Սեղմել Esc փակելու համար:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՈՐԱԿԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0896.280813

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2013 թվականի N 896-Ն

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՈՐԱԿԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉԱՌՆՉՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) կազմակերպությունների ներքին աուդիտի որակի երաշխավորման նպատակով կազմակերպության գործունեության հետ չառնչվող անձանց կողմից կազմակերպության ներքին աուդիտի համակարգի գնահատումների իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ստուգում իրականացնող մարմինների և արտաքին աուդիտի մարմնի հետ ներքին աուդիտի համագործակցության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի օգոստոսի 8-ի

N 896-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՈՐԱԿԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉԱՌՆՉՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

ԲԱԺԻՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) ներքին աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագիր (այսուհետ` որակի ծրագիր)` ծրագիր, որը թույլ է տալիս գնահատել կազմակերպությունում ներքին աուդիտի գործառույթի համապատասխանությունը`

ա. «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` օրենք),

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտներին (այսուհետ` ստանդարտներ),

գ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 8-ի N 974-Ն հրամանին «Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտների կիրառման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» (այսուհետ` ցուցումներ),

դ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանին «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտի ձեռնարկի և կանոնակարգի մշակման ուղեցույցները հաստատելու մասին» (այսուհետ` ձեռնարկ),

ե. ներքին աուդիտի ոլորտին վերաբերող այլ իրավական և գերատեսչական նորմատիվ ակտերին (այսուհետ` ներքին աուդիտի օրենսդրություն), ինչպես նաև,

զ. աուդիտորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտորների վարքագծի կանոնների (այսուհետ` վարքագծի կանոններ) պահպանումը:

Ծրագրի իրականացման արդյունքում գնահատվում է ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության որակն ու արդյունավետությունը, ինչպես նաև բացահայտվում են բարելավման հնարավորությունները և ներկայացվում համապատասխան առաջարկություններ որակի բարելավման ուղղությամբ.

2) ներքին գնահատում` որակի ծրագրի մաս, որը ներառում է ներքին աուդիտի գործունեության ընթացիկ դիտարկումը և պարբերաբար կատարվող ուսումնասիրությունները, որոնք իրականացվում են ներքին աուդիտորների կողմից` ինքնագնահատման միջոցով, կամ կազմակերպության այլ աշխատողների կողմից, ովքեր ունեն ներքին աուդիտի վերաբերյալ բավարար գիտելիքներ.

3) արտաքին գնահատում` ներքին աուդիտի որակի ծրագրի մաս, որի ընթացքում լիազոր մարմնի կողմից գնահատվում են ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից իրականացված աշխատանքները և տրվում դրանց` ներքին աուդիտի օրենսդրությանը և վարքագծի կանոններին համապատասխանության գնահատական, ինչպես նաև ներկայացվում են առաջարկություններ` ներքին աուդիտի գործունեության բարելավման վերաբերյալ.

4) արտաքին գնահատող` գնահատվող կազմակերպության գործունեության հետ չառնչվող լիազոր մարմնի աշխատողներ, որոնք պետք է բավարարեն սույն կարգի 43-րդ կետով սահմանված պահանջները: Արտաքին գնահատումը կարող է ընդգրկել միայն այն ժամանակահատվածը, որի ընթացքում արտաքին գնահատողն անկախ է եղել կազմակերպությունից: Արտաքին գնահատողների վրա տարածվում են ներքին աուդիտորների վարքագծի կանոնները, ինչպես նաև ներքին աուդիտի սկզբունքները.

5) գնահատող խումբ` արտաքին գնահատողներից կազմված խումբ.

6) գնահատող խմբի ղեկավար` աշխատանքային խմբի անդամ, որը ղեկավարում է գնահատում իրականացնող խմբի աշխատանքները և ունի ներքին աուդիտորի որակավորում և ներքին աուդիտի (կամ դրան հավասարեցված) առնվազն 5 տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում.

7) «Համապատասխանում է ստանդարտներին» որակումը նշանակում է` ներքին աուդիտի գործունեությունը համապատասխանում է ներքին աուդիտի օրենսդրությանը և վարքագծի կանոններին.

8) «Չի համապատասխանում ստանդարտներին» որակումը նշանակում է` ներքին աուդիտի գործունեությունը չի համապատասխանում ներքին աուդիտի օրենսդրությանը և վարքագծի կանոններին և/կամ ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքներում առկա են թերություններ, որոնք բացասաբար են անդրադառնում ներքին աուդիտի ստորաբաժանման պարտականությունները պատշաճ կատարելու վրա և/կամ ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեությունը գերակշիռ դեպքերում չի համապատասխանել ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտներին.

9) «Մասնակի է համապատասխանում ստանդարտներին» որակումը նշանակում է` ներքին աուդիտի գործունեությունը համապատասխանում է ներքին աուդիտի օրենսդրությանը և վարքագծի կանոններին, իսկ ստորաբաժանման գործառույթների արտաքին գնահատման իրականացման ընթացքում հայտնաբերված թերությունները չեն ազդում ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից իրականացված աուդիտի արդյունքների վրա և ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեությունը, գերակշիռ դեպքերում, համապատասխանել է ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտներին:

 

ԲԱԺԻՆ II. ՈՐԱԿԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ԳԼՈՒԽ 2. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՈՐԱԿԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

3. Ներքին աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագրի գնահատումների նպատակն է պարզել`

1) ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության համապատասխանությունը ներքին աուդիտի օրենսդրությանը և վարքագծի կանոններին` ներառյալ անհամապատասխանության նշանակալի դեպքերի վերաբերյալ ժամանակին ձեռնարկված կանխարգելիչ քայլերը.

2) ներքին աուդիտի կանոնակարգի, ներքին աուդիտի ստորաբաժանման նպատակների, խնդիրների, քաղաքականության և ընթացակարգերի լիարժեքությունը.

3) ներքին աուդիտի գործունեության արդյունավետությունը.

4) կազմակերպության գործունեության համապատասխանությունը` ոլորտը կարգավորող օրենքներին և այլ իրավական ակտերին.

5) շարունակական բարելավման աշխատանքների արդյունավետությունը և իրականացված գործողությունների գնահատումը.

6) ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության հետևանքով ստացված կազմակերպության գործունեության արդյունքի մեծացումը և բարելավումը:

4. Որակի երաշխավորման և բարելավման ծրագիրն իրականացվում է նշված երկու եղանակներով`

1) ներքին գնահատում.

2) արտաքին գնահատում:

5. Ներքին աուդիտի ստորաբաժանման արտաքին գնահատման իրականացման եղանակներից մեկը` ներքին գնահատման արդյունքների անկախ վավերացումն է, որի նպատակով ներքին գնահատումն իրականացվում է սույն կարգի և ներքին աուդիտի վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 3. ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

6. Ներքին գնահատումն իրականացվում է ստորև նշված երկու զուգահեռ կիրառվող ընթացակարգերով`

1) վերահսկման և ընթացիկ դիտարկման գործընթաց (այսուհետ` մոնիթորինգ).

2) ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության և ներքին աուդիտի կանոնակարգի պարբերական ինքնագնահատում (այսուհետ` ինքնագնահատում):

7. Մոնիթորինգն իրականացվում է զուգահեռ կիրառվող հետևյալ եղանակներով`

1) աուդիտորական առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավարի կողմից աուդիտորական առաջադրանքի իրականացման բոլոր փուլերի ընթացքում գնահատվում են աշխատանքային փաստաթղթերը և վերահսկվում է կատարվող աշխատանքների համապատասխանությունն առաջադրանքով սահմանված խնդիրներին և ժամկետներին.

2) ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի կողմից իրականացվում է աշխատանքների կատարման համար օրենսդրությամբ սահմանված ստուգաթերթերի և ընթացակարգերի կիրառման նկատմամբ հսկողություն, կազմակերպության ղեկավարից և ներքին աուդիտի կոմիտեից և արտաքին աուդիտորներից կարծիքների, դիտողությունների և եզրակացությունների ստացման և դրանց վերաբերյալ հետագա աշխատանքների կազմակերպման գործողություններ: Ստուգաթերթերի տեսակներն են`

ա. առաջադրանքի իրականացման որակի վերաբերյալ ստուգաթերթ` տրված աուդիտի ենթարկվող միավորի կողմից, և,

բ. ներքին աուդիտի ստորաբաժանման համապատասխանության գնահատման ստուգաթերթեր,

գ. ներքին աուդիտորների մասնագիտական գիտելիքների գնահատմամբ և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի հետ աշխատելու ունակությունների ստուգմամբ` յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ: Այս դեպքում գնահատվում են նաև ներքին աուդիտորների վերապատրաստման և ուսուցման արդյունքները` մասնագիտական հարցերից կազմված թեստերի միջոցով:

8. Մոնիթորինգի ժամանակ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պարբերաբար գնահատում է, թե գործող կանոնակարգով սահմանված նպատակները, լիազորությունները և պարտականությունները շարունակում են արդյոք նպաստել կազմակերպության նպատակների իրականացմանը: Ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների պարբերական գնահատման արդյունքում եզրակացություններ են տրվում ներքին աուդիտի գործունեության որակի վերաբերյալ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ներքին աուդիտի գործունեությունը բարելավելու և ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Այդ նպատակով մոնիթորինգի ընթացքում գնահատվում է յուրաքանչյուր փաստաթղթի և/ կամ կատարված գործողության համապատասխանությունն օրենսդրությամբ սահմանված պահանջներին և անհամապատասխանության դեպքում տրվում եզրակացություն` ներքին աուդիտի գործունեությունը բարելավելու և ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների ծրագրի վերաբերյալ:

9. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարն ստեղծում է մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվական համակարգ:

10. Նշված արդյունքները պետք է ներկայացվեն կազմակերպության ղեկավարի և ներքին աուդիտի կոմիտեի քննարկմանը և հաստատվեն կազմակերպության ղեկավարի կողմից:

11. Մոնիթորինգի արդյունքում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարն ընտրում է այն թեմաները, որոնք պետք է դասավանդվեն շարունակական մասնագիտական վերապատրաստման ընթացքում: Վերապատրաստման ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները հիմք են հանդիսանում լիազոր մարմնի կողմից կազմակերպվող շարունակական մասնագիտական վերապատրաստման թեմաներն ընտրելու համար:

12. Ինքնագնահատման ընթացքում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը գնահատում է ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեությունը և դրա համապատասխանությունը ներքին աուդիտի օրենսդրությանը: Ինքնագնահատումն իրականացվում է ստուգաթերթերի և հարցաշարերի միջոցով, որոնք, ելնելով կազմակերպության առանձնահատկություններից, սահմանվում են ներքին աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագրով: Այս ստուգաթերթերը և հարցաշարերը կարող են օգտագործվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գնահատումների ժամանակ: Գնահատման ստուգաթերթերը և հարցաշարերը պետք է ընդգրկեն ներքին աուդիտի օրենսդրության բոլոր բաղկացուցիչ իրավական ակտերի պահանջների կատարմանը վերաբերող հարցեր:

13. Ստուգաթերթերը, հարցաշարերն ու դրանցում կատարված փոփոխությունները հաստատվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են լիազոր մարմին:

14. Գնահատման ստուգաթերթիկները նպատակ են հետապնդում գնահատելու աուդիտի տեխնիկական կողմը: Դրանք պարունակում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են աշխատանքային փաստաթղթերի պատրաստումը, առաջադրանքի արդյունքների և առաջարկությունների կարևորությունը, առաջադրանքի արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:

15. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ ներքին գնահատման արդյունքները, միջոցառումների անհրաժեշտ ծրագրերը և դրանց իրականացման արդյունքները ներկայացնել կազմակերպության ղեկավարին, ներքին աուդիտի կոմիտեին ու լիազոր մարմնին:

 

ԳԼՈՒԽ 4. ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

16. Արտաքին գնահատումների միջոցով գնահատվում է ներքին աուդիտի համապատասխանությունը ներքին աուդիտի օրենսդրությանը, ինչպես նաև ներկայացվում են առաջարկություններ` ներքին աուդիտի գործունեության բարելավման վերաբերյալ: Արտաքին գնահատումներն իրականացվում են լիազոր մարմնի կողմից` յուրաքանչյուր հինգ տարին առնվազն մեկ անգամ` ռիսկերի գնահատման հիման վրա կազմված ժամանակացույցին համապատասխան: Ռիսկերի գնահատման չափորոշիչները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

17. Արտաքին գնահատման նպատակն է պարզել`

1) ներքին աուդիտի ստորաբաժանման անկախությունը և անկողմնակալությունը.

2) փաստաթղթերի հետ աշխատանքների ընթացքում գաղտնիության պահպանումը.

3) ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրի մշակման ընթացքում ընտրված մոտեցումների արդյունավետությունը և նպատակահարմարությունը.

4) ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքի որակի ներքին վերահսկման համակարգը.

5) կազմակերպություններում ներքին աուդիտի գործունեության համապատասխանությունը ներքին աուդիտի օրենսդրությանը և վարքագծի կանոններին.

6) ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության կատարողականը.

7) ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության համապատասխանությունը ներքին աուդիտի կանոնակարգին:

18. Արտաքին գնահատումն իրականացվում է երկու եղանակով`

1) ամբողջական ուսումնասիրության (գնահատման).

2) ներքին աուդիտի ստորաբաժանման ներքին գնահատման արդյունքների անկախ վավերացման:

19. Արտաքին գնահատման ամբողջական ուսումնասիրության դեպքում, կարող են գնահատվել աուդիտի բոլոր փուլերը: Այս դեպքում արտաքին գնահատողներն իրենց գնահատումն իրականացնում են անմիջականորեն գնահատվող ներքին աուդիտի ստորաբաժանումում հետևյալ փուլերով`

1) ընդհանուր գործընթացների և մեթոդաբանության, ինչպես նաև ներքին աուդիտի կանոնակարգի ուսումնասիրման և գնահատման.

2) ներքին աուդիտի տարեկան և ռազմավարական ծրագրերի կազմման հիմքերի ուսումնասիրման.

3) ընտրանքային եղանակով ընտրված աուդիտորական առաջադրանքի աշխատանքային փաստաթղթերի ուսումնասիրման և գնահատման.

4) կազմակերպության ղեկավարի, ներքին աուդիտի կոմիտեի անդամների, ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատողների, ինչպես նաև աուդիտի ենթարկվող միավորների ղեկավարների հետ հարցազրույցների անցկացման.

5) ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից լրացված ինքնագնահատման ստուգաթերթերի և հարցաշարերի ստուգմամբ, իսկ լրացված չլինելու դեպքում արտաքին գնահատողների կողմից դրանց լրացմամբ:

20. Հանրային հատվածի այն կազմակերպություններում, որտեղ առկա է ներքին աուդիտի միասնական տեղեկատվական համակարգ (այսուհետ` համակարգ), կարգի 19-րդ կետի 1-3-րդ և 5-րդ ենթակետերը կարող են իրականացվել համակարգի միջոցով մուտքագրված տեղեկատվության ուսումնասիրման եղանակով:

21. Արտաքին գնահատման իրականացման ավարտին արտաքին գնահատող խումբը կազմում և ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին է տրամադրում արտաքին գնահատման նախնական հաշվետվություն: Գնահատված ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը ներկայացնում է առաջարկություններ հայտնաբերված թերությունների վերացման և ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության որակի բարելավման ուղղությամբ: Այն դեպքում, եթե ներքին աուդիտի ստորաբաժանումը չի համաձայնվում արտաքին գնահատողների կարծիքի հետ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ է պահում արտաքին գնահատող խմբի ղեկավարին:

22. Արտաքին գնահատում իրականացրած խմբի ղեկավարը, հաշվի առնելով ներքին աուդիտի ստորաբաժանման հիմնավոր կարծիքը, կազմում է արտաքին գնահատման վերջնական հաշվետվությունը և թերությունների վերացման, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման հետագա զարգացման համար իրականացվելիք միջոցառումների ծրագիրը: Եթե վերջնական հաշվետվությունը կազմելիս արտաքին գնահատողների խմբի կողմից հաշվի չի առնվել ներքին աուդիտի ստորաբաժանման կարծիքը, ապա այն ենթակա է ներառման վերջնական հաշվետվությունում, և պետք է նշվի վերջնական հաշվետվությունում կարծիքը հաշվի չառնելու պատճառը:

23. Ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության ինքնագնահատման արդյունքների անկախ վավերացումը կիրառվում է այն դեպքում, երբ մեկ անգամ արդեն իրականացվել է ամբողջական գնահատում: Այս դեպքում, ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության որակի արտաքին գնահատումն իրականացվում է կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից իրականացված և լիազոր մարմնին ներկայացված ներքին գնահատման արդյունքների ուսումնասիրության և հաստատման միջոցով, եթե ներքին գնահատումն իրականացվել է արտաքին գնահատումից առաջ:

24. Ներքին աուդիտի ստորաբաժանման ներքին գնահատման արդյունքների անկախ վավերացումն ընդգրկում է`

1) փաստաթղթավորված ինքնագնահատման և մոնիթորինգի արդյունքների ներքին աուդիտի օրենսդրությանը համապատասխանության գնահատում.

2) արտաքին գնահատողի կողմից անկախ վավերացում:

25. Ներքին աուդիտի ստորաբաժանման` ինքնագնահատման արդյունքների անկախ վավերացման եղանակով արտաքին գնահատումն իրականացվում է նախապես համաձայնեցված ծրագրով, որը կազմվում է լիազոր մարմնի կողմից` ելնելով գործող ներքին աուդիտի օրենսդրության պահանջներից:

26. Արտաքին գնահատող խումբն ուսումնասիրում է ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի կողմից կազմակերպված ինքնագնահատման և ներքին գնահատման գործընթացը: Այնուհետև կազմում է հաշվետվության նախնական տարբերակ, որտեղ ներառվում է արտաքին գնահատող խմբի գնահատականը` ներքին աուդիտի օրենսդրությանը ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության համապատասխանության վերաբերյալ:

27. Գնահատված ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարն ուսումնասիրում է հաշվետվության նախնական տարբերակը և հարցումներ է կատարում պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ (եթե այդպիսիք կան):

28. Գնահատված ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը գրավոր հայտնում է արտաքին գնահատող խմբի ղեկավարին իր համաձայնությունը կամ անհամաձայնությունն արտաքին գնահատման հաշվետվությունում ներկայացվող եզրակացություններին ու առաջարկություններին: Կարծիքը հիմնավոր լինելու դեպքում արտաքին գնահատողների կողմից պետք է հաշվի առնվի և կազմվի վերջնական հաշվետվություն սույն կարգի 21-րդ կետում սահմանված ընթացակարգով:

 

ԲԱԺԻՆ III. ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

ԳԼՈՒԽ 5. ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

29. Արտաքին գնահատման վերջնական հաշվետվությունը պարունակում է արտաքին գնահատող խմբի ընդհանուր կարծիքը` ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից իրականացված առաջադրանքների ներքին աուդիտի օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ, մասնավորապես, այն պետք է ընդգրկի`

1) ներքին աուդիտի օրենսդրությամբ նախատեսված համապատասխան պահանջների թվարկումը, փաստացի իրավիճակի նկարագիրը և արտաքին գնահատողի կարծիքը համապատասխանության վերաբերյալ.

2) չհամապատասխանող կամ մասնակի համապատասխանող դրույթների վերաբերյալ գնահատականի համար հիմք հանդիսացող փաստերը և դրանց վերացման ուղղությունները.

3) գործունեության արդյունավետության բարելավման վերաբերյալ առաջարկությունները.

4) ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարից ստացված արձագանքը, որը ներառում է միջոցառումների ծրագիրը և կատարման ժամկետները:

30. Հաշվետվությունը պետք է կազմվի փաստերի օբյեկտիվ գնահատման և անկողմնակալ սկզբունքի հիման վրա:

31. Եզակի բնույթ կրող թերացումները չեն կարող հիմք հանդիսանալ ամբողջ գործառույթի գնահատման համար, այս դեպքում ներքին աուդիտի ստորաբաժանումը պետք է առաջարկություններ ներկայացնի նշված թերացումների վերացման և չկրկնվելու ուղղությամբ:

32. Արտաքին գնահատման արդյունքում տրվում է հետևյալ որակավորումներից մեկը` «Համապատասխանում է ստանդարտներին», «Չի համապատասխանում ստանդարտներին» կամ «Մասնակի է համապատասխանում ստանդարտներին»:

33. Արտաքին գնահատման հաշվետվությունը կամ հաշվետվությունները ստորագրվում են արտաքին գնահատում իրականացնողների և գնահատվող կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի կողմից:

34. Գնահատման իրականացման արդյունքների մասին հաշվետվությունը տրամադրվում է կազմակերպության ղեկավարին, ներքին աուդիտի կոմիտեին և ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին:

 

ԳԼՈՒԽ 6. ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

35. Արտաքին գնահատման արդյունքում կազմված հաշվետվությունները պետք է ներառեն արտաքին գնահատման արդյունքում հայտնաբերված բացթողումների և սխալների շտկմանն ուղղված առաջարկություններ` հստակ նշելով այն ստանդարտները կամ ներքին աուդիտին վերաբերող իրավական ակտերի պահանջները, որոնք չեն պահպանվել աուդիտի աշխատանքների իրականացման ընթացքում:

36. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը արտաքին գնահատման արդյունքներից հետո արված առաջարկությունների հիման վրա պետք է վերանայի որակի երաշխավորման և բարելավման ծրագիրը:

37. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը յուրաքանչյուր տարին առնվազն մեկ անգամ ներքին աուդիտի կանոնակարգով սահմանված ժամկետներում կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին հաշվետվություն է ներկայացնում որակի երաշխավորման և բարելավման ծրագրի շրջանակներում իրականացված վերահսկման և ընթացիկ դիտարկման ու ինքնագնահատման արդյունքների վերաբերյալ: Այն դեպքում, երբ արտաքին գնահատման արդյունքում առկա են լրացուցիչ պլանավորված միջոցառումներ, ներկայացվում է նաև հաշվետվություն` դրանց կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ: Նշված հաշվետվության մեկ օրինակը ներքին աուդիտի տարեկան հաշվետվության հետ միասին ներկայացվում է լիազոր մարմին:

38. Յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 1-ը ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը դիմում է ներկայացնում լիազոր մարմնին` ստորաբաժանման համապատասխան աշխատողներին վերապատրաստելու մասին առաջարկությամբ` նշելով անհրաժեշտ վերապատրաստման ծրագրի ուղղվածությունը: Այս գործընթացը կարող է տեղի ունենալ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գնահատումների արդյունքում:

 

ԳԼՈՒԽ 7. ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

39. Արտաքին գնահատումների արդյունքում ներկայացված առաջարկությունների նկատմամբ առաջնային հսկողությունն իրականացնում է այն կազմակերպության ղեկավարը, որտեղ իրականացվել է արտաքին գնահատում:

40. Առաջարկությունների կատարմանն ուղղված գործողությունների իրականացման մասին տեղեկատվությունը և ժամկետները պետք է ներառվեն ներքին աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագրի հաշվետվությունում:

41. Լիազոր մարմինն ուսումնասիրում է սույն կարգի 37-րդ կետում նշված արտաքին գնահատման արդյունքում լրացուցիչ պլանավորված միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվությունը և, եթե պարզվում է, որ`

1) ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը սույն կարգի 41-րդ կետով սահմանված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացրել, կամ.

2) հրաժարվում է միջոցառումների ծրագրով սահմանված գործողությունների կատարելուց` ստանձնելով դրանք չկատարելու ռիսկ, կամ.

3) հաշվետվության մեջ ներկայացված տեղեկատվության համաձայն խախտումների վերացման գործողությունները մասնակի են համապատասխանում միջոցառումների ծրագրով սահմանված կատարման ենթակա գործողություններին, և/կամ դրանց կատարման ժամկետները չեն համապատասխանում ծրագրով սահմանված գործողությունների կատարման ժամկետներին, ապա`

ա. լիազոր մարմնի կողմից կազմակերպության ղեկավարին ներկայացվում է առաջարկ` ծրագրով սահմանված միջոցառումների ամբողջական կատարման մասին, իսկ դրա անհնարինության դեպքում` հիմնավորումների ներկայացման մասին, կամ,

բ. լիազոր մարմնի կողմից իրականացվում է կրկնակի արտաքին գնահատում:

 

ԳԼՈՒԽ 8. ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՂԻՆ/ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԽՄԲԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

42. Արտաքին գնահատողը պետք է`

1) լինի աուդիտի բնագավառում որակավորված մասնագետ.

2) ունենա առնվազն երեք տարվա ներքին աուդիտի կամ դրան հավասարեցված մասնագիտական փորձ, պետք է անկախ լինի այն կազմակերպությունից, որի ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեությունը ենթարկվում է արտաքին գնահատման.

3) իր աշխատանքային պարտականություններն իրականացնի ստանդարտներին և օրենքին համապատասխան, պահպանի վարքագծի կանոնները.

4) պետք է լիազորված լինի գաղտնի տեղեկատվությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանոթանալու համար:

43. Անկախ գնահատողն արտաքին գնահատումն իրականացնելու ժամանակ չպետք է խոչընդոտի ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքներին:

44. Արտաքին գնահատումների ժամանակ ծառացած սահմանափակումների մասին արտաքին գնահատողների խումբն այդ մասին տեղեկացնում է գնահատվող կազմակերպության ղեկավարին:

Արտաքին գնահատողների խմբի համար պետք է հասանելի լինի կազմակերպության գործունեության վերաբերյալ գնահատման համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի օգոստոսի 8-ի

N 896-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Արտաքին աուդիտի մարմիններ` հանրային հատվածի կազմակերպություններում օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնող պետական մարմիններ և արտաքին աուդիտի մարմին` Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատ (այսուհետ` ստուգող մարմիններ):

(1-ին կետը փոփ. 02.08.18 թիվ 875-Ն որոշում)

2. Ներքին աուդիտի ստորաբաժանումները ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան պլանավորումն իրականացնելիս պետք է հաշվի առնեն կազմակերպությունում ստուգող մարմինների կողմից պլանավորված ստուգումները:

3. Ներքին աուդիտի ստորաբաժանումը կազմակերպության ղեկավարի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցում է ստուգող մարմիններին, տրամադրում տեղեկատվություն և համագործակցում վերջիններիս հետ:

4. Այն ստորաբաժանումներում կամ հիմնարկներում, որտեղ նախատեսված է իրականացնել աուդիտ ներքին աուդիտի տարեկան կամ ռազմավարական, ինչպես նաև ստուգող մարմինների ներկայացրած ծրագրերով, նույն գործողությունների կրկնություններից խուսափելու նպատակով, աուդիտի իրականացումը կազմակերպության ղեկավարի հանձնարարությամբ պետք է պլանավորվի կամ մինչև ստուգող մարմինների կողմից իրականացվող ստուգումը կամ դրա ավարտից հետո:

5. Հանրային հատվածի կազմակերպությունների ներքին աուդիտի ստորաբաժանումն ստուգող մարմինների ստուգման արդյունքների վերաբերյալ կազմված ակտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում աուդիտի ենթարկված (ստուգված) ստորաբաժանման ղեկավարության հետ ներքին աուդիտի օրենսդրությամբ սահմանված կարգով ակտի հիման վրա կազմում են դրանով արձանագրված խախտումների (շեղումների) շտկման գործողությունների ծրագիր և ներկայացնում կազմակերպության ղեկավարի հաստատմանը:

6. Հաստատված ծրագրի կրկնօրինակը պետք է տրամադրվի ստուգող մարմիններին: Ներքին աուդիտի ստորաբաժանումը պետք է հետևողական լինի ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքին: Ստուգման ենթարկված կազմակերպության ղեկավարը պատասխանատու է հայտնաբերված խախտումների (շեղումների) վերացման համար: Հայտնաբերված խախտումները չվերացնելու դեպքում կազմակերպության ղեկավարը պետք է պատասխանատվություն կրի ստուգումների մասին օրենսդրությամբ և հանրային ծառայության տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը ներքին աուդիտի մասին օրենսդրությամբ սահմանված կարգով հսկողություն է իրականացնում ծրագրով կատարվող գործողությունների նկատմամբ: Ստուգման ենթարկված ստորաբաժանման ղեկավարը պետք է ներկայացնի հաշվետվություն կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանում` խախտումների վերացմանն ուղղված գործողությունների մասին:

8. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը գործողությունների ծրագրի ժամանակացույցով սահմանված գործողություններից յուրաքանչյուրի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում է ստուգող մարմնին և ներբեռնում ներքին աուդիտի տեղեկատվական համակարգ` առկայության դեպքում:

9. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը գործողությունների ծրագրի ժամանակացույցով սահմանված գործողություններից յուրաքանչյուրի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում է N 1 աղյուսակով սահմանված ձևաչափով:

 

Աղյուսակ N 1

 

._____________________________________________________________________.

|    |Բացահայտված|Կատարման |Կատարման|Իրականացված|Գործողու-  |Ծանոթա-  |

|    |սխալները   |ենթակա   |ժամկետը |գործողու-  |թյունների  |գրություն|

|    |           |գործողու-|        |թյունները  |իրականացման|         |

|    |           |թյունները|        |           |ամսաթիվը   |         |

|____|___________|_________|________|___________|___________|_________|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2013
N 896-Ն
Որոշում