Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻՋԻՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՄԻՋԻՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱ ...

 

 

040.0370.010699

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 1999 թվականի թիվ 370

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության պետական պատվերի ձևավորման և իրականացման կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 1-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

հունիսի 1-ի N 370 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Հայաստանի Հանրապետության միջին և բարձրագույն

մասնագիտական ուսումնական հաստատությունների

ընդունելության պետական պատվերի ձևավորման

և իրականացման

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության պետական պատվերի ձևավորման և իրականացման կարգը:

2. Պետական միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համակազմը ձևավորվում է ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մասերով: Անվճար ուսուցման մասով տվյալ մասնագիտության գծով ընդունելության տեղերի նվազագույն թիվը, ելնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հնարավորությունից, կազմում է տվյալ մասնագիտության գծով ընդունելության տեղերի թվի առնվազն 10 տոկոսը:

3. 10 հազար բնակչի համար սահմանվում է 95-100 ուսանող, իսկ բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ոլորտների ուսանողների և սովորողների հարաբերակցությունը` 1:2:

4. Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, մշակույթի, կրթության և գիտության ոլորտների կադրային կազմի վերարտադրության պահանջների, մասնագիտությունների պահանջարկին համապատասխան Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը ձևավորում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է պետական միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության տեղերի թիվն ըստ մասնագիտությունների:

5. Պետական պատվերը տվյալ մասնագիտության գծով ընդունելության անվճար ուսուցմամբ ուսանողների (սովորողների) թիվն է կամ դրա մի մասը: Պետական պատվերում ընդգրկված ուսանողները (սովորողները) ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո պայմանագրային հիմունքներով ապահովվում են աշխատատեղով:

6. Պետական պատվերի ձևավորման հիմնական սկզբունքներն են`

մասնագիտությունների գծով հասարակական պահանջարկի բավարարումը.

մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում պետության և կրթական քաղաքականության իրականացումը.

պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների ու դրանց կողմից տրվող ավարտական փաստաթղթերի իրավահավասար կարգավիճակի ապահովումը.

կրթական ծրագրերին համապատասխան` մասնագիտությունների անվանացանկի ճշգրտումը.

տարիքային վերլուծության հիման վրա տվյալ ոլորտի կադրային կազմի վերարտադրության ապահովումը

Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ուղղությունների կադրային ապահովումը.

պետության կողմից ոլորտի զարգացման խրախուսումը.

ոլորտի զարգացման պահանջներից ելնելով` առաջիկա 5-8 տարվա համար մասնագետների պատրաստման հեռանկարային ծրագրերի իրագործումը.

օտարերկրյա ուսումնական հաստատություններում մասնագետների պատրաստման և վերաորակավորման ապահովումը.

սփյուռքահայ համայնքների կրթության և գիտության ոլորտների մասնագետներով ապահովելը:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն իրականացնում է մասնագետների պահանջարկի վերլուծություն և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորում տվյալ ոլորտի մասնագիտությունների` անվճար և վճարովի ուսուցման մասերով ընդունելության տեղերի թիվը` ներառելով մասնագիտությունների անվանացանկը և դրանցից յուրաքանչյուրի համար` ընդունելության անվճար և վճարովի մասերի և պետական պատվերի չափաքանակները, որոնք համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ և ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` ընդունելության տեղերի թիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, որտեղ հաստատվելուց հետո մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը այն հրապարակում է մամուլում:

9. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը պետական պատվերի տեղերի գծով ընդունելության կարգն ու պետական պատվերով ընդունված ուսանողների (սովորողների) հետ յուրաքանչյուր մասնագիտության գծով կնքվելիք պայմանագրի ձևը և պայմանները մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը հրապարակում է մամուլում:

10. Ընդունելության պետական պատվերն ապահովվում է անվճար ուսուցման մրցույթով անցած դիմորդների ցանկից, ըստ մրցութային միավորների նվազման (սկսած առավելագույն միավորից), պետական պատվերի չափաքանակին համապատասխան:

11. Պետական պատվերն ուսումնական հաստատություններում տեղադրվում է մրցութային կարգով: Մրցույթի անցկացման կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը: Պետական պատվերը կարող է տեղադրվել նաև հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններում:

12. Պետական պատվերի ձևավորման հայտերը ներկայացնում են համապատասխան նախարարությունները, գերատեսչությունները, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները (այսուհետև` պատվիրատու):

Պատվիրատուն պետական պատվերում ընդգրկված ուսանողի (սովորողի) հետ առաջին կուրսից սկսած` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգով կնքում է եռակողմ պայմանագիր (պատվիրատու-ուսանող (սովորող)-ուսումնական հաստատություն) ուսումնառության ավարտից հետո ստացած մասնագիտությամբ համապատասխան աշխատավայրում առնվազն 3 տարի ժամկետով աշխատելու մասին:

Պայմանագրում կարող են նշվել լրացուցիչ պայմաններ ուսումնական հաստատության կողմից ուսուցման որակի ապահովման, շրջանավարտի գիտելիքների անհրաժեշտ ծավալի և գործնական հմտությունների առկայության, ինչպես նաև նրան տրվող սոցիալական երաշխիքների վերաբերյալ:

13. ԱՊՀ անդամ պետություններում սովորող ուսանողների (սովորողների) տեղափոխման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` համաձայն կնքված միջազգային պայմանագրերի:

14. Ուսումնասիրության ընթացքում պետական պատվերում ընդգրկված ուսանողների (սովորողների) համակազմում առաջացած թափուր տեղերը (ակադեմիական արձակուրդ, տեղափոխում և այլն) կարող են համալրվել ընդունելության անվճար ուսուցման մասի համակազմից` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված կարգով:

15. Պայմանագիր կնքած և պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շրջանավարտի ծառայության ժամկետը նրա ցանկությամբ կարող է ընդգրկվել պայմանագրում նշված ժամկետի մեջ:

16. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հետ պայմանագիրը կնքվում է նրանց 18 տարին լրանալուց հետո` 20 տարի ընդհանուր տևողությամբ ուսումնական և հետուսումնական պարտադիր ծառայության ժամկետով:

17. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հետ կնքվող պայմանագրում որպես աշխատավայր նշվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.1999
N 370
Որոշում