040.0400.100699
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունիսի 1999 թվականի թիվ 400
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԵՎ ՄԱՏՈՒՌ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի հանրապետական նշանակության հուշարձաններ` Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Ս. Սարգիս վանական համալիրը և Աշտարակ քաղաքի Ս. Սարգիս մատուռն անհատույց հանձնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն` սեփականության իրավունքով:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ավարտել նշված վանական համալիրի և մատուռի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետ կնքել օտարման (նվիրատվության) պայմանագիր` նշված վանական համալիրի և մատուռի անհատույց հանձնման վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` ապահովել վանական համալիրի 1,4 հեկտար և մատուռի 0,1 հեկտար հողատարածությունների սահմանված կարգով հատկացումը Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից: