Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ձգտելով Կողմերի պետությունների միջև տնտեսական հարաբերությունները զարգացնել համաշխարհային պրակտիկայում ընդունված սկզբունքներով,

ելնելով արտաքին տնտեսական հարաբերությունների կարգավորման արդյունավետ ազգային համակարգ ապահովելու անհրաժեշտությունից,

Կողմերի միջև արտաքին տնտեսական հարաբերությունները լավագույն ձևով համակարգելու նպատակով,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը պայմանավորվեցին, որ 1992 թ. սեպտեմբերի 30-ի` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնադրման վերաբերյալ» Համաձայնագրի հիման վրա համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում և Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում հիմնադրված Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչությունը և Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը գործում են սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Առևտրային ներկայացուցչությունները կատարում են հետևյալ հիմնական գործառույթները.

աջակցում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը,

ընդունող պետությունում ներկայացնում են իրենց պետությունների շահերը բոլոր այն հարցերով, որոնք վերաբերում են երկու պետությունների միջև առևտրին և տնտեսական համագործակցության այլ ձևերին,

տեղեկացնում են ընդունող պետության շահագրգիռ մարմիններին իրենց պետությունում տնտեսական պայմանների և արտաքին տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին, ինչպես նաև տրամադրում են նման տեղեկատվություն ընդունող երկրի մասին իրենց պետության պետական մարմիններին,

նպաստում են ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցությանը Կողմերի պետությունների տարածքներում կազմակերպվող միջազգային առևտրական և արդյունաբերական ցուցահանդեսներին և համակարգում են իրենց պետության մասնակիցների աշխատանքը,

աջակցում են Կողմերի պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց առևտրի, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ոլորտում միմյանց միջև գործարքներ իրականացնելու, ուղղակի տնտեսական կապեր հաստատելու, արտադրական փոխգործակցություն իրականացնելու, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու և տնտեսական գործունեության հնարավոր այլ ձևերի զարգացման գործում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Առևտրային ներկայացուցչություններն օգտվում են իրավաբանական անձանց իրավունքներից, գործում են իրենց պետության Կառավարության անունից` նրանից ստացած լիազորություններին համապատասխան և ընդունող պետությունում իրենց պետության դեսպանի անմիջական քաղաքական ղեկավարության ներքո:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Առևտրային ներկայացուցչությունները պատասխանատվություն չեն կրում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պարտավորությունների համար, ինչպես և ֆիզիկական ու իրավաբանական անձինք պատասխանատվություն չեն կրում առևտրական ներկայացուցչությունների պարտավորությունների համար:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերի պայմանավորվածության համաձայն` ընդունող պետության այլ քաղաքներում կարող են բացվել առևտրային ներկայացուցչությունների բաժանմունքներ: Նման պայմանավորվածության գալու հետ միասին կորոշվի նշված բաժանմունքների իրավական կարգավիճակը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Առևտրային ներկայացուցչության ղեկավարը և նրա տեղակալներն օգտվում են բոլոր արտոնություններից և անձեռնմխելիության իրավունքներից, որոնք տարածվում են դիվանագիտական գործակալների վրա` համաձայն 1961 թ. ապրիլի 18-ի` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի (այսուհետ` Վիեննայի կոնվենցիա) համապատասխան դրույթների:

Առևտրային ներկայացուցչության վարչատեխնիկական և սպասարկող անձնակազմի անդամներն օգտվում են բոլոր արտոնություններից և անձեռնմխելիության իրավունքներից, որոնք, Վիեննայի կոնվենցիայի դրույթների համաձայն, տրվում են դիվանագիտական առաքելությունների անձնակազմի համապատասխան կատեգորիայի աշխատակիցներին:

Առևտրային ներկայացուցչության շինությունների, գույքի, արխիվների, փաստաթղթերի, պաշտոնական նամակագրության համար գործում են բոլոր այն արտոնությունները և անձեռնմխելիության իրավունքները, որոնք, Վիեննայի կոնվենցիայի համաձայն, ճանաչվում են դիվանագիտական ներկայացուցչությունների շինությունների, գույքի, արխիվների, փաստաթղթերի, պաշտոնական նամակագրության համար:

Առևտրային ներկայացուցչությունը և նրա ղեկավարն իրավունք ունեն ներկայացուցչության շինությունների վրա տեղադրելու հավատարմագրող երկրի դրոշն ու խորհրդանիշը:

Առևտրային ներկայացուցչությունը ունի իր պետության պետական զինանշանի պատկերով կնիք, իր գործունեության իրականացման համար անհրաժեշտ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Առևտրական ներկայացուցչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է սույն Համաձայնագրով, իր պետության օրենսդրությամբ, ընդունող պետության օրենսդրությամբ և միջազգային իրավունքի սկզբունքներով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Ընդունող պետությունը հնարավորության սահմաններում աջակցում է հավատարմագրող պետությանը նրա առևտրային ներկայացուցչության համար իր տարածքում անհրաժեշտ շինություններ տրամադրելու գործում` իր օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերի միջև սույն Համաձայնագրի դրույթների կիրառման և մեկնաբանման հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում և ուժի մեջ են մտնում դրա ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերը Կողմերի կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից և ուժի մեջ կմնա մինչև տասներկու ամիս լրանալն այն օրվանից, երբ Կողմերից մեկը գրավոր ծանուցում կուղարկի մյուս Կողմին դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո դադարեցնում է իր գործողությունը 1992թ. սեպտեմբերի 30-ի` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնադրման վերաբերյալ» Համաձայնագիրը, բացառությամբ 1-ին հոդվածի:

 

Կատարված է Երևան քաղաքում 2010 թվականի օգոստոսի 20-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. մայիսի 3-ին

 

 

pin
''
20.08.2010
Միջազգային պայմանագիր