Սեղմել Esc փակելու համար:
«ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱ ...

 

 

040.0889.280813

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2013 թվականի N 889-Ն

 

«ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և հիմք ընդունելով «ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից առաջարկվող` ուռուցքաբանական հիվանդանոցային կենտրոնի (այսուհետ` կենտրոն) ստեղծման համառոտ ներդրումային ծրագրին (այսուհետ` ներդրումային ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի, որի շրջանակներում «ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է իրականացնել 12-14 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով ներդրում ուռուցքաբանական հիվանդանոցային կենտրոնի ստեղծման համար, որը կունենա առնվազն 150 մահճակալ և կստեղծի առնվազն 200 նոր բարձր վարձատրվող աշխատատեղեր:

2. Սահմանել, որ ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության և «ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կհիմնադրվի նոր փակ բաժնետիրական ընկերություն` կազմակերպաիրավական ձևի առևտրային կազմակերպություն, որի կապիտալը կձևավորվի հետևյալ կերպ`

1) «ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող 12-14 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով ներդրումից.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ներդրումային ծրագրի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամին տրամադրված տարածքից` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող մինչև 1 հա հողամասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված արժեքով ներդնելու եղանակով:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) «ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մանրամասն ներդրումային ծրագիրը ներկայացվելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների մասով «ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերությանը սահմանին առաջացող հարկային և մաքսային վճարներից ազատման հարցը.

2) ապահովել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հողատարածքի արժեքի անկախ գնահատումը:

4. Մինչև սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասի ներդրումը նոր ստեղծվելիք ընկերության կանոնադրական կապիտալում ներդրումային ծրագրի իրականացման նպատակով այդ հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրել ընկերությանը:

5. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և ընկերության միջև կնքվելիք համաձայնագրին` համաձայն N 2 հավելվածի:

6. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ստորագրել սույն որոշման 5-րդ կետում նշված համաձայնագիրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի հուլիսի 18-ի

N 889-Ն որոշման

 

ՀԱՄԱՌՈՏ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

_____________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Ներածություն

 

Սույն ծրագիրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ջանքերով Հայաստանի Հանրապետությունում ուռուցքային հիվանդությունների բուժման և կանխարգելման, ժամանակակից գիտատար տեխնոլոգիաներով հագեցած և բժշկագիտության արդի միջազգային զարգացմանը համապատասխան քիմիաթերապիայի և վիրաբուժության ուռուցքաբանական կենտրոնի ստեղծման նախաձեռնություն: Կենտրոնի անմիջական խնդիրը միջազգային չափանիշներին համապատասխան ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման ներկայումս դեռևս չբավարարված պահանջարկի բավարարումն է:

 

Ծրագրի նպատակը և նկարագիրը

 

«Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ընկերությունը (Global Medical Solutions LTD, տեղեկանք 1), հանդիսանալով միջուկային բժշկության և ճառագայթային ախտորոշման սարքավորումների ու ծառայությունների համաշխարհային առաջատար մատակարար ընկերություն, առաջարկում է պետական-մասնավոր հատվածների շահավետ համագործակցություն` Երևանում ստեղծելու 150 մահճակալ հզորությամբ բարձրակարգ քիմիաթերապիայի և վիրաբուժության ուռուցքաբանական հիվանդանոցային կենտրոն (այսուհետ` կենտրոն)` ներդրումներ իրականացնելով առնվազն 12-14 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով:

Կենտրոնը հագեցած կլինի համակողմանի ախտորոշման և բուժման ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներով` նախատեսված բժշկագիտության արդի միջազգային զարգացմանը համապատասխան հիվանդանոցային ծառայությունների մատուցման համար: Կենտրոնի շահագործումը և ծառայությունների մատուցումը հիմնված կլինի միջազգայնորեն լայն տարածում գտած չափորոշիչների և ուղեցույցների կիրառման վրա:

 

Ծրագրի արդիականությունը

 

Արդի ժամանակաշրջանում ուռուցքային հիվանդություններն այն ոչ վարակիչ հիվանդությունների շարքում են, որոնք աշխարհում, այդ թվում` Հայաստանում, դիտարկվում են որպես բնակչության մահացության հիմնական պատճառներից մեկը: ՈՒռուցքային հիվանդությունները պատճառում են սոցիալական, տնտեսական և առողջապահական հսկայական վնասներ:

Կենտրոնի անմիջական խնդիրը միջազգային չափանիշներին համապատասխան ուռուցքային հիվանդությունների բուժման` Հայաստանում և տարածաշրջանում դեռևս չապահովված պահանջարկի բավարարումն է (տեղեկանք 2):

Կենտրոնի նպատակը համապատասխան մասնագիտական անձնակազմի վերապատրաստման, ունակությունների զարգացման, ուսումնական և գիտահետազոտական ծրագրերի ստեղծման և իրականացման գործընթացներին նպաստելն է:

Նախատեսվում է, որ միջազգային հավատագրման միջոցով կենտրոնը կդառնա տարածաշրջանային կենտրոն և կխթանի բժշկական զբոսաշրջությունը դեպի Հայաստան:

 

ՈՒռուցքաբանական ծառայությունների իրավիճակային նկարագիրը

 

Հայաստանում 2002-2012 թթ. ժամանակահատվածում բնակչության շրջանում քաղցկեղով հիվանդացությունն աճել է մոտ 36.9%, ընդ որում, գրեթե նույն ժամանակահատվածում նույնքան աճել է կանանց (կրծքագեղձ, արգանդ, ձվարաններ) և տղամարդկանց (շնչափող, բրոնխներ, թոքեր) քաղցկեղը: Ըստ պաշտոնական վիճակագրության Հայաստանում տղամարդկանց շրջանում քաղցկեղի տարածվածության և մահացության առումով առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքերի չարորակ նորագոյացությունները, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի և արգանդի վզիկի չարորակ նորագոյացությունները:

2002-2012 թթ. ժամանակահատվածում մոտ 31.0% աճել է տարեվերջին դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը, հասնելով 32580 և մոտ 35.0% աճել է քաղցկեղից մահացությունը:

Ըստ միջազգային փորձագետների գնահատման, հիվանդացության ցուցանիշը թվում է իրատեսականից ցածր, քանի որ Հայաստանի ժողովրդագրական բնութագիրը նման է Էստոնիային, որտեղ 1.3 մլն բնակչության շրջանում տարեկան հայտնաբերված նոր դեպքերի թիվը շուրջ 6000 է: Ելնելով դրանից` Հայաստանում նոր դեպքերի թիվը ենթադրաբար պետք է լիներ կրկնակի բարձր` կազմելով տարեկան 12 000-13 000:

Երևանում գործում է ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնը, որը հանրապետական նշանակության 500 մահճակալանոց պետական հիվանդանոց է` ախտորոշիչ և բուժական հնարավորություններով, այդ թվում` վիրաբուժություն, ճառագայթային բուժում և քիմիաթերապիա` ստացիոնար, ցերեկային ստացիոնար և ամբուլատոր եղանակներով: Կենտրոնի տարեկան հզորությունը կազմում է 7500 հիվանդ:

ՈՒռուցքաբանական ծառայություններ կան նաև Գյումրիում և Վանաձորում: Գյումրիում գործում է 35 մահճակալանոց ուռուցքաբանական դիսպանսեր, որտեղ իրականացվում է վիրաբուժական, ճառագայթային բուժում և քիմիաթերապիա: Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրն ունի 10 մահճակալանոց ուռուցքաբանական բաժանմունք` վիրաբուժական և քիմիաթերապևտիկ բուժման հնարավորություններով:

Քաղցկեղի բուժման համար կիրառվում են բուժման վիրաբուժական, ճառագայթային, քիմիոթերապևտիկ, իմունաբանական, հորմոնալ և ռադիոիզոտոպային եղանակները կամ դրանց զուգակցումը:

Ճառագայթային բուժումն իրականացվում է Երևանի ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈՒԱԿ) և Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերում: Ճառագայթային բուժման որակի ապահովման և հսկման բոլոր պահանջները կատարվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության չափորոշիչների հիման վրա (ՄԱԳԱՏԷ): 2011 թ. ՈՒԱԿ-ում ճառագայթային բուժում է ստացել հիվանդների ընդհանուր թվի (10137) 15.7% կամ` 1054 հիվանդ:

ՈՒԱԿ-ում առկա են ճառագայթային բուժման համակարգչային պլանավորման երեք համակարգեր, մեկ ամերիկյան (1998 թ. արտադրության) և երկու հոլանդական (2003 թ. և 2006 թ. արտադրության), որոնցից մեկը եռաչափ է:

Միջազգային փորձագետների գնահատմամբ Հայաստանում իրականում ճառագայթային բուժման կարիք ունի տարեկան շուրջ 6000 հիվանդ, իսկ մեկ սարքավորումով սպասարկվող հիվանդների իրական թիվը 28-30, ինչը տարեկան կազմում է 300-400 հիվանդ: Այսինքն, ժամանակակից սարքավորումներով ներկա հագեցվածությունը բավարար չէ հիվանդների հոսքն սպասարկելու համար:

Քիմիաթերապևտիկ բուժումն իրականացվում է Երևանում ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնում, Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերում և Վանաձորի բժշկական կենտրոնի ուռուցքաբանական բաժանմունքում, Երևանի որոշ հիվանդանոցների բաժանմունքներում, օրինակ, Համալսարանական թիվ 2 հիվանդանոցում, Արյունաբանության կենտրոնում, ինչպես նաև այլ բազմապրոֆիլ հիվանդանոցներում:

2010 թ. ՈՒԱԿ-ում քիմիաթերապևտիկ բուժում է ստացել հիվանդների ընդհանուր թվի (10137) 48.4%-ը կամ 4901 հիվանդ: Կիրառվող կուրսերն են` CAF (ցիկլոֆոսֆան, դոքսոռուբիցին, ֆտորուրացիլ), CP (ցիկլոֆոսֆան, ցիսպլատին), CAP (ցիկլոֆոսֆան, ցիսպլատին, դոքսոռուբիցին), ACOP (ցիկլոֆոսֆան, դոքսոռուբիցին, վինկրիստին, պրեդնիզոլոն), GC (գեմզար, ցիսպլատին):

Արտերկրում քաղցկեղով հիվանդներն ստանում են նաև բարձր դոզավորված քիմիաթերապիա, որը ստանդարտ քիմիաթերապիայից շատ ավելի արդյունավետ է, սակայն ֆինանսական առումով մատչելի չէ առկա պետպատվերի շրջանակներում ներառելու համար:

Վիրահատությունները կատարվում են ռադիկալ և պալիատիվ եղանակով հետևյալ ոլորտներում` նեյրոօնկոլոգիա, մամոլոգիա, օնկոգինեկոլոգիա, օնկոուրոլոգիա, էնդոկրին, ՔԿԱ, թոքային, որովայնային ուռուցքաբանություն: Քաղցկեղի դասական վիրաբուժությունից բացի արտերկրում կիրառվում են նաև ռադիոհաճախականության աբլյացիայի (օտար հյուսվածքի վրա բարձր ջերմաստիճանի ազդեցություն) և կրիովիրաբուժության (ցածր ջերմաստիճանով ազդեցություն) մեթոդները, ինչպես նաև ստերեոտաքսիկ ռադիովիրաբուժությունը` գամմա-դանակ և կիբեր-դանակ:

Հայաստանում իրականացվում է հորմոնային և հակահորմոնային դեղամիջոցներով բուժում կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մոտ:

Աշխարհում գնալով ավելի լայն տարածում է գտնում հիվանդների իմունոթերապիան, որի հիմքում ընկած է միայն քաղցկեղի բջիջների մակերեսի վրա գտնվող որոշ սպիտակուցների նկատմամբ առանձնահատուկ իմունային ռեակցիան: Հայաստանում բուժման այդ եղանակը չի կիրառվում:

Հայաստանում ներկայումս հիմնականում իրականացվում է ռադիոիզոտոպային ախտորոշում` Տեխնեցիումի իզոտոպի կիրառմամբ` ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում, որն ունի ՄԱԳԱՏԷ-ի կողմից տրված SPECT-(գամմա) կամերա, ինչպես նաև Սրտաբանական ԳՀ կենտրոնում սկսած 2009 թվականից (ունեն 2 SPECT-կամերա` 1978 թ. արտադրված և 2008 թ. նորացված, և մյուսը` նոր` ՄԱԳԱՏԷ-ի կողմից տրված):

Ըստ ՈՒԱԿ-ից ստացված տեղեկության` տեխնիկական համագործակցության շրջանակներում ՄԱԳԱՏԷ-ի կողմից տրվել է «Մեդիսո» ֆիրմայի ENISAN SPET սարքը: Բանակցություններ են գնում ՀՀ ԱՆ թույլտվությամբ ՈՒԱԿ-ոմ նորաստեղծ ռադիոիզոտոպային ախտորոշման լաբորատորիայում սարքը տեղադրելու վերաբերյալ:

 

Ծրագրի մշակման և իրականացման հիմքերը

 

. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունում «Ցիկլոն 18/18» իզոտոպների արտադրության համալիրի տեղադրման և Հայաստանի Հանրապետությունում միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագրին հավանություն տալու մասին» N 310-Ն որոշում:

. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «ՈՒռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն ստեղծելու ծրագրին հավանություն տալու, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 310-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1424-Ն որոշում:

. «Գլոբալ մեդիքլ սոլյուշնս» ՓԲԸ-ի և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) միջև 2012 թվականի մարտի 30-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիր, որով ՀԱՄՀ-ն և «Գլոբալ մեդիքլ սոլյուշնս» ՓԲԸ-ն պարտավորվում են միավորել իրենց ջանքերը Ինտեգրված ՈՒռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման եռափուլ ծրագրի շրջանակներում:

. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1424-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1447-Ն որոշում:

 

Տեղայնացման վայրը

 

Հիվանդանոցային կենտրոնը կտեղակայվի ՀՀ մայրաքաղաք Երևանում: Մասնավորապես, նախատեսվում է հիվանդանոցի տեղակայումը Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) տարածքում` քաղ. Երևան, Ալիխանյան եղբայրների 2 հասցեում գտնվող շուրջ 10000 քառ. մետր հողամասում:

 

Տնտեսական օգուտը

 

Ըստ առաջատար բժշկական զբոսաշրջության «Հիվանդներ առանց սահմանների» միության տվյալների` բժշկական զբոսաշրջության շուկայի ծավալը գնահատվում է 20-35 մլրդ ԱՄՆ դոլար և մոտ 7 մլն հիվանդ ամբողջ աշխարհում: Մեկ հիվանդի համար միջին ծախսը կազմում է 3,000-5,000 ԱՄՆ-ի դոլար` մեկ վիրաբուժության համար: «Հիվանդներ առանց սահմանների» միության գնահատականներով 2013 թ. ընթացքում շուրջ 750,000 ամերիկացիներ կճամփորդեն ԱՄՆ-ից դուրս` բժշկական ծառայություններ ստանալու նպատակով:

Բժշկական զբոսաշրջությունը եկամտաբեր է ոչ միայն բժշկական արդյունաբերության և պետության համար հարկերի գանձման առումով, այլ նաև զբոսաշրջության համար, ինչը պայմանավորված է այն փաստով, որ բժշկական զբոսաշրջիկները սովորաբար միայնակ չեն ճանապարհորդում, դրանով իսկ նպաստելով ներգնա զբոսաշրջությանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը շարունակում է մնալ սահմանափակ արտահանման հնարավորություններով ցամաքով շրջապատված երկիր, համաշխարհային առևտրային հարաբերությունների մեջ մտնելու այլընտրանքային ուղիների բացահայտումը հրամայական է երկրի բարգավաճման ու ազգի գոյատևման համար:

«Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ընկերության կորպորատիվ ռազմավարությունը նախատեսում է աջակցություն այն համայնքի համար, որի հետ ընկերությունն աշխատում է: «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ընկերության զբաղվածության կառուցվածքը նախատեսում է նաև տեղական կադրերի ներգրավում` ապահովելով կապ աշխատակիցների և հիվանդների միջև, ինչպես նաև հաստատելով, որ ընկերությունն աշխատում է ոչ միայն իր սեփական շահերի, այլ նաև կայուն և բարձր վարձատրվող աշխատատեղեր ստեղծելու և տեղական տնտեսությանն աջակցելու նպատակով: Ընկերության կանխատեսումներով սույն նախագիծը կարող է նպաստել մինչև 200 բարձր վարձատրվող տեղական աշխատատեղերի ստեղծմանը ինչպես առողջապահական, այնպես էլ` հարակից ոլորտներում:

 

Հիմնական բժշկական գործառույթները և ամբողջական կառուցվածքը

 

1. Ընդունարան

2. Հետբուժական բարդությունների կայունացման մասնագիտացված բաժանմունք (շուրջ 10 մահճակալ)

3. 150 հիվանդանոցային մահճակալ` տարաբաշխված ըստ ժողովրդագրական չափանիշների` սեռ, տարիք, ինչպես նաև ըստ հիվանդության էտապի և բուժման միջոցների

4. Վերակենդանացման/ինթենսիվ թերապիայի բաժանմունք (շուրջ 20 մահճակալ)

5. Քիմիաթերապիայի 30-40 աթոռ (շուրջ 10 սենյակ)` դասակարգված ըստ տեղակայման ձևի` անհատական, զույգային, խմբակային

6. 3-9 բազմանպատակային վիրահատարան

7. Հիվանդների վերականգնման 5 սենյակներ

8. I-131 իզոտոպային բուժման 2 սենյակ

9. Վիճակագրության, մոնիթորինգ և ծառայությունների վերահսկում

10. Դեղատուն

11. Գրադարան

12. Հիվանդանոցային խոհանոց

13. Սպորտային, առողջարարական և վերականգնողական ծառայություններ

14. Բազմանպատակային լսարան` նախատեսված բժշկական անձնակազմի կրթական զարգացման և փորձի փոխանակման, քաղցկեղ վերապրածների հետ հանդիպումների և քննարկումների համար

15. Բժշկական արձանագրությունների` բուժման ուղեցույցների տվյալների բազա` ըստ բուժման ընթացքում օգտագործված մեթոդաբանության և ուղեցույցների

16. Հոգեբանական վերականգնում

17. Հիվանդների երեխաների խնամքի ցերեկային ծառայություն

18. Գեղեցկության սրահ

19. Մատուռ

 

Հիմնական մատուցվող ծառայությունների և ֆունկցիոնալ գործառույթների ցանկ

 

. ՈՒռուցքային հիվանդությունների կանխարգելում և վաղ հայտնաբերում

. ՈՒռուցքային հիվանդությունների ժամանակակից ախտորոշում լաբորատոր հետազոտությունների միջոցով

. ՈՒռուցքային հիվանդությունների գործիքային ախտորոշում

. ՈՒռուցքային հիվանդությունների վիրաբուժություն, ինչպես նաև ոսկրածուծի ընդհանուր ճառագայթում և այլն

. Ցավի կառավարման աջակցության ծառայություն (ճառագայթային/դեղորայքային)

. ՈՒռուցքային հիվանդությունների հետվերականգնողական պլաստիկ վիրաբուժություն

 

ՈՒռուցքային պաթոլոգիաների բուժման համալիր մոտեցումը

 

Կենտրոնն առաջարկելու է անհատական մոտեցում և բուժման օժանդակ ծառայություններ` լավագույն բազմագիտաճյուղային միասնական խնամք ապահովելու համար: Բուժման ամբողջ ընթացքում բժշկական ծառայություններից բացի, հիվանդին տրամադրվելու է անհատական խորհրդատվություն և աջակցություն, ինչը կնպաստի հիվանդի հոգեբանական հարմարավետությանն ու ոգեշնչվածությանը, կյանքի ընդհանուր որակի բարելավմանը:

Բուժման ավանդական մեթոդներին համընթաց` լայնորեն կիրառվելու են անվտանգ այլընտրանքային, ընդհանրական մոտեցումներ` միտված մարմնի և հոգու դիմադրողականության, կենսական ուժի և ներքին հավասարակշռության ամրապնդմանը:

Կենտրոնի հատուկ սննդակարգի ծառայությունն ապահովելու է յուրաքանչյուր հիվանդի անհատական սննդակարգ, որը նախատեսված է նվազեցնել բուժման կողմնակի բացասական ազդեցությունները և բարելավել հիվանդի ինքնազգացողությունը:

Հոգեբանական ծրագրերը կնվազեցնեն ներքին ցնցումների վտանգը, կօգնեն վերականգնել հույսի զգացումը, կառաջարկեն սթրեսի կառավարման անհատական և ընտանեկան խորհրդատվություն: Հաստատված է, որ այն հիվանդները, ովքեր օգտվել են վերոնշյալ հոգեբանական աջակցության ծրագրերից, արձանագրել են առաջընթաց ինքնազգացողության, ներքին խաղաղության և ընտանիքի անդամների հետ բարելավված հարաբերություններ հաստատելու մեջ:

Ցավի կառավարումն ու ցավազրկումը հանդիսանում են հիվանդի խնամքի և աջակցության ծրագրերի կարևոր մասերը, որոնք կապահովվեն թե՛ դեղորայքային ընթացակարգերի, թե՛ ասեղնաբուժության և մտասուզման (մեդիտացիա) պրակտիկաների օգնությամբ:

Վերականգնման թերապիան կօգնի հիվանդներին բարելավելու իրենց կյանքի որակը և վերականգնելու ուժն ու անկախությունը: Վերականգնողական ծրագրերը կօգնեն հաղթահարել բուժման որոշ ֆիզիկական ազդեցություններ, բարձրացնել մկանների, ոսկրերի և հոդերի շարժունակությունը, թեթևացնել գլխացավերն ու նեյրոպաթիայի այլ դրսևորումները:

 

Ծառայությունների մրցակցային առավելությունները

 

. Կենտրոնի կառավարման և ամենօրյա ղեկավարման աշխատանքները կիրականացվեն միջազգային փորձ ունեցող «Գլոբալ մեդիքլ սոլյուշնս» ՓԲԸ-ի կողմից, որը հանդիսանում է համաշխարհային մակարդակով միջուկային բժշկության կիրառմամբ քաղցկեղածին հիվանդությունների բժշկական պատկերման ու ախտորոշման, բուժման ծառայությունների առաջատար ընկերություն առաջատար:

. Ակնկալվում է հիվանդների բուժման ավելի արդյունավետ եղանակների կիրառում, բուժման անհատական մոտեցում և պլանավորում, ինչը կնպաստի ոչ միայն հիվանդների կյանքի միջին տևողության երկարացմանը, այլ նաև հոգեբանական հարմարավետությանը, բավարարվածությանը և կյանքի ընդհանուր որակի բարելավմանը:

. Ակնկալվում է, որ կենտրոնը կապահովի ոչ միայն Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության կարիքները, այլև նախադրյալներ կստեղծի տարածաշրջանի այլ երկրներից և հայկական սփյուռքից բուժման նպատակով հիվանդների ներհոսքի համար` խթանելով ՀՀ բժշկական զբոսաշրջության զարգացումը:

. Կենտրոնը ծառայելու է որպես բժշկագիտական նորարարության կենտրոն` կարևորելով անձնակազմի մարդկային կարողությունների, գիտելիքների, փորձի և հմտությունների զարգացման, ինչպես նաև հատուկ ուսուցման, վերապատրաստման և պարբերական որակավորման բարձրացման գործընթացները: Նախատեսվում է միջազգային առաջատար ուռուցքաբանական կենտրոնների կողմից տրամադրված միջազգային չափանիշներին համապատասխանող ուռուցքաբանական պաթոլոգիաների ախտորոշման ու բուժման ընթացակարգերի պրակտիկ մեթոդաբանական ուղենիշների, չափորոշիչների և ուղեցույցների ներդրում, ինչպես նաև այդ կենտրոնների փորձի օգտագործում հիվանդանոցային համալիրի ճարտարապետաշինարարական նախագծի մշակման, շինարարական աշխատանքների և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով/պարագաներով համալրման ընթացքում հետագա հավաստագրման և քույր-կազմակերպությունների համագործակցության պայմանագրերի կնքման նպատակով:

. Նոր դեղամիջոցների կլինիկական փորձերի իրականացմանն ուղղված համագործակցություն համաշխարհային առաջատար դեղագործական ընկերությունների հետ, որը հետագայում հնարավորություն կընձեռի կիրառել հայ էթնիկական/գենետիկական խմբի տվյալներն անհատականացված դեղամիջոցների ստեղծման նպատակով:

. Ակնկալվում է, որ կենտրոնի ծառայությունները ներառվելու են առողջապահական ապահովագրության ծառայության փաթեթների մեջ` այդպիսով ընդլայնելով ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը բնակչության լայն զանգվածների համար, ինչը հանդիսանում է գերակա խնդիր:

 

Հիմնական ռազմավարական գործընկերները

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ

 

ՏԵՂԵԿԱՆՔ 1

 

«Գլոբալ մեդիքլ սոլյուշնս» ՓԲԸ-ն` ստեղծված 2003 թվականին, հանդիսանում է միջուկային բժշկության և ճառագայթային ախտորոշման սարքավորումների ու ծառայությունների առաջատար մատակարար: «Գլոբալ մեդիքլ սոլյուշնս»-ը գործում է Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Հոնգկոնգում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում, Թայվանում և Թայլանդում:

Հայկ Բաքրջյանը (գործադիր տնօրեն), Նիլ Քեննոնը (ֆինանսական տնօրեն) և Ջեք Բաումանը (գլխավոր տնօրեն) ունեն ղեկավարման ավելի քան հիսուն տարվա փորձ` ուռուցքաբանության և ճառագայթային դեղագիտության ոլորտներում:

«Գլոբալ մեդիքլ սոլյուշնս»-ին են պատկանում ստանդարտ և նեղ մասնագիտացված (քիմիաթերապիական) դեղատներ, միջուկային բժշկության բաժիններ, դեղորայքի բաշխման կենտրոններ, սառեցնող պարագաներ արտադրող գործարաններ, «PET»-սքանավորման բաժիններ, որոնք ներառում են «PET» ցիկլոտրոն, սրտային կաթետերային լաբորատորիա, գծային արագացուցիչ, գամմա-դանակ, քիմիոթերապևտիկ դեղորայքի պատրաստման կենտրոն և ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն:

«Գլոբալ մեդիքլ սոլյուշնս»-ին պատկանող տասներեք մասնագիտացված դեղատները պատրաստում ու բաշխում են հիվանդների համար նախատեսված դեղաչափեր հիվանդանոցներին, կլինիկաներին և ճառագայթային ախտորոշման կենտրոններին: Այդպիսի անհատականացված դուրս գրված դեղաչափերը կիրառվում են ճառագայթային ախտորոշման գործընթացում ուռուցքաբանական, սրտաբանական, նյարդաբանական և այլ պաթոլոգիաների հայտնաբերման, ախտորոշման և բուժման համար:

«Գլոբալ մեդիքլ սոլյուշնս»-ին է պատկանում ոչ ինվազիվ ռադիովիրաբուժության կենտրոնը` միակը Բրազիլիայում, որտեղ կիրառվում է գամմա դանակ գլխուղեղի ուռուցքներն ու նյարդաբանական խանգարումները հայտնաբերելու և բուժելու համար: «Գլոբալ մեդիքլ սոլյուշնս»-ին է պատկանում նաև Թայվանի գծային արագացուցիչը, որը կիրառվում է ուռուցքային բջիջները ոչնչացնելու համար: «Գլոբալ մեդիքլ սոլյուշնս»-ը արտադրում է I-125 իզոտոպներ և մատակարարում է այլ ընկերություններին: «Գլոբալ մեդիքլ սոլյուշնս»-ին են պատկանում նաև բրախիթերապիայի կենտրոններ: Շագանակագեղձի բրախիթերապիան հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի վաղ (լոկալիզացված) փուլի բուժման արագ զարգացող մեթոդ և ունի մի շարք առավելություններ` համեմատած բուժման այլ մեթոդների հետ, որոնցից են ամբուլատոր ընթացակարգերը, հիվանդների արագ կազդուրումը, նվազ ծախսերը և նվազեցված կողմնակի դրսևորումները (օրինակ` սեռական անկարողությունը): Ճառագայթային ուռուցքաբանը բրախիթերապիայի միջոցով ավելի բարձր չափաբաժին է ուղղորդում շագանակագեղձին, քան արտաքին ճառագայթային տեխնիկայով, իսկ ուրոլոգների համար բրախիթերապիան առաջարկում է գերազանց այլընտրանք վիրաբուժությանը վիրահատությանը չհամապատասխանող կամ չցանկացող հիվանդների դեպքում:

«Գլոբալ մեդիքլ սոլյուշնս»-ին է պատկանում կարդիոկաթետերային լաբորատորիան: Սրտաբանություն ախտորոշիչ ստորաբաժանումները կիրառում են ռադիոակտիվ իզոտոպներ (ինդիկատորներ) սրտի (կամ այլ օրգանների) պատկերներ ստեղծելու համար: Այս գործողությունները կարող են բացահայտել սրտի ֆունկցիոնալ և արյան շրջանառության խախտումները, ախտորոշել սրտային հիվանդությունների խորությունը` հնարավորություն տալով բժիշկներին` իրականացնելու ախտահարված օրգանի ավելի վաղ և ավելի սպեցիֆիկ բուժում:

«Գլոբալ մեդիքլ սոլյուշնս»-ին են պատկանում «PET» ցիկլոտրոնը և սքաներները: «Գլոբալ մեդիքլ սոլյուշնս»-ի «PET» ծրագրերը մշակված են այնպես, որպեսզի բարձրացնեն պատկերման այս կարևոր միջոցի մատչելիությունը հիվանդներին: Պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան (PET) նպաստում է հիվանդի բուժմանը հիվանդության ախտորոշման բարելավման, փուլայնացման և մոնիթորինգի միջոցով: «Գլոբալ մեդիքլ սոլյուշնս»-ի «PET» ծառայության գործառույթներն իրականացվում են նվիրված, փորձառու մասնագետներից բաղկացած միջազգային թիմի կողմից:

 

Ծառայություններ և տեղակայում

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

ՏԵՂԵԿԱՆՔ 2

 

Համաշխարհային առողջապահության տվյալներով քաղցկեղային հիվանդությունները շեշտակի աճի միտումներ ունեն հատկապես նոր զարգացող երկրներում: ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2015 թվականին հիվանդների թիվը կկրկնապատկվի:

Չարորակ նորագոյացությունների տարածվածության, հիվանդացության և մահացության իրավիճակային վերլուծություն

 

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Գծագիր 1. Քաղցկեղային հիվանդություններն աշխարհում. համաձայն կանխատեսումների` սպասվում են տարեկան 11 մլն նոր դեպքեր (ըստ Globocan տվյալների բազայի)

 

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Գծագիր 2. Քաղցկեղի վիճակագրությունը ՀՀ-ում

 

Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության կառուցվածքում չարորակ նորագոյացություններից մահացությունը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականն արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո (20.08%), և 1999 թ.-ից սկսած գրանցվել է չարորակ նորագոյացություններից մահացության և հիվանդացության շարունակական աճ: 2009 թ.-ին չարորակ նորագոյացությունների տարածվածությունն ընդհանուր հիվանդացության մեջ կազմել է 21, իսկ մահացությունն ընդհանուրի մահացության ցուցանիշում կազմել է 69%: Ըստ պաշտոնական վիճակագրության` հանրապետության տղամարդկանց շրջանում` տարածվածության և մահացության տեսակետից, առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի չարորակ նորագոյացությունները, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի և արգանդի վզիկի չարորակ նորագոյացությունները: Ըստ 2008 թ. տվյալների` շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացություններից հիվանդացությունը 4.4 անգամ գերազանցել է տղամարդկանց շրջանում, ինչը հավանաբար պայմանավորված է տղամարդկանց շրջանում ծխելու բարձր ցուցանիշով (58%) և հիվանդության ուշ հայտնաբերմամբ: 2001-2008 թվականների ժամանակահատվածում տղամարդկանց շրջանում շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշն անընդհատ աճել է 47.1-ից մինչև 64.3-ը, այսինքն 1.36 անգամ, իսկ 1990-ի նկատմամբ` 1.8 անգամ` 35.8-ից մինչև 64.3-ը: Կանանց շրջանում նույն ժամանակահատվածում շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշը աճել է 1.62 անգամ` 8.3-ից մինչև 13.5-ը, իսկ 1990-ի նկատմամբ` 2.7 անգամ: Ըստ 2008 թվականի տվյալների` շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացությունների հիվանդացությունը բնակչության շրջանում աճում է` 50-64 (տղամարդիկ` 349 դեպք, կանայք` 53), 65 տարեկան և բարձր տարիքային խմբերում (համապատասխանաբար` 612 և 131 դեպք): Ինչպես նշվեց, Հայաստանի կանանց շրջանում առավել տարածված է կրծքագեղձի, արգանդի մարմնի և վզիկի չարորակ նորագոյացություններից մահացությունը: 2002-2008 թվականների ժամանակահատվածում այդ հիվանդություններից առաջացած մահացության և հիվանդացության ցուցանիշները անշեղորեն աճել են: Կրծքագեղձի չարորակ նորագոյացություններից զարգացած հիվանդացությունը 2008 թվականին` 2002 թվականի նկատմամբ աճել է 1.2 անգամ, մահացությունը` համապատասխանաբար` 1.1: Արգանդի մարմնի և վզիկի չարորակ նորագոյացությունների հիվանդացությունը 2008 թվականին` 2002 թվականի նկատմամբ աճել են` 1.32 և 1.25 անգամ: Արգանդի մարմնի և վզիկի չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշը 2008 թվականին` 2002-ի նկատմամբ աճել է` 1.1 անգամ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2009 թվականին Հայաստանում գրանցվել են 36971 քաղցկեղով հիվանդներ, իսկ 2008 թվականին գրանցված 28692 հիվանդներից 5492-ը մահացել են: Դա բավականին մեծ թիվ է 3 մլն բնակչություն ունեցող երկրի համար:

 

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Գծագիր 3. Քաղցկեղից մահացության ցուցանիշի դինամիկան ՀՀ-ում

 

Յուրաքանչյուր տարի այդ հիվանդություններից հանրապետությունում հաշմանդամ է դառնում շուրջ 2700 մարդ: Այդ առումով տարեկան տնտեսական վնասը գերազանցում է 75,0 մլն դրամը: Հիվանդացության ցուցանիշների աճի նման տեմպերի պահպանման դեպքում այդ թիվը տարեցտարի կկրկնապատկվի (նշենք, որ եթե 100 հազ. բնակչության հաշվարկով 1995 թվականին այդ թիվը կազմում էր 125 դեպք, իսկ 2000 թ.` 185 դեպք, ապա այսօր այն հասել է շուրջ 235 դեպքի)` չհաշված ընտանիքներին պատճառված հոգեբանական բարդույթները:

 

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Գծագիր 4. Չարորակ ուռուցքներով առաջին անգամ ախտորոշված հիվանդների թվի դինամիկա

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի հուլիսի 18-ի

N 889-Ն որոշման

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

    Քաղ. Երևան  ______                         _____ ____________ 2013 թ.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որի անունից հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկային նախարարությունը, ի դեմս նախարար` Վահրամ Ավանեսյանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, ի դեմս նախարար` Դերենիկ Դումանյանի, մի կողմից, և «ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս Հայկ Բաքրջյանի (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր), կնքեցին սույն համաձայնագիրը (այսուհետ` համաձայնագիր) հետևյալի մասին.

1. Համաձայնագրով ընկերությունը պարտավորվում է`

1.1. Կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 889-Ն որոշման N1 հավելվածով հավանության արժանացած` ընկերության կողմից առաջարկվող ուռուցքաբանական հիվանդանոցային կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրը (այսուհետ` ներդրումային ծրագիր), որը կունենա առնվազն 150 բժշկական մահճակալ և համալրված կլինի բնագավառում առկա ժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով` ներդրումներ իրականացնելով առնվազն 12-14 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով և ստեղծելով առնվազն 200 աշխատատեղ.

1.2. Սույն համաձայնագրի կնքումից 6-ամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը ներկայացնել մանրամասն ներդրումային ծրագիր, որտեղ ներառված կլինեն յուրաքանչյուր փուլի աշխատանքների հստակ նկարագրությունները և նրանց իրականացման փուլերը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պատրաստակամ են իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել ընկերությանը` ներդրումային ծրագրի իրականացման գործընթացում:

3. Ընկերությունը հիմք է ընդունում և համաձայն է առ այն, որ ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության և ընկերության կողմից կհիմնադրվի նոր փակ բաժնետիրական ընկերություն, որի կապիտալը կձևավորվի հետևյալ կերպ`

ա. ընկերության կողմից իրականացվող 12-14 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով ներդրումից,

բ. սույն համաձայնագրի 1-ին կետում նշված ներդրումային ծրագրի իրականացման ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամին տրամադրված տարածքից` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող մինչև 1 հա հողամասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված արժեքով ներդնելու եղանակով:

4. Մինչև սույն համաձայնագրի 3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված հողամասի ներդրումը նոր ստեղծվելիք ընկերության կանոնադրական կապիտալում ներդրումային ծրագրի իրականացման նպատակով այդ հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրել ընկերությանը:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրենց լիազորությունների շրջանակներում կիրականացնեն ներդրումային ծրագրի մոնիթորինգ և յուրաքանչյուր փուլում արձանագրված շեղումների դեպքում կհամագործակցեն ընկերության հետ` դրանց վերացման ուղղությամբ:

6. Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունն իրավունք ունի ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները և ներգրավելու այլ կազմակերպությունների և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:

7. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացվում եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ:

8. Եթե ընկերությունը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում համաձայնագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները, ապա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրավունք ունեն միակողմանիորեն լուծելու սույն համաձայնագիրը, որի դեպքում ընկերության համար չհաշվարկված և չգանձված հարկային և մաքսային պարտավորությունները ենթակա են հաշվարկման և գանձման:

9. Կողմերը համաձայնվում են համաձայնագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

10. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը: Ծրագիրը համարվում է կատարված` համաձայնագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:

11. Համաձայնագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է համաձայնագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում համաձայնագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու համաձայնագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

12. Համաձայնագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից: Համաձայնագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Համաձայնագիրը կնքված է հայերենով 2 (երկու) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է համաձայնագրի մեկ օրինակ:

13. Կողմերի հասցեները և ստորագրությունները

 

    ՀՀ էկոնոմիկայի նախարարություն            «ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՓԲԸ

 

Հասցեն` ՀՀ, քաղ. Երևան, Մ. Մկրտչյան 5  Հասցեն` ՀՀ, քաղ. Երևան,

 

    _______________ Վահրամ Ավանեսյան         ______________ Հայկ Բաքրջյան

                               

                                Կ.Տ.                                 Կ.Տ.

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Հասցեն` ՀՀ, քաղ. Երևան, Կառավարական

տուն N 3

 

_________________ Դերենիկ Դումանյան

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.2013
N 889-Ն
Որոշում