Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5, 7, 8, 37, 38, 45, 49 ԵՎ 86-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ԴԻՄՈՒՄԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Քննության առարկա գործի շրջանակներում դիմող կողմը միջնորդել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով վեճի առարկա հոդվածների առնչությամբ կիրառել դիմումի ապահովման միջոց: Օրենքի հիշյալ հոդվածն ամրագրում է, որ գործը քննության ընդունելուց հետո սահմանադրական դատարանը դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել այն իրավական ակտի գործողությունը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների դիմող կողմի կամ հանրության համար:

Սահմանադրական դատավարության միջազգային պրակտիկայում վեճի առարկա ակտի գործողության ժամանակավոր կասեցումն իրավաչափ է միայն իրավական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով: Մասնավորապես, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի 2011թ. հունվարի 27-ի CDL-AD(2010)039rev. զեկույցի 140-րդ կետում շեշտվում է, որ հանձնաժողովը հավանություն է տալիս նման ինստիտուտի առկայությանը, սակայն դա կիրառելի է այն դեպքում, երբ վեճի առարկա ակտի կիրառումը կարող է վնաս պատճառել կամ իրավունքների խախտման պատճառ դառնալ, ինչը չի կարող փոխհատուցվել կամ վերականգնվել:

Իրավական ակտի կիրառման հետևանքների անդառնալի լինելը կամ անվերականգնելիությունն այն չափանիշն է, որը որոշում է դատարանի հայեցողության սահմանը` մինչև գործի դատաքննության ավարտը դիմումի ապահովման միջոցը կիրառելիս:

Օրենքով նախատեսված նման իրավապայմանի շրջանակներում քննության առնելով դիմող կողմի միջնորդությունը` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ մինչև գործի դատաքննության ավարտն օրենքի` վեճի առարկա նորմերի գործողության հետևանքներն անդառնալի չեն և վերականգնելի են` միայն մեկ բացառությամբ: ՈՒսումնասիրելով ՀՀ կառավարությունից և ՀՀ կենտրոնական բանկից սահմանադրական դատարանի 26.12.2013թ. ՍԴԱՈ-105 որոշմամբ պահանջված նյութերը, վեճի առարկա օրենքի դրույթները, դիմումը սահմանադրական դատարան ներկայացնելուց հետո ուժի մեջ մտած` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները /այդ թվում` վեճի առարկա հոդվածների մասով/, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված է.

«2. Սույն օրենքով սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթները ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

3. Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով»:

2013թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՕ-132-Ն օրենքով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ: ՀՕ-132-Ն օրենքը Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 2013թ. դեկտեմբերի 28-ին, իսկ ուժի մեջ է մտել 2014 թ. հունվարի 7-ին: Այդ փոփոխությունները վերաբերում են նաև օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին և 39-րդ հոդվածին, որոնք ամբողջությամբ շարադրվել են նոր խմբագրությամբ: Միաժամանակ, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 02.06.2009թ. թիվ 166-Ն որոշումը տարածվել է մասնակիցների ռեեստրը վարողի կողմից հանրությանը մատչելի դարձնելու` օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված տեղեկատվության տրամադրման կարգի, ժամկետների և պարբերականության ապահովման վրա` չներառելով 2010թ. դեկտեմբերի 22-ին ընդունված օրենքի իրավակարգավորման առանձնահատկություններն ու այդ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում 2013թ. դեկտեմբերի 12-ին կատարված ու 2014թ. հունվարի 7-ին ուժի մեջ մտած փոփոխությունները:

Ընդհանրապես «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի բնորոշ առանձնահատկություններից է այն, որ օրենսդիրը բազմաթիվ հարցերի իրավակարգավորումները պատվիրակել է ՀՀ կառավարությանը և ՀՀ կենտրոնական բանկին, որոնց իրավական ակտերի ամբողջական փաթեթն ու դրանց ժամանակին իրացումը միայն հնարավորություն կտար հստակ պատկերացում կազմել համակարգի, դրա հուսալիության երաշխիքների, գործադրման բնույթի ու կոնկրետ իրավունքներն իրացնելիս տարբերակային ճիշտ ընտրություն կատարելու հնարավորությունների մասին: Ոչ միայն նման բարդ համակարգի ներդրման նախօրյակին կատարվել են օրենսդրական փոփոխություններ, այլև օրենքով ՀՀ կենտրոնական բանկին վերապահված հինգ տասնյակից ավելի իրավակարգավորումներից ավելի քան 40 տոկոսի վերաբերյալ որոշումներ ընդունվել են 2013թ. դեկտեմբերին, այդ թվում օրենքի թվով 10 դրույթների իրացման վերաբերյալ` 2013թ. դեկտեմբերի 27-ին, որոնք ուժի մեջ են մտել դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: Նման վիճակը բացատրվում է նաև օրենքի հիշյալ փոփոխությամբ: Այդ որոշումները, մասնավորապես, վերաբերում են օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 11-րդ կետերին, 18-րդ հոդվածի 5.1-րդ մասին, 21.1-րդ հոդվածին, 28-րդ հոդվածին, 39-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին, 41-րդ հոդվածի 4-րդ մասին, 45-րդ հոդվածի 1-ին մասին, 57-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետին, 61-րդ հոդվածի 6-րդ մասին, 66-րդ հոդվածի 5-րդ մասին, 70-րդ հոդվածի 4-րդ մասին և այլն: Այս իրավակարգավորումները կարևոր նշանակություն ունեն համակարգին համակողմանի ծանոթանալու և հնարավոր ռիսկերն հաշվի առնելով իրավաչափ ու կանխատեսելի քայլեր ձեռնարկելու համար, ինչի հնարավորությունը նախապես լիարժեք չի ապահովվել:

Ակնհայտ է, որ ձևական մոտեցման առումով կարելի է փաստել, որ օրենքի փոփոխությունները վերաբերում են դրանց ուժի մեջ մտնելու պահից հետո համապատասխան տարիքային խումբ մտնող անձանց, իսկ հունվարի 1-ի դրությամբ նախատեսված բոլոր իրավական ակտերն արդեն իսկ ընդունվել են /անկախ ուժի մեջ մտնելու հանգամանքից/: Սակայն այդ ամենն ինքնանպատակ չէ: Երբ խոսքը վերաբերում է ամբողջական նոր համակարգի ներդրմանը, երբ դրան առնչվող շատ հարցեր լայն հանրության համար հստակ, մատչելի, իրավական որոշակիության սկզբունքին համարժեք ու խելամիտ ժամկետներում կանոնակարգված, պատշաճ պարզաբանված չեն /բնականաբար, ոչ միայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից/, ապա նման իրավիճակը մարդկանց իրավունքների իրացման հարցում անորոշություն ու անվստահություն է առաջացնում, չի' երաշխավորում անձի օրինական ակնկալիքի սկզբունքը, չի ապահովում իրավական կարգավորման համակարգային որոշակիությունն ու կայունությունը: Փաստն այն է, որ ըստ ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների` Հայաստանի Հանրապետությունում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի պահանջների շրջանակներում 2014թ. հունվարի 1-ի դրությամբ պարտադիր կուտակային բաղադրիչի հնարավոր մասնակիցների ցուցակային թիվը կազմել է շուրջ 246 հազար մարդ, իսկ նրանցից օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն է կատարել ընդամենը 155-ը /կամ 0.06 տոկոսը/: Այդ թիվը հունվարի 16-ի դրությամբ հասել է 1309-ի /0.5 տոկոս/: Այնինչ կուտակային կենսաթոշակների համակարգի կիրառման հաջողությունը մեծապես պայմանավորված է այդ համակարգի նկատմամբ բնակչության պատշաճ իրազեկվածությամբ ու վստահությամբ: Սահմանադրական դատարանը բազմիցս է նշել, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության և օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության անբաժանելի տարրեր:

Վերոնշյալ իրավահարաբերությունների հետ համակարգային առումով փոխկապակցված է օրենքի 76-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումը, որը վերաբերում է պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվությանը: Նման պայմաններում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը 2014 թ. հունվարի 1-ից հանրության համար առաջացնում է իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության չափորոշիչներին ոչ համարժեք հետևանքներ, մասնավորապես` մարդկանց համար անհնարին դարձնելով համակարգի ներդրման նախօրեին փոփոխված կամ վերջին պահին ընդունված իրավական ակտերի իրավակարգավորումները հաշվի առնելով կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության իրենց իրավունքի լիիրավ իրացումը, ինչն օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի միանշանակ պահանջի իրացման պարագայում վերականգնելի չէ: Վերջինս հետագայում կարող է հանգեցնել նաև պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվության /հոդվ. 76/, որում ընդհուպ նախատեսվում է վարչական ակտով «...գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի» սահմանափակում:

Ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Մինչև «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

24 հունվարի 2014 թվականի

ՍԴԱՈ-3

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
24.01.2014
N ՍԴԱՈ-3
Աշխատակարգային որոշում