Սեղմել Esc փակելու համար:
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱ ...

 

 

020.1118.240913

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 24 սեպտեմբերի 2013 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող, զեկուցող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի հուլիսի 19-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

 

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 24 օգոստոսի 2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով փոխառության համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրն ստորագրվել է 2013թ. հուլիսի 19-ին` ջրամատակարարման ցանցը վերակառուցելու, ճնշման պոմպերը և բնակարաններում առանձին միացումները փոխարինելու միջոցով Երևան քաղաքի ջրամատակարարումը բարելավելու նպատակով:

Համաձայնագրի I հոդվածի 1.01 բաժնի ա) ենթակետի համաձայն` 2012թ. դեկտեմբերի 1-ով թվագրված Ստանդարտ պայմանների բոլոր դրույթները ներառվում ու դառնում են կիրառելի Համաձայնագրի նկատմամբ նույն ուժով ու գործողությամբ այնպես, ինչպես եթե դրանք ամբողջությամբ սահմանվեին Համաձայնագրում:

Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում նաև երկու առդիրները և 2-րդ Առդիրի հավելումը. Առդիր 1` «Ծրագրի նկարագրությունը», Առդիր 2` «Կատեգորիաներ և փոխառության միջոցների օգտագործում»:

Համաձայնագրի 1-ին առդիրում նկարագրված` Ծրագրի իրականացման նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի Հանրապետությանը` Համաձայնագրում սահմանված կամ վկայակոչված պայմաններով, տրամադրում է 7 միլիոն (7,000,000) ԱՄՆ դոլար գումար:

Հանձնառության վճարի դրույքը տարեկան 0.5 տոկոս է: Վարկի փակման ժամկետը 2028թ. ապրիլի 16-ն է:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլնի, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- ապահովել, որպեսզի փոխառության օգտագործման նվազագույն գումարը լինի 50.000 ԱՄՆ դոլար,

- ապահովել, որպեսզի կանխավճարի նվազագույն գումարը լինի 500.000 ԱՄՆ դոլար,

- ապահովել, որպեսզի չեղյալ հայտարարման նվազագույն գումարը լինի 500.000 ԱՄՆ դոլար,

- ապահովել տոկոսագումարների վճարումը յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին,

- ապահովել Փոխառության մարումը քսանչորս հավասար (կամ հնարավորինս հավասար) կիսամյակային վճարումների միջոցով` յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին, Փոխառության առաջին մարումը կատարել տոկոսագումարների վճարման ամսաթվին, որն ընկնում է Համաձայնագրի ստորագրման երրորդ տարեդարձին կամ դրանից անմիջապես հետո,

- ողջ Փոխառության կամ Փոխառության գումարի այդ պահի դրությամբ վճարման ենթակա չափի համար Փոփոխվող տոկոսադրույքի վճարման փոխարեն Ֆիքսված տոկոսադրույքի վճարումը Փոխառության այդ մասի համար ընտրելու դեպքում` Ստանդարտ պայմանների բաժին 3.04. «գ» կետի, Համաձայնագրի բաժին 2.02.-ի «ը» կետի նպատակների համաձայն` ապահովել, որպեսզի Փոխառության մայր գումարը, որը փոխարկվում է Փոփոխվող տոկոսադրույքից Ֆիքսված տոկոսադրույքի, չլինի 1.500.000 ԱՄՆ դոլարից պակաս,

- տրամադրել Փոխառության միջոցները Բանկի համար ընդունելի պայմաններով, Ծրագրի իրականացման բացառիկ նպատակով, Համաձայնագրի 2.03 բաժնում նկարագրված նպատակներով,

- Ֆինանսական համաձայնագրերի և Ծրագրի փաստաթղթերի շրջանակներում, որոնց Կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, իր իրավունքները կիրառել այնպես, որ պաշտպանի իր և Բանկի շահերը, բավարարի այդպիսի համաձայնագրերի դրույթները և իրականացնի այն նպատակները, որոնց համար տրամադրվել է Փոխառությունը,

- չփոխանցել, չփոփոխել, չեղյալ չհայտարարել և չհրաժարվել որևէ Ծրագրի փաստաթղթի, որի Կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որևէ դրույթից, բացի Բանկի կողմից նախատեսված դեպքերից,

- ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Օպերատորն ու Քաղաքապետարանը կատարեն իրենց բոլոր համապատասխան պարտականությունները Ծրագրի համաձայնագրերի ներքո, որոնց Կողմ են նրանք հանդիսանում, ներառյալ, առանց սահմանափակումների, Օպերատորի` Համաձայնագրի հոդված III, 3.01 բաժնի «դ» կետով նախատեսված պարտականությունները,

- ձեռնարկել և պահանջել, որ իր վարչություններն ու ստորաբաժանումները ձեռնարկեն բոլոր օրենսդրական, կարգավորող կամ այլ գործողությունները կամ չմոռանան ձեռնարկել այդպիսի գործողություններ, որոնք պահանջվում են Ֆինանսական համաձայնագրերի և Ծրագրի փաստաթղթերի և Օպերատորի հետ որևէ համաձայնագրի դրույթները գործողության մեջ դնելու համար, ներառյալ, սակայն չսահմանափակվելով որևէ գործողությամբ, որն անհրաժեշտ է, որ Օպերատորին և Քաղաքապետարանին հնարավորություն տրվի կատարելու իրենց համապատասխան` ֆինանսական և այլ պարտավորությունները` նախատեսված Ֆինանսական համաձայնագրերի և Ծրագրի փաստաթղթերի շրջանակներով,

- ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Հայաստանի Հանրապետության կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվող որևէ պետական սուբյեկտ, որը Օպերատորի հաճախորդ է հանդիսանում, բարեխղճորեն Օպերատորին վճարի ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման ծառայությունների դիմաց վճարման ենթակա բոլոր գումարները ժամանակին, կանխիկով և ամբողջությամբ,

- կատարել և ապահովել, որպեսզի Ջրային տնտեսության պետական կոմիտեն և/կամ որևէ այլ կողմ, որին Հայաստանի Հանրապետությունը լիազորել է, կատարի իր բոլոր պարտավորությունները Վարձակալության պայմանագրի և որևէ այլ համաձայնագրի ներքո, որի համաձայն Օպերատորը համաձայնում է շահագործել Գույքը Հայաստանի Հանրապետության անունից: Բանկի անհամաձայնության դեպքում չձեռնարկել կամ չհամաձայնել որևէ գործողության և ապահովել, որպեսզի Ջրային տնտեսության պետական կոմիտեն և/կամ որևէ այլ կողմ, որը լիազորված է Հայաստանի Հանրապետության անունից, չձեռնարկի կամ չհամաձայնի որևէ գործողության, որի արդյունքում կփոփոխվի, չեղյալ կհայտարարվի, կփոխանցվի Օպերատորի հետ որևէ համաձայնագիր կամ դրա որևէ դրույթ կամ դրանից հրաժարում,

- վարձակալության պայմանագրի ժամկետի սպառման կապակցությամբ անցկացնել մրցույթ, որպեսզի երրորդ կողմը շահագործի Գույքը Հայաստանի Հանրապետության անունից, Բանկի համար խելամիտ և բավարար պայմաններով,

- դիմել Բանկին` նախապես գրավոր համաձայնություն ստանալու համար` նախքան Վարձակալության պայմանագրի կամ դրան հաջորդող որևէ համաձայնագրի կամ համաձայնագրերի որևէ փոփոխություն, դադարեցում կամ վերսկսում իրականացնելը, համաձայն որոնց երրորդ կողմը շահագործելու է Գույքը, Հայաստանի Հանրապետության անունից, կամ նախքան Գույքի շահագործման վերաբերյալ որևէ նոր համաձայնագիր կամ համաձայնագրեր կնքելը հաջորդ օպերատորի հետ, որի համաձայնությունը չպետք է առանց պատճառի ուշացվի` Համաձայնագրի հոդված III, 3.01 բաժնի «թ» կետով նախատեսված դեպքերից ելնելով,

- չվաճառել, չփոխանցել, վարձակալությամբ չտալ և այլ կերպով չտնօրինել և ապահովել, որպեսզի Ջրային տնտեսության պետական կոմիտեն և/կամ որևէ այլ կողմ, որին Հայաստանի Հանրապետությունը լիազորել է, չվաճառի, չփոխանցի, վարձակալությամբ չհանձնի կամ այլ կերպով չտնօրինի Օպերատորի կողմից շահագործվող ակտիվներն ամբողջությամբ կամ զգալի մասով, որոնք կարևոր կամ ցանկալի են Օպերատորի հիմնական գործունեության բնականոն ընթացքի համար, ներառյալ Գույքը և/կամ Ծրագրի իրականացումը,

- տրամադրել անհրաժեշտ միջոցներ, Համաձայնագրի, Ծրագրի համաձայնագրերի և Տեխնիկական համագործակցության հիմնադրամի միջոցներով գնվելիք ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների ԱԱՀ-ն և այլ տուրքերը ֆինանսավորելու համար,

- ապահովել, որպեսզի Օպերատորին թույլատրվի իր ծառայությունների համար այնպիսի սակագներ գանձել, որոնք լիովին կծածկեն բոլոր համապատասխան ծախսերը, ներառյալ Ֆինանսական Համաձայնագրերի և Ծրագրի Փաստաթղթերի ներքո Փոխառության սպասարկման ծախսերը,

- չդադարեցնել, չփոփոխել, չհրաժարվել կամ չհամաձայնել փոխանցել որևէ Ֆինանսական համաձայնագիր կամ Ծրագրի Փաստաթուղթ, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը,

- ժամանակին ծանուցել Բանկին Օպերատորի հետ որևէ համաձայնագրի խախտման մասին,

- ձևակերպել ցանկացած այլ փաստաթուղթ և ձեռնարկել ցանկացած այլ գործողություն, որոնք անհրաժեշտ կամ ցանկալի են Ֆինանսավորման համաձայնագրերը և Ծրագրի Փաստաթղթերը գործողության մեջ դնելու համար,

- ներկայացնել և երաշխավորել Բանկին Համաձայնագրի կնքման ամսաթվին, Գործողության ամսաթվին, յուրաքանչյուր օգտագործման կիրառման ամսաթվին և Փոխառության յուրաքանչյուր Տրամադրման ամսաթվին, որ յուրաքանչյուր Կողմ կատարել է իր բոլոր պարտավորություններն այդ ժամանակ ուժի մեջ գտնվող` Օպերատորի հետ համաձայնագրերի ներքո, և, որ Հայաստանի Հանրապետությունն ունի իրավասություն և հեղինակություն` ապահովելու համար և կապահովի, որ Օպերատորի կողմից գանձվող սակագները սահմանվեն այնպիսի մակարդակով, որը լիովին ծածկում է Օպերատորի բոլոր համապատասխան ծախսերը, ներառյալ` Ֆինանսավորման համաձայնագրերի և Ծրագրի Փաստաթղթերի ներքո Փոխառությունների սպասարկման ծախսերը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2013 թվականի հուլիսի 19-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

24 սեպտեմբերի 2013 թվականի

ՍԴՈ-1118

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
24.09.2013
N ՍԴՈ-1118
Որոշում