Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԱԽ-23-Ո-31

2013 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍԱՐԻԲԵԿ ԱՐԱՄՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

    նախագահությամբ`                       Ա. Մկրտումյանի

 

    մասնակցությամբ` ԱԽ անդամներ           Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

                                          Գ. Ղազինյանի, Ռ. Բարսեղյանի,   

                                          Ա. Խաչատրյանի, Գ. Խանդանյանի,

                                          Մ. Մարտիրոսյանի, Ա. Թումանյանի,  

                                          Մ. Մակյանի, Հ. Փանոսյանի,      

                                          Վ. Ստեփանյանի, Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ`                     Շ. Վարդանյանի

 

2013 թվականի սեպտեմբերի 27-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Արամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

 

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 11.07.2013թ. թիվ N-Կ-2-5/2013թ. որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ս. Արամյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Արմեն Հարությունյանի ներկայացուցիչ Անուշ Հարությունյանի դիմումը` հասցեագրված Արդարադատության խորհրդին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

 

Ըստ եզրակացության`

«Քաղաքացի Արմեն Հարությունյանը 06.05.2013թ. հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Սոֆյա Նահապետյանի, Աննա Հարությունյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, միաժամանակ միջնորդելով կիրառել հայցի ապահովման միջոց և արգելանք դնել Երևան քաղաքի Բաղրամյան 58 շենքի թիվ 52 բնակարանի վրա` արգելելով օտարել նշված գույքը, կատարել որևէ գործարքներ` նշված գույքի հետ կապված մինչև գործի ավարտը:

Դատարանի 07.05.2013թ. որոշումներով հայցադիմումն ընդունվել է վարույթ, և արգելանք է դրվել Երևան քաղաքի Բաղրամյան 58 շենքի թիվ 52 բնակարանի վրա` արգելելով օտարել նշված գույքը, կատարել որևէ գործարքներ` նշված գույքի հետ կապված: Դատարանը մասնավորապես նշել է. «(...) Քննարկելով միջնորդությունը և նկատի ունենալով, որ նման միջոց չկիրառելը հայցի հնարավոր բավարարման դեպքում կարող է դժվարեցնել կամ անհնար դարձնել դատական ակտի կատարումը, գտնում եմ, որ այն ենթակա է բավարարման»:

Պատասխանողների ներկայացուցիչը 01.06.2013թ. հայցի ապահովումը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացրել Դատարան` խնդրելով վերացնել թիվ ԵԱՔԴ/0835/02/13 քաղաքացիական գործի շրջանակներում Երևան քաղաքի Բաղրամյան 58 շենքի թիվ 52 բնակարանի նկատմամբ կիրառված արգելանքը:

Դատարանի 13.06.2013թ. որոշմամբ պատասխանողների ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է, վերացվել է 07.05.2013 թ-ի թիվ ԵԱՔԴ/0835/02/13 որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, այն է` Երևան քաղաքի Բաղրամյան 58 շենքի թիվ 52 բնակարանի վրա դրված արգելանքը: Դատարանը մասնավորապես նշել է. «(...) Սկսած 2009 թ-ից Երևան քաղաքի Բաղրամյան 58 շենքի թիվ 52 բնակարանի նկատմամբ ժառանգության վեճերով դատարանների մի շարք որոշումներով որպես հայցի ապահովման միջոց արգելանք է դրվել նշված բնակարանի վրա, այնուհետև վերացվել կիրառված հայցի ապահովման միջոցները: Թիվ ԵԱՔԴ/0835/02/13 քաղաքացիական գործով նույնպես բավարարվել է Արմեն Հարությունյանի միջնորդությունը և 07.05.2013 թ-ի որոշմամբ արգելանք է դրվել Բաղրամյան 58 շենքի թիվ 52 բնակարանի վրա: Չնայած այն հանգամանքին, որ սույն գործով Արմեն Հարությունյանի կողմից ներկայացված հայցի հիմքը տարբերվում է նախկինում հարուցված հայցապահանջների հիմքերից, սակայն հայցի ապահովման միջոցի պահպանումը պատասխանողներ Սոֆյա Նահապետյանին և Աննա Արսենի Հարությունյանին զրկում է բանկային, վարկային գործարքներ կատարելու հնարավորությունից: Հետևաբար խախտվում է պատասխանողների օրենքներով երաշխավորված իրավունքները»:

ՈՒշագրավ է, որ պատասխանողների ներկայացուցիչն ինչպես հայցի ապահովումը վերացնելու մասին միջնորդության մեջ, այնպես էլ այդ միջնորդությունը դատական նիստում քննարկելու ընթացքում որևէ անգամ չի հիշատակել, որ հայցի ապահովման միջոցի պահպանումը պատասխանողներ Սոֆյա Նահապետյանին և Աննա Հարությունյանին զրկում է բանկային, վարկային գործարքներ կատարելու հնարավորությունից:

Հայցվորը 24.06.2013թ. հայցի ապահովում կիրառելու մասին նոր միջնորդություն է ներկայացրել Դատարան` խնդրելով կիրառել հայցի ապահովման միջոց` արգելել պատասխանողներ Սոֆյա Նահապետյանին և Աննա Հարությունյանին օտարել Երևան քաղաքի Բաղրամյան 58 շենքի թիվ 52 բնակարանը:

Դատարանի 24.06.2013թ. որոշմամբ միջնորդությունը բավարարվել է: Արգելվել է պատասխանողներ Սոֆյա Նահապետյանին և Աննա Հարությունյանին օտարել Երևան քաղաքի Բաղրամյան 58 շենքի թիվ 52 բնակարանը: Դատարանը մասնավորապես նշել է. «(...) Քննարկելով միջնորդությունը և նկատի ունենալով, որ նման միջոց չկիրառելը հայցի հնարավոր բավարարման դեպքում կարող է դժվարեցնել կամ անհնար դարձնել դատական ակտի կատարումը, քանի որ այն վերաբերում է հենց վեճի առարկային, ուստի դատարանը գտնում է, որ այն ենթակա է բավարարման»:

Հայցվորը 01.07.2013թ. հայցի ապահովումը փոփոխելու մասին միջնորդություն է ներկայացրել Դատարան` խնդրելով փոփոխել հայցի ապահովման միջոցը` արգելել պատասխանողներ Սոֆյա Նահապետյանին և Աննա Հարությունյանին և այլ անձանց օտարել Երևան քաղաքի Բաղրամյան 58 շենքի թիվ 52 բնակարանը:

Դատարան ներկայացված ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից 01.07.2013թ. տրված տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Բաղրամյան 58 շենքի թիվ 52 բնակարան հասցեի անշարժ գույքը նոտարի 21.06.2013թ. թիվ 2252 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա սեփականության իրավունքով պետական գրանցում է ստացել Վալերի Սուրենի Աջամյանի անվամբ:

Դատարանի 01.07.2013թ. որոշմամբ միջնորդությունը բավարարվել է: Արգելանք է դրվել Երևան քաղաքի Բաղրամյան 58 շենքի թիվ 52 բնակարանի վրա: Արգելվել է պատասխանողներ Սոֆյա Նահապետյանին, Աննա Հարությունյանին և այլ անձանց օտարել Երևան քաղաքի Բաղրամյան 58 շենքի թիվ 52 բնակարանը: Դատարանը մասնավորապես նշել է. «(...) Քննարկելով միջնորդությունը և նկատի ունենալով, որ նման միջոց չկիրառելը հայցի հնարավոր բավարարման դեպքում կարող է դժվարեցնել կամ անհնար դարձնել դատական ակտի կատարումը, քանի որ այն վերաբերում է հենց վեճի առարկային, ուստի դատարանը գտնում է, որ այն ենթակա է բավարարման»:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է գործը քննելիս և լուծելիս ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն:

«Դատավորի վարքագծի կանոնների» 1-ին կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է դրսևորել վարքագծի բարձր չափանիշներ` ապահովելով դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը: Արդարադատություն իրականացնելիս և ոչ դատական գործունեության ընթացքում դատավորը պարտավոր է ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ դատական օրենսգրքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն վարքագծի կանոններով:

«Դատավորի վարքագծի կանոնների» 2-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է իր վարքագծով ամրապնդել կողմերի, իրավաբանական հանրության և հասարակության հավատը դատավարության, դատավորի և դատարանի անկախության, անկողմնակալության և արդարության հանդեպ: Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև լինի տեսանելի, համոզիչ և ընկալվի որպես արդարության հաստատում:

«Դատավորի վարքագծի կանոնների» 6-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր գիտելիքների հարստացման, հմտության և անձնական հատկանիշների շարունակական կատարելագործման ուղղությամբ` այդ նպատակներին հասնելու համար օգտագործելով դատավորների վերահսկողության ներքո գտնվող վերապատրաստման բոլոր հնարավորությունները:

Կարգապահական հանձնաժողովը արձանագրում է, որ Դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը քննարկելիս գտել է, որ նման միջոց չկիրառելը հայցի հնարավոր բավարարման դեպքում կարող է դժվարեցնել կամ անհնար դարձնել դատական ակտի կատարումը, այնուհետև հայցի ապահովումը վերացնելու մասին միջնորդությունը քննարկելիս գտել է, որ հայցի ապահովման միջոցի պահպանումը պատասխանողներին զրկում է բանկային, վարկային գործարքներ կատարելու հնարավորությունից, հետևաբար խախտվում է պատասխանողների` օրենքներով երաշխավորված իրավունքները, իսկ մյուս դեպքերում հայցի ապահովում կիրառելու և հայցի ապահովումը փոփոխելու մասին միջնորդությունները քննարկելիս երկու դեպքում էլ կրկին գտել է, որ նման միջոցներ չկիրառելը հայցի հնարավոր բավարարման դեպքում կարող է դժվարեցնել կամ անհնար դարձնել դատական ակտի կատարումը, քանի որ այն վերաբերում է հենց վեճի առարկային:

Ավելին, Դատարանի կողմից կայացված դատական ակտերում չեն նշվել բավարար պատճառաբանություններ իր իսկ կողմից արված նույնանման եզրահանգումների մասին, մասնավորապես այն, թե ինչ հանգամանքներ են փոխվել կամ վրա հասել հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը բավարարելուց հետո, որի արդյունքում վերացվել է արդեն իսկ կիրառված արգելանքը, կամ արգելանքը վերացվելուց հետո ընդամենը մի քանի օրվա ընթացքում ինչ հանգամանքներ են փոխվել կամ վրա հասել կրկին նույն հայցի ապահովման միջոցը կիրառելու համար, որի արդյունքում կայացվել է իրավական հիմնավորումներից զուրկ` չպատճառաբանված և չհիմնավորված դատական ակտ:

Այսպիսով, առանց վերոնշյալ հանգամանքների փոփոխությունն արձանագրելու` չհիմնավորված և չպատճառաբանված կերպով հայցի ապահովման միջոց կիրառելով, վերացնելով, կրկին կիրառելով և այնուհետև կիրառված հայցի ապահովման միջոցը փոփոխելով` դատավորը նույն գործով իրավական նորմերի կիրառման և դրանց իրավական գնահատման հետ կապված դրսևորել է կամայական մոտեցում (դատավորի կողմից ցուցաբերած կամայական մոտեցման մասին իր իրավական դիրքորոշումն է հայտնել Արդարադատության խորհուրդն իր 05.11.2010թ. թիվ ԱԽ 19-Ո-19 որոշմամբ):

Բացի այդ, հայցվորը 01.07.2013թ. ներկայացրել է հայցի ապահովումը փոփոխելու մասին միջնորդություն` խնդրելով փոփոխել հայցի ապահովման միջոցը` արգելել պատասխանողներ Սոֆյա Նահապետյանին և Աննա Հարությունյանին և այլ անձանց օտարել Երևան քաղաքի Բաղրամյան 58 շենքի թիվ 52 բնակարանը:

Մինչդեռ Դատարանի 01.07.2013թ. որոշման ներածական մասում նշված է հետևյալը` «(...) քննարկելով հայցվոր Արմեն Ալբերտի Հարությունյանի ներկայացուցչի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին...»: Այնուհետև նույն որոշման մեջ նշված է` «(...) Հայցվորի ներկայացուցիչ Ա. Հարությունյանը 01.07.2013 թ-ին դատարանում մուտքագրել է հայցի ապահովումը փոփոխելու մասին միջնորդություն (...)»: Արդյունքում վերոնշյալ որոշմամբ միջնորդությունը բավարարվել է: Արգելանք է դրվել Երևան քաղաքի Բաղրամյան 58 շենքի թիվ 52 բնակարանի վրա: Արգելվել է պատասխանողներ Սոֆյա Նահապետյանին, Աննա Հարությունյանին և այլ անձանց օտարել Երևան քաղաքի Բաղրամյան 58 շենքի թիվ 52 բնակարանը:

Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատավորի նման գործունեությունը չի համապատասխանում բարձր մասնագիտական պատրաստվածություն ունենալու պարտականությանը և սոցիալական ձեռնհասության /կոմպետենտության/ և ջանասիրության բարձր աստիճանին ու ստվերում է Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոններով ամրագրված` դատավորի, դատարանի և արդարության նկատմամբ հասարակության հավատն ու վստահությունն ամրապնդելուն ուղղված բոլոր ջանքերը, ինչն էլ իր հերթին կարող է խարխլել այդ վստահությունը:

Այնինչ դատավորն իր կարգավիճակով պարտավորված է մշտապես հոգ տանել իր մասնագիտական գիտելիքների մակարդակի և աշխատանքի որակի բարձրացման մասին:

Բացի այդ, տեսանելի և համոզիչ արդարադատության իրականացումը պահանջում է դատավորից հարգել օրենքը, դատական գործունեությունն իրականացնել իրավունքի գիտակցված ընկալմանը համապատասխան:

Միաժամանակ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ հայցի ապահովումը փոփոխելու մասին 01.07.2013թ. միջնորդությունը Դատարանը քննարկել և որոշում է կայացրել այն ստանալու օրը` առանց դատական նիստ հրավիրելու:

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու հարցը լուծվում է նույն օրենսգրքի 101-րդ հոդվածով սահմանված կարգով:

Նույն օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցի ապահովման վերացման հարցը լուծվում է միջնորդությունը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հայցի ապահովման վերացման հարցի քննարկման համար:

Այսպիսով, Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ արդարադատություն իրականացնելիս Դատարանի դատավոր Ս. Արամյանի կողմից թույլ են տրվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ և՛ վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտումը, և՛ նյութական կամ դատավարական օրենքի նորմի խախտումը չի կարող թույլ տրվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն և դրսևորել է կամայական մոտեցում, որի արդյունքում թույլ են տրվել վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ, դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ»:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

 

Դատավոր Ս. Արամյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Արմեն Հարությունյանի հայցն ընդդեմ Սոֆյա Նահապետյանի և Աննա Հարությունյանի` Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 58 շենքի թիվ 52 բնակարանի 3/8 մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին 07.05.2013թ. ընդունվել է վարույթ և նախապատրաստվել դատաքննության:

Հայցվորը միաժամանակ միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց և արգելանք դնել Բաղրամյան պողոտայի 58 շենքի թիվ 52 բնակարանի վրա, որը Դատարանի 07.05.2013թ. որոշմամբ բավարարվել է:

Արգելանք է դրվել նշված բնակարանի վրա, և արգելվել է օտարել այդ գույքը, կատարել որևէ գործարք նշված գույքի հետ կապված:

Սույն գործով պատասխանողների ներկայացուցիչը 01.06.2013թ. հայցի ապահովումը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացրել Դատարան:

Կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ միջնորդությունը մանրամասն քննարկվել է 13.06.2013թ. հրավիրված դատական նիստում:

Դատարանը ներքին համոզմամբ գնահատելով կողմերի դիրքորոշումը, հաշվի առնելով, որ մեկի իրավունքների պաշտպանությունը չպետք է խախտի մյուսի իրավունքներն ու շահերը, առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ, իսկ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 18.03.2013թ. թիվ ԱՐԱԴ/0093/02/13 վճիռը /ըստ դատալեքսի տվյալների/, որը հիմք է հանդիսացել սույն գործով հայցի հարուցման համար, Սոֆյա Նահապետյանի կողմից վերաքննության կարգով բողոքարկված է, Դատարանը վերացրել է 07.05.2013թ. որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը` բնակարանի վրա դրված արգելանքը, իսկ բնակարանն օտարելն արգելելու և դրա հետ կապված գործարքներ կատարելու մասով հայցի ապահովումը չի վերացվել:

Հայցվոր Արմեն Հարությունյանի ներկայացուցիչը 24.06.2013թ. ներկայացրել է հայցի ապահովում կիրառելու մասին նոր միջնորդություն:

Միջնորդություն ներկայացնելու նույն օրը` 24.06.2013թ. որոշմամբ բավարարել եմ հայցվոր Ա. Հարությունյանի ներկայացուցչի միջնորդությունը, որով արգելվել է պատասխանող Սոֆյա Նահապետյանին և Աննա Հարությունյանին օտարել Երևան քաղաքի Բաղրամյան 58 շենքի թիվ 52 բնակարանը:

01.07.2013 թ-ին հայցվորի ներկայացուցիչը Դատարանին է ներկայացրել «հայցի ապահովումը փոփոխելու մասին» միջնորդություն, որով խնդրել է «փոփոխել հայցի ապահովման միջոցը` արգելել պատասխանող Սոֆյա Նահապետյանին, Աննա Հարությունյանին և այլ անձանց օտարել Երևան քաղաքի Բաղրամյան 58 շենքի թիվ 52 բնակարանը»:

Հաշվի առնելով, որ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը ոչ թե հայցի ապահովման միջոցի փոփոխությանն է վերաբերում, որտեղ ավելացվել է միայն «և այլ անձանց» բառերը, միջնորդությունն ստանալու նույն օրը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի, 98-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 99-րդ հոդվածի համաձայն բավարարել եմ միջնորդությունը:

Հարկ է նշել, որ սկսած 2009 թվականից` Արմեն Հարությունյանի միջնորդությունների հիման վրա մի քանի անգամ դատարանի որոշումներով արգելանք է դրվել Երևան քաղաքի Բաղրամյան փողոցի 58 շենքի թիվ 52 բնակարանի վրա, մի քանի անգամ վերացվել և այդ ժամանակահատվածներում բնակարանը չի օտարվել: Այս դեպքում ևս Դատարանը չէր կարող կռահել, որ արգելանքը վերացվելուց հետո մի քանի օրվա ընթացքում պատասխանողները կգտնվեն անբարեխիղճ և կվաճառեն բնակարանը, իսկ որոշ իրավասու մարմիններին կանտեսեն, որ բնակարանի օտարումն արգելելու Դատարանի որոշման մասը վերացված չէ:

Հայցվորի ներկայացուցչի 24.06.2013թ. միջնորդությունը բավարարվել է, քանի որ հստակ նշվել է «Հայցվոր Արմեն Հարությունյանի կողմից հայցի ապահովում խնդրելու նպատակն է արգելել պատասխանողներին օտարել վիճելի անշարժ գույքը»:

Հարկ է նշել, որ Դատարանը դեռևս գտնվում է նախապատրաստական փուլում, ապա հայցվորը զրկված չէ ավելացնելու հայցի չափը, որպեսզի անվավեր ճանաչվի բնակարանի առուվաճառքի գործարքը և դրա հիման վրա կատարված գրանցումը, որի պարագայում հայցի սկզբնական մասը բավարարելու դեպքում կբավարարվի նաև այդ պահանջը, իսկ մերժվելու դեպքում կմերժվի նաև այդ պահանջը:

Անդրադառնալով 07.05.2013թ. հայցի ապահովման միջոց կիրառելու որոշմանը` նշում եմ հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասը թվարկում է հայցի ապահովման միջոցները: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ անհրաժեշտության դեպքում դատարանն իրավունք ունի կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց:

Դրանից ելնելով` Դատարանի 07.05.2013թ. որոշումը պարունակում է հայցի ապահովման 2 միջոց`

ա/ արգելանք դնել Երևան քաղաքի Բաղրամյան 58 շենքի թիվ 52 բնակարանի վրա,

բ/ արգելել օտարել նշված գույքը, կատարել որևէ գործարք` նշված գույքի հետ կապված:

Դատարանի 13.06.2013թ. որոշմամբ վերացվել է միայն Բաղրամյան պողոտայի 58 շենքի թիվ 52 բնակարանի վրա դրված արգելանքը, իսկ նշված գույքն օտարելու և դրա հետ կապված գործարքներ կատարելու արգելանքը չի վերացվել:

ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողն իրավունք չուներ վերացնել նաև բնակարանի օտարման վերաբերյալ Դատարանի 07.05.2013թ. որոշմամբ կիրառված և 13.06.2013թ. որոշմամբ չվերացված հայցի ապահովման 2-րդ միջոցը, իսկ կադաստրի մարմինն իրավունք չուներ բնակարանի օտարումն արգելանքի տակ գտնվելու պարագայում տրամադրեր սահմանափակումներն ամբողջական վերացված լինելու վերաբերյալ միասնական տեղեկանք:

Հետևաբար գործով պատասխանողներ Սոֆյա Նահապետյանը և Աննա Հարությունյանն իրավունք չունեին օտարելու նշված բնակարանը:

Անդրադառնալով Կարգապահական հանձնաժողովի որոշմամբ նշված այն հատվածին, որ հայցի ապահովումը փոփոխելու մասին 01.07.2013թ. միջնորդությունը Դատարանը քննարկել և որոշում է կայացրել այն ստանալու օրը, առանց դատական նիստ հրավիրելու, որի հետևանքով իմ կողմից իբր խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածը, մասնավորապես այդ հոդվածի 2-րդ մասը, նույնպես չեմ ընդունում:

Հայցվորի ներկայացուցիչն է իր միջնորդությունն անվանել «Հայցի ապահովումը փոփոխելու մասին», մինչդեռ դրա բովանդակությունից և էությունից հետևում է, որ այն ոչ թե հայցի ապահովման միջոցի փոփոխություն է, այլ վերաբերում է 07.05.2013թ. և 24.06.2013թ. որոշումներով կիրառված գույքն օտարելու արգելանքին, և ավելացվել է միայն «և» շաղկապն ու «այլ անձանց» բառերը, այսինքն` կիրառված հայցի ապահովման միջոցի ավելացում է:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով` Դատարանն իր նախաձեռնությամբ արգելանք է դրել Բաղրամյան պողոտայի 58 շենքի թիվ 52 բնակարանի վրա, որպեսզի այլ մարմինների կողմից կրկին չանտեսվի բնակարանն օտարելու արգելանք դրված լինելու հանգամանքը և կրկին չօտարվի բնակարանը` բավարարելով նաև այլ անձանց կողմից, որոնց մեջ մտնում է նաև բնակարանի նոր սեփականատեր Վալերի Աջամյանը, բնակարանի օտարումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով միջնորդությունը քննարկվել է նույն օրը և կայացվել որոշում: Այս պարագայում որևէ խախտում առկա չէ:

Միաժամանակ հայտնում եմ, որ համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերից է արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը: Այս հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից տվյալ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելուց հետո` մեկ տարվա ժամկետում:

Գտնում եմ, որ թիվ ԵԱՔԴ/0835/02/13 քաղաքացիական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտ առկա չէ, հետևաբար առկա չէ նաև պատասխանատվության ենթարկելու հիմքը:

Բացի այդ, Կարգապահական հանձնաժողովն իր որոշման մեջ դատավարական նորմի խախտում է նշել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասը` դրանից բխեցնելով 101-րդ հոդվածի 2-րդ մասը, որն ինչպես նշվեց վերը, տվյալ գործով առկա չէ:

Չեմ ընդունում նաև Կարգապահական հանձնաժողովի հղումը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 4-րդ մասին, քանի որ չի նշվել անգամ մեկ դեպք, որ իմ կողմից թույլ է տրվել «Դատավորի վարքագծի կանոններ»-ի 1-ին, 2-րդ, 6-րդ կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտում կամ դրանցից որևէ մեկը:

Կիրառված հայցի ապահովման միջոցները դատավորի կողմից իր իրավասության շրջանակներում մի մասով վերացնելը չի կարող հիմք հանդիսանալ վերը նշված հոդվածի 4-րդ մասով իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

Վերը շարադրվածից ելնելով` խնդրում եմ ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` կարճել հարուցված կարգապահական վարույթը»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստը.

1) Դատարանի դատավոր Ս. Արամյանը սույն թվականի օգոստոսի 12-ից օգոստոսի 30-ը ներառյալ և սեպտեմբերի 2-ից սեպտեմբերի 20-ը ներառյալ գտնվել է արձակուրդում:

2) Խորհուրդը 30.08.2013թ. հրավիրված նիստում, քննարկելով Կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը` դատավոր Ս. Արամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշել է այն հետաձգել դատավորի բացակայության ժամանակահատվածով:

3) ՀՀ Նախագահի 19.09.2013թ. թիվ ՆՀ-235-Ա հրամանագրով դադարեցվել է Դատարանի դատավոր Ս. Արամյանի լիազորությունները` պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննարկելով Դատարանի դատավոր Ս. Արամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը` Խորհուրդը գտնում է, որ այն ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` Արդարադատության խորհուրդը կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործն այն դեպքում, երբ դադարեցվել են նրա լիազորությունները, կամ նա ազատվել է իր պաշտոնից:

ՀՀ դատական օրենսգրքի մեջբերված դրույթի հետ մեկտեղ Խորհուրդն արձանագրում է հետևյալը.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավոր Ս. Արամյանը սույն թվականի օգոստոսի 12-ից օգոստոսի 30-ը ներառյալ և սեպտեմբերի 2-ից սեպտեմբերի 20-ը ներառյալ գտնվելու էր արձակուրդում, ուստի Խորհուրդը 30.08.2013թ. հրավիրված նիստում, քննարկելով Կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը` դատավոր Ս. Արամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշել է այն հետաձգել դատավորի բացակայության ժամանակահատվածով:

ՀՀ Նախագահի 19.09.2013թ. թիվ ՆՀ-235-Ա հրամանագրով դադարեցվել է Դատարանի դատավոր Ս. Արամյանի լիազորությունները` պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ:

Նման պայմաններում Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Ս. Արամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը ենթակա է կարճման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 162-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը մերժել: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Արամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

    Արդարադատության խորհրդի անդամներ`        Վ. Աբելյան

                                             Ռ. Բարսեղյան

                                             Գ. Ղազինյան

                                             Ա. Թումանյան

                                             Ս. Օհանյան

                                             Գ. Խանդանյան

                                             Վ. Ստեփանյան

                                             Մ. Մակյան

                                             Հ. Փանոսյան

                                             Մ. Մարտիրոսյան

 

 

pin
Արդարադատության խորհուրդ
27.09.2013
N ԱԽ-23-Ո-31
Որոշում