնել կատարելու ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկին (տե՛ս սույն որոշման 3-րդ և 6-րդ կետերը): Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը Վերաքննիչ դատարանի որոշմամբ թողնվել է օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 4-րդ և 7-րդ կետերը):

17. Սույն որոշման 11-15-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 16-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Փահլևանյանի վերաբերյալ 2012 թվականի հունվարի 31-ի դատավճռի անհստակությունը լուծելու մասին Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ դատարանը լուծել է Համաներման ակտի կիրառմամբ Գ.Փահլևանյանին պատժից ազատելու և նրա նկատմամբ նշանակված պատժաչափը կրճատելու հարցերը, որոնց չի անդրադարձել գործի դատական քննության փուլում, և որոնք չեն հանդիսանում Գ.Փահլևանյանի մեղքի կամ նրա նկատմամբ նշանակված պատժի հետ կապված հարցեր: Հետևաբար, հիմնազուրկ է բողոքի հեղինակի պնդումն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը պաշտպանի դիմումի հիման վրա դատավճռի անհստակությունը լուծելու ժամանակ փոփոխել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով սահմանված պատժաչափը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Փահլևանյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունվարի 31-ի դատավճռի անհստակությունը լուծելու մասին նույն դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի որոշումը հիմնավոր է:

18. Հիմք ընդունելով սույն որոշման 10-17-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները թույլ չեն տվել դատական սխալ, որը կարող է հիմք հանդիսանալ վճռաբեկ բողոքը բավարարելու համար: Ստորադաս դատարանների դատական ակտերը օրինական, հիմնավորված ու պատճառաբանված են, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է մերժել` օրինական ուժի մեջ թողնելով Վերաքննիչ դատարանի դատական ակտը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Դատապարտյալ Գայանե Նորիկի Փահլևանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.02.2013
N ԼԴ/0224/01/11
Որոշում