Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ)

 

 

040.0429.100699

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 1999 թվականի թիվ 429

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին` սեյսմիկ ռիսկի նվազեցմանը վերաբերող աշխատանքներն իրականացնելիս ղեկավարվել Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

i

ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրով (այսուհետ` ծրագիր) ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ ռիսկի նվազեցման քաղաքականության հիմնական ուղղությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի նվազեցումն առանձին, ինքնուրույն և կարևորագույն խնդիր է` հետևյալ գլխավոր պատճառներով`

1) շենքերի և շինությունների սեյսմակայունության զգալիորեն ցածր մակարդակն իրական սեյսմիկ վտանգի մակարդակից.

2) բնակչության ու ղեկավար մարմինների` սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված գործողություններին պատրաստվածության ոչ անհրաժեշտ մակարդակը:

3. Ծրագրի կատարումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների, բոլոր շահագրգիռ պետական մարմինների կողմից` իրենց վերապահված գործառույթների շրջանակներում:

 

II. ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ

 

4. Հայաստանի տարածքն ինչպես և անցյալում, կարող է ենթարկվել 7.0 մագնիտուդով ուժեղ երկրաշարժի, ինչը համապատասխանում է 9-10 բալ ինտենսիվության` ըստ MSK-64 սանդղակի: Հատուկ պետական ծրագրով սեյսմիկ ռիսկի մակարդակն զգալիորեն չնվազեցնելու դեպքում զոհերի և կորուստների թիվը կհասնի այնպիսի մակարդակի, որի դեպքում հնարավոր չի լինի արդյունավետ օգնություն ցուցաբերել բնակչությանը և վերացնել ավերածությունները:

5. 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո վերանայվեցին Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ պայմանները, որի արդյունքում երկրաշարժից սեյսմիկ ազդեցության գնահատականը բարձրացավ 1-2 բալով: Բազմաբնակարան բնակելի շենքերի գերակշիռ մասը կառուցվել է մինչև 1990 թվականը և հանրապետությունում սեյսմիկ պայմանների վերանայումից հետո դրանք արդեն իսկ չեն բավարարում ներկայիս գործող սեյսմիկ նորմերի պահանջները: Այս հանգամանքներով պայմանավորված` կարևորվում է շենքերի ու շինությունների սեյսմակայունությանը և հուսալիությանն ուղղված միջոցառումների հետևողական իրականացումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ, ԾՐԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ԼՈՒԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Ծրագրի գլխավոր նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցումը մինչև բնակչության անվտանգությունն ու հանրապետության կայուն զարգացումն ապահովող մակարդակը:

7. Ծրագիրը հիմք է Հայաստանի Հանրապետության համայնքների զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումներ ներառելու համար:

8. Ծրագիրն ընդգրկում է երեք հիմնական խնդիրների լուծումը`

1) սեյսմիկ վտանգի գնահատում.

2) սեյսմիկ ռիսկի գնահատում.

3) սեյսմիկ ռիսկի նվազեցում:

9. Սեյսմիկ վտանգի գնահատումը բաղկացած է երկու հիմնական մասերից`

1) առաջնային սեյսմիկ վտանգի գնահատում.

2) երկրորդային սեյսմիկ վտանգի գնահատում:

10. Առաջնային վտանգը գրունտի ցնցումները, ճեղքվածքները, երկրակեղևի խզվածքներն են, այսինքն` երկրաշարժը: Երկրորդային վտանգը երկրաշարժերով պայմանավորված բնական և տեխնածին երևույթներն են:

11. Բնական երևույթների թվում են սողանքները, փլուզումները, սելավները, դիֆերենցված նստվածքները, գրունտի ջրիկացումը, ենթաողողումը: Տեխնածինների թվում են վթարները, հրդեհները:

12. Առաջնային վտանգի գնահատումն ընդգրկում է երկարաժամկետ և ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը: Երկարաժամկետ վտանգի գնահատումն առավելագույն հնարավոր ցնցումների տեղի և ուժգնության որոշումն է Հայաստանի Հանրապետության տարածքում` հաջորդաբար աճող մասշտաբների քարտեզներում: Առաջնային վտանգը Հայաստանի Հանրապետության տարածքի համար մանրամասնորեն որոշվում է Հայաստանի Հանրապետության տարածքի, հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմամիկրոշրջանացման (ՍՄՇ) M=1:5000, M=1:10000 քարտեզների միջոցով:

13. Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրանից վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ սեյսմիկ իրադարձության (1>-7 բալ MSK-64 սանդղակով) տեղի, ուժգնության և ժամանակի կանխատեսումն է:

14. Սեյսմիկ ռիսկի գնահատումը համալիր խնդիր է, որի լուծումը պահանջում է նկատի ունենալ բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները: Այդ խնդրի լուծման համար կազմվում են մարզերի և բնակավայրերի տարածքների սեյսմիկ ռիսկի տարբեր մասշտաբների քարտեզներ: Սեյսմիկ ռիսկի ճիշտ գնահատումը թույլ կտա մշակել դրա նվազեցման արդյունավետ միջոցառումների ծրագրեր: Սեյսմիկ ռիսկի գնահատումը ենթադրում է հետևյալ խնդիրների լուծումը`

1) շենքերի և շինությունների խոցելիության գնահատում երկրաշարժի տարբեր սցենարների դեպքում.

2) հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների` սեյսմիկ խոցելիության գնահատում.

3) երկրաշարժի տարբեր սցենարների դեպքում մարդկային կորուստների գնահատում.

4) երկրորդային սեյսմիկ վտանգով պայմանավորված` բնական և տեխնածին երևույթների ռիսկի գնահատում.

5) քաղաքի ենթակառուցվածքների (ջրագծեր ու կոյուղագծեր, էլեկտրամատակարարման 6 կՎ ու ավելի լարման գծեր, գազամատակարարման միջին ճնշման գծեր և այլն) սեյսմիկ ռիսկի գնահատում.

6) քաղաքի կենսաապահովման արտաքին գծերի (ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, հեռախոսային կապի, երկաթուղու, ավտոճանապարհների և այլն) սեյսմիկ խոցելիության գնահատում.

7) քաղաքի տարածքի սեյսմիկ ռիսկի գնահատում.

8) սեյսմիկ ռիսկի նվազեցման կոնկրետ առաջարկները ներկայացնելը:

15. Սեյսմիկ ռիսկի նվազեցումը ենթադրում է հետևյալ խնդիրների լուծումը`

1) ռիսկի նվազեցման համար իրավական հիմք ապահովող նորմատիվ փաստաթղթերի ընդունում.

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման կենտրոնի ստեղծում.

3) վաղ ահազանգման համակարգի ստեղծում.

4) Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ խոցելիության նվազեցման` ֆինանսավորմամբ ապահովված միջնաժամկետ ծախսային ծրագրերի (տիպային բնակելի, դպրոցների, առողջապահական հիմնարկների և այլ շենքերի) մշակում ու իրականացում, որը ներառի վտանգի մակարդակին համապատասխան շենքերի ու շինությունների սեյսմակայունության բարձրացումը, ենթակառուցվածքների ու կենսաապահովման գծերի սեյսմիկ խոցելիության նվազեցումը, արդյունավետ հողօգտագործումը.

5) տիպային, մեծ քանակ կազմող շենքերի ուժեղացման նոր, էժան ու արդյունավետ տեխնոլոգիաների ընտրում, տեղայնացում ու մշակում, այդ թվում` գործարանային արտադրության կոնստրուկցիաների կիրառմամբ.

6) երկրաշարժի երկրորդային հետևանքների (հրդեհներ, սողանքներ, թունավոր նյութերի մթնոլորտ ու ջրային միջավայր արտանետումներ, հնարավոր համաճարակներ, երկաթուղու և գլխավոր ճանապարհների շարքից դուրս գալը, վնասվածքներ և այլն) նվազեցումը.

7) Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ ռիսկի աճի կանխման երկարաժամկետ ծրագրի մշակում, որում կարտացոլվեն վտանգավոր օբյեկտների ապակենտրոնացումը քաղաքներից, քաղաքների մեխանիկական աճի, հետևաբար նաև սեյսմիկ ռիսկի աճի, կանխումը.

8) բնակչության նախապատրաստում (ուսուցում).

9) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստում ռիսկի կառավարմանը.

10) բժշկական պատրաստվածության բարձրացում.

11) արագ արձագանքման ուժերի զարգացում.

12) փրկարարների պատրաստվածության ապահովում.

13) ապահովագրության համակարգի ստեղծում.

14) բնակչության արտահոսքի կանխում:

 

IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

16. Սույն ծրագրի իրականացումը կտա հետևյալ հիմնական արդյունքները`

1) կկազմավորվի նոր հեռանկարային երկարաժամկետ պետական քաղաքականություն` բնակչության անվտանգության և Հայաստանի Հանրապետության կայուն զարգացմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցում.

2) կստեղծվի պլանավորված, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից համակարգվող Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համակարգ, որը կիրականացվի պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, այսինքն, գործնականում ամբողջ հասարակության հետ համատեղ, ինչը համապատասխանում է այս բարդագույն խնդրի լուծման միջազգային մոտեցմանը.

3) կբարձրանա պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր պատրաստվածությունն ուժեղ ցնցումների և աղետների նկատմամբ.

4) նախադրյալներ կստեղծվեն սեյսմիկ ռիսկը նվազեցված տնտեսության մեջ խոշոր ֆինանսական ներդրումների համար.

5) կընդգրկվեն սեյսմիկ ռիսկի նվազեցման նորագույն տեխնոլոգիաներ.

6) բոլոր ուղղություններով` սեյսմիկ վտանգի կանխատեսումից մինչև սեյսմակայուն շինարարություն և բնակչության նախապատրաստում, նոր տեխնոլոգիաների ներդրում, ինչը հնարավոր կլինի օգտագործել պետության գործունեության բոլոր մնացած ոլորտներում.

7) կբարելավվեն տեխնիկական բազան և գիտելիքների բազան ապահովագրության, գիտության և տեխնիկայի զարգացման համար:

17. Նշված ակնկալվող արդյունքները կարող են ձեռք բերվել միմյանց լրացնող ծրագրերի մշակման և իրականացման միջոցով` երեք հիմնական ուղղություններով`

1) սեյսմիկ վտանգի գնահատման բնագավառում`

ա. ազգային դիտացանցի, ինչպես նաև տվյալների հավաքման, մշակման և վերլուծության հետագա զարգացում,

բ. տվյալների բազայի և գիտելիքների բազայի հետագա զարգացում, սեյսմիկ վտանգի կանխատեսում` փորձագիտական համակարգերի և աշխարհագրական տեղեկատվական համակարգի (այսուհետ` ԱՏՀ) հիման վրա և դրա քարտեզագրում,

գ. Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, շահագրգիռ պետական մարմիններին և բնակչությանը կանխատեսման տեղեկատվության փոխանցման կանոնակարգի մշակում լիազոր մարմնի կողմից և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման.

2) սեյսմիկ ռիսկի գնահատման բնագավառում`

ա. տվյալների բազայի և գիտելիքների բազայի ստեղծում,

բ. ռիսկի լրիվ, բազմագործոնային վերլուծություն,

գ. ԱՏՀ-ի հիման վրա սեյսմիկ ռիսկի քարտեզագրում.

3) սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում`

ա. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով հնարավոր ուժեղ երկրաշարժի դեպքում վաղ ահազանգման համակարգի ստեղծում,

բ. Հայաստանի Հանրապետության տարածքի խոցելիության նվազեցում` գոյություն ունեցող շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման, քաղաքաշինական նորմերի հիման վրա նոր սեյսմակայուն շինարարության, սողանքավտանգ և նստվածքավտանգ տեղամասերի արդյունավետ պաշտպանական ինժեներական կառուցվածքների ստեղծման, հանրապետության տարածքի ինժեներական պաշտպանության գծով այլ միջոցառումների միջոցով,

գ. բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացում` հատուկ հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման, համապատասխան գրականության և ձեռնարկների լույսընծայման և տարածման, երկրաշարժից առաջ, ընթացքում և հետո բնակչության գործողությունների վերաբերյալ ուսումնական ծրագրերի մշակման և օգտագործման, տարբեր տարիքային խմբերի մարդկանց հոգեբանական նախապատրաստման, օգնություն ցուցաբերելու անհատական և կոլեկտիվ միջոցների ուսուցման, Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում բնակչությանը երկրաշարժերից և դրանց հետ կապված երկրորդային աղետներից պաշտպանությունն ուսուցանող պատրաստված հրահանգիչների ցանցի ստեղծման, ուսումնական տագնապների անցկացման միջոցով: Բոլոր թվարկված ծրագրերն իրականացվում են բնակչության տարբեր շերտերի համար` հասարակության յուրաքանչյուր շերտին առանձնահատուկ մոտեցում կիրառելով,

դ. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստում ռիսկի կառավարմանը` ուժեղ երկրաշարժի կամ դրա վտանգի դեպքում գործողությունների վերաբերյալ մեթոդական նյութերի մշակման, ուժեղ երկրաշարժի կամ դրա վտանգի դեպքում որոշումներ ընդունելու վերաբերյալ գործնական պարապմունքների անցկացման սցենարի մշակման, կառավարման մարմինների ղեկավար աշխատողների նախապատրաստման և վերապատրաստման ուսումնական բազայի կատարելագործման և այլնի միջոցով,

ե. բժշկական պատրաստվածության բարձրացում` աղետների բժշկության տեղեկատվական-կառավարման ավտոմատացված ծրագրի մշակման և ներդրման, հանրապետության մակարդակով աղետների բժշկության ծառայության զարգացման ծրագրի մշակման և ներդրման, հնարավոր սանիտարական կորուստների (զոհվածների և վիրավորների) ռիսկի գնահատման նպատակով երկրաշարժերի դեպքում վնասվածքների առանձնահատկությունների վերլուծության, երկրաշարժերի հետևանքների վերացման համար անհրաժեշտ միջոցներն ու ուժերն արտացոլող բժշկական-աշխարհագրական քարտեզների մշակման միջոցով,

զ. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության մասնագիտական փրկարարական նյութատեխնիկական բազայի և հանդերձավորման հետագա զարգացում,

է. բնակչության արտագաղթի կանխում` երկրաշարժերի դեպքում առաջին անհրաժեշտության ենթակառուցվածքների կայուն գործունեության ապահովման ծրագրի մշակման միջոցով,

ը. անձի հոգեբանական խոցելիության նվազեցում` համապատասխան միջազգային կազմակերպություններից տեղեկատվության հավաքման, Հայաստանի Հանրապետության պայմաններում սթրեսի հաղթահարման մեթոդների մշակման, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ուսուցողական ծրագրերի մշակման միջոցով: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա բարձրացնելու ուժեղ երկրաշարժերին Հայաստանի Հանրապետության բնակչության պատրաստվածության մակարդակը, ինչը, իր հերթին, երկրաշարժերի հետևանքների վերացման ծախսերի նվազեցման միջոցով կհանգեցնի Հայաստանի Հանրապետության առավել կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

18. Ծրագրի իրականացման ընթացքում դրական տեղաշարժեր ձեռք կբերվեն նաև հետևյալ ուղղություններով`

1) շրջակա միջավայրի վիճակի բարելավում և դրա պահպանություն.

2) հասարակական կազմակերպությունների ակտիվացում և ընդգրկում ընդհանուր կառավարման համակարգում.

3) երեխաներին կենսականորեն անհրաժեշտ հմտությունների ուսուցման կազմակերպում.

4) հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնում, նրանց ընդգրկումն ընդհանուր կառավարման համակարգում:

 

V. ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

19. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը ծրագրի պատասխանատու կատարողն ու համակարգողն է:

20. Առաջարկել համայնքների ղեկավարներին`

1) մասնակցել համայնքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքների կազմակերպմանը.

2) ապահովել համայնքի տարածքում ուժեղ երկրաշարժերին բնակչությանը նախապատրաստելու աշխատանքները.

3) աջակցել համայնքի տարածքում սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի կատարմանը:

21. Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ռազմավարության հիմքում ընկած են հետևյալ հիմնական սկզբունքները`

1) պատրաստվածության գերակայությունը վերականգնման նկատմամբ.

2) պատրաստվածության ոլորտում սեյսմիկ ռիսկի նվազեցման բոլոր տարրերի հավասար գերակայությունը.

3) ծրագրի իրականացման գործընթացում պետական մարմինների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և ընդհանրապես հասարակության մասնագիտաբար համակարգվող ջանքերի միասնականությունը.

4) սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնախնդրի բոլոր ուղղություններով ենթածրագրերի զուգահեռ իրականացումը.

5) ծրագրի միջազգայնացումը` դրա իրականացման մեջ լավագույն միջազգային և ազգային կենտրոնների ընդգրկման միջոցով.

6) արտասահմանյան դոնորների և ներդրողների ընդգրկումը ծրագրի տարբեր ենթածրագրերի ֆինանսավորման համար.

7) ծրագրի բազմափուլային բնույթը, կազմված կարճաժամկետ (մինչև 1 տարի), միջնաժամկետ (մինչև 5 տարի) և երկարաժամկետ (մինչև 20 տարի) ենթածրագրերից, որոնք իրականացվում են տարբեր պետական մարմինների կողմից:

22. Ծրագրի իրականացմանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարբեր հասարակական կազմակերպություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթների շրջանակներում:

23. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությունը և սեյսմիկ պաշտպանության ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունները մասնակցում են սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքի և նրա համայնքների զարգացման հեռանկարային ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին:

24. Անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող է արտաբյուջետային միջոցների հաշվին ծրագրի տարբեր բաժինների իրականացման համար ներգրավել տարբեր արտասահմանյան փորձագետների:

25. Ծրագրի իրականացումը կբարձրացնի ուժեղ երկրաշարժերին Հայաստանի Հանրապետության բնակչության պատրաստվածության մակարդակը: Դա, համապատասխանաբար, կհանգեցնի սեյսմիկ ռիսկի զգալի նվազեցմանը, ինչը, ընդհանուր առմամբ, կապահովի հասարակության կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը:

 

VI. ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

 

26. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, համայնքային բյուջեից և օրենքով չարգելված այլ միջոցներից:

 

VII. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԸ

 

27. Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության փոփոխությունը Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրի առաջնահերթության նկատմամբ, ծրագրի իրականացման համար դոնորների բացակայությունը:

 

VIII. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

28. Ծրագրի իրականացման համար հաշվետվությունը ներկայացվում է հետևյալ ընթացակարգերով`

1) ծրագրի կատարողների կողմից յուրաքանչյուր կիսամյակ հաշվետվություն է ներկայացվում ծրագրի համակարգողին: Ծրագրի համակարգողը յուրաքանչյուր տարին մեկ անգամ արդյունքների մասին տեղեկատվություն է ներկայացնում պատվիրատուին` Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Արդյունքների մասին տեղեկատվությունը ընդգրկվում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստի ամենամյա հաղորդման մեջ.

2) պատվիրատուն կարող է պահանջել լրացուցիչ հաշվետվություն` դրա մասին իր քննարկումից առնվազն երեք ամիս առաջ տեղեկացնելով ծրագրի համակարգողին:

(ծրագիրը խմբագրվել է 09.02.12 թիվ 138-Ն որոշում)

 

----------------------------------------------------------

հեղինակների կողմից - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.1999
N 429
Որոշում