Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՖԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

25 ապրիլի 2013 թվականի N 16

 

8. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ բնապահպանության ոլորտի նորարարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` 6-ամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել բնապահպանության ոլորտի նորարարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագիր:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թ. ապրիլի 25-ի նիստի

N 16 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 1. Հայաստանում շրջակա միջավայրի վրա բացասական ներգործությունները նվազեցնելու և բնական ռեսուրսների արդյունավետ (կայուն) օգտագործումը ապահովելու (կարգավորիչ դեր), ինչպես նաև բնապահպանական ներդրումների և պետական բյուջեի համալրման համար ֆինանսական ռեսուրսների կուտակում (դրամական հոսքերի ավելացում) ապահովելու (ֆիսկալ դեր) նպատակներով «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի և այդ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունման միջոցով 1998-2000 թթ. ներդրվել և գործում է տնտեսական մեխանիզմների (լծակների) որոշակի համակարգ, երբ բնապահպանական կամ բնօգտագործման վճարներ են գանձվում ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման, շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների տեղադրման, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրության և ներմուծման համար: Դրանց օգտագործման շնորհիվ զգալի ավելացել են հանրապետության պետական բյուջե մուտքագրվող եկամուտները, ինչպես նաև առանձին դեպքերում նվազել են շրջակա միջավայրի աղտոտման ծավալները: Վերջին 13 տարիների ընթացքում բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալներն աճել են ավելի քան 20 անգամ` 1998 թ. 608.0 մլն դրամից` 2012 թ. հավասարվելով 13 462.5 մլն դրամի: Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալների դինամիկան 2006-2012 թթ. մլրդ դրամներով ____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Տեսչական վերահսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և երկրի տնտեսության զարգացմանը զուգընթաց զգալիորեն ավելացել և ավելանում են բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով պետական բյուջեի մուտքերը` նպաստավոր պայմաններ/հենք ստեղծելով հանրապետությունում բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը նպատակաուղղված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման համար:

 

Բնապահպանական և բնօգտագործման վճարների տեսակարար կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ (%)

 

____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

II. ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ 2. Պետք է փաստել նաև, որ պետության ընդհանուր ֆինանսական աղբյուրների միջոցների սահմանափակության պայմաններում բյուջետային ծախսային գերակայություններում բնապահպանական միջոցառումները շարունակում են պակաս գերակա համարվել, արդյունքում` շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների վրա կատարվող ծախսերի ՀՆԱ-ի նկատմամբ ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է ԱԵԿԿԱ երկրների մասով ամենավերջին տեղերից մեկը:

 

.___________________________________________________________________.

|                                       |2008թ.|2009թ.|2010թ.|2011թ.|

|_______________________________________|______|______|______|______|

|ՀՀ պետական բյուջեով Շրջակա միջավայրի   |   3.0|   3.9|   4.9|  6.63|

|պաշտպանությանը նպատակաուղղվող          |      |      |      |      |

|հատկացումներ (մլրդ. դրամ)              |      |      |      |      |

|_______________________________________|______|______|______|______|

|Բնապահպանական և  բնօգտագործման վճարների|  6.12|  9.97|  9.10| 12.17|

|գծով պետական բյուջե փաստացի մուտքագրված|      |      |      |      |

|մուտքեր (մլրդ. դրամ) (աղբյուր - ՀՀ     |      |      |      |      |

|պետբյուջեի կատարման տարեկան            |      |      |      |      |

|հաշվետվություն)                        |      |      |      |      |

|_______________________________________|______|______|______|______|

|Վճարների հասցեական օգտագործման         |  49.0|  39.1|  53.8|  54.5|

|ցուցանիշը (տոկոս)                      |      |      |      |      |

.___________________________________________________________________.

 

Չնայած ՀՀ պետական բյուջեով շրջակա միջավայրի պահպանությանը նպատակաուղղվող հատկացումների աճման կայուն միտումին` բնապահպանական և բնօգտագործման վճարների հասցեական օգտագործումը շարունակում է մնալ Կայուն Զարգացման Ծրագրի մարտահրավերների շարքում:

Դրական կարող է գնահատվել միայն այն փաստը, որ ՀՀ պետական բյուջեի շրջակա միջավայրի պահպանությանը նպատակաուղղվող հատկացումների տեսակարար կշիռը, թեև աննշան, բայց աճի միտում ունի:

Առկա հիմնախնդիրների շարքում պետք է նշել նաև այն հանգամանքը, որ առկա են բնապահպանական վճարների հաշվարկման օբյեկտներ (հատկապես լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոնների մասով), որոնք սակայն գործող օրենսդրությամբ սահմանված չեն կամ սահմանված են առանց դրույքաչափերի:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների, ռոյալթիների գծով պետական բյուջեի մուտքերի հասցեական օգտագործման առկա հիմնախնդիրների շարքում պետք է նշել նաև այն փաստը, որ ներկայումս վերը նշված վճարներից հատկացումներ չեն կատարվում ընդերքի պահպանությանը նպատակաուղղված ներքոհիշյալ միջոցառումների կատարմանը`

1) ռեգիոնալ երկրաբանական ուսումնասիրություն` ռեգիոնալ երկրաբանա-երկրաֆիզիկական աշխատանքներ, երկրաբանական հանույթ (քարտեզագրում), երկրաքիմիական, սեյսմաբանական, հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական հետազոտություններ, գիտահետազոտական, հնէաբանական և այլ աշխատանքներ` ուղղված ընդերքի ընդհանուր երկրաբանական ուսումնասիրությանը,

2) հրաբխային գործունեության ուսումնասիրության երկրաբանական աշխատանքներ, արտածին երկրաբանական պրոցեսների մշտադիտարկումներ,

3) միներալոգիական, հնէաբանական և երկրաբանական այլ հավաքածուների ստեղծում, գեղագիտական և կիսաթանկարժեք քարերի հավաքում,

4) գիտական, մշակութային, գեղագիտական և այլ նշանակություն ունեցող երկրաբանական օբյեկտների (եզակի երկրաբանական առաջացումներ, բնության հուշարձաններ, քարանձավներ և այլն) նկարագրում ու պահպանում:

 

III. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾՈՂ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

 

3. Բնապահպանական և բնօգտագործման վճարների հասցեական օգտագործման առկա հիմնախնդիրների լուծումը Հայաստանում իրականացվում է մի քանի ուղղություններով`

 

3.1. «Առաջին ուղղություն»

Բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով հավաքագրվող գումարների օգտագործումը հասցեական դարձնելու նպատակով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում կատարված համապատասխան լրացումով ամրագրվել է, որ «Բնապահպանական ծրագրերի գծով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվող ծախսերը չեն կարող պակաս լինել, քան այդ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարվա բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով փաստացի մուտքերի հանրագումարը»: Օրենքն ուժի մեջ է մտել 2011 թ-ից:

 

3.2. «Երկրորդ ուղղություն»

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի կիրարկման շրջանակների ընդլայնումն է: Օրենքի կիրարկման շրջանակներում խոշոր լեռնամետալուրգիական ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարները հատկացվում են ազդակիր համայնքներին` բնապահպանական և առողջապահական միջոցառումների ֆինանսավորման համար:

ՀՀ 2004-2012 թթ. պետական բյուջեի կատարման շրջանակներում բնապահպանական ծրագրերի իրականացման համար հատկացվող սուբվենցիաների գումարը 2004 թ. 131.4 հազ. դրամից աճել է 2012 թ. հավասարվելով 277.1 մլն. դրամի, այդ թվում 2012 թ.-ից բնապահպանական ծրագրեր իրականացնելու համար համապատասխան սուբվենցիաներ ստանալու իրավունքից օգտվում են 26 համայնքներ:

 

3.3. «Երրորդ ուղղություն»

Հաշվի առնելով միջազգային փորձը, Հայաստանում բնապահպանական ներդրումային/ նպատակային ծրագրերի /նախագծերի/ իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կուտակելու համար ստեղծվել և գործում են բնապահպանական ֆոնդերի համապատասխան համակարգեր, մասնավորապես`

. 2004 թ. ՀՀ կառավարության 10.06.2004 թ. N 891-Ն որոշմամբ ստեղծված Անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամը, որի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ անտառների վերականգնման գործընթացին և բարենպաստ պայմաններ ստեղծել ՀՀ անտառների զարգացման համար:

. 2005 թ.-ից գործում է Շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխը, որտեղ իրականացվում է համապատասխան երաշխիքային գումարների կուտակումը` ընդերքի շահագործման հետևանքով խախտված տարածքների ռեկուլտիվացիայի, հարթեցման, կանաչապատման, ծառատնկման և կառուցապատման աշխատանքների իրականացման համար: 01.04.2013 թ. դրությամբ արդեն իսկ հավաքագրվել է ավելի քան 422.5 մլն դրամ:

. 2005 թ.-ից գործում է «Բնապահպանական նպատակային ֆոնդ» արտաբյուջետային հաշիվը: 2005-2012 թթ. արդյունքներով Հայաստանի Հանրապետության իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից կամավոր մուծումների, նվիրատվությունների և հանգանակությունների տեսքով ֆոնդին է փոխանցվել ընդհանուր հանրագումարով ավելի քան 300.0 մլն դրամ, որոնց հաշվին իրականացվել են մի շարք կարևոր բնապահպանական ծրագրեր և միջոցառումներ:

. ՀՀ կառավարության 2011 թ. ապրիլի 28-ի N 517-Ն որոշմամբ ստեղծվել է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամը, որի նպատակն է աջակցել Սևանա լճի` որպես Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանի վերականգնմանը, վերարտադրությանը, պահպանմանը, բնականոն զարգացմանը և օգտագործմանը, ջրի մաքրության ապահովման համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերմանը:

 

IV. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

4. Միջազգային փորձ

ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայում կենսաբազմազանությունը սահմանում է` որպես կենսաբանական համակարգ առանձնացնելով`

- տեսակների բազմազանություն` բույսեր, կենդանիներ, միկրոօրգանիզմներ,

- գենետիկական բազմազանություն յուրաքանչյուր տեսակի ներսում (օրինակ` գյուղատնտեսական մշակաբույսերի կամ կենդանիների առանձին ենթատեսակներ)

- էկոհամակարգերի բազմազանություն` անապատներ, անտառներ, ճահիճներ, լճեր, գետեր և այլն:

Էկոհամակարգը սահմանվում է` որպես կենսաբանական համակարգ (բիոցենոզ), որը իրենից ներկայացնում է կենդանի օրգանիզմների, նրանց բնակության միջավայրի (բիոտոպ) և նրանց միջև առկա փոխադարձ կապերի համախումբ, որոնց արդյունքում տեղի է ունենում նյութերի և էներգիայի փոխանակություն:

Ներկայումս արդիական է դարձել այնպիսի հարցերի լայն քննարկումը, որոնք կապված են էկոհամակարգային գործառույթների (ծառայությունների), ներառյալ դրանց գնահատման, պոտենցիալ վաճառողների և փոխհատուցման մեխանիզմների սահմանման, այդ ծառայությունների շուկաների ձևավորման հետ: Ստեղծվել են ֆունդամենտալ հետազոտություններ, նվիրված էկոծառայությունների էկոնոմիկային, որոնց շարքում` «Էկոհամակարգային ծառայությունների գնահատումը հազարամյակի շեմին» Millennium Ecosystem Assessment, 2003, 2005 UNEP-ի կողմից, որի ստեղծման աշխատանքներին տարբեր երկրներից ներգրավվել են ավելի քան 1000 գիտնականներ, Եվրոպական միության «Կենսաբազմազանության և էկոհամակարգերի էկոնոմիկա» The Economics of Ecosystems and Biodiversity (TEEB), 2008 նախագիծը, Համաշխարհային Բանկի Էկոլոգիական դեպարտամենտի և Բնության պահպանության միջազգային միության մշակումները և այլն: Այս տեսական մշակումների կողքին, առանձին երկրներում և միջազգային մակարդակով ի հայտ եկան նաև էկոհամակարգային ծառայությունների փոխհատուցման և տնտեսական գնահատման պրակտիկ օրինակներ: Կիոտոյի արձանագրությունը, որոշակի իմաստով, դարձավ կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակով էկոհամակարգային ծառայությունների համակարգը միջազգային և ազգային տնտեսական մեխանիզմների մեջ ներառելու միջազգային հանրության առաջին փորձը:

 

4.1. Էկոհամակարգային ծառայությունների դասակարգման տարբեր մոտեցումներ-սահմանումներ

4.1.1. Համաձայն ՄԱԿ ԵՏՀ-ի սահմանման` «էկոհամակարգային ծառայություններ» (ԷԾ) նշանակում են օգուտներ, որոնք մարդիկ ստանում են էկոհամակարգերից (1): Էկոհամակարգային ծառայությունները չունեն ստանդարտ սահմանում: «էկոհամակարգային ծառայությունները» ներառում են մատակարարման ծառայություններ, ինչպես օրինակ` սնունդ, ջուր, փայտանյութ և մանրաթել, կարգավորող ծառայություններ, որոնք ազդում են կլիմայի, հեղեղումների, վարակների, թափոնների և ջրի որակի վրա, մշակութային ծառայություններ, որոնք տալիս են ռեկրեացիոն, էսթետիկ և հոգևոր օգուտներ, և աջակցող ծառայություններ, ինչպես օրինակ` հողի կազմավորում, ֆոտոսինթեզ և սննդանյութերի շրջանառություն, սակայն կարող են ընդհանուր առմամբ կոչվել «տնային տնտեսություններին, համայնքներին և տնտեսություններին բնության կողմից տրամադրվող օգուտներ» (2) կամ, ավելի պարզ` «լավ բաներ, որ բնությունն անում է» (3):

_______________________

1) UN ECE Convention on the Protection and Use of Transboundary Watercourses and International Lakes, «Recommendations on Payments for Ecosystem Services in Integrated Water Resources Management», 2007.

2) James Boyd and Spencer Banzhaf, What Are Ecosystem Services? The Need for Standardized Environmental Accounting Units. Resources for the Future Discussion Paper, available at: http://www.rff.org/Documents/RFF-DP-06-02.pdf

3) Matt Jenkins, Mother Nature's Sum. Miller-McCune Online Article, available at: http://www.miller-mccune.com/article/677

 

4.1.2. Առանձին էկոհամակարգերը և կենսոլորտն ընդհանրապես ապահովում են ապրանքների և ծառայությունների մեծ բազմազանություն: Հասարակության բարեկեցության ինքնին գոյությունը կախված է էկոհամակարգային ծառայություններից: Սակայն այս ծառայությունների սահմանումը որոշակի տարակարծությունների և քննարկումների առիթ է տալիս: Սակայն նման սահմանումը առաջացնում է էկոծառայությունների տնտեսական (արժեքային) նույնականացման անհրաժեշտություն, ինչը բավականին բարդ խնդիր է: Հաճախ էկոհամակարգային ծառայությունները կապում են բնական կապիտալի հետ: Այստեղ կարելի է առանձնացնել 2 մոտեցում. Առաջին` լայն իմաստի շրջանակներում բնական կապիտալի բոլոր գործառույթները հանդիսանում են էկոհամակարգային: Երկրորդ մոտեցման դեպքում էկոհամակարգային ծառայությունները դիտվում են որպես բնական կապիտալի գործառույթներից մեկը, սա նեղ իմաստով: Այս թեզիսի համաձայն առանձնացնում են բնական կապիտալի 4 գործառույթ.

1) ռեսուրսային-արտադրության ապահովումը բնական ռեսուրսներով,

2) կարգավորող-Էկոհամակարգային ծառայություններ` կապված բնության կողմից տարբեր բնույթի գործառույթներով ապահովման հետ` աղտոտումների և թափոնների ասսիմիլյացիա, կլիմայի և ջրային ռեժիմի կարգավորում, օզոնային շերտ և այլն,

3) ծառայություններ` կապված էսթետիկական, էթիկական, բարոյական, մշակութային, պատմական ասպեկտների հետ, որոնք այսպես կոչված «հոգևոր» էկոլոգիական ծառայություններն են,

4) հասարակության առողջության ապահովում, որը տնտեսագիտության մեջ դեռ նոր է, և որոշակի իմաստով այն կարող է ներառվել առաջին 3 գործառույթների մեջ:

4.1.3. Առաջին դասական տնտեսագիտական հետազոտությունը էկոհամակարգային ծառայությունների սահմանման և տնտեսական գնահատման բնագավառում Ռ. Կոստանզայի աշխատանքն էր (Costanza et al., 1997): Նա առաջարկում էր բնական կապիտալի տարրերի դասակարգման «էկոհամակարգային մոտեցումը», որի համաձայն բնական կապիտալի կառուցվածքային միավորներն են հանդիսանում էկոհամակարգերը: Էկոհամակարգային մոտեցումը իրենից ներկայացնում է հողային, ջրային և կենդանի ռեսուրսների կառավարման կոմպլեքս ռազմավարություն, որը խթանում է դրանց պահպանությունը և կայուն օգտագործումը: Դրա հիման վրա գնահատվում է վերականգնվող բնական կապիտալի գլոբալ արժողությունը: Էկոհամակարգային ծառայությունները մեկնաբանվում են որպես բնական կապիտալի պաշարներից բխող նյութական, էներգետիկ և ինֆորմացիոն հոսքեր, որոնք մարդկային և ֆիզիկական կապիտալների հետ միասին ապահովում են հասարակության բարեկեցությունը:

4.1.4. Լայն իմաստով, եթե էկոհամակարգերը դիտենք, որպես բնական կապիտալի տեսակ, էկոհամակարգային ծառայությունների տակ կարելի է հասկանալ բնության կողմից մատուցվող ապրանքների և ծառայությունների ողջ բազմազանությունը, այսինքն բնական կապիտալի 4 գործառույթներն էլ: Millennium Ecosystem Assessment-ի կողմից գոյություն ունեցող դասակարգման համաձայն էկոհամակարգային ծառայությունները կարող են վերաբերել 4 լայն կատեգորիաներից որևէ մեկին, որոնք, ընդհանուր առմամբ համընկնում են բնական կապիտալի գործառույթների հետ: Դրանք ներառում են կարգավորիչ, ապահովիչ և մշակութային ծառայությունները, որոնք ուղղակիորեն ազդում են մարդկանց վրա և նպաստող ծառայությունները, որոնք անհրաժեշտ են մյուս ծառայությունների պահպանման համար: Էկոհամակարգային ծառայությունների հիմնական տեսակները կարելի է ներկայացնել աղյուսակում.

 

Աղյուսակ

 

Էկոհամակարգային ծառայությունների դասակարգում Millennium Ecosystem

Assessment (այսուհետ` MEA դասակարգում)

.____________________________________________________________________.

|1. Ապահովող ծառայություններ - էկոհամակարգերից ստացվող արտադրանքներ  |

|____________________________________________________________________|

|Սննդի            |Բույսերից, կենդանիներից և  միկրոօրգանիզմներից     |

|արտադրություն    |ստացվող սննդային նյութերի մեծ ընտրանի             |

|_________________|__________________________________________________|

|Քաղցրահամ ջուր   |Քաղցրահամ ջուրը անհրաժեշտ է կենսագործունեության   |

|                 |համար                                             |

|_________________|__________________________________________________|

|Նյութեր          |Փայտանյութ, բամբակ, մետաքս և  այլն                |

|_________________|__________________________________________________|

|Վառելիք          |Փայտ, կենսաբանական նյութեր (օր. գոմաղբ)           |

|_________________|__________________________________________________|

|Գենետիկական      |Գեներ և  գենետիկական ինֆորմացիա, որն անհրաժեշտ է  |

|ռեսուրսներ       |բույսերի և  կենդանիների բուծման համար, և          |

|                 |բիոտեխնոլոգիաներ                                  |

|____________________________________________________________________|

|2. Կարգավորող ծառայություններ - էկոհամակարգային գործընթացների       |

|կարգավորումից ստացվող օգուտներ                                      |

|____________________________________________________________________|

|Օդի որակի        |Էկոհամակարգերը մի կողմից մթնոլորտ են արտազատում   |

|կարգավորում      |տարբեր քիմիական միացություններ, մյուս կողմից      |

|                 |հեռացնում են դրանք մթնոլորտից, ազդելով օդի որակի  |

|                 |վրա                                               |

|_________________|__________________________________________________|

|Կլիմայի          |Էկոհամակարգերը կարգավորում են կլիման, ինչպես      |

|կարգավորում      |լոկալ, այնպես էլ գլոբալ մակարդակներում            |

|_________________|__________________________________________________|

|Ջրի կարգավորում  |Ստորերկրյա ջրային համակարգերում ջրի պաշարների     |

|                 |լրացում: Էկոհամակարգերի ջրակուտակման ունակության  |

|                 |վրա ազդում են ջրաճահճային տարածքների չորացումը    |

|                 |կամ անտառային հողերի փոխարինումը գյուղատնտեսական  |

|                 |հողերով կամ քաղաքային տարածքներով                 |

|_________________|__________________________________________________|

|Մակերևութային  և |Էկոհամակարգերը ապահովում են ֆիլտրացիա և  ջրից     |

|ստորերկրյա ջրերի |օրգանական աղտոտիչների հեռացում                    |

|մաքրում          |                                                  |

|____________________________________________________________________|

|3. Մշակութային ծառայություններ - ոչ նյութական օգուտներ, որոնք մարդիկ|

|ստանում են էկոհամակարգերից հոգևոր  հարստացման, գիտահետազոտական      |

|գործունեության զարգացման, ռեկրեացիայի, էսթետիկական փորձի և  այլնի   |

|միջոցով:                                                            |

|____________________________________________________________________|

|Մշակութային      |Էկոհամակարգերի բազմազանությունը հանդիսանում է     |

|բազմազանություն  |մշակութային բազմազանության վրա ազդող գործոններից  |

|                 |մեկը                                              |

|_________________|__________________________________________________|

|Հոգևոր  և        |Շատ կրոններում հոգևոր  և  կրոնական արժեքները      |

|կրոնական արժեքներ|վերագրվում են էկոհամակարգերին կամ դրանց           |

|                 |բաղադրիչներին                                     |

|_________________|__________________________________________________|

|Գիտելիքների      |Էկոհամակարգերը ազդում են գիտելիքների համակարգերի  |

|համակարգ         |տեսակների վրա                                     |

|_________________|__________________________________________________|

|Կրթական արժեքներ |Էկոհամակարգերը, դրանց բաղադրիչները և  նրանցում    |

|                 |տեղի ունեցող գործընթացները հիմք են հանդիսանում    |

|                 |ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության      |

|                 |համար                                             |

|_________________|__________________________________________________|

|Էսթետիկական      |Էկոհամակարգի առանձին տարրեր էսթետիկական մեծ արժեք |

|արժեքներ         |են ներկայացնում (օր. գեղեցիկ լանդշաֆտ)            |

|_________________|__________________________________________________|

|Ռեկրեացիա և      |Հանգստի վայրի ընտրությունը իրականացվում է` ելնելով|

|էկոտուրիզմ       |լանդշաֆտի բնութագրիչներից                         |

|____________________________________________________________________|

|4. Նպաստող ծառայություններ - ծառայություններ, որոնք անհրաժեշտ են    |

|էկոհամակարգային մյուս ծառայությունների գործարկման համար             |

|____________________________________________________________________|

|Հողագոյացում     |Բազմաթիվ ապահովող ծառայություններ կախված են հողերի|

|                 |բերրիությունից և  հողագոյացման արագությունից      |

|_________________|__________________________________________________|

|Սննդարար նյութերի|Անհրաժեշտ սննդարար նյութերի մեծ մասը շրջանառվում է|

|շրջանառություն   |էկոհամակարգերում                                  |

|_________________|__________________________________________________|

|Ջրի              |Ջուրը նույնպես շրջանառվում է էկոհամակարգերում     |

|շրջանառություն   |                                                  |

|_________________|__________________________________________________|

|Ֆոտոսինթեզ       |Ֆոտոսինթեզի արդյունքում ստեղծվում է կենդանի       |

|                 |օրգանիզմներին անհրաժեշտ թթվածինը                  |

.____________________________________________________________________.

 

4.1.5. Էկոհամակարգի` որպես կապիտալի դիտարկումը կիրառվել է նաև համաշխարհային բանկի էկոլոգիական դեպարտամենտի մշակումներում, մասնավորապես Ս. Պաջիոլայի, Կ. ֆոն Ռիտտերի և Ջ. Բիշոփի «Էկոհամակարգերի պահպանության տնտեսական արժեքի գնահատում» (Assessing the Economic Value of Ecosystem Conservation) (2004) առաջարկվում է էկոհամակարգը դիտել` որպես կապիտալի ձևերից մեկը: ԵՎ ինչպես ֆիզիկական կապիտալն է որոշում արդյունաբերական արտադրության մասշտաբները, այնպես էլ բնական կապիտալի պաշարը որոշում է էկոլոգիական ծառայությունների քանակը, որը կարող է ստանալ երկիրը: Ընդ որում էկոհամակարգային կապիտալը ունի որոշակի առավելություններ ֆիզիկական կապիտալի նկատմամբ, քանի որ դրա ողջամիտ կառավարման պայմաններում այն ունակ է վերականգնվելու: Սակայն ոչ ճիշտ օգտագործման արդյունքում բնական կապիտալը հյուծվում է` նվազեցնելով ապագա արտադրական կարողությունները: Առանձնացնում են էկոհամակարգային բարիքներ և էկոհամակարգային ծառայություններ տերմինները: Բարիքների մեջ ներառվում են չվերականգնվող բարիքները (հանքանյութեր, հանածո վառելիք) և վերականգնվողները (կենդանիներ, բույսեր, ջուր, օդ, հող, ռեկրեացիա, էսթետիկա): Էկոհամակարգային ծառայությունների մեջ նրանք ներառել են.

. Ջրի և օդի մաքրում

. Կենսագեների փոխադրում

. Հողերի բերրիության ապահովում և վերարտադրում

. Էռոզիայի կարգավորում

. Բույսերի և կենդանիների բնակավայրերի անվտանգության ապահովում

. Տեղումների քանակի կարգավորում /մթնոլորտային օդի վրա ակտիվ ներգործություն/

. Վայրի և մշակային բույսերի փոշոտում

. Սերմերի տարածում

. Վնասատու տեսակների կարգավորում

. ՈՒլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանություն

. Կլիմայի կայունացում

. Ջերմաստիճանային էքստրեմումների, ալիքների և քամու արագության նվազեցում

. Երաշտներից պաշտպանություն:

 

4.1.6. Հասարակության բարեկեցությունը ուղղակիորեն կապված է բնության կողմից մատուցվող այս էկոհամակարգային ծառայություններից: Այս «բարիքները» պատկանելով հասարակությանը` այնուամենայնիվ չունեն ակնհայտ արժեք, ուստի չեն հանդիսանում շուկայական հարաբերությունների օբյեկտ: Հետևաբար, դրանց կրճատումը կամ կորուստը փաստացի ոչ մի կերպ չի արտացոլվում ժամանակակից տնտեսական մոդելներում, նույնիսկ հասարակության` էկոհամակարգային ծառայություններից բացահայտ մեծ կախում ունենալու պայմաններում:

Էկոհամակարգային ծառայությունները, որոնք նախկինում համարվում էին անսպառ, իրականում անսահմանափակ չեն և գոյություն ունեն շնորհիվ բնության կենսաբանական բազմազանության, որի ցանկացած խախտումները հանգեցնում են այդ ծառայությունների արդյունավետության անդառնալի նվազեցմանը:

4.1.7. Վերջին 50 տարիների ընթացքում համաշխարհային էկոհամակարգային ծառայությունների մոտավորապես 60%-ը, ներառյալ կարգավորող և մշակութային ֆունկցիաների 70%-ը խախտվել են անթրոպոգեն գործունեության հետևանքով (Millennium Ecosystem Assessment, 2005): Ներկայումս տեղի է ունենում դրանց հետագա դեգրադացումը Երկրի բնակչության անընդհատ աճի, տնտեսական էքսպանսիայի, հողօգտագործման մեջ փոփոխությունների և կլիմայական փոփոխությունների հետևանքով: Էկոհամակարգերում հատկապես զգալի տրանսֆորմացիաներ են տեղի ունենում գյուղատնտեսական «ճնշման» ազդեցությամբ: Այս պահի դրությամբ երկրի մակերևույթի ավելի քան 35%-ը ներգրավված է ագրարային սեկտորում:

Ներկայումս միջազգային գենետիկական ռեսուրսների և էկոլոգիական տուրիզմի շուկաները արդեն համադրելի են ծովամթերքների և փայտանյութի միջազգային առևտրի հետ, իսկ TEEB-ի որոշ տվյալներով գենետիկական ռեսուրսների շուկայի ծավալները նույնիսկ գերազանցում են ծովամթերքների և փայտանյութի շուկաների ծավալները:

 

4.2. Էկոհամակարգային ծառայությունների վճարներ

4.2.1. Էկոհամակարգային ծառայությունների վճարները (ԷԾՎ), որոնք նաև առավել ընդգրկուն կերպով կոչվում են շրջակա միջավայրի ծառայությունների (կամ օգուտների) վճարներ ֆերմերներին կամ հողատերերին խրախուսող մեխանիզմների առաջարկումն է` պահանջելով նրանցից իրենց հողատարածքները կառավարել այնպես, որ դրանք որևէ տիպի էկոլոգիական ծառայություն մատուցեն:

Համանմանորեն, կան բազմաթիվ սահմանումներ «էկոհամակարգային ծառայությունների վճարներ» տերմինի վերաբերյալ: Սույն հայեցակարգի շրջանակներում «էկոհամակարգային ծառայության վճարը» նշանակում է պայմանագրային գործարք էկոհամակարգային ծառայությունը և/կամ նման ծառայություն ապահովող հողօգտագործման/հողի կառավարման պրակտիկան գնողի և վաճառողի միջև: «Էկոհամակարգային ծառայությունների վճարներ» տերմինը համընդհանուր ընկալում չունի: Կախված մշակութային և քաղաքական համատեքստից` կարող են օգտագործվել նաև այլ տերմիններ, ինչպես օրինակ` «պարգևատրում», «փոխհատուցում» կամ «խրախուսում» տերմինները: ԷԾՎ նաև կոչվում են «հիդրոլոգիական ռեսուրսների բարելավված կառավարում» կամ «խրախուսումների վրա հիմնված համագործակցային կարգավորումներ»: ԷԾՎ-ները որոշ դեպքերում կոչվում են «խրախուսումների հիման վրա համագործակցություններ», «վերահսկման վճարներ», «խրախուսական սխեմաներ» կամ նույնիսկ «գործունեության վճարներ»:

4.2.2. ԷԾՎ ծրագրերը կամավոր և փոխշահավետ պայմանագրեր են էկոհամակարգային ծառայությունները սպառողների և մատակարարների միջև: Շրջակա միջավայրի ծառայություններ մատակարարող կողմը իրավունք ունի ծառայությունների կարիք ունեցող կողմի փոխհատուցման դիմաց շրջակա միջավայրի ծառայություններ մատուցել: Էկոհամակարգային ծառայությունների շահառուները պատրաստակամ են վճարել գին, որն ավելի քիչ է, քան ծառայությունների արդյունքում տրամադրվող օգուտները: Էկոհամակարգային ծառայություններ տրամադրողները պատրաստակամ են ընդունել վճարները, որոնք ավելին են, քան տրամադրվող ծառայությունների ծախսերը:

4.2.3. ԷԾՎ ընդհանուր դասակարգումը տարբերակում է ԷԾՎ սխեմաների հետևյալ հիմնական տիպերը (4). հանրային սխեմաներ, մասնավոր (ինքնակազմակերպվող) սխեմաներ և առևտրային սխեմաներ: Գնորդների տիպերը (օրինակ` պետություն, հանրային/մասնավոր կազմակերպություններ, ընկերություններ և այլն) պայմանավորում են ԷԾՎ տիպերը և ֆինանսական կարգավորումների տիպերը:

____________________________

4) UN ECE Convention on the Protection and Use of Transboundary Watercourses and International Lakes, «Recommendations on Payments for Ecosystem Services in Integrated Water Resources Management», 2007.

 

Հանրային սխեմաներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման իշխանությունները հանդես են գալիս որպես նշված էկոհամակարգային ծառայության կամ ավելի հաճախ հողօգտագործման կամ դրա կառավարման պրակտիկայի միակ կամ հիմնական գնորդ: Հանրային սխեմաները կարող են գործել տեղական կամ ազգային մակարդակով:

Մասնավոր (ինքնակազմակերպվող) սխեմաներում, ինչպես գնորդները, այնպես էլ վաճառողները հանդիսանում են մասնավոր կողմեր (կազմակերպություններ, ՈԿԿ-ներ, ֆերմերների ասոցիացիաներ կամ կոոպերատիվներ, անհատներ): Մասնավոր ինքնակազմակերպվող սխեմաները սովորաբար լոկալ սխեմաներ են: Առևտրային սխեմաներն առնչվում են այնպիսի շուկաների հիմնմանը, որոնցում սահմանված իրավունքները (կամ թույլտվությունները) և/կամ քվոտաները կարող են փոխանակվել, վաճառվել կամ վարձակալությամբ տրվել: Հզոր, լավ սահմանված և գործող օրենսդրական և կարգավորող դաշտի գոյությունը անհրաժեշտ նախապայման է առևտրային սխեմաների գործելու համար:

Հանրային և մասնավոր ԷԾՎ սխեմաները կարող են ընդունել տարբեր ֆինանսական կարգավորումներ` կապված վաճառողների փոխհատուցումների և գնորդների հատկացումների հավաքագրման հետ: Ամենահաճախ հանդիպող վեց ֆինանսական կարգավորումները ներառում են (վաճառողների համար)`

. ուղղակի փոխհատուցում,

. ներդրում կամ զարգացման հիմնադրամ,

. հողի գնում,

. (գնորդի համար) հաճախորդներից գանձվող վճարումներ,

. ֆիքսված գումարների հատկացումներ,

. հարկերի վրա հիմնված հատկացումներ:

 

4.3. Էկոհամակարգային ծառայությունների գնային արժեքի սահմանում

 

4.3.1. Էկոհամակարգերի արժեքները գնահատականներ են այն մասին, թե որքան կարևոր են էկոհամակարգային ծառայությունները մարդկանց համար` ինչ արժեն դրանք: Տնտեսագետները չափում են էկոհամակարգային ծառայությունների արժեքը` գնահատելով, թե որքան են պատրաստ մարդիկ վճարել` ծառայությունները պահպանելու կամ բարելավելու համար: Այդուհանդերձ, սա ոչ միշտ է հստակ` մի շարք պատճառներով:

Ամենակարևորը, չնայած մի շարք էկոհամակարգային ծառայություններ, ինչպիսին է ձուկը, գնվում են և վաճառվում շուկաներում, բազմաթիվ այլ էկոհամակարգային ծառայություններ, ինչպիսին են վայրի կենդանական աշխարհի դիտարկումը կամ օվկիանոսին նայելը, չեն վաճառվում շուկաներում: Այսպիսով, մարդիկ ուղղակիորեն չեն վճարում բազմաթիվ էկոհամակարգային ծառայությունների համար: Ի լրումն դրա, քանի որ մարդիկ ծանոթ չեն նման ապրանքների գնմանը, ուստի նրանց` վճարելու պատրաստակամությունը դժվար է հստակ սահմանել: Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ էկոհամակարգերը կամ դրանց ծառայությունները արժեք չունեն, կամ հնարավոր չէ դրանց արժեք տալ` դրամական արտահայտությամբ:

4.3.2. Էկոհամակարգային ծառայություններին դրամային արժեք տալու համար պարտադիր չէ, որ դրանք շուկայում վաճառվեն կամ գնվեն: Անհրաժեշտ է հաշվարկել, թե որքան գումար են մարդիկ պատրաստակամ վճարել (դրամով)` ձեռք բերելու կամ տրամադրելու էկոհամակարգային ծառայությունները, եթե նրանց ընտրության հնարավորություն տրվեր:

4.3.3. Տնտեսագետները դասակարգում են էկոհամակարգերի արժեքները ըստ մի շարք տիպերի: Երկու հիմնական կատեգորիաներն են` օգտագործելի և ոչ օգտագործելի արժեքները կամ «պասիվ օգտագործման» արժեքները (5): Օգտագործելի արժեքները հիմնվում են շրջակա միջավայրի փաստացի օգտագործման վրա, մինչդեռ ոչ օգտագործելի արժեքները այն արժեքներն են, որոնք չեն ասոցացվում փաստացի օգտագործման հետ:

_______________________

5) http://www.ecosystemvaluation.org

 

Այսպիսով, օգտագործելի արժեքը սահմանվում է որպես արժեք, որն ստացվել է ապրանքների կամ ծառայությունների փաստացի օգտագործումից, ինչպիսին է որսորդությունը, ձկնորսությունը, թռչունների դիտարկումը կամ էքսկուրսիաները: Օգտագործելի արժեքները կարող են նաև ներառել անուղղակի օգտագործումներ: Օրինակ` Ալյասկայի վայրի տարածքները այնտեղ այցելող մարդկանց համար ուղղակի օգտագործման արժեքներ են ներկայացնում: Այլ մարդիկ կարող են հեռուստացույցով դիտել այն տարածքի և դրա վայրի կենդանիների մասին` այդպիսով ստանալով անուղղակի օգտագործման արժեքներ: Մարդիկ կարող են նաև անուղղակի օգտագործման արժեքներ ստանալ, որոնց միջոցով այլ մարդիկ կստանան ուղղակի օգտագործման արժեքներ: Օրինակ` ջրային սննդի շղթայի ստորին օրգանիզմները անուղղակի օգտագործման արժեքներ են տրամադրում ռեկրեացիոն ձկնորսներին, որոնք որսում են այդ օրգանիզմներով սնվող ձկներին:

4.3.4. Ընտրության հնարավորության արժեքը դա այն արժեքն է, որը մարդիկ սահմանում են` ունենալու ապագայում որևէ բանից օգտվելու ընտրության հնարավորություն, չնայած որ տվյալ պահին դա կարող են չօգտագործել: Սա հանդիսանում է օգտագործելի արժեքի տեսակ: Օրինակ` որևէ մեկը կարող է հույս ունենալ այցելելու Ալյասկայի վայրի բնության տարածք ապագայում, և այդպիսով պատրաստակամ լինել վճարելու որոշակի գումար` այդ տարածքը պահպանելու և իր` հետագա այցելության տարբերակը պահպանելու նպատակով:

4.3.5. Ժառանգության արժեքը այն արժեքն է, որը մարդիկ տալիս են` իմանալով, որ ապագա սերունդները կօգտվեն ինչ-որ բանից: Այսպիսով, ժառանգության արժեքը չափվում է ապագա սերունդների համար բնական շրջակա միջավայրը պահպանելու` մարդկանց վճարելու պատրաստակամությամբ: Օրինակ` մարդը կարող է պատրաստակամ լինել վճարել Ալյասկայի վայրի բնության տարածքի համար, որպեսզի ապագա սերունդները հնարավորություն ունենան այն տեսնելու:

4.3.6. Ոչ օգտագործելի արժեքները, որոնք նաև կոչվում են «պասիվ օգտագործման» արժեքներ, դրանք այն արժեքներն են, որոնք չեն ասոցացվում փաստացի օգտագործման հետ: Գոյության արժեքը ոչ օգտագործելի արժեք է, որը մարդիկ տալիս են` պարզապես իմանալու, որ ինչ-որ բան գոյություն ունի, նույնիսկ եթե դա նրանք չեն տեսնի կամ օգտագործի: Օրինակ` մարդը կարող է պատրաստակամ լինել վճարել` պահպանելու Ալյասկայի վայրի բնության տարածքը, նույնիսկ եթե նա երբեք չի ակնկալում տեսնել այն, սակայն գնահատում է դրա գոյության փաստը:

Պարզ է, որ մեկ անձը կարող է մեկից ավելի օգուտներ ստանալ միևնույն էկոհամակարգից: ՈՒստի, ընդհանուր տնտեսական արժեքը` ապրանքին կամ ծառայությանը առնչվող, բոլոր օգտագործելի և ոչ օգտագործելի արժեքների գումարն է:

 

5. Էկոհամակարգերի պահպանության շահավետության օրինակներ

5.1. Ներկայումս միջազգային հանրության հիմնական ուշադրությունը սևեռված է կլիմայի փոփոխության խնդրի վրա, և առաջին հերթին` անթրոպոգեն արտանետումների (CO2) նվազեցմանը: Սակայն Երկրի կլիմայակարգավորող հիմնական գործոնը կենդանի բնությունն է, անթրոպոգեն արտանետումները կազմում են կենսոլորտում ածխածնի ընդհանուր հոսքերի միայն մի քանի տոկոսը` մոտ 3,4%-3,6%: Օրինակ, օրգանական նյութերի միկրոբային տարածումը հողում հանդիսանում է երկրային էկոհամակարգերից մթնոլորտ ածխածնի վերադարձման հիմնական ուղին, որը մոտ 7 անգամ գերազանցում է արդյունաբերական արտանետումների ծավալը: Բիոզանգվածի, հողի, տորֆի և սառցադաշտերի վերին շերտերում առկա ածխածնի պաշարները 1000-ավոր անգամներ գերազանցում են անթրոպոգեն արտանետումների ծավալները: Այսպիսով` գլոբալ ածխածնային շրջապտույտի հիմնական կարգավորողը հանդիսանում են բնական էկոհամակարգերը, և նրանց ֆունկցիաների նույնիսկ չնչին փոփոխությունները կարող են անդառնալի մեծ ազդեցություն ունենալ մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի վրա: Ներկայումս մարդկությունը` մոտ կիսով չափ, նվազեցրել է բնական միջավայրի կողմից ածխածնային շրջապտույտի կարգավորման հզորությունը, ոչնչացնելով կամ խախտելով երկրային արդյունավետ էկոհամակարգերի զգալի մասը, ինչն էլ որոշիչ ազդեցություն է ունեցել Երկրի կլիմայի ապահավասարակշռման գործում:

5.2. Առավել վառ օրինակներից է հանդիսանում Ավստրալիայի հարավ-արևմուտքում բուսականության ազդեցությունը ռեգիոնալ կլիմայի վրա, որտեղ գյուղատնտեսական դաշտերը վնասատուներից պաշտպանելու նպատակով տարանջատել էին ցանկապատով («նապաստակների տարածք»): Արդյունքում ձևավորվել էին իրար հարող և հստակ տարանջատված հսկայական տարածություններ` տարբեր բուսականությամբ, որոնք տեսանելի էին անգամ տիեզերքից: Վայրի բուսականությունը կլանում է ավելի շատ արևային լույս (ավելի մուգ գունավորմամբ է), արդյունքում ձևավորվում են խոնավ օդի բարձրացող հոսքեր, որոնք բարձրանալով առաջացնում են ամպեր: Իսկ դաշտերի վրա հակառակը` վերևից իջնում է չոր օդը, իսկ օդի ստորին շերտը գոլորշացած խոնավության հետ միասին «ձգվում է» վայրի/բնական բուսականությամբ տարածքների վրա: Այսպիսի լոկալ մթնոլորտային շրջանառության արդյունքում ստացվեց այնպես, որ բնական բուսականությամբ տարածքում տեղումները ավելացան 10%-ով, իսկ դաշտերի վրա տեղումները պակասեցին 30%-ով:

5.3. Բնական էկոհամակարգերը, հատկապես անտառները` գոլորշացնում են խոնավության մեծ քանակություն, որը նորից տվյալ տարածքում թափվում է տեղումների տեսքով: Անտառային տարածքներում տեղումների շրջանառության գործակիցը կազմում է մոտ 50%: Ըստ կանխատեսումների 30% ամազոնյան անտառների հատումը կարող է հանգեցնել տարածաշրջանում կլիմայի անդառնալի փոփոխության` հանգեցնելով արևադարձային անտառների` չոր սավաննանման համակեցություններով փոխարինման:

5.4. Չինաստանում 1990-ականների սկզբներին անտառների զանգվածային հատումից վնասը կազմում էր ՀՆԱ-ի 12%-ը, ընդ որում դրա հիմնական մասը (92%) անտառի միջավայրագոյացնող գործառույթի դեգրադացման արդյունք էր, որը հանգեցրեց հողերի հողմային և ջրային կատաստրոֆիկ էռոզիայի: Այդ պատճառով վերջին տարիներին Չինաստանում շատ մեծ միջոցներ են հատկացվում անտառտնկարկների տնկմանը և այսօր անտառային տարածքների հավելաճի մոտ 70%-ը բաժին է ընկնում այդ տնկարկներին:

5.5. Եվրոպայում ջրհեղեղներից վնասների ավելացումը վերջին տասնամյակում հանդիսանում է բնական էկոհամակարգերի ոչնչացման հետևանք` ճահիճների չորացում, անտառների հատում, գետերի մեջ կեղտաջրերի արտահոսք, ընդարձակ տարածքների պատում կոշտ նյութերով և այլն: ԱՄՆ-ում 1993 թ-ի մեծ ջրհեղեղից հետո մասնագետները հաշվարկել են, որ շահավետ է 2-3 մլրդ դոլարի ներդրումը 5.3 մլն հա ջրաճահճային տարածքների և Միսսիսիպի և Միսսուրի գետերի վերին հոսանքներում ճահճացած անտառների վերականգնման համար, քանի որ դա թույլ կտա կանխարգելել ավելի քան 16 մլրդ. դոլլարի վնասները ջրհեղեղի դեպքում (Postel, 2008): Վերջին հաշվարկներով` (Costanza et al., 2008), ջրաճահճային տարածքների փոթորիկներից պաշտպանության գործառույթի տարեկան արժեքը ԱՄՆ-ում գնահատվում է 23 մլրդ դոլլար:

5.6. Կենտրոնական և հարավային Ամերիկայի մի շարք երկրներում, ինչպես նաև Հնդկաստանում, ՀԱՀ-ում և ԱՄՆ-ում, հաջողությամբ կիրառվում է գետերի վերին հատվածներում անտառային զանգվածների պահպանության վճարների համակարգը ՋԷկ-եր ունեցող ընկերությունների կողմից` որպեսզի ապահովեն մշտական գետային հոսքը:

5.7.Ապահովագրական ընկերությունները, որոնք սպասարկում են Պանամայի ջրանցքից օգտվողներին, հաշվարկել են, որ ջրանցքի շրջակայքում գտնվող անտառների վերականգնման ֆինանսավորումը ավելի շահավետ է, քան ջրանցքի հունի մաքրումը հողի էռոզիայի արդյունքում ափերից քշվող գրունտից և հողից:

5.8. Ֆրանսիայի հյուսիս արևելքում հանքային ջուր արտադրող ընկերությունները ավելի շահավետ են համարում ֆերմերներին վճարել անտառների պահպանության համար, քան կառուցել ջրի մաքրման գործարաններ:

5.9. Համարվում է, որ կենսաբանական վառելիքը կարող է լուծել ջերմոցային գազերի խնդիրը` շնորհիվ «զրոյական ածխածնային բալանսի» ձեռքբերման, քանի որ կենսաբանական վառելիքի այրման պրոցեսում կարտազատվի այն ածխածինը, որը կլանվել էր բուսականության աճի ընթացքում: Սակայն, եթե կենսաբանական վառելիքի պլանտացիաների տակ յուրացվում են բնական էկոհամակարգերը, ապա «զրոյական բալանսի» փոխարեն ստացվում է ածխածնի հսկայական արտանետում հողից, տորֆից և բուսականության մնացուկներից, որը տասնյակ կամ հարյուրավոր անգամներ գերազանցում է կենսաբանական վառելիքի օգտագործումից դրա «խնայողությունը» (Fargione et al., 2008):

5.10. Այս պարագայում մշտապես ուշադրության կենտրոնում պետք է լինեն էկոհամակարգային ծառայությունների տնտեսական ասպեկտները: Դրանց տնտեսական գնահատումը, դրանցից ստացվող օգուտները և օգուտներ ստացողները, էկոհամակարգային ծառայությունների համար վճարները: Քանի որ վերոնշյալ օրինակներից պարզ է դառնում, որ էկոհամակարգերի և նրանց կողմից մատուցվող ծառայությունների պահպանումը կարող է լինել նաև շահավետ: ՈՒստի անհրաժեշտ է համարժեք գնահատել էկոհամակարգային ծառայություններից ստացվող և բարեկեցության աճին նպաստող օգուտների հոսքերը:

 

6. Էկոհամակարգային ծառայությունների ոլորտում առկա խնդիրներ և լուծման ալգորիթմներ

6.1. Ակնհայտ է, որ էկոհամակարգային ծառայությունների զգալի մասը ներկայումս չի ստացել ադեկվատ տնտեսական գնահատական: Կարևորագույն նպաստող գործառույթները, որոնք անհրաժեշտ են մյուս գործառույթների և ծառայությունների գործարկման համար (ֆոտոսինթեզ, հողագոյացում և այլն) ներկայումս իրական տնտեսությունից շատ ավելի հեռու են գտնվում, քան օրինակ ռեսուրսաապահովող, կարգավորող և մշակութային ծառայությունները:

Կենսաբազմազանության և էկոհամակարգերի թերագնահատումը կապված է հետևյալ խնդիրների հետ.

ա. իրազեկվածության խնդիր. Շատ հաճախ էկոհամակարգային ծառայությունները նույնացվում են բացառապես էկոհամակարգերի ռեսուրսային գործառույթի հետ,

բ. էկոհամակարգային ծառայությունները, որպես կանոն, ներառված չեն շուկայական հարաբերություններում,

գ. դրանց արժեքը շատ հաճախ հաշվի չի առնվում տնտեսական գնահատումների և որոշումների ընդունման ժամանակ,

դ. բնական գործոնը չի արտացոլվում ոչ ազգային տնտեսության, և ոչ էլ առաջատար մակրոտնտեսական ցուցանիշներում:

6.2. Արդյունքում` ունենում ենք`

- ոչ ճիշտ որոշումների ընդունում` որոշումների ընդունման համար անհրաժեշտ տեղեկատվական բազայի ոչ լիարժեքության պատճառով,

- քաղաքական թույլ կամք և համոզմունքներ, որոնք խոչընդոտում են համապատասխան գործընթացների ծավալմանը,

- կենսաբազմազանության կորստի հետագա շարունակում և բնական կապիտալի ոչնչացում:

6.3. Այս պայմաններում պատահական չէ, որ 2010 թ-ի հոկտեմբերին Ճապոնիայի Նագոյա քաղաքում կայացած գագաթնաժողովի ժամանակ 2011-2020 թվականների համար ընդունված Կենսաբազմազանության ռազմավարական ծրագրում շեշտադրվում է «կենսաբազմազանության արժեքավորման» գիտակցման անհրաժեշտությունը:

TEEB-ի զեկույցներում ևս ընդգծվում է, որ բոլոր երկրներում էլ որոշում ընդունող անձանց առջև ծառացած են հետևյալ երկու կարևորագույն խնդիրները.

1. Սովորել գնահատել բնական կապիտալի արժեքը և ներառել համապատասխան գնահատականները որոշումների ընդունման գործընթացում:

2. Մշակել կառավարման արդյունավետ և արդարացի մոտեցում:

 

V. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՅԼ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

7. Բացի «էկոհամակարգային ծառայությունների վճարներ»-ի համակարգից, միջազգային պրակտիկայում կիրառվում են նաև այլ նորարարական մեխանիզմներ, որոնց կիրառումը կարող է օգտակար կամ ուսանելի լինել նաև Հայաստանի համար`

 

._____________________________________________________________________.

|Նորարարական ֆինանսատնտեսական      |Ընդհանուր նկարագիրը               |

|գործիքներ կամ մեխանիզմներ         |                                  |

|__________________________________|__________________________________|

|Թունավոր նյութերի վտանգավոր       |Հիմնականում հարկերի դրույքաչափը   |

|ներգործությունների նվազեցման      |որոշվում է ոչ թե սպառման վրա      |

|նպատակով առանձին դեպքերում        |ազդելու համար, այլ որպեսզի        |

|նպատակահարմար է դադարեցնել դրանց  |հավաքագրել կամ կուտակել միջոցներ  |

|արտադրությունը, շրջակա միջավայրին |համապատասխան արտադրանքի           |

|վնաս պատճառող որոշ                |վերամշակման կամ կրկնակի           |

|ապրանքատեսակների համար դրանք      |օգտագործման համար կամ ավելի       |

|փոխարինել «երաշխիքավերադարձման»   |ընդլայնված բնապահպանական ծրագրի   |

|կամ «գրավավճարով-վերադարձման» կամ |իրականացման կամ պետական բյուջեի   |

|արտադրողի պատասխանատվության       |համալրման նպատակով (եթե           |

|ընդլայնման համակարգերով           |արտադրանքի արժեքի բարձրացումը     |

|                                  |քաղաքականապես ընդունելի է         |

|                                  |գնահատվում):                      |

|__________________________________|__________________________________|

|«Կանաչ ներդրումների սխեմա»-յի     |Ըստ կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի     |

|օրինակով` բնավճարների միջոցներից  |շրջանակային կոնվենցիայի կողմ      |

|ձևավորելով  քաղաքացիական          |երկրների 17-րդ համաժողովում       |

|ներդրումային շրջանառու հիմնադրամ: |ընդունված Դուրբանի ճանապարհային   |

|                                  |քարտեզի 2012 թ.-ից պետք է գործի   |

|                                  |նոր ֆինանսական մեխանիզմ`          |

|                                  |Կլիմայական կանաչ հիմնադրամը, որի  |

|                                  |միջոցներից պետք է օգտվեն զարգացող |

|                                  |երկրները` ինչպես կլիմայի          |

|                                  |փոփոխության դեմ                   |

|                                  |գործողություններում (ջերմոցային   |

|                                  |գազերի արտանետումների կրճատում և  |

|                                  |կլանիչների զարգացում), այնպես էլ  |

|                                  |կլիմայի փոփոխության հետևանքով     |

|                                  |առաջացած խնդիրների հաղթահարման    |

|                                  |(կլիմայի փոփոխությանը             |

|                                  |հարմարվելու) համար: Ընդունվել են  |

|                                  |նաև  օժանդակ որոշումներ, այդ      |

|                                  |թվում տեխնոլոգիաների զարգացման և  |

|                                  |փոխանցման կազմակերպման,           |

|                                  |կարողությունների ամրապնդման,      |

|                                  |ուսուցման ու կադրերի պատրաստման   |

|                                  |վերաբերյալ և  այլն: Այդ           |

|                                  |գործընթացները ևս  պետք է          |

|                                  |մեկնարկեն 2012 թ.: Հաշվի առնելով  |

|                                  |Կլիմայական կանաչ հիմնադրամի       |

|                                  |գործունեության շրջանակները, ըստ   |

|                                  |որի այդ հիմնադրամի միջոցները      |

|                                  |պետք է ունենան «հավելյալ          |

|                                  |բնույթ», նպատակահարմար է ստեղծել  |

|                                  |համապատասխան նպատակային և         |

|                                  |նորարարական ֆինանսական մեխանիզմ   |

|                                  |երկրի մակարդակով:                 |

._____________________________________________________________________.

 

VI. ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. «էկոհամակարգային ծառայությունները» դրանք այն իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործողություններն են, որոնք օգտվելով և օգուտներ ստանալով էկոհամակարգերից իրականացնում են էկոհամակարգերի պահպանության և վերականգնման միջոցառումներ: ՀՀ գործող օրենսդրությունում «էկոհամակարգային ծառայություններ» հասկացությունը սահմանված չէ և չի օգտագործում, սակայն դրանց առանձին տեսակների նկարագիրը և այլ մանրամասները ներկայացված են կենսաբազմազանության պահպանության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերում:

Սակայն պետք է ամրագրել, որ`

8.1. Էկոհամակարգային ծառայությունների հետ կապված հարցերը բավարար չափով կանոնակարգված չեն, այդ թվում ԷԾ այնպիսի տեսակները, ինչպիսիք են` օդի որակի կարգավորումը, կլիմայի կարգավորումը, ջրի և մթնոլորտային օդի մաքրումը, կենսագեների ձևափոխումը, հողերի բերրիության ապահովումը և վերարտադրությունը, էռոզիայի կարգավորումը, բույսերի և կենդանիների բնակավայրերի անվտանգության ապահովումը, մթնոլորտային օդի վրա ակտիվ ներգործությունները, վայրի և մշակային բույսերի փոշոտումը, սերմերի տարածումը, վնասատու տեսակների կարգավորումը, ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանությունը, ջերմաստիճանային էքստրեմումների, ալիքների և քամու արագության նվազեցումը, երաշտներից պաշտպանություն և այլն, ամբողջովին բացակայում են և (կամ) բավարար չափով կանոնակարգված չեն:

8.2. Բնական պաշարների կամ բնական կապիտալի օգտագործման տեսակները կամ դրանց կողմից կամ օգնությամբ մատուցվող գործառույթները չունեն հստակ ձևակերպված դասակարգում կամ մասամբ են համապատասխանում միջազգային պրակտիկայում ներկայումս օգտագործվող էկոհամակարգային ծառայությունների դասակարգման մեթոդաբանությանը կամ մեթոդներին, էկոհամակարգային ծառայություններն անմիջականորեն կամ ուղղակիորեն չեն առնչվում գործող օրենքների կարգավորման հիմնական նպատակների հետ:

8.3. ՀՀ գործող օրենսդրությունում բավարար կամ տեսանելի չափով չի ամրագրված բնական էկոհամակարգերի, բնական պաշարների կամ բնական կապիտալի օգտագործման արդյունքում կամ դրանց կողմից կամ օգնությամբ մատուցվող գործառույթների տնտեսական կամ արժեքային գնահատման անհրաժեշտությունը:

8.4. ՀՀ օրենսդրությամբ կամ այլ իրավական ակտերով հստակորեն կամ բավարար չափով ամրագրված չեն բնական պաշարների կամ բնական կապիտալի ընդհանուր տնտեսական գնահատման, ԷԾ տնտեսական կամ արժեքային գնահատման մեթոդաբանությունը կամ մեթոդական հիմքերը:

8.5 «Էկոհամակարգային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի մշակման դեպքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կառաջանա նաև ՀՀ գործող օրենսդրությունում, որը կպահանջի գործող օրենսդրության ուսումնասիրություն և վերլուծություն:

 

VII. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

9. «Էկոհամակարգային ծառայություններ»-ի հետ կապված իրավահարաբերությունները Հայաստանում դեռևս բավարար կանոնակարգված չեն: «Էկոհամակարգային ծառայությունների վճարներ»-ի սկզբունքների կիրառման համար անհրաժեշտ կլինի համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել գործող օրենքներում և (կամ) մշակել նոր իրավական ակտեր:

Հանրային և մասնավոր ԷԾՎ առևտրային սխեմաները, որոնք կարող են ընդունել տարբեր ֆինանսական կարգավորումներ, կարող են գործել հզոր, լավ սահմանված և գործող օրենսդրական և կարգավորող դաշտի գոյության պայմաններում:

10. Խնդրո առարկա հարցի արմատական լուծման դեպքում նախընտրելի տարբերակն է առանձին «Էկոհամակարգային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որով կսահմանվեն օրենքի կարգավորման առարկան, հիմնական հասկացությունները և մյուս հիմնարար դրույթները:

11. Առաջիկա տարիներին Հայաստանում պետք է ստեղծվեն բնական կապիտալի տնտեսական գնահատման, ԷԾ տնտեսական կամ արժեքային գնահատման մեթոդաբանությունը կամ մեթոդական հիմքերը, ձևավորվի դրանք կիրառող համապատասխան կադրային կամ փորձագիտական ներուժ:

12. Նորարարական մյուս մեխանիզմների գծով բարեփոխումները նպատակահարմար է իրականացնել «կանաչ» տնտեսության սկզբունքների ներդրմանը զուգահեռ կամ հարկային օրենսդրության «կանաչ» բարեփոխումների շրջանակներում` բոլոր շահագրգիռ կողմերի, բնապահպանական ՈՊԿ, տեխնիկական փորձագետների ակտիվ մասնակցությամբ: Բարեփոխումները պետք է իրականացվեն համապատասխան վերլուծությունների արդյունքների, այդ թվում` պարտադիր օգուտների և ծախսերի գնահատման միջոցով:

13. Կանաչ աճի ցուցանիշները պետք է ապահովեն առաջարկվող բարեփոխումների իրականացման` քաղաքական և սոցիալական իրացվելիության տեսանկյունից, հիմնավորվածությունը, հնարավորություն կտան հասկանալով բնապահպանության ոլորտի ֆինանսատնտեսական գործիքների ներկայիս թերությունները կամ թույլ կողմերը, արդիականացնել դրանք:

14. Խնդրո առարկա բարեփոխումների հաջողության գրավականն է լինելու տեղեկատվական արդյունավետ ապահովվածությունը:

Սպասվելիք բարեփոխումները պահանջում են ժամանակ, մի քանի փուլեր, մինչև որ ապահովվի դրական արդյունքների ստացումը:

15. Նորարարական մեխանիզմների կամ գործիքների մշակումը և ներդրումը պետք է իրականացվի գործող մեխանիզմների արդիականացման հետ միասին, այդ թվում`

1) որպեսզի աղտոտման (բնապահպանական) վճարներն ունենան խթանող դեր, անհրաժեշտ է արդիականացնել հարկման բազան և աստիճանաբար ավելացնել դրանց դրույքաչափերը` տնտեսության աճի զարգացման համատեքստում, բնապահպանական վճարների գծով բյուջետային լրացուցիչ եկամուտների ապահովման նկատառումներով անհրաժեշտ է կատարելագործել բնապահպանական վճարի հաշվարկման (այդ թվում` դրույքաչափերի) հաշվարկման մեխանիզմները, մասնավորապես «Բնապահպանական վճարների մասին», «Թափոնների մասին» ՀՀ օրենքների, Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի համապատասխան փոփոխություններով հստակ սահմանել «թափոններ», «արտադրական լցակույտեր», «տեխնածին հանքավայրեր» հասկացությունները, կարգավորել թափոնների դասակարգման (վտանգավոր և ոչ վտանգավոր) և դրանց հաշվառման հարցերը,

2) շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների և դրանց էկոլոգիական բնութագրերի տարբերակումների վրա հիմնված վճարները` պատշաճ դիզայնի դեպքում կարող են տալ հզոր խթան աղտոտման կրճատման համար (օրինակ` ապրանքների պիտակավորման դեպքում, որոնց վրա ամրագրված կլինեն «վտանգավոր է» կամ նշված կլինի վտանգավորության դասը կամ այլ ինդիկատոր, ինչը կհանգեցնի վտանգավոր ապրանքների օգտագործման կրճատմանը): Մյուս կողմից, լինելով խիստ արդյունավետ վարչարարության տեսանկյունից, ապահովել զգալի ֆինանսական միջոցների կուտակում, որը հնարավորություն կտա մեղմել բյուջետային պակասուրդը և ֆինանսավորել նպատակային բնապահպանական ծրագրերը,

3) լրացուցիչ ուսումնասիրման և հետագա կիրառման առումով հիմնավորման խնդիր ունի որոշակի արտադրատեսակների համար «երաշխիքավերադարձման» կամ «գրավավճարով-վերադարձման» կամ արտադրողի պատասխանատվության ընդլայնման համակարգերի վրա հիմնված վճարների համակարգի ներդրումը,

4) բնապահպանական և բնօգտագործման վճարների, ռոյալթիների գծով պետական բյուջեի մուտքերի հասցեական օգտագործման ապահովումը, այդ թվում` վերը նշված վճարներից պարտադիր հատկացումների կատարումը ընդերքի պահպանությանը նպատակաուղղվող միջոցառումների իրականացմանը,

5) բնապահպանական պատասխանատվության ռեժիմը պետք է ուղղորդված լինի վնասի վերականգնման վերացմանը, ի տարբերություն գործող կամ հիմնական կիրառում ունեցող համակարգի, որտեղ շրջակա միջավայրին պատճառվող վնասը դիտարկվում է որպես դրամական սանկցիա, որը տուգանքի կամ աղտոտման վճարների տեսքով ենթակա է վճարման պետական բյուջե: Այն պետք է նպատակաուղղված լինի անմիջապես մեղավորի կողմից շրջակա միջավայրին պատճառված վնասի վերականգնման կամ պետության կողմից վնասի վերականգնման վրա կատարված ծախսերի փոխհատուցման ապահովմանը:

էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարների համակարգի ներդրումը գործնականում չի փոխարինելու բնապահպանական և բնօգտագործման վճարների համակարգը, այլ կիրառվելու է դրան զուգահեռաբար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.04.2013
N 16
Արձանագրային որոշում