Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը և Հայաստանի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` Պայմանավորվող կողմեր),

ցանկանալով աջակցել շուկայում ավիաընկերությունների միջև մրցակցության վրա հիմնված միջազգային ավիացիոն համակարգին` Կառավարության կողմից նվազագույն միջամտությամբ և կարգավորմամբ,

ցանկանալով դյուրացնել միջազգային օդային հաղորդակցությունների հնարավորությունների ընդլայնումը,

ընդունելով, որ արդյունավետ և մրցունակ միջազգային օդային հաղորդակցությունները խթանում են առևտուրը, սպառողների բարեկեցությունը և տնտեսական աճը,

ցանկանալով հնարավոր դարձնել, որ ավիաընկերությունները ճանապարհորդող և փոխադրվող հանրությանը առաջարկեն ծառայությունների ընտրության զանազանություն, և ցանկանալով խրախուսել առանձին ավիաընկերություններին` մշակել և կիրառել նորարարական և մրցունակ գներ,

ցանկանալով ապահովել միջազգային օդային հաղորդակցություններում թռիչքային և ավիացիոն անվտանգության բարձր մակարդակ և վերահաստատելով իրենց լուրջ մտահոգությունը օդանավի անվտանգության դեմ ուղղված գործողությունների և սպառնալիքների վերաբերյալ, որոնք վտանգում են անձանց կամ ունեցվածքի ապահովությունը, բացասաբար են ներգործում օդային հաղորդակցությունների շահագործման վրա և խաթարում են քաղաքացիական ավիացիայի թռիչքային անվտանգության նկատմամբ հանրության վստահությունը, և

լինելով 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրման համար բացված` Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի կողմեր,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

1. Սույն Համաձայնագրի և դրա հավելվածի նպատակներով, եթե այլ համաձայնություն ձեռք չի բերվել.

ա. «Կոնվենցիա» տերմինը նշանակում է` 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրման համար բացված` Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիա և ներառում է այդ Կոնվենցիայի 90-րդ հոդվածի համաձայն ընդունված ցանկացած հավելված և, Կոնվենցիայի 90-րդ և 94-րդ հոդվածների համաձայն, հավելվածներում կամ Կոնվենցիայում կատարված ցանկացած փոփոխություն` այնքանով, որքանով այդ հավելվածները և փոփոխությունները կիրառելի են երկու Պայմանավորվող կողմերի համար.

բ. «ավիացիոն իշխանություններ» տերմինը նշանակում է` Շվեյցարիայի դեպքում` Քաղաքացիական ավիացիայի դաշնային գրասենյակ, իսկ Հայաստանի Հանրապետության դեպքում` Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, կամ երկու դեպքում էլ` ցանկացած անձ կամ մարմին, որը լիազորված է իրականացնելու այն գործառույթները, որոնք ներկայումս վերապահված են նշված իշխանություններին.

գ. «նշանակված ավիաընկերություն(ներ)» տերմինը նշանակում է` ավիաընկերություն կամ ավիաընկերություններ, որին(որոնց) Պայմանավորվող կողմերից մեկը նշանակել է սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն` համաձայնեցված օդային հաղորդակցություններ շահագործելու համար.

դ. «համաձայնեցված հաղորդակցություններ» տերմինը նշանակում է` սահմանված երթուղիներով օդային հաղորդակցություններ` ուղևորներ, բեռ և փոստ փոխադրելու համար` առանձին կամ համակցված.

ե. «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «ավիաընկերություն» և «կանգառ ոչ առևտրային նպատակներով» տերմիններն ունեն այն իմաստները, որոնք, համապատասխանաբար, տրված են դրանց Կոնվենցիայի 96-րդ հոդվածում.

զ. «տարածք» տերմինը պետության առնչությամբ ունի այն իմաստը, որը դրան տրված է Կոնվենցիայի 2-րդ հոդվածում.

է. «սակագին» տերմինը նշանակում է` ուղևորների, ուղեբեռների և բեռների փոխադրման համար վճարվելիք գները և այն պայմանները, որոնց ներքո այդ գները կիրառվում են, ներառյալ գործակալությանը կամ փոխադրման փաստաթղթերի վաճառքի համար տոկոսավճարները և այլ լրացուցիչ փոխհատուցումը` բացառությամբ փոստի փոխադրման համար փոխհատուցման և պայմանների:

2. Հավելվածը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը: Համաձայնագրին արված բոլոր հղումները վերաբերում են նաև հավելվածին, եթե այլ հստակ համաձայնություն ձեռք չի բերվել:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին տրամադրում է սույն Համաձայնագրում սահմանված իրավունքները` հավելվածի չվացուցակներում նշված երթուղիներով միջազգային օդային հաղորդակցություններ շահագործելու նպատակով: Այդպիսի հաղորդակցությունները և երթուղիները այսուհետ համապատասխանաբար կոչվում են «համաձայնեցված հաղորդակցություններ» և «սահմանված երթուղիներ»:

2. Սույն Համաձայնագրի դրույթների պահպանմամբ` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունը(ները) միջազգային օդային հաղորդակցություններ շահագործելիս օգտվում է(են).

ա. մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրայով անվայրէջք թռիչք կատարելու իրավունքից.

բ. նշված տարածքում ոչ առևտրային նպատակներով կանգառներ կատարելու իրավունքից.

գ. սույն Համաձայնագրով այլ կերպ սահմանված իրավունքներից:

3. Սույն հոդվածում ոչինչ չպետք է դիտարկվի որպես Պայմանավորվող կողմերից մեկի նշանակված ավիաընկերությանը(ներին) արտոնության տրամադրում` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ուղևորներ, ուղեբեռ, բեռներ և փոստ վերցնել, փոխհատուցմամբ կամ վարձակալությամբ, և որոնց նպատակակետը այդ Պայմանավորվող կողմի տարածքում մեկ այլ կետ է:

4. Եթե զինված հակամարտության, քաղաքական հուզումների կամ զարգացումների կամ հատուկ և անսովոր հանգամանքների պատճառով Պայմանավորվող կողմերից մեկի նշանակված ավիաընկերությունը(ները) չի (չեն) կարող շահագործել հաղորդակցություն սովորական երթուղով, մյուս Պայմանավորվող կողմը պետք է գործադրի իր առավելագույն ջանքերը` դյուրացնելու համար այդպիսի հաղորդակցության շարունակական շահագործումը այդպիսի երթուղիների համապատասխան վերափոխումների միջոցով, ներառյալ իրավունքների տրամադրումն այնքան ժամանակ, որքան կարող է անհրաժեշտ լինել կենսունակ շահագործումները դյուրացնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

1. Նշանակված ավիաընկերություն(ներ)ը պետք է օգտվի (օգտվեն) արդար և հավասար հնարավորություններից` մրցակցելու համար սույն Համաձայնագրով կարգավորվող համաձայնեցված հաղորդակցություններ տրամադրելիս:

2. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է սահմանափակի յուրաքանչյուր նշանակված ավիաընկերության(ների)` միջազգային փոխադրումներ իրականացնելու իրավունքը`

ա. Պայմանավորվող կողմերի համապատասխան տարածքների միջև կամ

բ. Պայմանավորվող կողմերից մեկի տարածքի և երրորդ երկրների տարածքների միջև` բացառությամբ այն դեպքերի, եթե առկա է այդպիսի համաձայնություն երկու Պայմանավորվող կողմերի միջև:

3. Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերության(ների) կողմից համաձայնեցված հաղորդակցություններում տրամադրվելիք հաղորդակցությունների ծավալը և հաճախականությունը պետք է համաձայնեցվեն երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

1. Միջազգային օդագնացության մեջ ներգրավված օդանավի մուտքը Պայմանավորվող կողմերից մեկի տարածք և տարածքից մեկնումը կամ այդ տարածքի վրայով նման օդանավի թռիչքները կարգավորող Պայմանավորվող կողմերից մեկի օրենքները և կանոնակարգերը կիրառվում են մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության(ների) նկատմամբ:

2. Պայմանավորվող կողմերից մեկի օրենքներն ու կանոնակարգերը, որոնք կարգավորում են ուղևորների, անձնակազմի, ուղեբեռների, բեռների կամ փոստի մուտքը իր տարածք, ժամանակավոր գտնվելը իր տարածքում և մեկնումը իր տարածքից, ինչպես, օրինակ, մուտքին, ելքին, արտագաղթին և ներգաղթին վերաբերող ձևականությունները, ինչպես նաև մաքսային և սանիտարական միջոցառումները, կիրառվում են մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության(ների) օդանավով փոխադրվող ուղևորների, անձնակազմի, ուղեբեռների, բեռների կամ փոստի նկատմամբ, քանի դեռ նրանք գտնվում են վերը նշված տարածքում:

3. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չի կարող որևէ նախապատվություն տալ իր սեփական ավիաընկերություններին մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության(ների) նկատմամբ սույն հոդվածով նախատեսվող օրենքների և կանոնակարգերի կիրառման առումով:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի նշանակելու ավիաընկերություն(ներ) համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման նպատակով: Այդպիսի նշանակումը կատարվում է երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցման միջոցով:

2. Ավիացիոն իշխանությունները, որոնք ստացել են նշանակման մասին ծանուցումը, սույն հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերությունների դրույթները պահպանելով, առանց ձգձգման մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությանը(ներին) տրամադրում են շահագործման անհրաժեշտ թույլտվություն:

3. Պայմանավորվող կողմերից մեկի ավիացիոն իշխանությունները կարող են մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերություն(ներ)ից պահանջել ապացույցներ, որ նա ունի անհրաժեշտ որակավորում` այն օրենքներով և կանոնակարգերով սահմանված պայմանները կատարելու համար, որոնք սովորաբար կիրառվում են նշված իշխանությունների կողմից միջազգային օդային հաղորդակցությունների շահագործման նկատմամբ` Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի մերժելու սույն հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված շահագործման թույլտվության տրամադրումը կամ սահմանելու այնպիսի պայմաններ, որոնք նա կարող է անհրաժեշտ համարել սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում սահմանված իրավունքների իրականացման համար` ցանկացած դեպքում, երբ նշված Պայմանավորվող կողմը չունի ապացույց, որ ավիաընկերության(ների) ձեռնարկատիրական գործունեության իրականացման հիմնական վայրը իրենց նշանակած Պայմանավորվող կողմի տարածքում է, և որ նրանք ունեն նշված Պայմանավորվող կողմի կողմից տրված` օդանավ շահագործողի գործող վկայական:

5. Սույն հոդվածի 2-րդ պարբերության համաձայն շահագործման թույլտվությունը ստանալով` նշանակված ավիաընկերություն(ներ)ը կարող է (են) ցանկացած ժամանակ շահագործել համաձայնեցված հաղորդակցությունները:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի չեղյալ հայտարարելու կամ կասեցնելու մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության(ների) կողմից սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանված իրավունքների իրականացման համար շահագործման թույլտվությունը կամ սահմանելու այդպիսի իրավունքների իրականացման այնպիսի պայմաններ, որոնք նա կարող է անհրաժեշտ համարել, եթե.

ա. նա չունի ապացույցներ, որ նշված ավիաընկերության(ների) ձեռնարկատիրական գործունեության իրականացման հիմնական վայրը իրենց նշանակած Պայմանավորվող կողմի տարածքում է, և որ նրանք ունեն նշված Պայմանավորվող կողմի կողմից տրված` օդանավ շահագործողի գործող վկայական, կամ

բ. նշված ավիաընկերություն(ներ)ը չի (չեն) պահպանել կամ լրջորեն խախտել է (են) այդ իրավունքները տրամադրող Պայմանավորվող կողմի օրենքները կամ կանոնակարգերը, կամ

գ. նշված ավիաընկերություն(ներ)ը չի (չեն) շահագործել համաձայնեցված հաղորդակցությունները սույն Համաձայնագրով նախատեսված պայմաններին համապատասխան:

2. Այդպիսի իրավունքը պետք է կիրառվի միայն մյուս Պայմանավորվող կողմի հետ խորհրդակցելուց հետո, եթե անհապաղ չեղյալ հայտարարումը, կասեցումը կամ սույն հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված պայմանների սահմանումը անհրաժեշտ չէ` կանխելու համար օրենքների և կանոնակարգերի հետագա խախտումները:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Միջազգային իրավունքից բխող իրենց իրավունքներին ու պարտավորություններին համապատասխան` Պայմանավորվող կողմերը վերահաստատում են, որ միմյանց նկատմամբ ստանձնած իրենց պարտավորությունը` պաշտպանել քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը անօրինական միջամտության գործողություններից, սույն Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում: Առանց սահմանափակելու միջազգային իրավունքով սահմանված իրենց իրավունքների և պարտականությունների համընդհանուր բնույթը` Պայմանավորվող կողմերը, մասնավորապես, գործում են 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված «Օդանավում կատարված հանցագործությունների և որոշ այլ գործողությունների մասին» կոնվենցիայի, 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված «Օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի, 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին» կոնվենցիայի և 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված «Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարելու մասին» արձանագրության, ինչպես նաև ցանկացած այլ կոնվենցիայի և արձանագրության դրույթներին համապատասխան, որոնք վերաբերում են քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը, և որոնց երկու Պայմանավորվող կողմերը հավատարիմ են:

2. Պայմանավորվող կողմերը դիմելու դեպքում միմյանց տրամադրում են անհրաժեշտ աջակցություն` կանխելու համար քաղաքացիական օդանավերի անօրինական զավթման գործողությունները և այդպիսի օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների և օդագնացության միջոցների անվտանգության դեմ ուղղված անօրինական այլ գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք:

3. Պայմանավորվող կողմերն իրենց երկկողմ հարաբերություններում գործում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հաստատված և որպես Կոնվենցիայի հավելվածներ համարվող` ավիացիոն անվտանգության դրույթներին համապատասխան այնքանով, որքանով անվտանգության այդպիսի դրույթները կիրառելի են Պայմանավորվող կողմերի նկատմամբ. նրանք պետք է պահանջեն, որ իրենց ռեգիստրի օդանավ շահագործողները կամ այն օդանավ շահագործողները, որոնց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հիմնական վայրը կամ գտնվելու վայրը իրենց տարածքում է, կամ իրենց տարածքում գտնվող օդանավակայաններ շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության այդպիսի դրույթների համաձայն:

4. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը համաձայնում է, որ նման օդանավ շահագործողներից կարող է պահանջվել, որ պահպանեն սույն հոդվածի 3-րդ պարբերության մեջ նշված ավիացիոն անվտանգության դրույթները, որոնք պահանջվում են մյուս Պայմանավորվող կողմի կողմից այդ մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու, այդ տարածքից մեկնելու կամ այդ տարածքում գտնվելու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապահովում է, որ համարժեք միջոցներ արդյունավետորեն կիրառվեն` իր տարածքի սահմաններում օդանավը պաշտպանելու և ուղևորներին, անձնակազմին, նրանց ձեռքի իրերը, ուղեբեռները և օդանավի պաշարները ստուգելու համար նախքան օդանավ վերցնելը կամ բեռնելը կամ այդ ընթացքում: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նաև դրական արձագանքի կոնկրետ սպառնալիքի դիմակայմանն ուղղված անվտանգության հատուկ` խելամիտ միջոցներ ձեռնարկելու մյուս Պայմանավորվող կողմի որևէ խնդրանքի:

5. Երբ տեղի են ունենում միջադեպ կամ քաղաքացիական օդանավի ապօրինի զավթման միջադեպի սպառնալիք կամ այլ անօրինական գործողություններ` ուղղված այդպիսի օդանավի, նրա ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների կամ օդագնացության միջոցների անվտանգության դեմ, Պայմանավորվող կողմերը պետք է աջակցեն միմյանց` դյուրացնելով կապի և այլ համապատասխան միջոցները, որոնք նախատեսված են նման միջադեպը կամ դրա սպառնալիքը արագ և ապահով վերացնելու համար:

6. Երբ Պայմանավորվող կողմը բավարար հիմքեր ունի հավատալու, որ մյուս Պայմանավորվող կողմը շեղվել է սույն հոդվածի ավիացիոն անվտանգության դրույթներից, այդ Կողմի ավիացիոն իշխանությունները կարող են դիմել` մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ անհապաղ խորհրդակցություններ անցկացնելու համար: Այդպիսի դիմում ներկայացնելու օրվանից հետո` տասնհինգ (15) օրվա ընթացքում, Կողմերին բավարարող համաձայնություն ձեռք չբերելը կարող է հիմք հանդիսանալ մերժելու, չեղյալ հայտարարելու, սահմանափակելու համար այդ Պայմանավորվող կողմի ավիաընկերության(ների) շահագործման թույլտվությունը և տեխնիկական եզրակացությունները կամ դրանց նկատմամբ սահմանելու պայմաններ: Արտակարգ իրավիճակի պարագայում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ձեռնարկել ժամանակավոր միջոցներ նախքան տասնհինգ (15) օրվա ավարտը:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սույն Համաձայնագրով նախատեսված համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման նպատակով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է վավեր ճանաչի թռիչքային պիտանության վկայականները, որակավորման վկայականներն ու լիցենզիաները, որոնք տրվել կամ վավեր են ճանաչվել մյուս Պայմանավորվող կողմի կողմից և դեռևս ուժի մեջ են` պայմանով, որ նման վկայականները կամ լիցենզիաները առնվազն հավասար են կամ գերազանցում են այն նվազագույն չափանիշները, որոնք կարող են սահմանված լինել Կոնվենցիայի համաձայն:

2. Այնուամենայնիվ, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է մերժել իր քաղաքացիներին իր տարածքի վրայով թռիչքներ իրականացնելու նպատակով մյուս Պայմանավորվող կողմի կամ երրորդ երկրի կողմից տրված կամ վավեր ճանաչված որակավորման վկայականների ու լիցենզիաների վավեր ճանաչումը:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է դիմել` մյուս Պայմանավորվող կողմի կողմից ընդունված օդանավի անձնակազմի, օդանավի կամ դրա շահագործման ցանկացած ոլորտի թռիչքային անվտանգության չափանիշների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու համար: Այդ խորհրդակցությունները տեղի են ունենում դիմելու օրվանից հետո երեսուն (30) օրվա ընթացքում:

4. Եթե այդպիսի խորհրդակցություններից հետո Պայմանավորվող կողմերից մեկը գտնում է, որ մյուս Պայմանավորվող կողմը այդպիսի որևէ ոլորտում արդյունավետորեն չի պահպանում և կիրառում թռիչքների անվտանգության այն չափանիշները, որոնք առնվազն հավասար են այդ պահին Կոնվենցիայի համաձայն հաստատված նվազագույն չափանիշներին, առաջին Պայմանավորվող կողմը տեղեկացնում է մյուս Պայմանավորվող կողմին հայտնաբերված այդպիսի թերությունների և այդ նվազագույն չափանիշներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ քայլերի մասին, որպեսզի մյուս Պայմանավորվող կողմը համապատասխան քայլեր ձեռնարկի այդ թերությունները շտկելու համար: Մյուս Պայմանավորվող կողմի կողմից տասնհինգ (15) օրվա կամ համաձայնեցված ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում համապատասխան քայլեր չձեռնարկելը հիմք է սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի կիրառման համար:

5. Չնայած Կոնվենցիայի 33-րդ հոդվածում նշված պարտավորություններին` համաձայնություն է ձեռք բերվում, որ Պայմանավորվող կողմերից մեկի նշանակված ավիաընկերության(ների) կողմից կամ վարձակալության համաձայնագրով նրա անունից դեպի մյուս Պայմանավորվող կողմի տարածք կամ այդ տարածքից փոխադրումներում շահագործվող ցանկացած օդանավ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելիս կարող է մյուս Պայմանավորվող կողմի լիազորված ներկայացուցիչների կողմից ենթարկվել ստուգման օդանավում և դրա մոտակայքում` ստուգելու համար և օդանավի, և դրա անձնակազմի փաստաթղթերի վավերությունը և օդանավի ու դրա սարքավորումների արտաքին վիճակը (սույն հոդվածում` կառամատուցային տեսչական ստուգում)` պայմանով, որ այն չհանգեցնի անհարկի ձգձգումների:

6. Եթե կառամատուցային տեսչական այդպիսի ստուգման կամ մի շարք կառամատուցային տեսչական ստուգումների արդյունքում առաջանում են.

ա. լուրջ մտահոգություններ, որ օդանավը կամ դրա շահագործումը չի համապատասխանում այդ պահին Կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշներին, կամ

բ. լուրջ մտահոգություններ, որ բացակայում են այդ պահին Կոնվենցիայի համաձայն սահմանված թռիչքային անվտանգության չափանիշների արդյունավետ պահպանումը և կառավարումը,

ստուգումն իրականացնող Պայմանավորվող կողմը, Կոնվենցիայի 33-րդ հոդվածի նպատակներով, ազատ է եզրակացնելու, որ այն պահանջները, որոնց հիման վրա տրվել կամ վավեր են ճանաչվել այդ օդանավին կամ այդ օդանավի անձնակազմին վերաբերող վկայականները կամ լիցենզիաները, և այն պայմանները, որոնց հիման վրա շահագործվում է այդ օդանավը, հավասար չեն Կոնվենցիայով սահմանված չափանիշներին կամ չեն գերազանցում դրանք:

7. Այն դեպքում, երբ, վերը նշված 5-րդ պարբերության համաձայն, Պայմանավորվող կողմերից մեկի նշանակված ավիաընկերության(ների) կողմից շահագործվող օդանավի կառամատուցային տեսչական ստուգում իրականացնելու նպատակով մուտքը մերժվում է այդ ավիաընկերության(ների) ներկայացուցիչների կողմից, մյուս Պայմանավորվող կողմը ազատ է եզրակացնելու, որ ծագել են վերը նշված 6-րդ պարբերության մեջ նշված մտահոգությունները, և անելու այդ պարբերության մեջ նշված եզրակացությունները:

8. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում անհապաղ դադարեցնելու կամ փոփոխելու մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության(ների) շահագործման թույլտվությունը այն դեպքում, երբ առաջին Պայմանավորվող կողմը կառամատուցային տեսչական ստուգման, մի շարք կառամատուցային տեսչական ստուգումների, կառամատուցային տեսչական ստուգումների համար մուտքը մերժելու, խորհրդակցության արդյունքում կամ այլ կերպ եզրակացնում է, որ անհապաղ քայլեր են անհրաժեշտ ավիաընկերության շահագործման թռիչքային անվտանգության համար:

9. Վերը նշված 4-րդ և 8-րդ պարբերությունների համաձայն` Պայմանավորվող կողմերից մեկի կողմից ցանկացած քայլ պետք է դադարեցվի, եթե այդ քայլը ձեռնարկելու հիմքերն այլևս առկա չեն:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պայմանավորվող կողմերից ցանկացածը կարող է կանխել սույն Համաձայնագրով ծառայությունների համար վարձակալված այն օդանավի օգտագործումը, որը չի համապատասխանում 7-րդ (Ավիացիոն անվտանգություն) և 8-րդ հոդվածներին (Թռիչքային անվտանգություն):

2. Վերը նշված 1-ին պարբերության դրույթների պահպանմամբ` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերություն(ներ)ը կարող է (են) օգտագործել որևէ ընկերությունից վարձակալած օդանավ (կամ օդանավ և անձնակազմ), այդ թվում` այլ ավիաընկերություններից, պայմանով, որ այն չի հանգեցնի վարձակալող ավիաընկերության համար երթևեկության այն իրավունքներից օգտվելուն, որոնք նա չունի:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՏՈՒՐՔԵՐԻՑ ԵՎ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

1. Պայմանավորվող կողմերից մեկի նշանակված ավիաընկերության(ների) կողմից միջազգային հաղորդակցություններում շահագործվող օդանավերը, ինչպես նաև դրանց սովորական սարքավորումները, վառելիքի և քսայուղերի պահուստները, օդանավի պաշարները` ներառյալ սնունդը, խմիչքը և ծխախոտը, որոնք փոխադրվում են այդպիսի օդանավերով, մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելիս ազատվում են բոլոր տուրքերից կամ հարկերից` պայմանով, որ այդպիսի սարքավորումները, պահուստները և պաշարները մնալու են օդանավում մինչև դրանց արտահանումը:

2. Նույն տուրքերից և հարկերից, բացառությամբ մատուցված ծառայություններին համապատասխանող գանձումները, ազատվում են.

ա. Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում` այդ Պայմանավորվող կողմի իշխանությունների կողմից ամրագրված սահմաններում օդանավ վերցված և մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության(ների) կողմից միջազգային հաղորդակցությունում շահագործվող օդանավում օգտագործման համար նախատեսված պաշարները.

բ. պահեստամասերը և օդանավի սովորական սարքավորումները` ներմուծված Պայմանավորվող կողմերից մեկի տարածք միջազգային հաղորդակցություններում շահագործվող օդանավի տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման համար.

գ. Պայմանավորվող կողմերից մեկի նշանակված ավիաընկերության(ների)` միջազգային հաղորդակցությունում շահագործվող օդանավը լիցքավորելու համար նախատեսված վառելիքը և քսայուղերը, եթե նույնիսկ այդ պաշարները պետք է օգտագործվեն այն Պայմանավորվող կողմի տարածքի վրայով իրականացվող չվերթի ցանկացած մասում, որտեղ դրանք վերցվել են օդանավ.

դ. Պայմանավորվող կողմերից մեկի նշանակված ավիաընկերության(ների) կողմից օգտագործվող անհրաժեշտ փաստաթղթերը` ներառյալ փոխադրման փաստաթղթերը, ավիաբեռնագրերը և գովազդային նյութերը, ինչպես նաև ավտոմեքենաները, նյութերը և սարքավորումները, որոնք կարող են օդանավակայանի տարածքում նշանակված ավիաընկերության(ների) կողմից օգտագործվել կոմերցիոն և շահագործման նպատակներով` պայմանով, որ այդ նյութերն ու սարքավորումները նախատեսված լինեն ուղևորների և բեռի փոխադրման համար:

3. Օդանավի սովորական սարքավորումները, ինչպես նաև Պայմանավորվող կողմերից մեկի նշանակված ավիաընկերության(ների) կողմից շահագործվող օդանավում գտնվող նյութերը և պաշարները կարող են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բեռնաթափվել միայն այդ տարածքի մաքսային իշխանությունների հաստատմամբ: Նման դեպքում դրանք կարող են դրվել նշված իշխանությունների վերահսկողության տակ մինչև արտահանվեն կամ այլ կերպով տնօրինվեն` մաքսային կանոնակարգերի համաձայն:

4. Սույն հոդվածով նախատեսված ազատումները գործում են նաև այն իրավիճակներում, երբ Պայմանավորվող կողմերից ցանկացածի նշանակված ավիաընկերություն(ներ)ը պայմանավորվածություն է (են) ձեռք բերել այլ ավիաընկերությունների հետ սույն հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններում սահմանված ապրանքները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում փոխառելու կամ տարածք տեղափոխելու վերաբերյալ` պայմանով, որ այդպիսի մյուս ավիաընկերությունները նույն կերպով օգտվեն այդպիսի ազատումներից մյուս Պայմանավորվող կողմի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՈՒՂԻՂ ՏԱՐԱՆՑՈՒՄԸ

 

1. Պայմանավորվող կողմերից ցանկացածի տարածքով ուղղակի տարանցող և օդանավակայանում այդ նպատակների համար հատկացված տարածքից չհեռացող ուղևորները, ուղեբեռը և բեռները, բացառությամբ խախտման, սահմանների անձեռնմխելիության, օդային ավազակության և թմրամիջոցների մաքսանենգության ու ներգաղթային հսկողության դեմ ավիացիոն անվտանգության միջոցառումների, ենթարկվում են ոչ ավելի, քան պարզեցված ստուգման: ՈՒղղակի տարանցվող ուղեբեռները և բեռները ազատվում են մաքսատուրքերից և նմանատիպ այլ հարկերից:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ջանքեր է գործադրում ապահովելու համար, որ ուղևորներից գանձվող վճարները, որոնք սահմանվել են, կամ որոնց սահմանումը թույլատրվել է իր իրավասու իշխանությունների կողմից մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության(ների) նկատմամբ, լինեն արդարացի և հիմնավորված: Դրանց հիմքում ընկած են հիմնավորված տնտեսական սկզբունքները:

2. Օդանավակայանի և աերոնավիգացիոն սարքավորումների օգտագործման և Պայմանավորվող կողմերից մեկի կողմից մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությանը(ներին) առաջարկված ծառայությունների դիմաց վճարները չպետք է լինեն ավելի բարձր, քան այն վճարները, որոնք պետք է վճարվեն կանոնավոր միջազգային հաղորդակցություններում շահագործվող իր ազգային օդանավերի համար:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ խրախուսում է խորհրդակցությունների անցկացումն իր տարածքում վճարները գանձող իրավասու իշխանությունների կամ մարմինների և ծառայություններն ու սարքավորումներն օգտագործող` նշանակված ավիաընկերության(ներ)ի միջև և խրախուսում է վճարները գանձող իրավասու իշխանություններին կամ մարմիններին և նշանակված ավիաընկերությանը(ներին) փոխանակել նման տեղեկատվություն, որը կարող է անհրաժեշտ լինել` թույլատրելու վճարների ճշգրտությունը վերանայելու համար` սույն հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների սկզբունքների համաձայն: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ խրախուսում է վճարները գանձող իրավասու իշխանություններին` սպառողներին տրամադրել հիմնավորված ծանուցում սպառողների վճարների փոփոխությունների վերաբերյալ ցանկացած առաջարկի մասին` հնարավորություն տալով սպառողներին արտահայտել իրենց տեսակետները նախքան փոփոխություններ կատարելը:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պայմանավորվող կողմերից մեկի նշանակված ավիաընկերությանը(ներին) թույլատրվում է պահել համապատասխան ներկայացուցչություններ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում: Այդ ներկայացուցչություններում կարող է ընդգրկվել առևտրային, սպասարկող և տեխնիկական անձնակազմ, որը կարող է բաղկացած լինել փոխադրված կամ տեղում ընդգրկված աշխատակիցներից:

2. Առևտրային գործունեության նպատակով կիրառվում է փոխադարձության սկզբունքը: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավասու իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր քայլերը` համոզվելու համար, որ մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության(ների) ներկայացուցչությունները կարող են իրենց գործունեությունն իրականացնել պատշաճ կերպով:

3. Մասնավորապես, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությանը(ներին) իրավունք է տալիս իր տարածքում մասնակցելու օդային փոխադրումներին առնչվող վաճառքին անմիջականորեն և, ավիաընկերությունների հայեցողությամբ, գործակալների միջոցով: Նշանակված ավիաընկերություն(ներ)ը իրավունք ունեն փոխադրմանն առնչվող վաճառք իրականացնելու, և ցանկացած անձ ազատ է գնելու այդ փոխադրման ծառայությունը այդ տարածքի արժույթով կամ այլ երկրների ազատ փոխարկելի արժույթով:

4. Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերություն(ներ)ը կարող է (են) Պայմանավորվող կողմերից ցանկացածի կողմից նշանակված ավիաընկերության(ների) կամ երրորդ երկրի ավիաընկերության(ների) հետ կնքել մարկետինգային համաձայնություններ, ինչպիսիք են նստատեղերի տրամադրման, կոդերի համատեղ օգտագործման կամ այլ կոմերցիոն համաձայնությունները` պայմանով, որ այդ ավիաընկերությունները ունենան համապատասխան շահագործման թույլտվություն:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

Նշանակված ավիաընկերություն(ներ)ը իրավունք ունեն պաշտոնական փոխարժեքով փոխարկելու և իր (իրենց) երկիր փոխանցելու ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի փոխադրմանը պատշաճ համամասնությամբ տեղում ծախսված գումարները գերազանցող դրամական մուտքերը: Եթե Պայմանավորվող կողմերի միջև վճարումները կարգավորվում են հատուկ համաձայնագրով, ապա կիրառվում է այդ հատուկ համաձայնագիրը:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՍԱԿԱԳՆԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է պահանջել ծանուցել կամ իր ավիացիոն իշխանություններում գրանցել սույն Համաձայնագրով միջազգային օդային հաղորդակցությունների շահագործման համար նախատեսված սակագները:

2. Առանց սահմանափակելու ընդհանուր մրցակցության կիրառումը և յուրաքանչյուր Պայմանավորվող կողմում սպառողական իրավունքը` Պայմանավորվող կողմի միջամտությունը սահմանափակվում է.

ա. չհիմնավորված խտրական սակագների կամ գործելակերպի կանխմամբ.

բ. սպառողներին պաշտպանելով այն սակագներից, որոնք չհիմնավորված բարձր են կամ չհիմնավորված սահմանափակիչ բնույթ ունեն գերակա դիրքի չարաշահման կամ ավիափոխադրողների միջև փոխհամաձայնեցումների գործելակերպի պատճառով, և

գ. ավիաընկերություններին պաշտպանելով այն սակագներից, որոնք արհեստականորեն ցածր են կառավարության ուղղակի կամ անուղղակի սուբսիդավորման կամ աջակցության պատճառով:

3. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է միակողմանի գործողություն ձեռնարկի` կանխելու համար Պայմանավորվող կողմերից ցանկացածի նշանակված ավիաընկերության(ների) կողմից առաջարկվող` Պայմանավորվող կողմերի տարածքների միջև միջազգային օդային հաղորդակցությունների համար գանձվելիք կամ գանձված սակագնի կիրառումը կամ կիրառումը շարունակելը: Եթե Պայմանավորվող կողմերից ցանկացածը կարծում է, որ այդպիսի ցանկացած սակագին չի համապատասխանում սույն հոդվածում ամրագրված նկատառմանը, ապա նա դիմում է խորհրդակցություններ անցկացնելու համար և մյուս Պայմանավորվող կողմին ծանուցում է իր դժգոհության պատճառների մասին սակագնի մասին տեղեկությունն ստանալուց տասնչորս (14) օրվա ընթացքում: Այդպիսի խորհրդակցությունները տեղի են ունենում դիմումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 14 (տասնչորս) օր հետո: Առանց փոխադարձ համաձայնության` այդ սակագինը կսկսի կամ կշարունակի գործել:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՉՎԱՑՈՒՑԱԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է պահանջել, որ մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունը(ները) նախատեսվող չվացուցակների մասին ծանուցի(են) իր ավիացիոն իշխանություններին:

2. Լրացուցիչ թռիչքների համար, որոնք Պայմանավորվող կողմերից մեկի նշանակված ավիաընկերություն(ներ)ը ցանկանում է (են) շահագործել համաձայնեցված հաղորդակցություններում հաստատված չվացուցակից դուրս, նա պետք է մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններից նախապես թույլտվություն ստանա: Այդպիսի խնդրանքը սովորաբար ներկայացվում է այդպիսի թռիչքների շահագործումից առնվազն չորս (4) աշխատանքային օր առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

Երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները խնդրանքի դեպքում միմյանց տրամադրում են պարբերական վիճակագրական կամ այլ նմանատիպ տեղեկատվություն համաձայնեցված հաղորդակցություններով փոխադրումների վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 18. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ դիմել խորհրդակցություններ անցկացնելու նպատակով սույն Համաձայնագրի կատարման, մեկնաբանման, կիրառման կամ փոփոխման վերաբերյալ: Այդպիսի խորհրդակցությունները, որոնք կարող են տեղի ունենալ ավիացիոն իշխանությունների միջև, սկսվում են որքան հնարավոր է շուտ, բայց ոչ ուշ, քան մյուս Պայմանավորվող կողմի կողմից գրավոր խնդրանքն ստանալու օրվանից վաթսուն (60) օրվա ընթացքում, եթե Պայմանավորվող կողմերի միջև այլ համաձայնություն ձեռք չի բերվել: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նախապատրաստում և այդպիսի խորհրդակցությունների ժամանակ ներկայացնում է իր դիրքորոշումը հիմնավորող համապատասխան ապացույց, որպեսզի դյուրացնի տեղեկացված, խելամիտ և տնտեսական որոշումների ընդունումը:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Սույն Համաձայնագրի հետ կապված` ծագած յուրաքանչյուր վեճ, որը չի կարող կարգավորվել ուղղակի բանակցությունների միջոցով կամ դիվանագիտական ուղիներով, Պայմանավորվող կողմերից ցանկացածի խնդրանքով ներկայացվում է արբիտրաժային տրիբունալ:

2. Այդ դեպքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է արբիտր, և երկու արբիտրները նշանակում են նախագահ երրորդ պետության քաղաքացու: Եթե Պայմանավորվող կողմերից մեկի կողմից իր արբիտրի նշանակման օրվանից երկու (2) ամսվա ընթացքում մյուս Պայմանավորվող կողմը չի նշանակում իր արբիտրին, կամ եթե երկրորդ արբիտրի նշանակման օրվանից մեկ ամսվա ընթացքում երկու արբիտրները համաձայնության չեն գալիս նախագահի նշանակման շուրջ, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դիմել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդի նախագահին` կատարելու համար անհրաժեշտ նշանակումները:

3. Արբիտրաժային տրիբունալը սահմանում է իր աշխատակարգը և որոշում կայացնում աշխատակարգի ծախսերի բաշխման մասին:

4. Պայմանավորվող կողմերը կատարում են ցանկացած որոշում, որը կայացվել է` ի կիրառումն սույն հոդվածի:

 

ՀՈԴՎԱԾ 20. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը նպատակահարմար է գտնում փոփոխություններ կատարել սույն Համաձայնագրի որևէ դրույթում, այդպիսի փոփոխությունն ուժի մեջ է մտնում, երբ Պայմանավորվող կողմերը միմյանց ծանուցում են իրենց ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

2. Սույն Համաձայնագրի հավելվածում կատարվող փոփոխությունները կարող են ուղղակիորեն համաձայնեցվել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև: Դրանք կիրառվում են ժամանակավորապես դրանց համաձայնեցման օրվանից և ուժի մեջ մտնում, երբ հաստատվում են դիվանագիտական հայտագրերի փոխանակմամբ:

3. Օդային տրանսպորտի վերաբերյալ որևէ ընդհանուր բազմակողմանի կոնվենցիա կնքելու դեպքում, որը պարտադիր է դառնում երկու Պայմանավորվող կողմերի համար, սույն Համաձայնագրում փոփոխություններ են կատարվում այնպես, որ այն համապատասխանի այդպիսի կոնվենցիայի դրույթներին:

 

ՀՈԴՎԱԾ 21. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ գրավոր ծանուցել մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր որոշման մասին: Այդպիսի ծանուցման մասին միաժամանակ հաղորդվում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը:

2. Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է չվացուցակի ժամանակահատվածի վերջում, որի ընթացքում լրացել է ծանուցման ստացման օրվանից տասներկու (12) ամիս, եթե ծանուցումը փոխադարձ համաձայնությամբ հետ չի վերցվել նախքան այս ժամանակահատվածի լրանալը:

3. Մյուս Պայմանավորվող կողմի կողմից ծանուցման ստացումը չհաստատվելու դեպքում ծանուցումը համարվում է ստացված Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից այդ մասին հաղորդագրության ստացումից տասնչորս (14) օր հետո:

 

ՀՈԴՎԱԾ 22. ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագիրը և դրանում կատարված բոլոր փոփոխությունները գրանցվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում:

 

ՀՈԴՎԱԾ 23. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում, երբ Պայմանավորվող կողմերը միմյանց ծանուցում են միջազգային համաձայնագրերի կնքման և ուժի մեջ մտնելու վերաբերյալ իրենց ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

 

Ի հաստատումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Բեռն քաղաքում 2009 թվականի նոյեմբերի 10-ին, երկու օրինակով, հայերեն, գերմաներեն և անգլերեն, ընդ որում` բոլոր երեք տեքստերն էլ հավասարազոր են: Կատարմանը, մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող որևէ տարաձայնության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՑԱՆԿ

 

I. Երթուղիներ, որոնցով կարող են օդային հաղորդակցություններ շահագործվել Շվեյցարիայի նշանակված ավիաընկերության(ների) կողմից.

 

    Մեկնման կետեր     Միջանկյալ կետեր    Կետեր Հայաստանում   Կետեր

                                                             Հայաստանից

                                                             դուրս

 

------------------------------------------------------------------

-------------------------------------------------

__________________________________________________________________

Կետեր Շվեյցարիայում   Ցանկացած կետ*   Ցանկացած կետ*   Ցանկացած կետ*

 

II. Երթուղիներ, որոնցով կարող են օդային հաղորդակցություններ շահագործվել Հայաստանի նշանակված ավիաընկերության(ների) կողմից.

 

Մեկնման կետեր  Միջանկյալ կետեր  Կետեր Շվեյցարիայում  Կետեր

Շվեյցարիայից

դուրս

 

------------------------------------------------------------------

-------------------------------------------------

__________________________________________________________________

Կետեր Հայաստանում   Ցանկացած կետ*   Ցանկացած կետ*   Ցանկացած կետ*

 

* 5-րդ ազատության իրավունքի տրամադրումը ենթակա է երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև հետագա քննարկումների:

 

Նշումներ

 

1. Միջանկյալ կետերը և տարածքից դուրս կետերը սահմանված երթուղիներից ցանկացածի վրա կարող են, նշանակված ավիաընկերության(ների) հայեցողությամբ, բաց թողնվել ցանկացած կամ բոլոր չվերթերի համար:

 

2. Յուրաքանչյուր նշանակված ավիաընկերություն(ներ) կարող է (են) դադարեցնել իր (իրենց) համաձայնեցված հաղորդակցություններից ցանկացածը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:

 

3. Յուրաքանչյուր նշանակված ավիաընկերություն(ներ) կարող է (են) սպասարկել սույն Համաձայնագրի հավելվածում չսահմանված միջանկյալ կետեր և տարածքից դուրս կետեր` պայմանով, որ 5-րդ ազատության իրավունքները չկիրառվեն այս կետերի և մյուս Պայմանավորվող կողմի տարածքի միջև:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. հունիսի 1-ին

 

 

pin
''
10.11.2009
Միջազգային պայմանագիր