Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

ցանկանալով զարգացնել գիտատեխնիկական, առևտրատնտեսական և սոցիալ-մշակութային համագործակցությունը,

ընդունելով, որ այդպիսի համագործակցության զարգացման համար պարտադիր պայման է մտավոր սեփականության արդյունավետ պահպանությունն ու պաշտպանությունը,

գիտակցելով սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության համակարգի զարգացման ուղղությամբ համաձայնեցված և համակարգված միջոցառումների ձեռնարկման կարևորությունը,

ղեկավարվելով սույն Համաձայնագրի մասնակից պետությունների միջազգային պարտավորություններով և օրենսդրություններով,

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության միջպետական համակարգի կատարելագործման, մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումների դեմ համատեղ գործունեության համակարգման նպատակով Կողմերը համագործակցությունն իրականացնում են.

ա) մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության ոլորտում կապերն ամրապնդելու, համատեղ հետազոտություններ անցկացնելու և կարծիքներ փոխանակելու.

բ) մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության ոլորտում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության մասին տեղեկատվություն փոխանակելու.

գ) տնտեսության, առևտրի, գիտության, տեխնիկայի և մշակույթի ոլորտում համագործակցություն իրականացնելիս մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության հետ կապված հարցերի համաձայնեցման, ինչպես նաև համապատասխան միջազգային պայմանագրերի կնքմանն աջակցելու.

դ) մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումների մասին նախազգուշացման, հայտնաբերման ու խափանման և նման իրավախախտումների վրա համատեղ գործողությունների իրականացմամբ հակազդելու.

ե) մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումների մասին նախազգուշացման և խափանման համար արդյունավետ միջոցների ձեռնարկման.

զ) սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսվարող սուբյեկտներին մտավոր սեփականության ոլորտում անբարեխիղճ մրցակցությունից փոխադարձաբար պաշտպանության միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերն ստեղծում են մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության հարցերով Միջպետական խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):

Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է Խորհրդի մասին Կանոնակարգի հիման վրա, որը սույն Համաձայնագրի անքակտելի մասն է:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար «մտավոր սեփականություն»-ը հասկացվում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը հիմնադրող` 1967 թ. հուլիսի 14-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածում (1979 թ. հոկտեմբերի 2-ի փոփոխություններով) նշված իմաստով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը համագործակցությունն իրականացնում են իրենց լիազոր (իրավասու) մարմինների միջոցով` սույն Համաձայնագրին համապատասխան, պահպանելով սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրություններն ու միջազգային պայմանագրերը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը որոշում են իրենց լիազոր (իրավասու) մարմինների ցանկը և այդ մասին հաղորդում ավանդապահին սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումն ի պահ հանձնելիս: Լիազոր (իրավասու) մարմինների ցանկում փոփոխությունների մասին Կողմերից յուրաքանչյուրը դիվանագիտական ուղիներով մեկ ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է ավանդապահին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերի լիազոր (իրավասու) մարմինները մտավոր սեփականության ոլորտում համագործակցությունն իրականացնում են իրավախախտումների մասին նախազգուշացման, հայտնաբերման և խափանման ուղղությամբ համատեղ հետազոտությունների, միջոցառումների համաձայնեցման և անցկացման, կարծիքների, տեղեկատվության փոխանակման միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում որևէ Կողմի` այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտականությունները, որոնց մասնակից է տվյալ Կողմի պետությունը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել դրա անքակտելի մասը հանդիսացող փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերի միջև սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանության ընթացքում ծագող վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով կամ Կողմերի համաձայնեցրած այլ ընթացակարգով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրող Կողմերի` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ գրավոր ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակներն ու սկզբունքներն ընդունող ցանկացած պետության միանալու համար` միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու միջոցով:

Միացող պետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում.

ա) ավանդապահի` միանալու մասին փաստաթուղթն ստանալու օրվանից 30 օր հետո` այն պայմանով, որ միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու պահին Համաձայնագիրն ուժի մեջ է մտել.

բ) Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից` այն պայմանով, որ միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու պահին Համաձայնագիրն ուժի մեջ չի մտել:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալու սույն Համաձայնագրից իր այդ մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան դուրս գալուց 6 ամիս առաջ և կարգավորելով Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից սույն Համաձայնագրի մասնակից պետությունների համար իրենց գործողությունը դադարեցնում են 1993 թ. մարտի 12-ի` Արդյունաբերական սեփականության պահպանության միջոցների ու արդյունաբերական սեփականության պահպանության հարցերով Միջպետական խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրը և 1998 թ. մարտի 6-ի` Մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումները խափանելու վերաբերյալ համագործակցության մասին համաձայնագիրը:

 

Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում 2010 թվականի նոյեմբերի 19-ին, մեկ բնօրինակով, ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը դրա վավերացված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:

 

    Ադրբեջանի Հանրապետության             Ռուսաստանի Դաշնության

      Կառավարության կողմից               Կառավարության կողմից

        ------------                       (ստորագրություն)

 

    Հայաստանի Հանրապետության             Տաջիկստանի Հանրապետության

      Կառավարության կողմից                 Կառավարության կողմից

        (ստորագրություն)                    (ստորագրություն)

 

    Բելառուսի Հանրապետության             Թուրքմենստանի Կառավարության

      Կառավարության կողմից                       կողմից

        (ստորագրություն)                      ---------------

 

    Ղազախստանի Հանրապետության            ՈՒզբեկստանի Հանրապետության

      Կառավարության կողմից                 Կառավարության կողմից

        (ստորագրություն)                     (ստորագրություն)

 

    Ղրղզստանի Հանրապետության             ՈՒկրաինայի Կառավարության

      Կառավարության կողմից                      կողմից

        (ստորագրություն)                    (ստորագրություն)

 

Մոլդովայի Հանրապետության

Կառավարության կողմից

(ստորագրություն)

 

Հավելված

Մտավոր սեփականության իրավական

պահպանության ու պաշտպանության

բնագավառում համագործակցության

և մտավոր սեփականության

իրավական պահպանության ու

պաշտպանության հարցերով

Միջպետական խորհրդի ստեղծման

մասին

2010 թվականի նոյեմբերի 19-ի

Համաձայնագրի

 

Կանոնադրություն

Մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության

հարցերով Միջպետական խորհրդի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության հարցերով Միջպետական խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) ստեղծվում է Մտավոր սեփականության իրավական պահպանության ու պաշտպանության բնագավառում համագործակցության և մտավոր սեփականության իրավական պահպանության ու պաշտպանության հարցերով Միջպետական խորհրդի ստեղծման մասին -- թվականի Համաձայնագրին համապատասխան (այսուհետ` Համաձայնագիր)` Համաձայնագրի մասնակից պետությունների` մտավոր սեփականության պահպանության ու պաշտպանության միջպետական համակարգը կատարելագործելու, մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումների դեմ համատեղ գործունեությունը համակարգելու նպատակով:

Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է` սերտորեն համագործակցելով ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ինչպես նաև Համագործակցության այլ մարմինների հետ:

1.2. Խորհուրդը հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին, իր գործունեությունն իրականացնում է իր լիազորությունների սահմաններում և հաշվետու է կառավարությունների ղեկավարների Խորհրդին և ԱՊՀ Տնտեսական խորհրդին:

1.3. Իր գործունեության ընթացքում Խորհուրդը ղեկավարվում է ԱՊՀ կանոնադրությամբ, Համագործակցության շրջանակներում կնքված պայմանագրերով և ընդունված որոշումներով, ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների մասին Ընդհանուր կանոնադրությամբ, ինչպես նաև սույն Կանոնադրությամբ:

 

II. Խորհրդի գործառույթները

 

Խորհուրդը կատարում է հետևյալ գործառույթները.

2.1. Համաձայնագրի մասնակից պետությունների համատեղ գործունեության համակարգում մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության մեխանիզմների ստեղծման, զարգացման և կատարելագործման ուղղությամբ, գիտատեխնիկական, առևտրատնտեսական և սոցիալ-մշակութային համագործակցության զարգացում, մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումների մասին նախազգուշացման, հայտնաբերման և խափանման ուղղությամբ համատեղ գործողությունների իրականացում:

2.2. Աջակցություն մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության ոլորտում օրենսդրական, նորմատիվային, մեթոդական և այլ տեղեկատվության փոխանակմանը:

2.3. Առաջարկությունների մշակում հետևյալ համակարգերի ստեղծման վերաբերյալ.

- մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության արդյունավետության բարձրացում,

- մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության ոլորտում անբարեխիղճ մրցակցության դեմ գործողություններ,

- ապօրինաբար նմանակված արտադրանքի արտադրության և տարածման դեմ գործողություններ,

- արդյունաբերական սեփականության, հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտների պաշտպանության մեխանիզմների կատարելագործում:

2.4. Մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության հարցերով համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում` ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի և ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների նիստերում քննարկելու համար:

2.5. Մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության ոլորտում Համաձայնագրի մասնակից պետությունների համագործակցության վերաբերյալ առաջարկությունների մշակում:

2.6. Մտավոր սեփականության ոլորտի մասնագետների միջոցով աջակցություն կազմակերպչական և ուսումնամեթոդական ապահովմանը:

 

III. Խորհրդի իրավունքները

 

Իր գործառույթներն իրականացնելու համար Խորհուրդն իրավունք ունի.

3.1. Սահմանված կարգով կառավարությունների ղեկավարների Խորհրդի և ԱՊՀ Տնտեսական խորհրդի քննարկմանը ներկայացնելու փաստաթղթերի նախագծեր, ինչպես նաև տեղեկատվություն Խորհրդի իրավասության տակ գտնվող հարցերով որոշումների կատարման մասին:

3.2. Սահմանված կարգով տեղեկատվություն պահանջելու Համաձայնագրի մասնակից պետություններից և ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմիններից իր իրավասության տակ գտնվող հարցերի վերաբերյալ:

3.3. Ստեղծելու մշտական գործող աշխատանքային հանձնաժողովներ` հետևյալ հարցերով.

ա) հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ.

բ) արդյունաբերական սեփականություն.

գ) մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումների դեմ գործողություններ,

ինչպես նաև` ստեղծելու փորձագետների ինչպես մշտական գործող, այնպես էլ ժամանակավոր միջպետական աշխատանքային խմբեր`

մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության մեխանիզմների իրականացման համար անհրաժեշտ միջազգային պայմանագրերի և այլ փաստաթղթերի նախագծերի մշակման, մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումների ու ապօրինաբար նմանակված արտադրանքի տարածման դեմ արդյունավետ միջոցների մշակման համար,

մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության ոլորտում արտոնագրային, նորմատիվ-մեթոդական փաստաթղթերի և այլ տեղեկատվության փոխանակման հարցերի դիտարկման համար,

մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության համակարգի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակման համար:

3.4. Իրականացնելու հսկողություն մշտական գործող աշխատանքային հանձնաժողովների, ինչպես նաև` ինչպես մշտական գործող, այնպես էլ Խորհրդին կից ստեղծված` փորձագետների ժամանակավոր միջպետական աշխատանքային խմբերի գործունեության վրա և ձեռնարկելու միջոցներ դրանց նորմալ աշխատանքն ապահովելու համար:

3.5. Լսելու Խորհրդի նախագահի հաշվետվությունները և պատրաստելու համապատասխան առաջարկներ Համաձայնագրի մասնակից պետությունների համար:

3.6. Մշակելու և հաստատելու իր աշխատանքի Օրակարգը, ինչպես նաև դրանում կատարելու փոփոխություններ:

 

IV. Խորհրդի ձևավորման կարգը

 

4.1. Խորհուրդը ձևավորվում է Համաձայնագրի մասնակից պետությունների պետական իշխանության այն մարմինների ղեկավարներից, որոնք պատասխանատու են մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության հարցերի համար:

Խորհրդի նիստերին Խորհրդի անդամներին փոխարինող անձանց ուղարկելու դեպքում նրանց լիազորությունները պետք է հաստատված լինեն:

Խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ընդգրկվել Խորհրդի քարտուղարության ղեկավարը և ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչները:

4.2. Խորհրդում նախագահությունն իրականացվում է Համաձայնագրի մասնակից պետություններից յուրաքանչյուրի կողմից` հերթով, ի դեմս նրա ներկայացուցչի, որն ընտրվում է ԱՊՀ մասնակից պետությունների անվանման ռուսական այբբենական կարգով, ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, եթե այլ բան չսահմանվի Խորհրդի որոշմամբ:

Խորհրդի նախորդ և հաջորդ նախագահները հանդիսանում են նրա համանախագահները:

Խորհրդի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականությունները դրվում են համանախագահներից մեկի վրա:

 

V. Աշխատանքի կազմակերպումը

 

5.1. Խորհրդի նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել արտահերթ նիստեր:

Խորհրդի արտահերթ նիստերը հրավիրվում են Նախագահի կողմից` նրա նախաձեռնությամբ, կամ Խորհրդի ոչ պակաս, քան երեք անդամի առաջարկությամբ:

5.2. Խորհրդի որոշումները համարվում են իրավազոր, եթե նիստին ներկա է եղել Խորհրդի անդամների ոչ պակաս, քան երկու երրորդը:

5.3. Նիստերի անցկացման վայրը որոշվում է Խորհրդի անդամների նախնական պայմանավորվածությամբ:

5.4. Խորհուրդն ամեն տարի ԱՊՀ Գործադիր կոմիտեին տեղեկատվություն է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ:

5.5. Խորհրդի որոշմամբ նրա նիստերին` որպես դիտորդ, կարող են ներկա գտնվել ԱՊՀ մասնակից չհանդիսացող պետությունների շահագրգիռ գերատեսչությունների, ինչպես նաև կազմակերպությունների, այդ թվում` միջազգային, ներկայացուցիչներ:

5.6. Խորհրդի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ:

Խորհրդի որոշումներն ընդունվում են դրա նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան որոշված չէ Խորհրդի կողմից:

Որոշումներն ընդունելիս յուրաքանչյուր պետություն ունի մեկ ձայն:

Խորհրդի ցանկացած անդամ կարող է հայտարարել այս կամ այն հարցի վերաբերյալ իր շահագրգիռ չլինելու մասին, որը չպետք է դիտվի որպես խոչընդոտ որոշում կայացնելու համար:

Խորհրդի այն անդամները, ովքեր համաձայն չեն որոշմանը, կարող են հատուկ կարծիք հայտնել, որը կընդգրկվի նիստի արձանագրության մեջ:

5.7. Խորհրդի որոշումներն ստորագրվում են Խորհրդի Նախագահի և պատասխանատու քարտուղարի կողմից:

5.8. Խորհրդի նիստերն անցկացվում են Խորհրդի կողմից հաստատված Օրակարգի համաձայն:

5.9. Խորհրդի հերթական նիստի նյութերն ուղարկվում են անդամներին դրա անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ:

5.10. Խորհրդի գործունեության կազմակերպչատեխնիկական և տեղեկատվական ապահովվածությունն իրականացնում է դրա քարտուղարությունը:

5.11. Խորհրդի քարտուղարության գործառույթները կատարում է Համաձայնագրի մասնակից պետության պետական իշխանության համապատասխան մարմինը, որի ներկայացուցիչը նախագահում է Խորհրդում, ԱՊՀ Գործադիր կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանման հետ համատեղ:

Խորհրդի քարտուղարության ղեկավար հանդիսանում է Խորհրդում նախագահող` Համաձայնագրի մասնակից պետության պետական իշխանության մարմնի ներկայացուցիչը, իսկ քարտուղարության ղեկավարի տեղակալ` ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:

5.12. Խորհրդի այն որոշումները, որոնք անմիջականորեն շոշափում են Համաձայնագրի որևէ մասնակից պետության շահերը, չեն կարող ընդունվել դրա ներկայացուցչի բացակայության պայմաններում:

5.13. Խորհուրդն ընտրում է Նախագահ առաջին նիստում:

5.14. Նախագահը կազմակերպում է Խորհրդի աշխատանքները, ղեկավարում է դրա նիստերը, ապահովում է Օրակարգի պահպանումը:

 

VI. Եզրափակիչ դրույթներ

 

6.1. Խորհրդի նիստերի անցկացումը կազմակերպելու հետ կապված ծախսերը կրում են Համաձայնագիրն ընդունող մասնակից պետության պետական իշխանության համապատասխան մարմինները:

Խորհրդի անդամների և նիստի մասնակիցների գործուղման ծախսերը կրում են Համաձայնագրի մասնակից պետության պետական իշխանության գործուղող մարմիններն ու կազմակերպությունները:

6.2. Խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է:

6.3. Խորհուրդը լուծելու մասին որոշումն ընդունվում է Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների Խորհրդի կողմից:

 

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2011թ. օգոստոսի 24-ին

 

 

pin
''
19.11.2010
Միջազգային պայմանագիր