ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
13 հունիսի 2013 թվականի N 23
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՆԳ ԱՄԻՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2013 թվականի հինգ ամիսների գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին հաշվետվությունը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թ. հունիսի 13-ի նիստի
N 23 արձանագրային որոշման
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ 5 ԱՄԻՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
___________________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ
ՏԱՐԱԾՔԸ (ՀՀ տարածքի 4.2%-ը) 1242 քառ. կմ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՏՈՒԹՅՈՒՆԸ (ՀՀ բնակչ. 8.8%) 267.3 հազ. մարդ
որից քաղաքային 85.2 հազ. մարդ
գյուղական 182.1 հազ. մարդ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՏՈՒԹՅՈՒՆԸ 215 մարդ/քառ. կմ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԹԻՎԸ 97
որից քաղաքային 3
գյուղական 94
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԹԻՎԸ 98
որից սահմանամերձ 8
ՍԱՀՄԱՆԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքիայի հետ 130.5 կմ
Տարածաշրջանները Արմավիր, Էջմիածին, Բաղրամյան
Քաղաքները Վաղարշապատ, Արմավիր, Մեծամոր
ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆԸ ք. Արմավիր
Մարզպետարանի գործունեության կազմակերպման ընդհանուր հարցեր
Մարզում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացվել է պետական և համայնքային շահերի ներդաշնակման, հանրապետական գործադիր մարմինների և նրանց տարածքային ծառայությունների հետ համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցման հիման վրա:
Սահմանված կարգով կազմակերպվել է մարզային ենթակայության 122 կազմակերպությունների գործունեությունը, համակարգվել հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների աշխատանքը:
2013 թվականի տարեկան աշխատանքային պլանի և աշխատանքային ծրագրերի համաձայն մարզպետի գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն ու առաջնահերթություններն էին`
. Մարզում ՀՀ կառավարության Կայուն զարգացման ռազմավարական ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքների կազմակերպումը և համակարգումը, բնակչության եկամուտների աճը և աղքատության կրճատումը.
. Բնակչության զբաղվածության աճը և գործազրկության մակարդակի նվազումը.
. Գյուղատնտեսական արտադրանքի իրացման ծավալների ապրանքայնության բարձրացումը.
. Մարզի բնապահպանական իրավիճակի բարելավումը.
. Բնակչությանը տրամադրվող սոցիալական ծառայությունների որակի և մատչելիության աստիճանի բարձրացումը.
. Մարզային և համայնքային ենթակառուցվածքների զարգացումը.
. Մարզպետարանի կարողությունների ուժեղացումը և տարածքային կառավարման արդյունավետության բարձրացումը.
. Տեղական ինքնակառավարման մարմինների հնարավորությունների ընդլայնումը և նրանց գործունեության արդյունավետության բարձրացման օժանդակումը.
. Հանրային կառավարման համակարգում, հրապարակայնության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների արմատավորումը.
. Արտաքին կապերի ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
. Միջազգային և դոնոր կազմակերպությունների, հիմնադրամների հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը և նրանց կողմից նպատակային ծրագրերի իրականացման օժանդակումը.
. Փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը.
. Մարզում պետական ֆոնդի հողերի վերաբաշխման կազմակերպման, հողաշինության և հողային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման օժանդակումը, հողերի միավորման ծրագրերի և հողի շուկայի ձևավորման աջակցումը.
. Կրթության ոլորտում կառուցվածքային և ընթացիկ բովանդակային բարեփոխումների իրականացման արդյունավետության բարելավման ապահովումը.
. Կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների ուսուցման և դաստիարակության, նրանց բնականոն զարգացման ու սոցիալական ինտեգրացիայի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
. Մշակութային և սպորտային ծրագրերի մշակումը և դրանց կատարման ապահովումը.
. Առողջապահության բնագավառում պետական նպատակային ծրագրերի իրականացման ապահովումը, առողջապահական ծառայությունների մատչելիության ու որակի բարձրացումը.
. Համայնքային բյուջեների հավաքագրմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացումը.
. Քաղաքային և գյուղական համայնքների քաղաքաշինական գլխավոր փաստաթղթերի կազմման աշխատանքների կազմակերպումը.
. Արտակարգ իրավիճակների պայմաններում բնակչության պաշտպանության կազմակերպման և իրականացման ապահովումը:
Հաշվետու ժամանակաշրջանում մարզպետի կողմից հրավիրվել է մարզխորհրդի 2 նիստ, համայնքների, հանրապետական գործադիր մարմինների, մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների հետ անցկացվել 2 խորհրդակցություն: Մարզխորհրդի նիստերում, խորհրդակցություններում քննարկվել են մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:
Յուրաքանչյուր ամիս քննարկվում է մարզպետի կողմից ՀՀ վարչապետին, նախարարություններին ներկայացված առաջարկությունների կատարման ընթացքը:
Օրենսդրությամբ սահմանված կարգով մարզպետարանի կողմից ուսումնասիրվել են մարզի համայնքներից ստացված ավագանիների նիստերում ընդունված 1398 որոշումներ, ինչպես նաև պատրաստվել են բազմաթիվ առարկություններ` առաջարկելով համայնքների ղեկավարներին օրենսդրությանը հակասող որոշումները համապատասխանեցնել գործող օրենսդրության պահանջներին: Գործնական աշխատանքներ են տարել նաև մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավար մարմինների կողմից ընդունված իրավական ակտերն ուսումնասիրելու և գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ:
2013 թվականին մարզպետարանի հաստիքային միավորների թիվը կազմում է 129, որից 107-ը` քաղաքացիական ծառայության պաշտոններ են:
Հայտարարված մրցույթներից հաշվետու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմում հայտարարվել է 5 մրցույթ, որի արդյունքում պաշտոնի է նշանակվել 2 մասնագետ, իսկ մարզպետարանի աշխատակազմում հայտարարվել է 6 մրցույթ, որից 1-ը կրտսեր պաշտոնի համար, իսկ մնացած մրցույթներից 3-ը չեղյալ է համարվել /ներքին աուդիտի բաժնի 3 գլխավոր մասնագետներ/, իսկ 2 մրցույթներին դիմումներ չեն ներկայացվել: Քաղաքացիական ծառայության հավաստագրով կրտսեր պաշտոնի է նշանակվել 1 քաղաքացիական ծառայող:
Հաշվետու ժամանակահատվածում զբաղեցրած պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայող չի եղել: 2013 թ. մայիսի 31-ի դրությամբ աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների թիվը 4-ն է: Թվով 4 քաղաքացիական ծառայողի շնորհվել է քաղաքացիական ծառայության համապատասխան և 5 քաղաքացիական ծառայողի ավելի բարձր դասային աստիճան:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում ատեստավորվել են թվով 4 գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներ:
Ըստ հաստատված պլան-գրաֆիկի վերապատրաստման ենթակա 43 քաղաքացիական ծառայողից վերապատրաստվել են 21-ը:
Մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժինն ամբողջությամբ համալրվել է 2013 թ. մարտի 25-ից: 2013 թ. 5 ամիսների ընթացքում տարեկան և ռազմավարական ծրագրին համապատասխան թվով 27 պետական ոչ առևտրային կազմակերպություններում իրականացվել է համապատասխանության ֆինանսական աուդիտ, որոնց արդյունքների մասին կազմվել են աուդիտորական հաշվետվություններ և եզրակացություններ: Հաշվետվությունները ներկայացվել են ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչությանը: Ներքին աուդիտի բաժնի 2 աշխատակիցներ անցել են վերապատրաստման դասընթացներ:
Մարզպետը 2013 թ. ընդունել է 229 որոշում, արձակել 34 կարգադրություն, ինչպես նաև մարզպետի` որպես ՓԲԸ-ների ձայների 100 տոկոս տնօրինող հիմնադրի 11 արձանագրային որոշումներ:
2013 թ. 5 ամիսների ընթացքում առաքվել է 1901 փաստաթուղթ, մարզպետարան մուտքագրվել` 4867 թղթակցություն:
Հաշվետու ժամանակահատվածում մարզպետի մոտ յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրերին կազմակերպված ընդունելություններին ընդհանուր թվով մասնակցել են 42 քաղաքացիներ, որոնցից 19-ը իրենց հարցադրումներին ստացել են բանավոր սպառիչ պատասխաններ, ինչպես նաև լուծվել են նրանց կողմից բարձրացված բազում հարցեր:
Մարզպետարան են ստացվել քաղաքացիների ընդհանուր թվով 702 դիմումներ, որոնք օրենսդրությանը համապատասխան ստացել են իրենց հնարավոր լուծումները:
Մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելության և դիմումների մասին տեղեկատվությունը պարբերաբար տեղադրվում է մարզպետարանի պաշտոնական կայքէջում:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման ու համայնքային
ծառայության հարցեր
2013 թ. 5 ամիսների ընթացքում Արմավիրի մարզի 7 համայնքներում (Արտաշար, Զարթոնք, Լեռնագոգ, Ակնալիճ, Տարոնիկ, Եղեգնուտ և Քարակերտ) վարչական հսկողություն է իրականացվել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ:
Հաշվետու ժամանակաշրջանում հանրապետությունում անցկացված Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով համագործակցություն է իրականացվել մարզի համայնքների ղեկավարների, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների, ՀՀ անձնագրային և վիզաների վարչության Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի բաժանմունքների հետ: Մարզի 1 համայնքում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ:
Համագործակցելով համայնքային ծառայության ոլորտի պետական լիազոր մարմնի հետ, համակարգված աշխատանքներ են տարվել համայնքների ղեկավարների աշխատակազմերում համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի ամբողջական իրականացումն ապահովելու ուղղությամբ:
2013 թ. մարտի 1-ի դրությամբ մարզում առկա է համայնքային ծառայության 653 պաշտոն: Մարզի 29 համայնքներում կազմակերպվել և անցկացվել է թվով 55 թափուր պաշտոնների մրցույթներ, իսկ 15 համայնքներում անցկացվել է թվով 57 համայնքային ծառայողների ատեստավորումներ:
Մարզպետարանը 2013 թ. աշխատանքներ է տարել ՏԻՄ-երի գործունեության բարելավման ուղղությամբ: Մարզի բոլոր համայնքներն ունեն ժամանակակից պահանջներին բավարարող համակարգիչներ և իրենց գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրեր: 2013 թ. հունիսի 1-ի դրությամբ մարզի 50 համայնքապետարաններում ներդրվել է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ), փաստացի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգով փոխգործակցում են 13 համայնքապետարաններ (2 քաղաքային, 11 գյուղական), համացանցային կայքեր ունեն 11 համայնքներ:
Մարզպետարանի կայք-էջում հրապարակվել են համայնքների ղեկավարների և ավագանու որոշումները, համայնքային բյուջետային եկամուտների ու ծախսերի, համայնքների ղեկավարների 2012 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունները, համայնքներում իրականացված վարչական հսկողության ակտերը և համայնքներին վերաբերող այլ նյութեր:
Համայնքներում տեղեկատվական վահանակների միջոցով ապահովվել է տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի հրապարակումը:
Հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների
գործունեությանն առնչվող հարցեր
Մարզպետը, որպես զորակոչային հանձնաժողովի նախագահ, իր իրավասությունների շրջանակներում, հրավիրել է խորհրդակցություններ, հանձնաժողովի նիստեր, ընդունել որոշումներ և տվել հանձնարարականներ:
Ընթացքի մեջ են 2013 թվականի գարնանային զորակոչի կազմակերպման աշխատանքները. մշտական աջակցություն է ցուցաբերվում գարնանային զորակոչի կազմակերպման և նախազորակոչիկների կցագրման գործընթացներին:
Համայնքներում ներդրվել և վարվում են քաղաքացիների զինվորական հաշվառման գրանցամատյանները:
Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների հաստատված պլանի համաձայն, 2013 թ. ապրիլի 19-ին անց են կացվել շտաբային ուսումնավարժություններ` «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով:
Ապահովվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության, Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի մարզային փրկարարական վարչության, զինկոմիսարիատների, սահմանապահ 2037 ռուսական և մարզի տարածքում տեղակայված հայկական զինվորական մասերի հետ:
Մարզպետարանը փրկարարական ծառայության հետ համատեղ ակտիվ մասնակցություն է ունեցել ՄԱԿ-ի հովանու ներքո` Հյուգոյի «Ազգերի և համայնքների աղետներին դիմակայելու ունակությունների զարգացման գործողությունների 2005-2015 թթ. ծրագրի շրջանակներում» մշակել և ԱԻՆ է ներկայացվել աղետների ռիսկերի նվազեցման մարզային թիմի կազմը և կանոնադրությունը, որից հետո այն ներկայացվել է մարզպետի հաստատմանը:
ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում, անհրաժեշտ աշխատանքներ են տարվել նաև հանրապետական գործադիր մարմինների մյուս տարածքային ծառայությունների հետ` ապահովելով նրանց, մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների փոխադարձ կապը և համագործակցությունը:
Ֆինանսական բնագավառ
Մարզպետն իր լիազորությունների և իրավասությունների շրջանակներում աշխատանքներ է տարել ՀՀ պետական բյուջեից մարզպետարանին, մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին, ինչպես նաև մարզպետարանի միջոցով ֆինանսավորվող բնագավառներին և ծրագրերին նախատեսված միջոցների հատկացման ուղղությամբ, սահմանված կարգով վերահսկել դրանց նպատակային օգտագործումը:
ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից իրականացված ծախսերը /01.06.2013 թ. դրությամբ/ ունի հետևյալ պատկերը.
._____________________________________________________________________.
|հ/հ|Հոդվածների անվանումը | 2013 թ. |
| | |___________________________________________|
| | |2013 թ. |Ֆինանսա- |Դրամարկղա-|Փաստացի |
| | |նախահաշիվ |վորում |յին ծախս |ծախս |
| | |/կիսամյակ/| | | |
|___|_____________________|__________|__________|__________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_________________________|__________|__________|__________|__________|
| ԸՆԴԱՄԵՆԸ |4287662,00|2948976,26|2947919,56|2917222,20|
|_________________________|__________|__________|__________|__________|
|1 |Ապարատի պահպանման | 120969,60| 87455,80| 86399,10| 90452,90|
| |ծախսեր | | | | |
|___|_____________________|__________|__________|__________|__________|
|2 |Ընդամենը կրթական |2868731,50|2271156,70|2271156,70|2254435,00|
| |ոլորտ | | | | |
|___|_____________________|__________|__________|__________|__________|
|2,1|Հանրակրթական |2688811,90|2158322,40|2158322,40|2158322,40|
| |ուսուցում | | | | |
|___|_____________________|__________|__________|__________|__________|
|2,2|Ներառական կրթություն | 16673,00| 11105,40| 11105,40| 11105,40|
|___|_____________________|__________|__________|__________|__________|
|2.3|Հատուկ կրթություն | 74930,40| 60581,40| 60581,40| 60581,40|
|___|_____________________|__________|__________|__________|__________|
|2.4|Նախադպրոցական | 20981,30| 16799,10| 16799,10| 16799,10|
| |կրթություն | | | | |
|___|_____________________|__________|__________|__________|__________|
|2.5|Երաժշտական և արվեստի| 9434,10| 7626,70| 7626,70| 7626,70|
| |դպրոցի ազգային | | | | |
| |նվագարանների գծով | | | | |
| |ուսուցում | | | | |
|___|_____________________|__________|__________|__________|__________|
|2.6|Կրթական օբյեկտների | 57900,80| 16721,70| 16721,70| 0,00|
| |հիմնանորոգում | | | | |
|___|_____________________|__________|__________|__________|__________|
| | | | | | |
|___|_____________________|__________|__________|__________|__________|
|3 |Մարզային նշանակության| 16028,60| 7353,00| 7353,00| 7353,00|
| |ավտոճանապարհների | | | | |
| |ձմեռային պահպանում և | | | | |
| |շահագործում | | | | |
|___|_____________________|__________|__________|__________|__________|
|4 |Մշակութային | 1550,00| 1550,00| 1550,00| 1550,00|
| |միջոցառումներ | | | | |
|___|_____________________|__________|__________|__________|__________|
|5 |ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |1280382,30| 581460,76| 581460,76| 563431,30|
| |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ | | | | |
| |ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐ | | | | |
._____________________________________________________________________.
«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան ՀՀ պետական բյուջեով 2013 թ. մարզի 97 համայնքներին նախատեսված 1377.9 մլն. դրամ, դոտացիաները հատկացվել են ամբողջությամբ:
Համայնքների բյուջեները եկամտային մասով կատարվել են 88.7%, իսկ սեփական եկամուտները ապառքներով` 66.3%, աճը 2012 թվականի համեմատ կազմել է 3.6%: Սեփական եկամուտների բացարձակ աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմում է 47.4 մլն. դրամ:
Փաստացի հավաքագրված սեփական եկամուտների 476.1 մլն. դրամ ընդհանուր ծավալում հողի հարկի տեսակարար կշիռը կազմում է 21.7%, գույքահարկինը` 44.6%, վարձակալությամբ տրված գույքի վարձավճարներինը` 6.5%:
2013 թ. սահմանված կարգով և ժամկետներում կազմվել և ՀՀ տարածքային կառավարման նախարարություն են ներկայացվել մարզի 97 համայնքների բյուջեների ամփոփը: ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացվել 114 պետական ոչ առևտրային կազմակերպությունների պահպանման ծախսերի նախահաշիվները և հաշվարկային ցուցանիշները: Կազմվել և համապատասխան մարմիններին են ներկայացվել 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը:
Մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, ինչպես նաև առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով տարվա ընթացքում տեղական և միջազգային կառույցների, հիմնադրամների և բարեգործական կազմակերպությունների միջոցով իրականացվել են շուրջ 370 մլն. դրամի ներդրումային, հումանիտար և վարկային ծրագրեր, ծրագրերը շարունակական են:
Արդյունաբերության, առևտրի, հասարակական սննդի և սպասարկման
բնագավառ
Արմավիրի մարզի արդյունաբերական ձեռնարկություններում թողարկված արտադրանքի ծավալը 2013 թվականի հունվար-մարտ ամիսներին` ընթացիկ գներով կազմել է շուրջ 12838.9 մլն. դրամ, պատրաստի արտադրանքի իրացումը ընթացիկ գներով` 12642.5 մլն. դրամ, արդյունաբերական արտադրանքի ինդեքսը 103.8%:
2013 թվականի 5 ամիսների ընթացքում մարզում սպառված գազի ծավալը` նախնական տվյալներով, կազմել է շուրջ 89 մլն խոր. մետր:
Խոշոր արտադրական ձեռնարկություններից մարզի տնտեսության մեջ էական կշիռ ունեն «ՄԱՊ» ՓԲԸ, ՀԱԷԿ-ը, «Հաստոցաշինական գործարան» ՓԲԸ, Էջմիածնի պահածոների գործարանը, Երևանի «Արարատ» կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղը, «Բիգա», «Ամստեր ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություններ, «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ, «Տիեռաս դե Արմենիա» (Հայաստանի հողեր) ՓԲԸ և այլն:
Ըստ պետական լիազոր մարմնի տվյալների մարզում գրանցված են ՀՀ Արմավիրի մարզի 1380 առևտրային կազմակերպություններ (ՀՀ-ի 3.4%), 426 հասարակական կազմակերպություններ (ՀՀ-ի 4.7%) և 6297 անհատ ձեռնարկատերեր (ՀՀ-ի 8.8%):
2013 թվականի մարտ ամսվա դրությամբ Արմավիրի մարզի սպառողական շուկայում մանրածախ ապրանքաշրջանառությունը` նախնական տվյալներով (ընթացիկ գներով) կազմել է մոտ 6.8 մլրդ. դրամ, ընդ որում առևտրաշրջանառության գերակշռող մասը` ավելի քան 4.6 մլրդ դրամ կամ 67.6%-ը ձևավորվել է խանութների և սպառողական ապրանքների շուկաների միջոցով: Միջին հաշվով մեկ բնակչին ընկնող մանրածախ առևտրի շրջանառությունը կազմում է մոտ 25420.7 դրամ (կամ հանրապետության միջինի նկատմամբ 28.8%):
Արմավիրի մարզում ծառայությունների ծավալը կազմում է 3.6 մլրդ. դրամ, միջին հաշվով մեկ բնակչին ընկնող ծառայությունների ծավալը կազմում է 13384.7 դրամ (կամ հանրապետության միջինի նկատմամբ 18%):
Մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թ. փետրվար ամսին կազմել է 122.5 հազ դրամ /պետական հատված` 113.4 հազ. դրամ, ոչ պետական` 146.8 հազ. դրամ/:
2013 թ. մարտի վերջի դրությամբ մարզում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 3345 մարդ, նրանցից գործազուրկներ` 2621 մարդ:
Մարզպետարանը համագործակցում է ՓՄՁ ԶԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղի հետ` մարզի համայնքների տնտեսական քարտեզագրման աշխատանքների իրականացման ուղղությամբ:
Քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության բնագավառ
Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել և վերահսկվում է ՀՀ 2013 թ. պետական բյուջեով ՀՀ Արմավիրի մարզպետարանի ծրագրերով մարզին հատկացված 126 336.0 հազ. դրամի շրջանակներում նախատեսված աշխատանքների իրականացումը, որով ամբողջությամբ կհիմնանորոգվի Հոկտեմբեր /Սարդարապատ/ և Բամբակաշատ համայնքների միջնակարգ դպրոցները և մասնակի հիմնանորոգվելու է Վաղարշապատ քաղաքի թիվ 7 հիմնական դպրոցը:
ՀՀ կառավարության 07.02.2013 թ. N 130-Ն որոշմամբ /4-րդ հրատապ ծրագիր/ Արմավիրի մարզի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 1 261 448.8 հազ. դրամ, որից քաղաքաշինության ոլորտի համար` 1 141 139,7 հազ. դրամ գումար, որով 5 դպրոցներում իրականացվում է լոկալ ջեռուցման համակարգ, կառուցվում է Հայթաղ գյուղի ներքին ջրամատակարարման ցանցը, կատարվել են Փարաքար, Ջանֆիդա, Բերքաշատ համայնքների և Դողս համայնքի դպրոցի գազաֆիկացման աշխատանքները, իրականացվում են 12 դպրոցների, Վաղարշապատ, Արմավիր և Մեծամոր քաղաքային համայնքների բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների, Այգեշատ համայնքի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները:
ՀՀ կառավարության 11.04.2013 թ. N 383-Ն որոշման 2-րդ կետով ՀՀ Արմավիրի մարզպետարանին Ակնալիճ համայնքում խմելու ջրի խորքային հորի հորատման նպատակով հատկացվել է 30,000.0 հազ. դրամ, որով աշխատանքներն իրականացվել և ավարտման փուլում են գտնվում:
ՀՀ կառավարության 11.04.2013 թ. N 383-Ն և 07.02.2013 թ. N 130-Ն որոշումներով նախատեսված աշխատանքների ընթացքը կազմակերպելու նպատակով նախատեսված գումարների շրջանակներում նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների գնման համար կազմվել են համապատասխան փաթեթները և կապալառու կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր` գնման ընթացակարգերի վերաբերյալ համապատասխան հաշվետվությունները ներկայացնելով ՀՀ ֆինանսների նախարարությանը:
Ձեռք բերված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա կազմվել են շինարարական աշխատանքների գնման պայմանագրերի փաթեթները և կապալառու կազմակերպությունների հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր` գնման ընթացակարգերի վերաբերյալ համապատասխան հաշվետվությունը ներկայացնելով ՀՀ ֆինանսների նախարարությանը:
ՀՀ կառավարության 07.02.2013 թ. N 130-Ն որոշմամբ նախատեսված Վաղարշապատ համայնքի Կամոյի թիվ 7 տան բնակիչ Զաքար և Ռուզաննա Պողոսի Միրզոյանների ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության տրամադրման աշխատանքները իրականացնելու նպատակով սահմանված կարգով հաշվարկվել է շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության չափը` հիմք ընդունելով Էջմիածնի տարածաշրջանի բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ ընդհանուր մակերեսի 2012 թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ ձևավորված շուկայական արժեքը: Գործընթացն ավարտված է:
Մարզպետարանն աջակցում և վերահսկում է կապալառու կազմակերպությունների գործունեությանը, ընթացքում լուծելով առաջացած բոլոր խնդիրները: Վերը նշված օբյեկտների շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են և կատարվել է աշխատանքների ընդհանուր ծավալի 55%-ը:
Կազմվել է Արմավիրի մարզի 2014-2016 թթ. քաղաքաշինության, ճանապարհաշինության և էներգետիկայի ոլորտների ՄԺԾ ծրագրերը և ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության, ՀՀ տրանսպորտի և կապի և ՀՀ էներգետիկայի նախարարություններին:
Արդյունաբերության, բնակարանային կոմունալ և անշարժ գույքի կադաստրի բնագավառում հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել և համակարգվել է ենթակառուցվածքների, արդյունաբերական ձեռնարկությունների և անշարժ գույքի կադաստրի գործունեությունը:
Բնակավայրերի մաքրման և աղբահեռացման ուղղությամբ Արմավիրի մարզպետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից պարբերաբար ստուգայցեր են կատարվել համայնքներ և տեղ գտած թերությունների վերացման նպատակով համապատասխան հանձնարարականներ են տրվել համայնքների ղեկավարներին` կազմակերպելով և համակարգելով վերջիններիս գործունեությունը տվյալ ոլորտում:
Ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառում իրականացվել Է ջրային տնտեսության պետական կոմիտեի կազմակերպությունների կողմից սպասարկվող համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքների համակարգման և կազմակերպման գործընթացները:
Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթների պահանջների պարտադիր կատարման նպատակով` համակարգվել է համայնքների կողմից ստուգումների և հսկողության արդյունքների իրականացումը և ամփոփ տեղեկատվության ապահովումը:
Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառ
2012-2013 թթ. ծրագրերով մարզում նորոգվում են.
Հ-290 «Մ-5-Լենուղի-Այգեվան-Մ-5» հանրապետական նշանակության 6.2 կմ երկարությամբ ճանապարհը 626.0 մլն. դրամ արժողությամբ:
Հ-295 «Մ-5-Ամասիա-Ջանֆիդա-Արգավանդ» հանրապետական նշանակության 21.0 կմ երկարությամբ ճանապարհը` 775.0 մլն. դրամ արժողությամբ
Հ-294 «Մ-5-Նոր Կեսարիա-Շենավան-Գետաշեն» հանրապետական նշանակության 5.3 կմ երկարությամբ ճանապարհը` 653.0 մլն. դրամ արժողությամբ
Հ-298 «Հացիկ-Լուկաշին-Արմավիր» հանրապետական նշանակության 8.65 կմ երկարությամբ ճանապարհը` 573.0 մլն. դրամ արժողությամբ
Մ-3 «Մարգարա-Վանաձոր-Տաշիր» միջպետական նշանակության 6.6 կմ երկարությամբ ճանապարհը` 486.0 մլն. դրամ արժողությամբ:
Մարզային ենթակայության ճանապարհներից ձմեռային պահպանության է տրվել 55.75 կմ ճանապարհ, ընթացիկ պահպանության` 23.8 կմ ճանապարհ 35.6 մլն. դրամ ընդհանուր արժողությամբ:
ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններում տեղի է ունեցել ներմարզային երթուղիների 2 մրցույթ:
Գյուղատնտեսության և բնապահպանության բնագավառ
Համակարգվել է մարզում գործող «Ոռոգում-ՋՐԱՌ» ՓԲԸ-ների 2 մասնաճյուղերի և 10 ՋՕԸ-երի գործունեությունը:
Մարզի 346.1 կմ միջտնտեսային, 4865 կմ ներտնտեսային ցանցերը, 376 խորքային հորերը և 69 պոմպակայանները պատրաստ են եղել ջրամատակարարմանը, որը սկսվել է ապրիլի 1-ից:
2012 թ-ին ոռոգման ջրամատակարարման բնագավառում առաջացել էր մեծ լարվածություն «Ակնալիճ» և «Սև ջուր-Ախթամար» ՋՕԸ-երի սպասարկման տարածքում` կապված Սև ջուր գետում ջրի մակարդակի կտրուկ իջեցման հետ:
Հարցի լուծման նպատակով ՀՀ կառավարության 2013 թ. ապրիլի 11-ի N 383-Ն որոշմամբ հատկացվել է 365.9 մլն. դրամ գումար, որի շնորհիվ պետք է հորատվի 8 և վերանորոգվի 9 խորքային հոր, որի արդյունքում կբարելավվի 9 համայնքներում շուրջ 600 հա հողատարածությունների ոռոգումը: Աշխատանքները դեռևս չեն ավարտվել:
Աշխատանքային ծրագրին համապատասխան, մարզպետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրել և գույքագրել է մարզի տարածքով հոսող Արաքս, Մեծամոր և Քասախ գետերի, ինչպես նաև հեղեղատարների հուների մաքրման և ափապատնեշների ամրացման նպատակով իրականացվելիք աշխատանքները և ներկայացրել է ՀՀ կառավարություն: Հարցի կարգավորման նպատակով ՀՀ կառավարության կողմից հատկացվել է 193.09 մլն. դրամ գումար և իրականացվել է.
- Արաքս գետի ափի ամրացում` Փշատավան համայնքի վարչական տարածքում
- Մեծամոր գետի ափի ամրացում` Ակնաշեն համայնքում
- Հեղեղատարի հունին մաքրում և ափի ամրացում` Խանջյան համայնքում
- Մեծամորի հեղեղատարի հունի մաքրում և ափի բարձրացում` Մայիսյան համայնքում:
2013 թ. ընթացքում նախատեսվել է մարզում մաքրել 58 կմ երկարության բաց դրենաժային համակարգ 12 համայնքներում: Հաշվետու ժամանակահատվածում Գրիբոյեդով համայնքում մաքրվել է 5.5 կմ երկարության բաց դրենաժային համակարգ, աշխատանքները շարունակվում են:
Մարզում գարնանացանի նախապատրաստական և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ հարցերը ներկայացվել են մարզխորհրդի նիստերում:
ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով մարզի հողօգտագործողներին որպես աջակցություն տրամադրվել է`
. 1700 կգ գարնանացան գարու և 4630 կգ առվույտի սերմացու, որը բաշխվել է 20 համայնքների 136 շահառուներին, որոնք 220.2 հա վրա կատարել են ցանքսի աշխատանքներ:
. 7000 տոննա ազոտական պարարտանյութ, որից ներկրվել է 6897.3 տոննան:
. 2000 տոննա կամ 2342000 լիտր դիզելային վառելանյութ, որից վճարվել է 1518044 լիտրի արժեքը, մնում է ներկրելու 13180 լիտրը:
ՀՀ կառավարության 2013 թ. փետրվարի 28-ի N 265-Ն որոշման պահանջներին համապատասխան քանդվել է մարզի Աղավնատուն և Գայ համայնքներում ֆիլոքսերա վնասատուով վարակված 8.91 հա խաղողի տարածությունները և վնասատուով վարակված տարածքների թվով 20 սեփականատերերին տրամադրվել է 27933.5 հազ. դրամ սոցիալական աջակցություն:
Արմավիրի մարզպետի համապատասխան կարգադրությունների հիման վրա կազմակերպվել և համակարգվել է 2013 թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքներում առկա անասնագլխաքանակի համատարած հաշվառման աշխատանքները: Մարզում հաշվառվել են 54894 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ, մանր եղջերավոր` 90025, խոզեր` 20683, թռչուններ` 1511529:
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ անասնագլխաքանակը բոլոր տեսակների գծով ավելացել է: Սուր վարակիչ հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել, համաճարակային իրավիճակը կայուն է:
2013 թ. գյուղատնտեսական տարին սկսվել էր բարեհաջող և գրեթե բոլոր մշակաբույսերի գծով սպասվում էր բարձր բերք: Ինչպես հանրապետության, այնպես էլ մարզի վարչական տարածքը ապահովված չէ բնակլիմայական աղետների վնասներից:
2013 թ. ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարության հետևանքով վնասվեցին մարզի 29 համայնքների 1827 հա տարածության վրա աճեցված մշակաբույսերը` 20-90%-ով:
Մայիսի 12-ին, 17-ին, ինչպես նաև մնացած օրերին տեղի ունեցած կարկտահարությունը լուրջ վնաս հասցրեց մարզի գյուղատնտեսությանը: Մարզային հանձնաժողովը գույքագրել է 50%-ից բարձր վնասված 46 համայնքների հողատարածությունները: 46 համայնքներում 12787 հողօգտագործողների կողմից մշակվող 11137 հա հողատարածությունները վնասվել են կարկտահարությունից, որի հասցրած վնասը գնահատվում է շուրջ 25.3 մլրդ. դրամ:
Կարկտահարության հասցրած վնասները հնարավորինս մեղմելու, հողօգտագործողներին համակողմանի աջակցելու, ինչպես նաև հետագայում աղետների վնասները մեղմելու նպատակով մարզպետի և ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ`
1) Վնասված ցանքատարածությունների վերականգնման նպատակով մարզի 48 համայնքներին անվճար տրամադրվել է 24 տոննա բանջար-բոստանային, տեխնիկական և կերային մշակաբույսերի սերմացուներ, ինչպես նաև 56200 հատ լոլիկի, պղպեղի և սմբուկի սածիլներ:
2) Խիստ վնասված 24 համայնքների հողօգտագործողներին անվճար հատկացվել է 56.4 կգ «ԷԿՈ գել» աճի կարգավորիչ, որն օգտագործվել է շուրջ 1000 հա խաղողի այգիների սնուցման, ինչպես նաև 900 կգ բանջար-բոստանային մշակաբույսերի սերմերի մշակման նպատակով:
3) Առավել տուժած 4 համայնքներում` Ալաշկերտ, Արևիկ, Նալբանդյան, Հայկավան, 25 հա խաղողի սեղանի սորտի տարածություններում անվճար իրականացվել են արտաարմատային սնուցման և բուժման աշխատանքներ:
4) Հողօգտագործողների կողմից մշակվող հողատարածությունների հողի հարկի, վարձավճարի, ինչպես նաև ոռոգման ջրի գումարների փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարության կողմից տրամադրվել է համապատասխանաբար 207 և 650.1 մլն. դրամ:
5) Տուժած հողօգտագործողների արտարժույթով ունեցած վարկերը վերաձևակերպվելու է դրամային վարկերով և սուբսիդավորվելու է ՀՀ կառավարության կողմից, ինչպես նաև անհատական մոտեցմամբ իրականացվելու են վարկերի վճարման ժամկետների երկարաձգում:
6) Հետագայում կարկտահարության դեպքերը նվազեցնելու նպատակով մարզում կառուցվելու է ևս 50 հակակարկտային կայան և 15 համայնքներում գործող 30 համայնքային սեփականության հանդիսացող կայանները հանձնվելու են ՀՀ ԱԻ նախարարության «ՄեՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կառավարմանը, որի վերաբերյալ համայնքների ավագանիները կայացրել են համապատասխան որոշումներ:
Արմավիրի մարզում բնապահպանության ուղղությամբ կատարվել են հետևյալ աշխատանքները.
. Կանաչապատման նպատակով 18 համայնքներում տնկվել են 4.5 հազար ծառեր ու թփեր:
. Արգելվել և վերականգնվել է օրինականությունը Գետաշեն և Մարգարա համայնքներում հողերի ոչ նպատակային օգտագործման ուղղությամբ:
. 3 համայնքներում արգելվել և վերացվել են անօրինական աղբավայրերը, բարելավվել աղբահանության, աղբատեղափոխման և կուտակման աշխատանքները 7 համայնքներում:
. Հանրապետական համապատասխան ծառայությունների հետ համատեղ ուսումնասիրվել է մարզի կենսառեսուրսների պահպանության վիճակը` 4 համայնքներում:
. Մշակվել է ծրագիր Մեծամոր քաղաքին բնապահպանական նպատակներով պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների տնօրինման ուղղությամբ:
. ՈՒսումնասիրվել և առաջարկություն է ներկայացվել ՀՀ կառավարություն` ստորգետնյա ջրերի մակարդակի կարգավորման նպատակով դրենաժային համակարգի մաքրման և վաղ գարնանային հեղեղումների կանխարգելման նպատակով գետերի հուների մաքրման և ափապատնեշների ամրացման ուղղությամբ:
Հողաշինության և հողօգտագործման բնագավառ
Մարզի 41.6 հազ. հա գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 2012 թ. գյուղատնտեսական արտադրության կազմակերպման նպատակով օգտագործվել է 27.9 հազ. հա /67.1%/: Համայնքներում չի օգտագործվել 13.7 հազ. հա, այդ թվում` 4.5 հազ. հա պետական և համայնքային սեփականության:
Համայնքների վարչական տարածքներում գյուղատնտեսական նշանակության վարելահողերի 18.9%-ը /7841 հա/, բազմամյա տնկարկների 4.0%-ը /469 հա/, խոտհարքների 45.7%-ը /147 հա/, արոտների 36.0%-ը /7820 հա/ և այլ հողատեսքերի 64.3%-ը /14062 հա/ դեռևս մնում են պետական կամ համայնքային սեփականության:
Համայնքներում ընդհանուր առմամբ 2012 թ-ի ընթացքում գյուղատնտեսական նշանակության հողերից հողօգտագործողներին վարձակալությամբ հատկացված է 5.6 հազ. հա հողամաս` տարեկան 58.4 մլն. դրամ վարձավճարով: 2012 թ. վարձավճարի /ներառյալ ապառքներ/ գանձումները կազմել է 50.2 մլն. դրամ կամ 86.0%: Վարձավճարների գծով խոշոր ապառքներ ունեն ՍՊԸ-ները` 8.2 մլն. դրամ ընդհանուր գումարով:
2012 թ. ընթացքում մարզի 25 համայնքներում /3 քաղաքային, 22 գյուղական/ համայնքային սեփականության հողերից, աճուրդ-վաճառքի կարգով օտարվել է 110.7 հա հողամաս, որից 104.9 հա-ը գյուղատնտեսական նշանակության, կամ 290.2 հա-ով պակաս քան 2011 թ-ին: Հողերի օտարումից մուտքերը կազմել են 1.8 մլն. դրամ /օտարված հողամասերի կադաստրային արժեքների հանրագումարը գերազանցվել է 9.0 հազ. դրամով/:
Քննարկվել է համայնքների ավագանու նիստերի 8 արձանագրություն և քաղաքացիների 17 դիմում-բողոք:
Գումարվել է Արմավիրի մարզպետի համապատասխան կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 4 նիստ, կազմվել է նույնքան արձանագրություն և 10 համայնքների 93.99 հա հողամասերի հողատեսքերի փոփոխության վերաբերյալ տրվել է եզրակացություն:
Վարչական վերահսկողություն է իրականացվել մարզի 7 համայնքների հողային հարաբերությունների բնագավառում, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության հետ համատեղ մարզի 9 համայնքներում իրականացվել են տեսչական ստուգումներ:
Առողջապահության բնագավառ
Մարզում գործում են 60 առողջապահական հիմնարկներ, որոնցից 8-ը մարզպետարանի ենթակայությամբ, 52-ը համայնքային ենթակայության գյուղական բժշկական ամբուլատորիաներ:
2013 թ. տարեկան գլոբալ բյուջեով մարզի առողջապահական հաստատություններին հատկացված 2 մլրդ. 411 մլն. 300 հազ. 600 դրամից, 01.06.2013 թ. դրությամբ, աճողական կարգով ֆինանսավորվել է 1 մլրդ. 35 մլն. 441 հազ. 400 դրամ:
2013 թ. 5 ամիսների ընթացքում մարզում ծնվել են 1122 երեխաներ, որից մարզի ծննդատներում` 626 երեխաներ:
2013 թ. հունվար ամսից Համաշխարհային բանկի կողմից սկսվել և ավարտին են մոտենում 3 գյուղական ամբուլատորիաների /Աղավնատուն, Սարդարապատ և Բաղրամյան 1/ կառուցման աշխատանքները:
2013 թ. հինգ ամիսների ընթացքում մարզի երեք հիվանդանոցներում պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն են ստացել 3785 հիվանդներ: Համավճարի սկզբունքով հիվանդանոցային բուժօգնություն են ստացել 321 հիվանդներ, մուծված գումարը կազմել է 20 մլն. 396 հազար դրամ: 678 հիվանդներ ստացել են վճարովի բուժօգնություն` վճարը կազմել է 38 մլն. 607 հազար դրամ:
2013 թ. 5 ամիսների ընթացքում կենտրոնական գնմամբ և մարդասիրական ճանապարհով տարբեր հիվանդությունների բուժման նպատակով ստացվել և մարզի բուժհաստատություններին է բաշխվել 57 մլն. 505 հազ. 860 դրամ արժողությամբ տարբեր դեղամիջոցներ:
2013 թ. հունվար ամսից շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ դեղամիջոցները` ինսուլին և դեղահաբեր, հատկացվել են մեր կողմից ներկայացված պահանջին համապատասխան:
Հաշմանդամներին, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին 2013 թ. առողջարանային վերականգնողական բուժման համար հատկացված 99 ուղեգրերից 01.06.2013 թ. դրությամբ տրամադրվել է 65 ուղեգիր, որից Արզնի` 18, Ջերմուկ` 17 և Գանձաղբյուր` 30:
Դիլիջանի մանկական հակատուբերկուլոզային առողջարանի ուղեգրեր են հատկացվել մարզի տուբերկուլյոզով հիվանդ ունեցող ընտանիքների կոնտակտավոր մինչև 18 տարեկան թվով 39 երեխաների:
Արձանագրվել է 0-18 տարեկան երեխաների մահացության` 3 դեպք, որից 0-1 տարեկան 2 երեխաներ, 2012 թ-ի նույն ժամանակաշրջանի 10-ի դիմաց:
Չի արձանագրվել մայրական մահացության ոչ մի դեպք:
2013 թ. 5 ամիսների ընթացքում մարզում համաճարակային իրավիճակը եղել է կայուն և վերահսկելի: Չեն արձանագրվել տարափոխիկ հիվանդությունների և սննդային թունավորումների զանգվածային դեպքեր: Մարզում արձանագրված ինֆեկցիոն հիվանդությունների աճ նախորդ տարիների համեմատությամբ չի նկատվել` հիվանդությունների ցուցանիշները տատանվել են միջին հանրապետական ցուցանիշների սահմաններում:
Ապահովվել է Երևան և մարզային հիվանդանոցներ ուղեգրված հիվանդների համամասնությունը: Մարզպետարան դիմած 97 քաղաքացիների տրվել են միջնորդագրեր և ուղեգրեր մարզի տարածքում գործող հիվանդանոցներում և հանրապետության մասնագիտական բուժհաստատություններում պետական պատվերի շրջանակներում ստացիոնար բուժում ստանալու և հետազոտության ենթարկվելու համար:
01.06.2013 թ. դրությամբ մարզպետարանի ենթակայության առողջապահական հիմնարկներից ոչ մեկը աշխատավարձի և սոցիալական վճարների գծով պարտքեր չունեն:
Դեղորայքի, էլեկտրոէներգիայի և այլ հոդվածներով կրեդիտորական պարտքեր ունեն` Բաղրամյանի «Հիսուսի մանուկներ» ՓԲԸ 1 մլն. 608 հազ. դրամ, «Վաղարշապատի ծննդատուն» ՓԲԸ 13 մլն. 965 հազ. դրամ, «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ 33 մլն. 796 հազ. դրամ, որի մարման վերաբերյալ համապատասխան կազմակերպությունների հետ կազմվել են ժամանակացույցեր:
Սոցիալական ապահովության բնագավառ
2013 թ. 5 ամիսների ընթացքում կազմակերպվել և իրականացվել են մարզի երեք ՍԾՏԳ-ներում ընտանիքների անապահովության գնահատման համակարգով հաշվառված ընտանիքների փաստագրման աշխատանքները: 2013 թ. մայիսի 31-ի դրությամբ փաստագրված ընտանիքների թիվը 6589 է, որոնցից նպաստառու են 5475-ը և հրատապ դրամական օգնություն են ստանում 531-ը:
ՀՀ կառավարության 09.06.2005 թ. N 947-Ն որոշմամբ հաստատված «Զոհված /մահացած/ կամ հաշմանդամ դարձած զինծառայողների /ազատամարտիկների կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու» կարգի համաձայն Արմավիրի մարզպետարանում հաշվառվել է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող Արցախյան պատերազմում զոհված` 1 և հաշմանդամ դարձած` 1 զինծառայողների /ազատամարտիկների/ ընտանիք:
ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերի այլ նպաստներ բյուջեից հոդվածով ուսումնասիրվել և դրամական օգնություն է հատկացվել թվով 171 սոցիալապես անապահով ընտանիքների` 6845.0 հազ. դրամ գումարի չափով:
Արմավիրի մարզում 2013 թ. մայիսի 12-ին կարկուտից տուժած համայնքների առավել կարիքավոր 1700 ընտանիքների ցուցակները ուղարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` որոնց ճշգրտման արդյունքում 1606 ընտանիքների ցուցակները տրամադրվել են համայնքների ղեկավարներին` դրամական աջակցություն տրամադրելու համար:
Մարզի առավել տուժած 23 համայնքների կողմից ներկայացված սոց. անապահով 70 ընտանիքների ցանկը ներկայացվել է Հայկական էլ. ցանցեր ընկերությանը` օգնություն տրամադրելու նպատակով: Թվով 10 բազմազավակ և խիստ կարիքավոր ընտանիքներ ներկայացվել են Կարմիր խաչի ընկերությանը` դրամական օգնության ակնկալիքով:
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի Կլոր սեղան ծրագրի շրջանակներում ևս համագործակցության արդյունքում աջակցություն կտրամադրվի կարկուտից տուժած ընտանիքներին:
ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը հաստատելու մասին» N 952-Ն որոշման համաձայն` ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման փորձնական ծրագրի արդյունքում համալիր սոցիալական ծառայությունների Բաղրամյանի տարածքային կենտրոնը վերանորոգվել է, վերազինվել գույքով և կենտրոնի համակարգող է նշանակվել ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի Բաղրամյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետը: Արմավիրի տարածքային կենտրոնի շենքի վերանորոգումը ավարտման փուլում է: 2013 թվականի ապրիլ և մայիս ամիսների ընթացքում իրականացվել է մարզի սոցիալական պաշտպանության ոլորտի սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրմանն ուղղված կադրերի վերապատրաստումը:
Երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառ
Բաժին է ներկայացվել սկզբնական հաշվառման վերցված առանց ծնողական խնամքի մնացած թվով 2 երեխաների անձնական գործեր, ովքեր վերցվել են տարածքային հաշվառման: Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ՀՀ 1 քաղաքացի վերցվել է հաշվառման որպես որդեգրել ցանկացող անձ: Վկայագրվել է թվով 56 երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը: Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն է տեղավորվել թվով 2 երեխա: Մանկատուն են տեղավորվել թվով 4 երեխա, որից 2-ը` մասնագիտացված: Ընտանիք են վերադարձել թվով 2 երեխա: Մարզի թվով 10 համայնքներում անցկացվել են մոնիթորինգներ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների հետ: Մոնիթորինգների նպատակը եղել է հանձնաժողովների աշխատանքների ուսումնասիրությունը, այդ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մեթոդական, ուսուցողական օգնության տրամադրումը, ինչպես նաև հետագա ակտիվ համագործակցության ապահովումը: ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից ստացվել են վարչության ենթակա ՆԳ բաժինների ԱԳԲ-ում հաշվառման մեջ գտնվող և փաստացիորեն հայտնի մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործության կատարման մեջ մեղադրվող անչափահաս երեխաների վերաբերյալ տեղեկատվություն` նրանց շրջանում համապատասխան աշխատանքներ կատարելու նպատակով: Իրականացված աշխատանքների արդյունքում 8 անչափահասներ դուրս են եկել հաշվառումից, 4 անչափահասների նկատմամբ նշանակվել են հասարակական դաստիարակներ: Մեկ երեխա տեղավորվել է Վարդաշենի թիվ 1 հատուկ դպրոցում: Կատարվել են տուն-այցեր ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա բաժինների ԱԳԲ-ներում հաշվառման վերցված անչափահասների ընտանիքներ` նրանց կյանքի պայմանների, դրսևորած վարքագծի, ինչպես նաև ընտանիքների ուսումնասիրման նպատակով: Մասնակցել ենք մարզում կազմակերպված երեխաներին նվիրված և նրանց հիմնախնդիրների քննարկմանն ուղղված մի շարք միջոցառումների:
Կրթության բնագավառ
2012-2013 ուսումնական տարում ՀՀ Արմավիրի մարզում գործում են.
Հանրակրթական դպրոցներ 120
/91 միջնակարգ, 21 հիմնական, 2 հատուկ, 6 ավագ/
Ներառական կրթություն են իրականացնում 2
Նախադպրոցական կրթություն իրականացնող դպրոցներ 22:
2013-2014 ուս. տարում, ըստ նախնական տվյալների, առաջին դասարան կընդգրկվեն 3495 աշակերտ: Դպրոց հաճախող աշակերտների թիվը կկազմի 34773:
Հավաքվել և ԿԳՆ է տրամադրվել մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների 2013-2016 թթ. ցուցանիշները ըստ տարիների /հանրակրթական դպրոցների, դասարանների և աշակերտների, հատուկ կրթություն իրականացնող դպրոցների, ներառական կրթություն ստացող աշակերտների, նախակրթարանների և նրանցում ընդգրկվող երեխաների/:
Նախապատրաստվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թ.մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգի հիման վրա ՀՀ Արմավիրի մարզպետի 2010 թ. հուլիսի 8-ի N 238 որոշմամբ ստեղծված դպրոցների կառավարման խորհուրդների կազմերում առաջարկված փոփոխությունների կատարումը:
ՀՀ Արմավիրի մարզպետի 2013 թ. փետրվարի 25-ի որոշմամբ կազմված կազմկոմիտեն և առարկայական հանձնաժողովները կազմակերպել և անցկացրել են դպրոցականների առարկայական օլիմպիադաները 14 առարկաներից, որին մասնակցել են 1540 աշակերտներ:
Օլիմպիադայի հանրապետական փուլին են ներկայացվել մարզի 88 աշակերտներ, որոնցից 19 պարգևատրվել են դիպլոմներով և պատվոգրերով:
Ըստ դպրոցների ներկայացրած տվյալների կազմվել և ՀՀ ԿԳՆ է ներկայացվել 2013 թ. ատեստավորման ենթակա 652 ուսուցիչների վերապատրաստման ցուցակները: Հունիսի 3-ից սկսվել են վերապատրաստման դասընթացները:
Հավաքվել և ԳԹԿ-ին է տրամադրվել մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանների ընտրովի քննությունների վերաբերյալ տեղեկատվություն: ՀՀ ԿԳՆ է ներկայացվել 2013 թ. մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների և ավագ դպրոցների 12-րդ դասարանն ավարտող 2469 շրջանավարտների անվանացանկը:
Ընթացքի մեջ են մարզի ևս 10 համայնքներում «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագիրը ներդնելու աշխատանքները:
Ապահովվել է դպրոցականների մասնակցությունը 2013 թ-ին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միամսյակին, ռուսաց լեզվի Համաշխարհային լեզվաբանական մրցույթին, Համահայկական հայագիտական օլիմպիադային, «Կենգուրու» մաթեմատիկական համաշխարհային օլիմպիադային:
ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան կարգադրություններով կազմված գնահատող հանձնաժողովները որոշել են «2013 թվականի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ», «Լավագույն առարկայական ուսուցիչ», «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն տնօրեն», «Լավագույն դաստիարակ» մրցույթներում հաղթողներին, որոնք ներկայացվել են ՀՀ ԿԳՆ:
Մարզի ուսումնական հաստատությունների բարձր դասարանների աշակերտները մասնակցել են մեկօրյա ռազմադաշտային պարապմունքներին:
Շարունակվել են «Dasaran.am» կրթական ծրագրի տվյալների մուտքագրման աշխատանքները:
Դպրոցներում պատշաճ մակարդակով կազմակերպվել է «Դասը վարում է ոստիկանը» խորագրով դասաժամը:
Համագործակցելով Անտարես հրատարակչության հետ կազմակերպվել է մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա առարկաների ուսուցիչների մեկօրյա սեմինարները` նոր, փոփոխված ծրագրերին համապատասխանող դասագրքերի վերաբերյալ:
Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառ
ՀՀ Արմավիրի մարզում առկա է համայնքային ենթակայության 99 մշակույթի տուն, 102 գրադարաններ, որոնցից 1-ը ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ, 12-ը քաղաքային, 89-ը` գյուղական, 8 թանգարան, 23 երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներ, քոլեջներ: Մարզի թվով 15 երաժշտական և արվեստի դպրոցների ազգային, լարային և փողային նվագարանների բաժիններում սովորող 160 աշակերտների ուսման վարձավճարի փոխհատուցման համար նախատեսված գումարը 2013 թ. համար կազմել է 21197,2 հազ. դրամ:
Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների Արմավիրի մարզի պետական ցուցակը ներառում է 186 հուշարձան` 121 պահպանական միավորով, որոնք տեղաբաշխված են մարզի 58 համայնքներում, և որոնց պահպանության և օգտագործման ուղղությամբ կատարվել են ՀՀ օրենսդրությամբ մարզպետարանին վերապահված լիազորություններն ու գործառույթները:
Արմավիրի մարզում մշակույթի և սպորտի բնագավառներում պետական և մարզային միջոցառումների ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև տարբեր մշակութային, կրթական, մարզական և հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների հետ համագործակցությամբ կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, փառատոներ, ցուցահանդեսներ, մրցույթներ, մրցաշարեր, առաջնություններ` նվիրված պետական, ազգային և այլ տոներին, ազգային ավանդական ծեսերին ու ավանդույթներին, նշանավոր մարդկանց, իրադարձությունների հոբելյաններին ու տարելիցներին, անցկացվել են հանդիպումներ նշանավոր մարդկանց հետ, ցերեկույթներ, գրքի շնորհանդեսներ, քննարկումներ, կինոդիտումներ, պոեզիայի ժամեր, տիկնիկային ներկայացումներ, բարձրաձայն ընթերցանություններ բնության գրկում, տարբեր թեմաների և գիտության տարբեր բնագավառներին նվիրված զրույցներ:
Մարզի մշակույթի, սպորտի բնագավառների ներկայացուցիչները մասնակցել են հանրապետական և միջազգային մրցույթների ու առաջնությունների` արժանանալով մրցանակների ու խրախուսանքի: Աջակցություն է ցուցաբերվել մարզի տարածքում ավանդական տոների, ծեսերի, ուխտագնացությունների, զանգվածային միջոցառումների կազմակերպմանը:
. Հունվարի 25-ին մարզկենտրոնում կազմակերպվեց Հայոց բանակի տոնին նվիրված տոնակատարություն, որի ընթացքում ՀՀ Արմավիրի մարզպետի կողմից պարգևատրվեցին Հայոց բանակի կայացման գործում ավանդ ունեցող զինվորականներ,
. Հունվարի 30-ից փետրվարի 6-ը մարզը մասնակցեց միջհամայնքային մշակութային ցուցահանդեսին (ARTEXPO) և մարզային մշակութային մրցույթ-փառատոնին և արժանացավ 12 մրցանակի (մրցույթի 21 անվանակարգերից): Փետրվարի 14-15-ը Վանաձոր քաղաքում ներկայացված մարզային մշակութային տաղավարներում մարզը սահմանված 13 անվանակարգերից հաղթողներ ունեցավ 6 անվանակարգում:
. Մարտի 8-ին մարզկենտրոնում մեծ շուքով նշվեց կանանց միջազգային օրը: Միջոցառումն ընդգրկում էր համերգային ծրագիր և մեծարման արարողություն: Միջոցառումներ կազմակերպվեցին նաև մարզի մի շարք քաղաքային և գյուղական համայնքներում:
. Ապրիլի 2-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում կազմակերպվեց «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբային փառատոնի մարզային փուլը:
. Ապրիլի 24-ին մարզի քաղաքներում և գյուղական համայնքներում կազմակերպվեցին այցելություններ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ: Մարզկենտրոնում կազմակերպվեց սգո երթ, պսակադրություն ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, հոգևոր դասի կողմից կատարվեց ոգեկոչման արարողություն:
. Ապրիլ-մայիս ամիսների ընթացքում «Արմավիրի կրթություն, մշակույթ, սպորտ և երիտասարդություն հիմնադրամի» հետ համատեղ կազմակերպվեց «Երգող Արմավիր» երգի մրցույթ-փառատոն` մարզի հանրակրթական դպրոցների 6-17 տարեկան 150 երեխաների մասնակցությամբ: Փառատոնի 5 անվանակարգերում մրցանակային տեղեր գրաված 15 երեխաներ պարգևատրվեցին:
. Ապրիլ ամսվա ընթացքում մարզի հանրակրթական դպրոցներում կազմակերպվեց ՀՀ Ազգային Ժողովի հովանու ներքո անցկացվող` «Հանրապետական ասմունքի մանկապատանեկան 6-րդ մրցույթ փառատոնը», որն այս տարի նվիրված է հայ մեծանուն գրողներ Համո Սահյանին և Պարույր Սևակին: Մայիսի 3-ին կազմակերպվեց մրցույթի մարզային փուլը:
. Մայիսի 9-ին մարզի քաղաքներում և գյուղական համայնքներում կազմակերպվեցին միջոցառումներ` նվիրված Հայրենական պատերազմի հաղթանակին և Շուշիի ազատագրության օրվան: Մարզկենտրոնում կատարվեց պսակադրություն Հայրենական մեծ պատերազմում զոհվածների, ինչպես նաև Արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձաններին:
. Մայիսի 18-ին մարզի 7 թանգարաններում կազմակերպվեց «Թանգարանների գիշեր» միջոցառումներ` «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրով:
. Մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրի տարածքում մեծ շուքով կազմակերպվեց և անցկացվեց Հայաստանի առաջին հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի օրվան նվիրված տոնակատարություն:
. Մայիս ամսին Արմավիրի արվեստի պետական քոլեջի թատերախումբը մասնակցեց ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Հազարան բլբուլ» մանկապատանեկան մյուզիքլների փառատոնին և արժանացավ առաջին մրցանակի:
. Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրը մարզկենտրոնում, մարզի քաղաքներում և գյուղական համայնքներում կազմակերպվեցին միջոցառումներ` կավճանկարի մրցույթ, համերգային ծրագիր, նվերների հանձնում երեխաներին և այլն:
. Ապրիլի 18-ին Արմավիրի մարզային գրադարանի և Արմավիրի թեմի հետ համատեղ կազմակերպվեց «Սրբերը հայ ժողովրդական տոնակատարություններում» միջոցառումը:
Սպորտի ոլորտում մարզպետարանը համագործակցում է ինչպես մասնագիտական կառույցների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների հետ:
. Փետրվարի 20-27-ը մարզում անցկացվեց ՀՀ դպրոցականների շախմատի պատանիների և աղջիկների առաջնություն, որի հաղթողները մասնակցեցին հանրապետական եզրափակիչ մրցումներին:
. Ապրիլի 8-ին Ալբանիայում կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հայթաղցի Անդրանիկ Կարապետյանը գրավեց 4-րդ տեղը` միաժամանակ նվաճելով փոքր ոսկե մեդալ:
. Ապրիլի 13-ին ՈՒզբեկստանում կայացած աշխարհի առաջնությունում հայկաշենցի Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն:
. Ապրիլ ամսին Արմավիր քաղաքի ըմբշամարտի դպրոցում անցկացվեց ձյուդոյի առաջնություն, որին մասնակցեցին 232 մարզիկներ Հայաստանի բոլոր մարզերից:
. Հունիսի 4-ին Լեռնագոգի միջնակարգ դպրոցում ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության հետ համատեղ կազմակերպվեց սպորտլանդիա` Բաղրամյանի տարածքի համայնքների երեխաների մասնակցությամբ:
Միջոցառումներ են կազմակերպվել նաև մարզի երիտասարդական կազմակերպությունների, միությունների և ուսանողական խորհուրդների հետ համագործակցությամբ:
Արտաքին կապեր
Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է համագործակցությունը նախկինում հաստատված կապերով, այդ թվում` Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի, Բելառուսիայի Հանրապետության Գոմելի մարզի, Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան և Արևմտյան Ատրպատականի նահանգների, ՌԴ Մոսկվայի, Սվերդլովսկի, Յարոսլավլի մարզերի հետ ինչպես մարզում տուրիզմը զարգացնելու, այնպես էլ նոր տնտեսական կապեր հաստատելու և մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:
2013 թ. մարտի 15-ին Արմավիրի մարզ է այցելել Հայաստանում Միացյալ Թագավորության համատեղ դեսպաններից Ջոնաթոն Ջեյմս Էյվսին: Դեսպան Ջոնաթոն Ջեյմս Էյվսին հայտնել է իր պատրաստակամությունը Արմավիրի մարզի և Միացյալ Թագավորության որևէ նահանգի միջև կապեր հաստատելու գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2013 թ. աշնանը բրիտանական դեսպանատան կողմից կազմակերպվող ֆորումին մարզպետի մասնակցության վերաբերյալ, որն էլ ըստ դեսպանի` կխթանի հետագա համագործակցությունը:
2013 թ. մարտի 19-ին Արմավիրի մարզ է այցելել Բելառուսիայի Հանրապետության Գոմելի մարզային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությունը 2013 թ. մարտի 19-ին այցելել է Արմավիրի մարզ: Ստորագրվել է արձանագրություն` երկկողմ համագործակցության մտադրությունների մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաստատել բարեկամական հարաբերություններ և ներդնել անհրաժեշտ ջանքեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկարաժամկետ համագործակցության շրջանակների ընդլայնման և խորացման համար: Մարզպետին փոխանցվել է իր պաշտոնակցի հրավերը` 2013 թ. մայիս ամսին Գոմելի մարզ այցելելու և մասնակցություն ունենալու տարածաշրջանում 10-րդ տնտեսական համաժողովին, ինչպես նաև «Գարունը Գոմելում» 4-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառին: Արմավիրի մարզի մի շարք համայնքներում մայիսի 12-ի կարկտահարության հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով մարզպետի այցը Բելառուսի Հանրապետության Գոմելի մարզ հետաձգվել է:
2013 թ. ապրիլ ամսին Արմավիրի մարզ է այցելել Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշի գլխավորած պատվիրակությունը: Այցը կատարվել է 2009 թ. ապրիլի 24-ին կնքված փոխհամագործակցության համաձայնագրի շրջանակներում: Հանդիպման ավարտին ստորագրվել է համագործակցության հուշագիր` Արմավիրի մարզի և ՍՀ Տռնավայի նահանգի առևտրաարդյունաբերական պալատների նախագահների միջև` առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության վերաբերյալ:
Տեղեկատվության բնագավառ
ՀՀ Արմավիրի մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքի (http://armavir.gov.am) միջոցով լուսաբանվել են ՀՀ պաշտոնատար անձանց, արտերկրի պատվիրակությունների այցելությունները, մարզային արժանահիշատակ դեպքերն ու իրադարձությունները, ինչպես նաև հանրությանը իրազեկվել է մարզպետի և մարզպետարանի աշխատակազմի գործունեության, ընդունված իրավական ակտերի, սոցիալ-տնտեսական զարգացման և աշխատանքային ծրագրերի, մարզխորհրդի նիստերի օրակարգերի և անցկացման ժամկետների, քաղաքացիների ընդունելության օրերի, ժամերի և վայրերի, համայնքների ավագանիների ընդունած որոշումների, մարզի 2011-2014 թթ. մարզի զարգացման ծրագրի դրույթներով նախատեսված և մարզի հետ առնչվող այլ տեղեկատվական նյութերի մասին:
Ապահովվել է պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության հրապարակումը:
Մարզում տեղեկատվության ազատության և հրապարակայնության ապահովման գործընթացին նպաստել են մարզային լրատվամիջոցների հետ համագործակցությունը, որոնց միջոցով լուսաբանվել է մարզի հասարակական-քաղաքական կյանքը:
Արմավիրի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված
առաջարկություններ
1. ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարություններ
. ՀՀ բոլոր մարզերի համար տիպական ու արդիական խնդիր է մնում մարզպետարանների կառավարման պահեստային կետերի հիմնանորոգման և տեխնիկական զինման հարցը:
2. ՀՀ քաղաքաշինության նախարարություն
. Լենուղի համայնքի թվով 3 և Ակնալիճ համայնքի թվով 1` 4-րդ կարգի վթարային շենքերի ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը:
3. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
. Նորապատ-Մրգաշատ-Արևիկ-Եղեգնուտ ճանապարհահատվածի հիմնանորոգում:
. Սարդարապատ-Նոր Արմավիր-Նալբանդյան-Գետաշեն-Շենավան ճանապարհահատվածի հիմնանորոգում:
. Արմավիր-Լուկաշին ճանապարհահատվածի հիմնանորոգում:
4. ՀՀ բնապահպանության նախարարություն
. Մեծամորի մաքրման կայանի կառուցում, որը այսօր մարզի թիվ մեկ էկոլոգիական խնդիրն է:
5. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
. Ինչպես հանրապետությունում, այնպես էլ Արմավիրի մարզում` կապված աշակերտ-թվի նվազման հետ, անհրաժեշտություն է առաջացել նվազեցնելու ուսուցիչների դրույքաչափերը (22 ժամից դարձնելու 16-18 ժամ) կամ ընդհանրապես հրաժարվել աշակերտ-թվով ֆինանսավորումից` հատկապես գյուղական դպրոցը դիտարկելով որպես համայնքի պահպանության թիվ 1 գրավական:
6. ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններ
. Մշակութային օջախների քարտեզագրման արդյունքում տարածաշրջանային մշակութային հաստատությունների հիմնանորոգում և վերազինում, որը կսպասարկի յուրաքանչյուր 5-10 համայնքների` դառնալով ազգային-մշակութային միջհամայնքային կենտրոններ` մատուցելով տարաբնույթ մշակութային ծառայություններ:
7. ՀՀ առողջապահության նախարարություն
. Արմավիրի մարզում օպտիմիզացիայի ավարտումը` ներառելով պոլիկլինիկայի մասնաշենքը և ինֆեկցիոն բաժանմունքը:
. Չհիմնանորոգված 10 գյուղական բուժամբուլատորիաների վերակառուցման և վերանորոգման խնդիրը, որոնցից հատկապես անմխիթար վիճակում են գտնվում Գայ, Տանձուտ և Խանջյան համայնքների բուժամբուլատորիաները: