Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓ ...

 

 

040.0805.310713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2013 թվականի N 805-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին նվիրաբերելու մասին պայմանագրերը Հայաստանի Հանրապետության անունից կնքում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի հուլիսի 10-ի

N 805-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարչական հիմնարկներին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` պետական կազմակերպություն) ամրացված անշարժ գույքը հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին (այսուհետ` ոչ պետական կազմակերպություն) նվիրաբերելու հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ` անշարժ գույք) նվիրաբերվում է միայն հանրակրթական ծրագիր (կամ ծրագրեր) իրականացնող ոչ պետական կազմակերպություններին` պետական աջակցության միջոցով մատուցվող կրթական ծառայությունների որակի բարձրացմանը նպաստելու նպատակով:

3. Անշարժ գույքը ոչ պետական կազմակերպություններին նվիրաբերվում է պայմանով, որ տվյալ գույքն օգտագործվելու է միայն հանրակրթական նպատակներով:

4. Պետական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքը ոչ պետական կազմակերպություններին նվիրաբերվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

5. Նախքան ոչ պետական կազմակերպություններին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը` նվիրաբերվող անշարժ գույքը պարտադիր կարգով ենթակա է գնահատման`

1) շենք, շինությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով.

2) շինություններով ծանրաբեռնված և դրանց սպասարկման համար հատկացված հողամասերը` հողամասի կադաստրային արժեքով:

(5-րդ կետը փոփ. 09.02.17 թիվ 102-Ն /գործողությունը տարածվում է 2016 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

 

II. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

6. Ոչ պետական կազմակերպությունը նվիրաբերությամբ անշարժ գույք ստանալու համար հայտով (այսուհետ` հայտ) դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն (այսուհետ` վարչություն)` ներկայացնելով`

1) նվիրաբերություն ստանալու համար նախատեսված անշարժ գույքի մասին տեղեկությունները (գտնվելու վայրը, պատկանելությունը, մակերեսը, նպատակային և գործառնական նշանակությունը, ավարտվածության աստիճանը, վնասվածության աստիճանը).

2) սույն կարգի 7-րդ և (կամ) 8-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ փաստաթղթերը.

3) հանրակրթական ոլորտում իրականացվելիք ներդրումային ծրագիրը (այսուհետ` ներդրումային ծրագիր):

7. Նվիրաբերությամբ անշարժ գույք ստանալու համար հավակնող ոչ պետական կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ չափանիշները`

1) հանրակրթական ոլորտում ունենա առնվազն հինգ տարվա գործունեության փորձ.

2) շրջանավարտների միասնական ավարտական քննությունների ցուցանիշները միասնական քննությունների անցկացման վերջին երեք տարվա ընթացքում պետք է առնվազն հավասար լինեն հանրապետական միջին ցուցանիշներին.

3) ոչ պետական կազմակերպության վերջին երեք տարվա ներքին և արտաքին գնահատման ցուցանիշները պետք է առնվազն հավասար լինեն հանրապետական միջին ցուցանիշին.

4) «Գիտելիքների գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից անցկացված ընթացիկ առարկայական ստուգարք-քննությունների արդյունքներով ոչ պետական կազմակերպության հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների միջին գնահատականները պետք է վերջին երեք տարվա ընթացքում առնվազն հավասար լինեն հանրապետական միջին ցուցանիշներին.

5) ոչ պետական կազմակերպության մանկավարժական-մեթոդական նորարարական գործունեությունը (այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաները կրթական գործընթացում արդյունավետորեն կիրառելու, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ հեղինակելու մասով) պետք է ճանաչված և արժևորված լինի կրթության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1334-Ն որոշմամբ հաստատված կարգի:

8. Անկախ սույն կարգի 7-րդ կետով սահմանված չափանիշներից` անշարժ գույք կարող է նվիրաբերվել նաև ոչ պետական կազմակերպություններին, որոնք`

1) ընդգրկված են միջազգային բակալավրիատի դպրոցների համակարգում կամ գտնվում են այդ համակարգում ընդգրկվելու գործընթացի 2-րդ փուլում, կամ`

2) հանրակրթական ծառայություններ մատուցելու նպատակով ստանձնել են առնվազն մեկ մլրդ դրամ ներդրումային պարտավորություններ:

9. Ոչ պետական կազմակերպության կողմից հանրակրթական ոլորտում իրականացվող ներդրումային ծրագիրը պետք է ներառի`

1) ծրագրի տևողությունը, շահառուները (դրանց խմբերը), ակնկալվող չափելի արդյունքները (քանակական արտահայտությամբ).

2) կապիտալ ներդրումների չափը` ըստ տարիների.

3) աշխատողների մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ուղղված ներդրումների նկարագրությունը և չափը` ըստ տարիների.

4) սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների և օժտված երեխաների կրթության հովանավորմանն ուղղված ներդրումների նկարագրությունը և չափը` ըստ տարիների.

5) հանրակրթության ոլորտում նորարարական կամ ուսումնատեխնիկական բազայի արդիականացման աշխատանքների ուղղությամբ կատարվող ներդրումների նկարագրությունը և չափը` ըստ տարիների:

10. Վարչությունը հայտն ստանալու օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, ստուգում է հայտում ներառված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի 7-րդ, 8-րդ ու 9-րդ կետերով նախատեսված չափանիշներին և ներդրումային ծրագրի պահանջներին` անհրաժեշտության դեպքում ապահովելով համապատասխան իրավասու մարմինների մասնագիտական եզրակացությունները:

11. Հայտի` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանության դեպքում վարչությունը երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում ոչ պետական կազմակերպությանն անշարժ գույք նվիրաբերելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` նվիրաբերվող անշարժ գույքն այլ պետական կազմակերպության ամրացված լինելու պարագայում ստանալով նաև տվյալ կազմակերպության հիմնադրի (այն դեպքում, երբ հիմնադիրը Երևանի քաղաքապետարանն է` Երևանի քաղաքապետի) կարծիքը:

12. Ոչ պետական կազմակերպությանն անշարժ գույք նվիրաբերելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ներառում է`

1) նվիրաբերվող անշարժ գույքի նկարագիրը (գտնվելու վայրը, մակերեսը, շենք, շինությունների գնահատված, իսկ շինություններով ծանրաբեռնված և դրանց սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքները).

2) նվիրաբերություն ընդունող ոչ պետական կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը.

3) նվիրաբերվող անշարժ գույքի օգտագործման նպատակը և ներդրումային ծրագրի հիմնական ցուցանիշները.

4) նվիրաբերության պայմանը.

5) այլ դրույթներ:

(12-րդ կետը փոփ. 09.02.17 թիվ 102-Ն /գործողությունը տարածվում է 2016 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

13. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է մերժել կամ թույլատրել անշարժ գույքի նվիրաբերությունը ոչ պետական կազմակերպություններին` հաշվի առնելով նաև կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությունը և առաջնահերթությունները:

 

III. ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄՔՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Ներդրումային ծրագիրն անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրի անբաժանելի մասն է:

15. Նվիրաբերությամբ անշարժ գույք ստացած ոչ պետական կազմակերպությունը վարչություն է ներկայացնում ներդրումային ծրագրի իրականացման մասին ընթացիկ հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն):

16. Հաշվետվությունը կազմվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա համար և ներառում է նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից հաջորդ տարվա օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածը:

17. Հաշվետվությունը վարչություն է ներկայացվում ներդրումային ծրագրի յուրաքանչյուր տարվա կտրվածքով մինչև հաջորդ տարվա հոկտեմբերի 1-ը և պետք է ներառի`

1) ծրագրի շահառուների (դրանց խմբերի) թիվը, ներդրումային ծրագրով նախատեսված քանակական արդյունքները.

2) իրականացված կապիտալ ներդրումների մեծությունը և դրանք հավաստող ֆինանսական հաշվետվությունները.

3) աշխատողների մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ուղղված ներդրումների մեծությունը և դրանք հավաստող փաստաթղթերը.

4) սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների և օժտված երեխաների կրթության հովանավորմանն ուղղված ներդրումների նկարագրությունը, չափը, կատարված աշխատանքների փաստաթղթային հիմնավորումը.

5) հանրակրթության ոլորտում նորարարական կամ ուսումնատեխնիկական բազայի արդիականացման աշխատանքների ուղղությամբ կատարված ներդրումների նկարագրությունը, կատարված աշխատանքների փաստաթղթային հիմնավորումը:

18. Հաշվետվությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում վարչությունը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացնում է ներդրումային ծրագրի ընթացքի գնահատումը:

19. Ներդրումային ծրագրի ընթացիկ գնահատումն իրականացվում է ներդրումային ծրագրով սահմանված բոլոր բաղադրիչների գնահատման միջոցով, հետևյալ բանաձևով`

 

(Բ1 x Կ1 + Բ2 x Կ2 ... + Բn x Կn)

 

որտեղ`

1) Բ1 ... Բn -ը ներդրումային ծրագրով սահմանված յուրաքանչյուր բաղադրիչին տրված գնահատականն է, որը կարող է լինել 0-100-ը ընկած միջակայքում.

2) Կ1 ... Կn -ը ներդրումային ծրագրով սահմանված յուրաքանչյուր բաղադրիչի գնահատման կշռային գործակիցն է, որը սահմանվում է 0-1-ը ընկած միջակայքում, իսկ բոլոր կշռային գործակիցների հանրագումարը հավասար է 1-ի:

20. Ներդրումային ծրագրի ընթացիկ գնահատականը համարվում է դրական, եթե բոլոր բաղադրիչների գնահատման հանրագումարը 75-ից ավելի է, իսկ հակառակ դեպքում այն գնահատվում է բացասական:

21. Ներդրումային ծրագրի ընթացքի մոնիթորինգ իրականացնելու նպատակով վարչությունը, առնվազն տարեկան երկու անգամ, առանց նախազգուշացման, կարող է այցելություններ կազմակերպել անշարժ գույքի նվիրաբերությունն ընդունած ոչ պետական կազմակերպություն, իսկ կազմակերպությունը պետք է տրամադրի բոլոր այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են մոնիթորինգի իրականացման համար:

22. Վարչության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի ընթացքի մոնիթորինգը չի կարող դուրս գալ անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրով նախատեսված պայմանագրային պարտավորությունների իրականացման նկատմամբ հսկողության շրջանակից:

23. Ներդրումային ծրագրի մոնիթորինգի ընթացքում ուսումնասիրվում են սույն կարգի 9-րդ կետում նշված ներդրումային ծրագրի բոլոր էական պայմանները և դրանք հավաստող փաստաթղթերը:

24. Ներդրումային ծրագրի ընթացքի մոնիթորինգի արդյունքների մասին կազմված արձանագրությունն ստորագրվում է վարչության ներկայացուցիչների և ոչ պետական կազմակերպության գործադիր մարմնի կողմից, որի մի օրինակը պահվում է վարչությունում, իսկ մյուսը տրամադրվում է ոչ պետական կազմակերպությանը:

 

IV. ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

25. Սույն կարգին համապատասխան` ոչ պետական կազմակերպություններին անշարժ գույքի նվիրաբերության պայմանի կատարման նկատմամբ վերահսկումն իրականացնում է վարչությունը` անշարժ գույքի նվիրաբերության մասին կնքված պայմանագրի դրույթներին համապատասխան:

26. Ոչ պետական կազմակերպություններին անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրում պարտադիր կարգով սահմանվում է, որ`

1) տվյալ անշարժ գույքը ոչ պետական կազմակերպության կողմից պետք է օգտագործվի միայն հանրակրթական նպատակներով.

2) ոչ պետական կազմակերպության սեփականատիրոջ փոփոխության, ինչպես նաև ոչ պետական կազմակերպության լուծարման դեպքում նոր սեփականատիրոջն է փոխանցվում նվիրաբերության պայմանի կատարման պարտավորությունը.

3) անշարժ գույքը նվիրաբերության պայմանին անհամապատասխան օգտագործելու դեպքում նվիրաբերողը կամ նրա իրավահաջորդն իրավունք ունի պահանջելու նվիրաբերության վերացում, որի արդյունքում անշարժ գույքը վերադարձվում է նվիրաբերողին կամ նրա իրավահաջորդին:

27. Անշարժ գույքը նվիրաբերության պայմանին անհամապատասխան օգտագործելու դեպքում նվիրաբերողը կամ նրա իրավահաջորդը պարտավոր է պահանջել նվիրաբերության վերացում, որի արդյունքում գույքը վերադարձվում է նվիրաբերողին կամ նրա իրավահաջորդին:

28. Սույն կարգի 20-րդ կետին համապատասխան ներդրումային ծրագրի բացասական ընթացիկ գնահատականի դեպքում վարչությունը ոչ պետական կազմակերպության համար սահմանում է մեկ տարի ժամկետ` ներդրումային ծրագրի կատարումը բարելավելու համար:

29. Երկու տարի շարունակ սույն կարգի 20-րդ կետին համապատասխան ներդրումային ծրագրի բացասական ընթացիկ գնահատականի դեպքում վարչությունը պարտավոր է պահանջել նվիրաբերության վերացում, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գույքը վերադարձվում է նվիրաբերողին կամ նրա իրավահաջորդին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2013
N 805-Ն
Որոշում