Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՔՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈ ...

 

 

i

ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ
ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ

 

Սույն Արձանագրությունն ստորագրող Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները,

հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ ստանձնած իրենց պարտավորությունները,

ցանկանալով հետագայում երաշխավորել մարդու իրավունքների պաշտպանությունը, աջակցել օրենքի գերակայությանը և օժանդակել հասարակության ժողովրդավարական համակարգին,

այս առումով ցանկալի համարելով հանցագործությանն արձագանքելու համար ամրապնդել իրենց անհատական և հավաքական հնարավորությունները,

վճռական լինելով որոշակի հարցերում բարելավել և լրացնել 1959 թ. ապրիլի 20-ին Ստրասբուրգում ստորագրված Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին եվրոպական կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա), ինչպես նաև 1978 թ. մարտի 17-ին Ստրասբուրգում ստորագրված դրան կից լրացուցիչ Արձանագրությունը,

հաշվի առնելով 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան, ինչպես նաև 1981թ. հունվարի 28-ին Ստրասբուրգում ստորագրված` Անձնական տվյալների մեքենայական մշակման հարցում անձանց պաշտպանության մասին կոնվենցիան,

համաձայնեցին հետևյալի շուրջ.

 

ԲԱԺԻՆ I
ՀՈԴՎԱԾ 1

 

Կիրառման ոլորտը

 

Կոնվենցիայի 1-ին հոդվածը պետք է փոխարինել հետևյալ դրույթներով.

«1. Կողմերը պարտավորվում են, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, անհապաղ միմյանց տրամադրել փոխադարձ օգնության ամենալայն միջոցներ այն հանցագործությունների դատավարության առնչությամբ, որոնց համար պատիժ սահմանելը օգնության մասին հարցման պահին գտնվում է հայցող Կողմի դատական մարմինների իրավասության ներքո:

2. Սույն Կոնվենցիան չի կիրառվում ձերբակալությունների, դատավճիռների կատարման կամ ռազմական իրավունքով հանցագործություն համարվող այն արարքների նկատմամբ, որոնք հանցագործություն չեն համարվում սովորական քրեական իրավունքով:

3. Փոխադարձ օգնությունը կարող է տրամադրվել նաև այն դատական վարույթներով, որոնք հարուցվում են վարչական մարմինների կողմից` այնպիսի գործողությունների նկատմամբ, որոնք պատժելի են հայցող կամ հայցվող Կողմի ազգային օրենքով` օրենքի գերակայության խախտումների հիմքերով, երբ որոշումը կարող է հիմք հանդիսանալ` մասնավորապես քրեական գործերով դատարանի առջև` դատաքննություն սկսելու համար:

4. Փոխադարձ օգնությունը չպետք է մերժվի միայն այն հիմքերով, որ դա առնչվում է այն գործողություններին, որոնց համար իրավաբանական անձը կարող է պատասխանատվություն կրել հայցող Կողմում:»:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Հայցող Կողմի պաշտոնատար անձանց ներկայությունը

 

1. Կոնվենցիայի 4-րդ հոդվածը պետք է լրացվի հետևյալ տեքստով (Կոնվենցիայի սկզբնական 4-րդ հոդվածը դառնում է 1-ին կետ, իսկ ներքոնշյալ դրույթները` 2-րդ կետ).

«2. Այդպիսի պաշտոնատար կամ շահագրգիռ անձանց ներկա գտնվելու վերաբերյալ հարցումները չպետք է մերժվեն, երբ օգնության մասին հարցման կատարման ապահովման դեպքում հնարավոր է, որ այդ մասնակցությունն առավելապես համապատասխանի հայցող Կողմի պահանջներին, և այդ առումով հնարավոր է խուսափել օգնության մասին լրացուցիչ հարցումների անհրաժեշտությունից:»:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կալանավորված անձանց հայցող Կողմի տարածք ժամանակավոր փոխանցելը

 

Կոնվենցիայի 11-րդ հոդվածը պետք է փոխարինել հետևյալ դրույթներով.

«1. Կալանքի տակ գտնվող անձը, որի անձնական ներկայության համար դիմել է հայցող Կողմը` ապացուցման այնպիսի նպատակներով, որոնք այլ են, քան դատարանի առջև հանդես գալը, պետք է ժամանակավորապես փոխանցվի նրա տարածք` պայմանով, որ նա պետք է հետ ուղարկվի հայցվող Կողմի սահմանած ժամանակահատվածում և սույն Կոնվենցիայի 12-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` այնքանով, որքանով դրանք կիրառելի են:

Փոխանցումը կարող է մերժվել, եթե.

ա) կալանքի տակ գտնվող անձն իր համաձայնությունը չի տալիս.

բ) նրա ներկայությունն անհրաժեշտ է հայցվող Կողմի տարածքում իրականացվող քրեական դատավարությունների համար.

գ) փոխանցումը ենթադրում է նրա կալանքի տակ գտնվելու ժամանակի երկարաձգում, կամ

դ) առկա են հայցող Կողմի տարածք նրա փոխանցումը չթույլատրող այլ հիմնավոր հիմքեր:

2. Սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դրույթների համաձայն` 1-ին կետով նախատեսված դեպքում կալանքի տակ գտնվող անձի տարանցումը երրորդ Կողմի տարածքով պետք է թույլատրվի հայցող Կողմի արդարադատության նախարարության կողմից այն Կողմի արդարադատության նախարարությանը հասցեագրված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով զուգակցված դիմումի հիման վրա, որի տարածքով տարանցման վերաբերյալ հարցում է կատարվում: Կողմը կարող է մերժել իր քաղաքացիներին տարանցման թույլտվության տրամադրումը:

3. Փոխանցված անձը պետք է մնա կալանքի տակ հայցող Կողմի տարածքում և, եթե կիրառելի է, այն Կողմի տարածքում, որին ուղղվել է տարանցման վերաբերյալ հարցումը, քանի դեռ այն Կողմը, որին փոխանցման մասին հարցում է ուղղվել, չի դիմել նրան ազատ արձակելու համար:»:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Հաղորդակցման ուղիները

 

Կոնվենցիայի 15-րդ հոդվածը պետք է փոխարինվի հետևյալ դրույթներով.

«1. Փոխադարձ օգնության մասին հարցումները, ինչպես նաև առանց հարցման տրամադրվող տեղեկատվությունը պետք է հայցող Կողմի արդարադատության նախարարության կողմից գրավոր հասցեագրվեն հայցվող Կողմի արդարադատության նախարարությանը և վերադարձվեն միևնույն ուղիներով: Այնուամենայնիվ, դրանք կարող են հայցող Կողմի դատական մարմինների կողմից անմիջականորեն փոխանցվել հայցվող Կողմի դատական մարմիններին և վերադարձվել միևնույն ուղիներով:

2. Սույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածով և սույն Կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ Արձանագրության 13-րդ հոդվածով նախատեսված դիմումները բոլոր դեպքերում հայցող Կողմի արդարադատության նախարարության կողմից պետք է հասցեագրվեն հայցվող Կողմի արդարադատության նախարարությանը և վերադարձվեն միևնույն ուղիներով:

3. Սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված դատավարություններին առնչվող փոխադարձ օգնության հարցումները, հանգամանքներից ելնելով, նույնպես կարող են հայցող Կողմի դատական կամ վարչական մարմինների կողմից անմիջականորեն փոխանցվել հայցվող Կողմի դատական կամ վարչական մարմիններին և վերադարձվել միևնույն ուղիներով:

4. Սույն Կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ Արձանագրության 18-րդ և 19-րդ հոդվածներին համապատասխան արված փոխադարձ օգնության մասին հարցումները նույնպես հայցող Կողմի իրավասու մարմինների կողմից կարող են անմիջականորեն ուղարկվել հայցվող Կողմի իրավասու մարմիններին:

5. Սույն Կոնվենցիայի 13-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հարցումները շահագրգիռ դատական մարմինների կողմից կարող են անմիջականորեն հասցեագրվել հայցվող Կողմի համապատասխան մարմիններին, և պատասխանները կարող են վերադարձվել անմիջականորեն այդ մարմինների կողմից: Սույն Կոնվենցիայի 13-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հարցումները հայցող Կողմի արդարադատության նախարարության կողմից պետք է հասցեագրվեն հայցվող Կողմի արդարադատության նախարարությանը:

6. Կոնվենցիայի լրացուցիչ Արձանագրության 4-րդ հոդվածում նշված` դատապարտման և ձեռնարկված միջոցների վերաբերյալ փաստաթղթերի պատճենների համար հարցումները կարող են արվել անմիջականորեն իրավասու մարմիններին: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ սահմանել, թե սույն կետի նպատակներով ո՛ր մարմիններին է ինքը համարելու իրավասու մարմիններ:

7. Անհետաձգելի դեպքերում, երբ սույն Կոնվենցիայով թույլատրվում է ուղղակի փոխանցումը, դա կարող է իրականացվել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) միջոցով:

8. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած պահի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ իրեն իրավունք վերապահել փոխադարձ օգնության մասին հարցումները կամ նշված հարցումների կատարումը պայմանավորել հետևյալ մեկ կամ մի քանի պայմաններով.

ա) որ հարցման պատճենը փոխանցվի այդ հայտարարության մեջ նշված կենտրոնական մարմնին.

բ) այդ հարցումները, բացառությամբ անհետաձգելի հարցումների, փոխանցվեն այդ հայտարարության մեջ նշված կենտրոնական մարմնին.

գ) որ անհետաձգելի լինելու պատճառով անմիջական փոխանցման դեպքում պատճենը պետք է միաժամանակ փոխանցվի իր արդարադատության նախարարությանը.

դ) որ օգնության մասին մի քանի կամ բոլոր հարցումները պետք է իրեն ուղարկվեն այլ ուղիներով, քան նախատեսված են սույն հոդվածով:

9. Փոխադարձ օգնության մասին հարցումները և սույն Կոնվենցիայով կամ դրա Արձանագրություններով նախատեսված այլ հաղորդակցությունները կարող են փոխանցվել էլեկտրոնային կամ հեռահաղորդակցման այլ միջոցներով` պայմանով, որ հարցման դեպքում հայցող Կողմը պատրաստ է ցանկացած ժամանակ տրամադրել դրանց գրավոր արձանագրությունները և բնօրինակները: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ սահմանել այն պայմանները, որոնց համաձայն ինքը կընդունի և կկատարի էլեկտրոնային կամ հաղորդակցման այլ միջոցներով ստացված հարցումները:

10. Սույն հոդվածի դրույթները չեն խախտում Կողմերի միջև գործող այն երկկողմ պայմանագրերը կամ պայմանավորվածությունները, որոնք իրենց համապատասխան իրավասու մարմինների միջև օգնության մասին հարցումների ուղիղ փոխանցում են նախատեսում:»:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Ծախսեր

 

Կոնվենցիայի 20-րդ հոդվածը պետք է փոխարինվի հետևյալ դրույթներով.

«1. Կողմերը միմյանց չպետք է սույն Կոնվենցիայի կամ դրա Արձանագրությունների կիրառումից բխող ծախսերի հատուցման պահանջ ներկայացնեն` բացառությամբ.

ա) հայցվող Կողմի տարածքում փորձագետների ներկա գտնվելու համար կրած ծախսերի.

բ) սույն Կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ Արձանագրության 13-րդ կամ 14-րդ հոդվածների կամ սույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն կալանքի տակ գտնվող անձանց փոխանցումն իրականացնելու համար կրած ծախսերի.

գ) փաստացի կամ չնախատեսված ծախսերի:

2. Այնուամենայնիվ, տեսա- կամ հեռախոսային կապի հաստատման ծախսերը, հայցվող Կողմում տեսա- կամ հեռախոսային կապի ծառայության ծախսերը, հայցվող Կողմում վերջինիս տրամադրած թարգմանիչների վարձատրության և կեցության հետ կապված ծախսերն ու ճանապարհածախսը պետք է հայցող Կողմի կողմից փոխհատուցվեն հայցվող Կողմին, եթե Կողմերն այլ համաձայնություն ձեռք չեն բերում:

3. Կողմերը պետք է միմյանց հետ խորհրդակցեն վերը նշված 1-ին կետի «գ» ենթակետով վիճահարույց ծախսերի վճարման համար համաձայնություն ձեռք բերելու շուրջ:

4. Սույն հոդվածի դրույթները պետք է կիրառվեն` առանց խախտելու սույն Կոնվենցիայի 10-րդ հոդված 3-րդ կետը:»:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Դատական մարմիններ

 

Սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածը պետք է փոխարինվի հետևյալ դրույթներով.

«Յուրաքանչյուր պետություն պետք է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթղթերն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ սույն Կոնվենցիայի նպատակների համար սահմանի այն մարմինները, որոնց ինքը կհամարի դատական մարմիններ: Հետագայում` ցանկացած ժամանակ և միևնույն եղանակով, նա կարող է փոխել իր հայտարարության պայմանները:»:

 

ԲԱԺԻՆ II
ՀՈԴՎԱԾ 7

 

Հարցումների հետաձգումով կատարումը

 

1. Հայցվող Կողմը կարող է հետաձգել հարցմամբ նախատեսված գործողությունը, եթե նման գործողությունը վնաս է հասցնում իր իրավասու մարմինների կողմից կատարվող հետաքննությանը, դատական կարգով հետապնդմանը կամ դրան առնչվող դատավարությանը:

2. Նախքան օգնությունը մերժելը կամ հետաձգելը հայցվող Կողմը պետք է, հարմար առիթի դեպքում, հայցող Կողմի հետ խորհրդակցելուց հետո քննարկի, թե արդյոք կարո՞ղ է հարցումը կատարվել մասնակիորեն կամ այն պայմաններին համապատասխան, որոնք ինքն անհրաժեշտ է համարում:

3. Եթե հարցումը հետաձգվում է, ապա պետք է տրամադրվեն հետաձգման պատճառները: Հայցվող Կողմը հայցող Կողմին պետք է տեղեկացնի նաև հարցման կատարումը անհնարին դարձնող ցանկացած պատճառի մասին, կամ` որ հնարավոր են էական ձգձգումներ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Ընթացակարգ

 

Չնայած Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դրույթներին` եթե հարցումների մեջ նշվում են այնպիսի կարգեր կամ ընթացակարգեր, որոնք անհրաժեշտ են` հայցող Կողմի օրենքին համապատասխան, և եթե նույնիսկ հայցվող Կողմին անծանոթ են, վերջինս պետք է կատարի նման հարցումներն այնքանով, որքանով կատարման ենթակա գործողությունը չի հակասում իր օրենքի հիմնարար սկզբունքներին, եթե սույն Արձանագրությամբ այլ բան նախատեսված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Հարցաքննություն տեսակոնֆերանսի միջոցով

 

1. Եթե անձը գտնվում է Կողմերից մեկի տարածքում և որպես վկա կամ փորձագետ պետք է հարցաքննվի մյուս Կողմի դատական մարմինների կողմից, վերջինս կարող է, եթե այդ անձի համար ցանկալի կամ հնարավոր չէ նրա տարածքում հարցաքննությանը անձամբ ներկա գտնվելը, խնդրել, որ հարցաքննությունը կատարվի տեսակոնֆերանսի միջոցով, ինչպես նախատեսված է 2-7-րդ կետերով:

2. Հայցվող Կողմը պետք է համաձայնի տեսակոնֆերանսի միջոցով հարցաքննությանը` պայմանով, որ տեսակոնֆերանսի կիրառումը չի հակասում իր օրենքի հիմնարար սկզբունքներին, և որ ինքը հարցաքննությունն անցկացնելու համար տեխնիկական միջոցներ ունի: Եթե հայցվող Կողմի համար մատչելի չեն տեսակոնֆերանսի համար նախատեսված տեխնիկական միջոցները, ապա, փոխադարձ համաձայնությամբ, հայցող Կողմը կարող է ապահովել այդպիսի միջոցները:

3. Կոնվենցիայի 14-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության հետ միասին տեսակոնֆերանսի միջոցով հարցաքննության համար հարցումները պետք է պարունակեն նաև այն պատճառները, թե ինչո՛ւ ցանկալի կամ հնարավոր չէ, որ վկան կամ փորձագետը անձամբ ներկայանա, այն դատական մարմնի և անձանց անունները, որոնք անցկացնելու են հարցաքննությունը:

4. Հայցվող Կողմի դատական մարմինը պետք է հարցաքննվող անձին կանչի դատարան իր օրենքով ամրագրված ձևով:

5. Տեսակոնֆերանսի միջոցով հարցաքննության նկատմամբ պետք է կիրառվեն հետևյալ կանոնները.

ա) հայցվող Կողմի դատական մարմինը պետք է ներկա գտնվի հարցաքննության ընթացքում, անհրաժեշտության դեպքում նրան պետք է օգնություն ցուցաբերի թարգմանիչը, և պետք է պատասխանատու լինի հարցաքննվող անձի ինքնության հաստատումը և հայցվող Կողմի օրենքի հիմնարար սկզբունքների պահպանումն ապահովելու համար: Եթե հայցվող Կողմի դատական մարմինը կարծում է, որ հարցաքննության ընթացքում խախտվում են հայցվող Կողմի օրենքի հիմնարար սկզբունքները, ապա նա պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի` ապահովելու համար, որ հարցաքննությունն անցկացվի նշված սկզբունքներին համապատասխան.

բ) անհրաժեշտության դեպքում հարցաքննվող անձի պաշտպանության միջոցները պետք է համաձայնեցվեն հայցող և հայցվող Կողմերի իրավասու մարմինների միջև.

գ) հարցաքննությունը պետք է անցկացվի անմիջականորեն հայցող Կողմի դատական մարմնի կողմից կամ նրա ղեկավարության ներքո` նրա օրենքներին համապատասխան.

դ) հայցող Կողմի կամ հարցաքննվող անձի հարցմամբ հայցվող Կողմը պետք է ապահովի, որ անհրաժեշտության դեպքում հարցաքննվող անձը ստանա թարգմանչի օգնություն.

ե) հարցաքննվող անձը կարող է հայցել ցուցմունք չտալու իրավունք, որը նրան տրամադրվում է կա՛մ հայցող, կա՛մ հայցվող Կողմի օրենքով:

6. Առանց վնաս հասցնելու անձանց պաշտպանության համար համաձայնեցված որևէ միջոցի` հայցվող Կողմի դատական մարմինը պետք է հարցաքննության ավարտից հետո կազմի արձանագրություն, որտեղ նշված կլինեն հարցաքննության ժամանակը և վայրը, հարցաքննվող անձի ինքնությունը, հայցվող Կողմում հարցաքննությանը մասնակցած բոլոր այլ անձանց ինքնությունն ու գործառույթները, տրված որևէ երդում և տեխնիկական այն պայմանները, որոնց համաձայն անցկացվել է հարցաքննությունը: Փաստաթուղթը պետք է հայցվող Կողմի իրավասու մարմնի կողմից փոխանցվի հայցող Կողմի իրավասու մարմնին:

7. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ, եթե սույն հոդվածին համապատասխան` վկաները կամ փորձագետները հարցաքննվեն իր տարածքում և, պարտավորված լինելով ցուցմունք տալ, հրաժարվեն ցուցմունք տալուց կամ ճիշտ ցուցմունք չտան, իր ազգային օրենքը կիրառվի այնպես, ինչպես կկիրառվեր, եթե հարցաքննությունն անցկացվեր իր ազգային ընթացակարգով:

8. Կողմերը, իրենց հայեցողությամբ, հնարավորության դեպքում և իրենց իրավասու դատական մարմինների համաձայնությամբ, կարող են սույն հոդվածի դրույթները կիրառել նաև մեղադրյալի կամ կասկածյալի մասնակցությամբ տեսակոնֆերանսի միջոցով անցկացվող հարցաքննությունների նկատմամբ: Այս դեպքում տեսակոնֆերանսի անցկացման և այն անցկացնելու եղանակի մասին որոշումը, որով պետք է անցկացվի տեսակոնֆերանսը, պետք է համաձայնեցվի շահագրգիռ Կողմերի կողմից` նրանց ազգային օրենքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի համաձայն: Մեղադրյալի կամ կասկածյալի հարցաքննությունը պետք է անցկացվի միայն նրա համաձայնությամբ:

9. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ հայտարարել, որ ինքը կարող է չօգտվել վերոնշյալ 8-րդ կետում նախատեսված` մեղադրյալի կամ կասկածյալի մասնակցությամբ տեսակոնֆերանսով անցկացվող հարցաքննության նկատմամբ նաև սույն հոդվածի դրույթները կիրառելու հնարավորությունից:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Հարցաքննությունը հեռախոսային կոնֆերանսի միջոցով

 

1. Եթե անձը գտնվում է Կողմերից մեկի տարածքում և պետք է որպես վկա կամ փորձագետ հարցաքննվի մյուս Կողմի դատական մարմինների կողմից, ապա վերջինս իր ազգային օրենքով նախատեսված լինելու դեպքում կարող է խնդրել նախորդ Կողմի օգնությունը` հնարավորություն ընձեռել հարցաքննությունն անցկացնել հեռախոսային կոնֆերանսի միջոցով, ինչպես սահմանված է 2-6-րդ կետերում:

2. Հարցաքննությունը կարող է կատարվել հեռախոսային կոնֆերանսի միջոցով միայն այն դեպքում, եթե վկան կամ փորձագետը համաձայն են, որ հարցաքննությունն անցկացվի նշված եղանակով:

3. Հայցվող Կողմը պետք է համաձայնի հեռախոսային կոնֆերանսի միջոցով հարցաքննությանը, եթե դա չի հակասում իր օրենքի հիմնարար սկզբունքներին:

4. Հեռախոսային կոնֆերանսի միջոցով հարցաքննության համար հարցումը Կոնվենցիայի 14-րդ հոդվածում նախատեսված տեղեկատվության հետ միասին պետք է պարունակի դատական մարմնի և հարցաքննությունն անցկացնող անձանց անունները և նշում այն մասին, որ վկան կամ փորձագետը ցանկանում են մասնակցել հեռախոսային կոնֆերանսի միջոցով հարցաքննությանը:

5. Հարցաքննությանն առնչվող գործնական պայմանավորվածությունները պետք է համաձայնեցվեն շահագրգիռ Կողմերի միջև: Նման պայմանավորվածությունները համաձայնեցնելիս հայցվող Կողմը պետք է ստանձնի հետևյալ պարտականությունները.

ա) հարցաքննության անցկացման ժամանակի և վայրի մասին վկային կամ փորձագետին ծանուցել.

բ) վկայի կամ փորձագետի ինքնության հաստատման ապահովում.

գ) հեռախոսային կոնֆերանսի միջոցով հարցաքննությանը վկայի կամ փորձագետի համաձայնության հաստատում:

6. Հայցվող Կողմը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն իր համաձայնությունը պայմանավորել 9-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ կետերի դրույթներով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Առանց հարցման տրամադրվող տեղեկատվություն

 

1. Առանց վնաս հասցնելու իրենց հետաքննություններին կամ դատավարություններին` մի Կողմի իրավասու մարմինները կարող են, առանց նախնական հարցման, մյուս Կողմի իրավասու մարմիններին փոխանցել իրենց հետաքննությունների շրջանակներում ձեռք բերված տեղեկատվությունը, եթե գտնում են, որ այդպիսի տեղեկատվության հայտնումը ստացող Կողմին կարող է օգնել հետաքննություն կամ դատավարություն սկսելու կամ իրականացնելու համար կամ կարող է հիմք հանդիսանալ այդ Կողմի կողմից հարցում անելու համար` սույն Կոնվենցիայի կամ դրա Արձանագրությունների համաձայն:

2. Տրամադրող Կողմը, իր ազգային օրենքին համապատասխան, կարող է պայմաններ սահմանել նման տեղեկատվությունը ստացող Կողմի կողմից օգտագործվելու համար:

3. Ստացող Կողմը պարտավորվում է հետևել այդ պայմաններին:

4. Այնուամենայնիվ, յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում պարտավորված չլինել տրամադրող Կողմի կողմից նախատեսված` վերոնշյալ 2-րդ կետով սահմանված պայմաններով, եթե նախապես ծանուցում չի ստացել տրամադրվող տեղեկատվության բնույթի մասին և չի համաձայնել դրա փոխանցմանը:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Նախկին իրավական վիճակի վերականգնում

(ռեստիտուցիա)

 

1. Հայցող Կողմի հարցման հիման վրա և առանց վնաս հասցնելու բարեխիղճ երրորդ կողմերի իրավունքներին` հայցվող Կողմը կարող է հանցագործ ճանապարհով ձեռք բերված առարկաները տրամադրել հայցող Կողմին` դրանք օրինական սեփականատերերին վերադարձնելու նպատակով:

2. Կոնվենցիայի 3-րդ և 6-րդ հոդվածները կիրառելիս հայցվող Կողմը կարող է հրաժարվել առարկաները վերադարձնելուց կա՛մ դրանք հայցող Կողմին հանձնելուց առաջ, կա՛մ դրանից հետո, եթե այդ ձևով կարող է աջակցել այդպիսի առարկաները օրինական սեփականատիրոջը վերադարձնելուն: Բարեխիղճ երրորդ կողմերի իրավունքներին չպետք է վնաս հասցվի:

3. Առարկաները հայցող Կողմին հանձնելուց առաջ հրաժարվելու դեպքում հայցվող Կողմը այդ առարկաների նկատմամբ չպետք է իրականացնի իր հարկային կամ մաքսային օրենսդրությամբ նախատեսված` երաշխիքային կամ հետպահանջի որևէ այլ իրավունք:

4. 2-րդ կետում նշված հրաժարումը չպետք է վնաս հասցնի օրինական սեփականատիրոջից հարկեր կամ տուրքեր գանձելու հայցվող Կողմի իրավունքին:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Կալանքի տակ գտնվող անձանց հայցվող Կողմին ժամանակավոր փոխանցելը

 

1. Շահագրգիռ Կողմերի իրավասու մարմինների միջև համաձայնության առկայության դեպքում այն Կողմը, որը հարցում է կատարել հետաքննության համար, որով պահանջվում է իր տարածքում կալանքի տակ գտնվող անձի ներկայությունը, կարող է այդ անձին ժամանակավոր փոխանցել այն Կողմի տարածք, որտեղ պետք է անցկացվի հետաքննությունը:

2. Համաձայնությունը պետք է տարածվի այդ անձի ժամանակավոր փոխանցման պայմանների և այն ժամկետի վրա, որի ընթացքում անձը պետք է վերադարձվի հայցող Կողմի տարածք:

3. Եթե պահանջվում է փոխանցվող անձի համաձայնությունը, ապա համաձայնության վերաբերյալ հայտարարությունը կամ դրա պատճենը պետք է անհապաղ տրամադրվի հայցվող Կողմին:

4. Փոխանցվող անձը պետք է կալանքի տակ մնա հայցվող Կողմի տարածքում և, եթե կիրառելի է, այն Կողմի տարածքում, որի տարածքով տարանցման վերաբերյալ հարցում է ներկայացվել, քանի դեռ այն Կողմը, որի տարածքից փոխանցվել է անձը, չի դիմել նրան ազատ արձակելու համար:

5. Հայցվող Կողմի տարածքում կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը պետք է հանվի կալանավորման այն ժամկետից, որը փոխանցված անձը կրում է կամ պարտավորված կլինի կրել հայցող Կողմի տարածքում:

6. Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ կետի և 12-րդ հոդվածի դրույթները պետք է կիրառվեն mսtatis mսtandis (անհրաժեշտ փոփոխություններով):

7. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ հայտարարել, որ մինչև սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված համաձայնությունը ձեռք բերելը կպահանջվի սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված համաձայնությունը, կամ այն կպահանջվի որոշակի պայմաններով, որոնք նշված են հայտարարության մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Փոխանցված դատապարտված անձանց անձամբ ներկայանալը

 

Կոնվենցիայի 11-րդ և 12-րդ հոդվածների դրույթները mսtatis mսtandis (անհրաժեշտ փոփոխություններով) պետք է կիրառվեն նաև հայցվող Կողմի տարածքում կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ հայցող Կողմում կայացված դատավճիռն ի կատար ածելու համար փոխանցված լինելուն համապատասխան, եթե դատավճռի վերանայման նպատակով հայցող Կողմը դիմում է նրանց դատարանում ներկա գտնվելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Հանձնման ենթակա դատավարական փաստաթղթերի և դատական որոշումների

լեզուն

 

1. Սույն հոդվածի դրույթները պետք է կիրառվեն Կոնվենցիայի 7-րդ հոդվածով կամ դրա լրացուցիչ Արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված` հանձնման ենթակա հարցումների նկատմամբ:

2. Դատավարական փաստաթղթերը և դատական որոշումները ամեն դեպքում պետք է փոխանցվեն այն լեզվով կամ լեզուներով, որոնցով տրամադրվել են:

3. Չնայած Կոնվենցիայի 16-րդ հոդվածի դրույթներին` եթե փաստաթղթերը տրամադրած մարմինը գիտի կամ հիմքեր ունի հավատալու, որ հասցեատերը հասկանում է միայն մեկ ուրիշ լեզու, ապա փաստաթղթերը կամ թեկուզ դրանց ամենակարևոր մասերը պետք է զուգակցվեն տվյալ լեզվով թարգմանությամբ:

4. Չնայած Կոնվենցիայի 16-րդ հոդվածի դրույթներին` հայցվող Կողմի իրավասու մարմինների համար դատավարական փաստաթղթերը և դատական որոշումները պետք է զուգակցվեն դրանց բովանդակության հակիրճ նկարագրությամբ` տվյալ Կողմի լեզվով կամ լեզուներով թարգմանությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Հանձնումը փոստի միջոցով

 

1. Յուրաքանչյուր Կողմի դատական իրավասու մարմինները դատավարական փաստաթղթերը և դատական որոշումները կարող են փոստով անմիջականորեն հասցեագրել այն անձանց, որոնք ցանկացած մյուս Կողմի տարածքում են:

2. Դատավարական փաստաթղթերը և դատական որոշումները պետք է զուգակցվեն զեկույցով, որտեղ պետք է նշվի, որ ստացողը կարող է զեկույցում նշված իրավասու մարմնից տեղեկատվություն ստանալ փաստաթղթերի հանձնման առնչությամբ իր իրավունքների և պարտականությունների մասին: Տվյալ զեկույցի նկատմամբ պետք է կիրառվեն 15-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները:

3. Կոնվենցիայի 8-րդ, 9-րդ և 12-րդ հոդվածների դրույթները պետք է mսtatis mսtandis (անհրաժեշտ փոփոխություններով) կիրառվեն փոստով փաստաթղթերի հանձնման նկատմամբ:

4. 15-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթները պետք է կիրառվեն նաև փոստով փաստաթղթերի հանձնման նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Անդրսահմանային հսկողություն

 

1. Կողմերից մեկի ոստիկանության պաշտոնյաները, որոնք քրեական հետաքննության շրջանակներում իրենց երկրում հսկում են քրեական հանցագործությանը մասնակցելու մեջ ենթադրվող անձին, որի նկատմամբ կարող է կիրառվել հանձնում, կամ այն անձին, որի առնչությամբ վստահ են, որ կարող է պատճառ հանդիսանալ վերոնշյալ անձի ինքնությունը կամ գտնվելու վայրը բացահայտելու համար, պետք է իրավասու լինեն շարունակելու իրենց կողմից իրականացվող հսկողությունը մյուս Կողմի տարածքում, եթե վերջինս թույլատրել է իրականացնել անդրսահմանային հսկողություն` նախկինում ներկայացված օգնության հարցմանն ի պատասխան: Պայմանները կարող են կցվել թույլտվությանը:

Հարցման հիման վրա հսկողությունը կվստահվի այն Կողմի պաշտոնյաներին, որի տարածքում դա իրականացվում է:

1-ին կետում նշված օգնության հարցումը պետք է ուղարկվի յուրաքանչյուր Կողմի կողմից նշանակված և պահանջված թույլտվությունը տրամադրելու կամ փոխանցելու իրավասություն ունեցող իրավասու մարմնին:

2. Եթե, հատկապես, անհետաձգելի լինելու պատճառով մյուս Կողմի նախնական թույլտվությունը չի կարող պահանջվել, քրեական հետաքննության շրջանակներում հսկողության գործառույթներ իրականացնող պաշտոնյաները պետք է իրավասություն ունենան շարունակելու սահմաններից դուրս հսկել 6-րդ կետում նշված հանցագործությունը կատարելու մեջ ենթադրվող անձին` պայմանով, որ կպահպանվեն հետևյալ պայմանները.

ա) 4-րդ կետով նշանակված Կողմի, որի տարածքում պետք է շարունակվի հսկողությունը, իրավասու մարմինները պետք է հսկողության ընթացքում անհապաղ ծանուցվեն, որ սահմանը հատվել է.

բ) 1-ին կետին համապատասխան ներկայացված և սահմանը առանց նախնական թույլտվության հատելու համար հիմքերը նշող օգնության մասին հարցումը պետք է ներկայացվի առանց ձգձգումների:

Հսկողությունը պետք է դադարեցվի այն Կողմի հարցում անելուն պես, որի տարածքում դա տեղի է ունենում` «ա» ենթակետում նշված ծանուցումից կամ «բ» ենթակետում նշված հարցումից հետո, կամ` եթե թույլտվությունը չի ստացվել սահմանը հատելուց հետո հինգ ժամվա ընթացքում:

3. 1-ին և 2-րդ կետերում նշված հսկողությունը պետք է իրականացվի միայն հետևյալ հիմնական պայմաններով.

ա) հսկողությունն իրականացնող պաշտոնյաները պետք է պահպանեն սույն հոդվածի դրույթները և այն Կողմի օրենքը, որի տարածքում իրականացնում են հսկողությունը. նրանք պետք է հետևեն տեղական պատասխանատու իրավասու մարմինների հրահանգներին.

բ) 2-րդ կետում նախատեսված իրավիճակներից բացի` պաշտոնյաները պետք է հսկողության ընթացքում իրենց մոտ ունենան թույլտվության տրամադրումը հավաստող փաստաթուղթ.

գ) հսկողություն իրականացնող պաշտոնյաները պետք է միշտ պատրաստ լինեն ներկայացնելու ապացույց այն մասին, որ գործում են պաշտոնական դիրքից ելնելով.

դ) հսկողություն իրականացնող պաշտոնյաները կարող են հսկողության ընթացքում կրել իրենց ծառայողական զենքերը` բացառությամբ այն դեպքերի, երբ հատկապես հայցվող Կողմն այլ կերպ է որոշում. դրանց օգտագործումը պետք է արգելվի` բացառությամբ ինքնապաշտպանության օրինական դեպքերի.

ե) հանրության համար ոչ հասանելի վայրեր և մասնավոր տներ մուտքը պետք է արգելվի.

զ) հսկողություն իրականացնող պաշտոնյաները չեն կարող ո՛չ կանգնեցնել, ո՛չ հարցեր տալ, ո՛չ էլ ձերբակալել այն անձանց, ում հսկում են.

է) բոլոր գործողությունները պետք է զեկուցվեն այն Կողմի իրավասու մարմիններին, որի տարածքում դրանք տեղի են ունենում. կարող է պահանջվել, որ հսկողություն իրականացնող պաշտոնյաները ներկայանան անձամբ.

ը) այն Կողմի իրավասու մարմինները, որտեղից եկել են հսկողություն իրականացնող պաշտոնյաները, այն Կողմի իրավասու մարմինների հարցմամբ, որի տարածքում իրականացվում է հսկողությունը, պետք է օգնեն իրենց մասնակցությամբ իրականացված հսկողությանը հաջորդող քննությանը, այդ թվում` դատական ընթացակարգերին:

4. Կողմերը պետք է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունելու, հաստատելու կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ նշեն սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի նպատակներով իրենց կողմից նշանակված պաշտոնյաներին և իրավասու մարմիններին: Հետագայում նրանք կարող են ցանկացած ժամանակ և նույն եղանակով փոխել իրենց հայտարարության պայմանները:

5. Կողմերը կարող են երկկողմ մակարդակում ընդլայնել սույն հոդվածի շրջանակը և ընդունել դրա իրականացման համար լրացուցիչ միջոցներ:

6. 2-րդ կետում նշված հսկողությունը կարող է իրականացվել հետևյալ քրեական հանցագործություններից միայն մեկի առնչությամբ.

- սպանություն քաղաքական նկատառումներով.

- սպանություն.

- բռնաբարություն.

- հրկիզում.

- կեղծում.

- զինված կողոպուտ և գողացված ապրանքների թաքուստ.

- շորթում.

- առևանգում և պատանդառություն.

- մարդկանց շահագործում (թրաֆիկինգ).

- թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի առևտուր.

- զենքի և պայթուցիկ նյութերի մասին օրենքների խախտում.

- պայթուցիկ նյութերի օգտագործում.

- թունավոր և վտանգավոր թափոնների ապօրինի փոխադրում.

- օտարերկրացիների մաքսանենգություն.

- երեխաների սեռական շահագործում:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Վերահսկվող փոխանցում

 

1. Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է երաշխավորել, որ, մյուս Կողմի հարցմամբ, վերահսկվող փոխանցումը թույլատրվի իր տարածքում հանձնման ենթակա հանցագործությունների քրեական հետաքննության շրջանակներում:

2. Վերահսկվող փոխանցում իրականացնելու մասին որոշումը պետք է կայացվի յուրաքանչյուր գործով, հայցվող Կողմի իրավասու մարմինների կողմից` հաշվի առնելով տվյալ Կողմի ազգային օրենքը:

3. Վերահսկվող փոխանցումները պետք է իրականացվեն հայցվող Կողմի ընթացակարգերին համապատասխան: Գործողությունները կատարելու, ղեկավարելու և վերահսկելու իրավասությունը պետք է դրվի տվյալ Կողմի իրավասու մարմինների վրա:

4. Կողմերը պետք է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունելու, հաստատելու կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ նշեն այն իրավասու մարմինները, որոնք իրավասու են սույն հոդվածի նպատակներով: Հետագայում նրանք կարող են ցանկացած ժամանակ և նույն եղանակով փոխել իրենց հայտարարության պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Գաղտնի հետաքննություն

 

1. Հայցող և հայցվող Կողմերը կարող են համաձայնել օգնել մեկը մյուսին գաղտնի կամ կեղծ անվամբ գործող պաշտոնյաների կողմից հանցագործության քրեական հետաքննությունն իրականացնելիս (գաղտնի քննություն):

2. Յուրաքանչյուր առանձին գործով հարցման մասին որոշումը կայացնում են հայցվող Կողմի իրավասու մարմինները` հաշվի առնելով իրենց ազգային օրենքը և ընթացակարգերը: Գաղտնի հետաքննության տևողությունը, մանրամասնած պայմանները և գաղտնի հետաքննության ընթացքում համապատասխան պաշտոնյաների իրավական կարգավիճակը պետք է համաձայնեցվեն Կողմերի միջև` հաշվի առնելով նրանց ազգային օրենքը և ընթացակարգերը:

3. Գաղտնի հետաքննությունը պետք է իրականացվի այն Կողմի ազգային օրենքին և ընթացակարգերին համապատասխան, որի տարածքում իրականացվում է գաղտնի հետաքննությունը: Ներգրավված Կողմերը պետք է համագործակցեն` ապահովելու համար, որ գաղտնի հետաքննությունը նախապատրաստվի և վերահսկվի, և որ պայմանավորվածություն ձեռք բերվի այն պաշտոնյաների անվտանգության համար, որոնք գործում են գաղտնի կամ կեղծ անվամբ:

4. Կողմերը պետք է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունելու, հաստատելու կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ նշեն այն մարմիններին, որոնք իրավասու են սույն հոդվածի 2-րդ կետի նպատակներով: Հետագայում նրանք կարող են ցանկացած ժամանակ և նույն եղանակով փոխել իրենց հայտարարության պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Համատեղ հետաքննության խմբերը

 

1. Մեկ կամ մի քանի Կողմերի իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կարող են ստեղծել համատեղ հետաքննության խմբեր հատուկ նպատակներով և սահմանափակ ժամկետներով, որոնք կարող են երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ, այդ խմբերը ստեղծած մեկ կամ մի քանի Կողմերի տարածքում քրեական հետաքննություն վարելու համար: Խմբի կազմավորումը պետք է ամրագրվի համաձայնագրի մեջ:

Համատեղ հետաքննության խումբը կարող է ստեղծվել, մասնավորապես, եթե.

ա) քրեական հանցագործություններով Կողմերի հետաքննությունը պահանջում է բարդ և մյուս Կողմերի հետ կապ ունեցող անհրաժեշտ հետաքննություններ.

բ) մի շարք Կողմեր վարում են քրեական հանցագործության հետաքննություն, որում գործի հանգամանքների համար անհրաժեշտ է ներգրավված Կողմերի համակարգված համաձայնությունը:

Համատեղ հետաքննության խումբ ստեղծելու համար հարցումը կարող է կազմվել շահագրգիռ Կողմերից որևէ մեկի կողմից: Խումբը պետք է ստեղծվի Կողմերից այն մեկում, որտեղ ակնկալվում է, որ կիրականացվեն քննչական գործողություններ:

2. Համատեղ հետաքննության խումբ ստեղծելու համար հարցումը, Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համապատասխան դրույթներով նախատեսված տեղեկատվությունից բացի, պետք է ներառի նաև խմբի կազմման վերաբերյալ առաջարկություններ:

3. Խումբը ստեղծող Կողմերի տարածքում համատեղ հետաքննության խումբը պետք է գործի հետևյալ հիմնական պայմաններով.

ա) խմբի ղեկավարը պետք է լինի քրեական հետաքննությանը մասնակցող այն Կողմի իրավասու մարմնի ներկայացուցիչ, որտեղ գործում է խումբը: Խմբի ղեկավարը պետք է գործի իր իրավասության սահմաններում` ազգային օրենքին համապատասխան.

բ) խումբը պետք է իր գործողություններն իրականացնի այն Կողմի օրենքին համապատասխան, որտեղ գործում է: Խմբի անդամները և աջակցող անդամները իրենց առաջադրանքները պետք է իրականացնեն «ա» ենթակետում նշված անձի ղեկավարության տակ` հաշվի առնելով իրենց իրավասու մարմինների կողմից խմբի ստեղծման մասին համաձայնագրով սահմանված պայմանները.

գ) Կողմը, որտեղ գործում է խումբը, պետք է ձեռնարկի դրա համար անհրաժեշտ կազմակերպչական միջոցներ:

4. Սույն հոդվածում համատեղ հետաքննության խմբի անդամները, որոնք այն Կողմի կողմից են, որտեղ գործում է խումբը, անվանվում են «անդամներ», իսկ այն անդամները, որոնք այլ Կողմերի կողմից են, քան այն Կողմը, որտեղ գործում է խումբը, անվանվում են «աջակցող անդամներ»:

5. Համատեղ հետաքննության խմբի աջակցող անդամները պետք է իրավասու լինեն ներկա գտնվելու այն Կողմի տարածքում, որտեղ իրականացվում են քննչական միջոցառումները: Այնուամենայնիվ, հատուկ նպատակներից ելնելով, խմբի ղեկավարը կարող է որոշել այլ կերպ` այն Կողմի օրենքին համապատասխան, որտեղ գործում է խումբը:

6. Այն Կողմի օրենքին համապատասխան, որտեղ գործում է խումբը, խմբի ղեկավարը համատեղ հետաքննության խմբի աջակցող անդամներին կարող է վստահել որոշակի քննչական միջոցառումներ կատարելու առաջադրանք, եթե այն հաստատվել է գործողությանը մասնակցող Կողմի և աջակցող Կողմի իրավասու մարմինների կողմից:

7. Եթե համատեղ հետաքննության խմբին անհրաժեշտ է քննչական միջոցառումներ կատարել խումբը ստեղծող Կողմերից մեկում, ապա այն անդամները, որոնք խմբում աջակցող են նշանակվել տվյալ Կողմի կողմից, իրենց իրավասու մարմիններից կարող են խնդրել ձեռնարկել նշված միջոցառումները: Նշված միջոցառումները տվյալ Կողմում պետք է դիտարկվեն այն պայմանների ներքո, որոնք կկիրառվեին, եթե դրանք պահանջվեին ներպետական քննության համար:

8. Եթե համատեղ հետաքննության խումբն օգնության կարիք ունի այն Կողմից, որն այլ է, քան խումբն ստեղծողները, կամ երրորդ պետությունից, օգնության հարցումը կարող է արվել այն պետության, որի տարածքում իրականացվում է գործողությունը, իրավասու մարմինների կողմից շահագրգիռ այլ պետության իրավասու մարմիններին` համապատասխան փաստաթղթերի և պայմանավորվածությունների համաձայն:

9. Համատեղ հետաքննության խմբի աջակցող անդամը կարող է, իր ազգային օրենքին համապատասխան և իր իրավասության սահմաններում, խմբին տրամադրել տեղեկատվություն, որը մատչելի է այն Կողմում, որն իրեն աջակցող անդամ է նշանակել խմբի կողմից իրականացվող քրեական հետաքննության նպատակով:

10. Համատեղ հետաքննության խմբի անդամի կամ աջակցող անդամի կողմից օրինական ճանապարհով ձեռք բերված տեղեկատվությունը, որն այլ կերպ մատչելի չէ շահագրգիռ Կողմի իրավասու մարմինների համար, կարող է օգտագործվել հետևյալ նպատակներով.

ա) այն նպատակներով, որի համար ստեղծվել է խումբը.

բ) այն Կողմի նախնական համաձայնությամբ, որտեղ տեղեկատվությունը մատչելի է դարձել այլ քրեական հանցագործությունների բացահայտման, հետաքննության և դատական կարգով հետապնդման համար: Այդպիսի համաձայնությունը կարող է մերժվել միայն այն դեպքերում, երբ նման օգտագործումը կարող է վնաս հասցնել շահագրգիռ Կողմում քրեական հետաքննությանը, կամ որի առնչությամբ այդ Կողմը կարող է մերժել փոխադարձ օգնությունը.

գ) հասարակության անվտանգությանն սպառնացող անմիջական և լուրջ վտանգը կանխարգելելու համար և առանց խախտելու «բ» ենթակետը, եթե հետագայում սկսվել է քրեական հետաքննություն.

դ) այլ նպատակներով` այնքանով, որքանով համաձայնեցվել է խումբը ստեղծած Կողմերի միջև:

11. Սույն հոդվածը չպետք է վնաս հասցնի համատեղ քննության խմբերի ստեղծման կամ գործունեության մասին` գործող որևէ այլ դրույթի կամ պայմանավորվածության:

12. Այնքանով, որքանով թույլատրելի է շահագրգիռ Կողմերի օրենքներով կամ նրանց միջև կիրառելի որևէ իրավական փաստաթղթի դրույթներով, կարող են ձեռք բերվել խմբի գործառույթներին մասնակցելու վերաբերյալ պայմանավորվածություններ այն անձանց համար, որոնք չեն հանդիսանում համատեղ հետաքննության խումբն ստեղծող Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ: Սույն հոդվածի հիման վրա խմբի անդամներին կամ աջակցող անդամներին վերապահված իրավունքները նշված անձանց նկատմամբ չպետք է կիրառվեն, քանի դեռ համաձայնագիրը որոշակիորեն այլ բան չի նախատեսում:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Պաշտոնյաների քրեական պատասխանատվությունը

 

17-րդ, 18-րդ, 19-րդ կամ 20-րդ հոդվածներում նշված գործողությունների ընթացքում, եթե այլ համաձայնություն ձեռք չի բերվել, այն Կողմի, որի տարածքում չի իրականացվում գործողությունը, պաշտոնյաները պետք է համարվեն գործողության Կողմի պաշտոնյաներ իրենց նկատմամբ կամ իրենց կողմից կատարված հանցագործությունների առնչությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Պաշտոնյաների քաղաքացիական պատասխանատվությունը

 

1. Եթե, 17-րդ, 18-րդ, 19-րդ կամ 20-րդ հոդվածներին համապատասխան, մի Կողմի պաշտոնյաները գործողություններ են իրականացնում մյուս Կողմում, առաջին Կողմը պետք է պատասխանատու լինի նրանց գործողությունների ժամանակ իրենց կողմից պատճառված ցանկացած վնասի համար` այն Կողմի օրենքին համապատասխան, որի տարածքում նրանք գործողություն են իրականացնում:

2. Այն Կողմը, որի տարածքում պատճառվել է 1-ին կետում նշված վնասը, այդ վնասը պետք է փոխհատուցի այնպիսի պայմաններով, որոնք կիրառելի են իր պաշտոնյաների կողմից հասցված վնասի նկատմամբ:

3. Այն Կողմը, որի պաշտոնյաները վնաս են պատճառել մյուս Կողմի տարածքում, ամբողջությամբ վերջինիս պետք է փոխհատուցի այն գումարը, որը նա վճարել է տուժածներին կամ նրանց անունից հանդես եկող անձանց:

4. Առանց վնաս հասցնելու երրորդ կողմերի նկատմամբ իր իրավունքների իրականացմանը և բացառությամբ 3-րդ կետի` յուրաքանչյուր Կողմ պետք է 1-ին կետով սահմանված դեպքում խուսափի վնասների փոխհատուցում պահանջելուց, որոնք նրանցից որևէ մեկը կրել է մյուս Կողմի գործողություններից:

5. Սույն հոդվածի դրույթները պետք է կիրառվեն այն պայմանով, որ Կողմերն այլ համաձայնություն ձեռք չեն բերել:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

Վկաների պաշտպանությունը

 

Եթե Կողմերը, Կոնվենցիայի կամ դրա Արձանագրություններից մեկի համաձայն, օգնության հարցում են անում վկայի համար, որը գտնվում է ահաբեկված լինելու վտանգի տակ կամ կարիք ունի պաշտպանության, հայցող և հայցվող Կողմերի իրավասու մարմինները պետք է ջանան համաձայնություն ձեռք բերել համապատասխան անձի պաշտպանության միջոցների շուրջ` իրենց ազգային օրենքներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

Ժամանակավոր միջոցներ

 

1. Հայցվող Կողմը, հայցող Կողմի հարցմամբ, իր ազգային օրենքին համապատասխան, կարող է ձեռնարկել ժամանակավոր միջոցներ փաստերի պահպանման, գործող իրավիճակի հաստատման կամ վտանգված իրավական շահերի պաշտպանության համար:

2. Հայցվող Կողմը կարող է հարցումը կատարել մասնակիորեն կամ որոշակի պայմաններով, հատկապես` ժամանակի սահմանափակմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

Գաղտնիությունը

 

Հայցող Կողմը կարող է պահանջել, որ հայցվող Կողմը գաղտնի պահի հարցման փաստը և էությունը բացառապես այնքանով, որքանով անհրաժեշտ է հարցումը կատարելու համար: Եթե հայցվող Կողմը չի կարող պահպանել գաղտնիության պահանջը, նա պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնի հայցող Կողմին:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

Տվյալների պաշտպանությունը

 

1. Կոնվենցիայով կամ դրա Արձանագրություններով արված հարցման արդյունքում մի Կողմից մյուս Կողմին փոխանցված անձնական տվյալները կարող են օգտագործվել այն Կողմի կողմից, որին դրանք փոխանցվել են, միայն.

ա) այն դատական ընթացակարգերի համար, որոնց նկատմամբ կիրառվում են Կոնվենցիան կամ դրա Արձանագրությունները.

բ) «ա» ենթակետում նշված դատական ընթացակարգերի հետ անմիջականորեն կապ ունեցող այլ դատական և վարչական ընթացակարգերի համար.

գ) հանրության անվտանգությանն սպառնացող անմիջական և լուրջ վտանգի կանխարգելման համար:

2. Նման տվյալները կարող են, այնուամենայնիվ, օգտագործվել որևէ այլ նպատակի համար, եթե տրվել է տվյալները փոխանցած կամ փոխանցող Կողմի նախնական համաձայնությունը:

3. Ցանկացած Կողմ կարող է մերժել Կոնվենցիայով կամ դրա Արձանագրություններով արված հարցման կատարման արդյունքում ստացված անձնական տվյալների փոխանցումը, եթե.

- նման տեղեկատվությունը պաշտպանվում է իր ազգային օրենսդրությամբ, և

- այն Կողմը, որին պետք է փոխանցվեն տվյալները, պարտավորված չէ Անձնական տվյալների մշակման հետ կապված անձանց պաշտպանության մասին 1981թ. հունվարի 28-ին Ստրասբուրգում ստորագրված Կոնվենցիայով, եթե վերջին Կողմը չի պարտավորվում տրամադրել տվյալների նման պաշտպանություն, ինչպես պահանջվում է նախորդ Կողմի կողմից:

4. Ցանկացած Կողմ, որը փոխանցում է Կոնվենցիայով կամ դրա Արձանագրություններով արված հարցման արդյունքում ստացված անձնական տվյալները, կարող է պահանջել, որ այն Կողմը, որին փոխանցել է այդ տվյալները, տրամադրի տեղեկատվություն այդպիսի տվյալների օգտագործման մասին:

5. Ցանկացած Կողմ կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ պահանջել, որ, Կոնվենցիային կամ դրա Արձանագրություններից մեկին համապատասխան այն ընթացակարգերի շրջանակներում, որոնց համար կարող էր մերժվել կամ սահմանափակվել անձնական տվյալների փոխանցումը կամ օգտագործումը, մյուս Կողմին փոխանցված անհատական տվյալները վերջինիս կողմից չօգտագործվեն 1-ին կետի նպատակներով, քանի դեռ չի ստացվել իր նախնական համաձայնությունը:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

Վարչական մարմիններ

 

Կողմերը կարող են ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ սահմանել այն իրավասու մարմիններին, որոնց իրենք Կոնվենցիայի 1-ին հոդվածի 3-րդ կետի նպատակներով կհամարեն վարչական մարմիններ:

 

ՀՈԴՎԱԾ 28

 

Այլ պայմանագրերի հետ կապը

 

Սույն Արձանագրության դրույթները չեն խախտում Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 3-րդ կետի կիրառմամբ Կողմերի միջև կնքված երկկողմ կամ բազմակողմ առավել ընդգրկուն կանոնակարգերը:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

Բարեկամական կարգավորում

 

Հանցագործության հիմնախնդիրների հարցերով եվրոպական կոմիտեն պետք է տեղեկացված լինի Կոնվենցիայի և դրա Արձանագրությունների կիրառման և մեկնաբանման մասին և անի այն ամենը, ինչն անհրաժեշտ է ցանկացած դժվարության բարեկամական կարգավորմանն աջակցելու համար, որը կարող է ծագել դրանց կիրառման ընթացքում:

 

ԲԱԺԻՆ III
ՀՈԴՎԱԾ 30

 

Ստորագրումը և ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Արձանագրությունը պետք է բաց լինի Եվրոպայի խորհրդի այն անդամ պետությունների ստորագրման համար, որոնք ստորագրել են Կոնվենցիան: Այն պետք է ենթակա լինի վավերացման, ընդունման կամ հաստատման: Ստորագրող Կողմը կարող է չվավերացնել, չընդունել կամ չհաստատել սույն Արձանագրությունը, եթե նախկինում կամ միաժամանակ չի վավերացրել, չի ընդունել կամ չի հաստատել Կոնվենցիան: Վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը պետք է ի պահ հանձնվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

2. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման երրորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո` եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

3. Այն ստորագրող պետության համար, որը վավերացման, ընդունման կամ հաստատման իր փաստաթուղթը հետագայում է ի պահ հանձնում, Արձանագրությունը պետք է ուժի մեջ մտնի ի պահ հանձնելուց հետո` եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 31

 

Միանալը

 

1. Անդամ չհանդիսացող ցանկացած պետություն, որը միացել է Կոնվենցիային, կարող է միանալ նաև սույն Արձանագրությանը դրա ուժի մեջ մտնելուց հետո:

2. Այդպիսի միանալը պետք է գործի միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով:

3. Ցանկացած միացող պետության համար Արձանագրությունը պետք է ուժի մեջ մտնի միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո` եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 32

 

Տարածքային կիրառություն

 

1. Յուրաքանչյուր պետություն կարող է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է սույն Արձանագրությունը:

2. Յուրաքանչյուր պետություն կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ տարածել սույն Արձանագրության կիրառումը հայտարարության մեջ նշված այլ տարածքի նկատմամբ: Այդ տարածքի նկատմամբ Արձանագրությունն ուժի մեջ կմտնի նման հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո` եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

3. Նախորդ երկու կետերով նախատեսված յուրաքանչյուր հայտարարություն, որը վերաբերում է դրանում նշված յուրաքանչյուր տարածքի, կարող է հետ վերցվել Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ: Հետ վերցնելն ուժի մեջ կմտնի նման հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո` եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 33

 

Վերապահումներ

 

1. Կոնվենցիայի կամ դրա Արձանագրությունների դրույթների վերաբերյալ մի Կողմից արված վերապահումները պետք է կիրառվեն նաև սույն Արձանագրության նկատմամբ, եթե տվյալ Կողմը ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս այլ հայտարարություն չի անում: Նույնը պետք է կիրառվի Կոնվենցիայի կամ դրա Արձանագրությունների ցանկացած դրույթի նկատմամբ կամ դրա հիման վրա:

2. Յուրաքանչյուր պետություն կարող է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում չընդունելու ամբողջությամբ կամ մասնակիորեն 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածներից մեկը կամ մի քանիսը: Որևէ այլ վերապահում չի կարող արվել:

3. Յուրաքանչյուր պետություն կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն հետ վերցնել վերոնշյալ կետերին համապատասխան արված վերապահումները, որը կգործի այն ստանալու օրվանից:

4. Յուրաքանչյուր Կողմ, որը վերապահում է արել սույն Արձանագրության այն հոդվածների առնչությամբ, որոնք նշված են 2-րդ կետում, չի կարող պահանջել, որ մյուս Կողմը կիրառի տվյալ հոդվածը: Այնուամենայնիվ, նա կարող է, եթե իր վերապահումը մասնակի է կամ պայմանական, պահանջել տվյալ դրույթի կիրառումն այնքանով, որքանով ինքն ընդունել է:

 

ՀՈԴՎԱԾ 34

 

Չեղյալ հայտարարում

 

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է, այնքանով, որքանով շահագրգիռ է, չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ:

2. Չեղյալ հայտարարումը պետք է ուժի մեջ մտնի նման ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո` եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

3. Կոնվենցիայի չեղյալ հայտարարումը մեխանիկորեն հանգեցնում է սույն Արձանագրության չեղյալ հայտարարման:

 

ՀՈԴՎԱԾ 35

 

Ծանուցումներ

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է ծանուցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և սույն Արձանագրությանը միացած ցանկացած պետության.

ա) յուրաքանչյուր ստորագրման.

բ) վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթղթի յուրաքանչյուր ի պահ հանձնման.

գ) 30-րդ և 31-րդ հոդվածներին համապատասխան` սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու ցանկացած ամսաթվի.

դ) սույն Արձանագրությանը վերաբերող յուրաքանչյուր ակտի, հայտարարության, ծանուցման կամ հաղորդակցության մասին:

 

Ի հավաստումն վերոնշյալի` ներքոստորագրյալները, դրա համար պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

 

Կատարված է Ստրասբուրգում 2001 թ. նոյեմբերի 8-ին, անգլերեն և ֆրանսերեն. երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ բնօրինակով, որն ի պահ կտրվի Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է վավերացված պատճենները փոխանցի Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններին և Կոնվենցիային միացած` անդամ չհանդիսացող պետություններին:

 

Հայաստանի Հանրապետության համար Արձանագրությունը ուժի մեջ է մտել 2011թ. ապրիլի 1-ին

 

 

pin
''
08.11.2001
Միջազգային պայմանագիր