Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 63 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅ ...

 

 

020.0159.210699

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 63 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 21 հունիսի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով Շիրակի մարզի թիվ 63 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու` սույն գործով դիմող Սամվել Բալասանյանի ներկայացուցիչներ Ս. Մկրտչյանի, Հ. Մարգարյանի և Հ. Ասատրյանի,

պատասխանող կողմի` Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Ս. Ավետիսյանի և ներկայացուցիչներ` հանձնաժողովի քարտուղար Ջ. Ավետիսյանի, հանձնաժողովի անդամ Լ. Խաչատրյանի,

հրավիրված` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վ. Մխիթարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի, 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 25 հոդվածի 3 կետի, 21 (1) հոդվածի և 57 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 63 ընտրատարածքում ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Սամվել Բալասանյանի` սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 63 ընտրատարածքում ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31, 39, 40 և 57 հոդվածներով, սահմանադրական դատարանը 1999 թվականի հունիսի 11-ի ՍԴԱՈ-16 որոշմամբ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Սամվել Բալասանյանի դիմումի կապակցությամբ սույն գործն ընդունել է քննության և գործով պատասխանող կողմ է ներգրավել Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովին, որի որոշումը` Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 63 ընտրատարածքում ընտրության արդյունքներն ամփոփելու վերաբերյալ, վիճարկում է դիմող կողմը:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Ս. Ավետիսյանի, հանձնաժողովի քարտուղար Ջ. Ավետիսյանի, հանձնաժողովի անդամ Լ. Խաչատրյանի, ինչպես նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վ. Մխիթարյանի պարզաբանումները, հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Շիրակի մարզի թիվ 63 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ընտրությունն անցկացվել է 1999 թվականի մայիսի 30-ին` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68 հոդվածում, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 117 հոդվածում նախատեսված ժամկետներում` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 3-րդ գլխում նախատեսված կարգով ձևավորված թվով 14 ընտրական տեղամասերում:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 114 հոդվածում նախատեսված կարգով թիվ 63 ընտրատարածքում ընտրության օրը Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության քվեաթերթիկում ընդգրկված են եղել Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ` Գայանե Ամբարդարյանը, Սամվել Բալասանյանը, Վարդան Գասպարյանը, Արարատ Գոմցյանը, Աշոտ Խաչատրյանը, Լավրենտի Կակոսյանը, Համլետ Հակոբյանը, Արմեն Հովհաննիսյանը, Մարզպետունի Մարգարյանը, Վաչագան Մելիքսեթյանը, Ֆերդինանտ Մնացականյանը, Սեյրան Պոլոյանը, Գագիկ Վարդանյանը:

Թիվ 63 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքների վերաբերյալ Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 1-ի ամփոփիչ արձանագրության համաձայն ընտրողների ընդհանուր թիվը` ըստ ընտրողների ցուցակի, կազմել է 29082, գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվն ըստ ստորագրությունների` 14446: Բոլոր թեկնածուների օգտին տրված ձայների թիվը կազմել է 13195:

Ըստ մարզային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության, թիվ 63 ընտրատարածքում ընտրողների առավելագույն «կողմ» ձայներ են ստացել պատգամավորության թեկնածուներ Մարզպետունի Մարգարյանը (4426) և Սամվել Բալասանյանը (3829):

2. Ըստ դիմող կողմի, Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովը թիվ 63 ընտրատարածքում ընտրության արդյունքներն ամփոփելիս խախտել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 116 և 62 հոդվածների պահանջները և հաշվի չի առել ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղ գտած օրինախախտումները:

Դիմող կողմն իր դիմումում գտնում է, որ թիվ 63 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրության նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքում տեղ գտած օրինախախտումները հիմք են հանդիսանում անվավեր ճանաչել ընտրությունը, ի հաստատումն որի` դիմումին կից սահմանադրական դատարան է ներկայացրել թիվ 63 ընտրատարածքի առանձին տեղամասերի ընտրական ցուցակներ, Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովին հասցեագրված դիմումներ, հայտարարություններ և այլ փաստաթղթեր:

3. Պատասխանող կողմը սահմանադրական դատարան ներկայացրած իր բացատրության մեջ նշում է, որ թիվ 63 ընտրատարածքում առավել ձայներով ԱԺ պատգամավոր է ընտրվել Մարզպետունի Մարգարյանը: Միաժամանակ, ավելացվում է, որ հանձնաժողովն ի վիճակի չի եղել վերջնական որոշում կայացնել անճշտությունների չափի վերաբերյալ:

4. Սահմանադրական դատարանի պահանջով Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովից ներկայացվել են թիվ 63 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքների վերաբերյալ Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի որոշման, ինչպես նաև մարզային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության պատճենները, թիվ 63 ընտրատարածքի բոլոր ընտրական տեղամասերի ամփոփիչ արձանագրությունների պատճենները, ընտրության արդյունքների վերաբերյալ մարզային ընտրական հանձնաժողով մուտքագրված դիմում-բողոքների օրինակները և տեղեկանք` դրանց ընթացք տալու արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև ընտրատարածքի բոլոր տեղամասային հանձնաժողովների` անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների պատճենները:

Միաժամանակ, սահմանադրական դատարանի պահանջով Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանից դատարանից ներկայացվել է տեղեկանք` Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի կողմից մարզի առաջին ատյանի դատարան ներկայացված դիմումի և այն վերադարձնելու հանգամանքների վերաբերյալ:

5. Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից և կողմերի ներկայացուցիչների բացատրություններից սահմանադրական դատարանը նաև պարզեց.

ա) ինչպես փաստվում է Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի տեղեկանքում և դիմող կողմի ներկայացրած փաստաթղթերում, թիվ 63 ընտրատարածքի առանձին տեղամասերի ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների, մասնավորապես, ուղղումների, ավելորդ նշումների, ջնջումների, ընտրացուցակներում չընդգրկված քաղաքացիների և ՀՀ ընտրական օրենսգրքի 9, 10, 11, 12, 13 հոդվածների պահանջների այլ խախտումների վերաբերյալ, դիմող կողմն իր և վստահված անձանց միջոցով 1999 թվականի հունիսի 1-ին և 3-ին դիմել ` Շիրակի մարզային ընտրական հանձնաժողով, պահանջելով, մի դեպքում` քննության առնել դիմումներում բերված փաստերը, մյուս դեպքում` մասնակի անվավեր ճանաչել առանձին տեղամասերի քվեարկության արդյունքները, այն դեպքում, երբ ՀՀ ընտրական օրենսգրքի 14 հոդվածի համաձայն ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները, որոնք ստացվել են ոչ ուշ, քան քվեարկությունից 5 օր առաջ, ենթակա են քննարկման համապատասխան համայնքի ղեկավարի կողմից, իսկ առաջացած վեճերը` ընդհուպ մինչև քվեարկության օրը, կարող են բողոքարկվել դատարան, որի որոշումը վերջնական է.

բ) թիվ 63 ընտրատարածքի առանձին տեղամասերում քվեարկության ընթացքում դիմող կողմի վկայակոչած օրինախախտումների, մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի 53, 55, 56, 57 և 58 հոդվածներով նախատեսված կարգի խախտման դեպքերի առնչությամբ, 1999 թ. հունիսի 1-ին և 3-ին, այսինքն` ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկման համար ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածում նախատեսված երկօրյա ժամկետի մասնակի խախտմամբ, դիմողը Շիրակի մարզային ընտրական հանձնաժողով է հասցեագրել դիմումներ` խնդրելով քննության առնել ներկայացված փաստերը.

գ) ընտրության ամփոփման ընթացքում առանձին ընտրական տեղամասերում դիմողի օգտին քվեարկված շուրջ 450 քվեաթերթիկներ անվավեր ճանաչելու փաստի առնչությամբ դիմողը 1999 թ. հունվարի 3-ին Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովին է հասցեագրել դիմում` այդ քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու օրինականությունը պարզելու խնդրանքով` այն դեպքում, երբ ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածի 1-ին կետի համաձայն քվեարկության արդյունքների վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումները կարող են բողոքարկվել ոչ ուշ, քան քվեարկությանը հաջորդող օրվա ժամը 14-00: Պատասխանող կողմը սահմանադրական դատարան այսպես էլ չներկայացրեց համոզիչ փաստարկներ այդ դիմումի` օրենքով նախատեսված ժամկետի սահմաններում ներկայացնելու և մարզային ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվելու վերաբերյալ.

դ) թիվ 63 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնական ընտրակարգով 1999 թվականի մայիսի 30-ի ընտրության նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքում դիմողի կողմից վկայակոչված օրինախատումների փաստերը 1999 թվականի հունիսի 2-ին և 3-ին քննության են առնվել Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի կողմից, որոնց վերաբերյալ գործում առկա են համապատասխան արձանագրություններ: Քննարկման արդյունքում մարզային ընտրական հանձնաժողովը, ժամանակի սեղմ լինելու պատճառաբանությամբ, վերջնական որոշում չկայացնելով դիմողի գանգատների առնչությամբ և շրջանցելով ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածի պահանջները, 1999 թվականի հունիսի 4-ին դիմել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան, որտեղից ստացված գրավոր տեղեկանքից հետևում է, որ Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի դիմումը չի հիմնավորվել որևէ փաստաթղթով և 1999 թվականի հունիսի 5-ին մարզային ընտրական հանձնաժողովի քարտուղար Ջ. Ավետիսյանի գրությամբ հետ է պահանջվել, որը և բավարարվել է դատարանի կողմից: Այսինքն, մարզային ընտրական հանձնաժողովի կողմից չի կատարվել 1999 թ. հունիսի 3-ին իր իսկ ընդունած որոշումը և վերջինիս 2-րդ կետի պահանջը` թիվ 63 ընտրատարածքի ընտրական փաստաթղթերը Շիրակի մարզային առաջին ատյանի դատարանին տրամադրելու վերաբերյալ.

ե) թիվ 63 ընտրատարածքում իր կողմից վկայակոչված օրինախախտումների վերաբերյալ դիմողը 1999 թվականի հունիսի 8-ին, այսինքն. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ մարզային ընտրական հանձնաժողովների որոշումների բողոքարկման համար ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածում նախատեսված կարգի խախտումով, գրավոր դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով` խնդրելով անվավեր ճանաչել ընտրության արդյունքները, որը մերժվել է հանձնաժողովի կողմից, քանի որ ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածի 2-րդ կետի համաձայն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ մարզային ընտրական հանձնաժողովի որոշումները կենտրոնական ընտրական հանձնաժողով բողոքարկման ենթակա չեն:

Այսպիսով, քննության առնելով թիվ 63 ընտրատարածքում դիմողի կողմից վկայակոչված վերոհիշյալ օրինախախտումների փաստերի առնչությամբ ներկայացված փաստաթղթերը, այդ օրինախախտումների վերացման ուղղությամբ դիմողի, մարզային ընտրական հանձնաժողովի ձեռնարկված միջոցները, սահմանադրական դատարանը գտավ, որ եթե դիմող կողմն անբավարար է իրացրել ընտրությունների անցկացման ընթացքում իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության օրենքով ընձեռված հնարավորությունները, ապա պատասխանող կողմը բավարար միջոցներ չի ձեռնարկել ընտրության ընթացքում տեղ գտած օրինախախտումները ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան բացահայտելու, վերացնելու և դրանով իսկ նաև` ընտրատարածքում քաղաքացիների ընտրական իրավունքների լիարժեք իրականացումն ապահովելու ուղղությամբ: ՀՀ ընտրական օրենսգրքի 42 հոդվածի 7-րդ և 20-րդ կետերի պահանջների խախտումներով է գործել Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովը` թերանալով թիվ 63 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության ողջ ընթացքի նկատմամբ իր վերահսկողական լիազորությունների իրականացման հարցում:

6. Միաժամանակ, քննության առնելով Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի` վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմող կողմի ներկայացրած լրացուցիչ փաստարկները և դրանց առնչությամբ` պատասխանող կողմի բացատրությունները, սահմանադրական դատարանը նաև պարզեց.

ա) վիճարկելով Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի որոշումը` մեծամասնական ընտրակարգով թիվ 63 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի ընտրության արդյունքներն ամփոփելու վերաբերյալ, դիմող կողմը վկայակոչում է նաև մարզային ընտրական հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 1-ի ամփոփիչ արձանագրության անօրինական լինելու հանգամանքը, նշելով, որ այն կազմվել է թե դրանում ստորագրված հանձնաժողովի թվով 10, այլ` 1-2 անդամի կողմից:

Պատասխանող կողմը, առարկելով դիմողի լրացուցիչ փաստարկը, նշեց, որ ամփոփիչ արձանագրությունը կազմվել և ստորագրվել է Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի թվով 10 անդամի, այսինքն` մեծամասնության կողմից, և օրինական է:

Սահմանադրական դատարանի կողմից կատարված ուսումնասիրությունը փաստում է, որ, իրոք, մարզային ընտրական հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 1-ի թիվ 4 ամփոփիչ արձանագրությունն ստորագրված է հանձնաժողովի անդամների մեծամասնության կողմից: Սակայն, հետազոտելով մեծամասնական ընտրակարգով թիվ 63 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորների ընտրության արդյունքների ամփոփման վերաբերյալ Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 3-ի որոշումը, սահմանադրական դատարանը գտնում է, որ այն հստակ շարադրված չէ, և դրանում բովանդակված միտքն այն մասին, թե «թիվ 63 ընտրատարածքում առավելագույն ձայնով ընտրվել է պատգամավոր Մարզպետունի Մարգարյանը, քանի որ այս տարածքում կան բազմաթիվ բողոք-դիմումներ ընտրությունների արդյունքների վերաբերյալ...», միանշանակ հիմք չէր կարող հանդիսանալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար` այդ ընտրատարածքում ընտրության արդյունքում առավելագույն ձայներ ստացած Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուին ընտրված համարելու և պատգամավորի վկայական հանձնելու համար: Ավելին, սահմանադրական դատարան պատասխանող կողմի ներկայացրած բացատրագրում հստակ փաստվում է, որ մարզային ընտրական հանձնաժողովը, ստուգելով տարբեր օրինախախտումներ, չկարողանալով պարզել անճշտությունների չափը (որն ամփոփիչ (թիվ 4) արձանագրության մեջ նշված է «0»), որոշել է դիմել «իրավապահ մարմիններին», տեղյակ պահելով կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Բացի դրանից, սահմանադրական դատարան են ներկայացված Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի անդամներ Հովհաննես Պետրոսյանի և Լոլյա Խաչատրյանի գրավոր վկայություններն այն մասին, որ մարզային հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 3-ի նիստում որոշում չի ընդունվել թիվ 63 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու վերաբերյալ, ինչը հետևում է նաև պատասխանող կողմի` 1999 թվականի հունիսի 12-ին սահմանադրական դատարան ներկայացված թիվ 1-37 տեղեկանքից:

Ի տարբերություն Շիրակի մարզի թիվ 61, 62, 64, 65, 66 և 67 ընտրատարածքներում Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու վերաբերյալ որոշումների ձևակերպումների, մարզային ընտրական հանձնաժողովի թիվ 10 արձանագրության մեջ արտահայտված չեն թիվ 63 ընտրատարածքում պատգամավոր ընտրվելու մասին քվեարկության արդյունքները: Այդ կապակցությամբ պատասխանող կողմի ներկայացուցիչներ Ս. Ավետիսյանը, Ջ. Ավետիսյանը բացատրություն ներկայացրեցին այն մասին, որ, իրոք, մարզային ընտրական հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 3-ի նիստում հանձնաժողովն ի վիճակի չի եղել հստակ կողմնորոշվել թիվ 63 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորների ընտրության արդյունքների վերաբերյալ, և արդյունքում որոշում չի ընդունվել: Սակայն, ինչպես պարզաբանեց նաև պատասխանող կողմի ներկայացուցիչ Ս. Ավետիսյանը, կենտրոնական հանձնաժողովին են հասցեագրել գրավոր հաղորդում թիվ 63 ընտրատարածքում Մարզպետունի Մարգարյանի` Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու վերաբերյալ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վ. Մխիթարյանը պարզաբանեց, որ Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովից 1999 թվականի հունիսի 3-ին ստացվել է որոշում թիվ 63 ընտրատարածքում Մարզպետունի Մարգարյանին` ԱԺ պատգամավոր գրանցելու վերաբերյալ:

Սակայն սահմանադրական դատարանում գործի քննության ընթացքում պարզվեց, որ մարզային ընտրական հանձնաժողովի կողմից նման որոշում չի ընդունվել: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը դատարանում հայտարարեցին, որ այդ փաստաթուղթը ԿԸՀ է ուղարկվել ճնշումների ազդեցության տակ` առանց ՄԸՀ-ի կողմից քվեարկվելու և ընդունվելու.

բ) դիմող կողմը նաև վկայակոչում է, որ Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովը ՀՀ ընտրական օրենսգրքի 62 հոդվածի պահանջների խախտմամբ ` ամփոփել մարզում մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորների ընտրության արդյունքները` չորոշելով անճշտությունների չափը:

Սահմանադրական դատարանի պահանջով ներկայացված անճշտությունների չափի վերաբերյալ թիվ 63 ընտրատարածքի տեղամասային հանձնաժողովների արձանագրություններից (թիվ 8 ձև) հետևում է, որ ընտրատարածքում անճշտությունների չափը կազմում է 1665, այդ թվում` թիվ 1182 ընտրական տեղամասում` 8, թիվ 1183-ում` 3, թիվ 1184-ում` 2, թիվ 1185-ում` 2, թիվ 1188-ում` 4, թիվ 1190-ում` 10, թիվ 1191-ում` 2 և թիվ 1195-ում` 1634, սակայն Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի կողմից անճշտությունների չափի որոշման` օրենքով նախատեսված կարգը չի պահպանվել և հավաստի ամփոփիչ արձանագրություն չի կազմվել:

Բացի դրանից, թիվ 1195 ընտրական տեղամասի հանձնաժողովի` անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունը լրացված է ջնջումներով, որոնց վերաբերյալ պատասխանող կողմը հստակ հիմնավորումներ չներկայացրեց:

Սահմանադրական դատարանը պարզեց նաև, որ Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության համաձայն առավելագույն «կողմ» ձայներ ստացած պատգամավորության թեկնածուներ Մարզպետունի Մարգարյանի և Սամվել Բալասանյանի օգտին տրված ձայների տարբերությունը կազմում է 597:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի կողմից չի ներկայացվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածին համապատասխան պահանջված` Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնական ընտրակարգով ընտրությունների թիվ 63 ընտրատարածքի թիվ 1189 ընտրական տեղամասային հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունը, որը, ի խախտումն ՀՀ ընտրական օրենսգրքի 61 հոդվածի 7-րդ կետի պահանջի, չի տրամադրվել նաև դիմող կողմին:

Քննությամբ պարզվեց, որ Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովը հստակ դիրքորոշում չի արտահայտել ՀՀ ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 5-րդ կետով նախատեսված` ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքերի վերաբերյալ, և թիվ 63 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքների վերաբերյալ ՀՀ ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 1-ին կետով նախատեսված որոշումներից որևէ մեկը չի կայացրել:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68 հոդվածով, 100 հոդվածի 3 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 57, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 63 ընտրատարածքում 1999 թվականի մայիսի 30-ի պատգամավորի ընտրությունը ճանաչել անվավեր:

2. Սույն գործի քննության ընթացքում բացահայտված իրավախախտումների վերաբերյալ նյութերը տրամադրել ՀՀ գլխավոր դատախազությանը` համապատասխան ընթացք տալու համար:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

21 հունիսի 1999 թվականի

ՍԴՈ-159

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
21.06.1999
N ՍԴՈ-159
Որոշում