Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

10 հուլիսի 2013 թվականի N 27

 

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն արձանագրային որոշման 1-ին կետով հավանության արժանացած հայեցակարգի 51-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել անհրաժեշտ իրավական ակտերի ընդունման միջոցառումների ծրագիրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թ. հուլիսի 10-ի նիստի

N 27 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Սողանքային աղետի կառավարումը երկարաժամկետ և բարդ գործընթաց է, որը ներառում է քաղաքական, սոցիալական և տնտեսական կյանքի լայն ոլորտներ: Սողանքային աղետը ոչ միայն իր բացասական ազդեցությունն է թողնում քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտների վրա, այլև խոչընդոտ է հանդիսանում տնտեսության կայուն զարգացմանը, ինչպես նաև հանրապետությունում և հարևան երկրների հետ հանրապետության հաղորդակցության ուղիների անխափան շահագործմանը, որոնք հանդիսանում են տնտեսության զարգացման համար կարևորագույն միջոց: Սողանքային աղետները պատճառ են հանդիսանում բնակչության աղքատացմանն ու արտագաղթին, որոնց հետևանքով դատարկվում և քայքայվում են լեռնային և սահմանամերձ բնակավայրերը: Հանրապետությունում սողանքային աղետների դեմ հետևողական քաղաքականության վարման և համապատասխան ռազմավարության բացակայությունը նպաստել են մեծ տարածում ունեցող սողանքային պրոցեսների ակտիվացմանը և դրանց մեջ նորանոր տարածքների ընդգրկմանը: Սողանքային աղետի կառավարման համակարգի բացակայության պատճառով հանրապետության առավել վտանգավոր սողանքային տեղամասերում չեն կատարվել հիմնավոր և հետևողական համապատասխան հետազոտություններ և դիտարկումներ, ինչն անհնար է դարձնում արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:

2. Սույն հայեցակարգի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ, չնայած սողանքավտանգ տարածքներում անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության իրականացրած միջոցառումներին, այդ ոլորտում վարվող քաղաքականությունը դեռևս կրում է պարբերական բնույթ, ինչի արդյունքում բնակչության և պետության անվտանգության ու շահերի պաշտպանության բնագավառում մի շարք կարևոր խնդիրներ դուրս են մնացել ուշադրությունից, իսկ համակարգի մասնակիցների միջև գործառույթների հստակ տարանջատման բացակայությունը թույլ չի տալիս ապահովել սողանքային աղետներից պաշտպանության արդյունավետությունը: Հիմք ընդունելով սողանքային աղետի կառավարման բնագավառում առաջադեմ պետությունների փորձը` հայեցակարգը մշակվել է այնպես, որ հնարավորին արդյունավետ օգտագործվեն տրամադրվող ֆինանսական միջոցները և գործող կառույցների կարողությունները: Հաշվի են առնվել սողանքային աղետից բնակչության պաշտպանության, անհրաժեշտ հետազոտությունների ու միջոցառումների իրականացման ասպարեզներում զարգացումները և միտումները:

 

II. ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սողանք - ծանրության ուժի ազդեցության տակ լեռնային ապարների զանգվածի սահող տեղաշարժ լանջն ի վար, տարբեր պատճառներով առաջացող հավասարակշռության խախտման հետևանքով:

4 Սողանքային աղետ - սողանքի հետևանքով որոշակի տարածքում ստեղծված իրադրություն, որը կարող է հանգեցնել մարդկային զոհերի կամ ուղեկցվել մարդկային զոհերով, վնաս է հասցրել մարդկանց առողջությանը և/կամ շրջակա բնական միջավայրին, զգալի նյութական կորուստներ և մարդկանց կենսագործունեության պայմանների խախտում:

5. Սողանքային աղետի կառավարում - բնակչության կյանքին, առողջությանը, շրջակա բնական միջավայրին, կենսաապահովման օբյեկտներին և ենթակառուցվածքներին սողանքային երևույթներից սպառնացող վտանգի հետազոտման, մշտական դիտարկման (մոնիտորինգի), պաշտպանական միջոցառումների մշակման, իրականացման ու անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունների (աշխատանքների) ամբողջ համալիրի կազմակերպումն ու հետևողական իրականացումը:

6. Սողանքային աղետի կառավարման համակարգ - պետական ռազմավարության վրա հիմնված համակարգ, որն իր մեջ ներառում է փոխհամաձայնեցված գործող համապատասխան կառավարման մարմիններին պատվիրված գործառույթների շրջանակներում իրականացվող միջոցառումների համալիր:

 

III. ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԻՃԱԿԸ

 

7. Հայաստանի Հանրապետության տարածքում լայն զարգացում ունեցող արտածին երկրաբանական երևույթներից առանձնահատուկ տեղ են գրավում գրավիտացիոն պրոցեսները (սողանքներ, քարաթափեր, փլուզումներ), որոնց շարքում իրենց զարգացվածությամբ, տարածվածությամբ ու ազդեցությամբ առավել վտանգավոր են սողանքները: Սողանքների լայն տարածվածությունը պայմանավորված է սեյսմիկ ակտիվությամբ, լանջերի մեծ թեքությամբ, բարդ երկրաձևագիտական (գեոմորֆոլոգիական) պայմաններով, երկրաբանական կառուցվածքով, իսկ մեծ ակտիվությունը զգալի չափով պայմանավորված է նաև մարդու ակտիվ գործունեությամբ` լանջերի ինտենսիվ կառուցապատումով, դրանց վրա գյուղատնտեսական աշխատանքների երբեմն ոչ ճիշտ կատարումով, զանգվածային ծառահատումներով, հողաբուսական ծածկի խախտումներով ու ոչնչացումով:

8. Սողանքային աղետից պաշտպանությունը բարդ ինժեներատեխնիկական համալիր խնդիր է, որը պահանջում է մեծ ֆինանսական ներդրումներ: ՈՒստի խնդրի լուծումն ակնկալում է համալիր ու համակարգված մոտեցում, որի հիմքում պետք է դրված լինի նշված պրոցեսների մշտադիտարկման /մոնիտորինգ/, կանխատեսման և կանխարգելման սկզբունքը:

9. Հանրապետությունում սողանքային երևույթների դեմ պայքարի համակարգված, հետևողական քաղաքականություն երբևէ չի տարվել, հետևաբար չի եղել համապատասխան ռազմավարություն:

10. Հայաստանի Հանրապետության տարածքում սողանքային երևույթները հիմնականում առավել տարածում ունեն Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի համայնքների տարածքներում ու Երևան քաղաքի առանձին հատվածներում: Դրանք ուսումնասիրվել ու գնահատվել են տարբեր կազմակերպությունների կողմից` առանձին, միմյանցից անկախ, զանազան մեթոդներով, տարբեր որակավորում ունեցող մասնագետների կողմից: Հանրապետությունում սողանքային երևույթների խորը ուսումնասիրություններ կատարվել են սկսած 1960-ական թվականներից` Հայաստանի գիտությունների ակադեմիայի, Հայաստանի Խորհրդային սոցիալիստական հանրապետության մինիստրների խորհրդին կից Երկրաբանական վարչության, Երևանի Պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի, հետագայում որոշ նախագծահետազննական ինստիտուտների, մասնավորապես Հայհողշիննախագիծ ինստիտուտի կողմից: 1990-ական թվականներին այդ աշխատանքները, հատկապես ինժեներապաշտպան միջոցառումների մշակման նպատակով, կատարվել են նաև «Հայինժնախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կողմից: Ելնելով ֆինանսական սուղ պայմաններից` վերջին տարիներին նման աշխատանքներ հանրապետությունում գրեթե չեն իրականացվել:

11. Նախկինում կատարված հետազոտությունների արդյունքում որոշ դեպքերում մշակվել ու իրականացվել են հակասողանքային ինժեներապաշտպան միջոցառումներ: Առանձին դեպքերում հաջողվել է ապահովել սողանքային ակտիվության որոշ նվազեցում, սակայն մշտադիտարկումների /մոնիտորինգի/ բացակայության պատճառով հնարավոր չի եղել տալ իրականացված միջոցառումների արդյունավետության ճշգրիտ գնահատականը և հետագա վիճակի կանխատեսումները: Միջոցառումները մեծ մասամբ իրականացվել են մասնակիորեն ու բնականաբար անհրաժեշտ արդյունավետություն չեն ապահովել: Որոշ դեպքերում հետազոտությունների արդյունքում միջոցառումներ չեն մշակվել կամ չեն իրականացվել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

12. Սողանքային պրոցեսների լայն զարգացումն ու մեծ ակտիվությունը վնաս են պատճառել հատկապես սահմանամերձ ու բարձրլեռնային բնակավայրերին, արձանագրվել են մեծ վնասներ, կան մարդկային զոհեր, վնասվել և քայքայվել են ճանապարհներ ու երկաթգծեր, դադարել են գործել խմելու ջրի և ոռոգման ցանցեր:

13. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 7-ի N 1074 որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության տարածքում հակասողանքային առաջնահերթ միջոցառումների ծրագիրը», որի իրականացումը նախատեսված էր 2002-2004 թվականների ընթացքում (համապատասխան ֆինանսավորման ապահովման պայմաններում): Այս ծրագրի նպատակն էր հանրապետությունում սողանքային աղետի կառավարման համակարգի համար անհրաժեշտ հիմքերի ստեղծումը` հետևողական հետազննությունների կատարման, ռեժիմային դիտարկումների (մոնիտորինգի) համակարգի ստեղծման ու զարգացման միջոցով, ինչը հնարավորություն կտար իրականացնել սողանքային պրոցեսների նկատմամբ մշտական հսկողություն, կատարել սողանքային պրոցեսների զարգացման կանխատեսումներ, բացահայտել սողանքի առաջացման ու ակտիվացման գլխավոր գործոնները, բարձրացնել հակասողանքային միջոցառումների հիմնավորվածության աստիճանը, իրականացնել գլխավորապես կանխարգելիչ միջոցառումներ, ռացիոնալ օգտագործել ներդրվող ֆինանսական միջոցները, ժամանակին ահազանգել սպասվող վտանգի մասին: Սակայն ծրագրի իրականացման համար նախատեսված 1924.0 մլն դրամից հատկացվել է ընդամենը 243,8 մլն դրամ, որից 132,4 մլն դրամը տրամադրվել է վթարային տներից բնակիչների վերաբնակեցմանը, իսկ բուն սողանքային հետազոտություններին` 111,6 մլն դրամ, որով իրականացվել են 19 սողանքային տեղամասերի նախնական ինժեներաերկրաբանական հետազոտություններ` մոնիտորինգային ցանցի ստեղծմամբ և սողանքային գոտիներում գտնվող 32 բնակավայրերի բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննություն` առաջնահերթ վերաբնակեցման ենթակա տների հաշվառման նպատակով:

14. Հայաստանի Հանրապետության տարածքում հակասողանքային առաջնահերթ միջոցառումների ծրագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև միջկառավարական պայմանագրի հիման վրա, Ճապոնիայի կառավարության հատկացրած դրամաշնորհով Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության կողմից 2004-2006 թվականների ընթացքում իրականացվեց «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման ուսումնասիրություն» ծրագիրը:

15. Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության հետազոտող խմբի կողմից կատարված հետազոտությունների տվյալները չափազանց մտահոգիչ են: Հանրապետության տարածքում օդալուսանկարների վերծանումով բացահայտված են 2504 սողանքային տեղամասեր:

16. Սողանքային տեղամասերի ընդհանուր մակերեսը 1216 քառ. կմ է, ինչը կազմում է հանրապետության ընդհանուր մակերեսի 4,1%-ը:

17. Հանրապետության 233 համայնքներ գտնվում են սողանքային վտանգավոր տեղամասերում, որտեղ վնասված են հարյուրավոր բնակելի տներ, հաղորդակցության ուղիներ և այլ կենսաապահովման օբյեկտներ:

18. Ավտոճանապարհների ցանցի 7400 կմ-ից 240-ը (3,2%) վնասված է 280 սողանքով: Երկաթգծերի ցանցի ընդհանուր 870 կմ-ից 4,8-ը (0,5%) վնասված է 10 սողանքով և այլն:

19. Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության հետազոտող խմբի կողմից 2004 թվականին 145 սողանքային տեղամասերի գույքագրման տվյալներով, սողանքային աղետից հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին հասցված ուղղակի վնասը կազմում է 19,395 մլրդ. դրամ, իսկ պոտենցիալ վնասը` 23,985 մլրդ. դրամ: Վնասի գնահատումը իրականացվել է քանակական սկզբունքով, այսինքն` դժբախտ պատահարը, հոգեբանական ցնցումը, հուշարձանները և այլն ներառված չեն վնասի գնահատման մեջ: Գնահատումը հիմնված է համայնքների ղեկավարներից և ենթակառուցվածքները վերահսկող կազմակերպություններից ստացված տեղեկությունների վրա, որն արտահայտվում է հետևյալ կերպ.

 

1) Սողանքների հետևանքով առաջացած առկա և պոտենցիալ վնասները

._______________________________________________________________.

|                   |Առկա վնաս            |Պոտենցիալ վնաս       |

|                   |_____________________|_____________________|

|                   |ՈՒղղակի   |Տարեկան   |ՈՒղղակի   |Տարեկան   |

|                   |գումարային|արժեքը    |գումարային|արժեքը    |

|                   |արժեքը    |/մլն դրամ/|արժեքը    |/մլն դրամ/|

|                   |/մլն դրամ/|          |/մլն դրամ/|          |

|___________________|__________|__________|__________|__________|

|Կառույցներ         |    3600.0|     495.0|   13905.0|    1080.0|

|___________________|__________|__________|__________|__________|

|Տրանսպորտ          |    8370.0|    1080.0|    8595.0|    1305.0|

|___________________|__________|__________|__________|__________|

|Ջուր,              |    1935.0|      90.0|    1035.0|      45.0|

|էլեկտրաէներգիա և   |          |          |          |          |

|հաղորդակցություն   |          |          |          |          |

|___________________|__________|__________|__________|__________|

|Գյուղատնտեսություն |    5490.0|       0.0|     450.0|       0.0|

|___________________|__________|__________|__________|__________|

|Ընդհանուրը         |   19395.0|    1665.0|   23985.0|    2430.0|

._______________________________________________________________.

 

2) Սողանքներից վնասված բնակելի ֆոնդը

.___________________________________________________.

|Ընդհանուր   |Տեղադրված   |Սողանքներից |Սողանքներից |

|բնակելի     |սողանքային  |առկա վնասված|պոտենցիալ   |

|ֆոնդը ՀՀ-ում|տարածքներում|            |վնասվող     |

|____________|____________|____________|____________|

|     մ2     |   մ2  | %  |  մ2   | %  |  մ2   | %  |

|____________|_______|____|_______|____|_______|____|

|67 241 700  |795 100|1.2%|198 900|0.3%|540 900|0.8%|

.___________________________________________________.

 

20. Հետազոտությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության սողանքավտանգ տարածքներում, հատկապես Հայաստանի Հանրապետության Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծվել է ծանր հետևանքներով հղի վտանգավոր իրավիճակ` կապված սողանքային պրոցեսների կտրուկ ակտիվացման հետ:

21. Սողանքային տեղամասերում հետազոտությունների ու դրանց հաջորդող միջոցառումների չիրականացման կամ թերի իրականացման արդյունքում հանրապետությունում վերջին ժամանակներում ստեղծվել է մի իրավիճակ, որի դեպքում կառավարությունը հարկադրված կլինի մի քանի անգամ ավելի շատ ֆինանսական միջոցներ հատկացնել հարյուրավոր վթարային տների բնակիչների վերաբնակեցման միջոցով անվտանգության ապահովման խնդիրների լուծման, ինչպես նաև սողանքային երևույթների հետևանքների վերացման համար: Նման մոտեցումը, պահանջելով մեծ ու անընդհատ աճող ֆինանսական միջոցներ, խնդրի լիարժեք լուծում չի կարող ապահովել, քանի որ ժամանակի ընթացքում արագորեն ավելանում է վնասված ու վթարային տների քանակը, իսկ վերաբնակեցումը կհանգեցնի հատկապես սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի ամայացմանն ու աստիճանաբար վերացմանը, բնակչության արտագաղթին, սոցիալ-տնտեսական և մի շարք այլ լուրջ հիմնախնդիրների առաջացմանը: Բնակավայրերի կայուն զարգացման համար անհրաժեշտ է իրականացնել սողանքային ակտիվության նվազեցմանն ուղղված արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան պահպանել տարածքները, խուսափել զանգվածային վերաբնակեցումներից` նպաստելով ֆինանսական միջոցների զգալի խնայողությանը, հատկապես` հարկադրված ծախսերի (վերաբնակեցման, հետևանքների վերացման) մասով:

22. Սողանքային աղետի կառավարման բնագավառում հանրապետությունում առկա են հետևյալ հիմնախնդիրները.

1) հանրապետության տնտեսության սահմանափակ ֆինանսական հնարավորությունները.

2) անհրաժեշտ կադրերով և տեխնիկական միջոցներով համալրված մասնագիտական կազմակերպությունների բացակայությունը, եղածների սահմանափակ հնարավորությունները.

3) կառավարման մասնագիտացված ծառայության բացակայությունը.

4) բացակայում է բնագավառի խնդիրների լուծման համար գործառույթների տարանջատումը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչպես և դրանց փոխհամաձայնեցված գործողությունների ծրագրերը:

23. Անցյալի փորձից հետևում է շատ կարևոր հանգամանք, այն է` հակասողանքային համալիր միջոցառումները, որպես կանոն, պետք է իրականացվեն նախագծով սահմանված ժամկետներում: Այս հանգամանքը թելադրում է հետևյալ մոտեցումը. կանոնավոր ֆինանսավորման հնարավորության բացակայության պարագայում նպատակահարմար չէ սկսել ոչ միայն շինարարական, այլև նախագծահետազննական աշխատանքները, քանի որ մեկն անմիջապես հաջորդում է մյուսին և աշխատանքների ժամանակին չկատարումը բերում է նախագծային լուծումների արդիականության կորստի, կապված` սողանքային իրավիճակի անընդհատ փոփոխության հետ: Առանձին դեպքերում ծախսված զգալի միջոցների դիմաց թերի իրականացված միջոցառումները նպաստել են սողանքային երևույթի ակտիվացմանը: Նշվածի ակնառու օրինակներից են ուսումնասիրված և անավարտ թողած այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը, Աչաջուր գյուղի և Իջևան-Հրազդան երկաթգծի 69-րդ կիլոմետրի տեղամասը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մ. Հարությունյան փողոցին հարող տեղամասը և Արփիկ թաղամասը, Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի Չիվա և Մարտիրոս, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն գյուղի մոտի և այլ սողանքային տեղամասեր:

 

IV. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

24. Հայեցակարգի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման համակարգի ստեղծումը և սողանքային աղետի կառավարման բնագավառում պետական քաղաքականության վարումը:

25. Հայեցակարգի խնդիրներն են`

1) սողանքային աղետի կառավարման համար անհրաժեշտ իրավական, տնտեսական, գիտական և մեթոդական հիմնադրույթների ստեղծումը.

2) հանրապետության տարածքում երկրաբանական համալիր ուսումնասիրությունների իրականացումը.

3) սողանքային աղետի նվազեցման նպատակային համալիր ծրագրի մշակումը և իրականացումը.

4) սողանքային աղետի կառավարման բնագավառում կառավարության, շահագրգիռ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների հստակեցումը և փոխհամաձայնեցված գործողությունների ապահովումը:

 

V. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

26. Հանրապետությունում սողանքային աղետի հետ կապված հիմնախնդրի կարգավորումն ունի ռազմավարական նշանակություն, պահանջում է կառավարության միջամտություն և վերահսկողություն` ապահովելու համար հանրապետության սողանքավտանգ տարածքներում գտնվող բնակավայրերի կայուն զարգացումը, ենթակառուցվածքների և կենսաապահովման օբյեկտների անխափան և անվտանգ շահագործումը` դրանով իսկ ապահովելով տնտեսության բնականոն գործառումը և սողանքների հետևանքով հասցվող վնասների նվազեցումը:

27. Սողանքային երևույթներն իրենց տարածվածությամբ, զարգացման ակտիվությամբ և ինտենսիվությամբ մարդկանց կյանքին ու առողջությանը, ինչպես նաև հանրապետության ենթակառուցվածքներին և այլ կենսաապահովման օբյեկտներին սպառնացող վտանգի չափերով այն լրջագույն գործոնների շարքին են դասվում, որոնք արգելք են հանդիսանում պետության կայուն զարգացման, հետևաբար և անվտանգության ապահովման համար: Այս առումով սողանքային հիմնախնդիրը հանրապետության համար հանդիսանում է կարևորագույն ռազմավարական խնդիր: Դրա համար անհրաժեշտ է, որ հանրապետությունում սողանքային աղետի կառավարման համակարգը հիմնվի հետևյալ ռազմավարական ուղղությունների վրա.

1) կարևոր է հիմնախնդիրը` որպես ռազմավարական նշանակություն ունեցող, մշտապես ընդգրկել պետական զարգացման հիմնական ծրագրերում, հետևողական լուծումներ տալու միջոցով աստիճանաբար կանխելով վտանգներն ու նվազեցնելով ռիսկերը, մշտական հսկողություն (մոնիտորինգ) իրականացնելով` ամբողջությամբ վերահսկել իրավիճակը, ժամանակին և պատշաճորեն արձագանքելով սպասվող վտանգներին: Պետական զարգացման (կառավարության գործունեության) մշտական ծրագրերում ընդգրկելն առաջին հերթին ենթադրում է մշտական հետևողական ֆինանսավորում` համապատասխան ծրագրերի, ինչպես նաև այլ հիմնավորող

2) գործողությունների հիմնական ուղղվածությունը համալիր հետազննությունների, մշտական մոնիտորինգի տվյալների հիման վրա կանխարգելիչ միջոցառումների մշակումն ու իրականացումն է:

3) հիմնախնդրի լուծումը պետք է դիտարկվի երկու հիմնական մակարդակներով`

ա. տարածաշրջանային (ռեգիոնալ) հետազոտություններ` խնդրի բացահայտման, նախնական հետազոտման հիման վրա (տիեզերական և օդալուսանկարների վերծանում, դաշտային ակնադիտական դիտարկումներ, ինժեներաերկրաբանական հանույթ և այլն) հետագա մանրակրկիտ հետազոտությունների ու պաշտպանական միջոցառումների համար անհրաժեշտ նախադրյալների և հիմնավոր առաջարկությունների նախապատրաստման նպատակով.

բ. առանձին սողանքային տեղամասերի մանրակրկիտ հետազոտում, միջոցառումների մշակում, իրականացում, ինժեներապաշտպան կառույցների շահագործում և պահպանում:

28. Միջոցառումների համալիրում բոլոր իրավասու կառավարման մարմինները մասնակցում են իրենց գործառույթների (իրավասությունների և պարտականությունների) շրջանակներում փոխհամաձայնեցված գործողությունների իրականացման միջոցով:

 

VI. ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

29. Սողանքային աղետի կառավարման գործընթացը պահանջում է մասնագիտացված և խնդիրների բարդությանը համահունչ կառավարման համակարգ, որի ստեղծումն ու զարգացումը հանրապետությունում առաջնահերթ խնդիր է:

30. Սողանքային աղետի կառավարման համակարգն ընդգրկում է պետական կառավարման գրեթե բոլոր մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց համագործակցությունը սողանքային աղետի դեմ պայքարի ոլորտում խիստ կարևոր է միասնական քաղաքականության իրականացման առումով:

31. Սողանքային աղետի կառավարման բնագավառում միասնական ռազմավարության տեսակետից պետության հիմնական խնդիրներն են.

1) սողանքային աղետի կառավարման հարցում գործողությունների կանոնակարգումը կառավարության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև.

2) սողանքային աղետի կառավարման գործընթացին հասարակության իրազեկումը և ընդգրկումը.

3) սողանքային աղետի կառավարման գործընթացում օրենսդրության կատարելագործումը.

4) սողանքային աղետի կառավարման ոլորտում մասնագիտացված հետազոտությունների, նախագծանախահաշվային և ինժեներապաշտպանական աշխատանքների մրցույթներին մասնակցող ընկերություններին ներկայացվող նոր պահանջների մշակում:

 

VII. ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

32. Սողանքները առանձնահատուկ արտածին երկրաբանական պրոցեսներ են, որոնց առաջացման ու ակտիվացման մեխանիզմները պայմանավորված են բազմաթիվ և բազմաբնույթ գործոններով, որոնք պահանջում են համալիր հետազոտությունների իրականացում, իսկ դրանց դեմ պայքարի միջոցառումների ճիշտ ընտրությունը պահանջում է հիմնավորումներ: Նշված հարցում անհրաժեշտ է կիրառել հետևյալ սկզբունքը` սողանքային տարածքների նախնական հետազոտությունների, այդ թվում` պարտադիր մոնիտորինգի արդյունքներով հիմնավորել, որից հետո նոր իրականացնել հակասողանքային միջոցառումների փոխկապակցված իրար հաջորդող աշխատանքների ամբողջ համալիրը:

33. Սողանքային աղետի դեմ պայքարում համակարգված մոտեցման համար պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունները տարանջատելու նպատակով սողանքային տեղամասերը, ըստ իրենց ազդեցության ոլորտների, անհրաժեշտ է դասակարգել հետևյալ նշանակությունների`

1) հանրապետական նշանակության` հանրապետության կենսագործունեությունն ապահովող, ռազմավարական և հանրապետական նշանակության սոցիալ-տնտեսական օբյեկտներին և հաղորդակցուղիներին վնասող և սպառնացող սողանքներ.

2) մարզային նշանակության` մարզային նշանակության օբյեկտներին վնասող և սպառնացող սողանքներ: Այս խմբի մեջ մտնում են նաև երկու և ավելի համայնքների տարածքներին սպառնացող սողանքները.

3) համայնքային նշանակության` համայնքի տարածքին, օբյեկտներին և հաղորդակցուղիներին վնասող և սպառնացող սողանքներ:

34. Սողանքային տեղամասերի նման դասակարգումը հնարավորություն կտա վերահսկել բնագավառը, համակարգել գործողությունները և արդյունավետ լուծել խնդիրները:

 

VIII. ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

35. Հայեցակարգի 7-րդ բաժնում ներկայացված սողանքային երևույթների դասակարգումից բխում է իրավասությունների հետևյալ տարանջատումը.

1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

ա. հաստատում է սողանքային աղետի դեմ պայքարի ծրագրերը.

բ. ապահովում է սույն հայեցակարգի 48-ից 50-րդ կետերի հիման վրա ընդունված հակասողանքային միջոցառումներ համալիր ծրագրի ֆինանսավորումը.

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը

ա. կազմակերպում և համակարգում է սողանքային աղետի դեմ պայքարի բնագավառում համապատասխան ոլորտների պետական կառավարման մարմինների գործունեությունը: Սողանքային օբյեկտների բացահայտման, դասակարգման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման կազմակերպման բնագավառում հանդիսանում է պետական կառավարման լիազոր մարմին.

բ. ստեղծում և կատարելագործում է հանրապետության տարածքի սողանքային աղետների առաջացման և զարգացման տեղեկատվական բազան, տրամադրում տեղեկատվություն և խորհրդատվությունը.

գ. համակարգում և ամփոփում է սողանքային աղետի դեմ պայքարի բնագավառում համապատասխան ոլորտների պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված մոնիտորինգի արդյունքները և մշտական հսկողություն է իրականացնում սողանքային երևույթների զարգացումների նկատմամբ.

դ. ոլորտը կարգավորող պետական կառավարման մարմինների հետ համատեղ իրականացնում է ռիսկային օբյեկտների խմբավորում, առկա և պոտենցիալ վնասների գնահատում.

ե. ամփոփում է ոլորտային բյուջետային ֆինանսավորման միջնաժամկետ ծախսային ծրագրերը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

զ. անհրաժեշտ տվյալների բազայի առկայության դեպքում ոլորտային ծրագրերի ամփոփման հիման վրա մշակում է սողանքային աղետի դեմ պայքարի նպատակային համալիր ծրագրի նախագիծ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

է. կազմակերպում և համակարգում է սողանքային աղետի դեմ պայքարի բնագավառը կարգավորող օրենսդրական ակտերի մշակման գործընթացը.

3) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը`

ա. մասնակցում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, երկաթգծի ու կապի օբյեկտներին վտանգ սպառնացող սողանքների մոնիտորինգին.

բ. մասնակցում է տրանսպորտի և կապի ոլորտի օբյեկտներին սպառնացող սողանքային տեղամասերի գույքագրման աշխատանքներին և պարբերաբար թարմացնում դրանց ակտիվացումների մասին տեղեկատվական բազան.

գ. պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ (ելնելով սողանքավտանգ տարածքի ըստ նշանակության դասակարգումից) մասնակցում է առավել վտանգավոր տեղամասերի մասնագիտական ուսումնասիրությունների իրականացմանը, կանխարգելիչ միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի կազմմանը, իսկ անհրաժեշտության դեպքում` առաջնահերթ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը`

ա. կազմակերպում և իրականացնում է բնակավայրերի կառուցապատված տարածքներին, բնակելի, հասարակական, արտադրական շենքերին ու շինություններին վտանգ սպառնացող սողանքների գույքագրում և մոնիթորինգ.

բ. գույքագրում է իր ոլորտի օբյեկտներին սպառնացող սողանքային տեղամասերը և պարբերաբար թարմացնում դրանց ակտիվացումների մասին տեղեկատվական բազան.

գ. դասակարգում է վտանգավոր տեղամասերն ըստ ռիսկայնության աստիճանի (հաշվի առնելով լիցենզավորված կազմակերպությունների կողմից տրված շենքերի, շինությունների վնասվածության աստիճանի մասին տեղեկատվությունը) և կազմում կանխարգելիչ միջոցառումների պլան-ժամանակացույց.

դ. իրականացնում է առավել վտանգավոր տեղամասերի մասնագիտական ուսումնասիրություններ, վերահսկում և ապահովում կանխարգելիչ միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթ կազմումը, իսկ անհրաժեշտության դեպքում` իրականացնում առաջնահերթ կանխարգելիչ միջոցառումներ.

5) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը`

ա. իրականացնում է էլեկտրամատակարարման օբյեկտներին, գազատարներին ու հանքավայրերին վտանգ սպառնացող սողանքների մոնիտորինգ.

բ. գույքագրում է իր ոլորտի օբյեկտներին սպառնացող սողանքային տեղամասերը և պարբերաբար թարմացնում դրանց ակտիվացումների մասին տեղեկատվական բազան.

գ. հաշվի առնելով ակտիվացումների դինամիկան դասակարգում է վտանգավոր տեղամասերն ըստ ռիսկայնության աստիճանի և կազմում կանխարգելիչ միջոցառումների պլան-ժամանակացույց.

դ. իրականացնում է առավել վտանգավոր տեղամասերի մասնագիտական ուսումնասիրություններ, կազմում կանխարգելիչ միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթ, իսկ անհրաժեշտության դեպքում` իրականացնում առաջնահերթ կանխարգելիչ միջոցառումներ.

6) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը`

ա. իրականացնում է գետերին և սելավատարներին վտանգ սպառնացող սողանքների մոնիտորինգ,

բ. գույքագրում է իր ոլորտի օբյեկտներին սպառնացող սողանքային տեղամասերը և պարբերաբար թարմացնում դրանց ակտիվացումների մասին տեղեկատվական բազան.

գ. իրականացնում է առավել վտանգավոր տեղամասերի մասնագիտական ուսումնասիրություններ, կազմում կանխարգելիչ միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթ, իսկ անհրաժեշտության դեպքում` իրականացնում առաջնահերթ կանխարգելիչ միջոցառումներ, այն է` պարբերաբար մաքրում է գետերի և սելավատարների հուներն ու ամրացնում դրանց ափերը.

7) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը`

ա. իրականացնում է բնության հատուկ պահպանվող տարածքներին (բնության հուշարձան, արգելավայր, արգելոց), սպառնացող սողանքների մոնիտորինգ.

բ. գույքագրում է իր ոլորտի օբյեկտներին (որպես հնարավոր բնապահպանական աղետների աղբյուր) վտանգ սպառնացող սողանքների տեղամասերը և պարբերաբար թարմացնում դրանց ակտիվացումների մասին տեղեկատվական բազան.

8) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը`

ա. իրականացնում է բնակավայրերի կառուցապատված տարածքներից դուրս գտնվող պատմամշակութային շենքերին և շինություններին վտանգ սպառնացող սողանքների մոնիտորինգ.

բ. գույքագրում է իր ոլորտի օբյեկտներին` պատմամշակութային շենքերին և շինություններին վտանգ սպառնացող սողանքների տեղամասերը և պարբերաբար թարմացնում դրանց ակտիվացումների մասին տեղեկատվական բազան.

9) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը`

ա. համակարգում է պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը սողանքային աղետի կառավարման բնագավառում

բ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն իր ոլորտի օբյեկտներին վտանգ սպառնացող սողանքների տեղամասերի և դրանց ակտիվացումների մասին տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն.

36. Սույն հայեցակարգի 35-րդ կետի 3-րդ-ից 9-րդ ենթակետերում և 37-րդ կետում նշված պետական կառավարման լիազոր մարմինները`

1) իր լիազորությունների շրջանակներում մարզպետարանների ու համայնքների ղեկավարների կողմից ներկայացված ծրագրային առաջարկությունների հիման վրա մշակում է սողանքային աղետի բնագավառի վերաբերյալ իր պատասխանատվության տակ գտնվող ոլորտի ծրագրեր ու ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն` ամփոփ ծրագիրը կազմելու և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար,

2) կազմակերպում է համապատասխան ոլորտի օբյեկտներին սպառնացող սողանքների տեղամասերի հետազննության և կանխարգելիչ միջոցառումների ծրագրերի իրականացման աշխատանքները.

3) կազմակերպում և ցուցաբերում է մասնագիտական, մեթոդական և այլ կարգի տեխնիկական (խորհրդատվական) օժանդակություն մարզպետարաններին և համայնքների ղեկավարներին.

4) կազմակերպում է ոլորտում անհրաժեշտ իրավական ակտերի մշակումը և իրականացվող գործունեության հսկողությունը:

37. Մարզպետարանը`

1) համայնքի ղեկավարի ներկայացմամբ բնագավառի համապատասխան ոլորտի պատասխանատու լիազոր մարմնին է ներկայացնում տեղեկատվություն սողանքային աղետի, դրա հետ կապված արտակարգ իրավիճակի կամ վտանգի մասին.

2) կազմակերպում է անվտանգության ապահովմանն ուղղված առաջնահերթ միջոցառումներ.

3) կազմակերպում է մարզում անհրաժեշտ հետազննությունների ու միջոցառումների ծրագրերի մշակումը և ներկայացնում է համապատասխան ոլորտի պատասխանատու լիազոր մարմնին.

4) կազմակերպում է կառավարության կողմից ֆինանսավորվող (մասնակի կամ ամբողջությամբ) աշխատանքների իրականացումը.

5) աշխատանքների իրականացման և դրանց արդյունքների մասին իրազեկում է համապատասխան ոլորտի լիազոր մարմնին.

6) միջոցներ է ձեռնարկում սողանքների կանխարգելման համար ֆինանսավորման այլ աղբյուրների ներգրավման ուղղությամբ:

38. Համայնքն օրենքով վերապահված իրավասությունների շրջանակներում`

1) մարզպետարանին է ներկայացնում տեղեկատվություն սողանքային աղետի, դրա հետ կապված արտակարգ իրավիճակի կամ վտանգի մասին.

2) կազմակերպում է բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված առաջնահերթ միջոցառումներ.

3) կազմակերպում է համապատասխան միջոցառումների իրականացումը պետության կողմից համայնքներին, որպես սողանքային աղետի դեմ պայքարի աջակցման գումար, տրամադրվող գումարների հաշվին.

4) սողանքային աղետի դեմ պայքարի աշխատանքների իրականացման և դրանց արդյունքների մասին իրազեկում է մարզպետին, իսկ Երևանի քաղաքապետը` համապատասխան ոլորտի պատասխանատու լիազոր մարմնին.

5) միջոցներ է ձեռնարկում սողանքների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար ֆինանսավորման այլ աղբյուրների ներգրավման ուղղությամբ:

39. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայկական և օտարերկրյա կազմակերպություններն առանձին ոլորտների օբյեկտներ (երկաթգիծ, ճանապարհ, կապ, գազատար և այլն) կառավարման հանձնելու մասին մրցութային փաստաթղթերում ու պայմանագրերում պետք է նախատեսվեն վտանգ սպառնացող սողանքային տեղամասերում անհրաժեշտ ուսումնասիրություններ, հակասողանքային միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու մասին այդ կազմակերպությունների պարտավորություններ:

 

IX. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ

 

40. Բնագավառի օրենսդրական կատարելագործումը նպատակաուղղված կլինի գործող իրավական ակտերում համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարմանը և սողանքային աղետի կառավարման բնագավառում բավարար փորձ ձեռք բերելուց հետո նաև նոր իրավական ակտերի ընդունմանը, որտեղ պետք է արտացոլված լինեն`

1) բնագավառի վերաբերյալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների հստակեցումը.

2) սողանքային տարածքների բնակիչների իրավունքների և պարտականությունների սահմանումը.

3) սողանքային աղետի կառավարման մեխանիզմների հստակեցումը և կարգավորումը.

4) սողանքային տարածքների իրավական կարգավիճակի և բնակչության փոխհատուցումների ու արտոնությունների համակարգի ներդրման մեխանիզմների սահմանումը:

41. Անհրաժեշտության դեպքում` կապված օրենսդրությամբ սահմանված իրավասությունների և գործառույթների վերանայման հետ կորոշվի առանձին օրենքի մշակման և ընդունման անհրաժեշտությունը:

 

X. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ

 

42. Հայաստանում սողանքային աղետի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը նախ և առաջ պայմանավորված է հանրապետության տարածքում սողանքային աղետի դրսևորման հիմնական ձևերի, դրանց խթանող բնական, տնտեսական և սոցիալական պատճառների, ինչպես նաև համապատասխան օրենսդրության մասին բնակչության իրազեկմամբ: Դրանով կապահովվի բնակչության կողմից սողանքային աղետի հետևանքների ընկալումը, ինչը թույլ կտա նրանց ներգրավել հիմնախնդրի լուծման աշխատանքներին և ինքնուրույն ընդունել որոշումներ:

43. Սողանքային աղետի դեմ պայքարի վերաբերյալ բնակչությանը պետք է տրամադրվի հետևյալ տեղեկատվությունը`

1) համապատասխան պետական և տարածքային կառավարման մարմնի գործառույթների և դրանց իրականացման վերաբերյալ.

2) նախատեսվող կամ իրականացվող ծրագրերի վերաբերյալ.

3) սողանքային աղետներից սպասվող արտակարգ իրավիճակների վերաբերյալ.

4) օրենսդրության և միջազգային պայմանագրերի և ծրագրերի վերաբերյալ:

44. Սողանքային աղետի դեմ պայքարի տեղեկատվության տրամադրման միջոցներն են`

1) մարզերում, համայնքներում սեմինարների և հանդիպումների կազմակերպումը.

2) տեղեկատվական նյութերի հրապարակումը.

3) կապը և զանգվածային լրատվությունը:

 

XI. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

45. Սողանքային աղետի կառավարման ֆինանսական ապահովման աղբյուրներ են հանդիսանում`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն,

2) համայնքային բյուջեները` օրենքով համայնքին վերապահված կամավոր լիազորությունների շրջանակներում,

3) հիմնադրամները,

4) դոնոր երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը, դրամաշնորհներն ու երկարաժամկետ ներդրումները.

5) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

46. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

XII. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

 

47. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սողանքային աղետի նպատակային համալիր ծրագրի մշակման համար ներկայումս չկա անհրաժեշտ տվյալների բազա, ուստի այդ բացը լրացնելու համար առավել նպատակահարմար և լավագույն միջոց է հանդիսանում սույն հայեցակարգից բխող սկզբունքային հիմնախնդիրների լուծումը երկու փուլով.

1) առաջին փուլում` համապատասխան ոլորտի պատասխանատու պետական կառավարման լիազորված մարմինը իր լիազորությունների շրջանակներում առավել ռիսկային սողանքային տեղամասերում պետք է կազմակերպի և իրականացնի ինժեներական հետազննություններ և ռեժիմային դիտարկումներ, որոնց արդյունքները հիմք կհանդիսանան հակասողանքային միջոցառումների ծրագրերի մշակման համար,

2) երկրորդ փուլում` կիրականացվեն համալիր ծրագրով նախատեսվող միջոցառումները:

48. Առաջին փուլով նախատեսված միջոցառումները իրականացվելու են պետական բյուջեի միջոցների հաշվին` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով սահմանված «Ինժեներական հետազննում» գործունեության տեսակով զբաղվելու իրավասություն ունեցող կազմակերպությունների միջոցով, Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթի պահանջներին համապատասխան:

49. Համալիր ծրագրի շրջանակներում մարզային և համայնքային նշանակության սողանքային տեղամասերում հակասողանքային միջոցառումները իրականացվելու են մարզպետարանի, համայնքի և/կամ միջհամայնքային միավորումների` օրենքով համայնքին վերապահված կամավոր լիազորությունների շրջանակներում, կողմից պահանջվող գումարի որոշակի մասնաբաժնի ներդրմամբ: Մասնաբաժնի չափը կախված է աշխատանքների ծավալներից և այն կարող է տրամադրվել ինչպես ֆինանսական, այնպես էլ աշխատանքային և նյութական միջոցների տեսքով: Այսպիսի մոտեցման ամրագրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքների գերակշիռ մասը ներկայումս չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

50. Համալիր ծրագրի ֆինանսավորման ապահովումը պետական բյուջեի հաշվին մոտակա տարիներին կապված է մեծ դժվարությունների հետ, ուստի անհրաժեշտ կլինի ներգրավել դոնոր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի կամ դրամաշնորհների միջոցները:

51. Սողանքային աղետի կառավարման բնագավառում պատասխանատու, 35-րդ կետերի 3-րդ-ից 9-րդ ենթակետերում և 37-րդ կետում նշված, պետական կառավարման մարմինները 6 ամսվա ընթացքում լիազոր մարմնին պետք է ներկայացնեն բնագավառը կարգավորող իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունների նախագծերը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2013
N 27
Արձանագրային որոշում