Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ («ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

8 օգոստոսի 2013 թվականի N 31

 

24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ («ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ II, ՓՈՒԼ 3-Ի» ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԵԼԻՔ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ` 505.000 ԵՎՐՈ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ) ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև ֆինանսավորման համաձայնագրի («Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3-ի» շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայությունների համար` 505.000 եվրո գումարի չափով դրամաշնորհ)» նախագծին` համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին ստորագրել սույն որոշման 1-ին կետով նախատեսված ֆինանսավորման համաձայնագիրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թ. օգոստոսի 8-ի նիստի

N 31 արձանագրային որոշման

 

Ֆինանսավորման համաձայնագիր

 

Ամսաթիվ 2013

 

Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի, Մայնի Ֆրանկֆուրտ

(«KfW»)

 

և

 

Հայաստանի Հանրապետության միջև`

ի դեմս Ֆինանսների նախարարության,

(«Ստացող»)

 

սույն Ֆինանսավորման համաձայնագրի կնքման համար`

Ի դեմս Ֆինանսների նախարարության

(ՖՆ)

 

սույն Ֆինանսավորման համաձայնագրի իրականացման համար`

Ի դեմս ՀՀ տարածքային կառավարման նախարարության

ջրային տնտեսության պետական կոմիտեի

(«ՋՏՊԿ»)

 

505,000 եվրո գումարի չափով

 

«Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3-ի» շրջանակներում Ստացողին մատուցվելիք փորձագիտական ծառայությունների համար, որի ֆինանսավորումը տրամադրվում է Գերմանիայի կառավարության հատուկ հիմնադրամի (Studien- und Beratungsfonds) No. 8730-ի կողմից:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից լիազորագրի և Հայաստանի Հանրապետության խնդրագրի հիման վրա` ի դեմս ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ), Ստացողը և KfW-ն սույնով կնքում են հետևյալ Ֆինանսավորման համաձայնագիրը.

 

Հոդված 1

 

Ֆինանսական օժանդակության չափը և նպատակը

 

1.1 KfW-ն Ստացող կողմին կտրամադրի մինչև 505,000 եվրո գումարի չափով ֆինանսական օժանդակություն:

Սույն ֆինանսական ներդրումը ենթակա չէ հետ վերադարձման, բացառությամբ Հոդված 3.2-ում սահմանված դեպքերի:

1.2 Ստացող կողմը, ի դեմս ՀՀ ՏԿՆ ՋՏՊԿ-ի, պարտավոր է օգտագործել սույն ֆինանսական օժանդակությունը բացառապես հետևյալ Փորձագիտական ծառայությունների ֆինանսավորման նպատակով.

ՀՀ-ում ջրային կառավարման առկա իրավիճակի խորացված վերլուծության մշակում` ընդգծելով Ջրային ոլորտի կառավարումն ու ՀՄՀ իրականացումը` ներառյալ դրա հետագա զարգացման հեռանկարները: Ոլորտի վերլուծությունը և դրա հիմնական խնդիրները պետք է վերաբերեն գործառնական բնութագրերին` ընդգրկելով ինստիտուցիոնալ, ֆինանսական և սոցիալ-տնտեսական բնագավառները: Այնուհետև, ինստիտուցիոնալ զարգացման հետագա խնդիրները, համապատասխան սակագնային կառուցվածքը, բոլոր համայնքների տեխնիկական, իրավական և ֆինանսական ինտեգրումը ծառայությունների մատուցման մեջ, մասնավոր ոլորտի ներգրավում և արդյունավետ ՀՄՀ ստեղծում («Փորձագիտական ծառայություններ»):

1.3 Ստացողը պետք է ամբողջովին և ժամանակին վճարի համաֆինանսավորման մասը: KfW-ի հարցման դեպքում Ստացողը պետք է ապացույցներ ներկայացնի այս առումով համապատասխան միջոցառումների իրականացման վերաբերյալ:

1.4 Ստացողի կողմից վճարվելիք հարկերը և այլ պետական տուրքերը, ինչպես նաև ներմուծման տուրքերը չպետք է ֆինանսավորվեն սույն ֆինանսական օժանդակության միջոցներից:

 

Հոդված 2

 

Հատկացումներ

 

2.1 Ստացողը սույնով լիազորում է KfW-ին սույն ֆինանսական օժանդակության միջոցներից միջանկյալ և վերջնական վճարումներ կատարել Խորհրդատուին: Սույն օրինակ վճարումները պետք է կատարվեն մատուցված Փորձագիտական ծառայությունների ընթացքի համաձայն` KfW-ին ներկայացրած հաշիվ-ապրանքագրերի բնօրինակների հիման վրա (կրկնօրինակը` Ստացողին) և համաձայն Ստացողի` ի դեմս ՋՏՊԿ-ի, և Խորհրդատուի կնքվելիք պայմանագր(եր)ի: Ստացող կողմի տրամադրած սույն լիազորագիրը համարվում է խնդրագիր` վերոնշյալ բոլոր վճարումների կատարման համար:

2.2 Այլ արտարժույթով կատարված վճարումների դեպքում («Արտարժույթ»), KfW-ն Ստացողի ծախսը կհաշվարկի եվրոյով, ինչպես որ այն արտարժույթի գնման համար տրամադրվել էր KfW-ի կողմից` ներառյալ չկանխատեսված ծախսերը:

2.3 KfW-ն պատասխանատվություն չի կրում բանկային հաստատությունների պատճառով հատկացումների փոխանցումների կամ KfW-ի կողմից կատարվող որևէ փոխանցման ուշացման համար: Եթե ուշացումը տեղի է ունեցել KfW-ի մեղքով, ապա KfW-ն պարտավոր է վճարել միայն հաշվարկված տոկոսները:

2.4 KfW-ն իրավունք ունի հրաժարվել հատկացումներ կատարելուց 2014 թ-ի դեկտեմբերի 31-ից հետո:

2.5 Խորհրդատվական պայմանագր(եր)ում պետք է ներառվի մի դրույթ, համաձայն որի Ստացողի հաշվին փոխանցվող ցանկացած փոխհատուցում, երաշխիք կամ սույն օրինակ վճարումներ, ինչպես նաև ցանկացած ապահովագրական վճարում պետք է կատարվի KfW-ի հետևյալ հաշվեհամարին` 38 000 000 00 (IBAN: DE53 5002 0400 3800 0000 00), Մայնի Ֆրանկֆուրտ (BIC: KFWIDEFF; BLZ 500 204 00), որտեղից էլ KfW-ն սույն վճարումները կփոխանցի Ստացողի հաշվին:

 

Հոդված 3

 

Վճարումների և հատկացումների դադարեցում

 

3.1 KfW-ն կարող է դադարեցնել վճարումները միայն այն դեպքում, եթե

ա) Ստացողը չի կատարում KfW-ի հանդեպ ունեցած իր պարտավորությունները ժամանակին,

բ) խախտվել են սույն Համաձայնագրով նախատեսված պարտականությունները,

գ) Ստացող կողմը` ի դեմս ՋՏՊԿ-ի, չի կարող ապացուցել, որ հատկացված գումարները ծախսվել են նպատակայնորեն,

դ) ի հայտ են եկել արտակարգ հանգամանքներ, որոնք խանգարում կամ լրջորեն վտանգում են Փորձագիտական ծառայությունների նպատակի իրականացումը, կամ

ե) խախտվել, դադարեցվել կամ չեղյալ է համարվել Ստացողի` ի դեմս ՋՏՊԿ-ի և Խորհրդատուի միջև կնքվելիք Խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրերից որևիցե մեկը:

3.2 Եթե Հոդված 3.1-ի բ) կամ գ) կետերում նշված որևէ իրավիճակ է ի հայտ եկել և չի շտկվել KfW-ի կողմից սահմանված ժամանակահատվածում, որը կլինի առնվազն 30 օր, ապա KfW-ն կարող է պահանջել ֆինանսական օժանդակության հետվճարում: Հոդված 3.1-ի գ) կետի պարագայում KfW-ն կարող է պահանջել, որպեսզի Ստացողը հետ վերադարձնի այն գումարները, որոնց նպատակային ծախսումը չի կարող ապացուցել:

 

Հոդված 4

 

Ծախսեր և պետական տուրքեր

 

Ստացողը պարտավոր է վճարել սույն Համաձայնագրի կնքմանն ու կատարմանն առնչվող բոլոր հարկերը և պետական տուրքերը, որոնք կգոյանան Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից դուրս, ինչպես նաև սույն ֆինանսական օժանդակության հատկացման հետ կապված գումարի փոխանցման և փոխանակման բոլոր ծախսերը:

 

Հոդված 5

 

Պայմանագրային դրույթներ և ներկայացուցչական իրավունք

 

5.1 Ֆինանսների նախարարը և նրա կողմից նշանակված անձինք, որոնք լիազորված են նրա կողմից վավերացված ստորագրության նմուշներով, կներկայացնեն Ստացողին սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում: ՋՏՊԿ-ի նախագահը կամ նրա կողմից նշանակված անձինք կներկայացնեն ՋՏՊԿ-ն սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում: Ներկայացուցչական իրավունքները ուժի մեջ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ KfW-ն չի ստացել այդ իրավունքների դադարեցման մասին ծանուցում Ստացողի ներկայացուցչի կամ համապատասխանաբար ՋՏՊԿ-ի կողմից:

5.2 Սույն Համաձայնագրի փոփոխությունները կամ լրացումները` ներառյալ սույն գրավոր պահանջագիրը, ինչպես նաև դրա շրջանակներում պայմանագրի կողմերի կողմից տրվող ծանուցումները և դրույթները պետք է ներկայացվեն գրավոր: Ցանկացած ծանուցում կամ հայտարարություն համարվում են ստացված, եթե հասել են կողմերի ներքոգրյալ հասցեներին կամ այլ հասցեին համապատասխան կողմին դրա մասին ծանուցելով:

 

    KfW       KfW

              11 11 41

              60046 Մայնի Ֆրանկֆուրտ

              Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

              Ֆաքս`+49 69 7431-2944

 

    ՖՆ        Ֆինանսների նախարարություն

              Մելիք Ադամյան 1

              0010 Երևան

              Հայաստանի Հանրապետություն

              Ֆաքս` + 374 10 524282

                 

    ՋՏՊԿ      Ջրային տնտեսության պետական կոմիտե

              Վարդանանց փող. 13ա

              Երևան 0010

              Հայաստանի Հանրապետություն

              Ֆաքս` +374 10 540909

 

Հոդված 6

 

Փորձագիտական ծառայությունները

 

6.1 Ստացողը` ի դեմս ՋՏՊԿ-ի, պարտավոր է.

ա) փորձագիտական ծառայությունների իրականացումը հանձնարարել որակավորված անկախ խորհրդատուներին («Խորհրդատու»)` պահպանելով ՋՏՊԿ-ի և KfW-ի միջև համաձայնեցված Փորձագիտական ծառայությունների հայեցակարգի բովանդակությունը,

բ) նախնական ընտրությունից և միջազգային հանրային մրցույթից հետո Պայմանագիր (Պայմանագրեր) կնքել որակավորված անկախ Խորհրդատուի հետ, որը կոնսորցիում կկազմի Հայաստանի խորհրդատուների հետ: Պայմանագիրը շնորհելիս պետք է առաջնորդվել «Զարգացող երկրների հետ ֆինանսական համագործակցության ծրագրերում խորհրդատուների նշանակման ուղեցույցով» (Հավելված 1), որը սույն Համաձայնագրի անբաժան մասն է կազմում:

գ) ապահովել սույն Փորձագիտական ծառայությունների լիարժեք ֆինանսավորում, և KfW-ի պահանջով KfW-ին տրամադրել ապացույց, որ սույն ֆինանսական օժանդակության կողմից չփոխհատուցվող ծախսերը կատարվել են,

դ) պահել կամ պահանջել, որպեսզի պահվեն գրանցամատյաններ և գրանցումներ, որոնք պարզորոշ ցույց կտան ՈՒսումնասիրության համար բոլոր ծախսերը` հստակորեն տարանջատելով սույն ֆինանսական օժանդակության միջոցներով ֆինանսավորվող ծառայությունները,

ե) KfW-ի ներկայացուցիչներին հնարավորություն տալ ցանկացած ժամանակ ստուգել վերոհիշյալ գրանցամատյանները, գրանցումները և Փորձագիտական ծառայությունների իրականացմանն առնչվող ցանկացած փաստաթուղթ,

զ) KfW-ի պահանջով KfW-ին տրամադրել Փորձագիտական ծառայություններին կամ նրանց հետագա ընթացքին առնչվող ցանկացած տեղեկատվություն և հաշվետվություններ,

է) սեփական նախաձեռնությամբ անմիջապես տեղեկացնել KfW-ին, եթե որևէ հանգամանք խոչընդոտի կամ լրջորեն վտանգի Փորձագիտական ծառայությունների իրականացումը կամ նպատակը,

ը) Խորհրդատուի հաշվետվությունների վերաբերյալ նկատառումներ ներկայացնել կամ ընդունել դրանց բովանդակությունը` ստորագրությամբ հաստատելով, և

թ) բոլոր նախագծերի, հաշվետվությունների, ուսումնասիրությունների և Խորհրդատուների անձնակազմում փոփոխությունների վերաբերյալ իր որոշումներն ընդունել` համաձայնեցնելով KfW-ի հետ:

6.2 Փորձագիտական ծառայությունների ավարտից անմիջապես հետո KfW-ի պահանջով KfW-ին տրամադրել Խորհրդատուների կազմած բոլոր նախագծերի, հաշվետվությունների, ուսումնասիրությունների այնքան կրկնօրինակներ, որքան KfW-ն կարող է պահանջել: KfW-ն կարող է տալ վերոնշյալ ուսումնասիրությունների գնահատականը:

6.3 Փորձագիտական ծառայությունների ֆինանսավորումից չի բխում, որ Ստացող կողմին վերապահվում է Փորձագիտական ծառայությունների արդյունքում նախապատրաստված ծրագրի ֆինանսավորում ստանալու իրավունք: Ստացողը պարտավոր է Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը թողնել Ֆինանսական համագործակցության ծրագրի ֆինանսավորման ընտրության հարցը:

 

Հոդված 7

 

Խորհրդատվական ծառայություններ

 

7.1 Ծրագրի ընդհանուր նպատակն է ջրային ոլորտի բարելավման նպատակով ՀՀ կառավարությանն աջակցել միջնաժամկետ և երկարաժամկետ միասնական և համապարփակ հայեցակարգի զարգացման գործընթացում, որին պետք է ենթարկվի Խորհրդատուն(ները): Համակարգված բարեփոխումներ նախաձեռնելու համար պետք է սահմանվեն համապատասխան զարգացումները և ՀՀ-ում ջրային ոլորտի հիմնական պակասորդները, և ներգրավված անձանց պետք է աջակցել բարեփոխումների նպատակով անհրաժեշտ և խելամիտ քայլերի ձեռնարկման հարցում:

Ի թիվս այլ պարտականությունների Խորհրդատուն պարտավորվում է.

- ՀՀ-ում ջրային ոլորտի վերաբերյալ համապատասխան տվյալների հավաքագրում և գնահատում

- ՀՀ կառավարությանը ոլորտի առաջնահերթությունների սահմանման և միջնաժամկետ ու կարճաժամկետ բարեփոխումների քայլերի վճռորոշման գործընթացներում աջակցության ցուցաբերում

- անհրաժեշտության դեպքում Ոլորտի միջնաժամկետ հայեցակարգի և պայմանագրային փաստաթղթերի մշակում

- Ոլորտի հետագա խորհրդակցական ծառայության նպատակով Ոլորտի համապարփակ խորհրդակցական հայեցակարգի և տեխնիկական առաջադրանքի մշակում

- ՀՄՀ գնահատման տարբերակներ

- ՈՒղենշային հայեցակարգի մշակում համապատասխան խրախուսավճարներով:

7.2 KfW-ին անսահմանափակ իրավունք է վերապահվում իր հայեցողությամբ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում օգտագործելու սույն Ֆինանսական օժանդակության միջոցներով ֆինանսավորված Փորձագիտական ծառայությունների արդյունքները և դրան վերաբերող բոլոր փաստաթղթերը:

 

Հոդված 8

 

Այլ դրույթներ

 

8.1 Ստացողը` ի դեմս ՋՏՊԿ-ի, պարտավոր է երաշխավորել, որ Փորձագիտական ծառայությունների իրականացման համար պատասխանատու անձինք չեն պահանջի, թույլ տա, վճարի, տա, խոստում ընդունի կամ խոստանա ապօրինի վճարումներ կամ այլ շահ` սույն Փորձագիտական ծառայությունների որևէ պայմանագրի շնորհման և սույն ֆինանսական օժանդակության միջոցներից կատարված հատկացումների հետ կապված:

8.2 Եթե սույն Համաձայնագրի դրույթներից որևէ մեկն անվավեր դառնա, դա չի անդրադառնա մնացած դրույթների վրա: Դրա պատճառով առաջացած բացը կլրացվի սույն Համաձայնագրի նպատակին համապատասխան այլ դրույթով:

8.3 Ստացող կողմը չի կարող փոխանցել կամ գրավադնել սույն Համաձայնագրով նախատեսված որևէ իրավունք:

8.4 Սույն Պայմանագիրը կարգավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրությամբ: Պայմանագրի կատարման վայրը Մայնի Ֆրանկֆուրտն է:

8.5 Սույն Համաձայնագրով սահմանված` KfW-ի և Ստացող կողմի միջև իրավական հարաբերությունները կավարտվեն վերջին հատկացումից 6 տարի անց:

 

Կազմված է 3 բնօրինակով` անգլերեն լեզվով

 

    Մայնի Ֆրանկֆուրտ               Երևան

    ____, մայիս 2013               _____ մայիս, 2013

 

    _________________________      ___________________________

 

    KfW                           Հայաստանի Հանրապետություն

    Գերմանիայի Վերակառուցման      ի դեմս Ֆինանսների նախարարության

և զարգացման բանկ

 

Երևան

____ մայիս, 2013

 

________________________

 

Հայաստանի Հանրապետություն

Ի դեմս ՋՏՊԿ-ի

 

Հավելված 1 «Զարգացող երկրների հետ ֆինանսական համագործակցության ծրագրերում խորհրդատուների նշանակման ուղեցույց»

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2013
N 31
Արձանագրային որոշում