i
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ
Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության գլխավոր խորհրդաժողովի` 1950 թվականին Ֆլորենցիայում կայացած հինգերորդ նստաշրջանում ընդունված «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» համաձայնագրի կողմ հանդիսացող Պայմանավորվող պետությունները.
Վերահաստատելով այդ Համաձայնագրի (այսուհետ` «Համաձայնագիր») հիմքում ընկած սկզբունքները,
Հաշվի առնելով, որ Համաձայնագիրն արդյունավետ միջոց է գաղափարների և գիտելիքների փոխանակումը խոչընդոտող մաքսային արգելքների նվազեցման և տնտեսական բնույթի այլ սահմանափակումների կրճատման համար,
Հաշվի առնելով, այնուամենայնիվ, որ Համաձայնագրի ընդունումից քառորդ դար հետո տեխնիկական առաջընթացը փոխել է այդ Համաձայնագրի հիմնական նպատակը հանդիսացող տեղեկությունների և գիտելիքների փոխանցման ուղիներն ու միջոցները,
Հաշվի առնելով նաև, որ այս ժամանակահատվածում միջազգային առևտրի բնագավառում տեղի ունեցած զարգացումները ընդհանուր առմամբ նշանավորվեցին փոխանակումների առավել մեծ ազատությամբ,
Հաշվի առնելով, որ Համաձայնագրի ընդունման պահից միջազգային իրավիճակն արմատապես փոխվել է միջազգային հանրության զարգացման շնորհիվ, մասնավորապես բազմաթիվ Պետությունների անկախության ձեռքբերմամբ,
Հաշվի առնելով, որ պետք է հաշվի առնել զարգացող երկրների կարիքներն ու մտահոգությունները` այդ պետություններին կրթության, գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի ոլորտներ առավել դյուրին և մատչելի կերպով մուտք գործելու հնարավորություն տալու նպատակով,
Վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի կողմից 1970 թվականին ընդունված «Մշակութային արժեքների անօրինական ներմուծումը, արտահանումը և սեփականության իրավունքի փոխանցումն արգելող և կանխարգելող միջոցների մասին» կոնվենցիայի և Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1972 թվականին ընդունված «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին» կոնվենցիայի դրույթները,
Վկայակոչելով նաև Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության խորհրդատվությամբ և Մաքսային համագործակցության խորհրդի հովանու ներքո կնքված` կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ժամանակավոր ներմուծման վերաբերյալ մաքսային կոնվենցիաները,
Համոզված լինելով, որ անհրաժեշտ է իրականացնել նոր միջոցառումներ, և որ այդպիսի միջոցառումներն առավել արդյունավետ կերպով կնպաստեն տնտեսական և սոցիալական առաջընթացի համար կարևոր հիմք հանդիսացող կրթության, գիտության և մշակույթի զարգացմանը,
Վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի տասնութերորդ նստաշրջանում ընդունված 4.112 բանաձևը,
Համաձայնեցին հետևյալի մասին.
I
1. Պայմանավորվող պետությունները պարտավորվում են սույն Արձանագրության Ա, Բ, Դ և Ե, ինչպես նաև Գ.I, Զ, Է և Ը հավելվածներում թվարկված նյութերը, եթե նշված հավելվածները ստորև նշված 16(ա) կետի համաձայն արված հայտարարության առարկա չեն, ազատել մաքսային տուրքերից կամ ներմուծման հետ կապված այլ վճարներից, ինչպես սահմանված է Համաձայնագրի I հոդվածի 1-ին կետով` պայմանով, որ այդ նյութերը բավարարեն այս հավելվածներով սահմանված պայմանները և հանդիսանան այլ Պայմանավորվող պետության արտադրանք:
2. Սույն Արձանագրության 1-ին կետի դրույթները չեն արգելում Պայմանավորվող պետություններին ներմուծվող նյութերի վրա սահմանել`
ա) ներմուծման պահին կամ հետագայում գանձվող ներքին հարկեր կամ ցանկացած այլ տեսակի ներքին վճարներ, որոնք չեն գերազանցում նմանատիպ հայրենական արտադրանքի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի կերպով կիրառվող հարկերը կամ վճարները.
բ) մաքսային տուրքերից տարբեր` այլ տուրքեր և վճարներ, որոնք պետական կամ վարչական մարմինների կողմից գանձվում են ներմուծման կամ դրա հետ կապված դեպքերում, և որոնք սահմանափակվում են տրամադրվող ծառայությունների մոտավոր արժեքով և չեն հանդիսանում ո՛չ հայրենական արտադրանքի անուղղակի պաշտպանության, ո՛չ էլ ներմուծումը` բյուջեի եկամուտների համար հարկելու միջոցներ:
II
3. Չնայած սույն Արձանագրության 2(ա) կետի դրույթներին` Պայմանավորվող պետությունները պարտավորվում են ներմուծման պահին կամ հետագայում չգանձել որևէ ներքին հարկ կամ ցանկացած տեսակի այլ ներքին վճարներ ստորև թվարկված նյութերի համար`
ա) սույն Արձանագրության 5-րդ կետում նշված գրադարանների համար նախատեսված գրքեր և հրատարակություններ.
բ) իրենց ծագման երկրում հրատարակված պաշտոնական, խորհրդարանական և վարչական փաստաթղթեր.
գ) Միավորված ազգերի կազմակերպության կամ դրա ցանկացած մասնագիտացված գործակալության գրքեր և հրատարակություններ.
դ) Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության կողմից ստացված և դրա կողմից կամ դրա վերահսկողության ներքո անվճար տարածվող գրքեր և հրատարակություններ.
ե) ներմուծող երկրի սահմաններից դուրս զբոսաշրջությանը նպաստելու համար նախատեսված անվճար առաքվող և տարածվող հրատարակություններ.
զ) կույրերի և ֆիզիկական ու մտավոր այլ արատներով անձանց համար նախատեսված առարկաներ`
i) կույրերի համար նախատեսված ցցուն տառատեսակով տպագրված ցանկացած տեսակի գրքեր, հրատարակություններ և փաստաթղթեր.
ii) կույրերի և ֆիզիկական ու մտավոր այլ արատներով անձանց կրթական, գիտական կամ մշակութային զարգացման համար հատուկ նախատեսված այլ առարկաներ, որոնք անմիջականորեն ներմուծվում են կույրերի և ֆիզիկական ու մտավոր այլ արատներով անձանց կրթության կամ աջակցության հարցերով զբաղվող հաստատությունների կամ կազմակերպությունների կողմից, որոնք հաստատված են ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից` նմանատիպ առարկաների անմաքս ներմուծման համար:
III
4. Պայմանավորվող պետությունները պարտավորվում են սույն Արձանագրության հավելվածներում նշված առարկաների և նյութերի համար չգանձել որևէ մաքսային տուրք, արտահանման տուրք կամ երկրից դուրս հանվող ապրանքների վրա սահմանվող տուրքեր կամ այլ տեսակի ներքին հարկեր, որոնք սահմանվում են նմանատիպ առարկաների և նյութերի վրա, եթե դրանք նախատեսված են այլ Պայմանավորվող պետություններ արտահանելու համար:
IV
5. Պայմանավորվող պետությունները պարտավորվում են Համաձայնագրի II հոդվածի 1-ին կետով նախատեսված անհրաժեշտ լիցենզիաների և/կամ արտարժույթի տրամադրումը տարածել հետևյալ նյութերի ներմուծման վրա`
ա) հանրությանը սպասարկող գրադարանների համար նախատեսված գրքեր և հրատարակություններ, ներառյալ հետևյալ գրադարանները`
i) ազգային գրադարաններ և այլ խոշոր գիտահետազոտական գրադարաններ.
ii) ընդհանուր և մասնագիտացված ուսումնական գրադարաններ` ներառյալ համալսարանների, քոլեջների, ինստիտուտների գրադարանները, հանրության համար բաց համալսարանական գրադարանները.
iii) հանրային գրադարաններ.
iv) դպրոցական գրադարաններ.
v) հատուկ գրադարաններ, որոնք սպասարկում են առանձնահատուկ և ճանաչելի հետաքրքրություններ ունեցող` ամբողջություն կազմող ընթերցողների խումբ, ինչպիսիք են կառավարության գրադարանները, պետական մարմինների գրադարանները, ձեռնարկությունների գրադարանները և մասնագիտական կազմակերպությունների գրադարանները.
vi) արատներով անձանց և ազատ տեղաշարժվելու կարողությունից զրկված ընթերցողների համար նախատեսված գրադարաններ, ինչպիսիք են կույրերի համար նախատեսված գրադարանները, հիվանդանոցների և բանտերի գրադարանները.
vii) երաժշտական գրադարաններ` ներառյալ ձայնադարանները.
բ) բարձրագույն ուսումնական հաստատություններում որպես դասագրքեր ընդունված կամ երաշխավորված և այդ հաստատությունների կողմից ներմուծվող գրքեր.
գ) օտարալեզու գրքեր` բացառությամբ ներմուծող երկրի հիմնական մայրենի լեզվով կամ լեզուներով գրքերը.
դ) կազմակերպությունների կողմից ներմուծված կրթական, գիտական կամ մշակութային բնույթի ֆիլմեր, սլայդեր, տեսաժապավեններ և ձայնագրություններ, որոնք հաստատված են ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից` անմաքս ներմուծման համար:
V
6. Պայմանավորվող պետությունները պարտավորվում են տարածել Համաձայնագրի III հոդվածով նախատեսված արտոնությունները այն նյութերի և կահավորանքի վրա, որոնք ներմուծվում են բացառապես կրթական, գիտական կամ մշակութային բնույթի առարկաների` ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից հաստատված հանրային ցուցահանդեսներում ցուցադրվելու նպատակով և որոնք հետագայում ենթակա են արտահանման:
7. Նախորդ կետի որևէ դրույթ չի արգելում ներմուծող երկրի իշխանություններին ձեռնարկելու այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել ցուցահանդեսի ավարտից հետո նշված նյութերի և կահավորանքի` արտահանող երկիր փաստացի վերադարձն ապահովելու համար:
VI
8. Պայմանավորվող պետությունները պարտավորվում են`
ա) սույն Արձանագրությամբ նախատեսված առարկաների ներմուծման վրա տարածել Համաձայնագրի IV հոդվածի դրույթները.
բ) համապատասխան միջոցների շնորհիվ խթանել զարգացող երկրներում արտադրված կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի և առարկաների ազատ հոսքն ու տարածումը:
VII
9. Սույն Արձանագրության ոչ մի դրույթ չի ազդում Պայմանավորվող պետությունների իրավունքների վրա` իրենց օրենսդրությանը համապատասխան ձեռնարկելու առարկաների ներմուծումը կամ ներմուծումից հետո դրանց տարածումն արգելելուն կամ սահմանափակելուն ուղղված այնպիսի միջոցներ, որոնք հիմնված են ազգային անվտանգությանը, հասարակական կարգին կամ հասարակական բարոյականությանն ուղղակիորեն առնչվող պատճառների վրա:
10. Չնայած սույն Արձանագրության մյուս դրույթներին` Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված գործելակերպի հիման վրա որպես զարգացող երկիր որակվող և սույն Արձանագրության կողմ հանդիսացող ցանկացած երկիր կարող է կասեցնել կամ սահմանափակել ցանկացած առարկայի կամ նյութի ներմուծման առնչությամբ սույն Արձանագրությամբ նախատեսված պարտավորությունները, եթե ներմուծումը վնաս է հասցնում կամ սպառնում է լուրջ վնաս հասցնել տվյալ զարգացող երկրի նոր ձևավորվող տեղական արտադրությանը: Տվյալ երկիրը պետք է իրականացնի այդ միջոցառումը` առանց խտրականություն կիրառելու: Այդ պետությունը պետք է նախապես տեղեկացնի Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության գլխավոր տնօրենին այդ միջոցառումների մասին` մինչև դրանց կիրառումը սկսելը, որքանով դա գործնականում հնարավոր է, իսկ Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության գլխավոր տնօրենը այդ մասին պետք է տեղեկացնի Արձանագրության բոլոր կողմերին:
11. Սույն Արձանագրությունը չի փոփոխում որևէ Պայմանավորվող պետության` հեղինակային իրավունքին, ապրանքային նշաններին կամ արտոնագրերին առնչվող օրենքները և կանոնակարգերը կամ որևէ միջազգային պայմանագիր, կոնվենցիա, համաձայնագիր կամ հայտարարություն կամ չի ազդում դրանց վրա:
12. Պահպանելով այն կոնվենցիայի դրույթները, որոնք Պայմանավորվող պետությունները նախկինում կարող է կնքած լինեն վեճերի կարգավորման համար, Պայմանավորվող պետությունները պարտավորվում են, սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ կարգավորելու նպատակով, դիմել բանակցությունների կամ հաշտեցման գործընթացների:
13. Պայմանավորվող պետությունների միջև ներմուծվող նյութերի` կրթական, գիտական կամ մշակութային բնույթի հետ կապված վեճի դեպքում շահագրգիռ կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են դիմել Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության գլխավոր տնօրենին խորհրդատվական եզրակացության համար:
VIII
14. ա) Սույն Արձանագրությունը, որի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, թվագրված է սույն օրվա ամսաթվով և բաց է ստորագրման համար Համաձայնագրի կողմ հանդիսացող բոլոր Պետությունների, ինչպես նաև մաքսային և տնտեսական միությունների կողմից` պայմանով, որ վերջիններիս կազմում գտնվող բոլոր անդամ պետությունները նույնպես հանդիսանան Արձանագրության կողմեր:
Սույն Արձանագրության, ինչպես նաև 18-րդ կետում նշված արձանագրության մեջ գործածվող «պետություն» կամ «երկիր» հասկացությունները վերաբերում են նաև, եթե դա պահանջվում է համատեքստով, մաքսային կամ տնտեսական միություններին, իսկ դրանց իրավասության շրջանակում գտնվող, սույն Արձանագրության գործողության շրջանակին առնչվող բոլոր հարցերի մասով` դրանց անդամ պետությունների տարածքներին ամբողջությամբ, այլ ոչ թե այդ երկրներից յուրաքանչյուրի տարածքին: Հասկանալի է, որ սույն Արձանագրության Պայմանավորվող կողմի տարածքում այդ մաքսային կամ տնտեսական միությունները նույնպես կկիրառեն Համաձայնագրի դրույթները Արձանագրության նկատմամբ նույն հիմքով, ինչ նախատեսված է նախորդ կետում:
բ) Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման կամ ընդունման այն ստորագրած պետությունների կողմից` իրենց սահմանադրական ընթացակարգերին համապատասխան:
գ) Վավերացման կամ ընդունման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:
15. ա) 14. ա) կետում նշված պետությունները, որոնք չեն ստորագրել սույն Արձանագրությունը, կարող են միանալ սույն Արձանագրությանը:
բ) Միանալն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին պաշտոնական փաստաթուղթ ի պահ հանձնելու միջոցով:
16. ա) Սույն Արձանագրության 14(ա) կետում նշված պետությունները կարող են, ստորագրման, վավերացման, ընդունման կամ միանալու պահին, հայտարարել, որ իրենց համար պարտադիր չեն II մասը, IV մասը, Գ. I հավելվածը, Զ հավելվածը, Է հավելվածը և Ը հավելվածը կամ այդ մասերից կամ հավելվածներից որևէ մեկը: Պետությունները կարող են նաև հայտարարել, որ Գ.I հավելվածը պարտադիր է իրենց համար միայն այդ հավելվածն ընդունած Պայմանավորվող պետությունների կապակցությամբ:
բ) Նման հայտարարություն արած ցանկացած Պայմանավորվող պետություն ցանկացած պահի կարող է, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով, ամբողջությամբ կամ մասնակիորեն այն հետ վերցնել` հստակեցնելով այն ամսաթիվը, որից սկսած գործում է հետ վերցնելը:
գ) Այն պետությունները, որոնք սույն կետի (ա) ենթակետի համաձայն հայտարարել են, որ իրենց համար պարտադիր չէ Գ.I հավելվածը, իրենց համար անխուսափելիորեն պարտադիր կլինի Գ.2 հավելվածը: Այն պետությունները, որոնք կհայտարարեն, որ իրենց համար պարտադիր կլինի Գ.I հավելվածը միայն այն Պայմանավորվող պետությունների կապակցությամբ, որոնք ընդունել են այդ հավելվածը, իրենց համար անխուսափելիորեն պարտադիր կլինի Գ.2 հավելվածն այն Պայմանավորվող պետությունների կապակցությամբ, որոնք չեն ընդունել Գ.I հավելվածը:
17. ա) Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ միանալու մասին հինգերորդ փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից վեց ամիս հետո:
բ) Այն ուժի մեջ է մտնում ցանկացած այլ պետության համար` այդ պետության վավերացման, ընդունման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից վեց ամիս հետո:
գ) Սույն կետի (ա) և (բ) ենթակետերում նշված ժամկետները լրանալուց հետո մեկ ամսվա ընթացքում սույն Արձանագրության կողմ հանդիսացող Պայմանավորվող պետությունները Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպություն են ներկայացնում Արձանագրության լիարժեք իրականացման համար ձեռնարկած միջոցների մասին զեկույց:
դ) Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունն ուղարկում է այդ զեկույցները սույն Արձանագրության կողմ հանդիսացող բոլոր Պետություններին:
18. Համաձայնագրին կից և դրա անբաժանելի մասը կազմող Արձանագրությունը, ինչպես դա նախատեսված է Համաձայնագրի XVII հոդվածով, սույնով դառնում է սույն Արձանագրության անբաժանելի մասը և կիրառվում է սույն Արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների և սույն Արձանագրության մեջ նշված արտադրանքի նկատմամբ:
19. ա) Սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց երկու տարի հետո ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը` Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին գրավոր փաստաթուղթ ի պահ հանձնելու միջոցով:
բ) Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում այն ստանալու օրվանից մեկ տարի հետո:
գ) XIV հոդվածի համաձայն Համաձայնագիրը չեղյալ հայտարարելը ինքնաբերաբար նշանակում է սույն Արձանագրության չեղյալ հայտարարում:
20. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը պետք է տեղեկացնի 14(ա) կետում նշված պետություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությանը 14-րդ և 15-րդ կետերում նշված վավերացման, ընդունման կամ միանալու մասին բոլոր փաստաթղթերն ի պահ հանձնելու մասին, 16-րդ կետի համաձայն արված և հետ վերցված հայտարարությունների մասին, 17(ա) և (բ) կետերի համաձայն սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելու ամսաթվերի և 19-րդ կետով նախատեսված չեղյալ հայտարարման մասին:
21. ա) Սույն Արձանագրությունը կարող է վերանայվել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության գլխավոր խորհրդաժողովի կողմից: Յուրաքանչյուր այդպիսի վերանայում, այնուամենայնիվ, պարտադիր ուժ ունի միայն այն Պետությունների համար, որոնք դարձել են վերանայման մասին արձանագրության կողմեր:
բ) Այն դեպքում, երբ Գլխավոր խորհրդաժողովն ընդունում է սույն Արձանագրությունն ամբողջությամբ կամ մասամբ վերանայման մասին նոր արձանագրություն, և եթե նոր արձանագրությամբ այլ բան նախատեսված չէ, սույն Արձանագրությունը դադարում է բաց լինել ստորագրման, վավերացման, ընդունման կամ միանալու համար` վերանայման մասին նոր արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից:
22. Սույն Արձանագրությունը չի փոխարինում կամ փոփոխում Համաձայնագիրը:
23. Ա, Բ, Գ.I, Գ.2, Դ, Ե, Զ, Է և Ը Հավելվածները սույն Արձանագրության անբաժանելի մասն են կազմում:
24. Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածի համաձայն` սույն Արձանագրությունը գրանցվում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի կողմից` Արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվա ամսաթվով:
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը իրենց համապատասխան Կառավարությունների անունից:
Կատարված է Միավորված ազգերի կազմակերպության նստավայրում` Նյու-Յորքում, մեկ բնօրինակով, հազար ինը հարյուր յոթանասունյոթ թվականի մարտի մեկին
Հավելվածներ
Հավելված Ա
Գրքերը, հրատարակությունները և փաստաթղթերը
i) Տպագիր գրքեր` անկախ այն լեզվից, որով դրանք տպագրվել են և անկախ նկարազարդումներին հատկացված տեղից` ներառյալ հետևյալները`
ա) շքեղ հրատարակումներ.
բ) ներմուծող երկրում բնակվող հեղինակի ձեռագրի հիման վրա արտասահմանում տպագրված գրքեր.
գ) նկարչական և գունազարդման մանկական ալբոմներ.
դ) տպագիր տեքստով գրքեր և բաց վանդակներով դպրոցական վարժությունների տետրեր (աշխատանքային տետրեր), որոնք պետք է լրացվեն աշակերտների կողմից.
ե) տպագիր տեքստ պարունակող խաչբառերի ժողովածուներ.
զ) գրքերի արտադրության համար նախատեսված նկարազարդումներ և տպագիր էջեր` առանձին կամ կարված թերթերի տեսքով, և վերարտադրված շարվածքներ կամ վերարտադրման ժապավեններ.
ii) Ոչ առևտրային բնույթի տպագիր փաստաթղթեր կամ զեկույցներ.
iii) Սույն հավելվածի (i) և (ii), ինչպես նաև Համաձայնագրի Ա հավելվածի (i) - (vi) կետերում թվարկված առարկաների մանրակերտեր.
iv) Ֆիլմերի, ձայնագրությունների և կրթական, գիտական կամ մշակութային բնույթի այլ տեսալսողական նյութերի կատալոգներ.
v) Հետաքրքրություն ներկայացնող քարտեզներ և գծագրեր գիտության այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են երկրաբանությունը, կենդանաբանությունը, բուսաբանությունը, հանքագիտությունը, հնէաբանությունը, հնագիտությունը, ազգագրությունը, օդերևութաբանությունը, կլիմայագիտությունը և գեոֆիզիկան, ինչպես նաև օդերևութաբանական և գեոֆիզիկական դիագրամներ.
vi) Ճարտարապետական, արդյունաբերական կամ ճարտարագիտական նախագծեր և գծագրեր ու դրանց վերարտադրումներ.
vii) Անվճար տարածման համար նախատեսված մատենագիտական տեղեկատվական նյութեր:
Հավելված Բ
Արվեստի գործերը և կրթական, գիտական կամ մշակութային բնույթի հավաքածուների
առարկաները
i) Գեղանկարներ և գծանկարներ` անկախ այն նյութերի բնույթից, որոնց վրա դրանք կատարվել են բացառապես ձեռքով, ներառյալ ձեռակերտ վերարտադրումները` բացառությամբ արդյունաբերական եղանակով պատրաստված նմանօրինակ առարկաների.
ii) Արվեստի բնօրինակ գործ հանդիսացող խեցեգործություն և խճանկարչություն փայտի վրա.
iii) Հավաքածուների առարկաներ և արվեստի գործեր` նախատեսված պատկերասրահների, թանգարանների և այլ հաստատությունների համար, որոնք հաստատված են ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից` նման առարկաների անմաքս ներմուծման համար, պայմանով, որ դրանք չեն վերավաճառվի:
Հավելված Գ. I
Տեսալսողական նյութեր
i) Ֆիլմեր, դիաֆիլմեր, միկրոֆիլմեր և սլայդեր.
ii) Ձայնագրություններ.
iii) Կրթական, գիտական և մշակութային բնույթի նմուշներ, մակետներ և ուսումնական պաստառներ` բացառությամբ խաղալիքների մոդելների.
iv) Այլ տեսալսողական նյութեր, ինչպիսիք են`
ա) տեսաժապավենները, կինեսկոպները, տեսասկավառակները, տեսագրման և ձայնագրման այլ ձևերը.
բ) միկրոքարտերը, միկրոֆիշերը և մագնիսական ու տեղեկատվության պահպանման այլ միջոցները, որոնք անհրաժեշտ են տեղեկատվության և փաստաթղթերի` համակարգչով մշակման ծառայությունների համար.
գ) ծրագրային ապահովման նյութերը, որոնք կարող են ներկայացված լինել համապատասխան հավաքածուի տեսքով` ներառյալ տեսագրված և ձայնագրված կասետները.
դ) դիապոզիտիվները, ներառյալ` ուղղակի պրոյեկցիայի կամ օպտիկական սարքավորումների միջոցով դիտելու համար նախատեսվածները.
ե) լազերային պրոյեկցիայի համար նախատեսված հոլոգրամները.
զ) վերացական հասկացությունների մանրակերտերը կամ տարածական մոդելները, ինչպիսիք են մոլեկուլյար կառուցվածքները կամ մաթեմատիկական բանաձևերը.
է) տարբեր մուլտիմեդիա հավաքածուներ.
ը) զբոսաշրջության խթանման համար նյութեր` ներառյալ ներմուծման երկրի բնակչության` արտասահման մեկնելը խրախուսելու նպատակով թողարկված նյութերը:
(Սույն Գ.I հավելվածով նախատեսված տուրքերից ազատումը չի տարածվում`
ա) չօգտագործված միկրոձևերի հավաքածուների և տեսագրման ու ձայնագրման միջոցների և դրանց հատուկ փաթեթավորումների վրա, ինչպիսիք են կասետները, պարկուճները (քարթրիջներ), կոճերը.
բ) տեսագրման և ձայնագրման վրա` բացառությամբ (iv)(ը) կետում նշված զբոսաշրջության խթանման համար նյութերը, որոնք թողարկվել են մասնավոր առևտրային ձեռնարկության կողմից կամ վերջինիս համար` հիմնականում գովազդային նպատակներով.
գ) այն տեսագրությունների և ձայնագրությունների վրա, որոնցում գովազդի տևողությունը գերազանցում է 25 տոկոսը: (iv)(ը) կետում նշված զբոսաշրջության խթանման համար նյութերի մասով` այս տոկոսային չափանիշը կիրառվում է միայն մասնավոր առևտրային գովազդի նկատմամբ):
Հավելված Գ. 2
Կրթական, գիտական կամ մշակութային բնույթի տեսալսողական նյութերը
Կազմակերպությունների (ներառյալ, ներմուծող երկրի հայեցողությամբ, հեռարձակող և հեռուստատեսային կազմակերպություններ) կամ որևէ այլ հասարակական կամ մասնավոր հաստատության կամ ընկերակցության կողմից ներմուծված կրթական, գիտական կամ մշակութային բնույթի տեսալսողական նյութեր, որոնք հաստատված են ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից` այդ տեսակի նյութերի անմաքս ներմուծման համար, կամ եթե այդ նյութերը արտադրված են Միավորված ազգերի կազմակերպության կամ դրա մասնագիտացված գործակալությունների կողմից` ներառելով հետևյալը`
i) ֆիլմեր, դիաֆիլմեր, միկրոֆիլմեր և սլայդեր.
ii) կինոխրոնիկա (ձայնային կամ ոչ ձայնային), որը ներկայացնում է տվյալ ժամանակահատվածի վերաբերյալ նորությունների նշանակությունը ներմուծման ժամանակ, և ներմուծվում է վերարտադրման նպատակներով կա՛մ նեգատիվների ձևով` լուսանկարված և երևակված, կա՛մ պոզիտիվների` ցուցադրված և երևակված. հասկանալի է, որ անմաքս ներմուծումը կարող է սահմանափակվել յուրաքանչյուր առարկայի համար երկու օրինակով.
iii) արխիվային կինոնյութ (ձայնային կամ ոչ ձայնային), որը նախատեսված է կինոխրոնիկայի հետ կապված օգտագործման համար.
iv) ժամանցային ֆիլմեր` նախատեսված մասնավորապես երեխաների և երիտասարդության համար.
v) ձայնագրություններ.
vi) տեսաժապավեններ, կինեսկոպներ, տեսասկավառակներ, տեսագրություններ և տեսագրման ու ձայնագրման այլ ձևեր.
vii) միկրոքարտեր, միկրոֆիշեր և մագնիսական ու տեղեկատվության պահպանման այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են տեղեկատվության և փաստաթղթերի` համակարգչով մշակման ծառայությունների համար.
viii) ծրագրային ապահովման նյութեր, որոնք կարող են ներկայացված լինել համապատասխան հավաքածուի տեսքով` ներառյալ տեսագրված և ձայնագրված կասետները.
ix) դիապոզիտիվներ, ներառյալ` ուղղակի պրոյեկցիայի կամ օպտիկական սարքավորումների միջոցով դիտելու համար նախատեսվածները.
x) լազերային պրոյեկցիայի համար նախատեսված հոլոգրամներ.
xi) վերացական հասկացությունների մանրակերտեր կամ տարածական մոդելները, ինչպիսիք են մոլեկուլյար կառուցվածքները կամ մաթեմատիկական բանաձևերը.
xii) տարբեր մուլտիմեդիա հավաքածուներ:
Հավելված Դ
Գիտական գործիքները և սարքավորումները
i) Գիտական գործիքներ և սարքավորումներ` պայմանով.
ա) որ դրանք նախատեսված լինեն պետական կամ մասնավոր գիտական կամ կրթական հաստատությունների համար ու հաստատված են ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից` այդպիսի առարկաների անմաքս ներմուծման համար և կօգտագործվեն ոչ առևտրային նպատակներով այդ հաստատությունների հսկողության և պատասխանատվության ներքո.
բ) որ նմանատիպ գիտական արժեք ունեցող գործիքներ և սարքավորումներ ներմուծման երկրում չեն արտադրվում:
ii) Գիտական գործիքների և սարքավորումների համար պահեստամասեր, դետալներ կամ օժանդակ սարքավորումներ` պայմանով, որ այդ պահեստամասերը, դետալները կամ օժանդակ սարքավորումները ներմուծվեն այդ սարքերի և սարքավորումների հետ միաժամանակ, իսկ հետագայում ներմուծվելու դեպքում, հնարավոր լինի որոշել, որ դրանք նախատեսված են նախկինում անմաքս ներմուծված կամ անմաքս ներմուծման համար ենթակա գործիքների կամ սարքավորումների համար:
iii) Գիտական սարքերի պահպանման, ստուգման, լարման և վերանորոգման համար օգտագործվող գործիքներ` պայմանով, որ այդ գործիքները ներմուծվեն այդ սարքերի կամ սարքավորումների հետ միաժամանակ, իսկ հետագայում ներմուծվելու դեպքում, հնարավոր լինի որոշել, որ դրանք նախատեսված են նախկինում անմաքս ներմուծված կամ անմաքս ներմուծման համար ենթակա գործիքների կամ սարքավորումների համար` պայմանով, որ ներմուծող երկրում տվյալ պահին հավասարազոր գիտական արժեք ներկայացնող գործիքներ չեն արտադրվում:
Հավելված Ե
Կույրերի և այլ արատներով անձանց համար նախատեսված առարկաները
i) Կույրերի կրթական, գիտական կամ մշակութային առաջխաղացման համար նախատեսված բոլոր առարկաները, որոնք անմիջականորեն ներմուծվում են կույրերի կրթության կամ աջակցության հարցերով զբաղվող հաստատությունների կամ կազմակերպությունների կողմից և որոնք հաստատված են ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից` նմանատիպ առարկաների անմաքս ներմուծման համար, ներառյալ`
ա) «խոսող գրքեր» (ձայնասկավառակներ, կասետներ կամ ձայնի վերարտադրության այլ միջոցներ) և մեծ տառատեսակով գրքեր.
բ) ձայնարկիչներ և կասետային նվագարկիչներ, որոնք հատուկ նախատեսված կամ հարմարեցված են կույրերի և այլ արատներով անձանց համար և անհրաժեշտ են «խոսող գրքերը» վերարտադրելու համար.
գ) սարքավորումներ` կույրերի կամ տեսողության մասնակի կորստով անձանց կողմից նորմալ տառատեսակը ընթերցելու համար, օրինակ` ընթերցանության էլեկտրոնային մեքենաներ, հեռուստատեսային խոշորացույցներ և օպտիկական հարմարանքներ.
դ) Բրայլի տառատեսակով նյութերի մեխանիկական կամ համակարգչով արտադրության համար նախատեսված սարքավորումներ և ձայնագրված նյութեր, օրինակ` ստերեոտիպային մեքենաներ, Բրայլի տառատեսակով գրելու, այն թարգմանելու և դրանով տպագրելու սարքեր, Բրայլի տառատեսակով համակարգչային վերջնասարքեր (տերմինալներ) և ցուցասարքեր (դիսպլեյներ).
ե) Բրայլի տառատեսակի համար թուղթ, մագնիսական ժապավեններ և կասետներ` Բրայլով գրքեր և «խոսող գրքեր» արտադրելու համար.
զ) կույրերի տեղաշարժը բարելավելու համար նախատեսված հարմարանքներ, օրինակ` խոչընդոտները հայտնաբերելու և կողմնորոշվելու համար նախատեսված էլեկտրոնային սարքեր և սպիտակ ձեռնափայտեր.
է) կույրերի ուսուցման, վերականգնման, մասնագիտական պատրաստման և աշխատանքային գործունեության համար նախատեսված տեխնիկական միջոցներ, ինչպիսիք են Բրայլի թվերով ժամացույցը, Բրայլի տառատեսակով գրամեքենան, ուսումնական ու դասավանդման ձեռնարկները, խաղերը և այլ սարքերը` հարմարեցված հատուկ կույրերի օգտագործման համար.
ii) Ֆիզիկական կամ մտավոր այլ արատներով անձանց ուսուցման, աշխատանքային գործունեության և սոցիալական առաջխաղացման համար հատուկ նախատեսված բոլոր նյութերը, որոնք անմիջականորեն ներմուծվում են այդպիսի անձանց կրթության կամ աջակցության հարցերով զբաղվող հաստատությունների կամ կազմակերպությունների կողմից և որոնք հաստատված են ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից` նմանատիպ առարկաների անմաքս ներմուծման համար` պայմանով, որ ներմուծող երկրում տվյալ պահին համարժեք առարկաներ չեն արտադրվում:
Հավելված Զ
Սպորտային սարքավորումները
Սպորտային սարքավորումներ, որոնք բացառապես նախատեսված են սիրողական սպորտով զբաղվող այն ընկերակցությունների կամ խմբերի համար, որոնք հաստատված են ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից` այդպիսի առարկաների անմաքս ներմուծման համար, պայմանով, որ ներմուծող երկրում տվյալ պահին համարժեք նյութեր չեն արտադրվում:
Հավելված Է
Երաժշտական գործիքները և երաժշտական այլ սարքավորումները
Երաժշտական գործիքներ և երաժշտական այլ սարքավորումներ, որոնք բացառապես նախատեսված են այն մշակութային հաստատությունների կամ երաժշտական դպրոցների համար, որոնք հաստատված են ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից` այդպիսի առարկաների անմաքս ներմուծման համար, պայմանով, որ ներմուծող երկրում տվյալ պահին համարժեք գործիքներ չեն արտադրվում:
Հավելված Ը
Գրքերի, հրատարակությունների և փաստաթղթերի արտադրության համար օգտագործվող նյութերը և մեքենաները
i) Գրքերի, հրատարակությունների և փաստաթղթերի արտադրության համար օգտագործվող նյութեր (ցելյուլոզային զանգված, թափոնների վերամշակումից ստացված թուղթ, թերթային և այլ թուղթ` տպագրության համար, տպագրական ներկեր, սոսինձ և այլն):
ii) Ցելյուլոզային զանգվածի և թղթի մշակման համար նախատեսված մեքենաներ, ինչպես նաև տպագրական և կազմարարական մեքենաներ` պայմանով, որ ներմուծող երկրում տվյալ պահին համարժեք տեխնիկական որակի մեքենաներ չեն արտադրվում:
Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2011թ. փետրվարի 23-ին