Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 313-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 313-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԼԴ1/0045/02/12

    դատարանի որոշում                                             2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ1/0045/02/12

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

    Դատավորներ`        Դ. Խաչատրյան

                       Կ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի նոյեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էլմիրա Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նունե Գալոյանի ընդդեմ Էլմիրա Սահակյանի և Սարգիս Դոխոլյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Էլմիրա Սահակյանի ընդդեմ Նունե Գալոյանի` գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նունե Գալոյանը պահանջել է Էլմիրա Սահակյանին, Սարգիս Դոխոլյանին և այլոց վտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող` ՀՀ Լոռու մարզի Ագարակ համայնքի 1-ին փողոցի թիվ 3 բնակելի տնից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Էլմիրա Սահակյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Լոռու բաժնի Ստեփանավան-Տաշիր բաժանմունքի հարկադիր կատարողի և Նունե Գալոյանի միջև 15.03.2012 թվականին կնքված գույքը պահանջատիրոջը հանձնելու մասին պայմանագիրը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Երիցյան) (այսուհետ` Դատարան) 10.04.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.08.2013 թվականի որոշմամբ Էլմիրա Սահակյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.04.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էլմիրա Սահակյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.4-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 78-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Նունե Գալոյանը 8.000 ԱՄՆ դոլար ստանալու վերաբերյալ իրար հակասող ցուցմունքներ է տվել, որի պատճառով միջնորդել է որպես երրորդ անձ ներգրավել ԴԱՀԿ ծառայության Ստեփանավան-Տաշիր բաժանմունքին և գործարքը վավերացրած Ստեփանավանի նոտարական տարածքի նոտար Ա. Հարությունյանին, որը դատարանի կողմից մերժվել է, ավելին Դատարանը մերժել է նաև ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Ա. Տեր-Ստեփանյանին որպես վկա հարցաքննելու մասին միջնորդությունը:

Սույն գործով վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 14.08.2013 թվականին` ժամը 12:10-ին, որի վերաբերյալ ծանուցագիրը Էլմիրա Սահակյանը ստացել է, սակայն վերաքննիչ բողոքի քննությունը տեղի է ունեցել 14.08.2013 թվականին` ժամը 12:40-ին, որի մասին իրեն ծանուցելու վերաբերյալ ապացույց գործում առկա չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.08.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Վերաքննիչ դատարանի 14.08.2013 թվականի ժամը 12:10-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին Էլմիրա Սահակյանը ծանուցագրով ծանուցվել է (հատոր 2-րդ, գ.թ. 20-22):

2. Դատական նիստի արձանագրության համաձայն` սույն գործով դատական նիստը սկսվել է 14.08.2013 թվականի ժամը 12:49-ին: Դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պատասխանողը (վերաքննիչ բողոք ներկայացրած անձը) պատշաճ ձևով տեղեկացվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն չի ներկայացել, որոշել է գործը քննել նրա բացակայությամբ: Նույն օրը դատարանը գործի քննությունը հայտարարել է ավարտված (հատոր 2-րդ, գ.թ. 30-31, 34):

3. Էլմիրա Սահակյանը պատշաճ ձևով չի տեղեկացվել 14.08.2013 թվականի ժամը 12:49-ին տեղի ունենալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է այն իրավական խնդրին, թե արդյոք դատարանը, գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելով դատական նիստի վայրի և ժամանակի մասին, սակայն այն սկսելով ուշացմամբ, խախտում է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի համաձայն` բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վերաքննիչ դատարանի նիստին: Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն` ծանուցագիրը պետք է պարունակի դատարանի անվանումը և ստույգ հասցեն, նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին, գործը, որի վերաբերյալ անձը ծանուցվում է, նշում` դատարան կանչվող կամ ծանուցվող անձի մասին, նշում, թե անձը որպես ինչ է ծանուցվում կամ կանչվում, նշում` չներկայանալու հետևանքների մասին:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման հարցին: Մասնավորապես, նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տե՛ս ըստ հայցի Վերգուշ Վարդանյանի ընդդեմ Եղիշ Թորոսյանի, Արամայիս Օհանջանյանի և Միշա Գրիգորյանի` ընդհանուր գույքում բաժինն առանձնացնելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն (տե՛ս, Վարդան Նավասարդյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Համլետ Ավդալյանի` սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1867 (Ա) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախագահողը դատական նիստը բացում է գործի քննության համար նշանակված ժամին: Այսինքն` դատական նիստը սահմանված ժամին սկսելը գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված լինելու տարրերից է:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, բեկանել է դատական ակտը (տե՛ս` ըստ հայցի Շենգավիթի թաղապետարանի ընդդեմ Ալվինա, Լիանա Կազկոների, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին թիվ 3-2236/Ա քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական նիստը նշանակել է 14.08.2013 թվականին` ժամը 12:10-ին, որի վերաբերյալ վերաքննիչ բողոք ներկայացրած անձ Էլմիրա Սահակյանը պատշաճ ձևով ծանուցվել է: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը դատական նիստը սկսել է 14.08.2013 թվականին` ժամը 12:49-ին, այնինչ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Վերաքննիչ դատարանը կողմերին պատշաճ ձևով տեղեկացրել է 14.08.2013 թվականի ժամը 12:49-ին տեղի ունենալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ, 79-րդ և 218-րդ հոդվածների պահանջները, գործը քննել է վերաքննիչ բողոք ներկայացրած անձ Էլմիրա Սահակյանի բացակայությամբ, ինչը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով արձանագրված կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար, որի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.11.2013
N ԼԴ1/0045/02/12
Որոշում