Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՀ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, Ն ...

 

 

040.1351.101213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 նոյեմբերի 2013 թվականի N 1351-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

հաշվի առնելով երկու պետությունների համագործակցության զարգացման երկարաժամկետ շահերը,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին 1997 թ. օգոստոսի 29-ի պայմանագրով,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին 2001 թ. սեպտեմբերի 15-ի համաձայնագիրը,

արտահայտելով Կողմերի պետությունների շահագրգռվածությունը Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում փոխադարձ համագործակցության կարգավորման մեջ,

հաշվի առնելով Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի Հանրապետության միանալու մասին Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2013 թ. հոկտեմբերի 24-ի որոշումը, Եվրասիական ինտեգրման գործընթացին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին Եվրասիական տնտեսական խորհրդի անդամ պետությունների ղեկավարների 2013 թ. հոկտեմբերի 24-ի հայտարարությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության խորացման մասին 2013 թ. հոկտեմբերի 24-ի Հուշագիրը,

հաշվի առնելով Միասնական մաքսային տարածքի ստեղծման և Մաքսային միության ձևավորման մասին 2007 թ. հոկտեմբերի 6-ի պայմանագիրը, ինչպես նաև Միասնական տնտեսական գոտու իրավական բազան,

պայմանավորվեցին ներքոգրյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Սույն Համաձայնագրի նպատակը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ապրանքների առաքման ոլորտում Կողմերի համագործակցության պայմանների սահմանումն է:

2. Սույն Համաձայնագրի նպատակների համար ապրանքներ են համարվում`

1) ապրանքները` արտադրված նավթից,

2) բնական գազը` գազաձև վիճակում,

3) բնական չմշակված ալմաստները (Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային տեսականու միասնական կոդեր) (այսուհետ` ՄՄ ԱՏԳ ԱԱ)` 7 102 21 000 0 և 7102 31 000 0):

 

Հոդված 2

 

1. Գործունեության համակարգումը և սույն Համաձայնագրի կատարման հսկողությունը իրականացնում են հետևյալ իրավասու մարմինները`

Ռուսական Կողմից` Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարությունը (սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ապրանքների առաքման մասով) և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը (սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ապրանքների առաքման մասով),

Հայկական Կողմից` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ապրանքների առաքման մասով) և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ապրանքների առաքման մասով):

2. Իրենց իրավասու մարմիններին փոխարինելու դեպքում Կողմերը դիվանագիտական ուղիներով անմիջապես ծանուցում են միմյանց այդ մասին:

3. Սույն Համաձայնագրի նպատակների համար մաքսային մարմիններ նշանակում են`

Ռուսաստանի Դաշնության համար` Ռուսաստանի Դաշնության Դաշնային մաքսային ծառայությունը,

Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

 

Հոդված 3

 

1. Կողմերի իրավասու մարմինները նախքան յուրաքանչյուր օրացուցային տարվա սկիզբը համաձայնեցնում են սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ապրանքների ներքին սպառման ծավալները և անվանացուցակը Հայաստանի Հանրապետությունում հաջորդ օրացուցային տարվա համար և հաստատում են հաջորդ օրացուցային տարվա ինդիկատիվ հաշվեկշիռները (այսուհետ` ինդիկատիվ հաշվեկշիռներ)` Հայաստանի Հանրապետություն այդ ապրանքների առաքման կտրվածքով,

2. Ռուսաստանի Դաշնության ալմաստ հանքարդյունահանող ձեռնարկությունները և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությանն առընթեր Ռուսաստանի Դաշնության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի Պետական հիմնադրամի ձևավորման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, բացթողնման և օգտագործման Պետական հաստատությունը (Ռուսաստանի ԳՈԽՐԱՆ) Հայաստանի Հանրապետության երեսակող ձեռնարկություններին առաքում են չմշակված բնական ալմաստներ այն կարգով և ծավալներով, որոնք սահմանված են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության նշված տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված համապատասխան պայմանագրերով:

 

Հոդված 4

 

Կողմերը ստեղծում են պայմաններ Կողմերի պետությունների տնտեսվարող սուբյեկտների (ռեզիդենտների) կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքից Հայաստանի Հանրապետություն ապրանքների առաքման համար:

 

Հոդված 5

 

1. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն առաքվող ինդիկատիվ հաշվեկշիռների կազմում հաստատված ներքին սպառման ծավալներով ապրանքների նկատմամբ (սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ապրանքների համար), ինչպես նաև սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ապրանքների համար Ռուսական Կողմը չի գանձում արտահանման մաքսատուրքեր:

2. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված` Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն արտահանվող տվյալ օրացուցային տարվա ինդիկատիվ հաշվեկշիռներով նախատեսված քանակը գերազանցող ապրանքների նկատմամբ արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման Ռուսաստանի Դաշնության բյուջե Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը և Մաքսային միության մաքսային օրենսդրությանը համապատասխան:

3. Առանց արտահանման մաքսատուրքերի գանձման Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն առաքվող ապրանքների նկատմամբ Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմինը վարում է պայմանական հաշվեգրվող արտահանման մաքսատուրքերի գումարների հաշվառում, ավելացող արդյունքով սույն Համաձայնագրի կիրարկման սկզբի ամսաթվից:

Սույն Համաձայնագրի նպատակների համար պայմանական հաշվեգրվող արտահանման մաքսատուրքեր են համարվում արտահանման մաքսատուրքերի գումարը, որը հաշվարկվում է` ելնելով փաստացի արտահանված ապրանքների ծավալներից և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան սահմանված ու ապրանքների փաստացի արտահանման ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով հաշվարկվող արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերից:

Պայմանականորեն հաշվեգրվող արտահանման մաքսատուրքերի հաշվարկը իրականացվում է առանձին յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ, ինչպես նաև ապրանքի, որը դասակարգվում է ՄՄ ԱՏԳ ԱԱ առանձին ծածկագրով:

4. Կողմերի մաքսային մարմինները յուրաքանչյուր եռամսյակ իրականացնում են Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն առանց արտահանման մաքսատուրքերի գանձման փաստացի առաքված և օգտագործված ապրանքների ծավալների, ինչպես նաև պայմանական հաշվեգրված արտահանման մաքսատուրքերի գումարների ստուգում:

Կատարված ստուգման արդյունքների հիման վրա Կողմերի մաքսային մարմինները տեղեկացնում են Կողմերի իրավասու մարմիններին դրանց վերաբերյալ:

 

Հոդված 6

 

1. Սույն Համաձայնագրի համաձայն` Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն առանց արտահանման մաքսատուրքերի գանձման առաքվող ապրանքները ենթակա չեն վերաարտահանման երրորդ երկրներ:

Սույն կետով սահմանված վերաարտահանման արգելքի ապահովման նպատակով, Կողմերի մաքսային մարմինների միջև համաձայնեցված կարգով Հայկական Կողմը Ռուսական Կողմի հետ համատեղ հսկողություն է իրականացնում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն առանց Ռուսաստանի Դաշնությունում արտահանման մաքսատուրքերի գանձման առաքված ապրանքների բացառապես Հայաստանի Հանրապետության ներքին կարիքների համար օգտագործման նկատմամբ:

2. Մաքսային միության երկրների տարածքից Հայաստանի Հանրապետություն վերաարտահանվող ապրանքները, որոնք մինչ այդ արտահանված են եղել այդ երկրներ Ռուսաստանի Դաշնությունից առանց արտահանման մաքսատուրքերի գանձման, սույն Համաձայնագրի նպատակների համար ճանաչվում են Ռուսաստանի Դաշնության տարածքից առանց արտահանման մաքսատուրքերի գանձման Հայաստանի Հանրապետություն առաքվող ապրանքներ:

3. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ապրանքների վերաարտահանման արգելքի խախտման դեպքում Հայկական Կողմը ԱՄՆ դոլարով Ռուսական Կողմին վճարում է փոխհատուցման գումարներ, որոնք համարժեք են խախտման փաստի հայտնաբերման օրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում գործող արտահանման մաքսատուրքերի ծավալներին` վերաարտահանվող ապրանքների նկատմամբ:

Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ապրանքների վերաարտահանման արգելքի խախտման կամ սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված ապրանքների անմաքս առաքման փաստացի ծավալները ինդիկատիվ հաշվեկշիռներով նախատեսված ծավալներին գերազանցման դեպքերում, Ռուսական Կողմը իրավասու է կրճատել և (կամ) կասեցնել սույն Համաձայնագրի հոդված 5-ով նախատեսված ապրանքների անմաքս առաքումը Հայաստանի Հանրապետություն:

4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված փոխհատուցման գումարը Հայկական Կողմի կողմից դրամական տեսքով ենթակա է վճարման Ռուսաստանի Կողմի օգտին` Ռուսական Կողմի իրավասու մարմնի կողմից դիվանագիտական ուղիներով Հայկական Կողմի իրավասու մարմնին վերաարտահանման փաստի հայտնաբերման մասին և Ռուսական Կողմին վերաարտահանվող ապրանքների համար արտահանման մաքսատուրքերի վճարման պահանջի վերաբերյալ գրավոր ծանուցումը ներկայացնելուց ոչ ուշ, քան 30 օրացուցային օրվա ընթացքում

5. Կողմերի համաձայնությամբ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված փոխհատուցման գումարի վճարումը ամբողջությամբ կամ մասնակի կարող է փոխարինվել Ռուսաստանի Դաշնությունից առանց արտահանման մաքսատուրքի գանձման Հայաստանի Հանրապետություն արտահանվող ապրանքների քանակի համարժեք նվազեցմամբ` համեմատած ինդիկատիվ հաշվեկշռով նախատեսված քանակի հետ:

6. Սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված գումարը (այն մասով, որով նշված գումարը սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան չի փոխարինվել Հայաստանի Հանրապետություն առաքվող ապրանքի համարժեք նվազեցմամբ) Հայկական Կողմի կողմից չվճարելու դեպքում համարվում է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտք:

Պետական պարտքի նշված գումարին հաշվեգրվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են օրական կտրվածքով վերաֆինանսավորման տոկոսադրույքով, որը տոկոսների հաշվարկման համապատասխան ժամանակաշրջանի սկզբից երկու օր առաջ սահմանվել է Ռուսաստանի Բանկի կողմից և Հայկական Կողմի կողմից վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ: Տոկոսների վերջին վճարումը իրականացվում է պետական պարտքի հիմնական գումարի մարման վերջին վճարման հետ միաժամանակ: Տոկոսները հաշվարկվում են` ելնելով 360-օրյա տարում անցած օրերի փաստացի քանակից (հիմք 365/360):

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ Կողմերի միջև վեճերը կարգավորվում են բանակցությունների միջոցով:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով:

 

Հոդված 9

 

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով, ժամանակավոր կիրառվում է ստորագրման պահից 20 օր անց և ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:

2. Սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետը կիրառվում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Դրա կիրառումը կարող է երկարաձգվել Կողմերի որոշմամբ, որը ձևակերպվում է սույն Համաձայնագրին կից արձանագրությամբ:

Սույն համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ապրանքների նկատմամբ սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը տարածվում է 2013 թ. ապրիլի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: Ընդ որում 2013 թ. ապրիլի 1-ից մինչև 2013 թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կիրառվում է այդ ապրանքների փաստացի առաքված ծավալների նկատմամբ:

3. Սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի գործողության դադարեցման դեպքում կամ Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Հայկական Կողմը Ռուսական Կողմին վճարում է փոխհատուցման գումար, որը համարժեք է սույն Համաձայնագրի համաձայն Ռուսաստանի Դաշնությունից առանց արտահանման մաքսատուրքերի գանձման Հայաստանի Հանրապետություն առաքված ապրանքների համար Ռուսական Կողմի չստացած` պայմանական հաշվեգրված արտահանման մաքսատուրքերի գումարին:

Նշված փոխհատուցումը ենթակա է վճարման Հայկական Կողմի կողմից Ռուսական Կողմի օգտին դրամական տեսքով ոչ ուշ, քան սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների կիրառման դադարեցման ամսաթվից 30 օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո կամ Հայկական Կողմի կողմից սույն հոդվածով նախատեսված փոխհատուցումն ամբողջ ծավալով չվճարելու դեպքում, Հայկական Կողմի կողմից չվճարած գումարները համարվում են Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտք:

4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված պետական պարտքին հաշվեգրվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են օրական կտրվածքով վերաֆինանսավորման տոկոսադրույքով, որը տոկոսների հաշվարկման համապատասխան ժամանակաշրջանի սկզբից երկու օր առաջ սահմանվել է Ռուսաստանի Բանկի կողմից և Հայկական Կողմի կողմից վճարվում են յուրաքանչյուր եռամսյակ: Տոկոսների վերջին վճարումը իրականացվում է պետական պարտքի հիմնական գումարի մարման վերջին վճարման հետ միաժամանակ: Տոկոսները հաշվարկվում են` ելնելով 360-օրյա տարում անցած օրերի փաստացի քանակից (հիմք 365/360):

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված բոլոր վճարումները Հայաստանի Հանրապետության կողմից հօգուտ Ռուսաստանի Դաշնության իրականացվում են ԱՄՆ դոլարով: Վճարվող գումարի դոլարային համարժեքի հաշվարկը իրականացվում է Ռուսաստանի Կողմի կողմից նշված հաշվեհամարին գումարի հաշվեգրման ամսաթվին նախորդող երկու աշխատանքային օր առաջ Ռուսաստանի Բանկի կողմից սահմանված ԱՄՆ դոլարին ռուբլու փոխարժեքին համապատասխան:

6. Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում սույն հոդվածի 3-5-րդ կետերը շարունակում են գործել մինչև այդ կետերով Կողմերի համար նախատեսված պարտավորությունների լրիվ կատարումը:

 

Կատարված է ք. Երևանում 2013 թ. դեկտեմբերի 2-ին երկու օրինակից, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

    Հայաստանի Հանրապետության                Ռուսաստանի Դաշնության

    կառավարության կողմից`                   կառավարության կողմից`

      (ստորագրություն)                         (ստորագրություն)

 

___________________________________________________

ԻՐՏԵԿ - համաձայնագրի ռուսերեն տարբերակը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.11.2013
N 1351-Ա
Որոշում