040.0680.010713
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունիսի 2013 թվականի N 680-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Դեղատան փողոցի 2 շենքի առաջին հարկից 15.8 քառ. մետր մակերեսով N 12 և նկուղից 46.4 քառ. մետր մակերեսով N 13 տարածքները (ընդամենը` 62.2 քառ. մետր) (այսուհետ` գույք) օտարել մրցույթով:
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2013 թվականի ապրիլի 19-ի դրությամբ գույքի գնահատված արժեքները` 11730.2 հազ. դրամ և 11524.5 հազ. դրամ.
2) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը` 23254.7 հազ. դրամ.
3) որ գնորդին են օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից համապատասխան բաժնային մասերը` 342.769 հազ. դրամ և 985.460 հազ. դրամ կադաստրային արժեքներով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) գույքի վաճառքի գինը, հողամասի կադաստրային արժեքը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 120000 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.
2) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6. Մրցույթի հաղթողը գույքի արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի իր բաժնեմասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ