ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵՇԴ/0105/06/12
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵՇԴ/0105/06/12
Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Պողոսյանի
Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ Մ. Ավագյանի
մասնակցությամբ պաշտպան Ս. Ջաղինյանի
2013 թվականի ապրիլի 18-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ մեղադրյալ Տիգրան Համլետի Հախվերդյանի պաշտպան Ս.Ջաղինյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
1. 2012 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում անհայտ անձի կողմից Հ.Մկրտչյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 11134012 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի 2012 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ Տիգրան Հախվերդյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը Տ.Հախվերդյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2012 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ մեղադրյալ Տ.Հախվերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:
3. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել պաշտպան Ս.Ջաղինյանը, որը Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հունվարի 22-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Ս.Ջաղինյանը:
Վճռաբեկ դատարանը 2013 թվականի մարտի 21-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
5. Խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին նախաքննության մարմնի միջնորդության քննությանը մեղադրյալ Տ.Հախվերդյանը ներկա չի եղել: Առաջին ատյանի դատարանը Տ.Հախվերդյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը հրապարակել է 2012 թվականի նոյեմբերի 26-ին (տե՛ս նյութեր, թերթ 17-18):
6. 2012 թվականի դեկտեմբերի 25-ին փաստաբան Ս.Ջաղինյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ Տ.Հախվերդյանի պաշտպան: 2012 թվականի դեկտեմբերի 28-ին պաշտպան Ս.Ջաղինյանը դիմում է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով տրամադրել Տ.Հախվերդյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը: Նույն օրը պաշտպան Ս.Ջաղինյանին է տրամադրվել Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 26-ի որոշման պատճենը (տե՛ս նյութեր, թերթ 21-23):
7. Մեղադրյալ Տ.Հախվերդյանի պաշտպան Ս.Ջաղինյանն Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 26-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել փոստի միջոցով: Վերաքննիչ բողոքի ծրարի վրա առկա է փոստային ծառայության դրոշմակնիքը, որի համաձայն` ծրարը փոստային ծառայությունում մուտք է եղել 2013 թվականի հունվարի 8-ին (տե՛ս նյութեր, թերթ 25-34):
8. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման պատճառաբանական մասում նշել է. «(...) Ինչպես երևում է վերաքննիչ բողոքից, պաշտպան Ս.Ջաղինյանը վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 2013թ. հունվարի 8-ին, այն Վերաքննիչ դատարանում ստացվել է 2013թ. հունվարի 10-ին, իսկ Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշումից երևում է, որ այն հրապարակվել է 2012թ. նոյեմբերի 26-ին, այսինքն` բողոք բերած անձի` պաշտպան Ս.Ջաղինյանի կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը:
Առաջին ատյանի դատարանի` 2012թ. նոյեմբերի 26-ի վերոհիշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի վերջին օրը 2012թ. դեկտեմբերի 3-ն է, սակայն վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան ուղարկվել է 2013թ. հունվարի 8-ին, հետևաբար բողոքը ժամկետանց է (...)» (տե՛ս նյութեր, թերթ 37-39):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակի պնդմամբ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով, խախտել է մեղադրյալ Տ.Հախվերդյանի` ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները:
Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը պարտավոր էր կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման ժամկետի սկիզբ համարել նշված որոշումը շահագրգիռ անձի կողմից ստանալու պահը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը որպես բողոքարկման ժամկետի սկիզբ է համարել որոշման հրապարակման պահը` հաշվի չառնելով, որ նշված որոշման պատճենը պաշտպանության կողմն ստացել է 2012 թվականի դեկտեմբերի 28-ին:
10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հունվարի 22-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. պաշտպան Ս.Ջաղինյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ թողնելով առանց քննության` Վերաքննիչ դատարանը սահմանափակե՞լ է արդյոք մեղադրյալ Տ.Հախվերդյանի դատական պաշտպանության իրավունքը:
12. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...)»:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք (...)»:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու (...) համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք (...)»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոք բերվում [է] առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատություններում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում (...)»:
Շարադրված իրավադրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Տ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) իրավունքների պաշտպանության միջոցների շարքում դատական պաշտպանությունն առանձնահատուկ տեղ է գրավում, քանի որ իրականացվում է իշխանությունների տարանջատման համակարգում ինքնուրույն և անկախ կարգավիճակ ունեցող մարմնի կողմից: Դատական պաշտպանության իրավունքն անձի անօտարելի իրավունքներից մեկն է և միաժամանակ հանդիսանում է այլ իրավունքների ու ազատությունների ապահովման միջոց ու երաշխիք: Դատական պաշտպանության իրավունքի բաղադրիչ է հանդիսանում նաև դատավարական գործողությունների և որոշումների բողոքարկման իրավունքը: Դատական որոշումների վերանայման և ստուգման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեական դատավարության խնդիրներով և դատական սխալների ու անօրինական դատական ակտերի բացառման և կանխման օբյեկտիվ, անընդհատ գոյություն ունեցող պահանջով:
Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը բացարձակ չէ, այն սահմանափակված է որոշակի օբյեկտիվ պայմաններով: Մասնավորապես, դատական ակտերը վերադասության կարգով բողոքարկելու համար օրենսդիրը սահմանել է որոշակի ժամկետներ, որոնք նպատակ են հետապնդում ապահովել քրեական դատավարության պատշաճ իրականացումը: Նշված ժամկետները, սակայն, չեն կարող լինել կամայական, դրանք պետք է լինեն ողջամիտ, ինչը ենթադրում է գործի մասնակից բոլոր անձանց շահերի հավասարակշռված հաշվառում, որպեսզի բացառվեն մի կողմից դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու անհիմն ուշացումները, մյուս կողմից` այդ ակտի դեմ բողոք բերելու անհամաչափ բարդությունները:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտի բողոքարկման ժամկետի ողջամտությունն ապահովված կհամարվի նախևառաջ այն դեպքում, եթե շահագրգիռ անձին բավարար ժամանակ տրամադրվի բողոքն օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ նախապատրաստելու և համապատասխան դատարան ներկայացնելու համար: Իրավունքների ենթադրյալ խախտումներից դատարանի առջև իրավական պաշտպանություն հայցող անձի կողմից հիմնավոր բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ և բավարար ժամանակահատվածի տևողությունը պայմանավորված է նաև այդ ժամկետի հաշվարկման ողջամիտ սկզբի սահմանմամբ:
(...) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետները, մասնավորապես` այդ ժամկետների սկիզբը հաշվելու վերաբերյալ կարգավորումները լիարժեք կերպով չեն երաշխավորում իրենց շահերին առնչվող դատական ակտերը վերադաս դատարան բողոքարկելու` դատավարության մասնակիցների իրավունքը:
(...) ՀՀ քրեադատավարական օրենքն առաջին ատյանի դատարանի` անձին ազատությունից զրկելու մասին (կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման, անձին բժշկական հաստատությունում տեղավորելու մասին) գործն ըստ էության չլուծող որոշումների բողոքարկման համար սահմանում է հնգօրյա (...) ժամկետ` բողոքարկման ժամկետի սկիզբ համարելով դատական ակտի հրապարակման պահը: Նման կարճ ժամկետների սահմանումը պայմանավորված է անձի իրավունքների և ազատությունների անօրինական կամ անհամաչափ սահմանափակումները հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնելու օրենսդրի կամքով: Մյուս կողմից, սակայն, բողոքարկման ժամկետների սկիզբը դատական ակտի հրապարակման պահից համարելու պայմաններում նման կարճ ժամկետները կարող են խոչընդոտել շահագրգիռ անձի` դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացմանը:
Անձի կողմից դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացման, մասնավորապես` իր շահերին առնչվող դատական ակտի դեմ հիմնավոր բողոք բերելու համար անհրաժեշտ է, որ անձն իր ձեռքի տակ ունենա վիճարկվող դատական ակտը: Մինչդեռ, դատական ակտը հրապարակելուց հետո մինչև շահագրգիռ անձի կողմից այն փաստացի ստանալն օբյեկտիվորեն անցնում է որոշակի ժամանակահատված, ինչը կարող է անձի կամքից անկախ հանգամանքներում հանգեցնել սահմանված ժամկետից ուշ կամ ակնհայտ անհիմն, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող բողոքի ներկայացմանը:
Հետևաբար, (...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում առկա` «հրապարակման պահից» բառակապակցությունը պետք է մեկնաբանվի որպես դատական ակտն ստանալու պահը, և ժամկետների հաշվարկման ելակետ պետք է համարել որոշումը շահագրգիռ անձին հանձնելու պահը:
(...) առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետի հաշվարկն սկսվում է դատական ակտը շահագրգիռ անձին հանձնելու և ոչ թե այն դատական նիստերի դահլիճում հրապարակելու պահից» (տե՛ս Տիգրան Վարազդատի Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշման 17-18-րդ և 22-24-րդ կետերը):
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդության քննությանը մեղադրյալ Տ.Հախվերդյանը չի մասնակցել, քանի որ գտնվել է հետախուզման մեջ: Առաջին ատյանի դատարանը որոշումը հրապարակել է 2012 թվականի նոյեմբերի 26-ին (տե՛ս սույն որոշման 1-ին, 5-րդ կետերը):
Փաստաբան Ս.Ջաղինյանը քրեական գործով վարույթին որպես մեղադրյալ Տ.Հախվերդյանի պաշտպան ներգրավվել է 2012 թվականի դեկտեմբերի 25-ին, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշման պատճենն ստացել է 2012 թվականի դեկտեմբերի 28-ին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 2013 թվականի հունվարի 8-ին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման հրապարակման պահից հաշվելով դատական ակտի բողոքարկման ժամկետի ընթացքը, որպես վերաքննիչ բողոք բերելու վերջին օր է դիտել 2012 թվականի դեկտեմբերի 3-ը և պաշտպան Ս.Ջաղինյանի բողոքը թողել առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
14. Սույն որոշման 13-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները վերլուծելով սույն որոշման 12-րդ կետում և համապատասխանաբար նաև Տ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտի բողոքարկման ժամկետի սկիզբը պաշտպան Ս.Ջաղինյանի կողմից այն փաստացի ստանալու պահից` 2012 թվականի դեկտեմբերի 28-ից, հաշվելու պարագայում ստացվում է, որ պաշտպանի 2013 թվականի հունվարի 8-ի վերաքննիչ բողոքը բերվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հնգօրյա ժամկետի պահպանմամբ:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Տ.Հախվերդյանի պաշտպան Ս.Ջաղինյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ թողնելով առանց քննության` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Տ.Հախվերդյանի դատական պաշտպանության իրավունքը` թույլ տալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների խախտում: Նշված հանգամանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Տիգրան Համլետի Հախվերդյանի պաշտպան Ս.Ջաղինյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հունվարի 22-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Ա. Պողոսյան
Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ս. Օհանյան