Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ Ծ ...

 

 

040.1442.251213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2013 թվականի N 1442-Ն

 

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈՒ ԱՆԿԱԽ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 21-ի «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» N ՆԿ-180-Ն կարգադրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածով, «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ):

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ հիմնադրամում:

(2-րդ կետը փոփ. 08.08.2019 թիվ 1013-Ն որոշում)

3. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արշակ Վաչագանի Աղաջանյանին (անձնագրային տվյալները` AK 0570203, տրված` 22.07.2010 թվականին, 006-ի կողմից):

4. Առաջարկել հիմնադրամի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:

5. Հաստատել`

1) հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի.

2) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

(5-րդ կետը փոփ. 20.09.18 թիվ 1070-Ն որոշում)

6. Հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով անհատույց տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1000,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագծի` համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև ծրագրի իրականացումն ապահովող փաստաթղթերի բնապահպանական պետական փորձաքննության անցկացումը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել փորձաքննության եզրակացությունը:

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագծի` համաձայն N 1 հավելվածի, անկախ տնտեսագիտական փորձաքննության անցկացումը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել փորձաքննության եզրակացությունը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 20.09.18 թիվ 1070-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 19-ի

N 1442-Ն որոշման

 

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ

 

Բովանդակություն

Ներածություն

ԳԼՈՒԽ 1. Ցանցավանդակային ձկնաբուծության զարգացման հնարավորությունները Սևանա լճում 1.1. Իրավիճակի նկարագրությունը 1.2. Ծրագրի իրագործման նախադրյալները 1.3. Սևանա լճի ընդհանուր նկարագիրը 1.4. Ոլորտի օրենսդրական դաշտի նկարագրությունը 1.5. ՀՀ ձկնամթերքի արտահանման պոտենցիալ շուկաները 1.6. Ձկնաբուծական տեխնոլոգիաների նկարագրությունը և դրանց կիրառման հնարավորությունները ՀՀ-ում 1.7. Սևանա լճում ցանցավանդակային եղանակով Սևանի իշխանի աճեցման փորձնական ծրագիր
ԳԼՈՒԽ 2. Սևանա լճում ցանցավանդակային ձկնաբուծության զարգացման մոտեցումները և նախատեսվող ճյուղային կառուցվածքը 2.1. Ծրագրի ամփոփ նկարագիրը 2.2. Սևանի իշխանի արտադրության կառուցվածքը
ԳԼՈՒԽ 3. Սևանի իշխանի արտադրության և իրացման գործընթացում ներգրավված կառույցները և դրանց գործառույթները 3.1. Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ 3.2. Հայաստանի Հանրապետության կառավարություն 3.3. ՀՀ բնապահպանության նախարարություն և «Սևան» ազգային պարկ 3.4. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ 3.5. Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողով 3.6. Շրջանառու հիմնադրամ 3.7. Հայկական Բերքի Առաջմղման Կենտրոն (ՀԲԱԿ) 3.8. Սևանա լճի ցանցավանդակային տնտեսությունների միություն 3.9. Գիտահետազոտական կենտրոնի և լաբորատորիա 3.10. Վերամշակող գործարան 3.11. Արտահանող-ներմուծող տնտեսություն 3.12. Ծրագրի` շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգ և իրականացնող կազմակերպություններ
ԳԼՈՒԽ 4. Ծրագրից ակնկալվող արդյունքները 4.1. Ծրագրի ֆինանսական արդյունքները 4.2. Ծրագրի ռիսկերը և դրանց նվազեցման ուղիները 4.3. Բնապահպանական արդյունքները 4.4 Սոցիալական արդյունքները 4.5. Տնտեսական արդյունքները Հավելված 1. Գործողությունների պլան Հավելված 2. Մոդելային տնտեսության բիզնես ծրագիր (ներդրումներ, ֆինանսական արդյունքների և ռիսկերի կանխատեսում) Հավելված 3. Ձկնաբուծական կլաստերի սխեմատիկ պատկերը Հավելված 4. Ձկնաբուծության զարգացման միջազգային փորձի վերլուծություն Հավելված 5. Ձկնաբուծության զարգացման ֆինանսական աջակցության արտասահմանյան փորձը Հավելված 6. ՀՀ տեխնոլոգիաներ ներմուծման ֆինանսավորման սխեման Հավելված 7. Ձկնաբուծության և վայրի ձկնորսության միջազգային ստանդարտներ

 

Ներածություն

 

Սևանա լիճը Հայաստանի բնության հրաշալիքներից և հայ ժողովրդի ազգային խորհրդանիշներից է, որն ունի հանրապետական և տարածաշրջանային բացառիկ տնտեսական ու էկոլոգիական նշանակություն: Սևանա լիճն իր եզակի ու հարուստ ֆլորայով և ֆաունայով կարևոր տեղ ունի հանրապետության կենսաբազմազանության համակարգում, իսկ կենսապաշարները` մասնավորապես ձկնային պաշարները, կարևոր տեղ են գրավում մարզի և հանրապետության բնակչության սննդաբաժնում: Տարաբնույթ անբարենպաստ մարդածին գործոնների ազդեցության ներքո անցյալ դարի կեսերից իշխան ձկնատեսակի գլխաքանակը կտրուկ նվազել է և տեսակը կորցրել է իր արդյունագործական նշանակությունը: ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկվում են Սևանա լճի մակարդակի և ջրային պաշարների ավելացմանն ուղղված միջոցառումներ, որոնք բացառիկ կարևորություն ունեն լճի էկոհամակարգի վերականգնման համար: Սակայն, հարկ է նշել, որ լճի մակարդակի բարձրացման և ջրի ծավալի մասնակի ավելացման միջոցով Սևանի խախտված էկոհամակարգի վերականգնման խնդիրները չեն կարող լուծվել առանց էնդեմիկ տեսակների պահպանման և դրանց բնական պաշարների վերականգնմանն ուղղված գործնական միջոցառումների իրականացման:

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը (այսուհետ` ծրագիր) սահմանում է երկարաժամկետ հատվածում ճյուղի զարգացման համար անհրաժեշտ միասնական պետական քաղաքականության հիմնական ուղղությունները և անհրաժեշտ միջոցառումները:

Ձկնաբուծության զարգացումը Սևանա լճում կարող է ունենալ նաև շատ կարևոր ռազմավարական նշանակություն լճի ավազանի բնակավայրերի համար, որտեղ այն կարող է դառնալ հազվագյուտ եկամտաբեր ճյուղերից մեկը:

Ծրագրի ռազմավարական նպատակը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը և Սևանի հիմնախնդիրների լուծումն է:

Ծրագրի նպատակին հասնելու ուղիներն են.

. Սևանա լճում մինչև 2023 թ. մոտ 50 000 տոննա լճի էնդեմիկ ձկնատեսակների էկոլոգիապես կայուն արտադրության կազմակերպում և ամբողջական արժեշղթայի զարգացում,

. բնական վերարտադրության պայմանների ստեղծում,

. Սևանի հիմնադրամի հզորացում, միջոցների հատկացում Սևանի հիմնախնդիրների լուծմանը:

Նշված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել ոլորտի նորարարական զարգացումը` հիմնված ջրային, հողային և կենսաբանական ռեսուրսների պահպանության, վերարտադրության և բանական օգտագործման վրա, ինչպես նաև ապահովել հայրենական ձկնարդյունաբերության միջազգային մրցունակությունը:

Ռազմավարական նպատակի ապահովումը պահանջում է ոլորտի զարգացման պետական կառավարման համալիր մոտեցում և ենթադրում է հետևյալ խնդիրների լուծումը.

. ձկնաբուծության ոլորտի նորմատիվային իրավական բազայի կատարելագործում, կհամապատասխանի նրա արդյունավետ զարգացմանը,

. ձկնաբուծության ոլորտում պետական գործառույթների արդյունավետ իրականացում,

. պետության և մասնավոր հատվածի համագործակցության միջոցով բարձր մրցունակությամբ ինստիտուցիոնալ միջավայրի ստեղծում, ինչը կխթանի գործարար ակտիվությունը և կապիտալի ներհոսքը ձկնաբուծության ոլորտ,

. կառուցվածքային դիվերսիֆիկացիայի և նորարարական զարգացման ապահովում,

. Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների արհեստական վերարտադրության զարգացում, ինչպես նաև դրանց գենոֆոնդային հավաքածուների և մայրական վտառների ձևավորում,

. Սևանա լճի կենսառեսուրսների և նրանց կյանքի միջավայրի պահպանության համակարգի կատարելագործում,

. ձկնաբուծության ոլորտի գիտական հետազոտությունների և մշակումների ընդլայնում, ինչպես նաև ոլորտի գիտատեխնիկական ներուժի և ուսումնական հաստատությունների զարգացում,

. ձկնամթերքի վերամշակման հզորությունների զարգացում,

. ձկնամթերքի պահպանման և տեղափոխման մեթոդների կատարելագործում,

. ձկնամթերքի իրացման ամբողջական շղթայի կազմակերպում,

. ձկնաբուծության ոլորտում խորհրդատվական գործունեության զարգացում, այդ թվում կառավարչական և ֆինանսական խորհրդատվության, աուդիտի, ճարտարագիտության, մարքեթինգի, բրենդինգի, հասարակական կապերի զարգացման և այլն,

. ձկնաբուծության ոլորտի տեղեկատվական ապահովման համակարգի ստեղծում: Ծրագրի իրականացման համար նախատեսվում են հետևյալ միջոցառումները.

. ձկնաբուծության նպատակով տրամադրվող տարածքների սահմանում,

. տեխնոլոգիաների սահմանում,

. ձկնաբուծական տնտեսության նորմաների սահմանում,

. օրգանական ձկնաբուծության անհրաժեշտության սահմանում,

. բուծվող ձկնատեսակների, մանրաձուկ մատակարարողների կանոնակարգում,

. վճարների և լիճ բաց թողնվող ձկան քանակի սահմանում,

. պետություն-մասնավոր համագործակցության տարբերակների մշակում,

. Սևանա լճում ձկան բնական վերարտադրության համար անհրաժեշտ պայմանների ստեղծում,

. մայրական կազմի առանձնացում, ձկնկիթի և մանրաձկան արտադրություն,

. ֆինանսավորող կառույցի ստեղծում,

. Սևանա լճում ցանցավանդակային ձկնաբուծությամբ զբաղվող իրավաբանական անձանց միության ստեղծում,

. ներդրողների ներգրավում,

. գիտահետազոտական կենտրոնի և լաբորատորիայի ստեղծում,

. մասնագետների պատրաստում և վերապատրաստում,

. որակի և անվտանգության հավաստագրման համակարգի ներդնում,

. բրենդի ստեղծում, դիրքավորում և առաջմղում:

Ծրագրի իրականացումից ակնկալվող տնտեսական, սոցիալական և բնապահպանական արդյունքներն են.

1. Ծրագրի առաջին 10 տարիների ընթացքում հասնել տարեկան մոտ 50 000 տոննա ձկան արտադրության, վերամշակման և արտահանման, որի արժեքը կկազմի շուրջ 154 մլրդ դրամ:

2. Յուրաքանչյուր տարի արտադրվող ձկան 1.5% լիճ բաց թողնել (ծրագրված հզորության ապահովման պարագայում լիճ բաց թողնվող ձկան քաշը կկազմի տարեկան շուրջ 750 տ):

3. Տարեկան 10 000 տ և ավելի ձկան արտադրության պարագայում Հայաստանում ձկան կերի արտադրության լուրջ նախադրյալներ կստեղծվեն: Սա իր հերթին հնարավորություն կտա խթանելու բուսաբուծությունը, քանի որ ձկան կերի բաղադրության ավելի քան 50-70%-ը տարբեր գյուղատնտեսական մշակաբույսեր են:

4. Սևանի իշխանի արտադրության ոլորտում 2500-3000, իսկ ընդհանուր արժեշղթայում` 5000-6000 աշխատատեղի ստեղծում:

5. Ստեղծվող տնտեսությունների կողմից վճարվող գումարների հաշվին Սևանի հիմնադրամի հզորացում` Սևանա լճի ավազանի խնդիրների լուծման նպատակով: Ծրագրված հզորության ապահովման պարագայում այդ գումարը կկազմի տարեկան շուրջ 23 մլրդ դրամ:

 

ԳԼՈՒԽ 1. Ցանցավանդակային ձկնաբուծության զարգացման հնարավորությունները Սևանա լճում

 

1.1. Իրավիճակի նկարագրությունը

 

Սևանա լիճը Հայաստանի բնության հրաշալիքներից և հայ ժողովրդի ազգային խորհրդանիշներից է, որն ունի հանրապետական և տարածաշրջանային բացառիկ տնտեսական ու էկոլոգիական նշանակություն:

Սևանա լճի ջրհավաք ավազանը, համաձայն «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի, ընդգրկում է Սևանա լճի բուն ջրհավաք ավազանը և Արփա գետի ջրհավաք ավազանի վերնագավառը` Կեչուտի ջրամբարից հոսանքն ի վեր ընկած տարածքներն ու Որոտան գետի ջրհավաք ավազանի վերնագավառները` Սպանդարյան ջրամբարից հոսանքն ի վեր ընկած տարածքները, որոնց սահմանները դեռևս վերջնականապես ճշգրտված չեն: Սևանա լիճը Հայաստանի ջրային հաշվեկշռում բացառիկ տեղ է գրավում: Մինչև լճի մակարդակի արհեստական իջեցումը այստեղ էր կուտակված հանրապետության ջրային պաշարների ավելի քան 80 տոկոսը, որը 5 անգամ ավելի է հանրապետության մակերևութային ջրային հոսքից և մոտ 35 անգամ ավելի է մնացած ջրամբարներում կուտակված ջրային պաշարներից:

Սևանա լիճը իր եզակի ու հարուստ ֆլորայով և ֆաունայով արժևորվում է հանրապետության կենսաբազմազանության համակարգում, իսկ կենսապաշարները` մասնավորապես ձկնային պաշարները, կարևոր տեղ են գրավում մարզի և հանրապետության բնակչության սննդաբաժնում:

Սևանա լիճն իր ֆիզիկական, քիմիական, կենսաբանական ցուցանիշներով համարվում է քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար:

Տարաբնույթ անբարենպաստ մարդածին գործոնների ազդեցության ներքո անցյալ դարի կեսերից իշխան ձկնատեսակի գլխաքանակը կտրուկ նվազել է և տեսակը կորցրել է իր արդյունագործական նշանակությունը, ինչը պատճառ է դարձել Գավառում, Կարճաղբյուրում, Սևանում և Լիճքում ձկնաբուծական գործարաններ կառուցելու համար:

Ներկայումս իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորությունից: Նրա չորս ենթատեսակից երկուսը` ձմեռային իշխանն ու բոջակը համարվում են իսպառ վերացած, իսկ գեղարքունին և ամառային իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ: Կողակը կորցրել է արդյունագործական նշանակությունը, իսկ բեղաձուկը հանդիպում է հազվադեպ:

ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկվում են Սևանա լճի մակարդակի և ջրային պաշարների ավելացմանն ուղղված միջոցառումներ, որոնք բացառիկ կարևորություն ունեն լճի էկոհամակարգի վերականգնման համար: Սակայն, հարկ է նշել, որ լճի մակարդակի բարձրացման և ջրի ծավալի մասնակի ավելացման միջոցով Սևանի խախտված էկոհամակարգի վերականգնման խնդիրները չեն կարող լուծվել առանց էնդեմիկ տեսակների պահպանման և դրանց բնական պաշարների վերականգնմանն ուղղված գործնական միջոցառումների իրականացման:

Ներկայումս գետերում ձվադրող Սևանի էնդեմիկ ձկնատեսակների վերարտադրության պայմանները անբարենպաստ են, ինչի պատճառով պոպուլյացիաներն ինքնավերարտադրության հնարավորությունից զուրկ են: Միևնույն ժամանակ լճի մակարդակի բարձրացումը հանգեցրել է ձվադրավայրերի ընդլայնման, կերային բազայի աճի, ջրաքիմիական և այլ բնական պայմանների բարելավման, ինչն առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև լճում օտարածին տեսակների բազմացման համար: Այս տեսակների ճնշման ներքո էնդեմիկ տեսակների կենսապայմաններն ավելի են վատթարանում, ինչը կարող է հանգեցնել նրանց իսպառ վերացմանը:

Սևանի էնդեմիկ ձկնատեսակների գլխաքանակի պահպանման համար մինչև 1980-ական թվականները լճի ավազանի 4 ձկնաբուծական գործարան աճեցրել և լիճ են բաց թողել 7-10 մլն հատ տարբեր չափսերի մանրաձուկ և թրթուր, ինչը որոշակիորեն նպաստել է այդ տեսակների արդյունագործական ծավալների վերականգնմանը: 1990-ական թվականներից տարեցտարի գետերում ձվադրման մտնող սեռահասուն ձկների քանակը սկսեց կրճատվել, ինչի հետևանքով աճեցվող մանրաձկան քանակը նվազեց ավելի քան 100 անգամ:

2004 թվականից սկսած պետական տարբեր ծրագրերի շրջանակներում ամեն տարի որոշ քանակությամբ մանրաձուկ է բաց թողնվում Սևանա լիճ, ձկան պոպուլյացիան վերականգնելու նպատակով: Մանրաձկան արտադրությունը կազմակերպվում է մի շարք ձկնաբուծական տնտեսություններում, որոնց արտադրական պայմանները (ջրի ջերմաստիճան, թթվածնի պարունակություն, ջրի քիմիական բաղադրություն և այլն) որոշ տնտեսություններում մոտ են Սևանա լճի բնական պայմաններին, որպեսզի հետագայում մանրաձուկը հեշտ կարողանա հարմարվել լճի պայմաններին (1):

______________________

1) http://hetq.am/arm/print/6367/

 

Սակայն, ինչպես ցույց տվեց վերջին տարիների փորձը, գեղարքունի և ամառային իշխանը որպես տեսակ պահպանելու և նրանց պոպուլյացիան վերականգնելու համար նշված միջոցառումները բավարար չեն:

 

1.2. Ծրագրի իրագործման նախադրյալները

 

Վերջին տարիներին ակնհայտ է Սևանա լճի էկոհամակարգի և մասնավորապես լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման հարցում պետության հոգածությունը:

Առկա է լճերի մակերևույթներին էկոլոգիապես մաքուր ձկան արտադրության միջազգային հաջողված փորձ: Մասնավորապես` ձկնաբուծություն լճերում, ծովերում կամ ջրամբարներում տեղադրվող ցանցավանդակներում, որոնք պատրաստված են էկոլոգիապես անվնաս նյութերից և չեն վնասում լճի էկոհամակարգը (http://www.hvalpsund.com/, http://www.akvagroup.com/):

Առկա են ձկան օրգանական կեր արտադրող մի շարք ընկերություններ, որոնց արտադրանքը հնարավորություն է տալիս իրականացնել էկոլոգիապես կայուն ձկնաբուծություն (http://www.biomar.com, http://www.aller-aqua.com, http://www.coppens.eu/):

Կան Սևանա լճի տասնյակ կիլոմետրերով առափնյա հատվածներ, որոնք չեն օգտագործվում զբոսաշրջության և լողափների կազմակերպման նպատակով:

Վերջին տարիներին ակնհայտ է նաև ձկնաբուծության ոլորտով մասնավոր հատվածի հետաքրքրվածությունը, ինչը լուրջ նախադրյալներ է ստեղծում պետություն - մասնավոր համագործակցության համար:

Շուրջ երկու տարի իրականացվում է ձկնային արտադրանքի, մասնավորապես կարմրախայտի, արտահանում դեպի Ռուսաստանի Դաշնություն, որի պահանջարկն անընդհատ աճում է, սակայն այդ տեսակի ձկան արտադրությունը Հայաստանում սահմանափակ է և չի բավարարում պահանջարկը: Գեղարքունի տեսակի իշխանն իր որակական հատկանիշներով շատ նման է և նույնիսկ գերազանցում է կարմրախայտին, ինչը որոշ նախադրյալներ է ստեղծում Ռուսաստանի Դաշնությունում դրա իրացման համար:

 

1.3. Սևանա լճի ընդհանուր նկարագիրը

 

Սևանա լիճ (2)

______________________

2) ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունք

 

Տեղադրությունը` ՀՀ, Գեղարքունիքի մարզ

Լճի բարձրությունը ծովի մակարդակից` 1900,4 մ.

Լճի առավելագույն երկարությունը` 70 կմ.

Լճի առավելագույն խորությունը` 79,4 մ.

Լճի մակերեսը` 1277,4 ք.կմ

Ջրի միջին ջերմաստիճանը ամռանը` +18o+23o

Ջրի ծավալը` 38,0 մլրդ. խ.մ

Հեռավորությունը Երևանից (մինչև Սևան քաղաք)` 55 կմ.

Լիճը շրջապատող լեռներ` արևմուտքից` Գեղամա լեռներ, հյուսիսից` Արեգունյաց լեռներ, արևելքից` Սևանա լեռներ, հարավից` Վարդենիսի լեռներ

Սևան ազգային պարկում առանձնացված արգելավայրեր` Գավառագետի և Գիհի-կաղնուտային ռելիկտային

Արգելոցներ` Նորաշենի, Լիճք-Արգիչի, Գիլլի, Արտանիշի

Սևանա լիճն աշխարհի ամենամեծ բարձր լեռնային լճերից է և ամենամեծ մաքուր ջրի ավազանը Կովկասյան տարածաշրջանում: Այն տեղակայված է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում` Գեղարքունիքի մարզում, լճի ջրհավաք ավազանի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 4890 կմ2:

Սևանը լեռնային Հայաստանի ամենախոշոր լիճն է: Լիճը բաղկացած է երկու անհավասար մասերից, որոնք պայմանականորեն անվանում են Մեծ Սևան և Փոքր Սևան: Դրանք իրար են միանում մոտ 5 կմ լայնության նեղուցով: Լիճ են թափվում 28 փոքր գետեր և միայն Հրազդան գետն է սկիզբ առնում լճից: Ջրի միջին տարեկան ջերմաստիճանը տատանվում է +4oC-ից մինչև +6oC:

Սևանա լիճը Հայաստանի ջրային հաշվեկշռում բացառիկ տեղ է գրավում: Մինչև լճի մակարդակի արհեստական իջեցումը այստեղ էր կուտակված հանրապետության ջրային պաշարների ավելի քան 80 տոկոսը (58,5 մլրդ մ3), որը 5 անգամ ավելի էր հանրապետության մակերևութային ջրային հոսքից և մոտ 35 անգամ ավելի է մնացած ջրամբարներում կուտակված ջրային պաշարներից:

Սևանա լիճն իր ֆիզիկական, քիմիական, կենսաբանական ցուցանիշներով համարվում է քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար: Սևանա լիճը միակ խոշոր լիճն է Հայաստանում, որը մեծ ներդրում ունի տարածաշրջանի (Հարավային Կովկաս, Թուրքիա և Իրանի հյուսիսային մասեր) խմելու ջրի պաշարների ապահովման գործում:

Սևանի ավազանի կլիման ամռանը չափավոր տաք է, իսկ ձմռանը` չափավոր ցուրտ: Բնութագրվում է ամենամյա և հաստատուն ձյունածածկույթով: Ամառը տաք է, գերիշխում են քիչ ամպամած եղանակները: Սևանի ավազանում օդի հունվարյան միջին ջերմաստիճանը -4o-ից -8o է, իսկ հուլիսյանը` +10-ից +22: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է մոտ +5oC: Ամառային առավելագույն ջերմաստիճանը հասնում է +32 աստիճանի, իսկ ձմեռային նվազագույնը` -32 աստիճան: Տարվա ընթացքում լինում է մոտավորապես 240 օր, երբ օրվա միջին ջերմաստիճանը մոտ է զրոյին:

Սևանա լճի երկրաբանական կառուցվածքը բնութագրվում է իբրև «pull apart» ավազան (երկրաբանական ճեղքվածք, որտեղ ջրի շարժը տեղի է ունենում ճեղքվածքի երկայնքով): Լճի մակերևույթից մեթանի արտանետումը կորելացվում է ջրի ֆիզիկական ու քիմիական հատկությունների հետ և ցույց է տալիս, որ լճի հատակի ակտիվ ճեղքվածքների տարածքում հատակի օրգանական մնացորդների խմորումից առաջացող բիոգենիկ մեթանի արտանետումն առաջնային դեր է խաղում (3):

_____________________

3) https://www.e-gov.am/u files/file/decrees/kar/2013/07/13 746.pdf

 

1.3.1. Ձկնատեսակները, ձկան պաշարները (4)

_____________________

4) ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտ

 

Սևանա լիճն իր եզակի ու հարուստ ֆլորայով և ֆաունայով արժեքավորվում է հանրապետության կենսաբազմազանության համակարգում, իսկ կենսապաշարները մասնավորապես ձկնային պաշարները, կարևոր տեղ են գրավում մարզի և հանրապետության բնակչության սննդաբաժնում:

Սևանա լճի ձկները ներկայացված են Սաղմոնազգի (Salmonidae), Սիգազգի (Coregonidae) և Ծածանազգի (Cyprinidae) ընտանիքներով:

Սաղմոնազգիներին է պատկանում էնդեմիկ տեսակ Սևանի իշխանը (Sevan Trout-Salmo ischchan Kessler) իր 4 էկոլոգիական ենթատեսակներով`

. Ամառային բախտակ (S. ischchan aestivalis),

. Ձմեռային բախտակ (S. ischchan ischchan),

. Գեղարքունի (S. ischchan gegarkuni),

. Բոջակ (S. ischchan danilewskii):

Սիգազգիների ընտանիքի ներկայացուցիչը 1920-30-ական թվականներին լճում կլիմայավարժեցված սիգն է: Որպեսզի ձկնորսության քանակը ավելացվի նոր ձկնատեսակներ են ներկայացվել` Լադոգայի սիգ և Չուդ լճի սիգ, որոնք հաստատվելով Սևանում առաջացրեցին նաև հիբրիդ տեսակ Սևանի սիգ:

Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացան: Մինչև լճի մակարդակի իջեցումը ձկան տարեկան որսը գրեթե հավասարապես կազմված էր իշխանից և կողակից (համապատասխանաբար 50% և 40%): 1940-ականների սկզբից սկսեց նվազել իշխանի թվաքանակը, իսկ 1960-ականների կեսերին, լճային ձվադրավայրերի չորացման հետևանքով, կտրուկ վատացան դրանց վերարտադրման պայմանները: Այս շրջանում սիգն անցնում է կլիմայավարժեցման ադապտացիայի փուլը և 1960 թ.-ից սկսած դրա պաշարները աճում են` 1965 թվականին կազմելով ձկան տարեկան որսի 4%-ը: Իշխանի բաժինը կրճատվում է մինչև 27.5%, կողակինը` 32%: Քանի որ Սևանի կողակը ձվադրում է ինչպես լճում, այնպես էլ դրա մեջ թափվող գետերում, լճային ձվադրավայրերի կրճատման արդյունքում խախտվում են նաև կողակի բազմացման պայմանները, որի արդյունքում կրճատվում են պաշարները:

Լճի տրոֆայնության աճի շրջանում իշխանի պաշարները շարունակում են նվազել, որի արդյունքում նախ 1976 թվականից արգելվում է դրա արդյունահանումը, իսկ 1978 թվականին այն ընդգրկված էր ԽՍՀՄ Կարմիր գրքի մեջ, իսկ 1987 թվականին Սևանի բեղլուի հետ միասին գրանցվում են Հայաստանի Կարմիր գրքում:

Սիգի քանակն այս ընթացքում շարունակում է աճել և 1970-ական թվականներին դրա արդյունագործական կենսազանգվածը հասնում է 12000-13000 տոննա:

Չնայած լճից ձկնորսության արգելքներին և պլանավորված մանրաձկան պաշարների տարեկան ավելացման ծրագրին` ներկայումս իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորությունից: Նրա չորս ենթատեսակից երկուսը` ձմեռային իշխանն ու բոջակը համարվում են իսպառ վերացած, իսկ գեղարքունին և ամառային իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ: Կողակը կորցրել է արդյունագործական նշանակությունը, իսկ բեղաձուկը հանդիպում է հազվադեպ:

Այժմ ստորև ներկայացնենք ձկնատեսակների էկոլոգիական բնութագրերը և տնտեսական նշանակությունը:

1. Սևանի իշխան - այս էնդեմիկ, անհետացող տեսակի կանոնավոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պոպուլյացիան գտնվում է ծայրահեղ վատ վիճակում: Իշխանի անհետացման հիմնական պատճառներն են` լճային ձվադրավայրերի չորացումը, ձվադրավայր հանդիսացող գետերի աղտոտումը և ձկնագողությունը: Վերջին տարիներին այս տեսակի արհեստական վերարտադրության վերաբերյալ ստացված տվյալների հիման վրա կարելի է եզրակացնել, որ ներկայումս լճում մնացել է միայն գեղարքունի ենթատեսակը, որի բնական վերարտադրությունը լճում նույնպես տեղի չի ունենում: Այդ նպատակով Բնապահպանության նախարարության «Հայաստանում ձկան էնդեմիկ տեսակների պաշարների համալրում» ծրագրով մասնավոր տնտեսությունից պայմանագրային հիմունքներով գնվում և Սևանա լիճ են բաց թողնվում իշխանի երկու ենթատեսակների մանրաձկներ:

2. Սիգ - սիգի պոպուլյացիայի միջին տարիքը 3.1-ից (1991 թ.) նվազել է մինչև 1.1` 2004 թ. և 1.6` 2005 թ.: Ընդ որում` 1990-ական թվականներին որսաբաժնում մոդալ տարիքային խմբերը 2-3 տարեկան ձկներ էին, իսկ 1999 թ-ին` 1+ և 2+ տարիքային խմբերը: 1980-ական թվականների համեմատ` լճի ձկնարդյունավետությունը 2005 թվականին կրճատվել է 17 անգամ: Չնայած, յուրաքանչյուր տարի որոշվել են սիգի որսաչափերը, այնուամենայնիվ արդյունագործական ծանրաբեռվածությունը պոպուլյացիայի վրա մի քանի անգամ գերազանցել է թույլատրելի որսի սահմանները:

3. Սևանի կողակ և Սևանի բեղլու - Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շարունակվում է կրճատվել այս տեսակների պոպուլյացիաների թվաքանակը: Ընդ որում` կողակի պաշարների նվազումը լճային ձվադրավայրերի չորացման և ձվադրման շրջանում արդյունահանման հետևանք է: 2005 թ. իրականացված հետազոտությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ կողակի աճի տեմպերը, 1980-ական թվականների համեմատ, արագացել են, տեղի է ունեցել նաև կողակի պոպուլյացիայի երիտասարդացում և միջին չափերի փոքրացում` 30.0-ից 22.9 սմ, ինչը ինտենսիվ որսի արդյունք է: Ընդ որում` առավել ինտենսիվ է ընթանում փոքր տարիքային խմբերի աճը, որն առատ կերային բազայի առկայության ապացույց է:

4. Լճածածան - արծաթափայլ լճածածանը լիճ է ներթափանցել 1980-ական թվականների սկզբներին: Սևանա լճում աճում է լճածածանի մեկ պոպուլյացիա, որն այստեղ առաջացնում է բազմաթիվ սնվող և բազմացող վտառներ: Այն զանգվածաբար հանդիպում է Սևանա լճի ամբողջ ափամերձ հատվածում: Սևանա լճում լճածածանի սննդառության և վերարտադրման առանձնահատկությունների ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ, Սևանի սակավատեսակ իխտիոֆաունայի, պայմաններում, այս նոր տեսակը ընդունակ է ավելացնել իր թվաքանակը:

 

1.3.2. Բնապահպանական խնդիրները

 

Սևանա լիճն իր ֆիզիկական, քիմիական, կենսաբանական ցուցանիշներով համարվում է քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար:

Ցավոք, սկսած 30-ական թվականներից Սևանա լճի ջրի ինտենսիվ և ոչ հաշվենկատ օգտագործման հետևանքով խախտվել է լճի հավասարակշռությունը` առաջ բերելով ջրակենսաբանական պրոցեսների և ամբողջ էկոհամակարգի խաթարում, որի շարունակման դեպքում վտանգվում է Սևանա լճի` որպես քաղցրահամ ջրամբարի գոյությունը:

Վերջին տասնամյակների ընթացքում Սևանա լճի էկոլոգիական վիճակը խիստ վատթարացել է, որի համար հիմք են հանդիսացել հետևյալ պատճառները`

1. ջրի մակարդակի իջեցումը,

2. թունաքիմիկատների և օրգանական նյութերի հոսքը

3. անթրոպոգեն բացասական ազդեցությունը լճի հարուստ կենսաբազմազանության վրա:

1930-ական թվականներից սկսած` Սևանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում (էներգիայի արտադրություն և ոռոգում) խախտվեց Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը:

Լճի ջրի կորուստը բերեց մի շարք բացասական հետևանքների`

. Մակրոֆիտների կենսազանգվածի և ադապտացիոն ներուժի կրճատում:

. Լճի կենտրոնական հատվածում հիպոլիմնիոնի վտանգավոր կրճատում, ուր տեղի է ունենում օրգանական նյութերի հանքայնացում: Երբ այդ հատվածը լավ զարգացած է, լիարժեք հանքայնացում է տեղի ունենում առանց ջրում լուծված թթվածնի պարունակության կրճատման:

. Լճի էկոհամակարգի ֆունկցիոնալ և կառուցվածքային փոփոխություններ և ջրում նյութի կենսաքիմիական շրջապտույտի խախտում:

. Լճի ջրի միջին ջերմաստիճանի բարձրացում:

Բոլոր վերը նշված գործոնները իրենց ազդեցությունն են ունեցել լճի էտրոֆիկացման (ճահճացման, ծաղկման) գործընթացում: Լճի ծերացման (ճահճացման) գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 4oC հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: Այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվի լճին: Եթե ջրի ծավալը և խորությունը նվազում է, ապա վերանում է նաև այդ պաշտպանիչ շերտը, ինչի հետևանքով լիճը սկսում է ճահճանալ: Մեծ Սևանում շերտը լիովին բացակայում էր, Փոքր Սևանում այն կար աննշան չափով, սակայն ճահճացման երևույթներն արդեն տարածվում են նաև Փոքր Սևանի վրա. ջուրը կանաչում էր և ծաղկում ջրիմուռներով:

Իր հերթին ճահճացման հետևանքով լճի հատակում էականորեն պակասել էր լուծված թթվածնի քանակը, կրճատվել էր ջրի թափանցիկությունը 13 մ-ից մինչև 3 մ: Լճում ձկնային պաշարները կրճատվել էին մոտ 50 անգամ, և հատկապես տուժել էին էնդեմիկ տեսակները:

Սևանա լճի մակարդակի իջեցմանը զուգահեռ, ջրհավաք ավազանում տնտեսության տարբեր ճյուղերի ինտենսիվացման հետևանքով, զգալիորեն աճեց կենսածին տարրերով, ծանր մետաղներով և թունաքիմիկատներով հարուստ հոսքային ջրերի քանակը, որոնք թափվում են լիճ: Միջին հաշվով տարեկան լիճ է թափվել 7000 տոննա ազոտ, 400 տոննա ֆոսֆոր, մոտ 13 տոննա թունաքիմիկատներ և 135 տոննա ծանր մետաղներ: Ընդ որում` բնակչությունից և արդյունաբերությունից լիճ թափվող ազոտի քանակը կազմել է 7%, անասնապահությունից` 24% և բուսաբուծությունից` 40%, այսինքն` ընդհանուր աղտոտվածության գերակշռող մասը գյուղատնտեսական ոլորտինն է, որը կազմում է 64% (5):

_______________________

5) http://www.parliament.am/transcript.php?AgendaID=700&day=03&month= 04&year=2001&lang=arm

 

Մասնագետները հաշվարկել են, որ Սևանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է և ջրի մակարդակի բարձրացումը մինչև Բալթյան ծովի մակերևույթի (բ.մ.ծ.) 1903,5 մ նիշը: Այս նիշին գումարվում է նաև ալիքի առավելագույն բարձրության չափը` 1,5 մ (1903,5+1,5=1905,0):

Ջրի մակարդակի մինչև 1903 մ բարձրացման հետևանքով մոտ 3037 հա անտառներ կարող են մնալ ջրի տակ: Եթե լճի հարակից անտառը դառնա լճի հատակը, 5035 մ3 փայտանյութ կմնա ջրի տակ, 1 հեկտարի վրա` 68 տոննա: ՀՀ ԳԱԱ-ի հետազոտությունները պարզել են, որ եթե այդ անտառը մնա ջրի տակ, լիճ կլցվի 259 տոննա ազոտ և 23 տոննա ֆոսֆոր, ինչը կարող է կործանարար լինել ոչ միայն ջրի, այլև ձկնատեսակների համար: Ամենից շատ ազոտ են պարունակում ծառերի տերևներն ու ճյուղերը, որոնք մեծ մասամբ չեն հանվում լճից:

Սևանա լճի էկոլոգիական վիճակի բարելավման նպատակով նախաձեռնությունները սկսվել են դեռևս 1996-98 թթ, երբ Համաշխարհային Բանկի ֆինանսական աջակցությամբ մշակվեց «Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագիրը, որը հիմնականում ընդգրկեց հիմնախնդիրների լուծման հետևյալ հարցերը` օրենսդրություն, կառավարման հարցեր, լճի մակարդակի բարձրացում, ջրհավաք ավազանի կեղտաջրերի մաքրում, կենցաղային և արտադրական թափոնների կառավարում, ոչ կետային աղտոտվածությունների կանխում, ձկան պաշարների պահպանություն և վերարտադրություն, կենսաբազմազանության պահպանություն:

Սևանա լճի պահպանության և պաշարների արդյունավետ օգտագործման համար բացառիկ նշանակություն ունեցավ Որոտան-Արփա-Սևան ջրատեխնիկական համալիրի կառուցումը: Լճի մակարդակը բնականին մոտ պահելու համար ջրատարը լիճ է տեղափոխում Որոտան, Արփա, Եղեգիս գետերի հոսքի մի մասը (տարեկան 415 մլն մ3): Այն բաղկացած է Արփա-Սևան (կառուցվել է 1981 թ.-ին, տեղափոխում է 250 մլն մ3 ջուր) և Որոտան-Արփա (կառուցվել է 2004 թ.-ին, տեղափոխում է տարեկան 165 մլն մ3 ջուր) թունելային ջրատար համակարգերից:

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից վարած քաղաքականության շնորհիվ նվազել են նաև Սևանա լճից ջրի բացթողումների ծավալը: Օրենքի համաձայն` թույլատրվում է Սևանից բաց թողնել տարեկան մինչև 170 միլիոն մ3 ջուր: Վերջին տարիներին այդ ծավալները տատանվել են 150 միլիոնի սահմաններում (2012 թ.-ին 169 մլն մ3):

Սևանի բնապահպանական խնդիրների լուծմանը նպաստելու համար լճի ավազանում ստեղծվել է «Սևան» ազգային պարկը: Պարկը գտնվում է ՀՀ Բնապահպանության նախարարության իրավասության ներքո: Պարկը ներառում է 4 արգելոցներ` Նորաշենի, Լիճք-Արգիչի, Գիլլի, Արտանիշի և 2 արգելավայրեր` Գավառագետի և Գիհի-կաղնուտային ռելիկտային:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում` հատկապես ջրի մակարդակի բարձրացման հետևանքով, լճի ավազանում բնապահպանական իրավիճակը աստիճանաբար բարելավվում է: Մասնավորապես, լճի կենտրոնական հատվածում նկատվում է ջրի թափանցելիության էական բարելավում, որը միջինում հասնում է 11 մ-ի: Հետևաբար, ըստ այդ ինտեգրալ ցուցանիշի, ջրավազանը մոտ է 1930-ական թ-ի իր բնական բնութագրիչին, ինչը վկայում է լճի էկոլոգիական իրավիճակի դրական տեղաշարժերի մասին (6):

____________________

6) http://parliament.am/legislation.php?sel=show&ID=1676

 

1.4. Ոլորտի օրենսդրական դաշտի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետությունում ջրային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, օրենքներով և այլ իրավական ակտերով: Ջրային օրենսգրքի համաձայն Սևանա լճի կառավարման և պահպանության հարցերը կարգավորվում են օրենքով:

2001 թվականի մայիսի 15-ին ընդունվել է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի կարգավորման առարկան են Սևանա լճի, նրա ջրհավաք ավազանի և տնտեսական գործունեության գոտու էկոհամակարգերի պահպանման, վերականգնման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները: «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Սևանա լճի տնտեսական գործունեության գոտի է համարվում Սևանա լճի ջրային և ցամաքային այն տարածքները, որոնց վրա տնտեսական գործունեության իրականացումն անմիջականորեն կամ միջնորդավորված ձևով ներգործում է Սևանա լճի էկոհամակարգի վրա:

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման, նրա ջրհավաք ավազանում տնտեսական և այլ գործունեության կարգավորման նպատակով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվել են Սևանա լճի էկոլոգիական գոտիները, որոնցից կենտրոնական գոտին «Սևան» ազգային պարկի տարածքն է: Նշված տարածքը համապատասխան ռեժիմով պահպանվող սահմանափակ տնտեսական և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների, այդ թվում` ազգային պարկի գոտիների օգտագործման պետական քաղաքականության իրավական հիմունքները: Այս օրենքի առումով Ազգային պարկի տնտեսական գոտի է համարվում ազգային պարկի տարածքից առանձնացված տեղամասը, որտեղ թույլատրվում է ազգային պարկի ռեժիմին համապատասխանող տնտեսական գործունեություն, ներառյալ.

. էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական արտադրությունը,

. տարածքին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների վերարտադրությունը,

. պարկի պահպանության ռեժիմներով չարգելված արտադրության կազմակերպման նպատակով հողերի վարձակալությունը,

. օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը,

. ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը և այլն:

«Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կառավարության իրավասությանն են վերապահված Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի հատուկ պահպանվող տարածքների ռեժիմների և գոտիների սահմանների, ինչպես նաև Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում տնտեսական գործունեության իրականացման կարգի սահմանման, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման բնագավառներում բնական պաշարների օգտագործման, տնտեսավարող սուբյեկտների կողմից արտանետումների, արտահոսքերի և թափոնների թույլատրելի նորմերի հաստատման, ինչպես նաև ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգի սահմանման լիազորությունները:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, առանձնացման, կառավարման, պահպանության և օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությանն է վերապահել բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, կատեգորիաների և գոտիավորման սահմանման ու դրանց փոփոխության, ինչպես նաև չափերի և սահմանների վերաբերյալ որոշումների ընդունման և բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման կարգի սահմանման լիազորությունները:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Սևանա լճի մասին» և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում 2007 թվականի հունվարի 18-ին ընդունված N 205 որոշմամբ հաստատել է «Սևան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանը, որում ներկայացվել են «Սևան» ազգային պարկի գոտիների, այդ թվում` տնտեսական գոտու նկարագրությունը:

Ծրագրով նախատեսված մանրաձկան և ցանցավանդակային տնտեսությունները կարող են հիմնվել միայն «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտում, որը հնարավոր կլինի տնտեսությունների համար ընտրված տարածքները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու մեջ ներառելու պայմաններում:

Ձկնաբուծության ոլորտը կարգավորող մեկ միասնական օրենք կամ այլ իրավական ակտ դեռևս չկա: Ձկնաբուծության ոլորտին առնչվող տարբեր հարցեր կարգավորվում են մի շարք ենթաօրենսդրական ակտերով:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի հոկտեմբերի 9-ի N 995-Ն հրամանով հաստատված «Ձկնամթերքի արտադրությանը և իրացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-06-2003 սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով սահմանվում են ձկնամթերքի արտադրությանը և իրացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2319-Ն որոշմամբ հաստատված «Ձկան և ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննության» կարգով սահմանվել է ձկան և ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգն ու պայմանները` ջրային կենդանիների արդյունահանման, մթերման, պահպանման, վերամշակման և իրացման գործընթացներում:

Ոլորտը կարգավորում են նաև արտահանմանն ու ներմուծմանն առնչվող իրավական ակտեր, օրինակ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «ԵՄ երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնատների և դրանցից ստացված մթերքների մեջ վտանգավոր նյութերի առավելագույն քանակների հսկողության կանոնների մասին» N 1422-Ն որոշումը և այլն:

 

1.5. ՀՀ ձկնամթերքի արտահանման պոտենցիալ շուկաները

 

1.5.1. Ընդհանուր նկարագիրը

 

Ձկնաբուծությունը շարունակում է մնալ կենդանական սննդի ամենաարագ աճող ոլորտը, որն առաջ է անցնում բնակչության աճից:

2011 թ-ին (7) ձկնորսությունն ու ձկնաբուծությունը աշխարհին մատակարարում են մոտ 154 մլն տոննա ձկնամթերք, որից ձկնորսական արտադրության ծավալները կազմում են 90.4 մլն տոննա, իսկ ձկնաբուծական արտադրանքի ծավալը` 63.6 մլն տ: Արդյունքում մեկ շնչի հաշվով ձկնամթերքի սպառումը կազմում է մոտ 18.8 կգ:

____________________

7) http://www.fao.org/docrep/016/i2727e/i2727e.pdf

 

Չնայած ձկնորսությունը գերակշիռ տեղ ունի աշխարհում, այնուամենայնիվ, ձկնաբուծությունը բավականին մեծ մասնաբաժին է կազմում ձկան մատակարարման մեջ` 1990 թ.-ի 13%-ից 2011 թ.-ին հասնելով 40%-ի:

Ձկան համաշխարհային սպառման ծավալները բավականին աճել են վերջին 5 տասնամյակում, ինչի արդյունքում մեկ շնչի հաշվով ձկան տարեկան սպառման ծավալները 1960-ականների 9.9 կգ-ից 2011 թ.-ին հասել է մինչև 18.8 կգ-ի: Սաղմոնի, իշխանի և քաղցրահամ ջրերում աճեցվող մյուս ձկնատեսակների արտադրության աճը հանգեցրեց այդ ձկնատեսակների` մեկ շնչի հաշվով տարեկան սպառման ծավալների աճին` 1961 թ.-ի 1,5 կգ-ից 2011 թ.-ին հասնելով մոտ 6 կգ-ի:

2011 թ. ձկնաբուծության ծավալներով աշխարհում ձուկ արտադրող 10 ամենախոշոր երկրներն են` Չինաստանը (61.35%), Հնդկաստանը (7,76%), Վիետնամը (4,46%), Ինդոնեզիան (3,85%), Բանգլադեշը (2,19%), Թայլանդը (2,15%), Նորվեգիան (1,68%), Եգիպտոսը (1,54%), Մյանմարը (1,42%), Ֆիլիպինները (1,24%) և այլ երկրներ (12,35%):

2011 թ.-ին ձկնաբուծության հիմնական բաղկացուցիչներն են կազմում քաղցրահամ ձկները (56,4%), կակղամորթերը (23,6%), խեցգետնակերպերը (9.6%), ծովային ձկները (3.1%) և այլ ջրային կենդանիները (7.4%): Արտադրության ծավալներով գերակշռում է ծածանի, թիլափիայի, լոքոյի, ատլանտյան սաղմոնի, ծիածանափայլ իշխանի ու թառափի բուծումը:

2011 թ.-ին համաշխարհային ձկան մոտ 40.5%-ը (60.2 մլն) վաճառվել է կենդանի, թարմ կամ պաղեցված ձևով, 45.9%-ը (68.1 մլն)` սառեցված, պահածոյացված կամ վերամշակման այլ տարբերակով` ուղղակի սպառման համար: Վերամշակման եղանակները տարբերվում են ըստ մայրցամաքների և երկրների: Օրինակ, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում սառեցված ու պահածոյացված ձկնամթերքը կազմում են ձկնամթերքի սպառման 2/3-ը, իսկ Աֆրիկայում հիմնական մասնաբաժինը կազմում է աղադրած ձուկը (14%)` ավելին, քան համաշխարհային միջինը:

Ձկնաբուծությունը զարգանում, ընդլայնվում ու ակտիվանում է աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններում, քանի որ ձկնամթերքի նկատմամբ պահանջարկը համաշխարհային հանրության կողմից գնալով աճում է: Մանավանդ, որ գերձկնորսության հետևանքով շատ ձկնորսական տարածքներ հասել են իրենց առավելագույն պոտենցիալին և չեն կարող բավարարել ձկնամթերքի նկատմամբ աճող պահանջարկը: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (UN Food and Agriculture Organisation (FAO)) կանխատեսումների համաձայն մեկ շնչի հաշվով ձկնամթերքի սպառման ծավալների ներկա մակարդակի բավարարման համար համաշխարհային ձկնաբուծական արտադրությունը 2050 թ.-ին պետք է հասնի 80 մլն տոննայի (8): Ընդ որում, կարևորելով կայուն ձկնամթերքի նկատմամբ պահանջարկի աճի ցուցանիշները, հատկապես ընդունելի է ինտեգրացված բազմապրոֆիլ ձկնաբուծության (որը խրախուսում է տնտեսական ու բնապահպանական կայունություն) և օրգանական ձկնաբուծության զարգացումը:

____________________

8) http://www.fao.org/fishery/topic/13540/en

 

ՀՀ-ում նույնպես վերջին տարիներին ձկնաբուծության զարգացման աճի տենդենց է նկատվում: 2012 թ.-ի տարեկան ձկնարտադրությունը ՀՀ-ում կազմում է շուրջ 9000 տոննա: 2010-2011 թթ. ընթացքում լճակային ձկնարտադրության ծավալներն ավելացել են 23%-ով` կազմելով 7095 տոննա, որոնցից գերակշռող մասը կազմում են սաղմոնազգի ձկնատեսակները: 2011 թ.-ի դրությամբ ՀՀ-ում ձկնամթերքի միջին ամսեկան սպառումը մեկ շնչի հաշվով կազմել է 0.3 կգ, հետևաբար միջին տարեկան սպառումը` 3.6 կգ (9), որից միայն ձկան միջին տարեկան սպառումը` 2.3 կգ (10), իսկ 2012 թ.-ի համար նույն ցուցանիշը կազմում է արդեն 2.5 կգ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով մեկ անձի հաշվով ձկնամթերքի տարեկան սպառումը պետք է լինի առնվազն 10 կգ:

______________________

9) http://www.armstat.am/file/article/poverty 2012a 3.pdf, ԱՎԾ, Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, Տնային տնտեսությունների եկամուտները, ծախսերը և հիմնական սննդամթերքի սպառումը, 2012

10) http://www.armstat.info/file/article/f sec 2 13 6.1-6.6.pdf

 

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործող 250 ձկնաբուծական ֆերմաներից, միայն 24-ն ունեն արտահանման թույլտվություն: Հայաստանը հիմնականում արտահանում է թարմ և սառեցված ձկնամթերք: 2012 թ.-ին արտահանվել է արտադրված ձկնամթերքի մոտ 19.8%-ը, 2010-ի 7.7%-ի համեմատ: Իսկ ներմուծման ծավալները 2012 թ.-ին 2011 թ.-ի համեմատությամբ նվազել են (2011 թ.` 4746 տ, 2012 թ.` 2801 տ): 2012 թ.-ին ՀՀ-ում ձկան արտադրության ծավալը հասնում է մոտ 9300 տ (11)-ի: 2012 թ.-ին Հայաստանից արտահանված ձկան ծավալը կազմել է 3617 տ 21 341 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: ՀՀ ձկնամթերքը հիմնականում արտահանվում է ՌԴ, ինչպես նաև ՈՒկրաինա, Վրաստան: Դա պայմանավորված է այլ շուկաներ (եվրոպական, հյուսիսամերիկյան) արտահանելու համար սննդամթերքի անվտանգությանը և որակին ներկայացվող խիստ ստանդարտներով: Եվրոպական Միության երկրներից արտահանում իրականացվում է հիմնականում դեպի Բելգիա, Ֆրանսիա և Գերմանիա, սակայն արտահանվում են միայն խեցգետնակերպեր: Ձկնարդյունաբերության հետագա զարգացումն անհրաժեշտ է իրականացնել` հաշվի առնելով ԵՄ շուկայի ստանդարտների պահանջները, ինչը կհեշտացնի հայկական ձկնամթերքի արտահանման համար անհրաժեշտ սերտիֆիկատների ստացման գործընթացը և լայն հնարավորություն կստեղծի համաշխարհային շուկաներում հայկական ձկնամթերքի իրացման համար:

______________________

11) http://www.armstat.info/file/article/f sec 2 13 6.1-6.6.pdf էջ 67

 

Միջազգային համագործակցությունների և մաքսային քաղաքականության առումով Հայաստանն ունի լավ օրենսդրական դաշտ ԱՊՀ երկրների հետ առևտրային հարաբերությունների ձևավորման համար: Հայաստանի բոլոր ազատ առևտրի համաձայնագրերը կնքված են միայն այս երկրների հետ: 1991 թ.-ից սկսած Հայաստանի կառավարությունը կնքել է բազմաթիվ առևտրային ու տնտեսական պայմանագրեր աշխարհի 40 երկրների հետ: Հայաստանը նաև կնքել է Ազատ առևտրի համաձայնագրեր 7 երկրների հետ, չնայած որ նրանք բոլորը ԱՊՀ երկրներ են` Ղազախստան, Վրաստան, Թուրքմենստան, ՈՒկրաինա, Մոլդովա, Ղրղստան և Ռուսաստանի Դաշնություն: Թվարկված երկրներից սակայն ձկնամթերքը դեռևս արտահանվում է միայն Վրաստան, ՈՒկրաինա, Ռուսաստանի Դաշնություն: 2003 թ.-ից Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ: Դա ստեղծում է լավ միջավայր արտաքին առևտրում բիզնեսի ընդգրկման և տեղական ապրանքների արտահանման ընդլայնման համար:

Երկիրն, անշուշտ, կարող է շահել նաև Արևմտյան Եվրոպայում օրգանական ձկնամթերքի համար առաջարկը մեծացնելով: Պոտենցիալ շուկաների վերլուծությունն անհրաժեշտ է ուժեղ մարքեթինգային ռազմավարություն մշակելու համար:

Գոյություն ունեցող և պոտենցիալ արտահանման շուկաները դիտարկենք առավել մանրամասն.

 

1.5.2. Ռուսաստանի Դաշնության ձկնամթերքի շուկան

 

Ռուսաստանի Դաշնությունը համարվում է Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի ամենամեծ սպառողական շուկան: Ռուսաստանում 2012 թ.-ին մեկ շնչի հաշվով ձկնամթերքի սպառումը կազմում էր 22 կգ (12)` համեմատած եվրոպական միջինում 24 կգ-ի և ճապոնական 26 կգ-ի հետ:

______________________

12) http://www.biztass.ru/news/id/62472

 

Ձկնաբուծական արտադրության ծավալների զգալի աճ է գրանցվել` 2011 թ. եղած 130 հազար տոննայից 2013 թ. հասնելով 200 հազար տոննայի: Մասնագետների կանխատեսմամբ 2020 թ. այն կհասնի 410 հզր տոննայի:

2008 թ.-ին Ռուսաստանում գրանցվել է 3 509 646 տ ձկնարդյունաբերական արտադրանք (որից ձկնաբուծության արտադրանքը կազմում է` 115 680 տ), իսկ 2011 թ.-ին այդ ցուցանիշը հասել է 4 391 154 տ-ի (որից ձկնաբուծության արտադրանքը եղել է 129 651 տ)` աճելով մոտ 25%-ով: Ձկնաբուծական արտադրանքի մեջ մեզ հետաքրքրող ձկնատեսակներից կարելի է առանձնացնել ծովային իշխանը (2010 թ.`199 տ), թառափը (2010 թ.` 2078 տ, 2011 թ` 3020 տ) և սաղմոնը (2010 թ.` 23589 տ, 2011 թ.` 29680 տ):

Չնայած արտադրության ծավալների աճին, այնուամենայնիվ ներմուծումը նույնպես աճի տենդենց ունի:

2012 թ. Ռուսաստանի Դաշնություն հիմնականում ներմուծվել է`

 

.__________________________________________________________________.

|Արտադրանք                     |Ընդհանուր        |Սաղմոն  |Իշխան   |

|                              |ներմուծում       |        |        |

|                              |_________________|________|________|

|                              |Ներմուծ- |Աճը    |Ներմուծ-|Ներմուծ-|

|                              |ված քանակ|նախորդ |ված     |ված     |

|                              |(տ)      |տարվա  |քանակ   |քանակ   |

|                              |         |համեմատ|(տ)     |(տ)     |

|                              |         |(%)    |        |        |

|______________________________|_________|_______|________|________|

|0304-Ձկան ֆիլե և  կտորներ     |   123506|  -1.71|     781|     518|

|______________________________|_________|_______|________|________|

|0302-Ձուկ թարմ, ամբողջական    |   180372|  40.99|  132144|   34923|

|______________________________|_________|_______|________|________|

|0303-Ձուկ սառեցված, ամբողջական|   432362|  -3.64|   27980|   21516|

|______________________________|_________|_______|________|________|

|0305-Ձուկ պահածոյացված կամ    |    13249|  25.71|      43|      94|

|ծխեցված                       |         |       |        |        |

|______________________________|_________|_______|________|________|

|0301-Ձուկ կենդանի             |      494|  33.97|       -|     203|

|______________________________|_________|_______|________|________|

|Ընդամենը                      |   749983|      -|  160948|   57254|

.__________________________________________________________________.

 

Առաջնային ներմուծող երկրներն են Նորվեգիան (2012 թ. ընդամենը ներմուծված ձուկ` 317 439 տ), Չինաստանը (2012 թ.` ընդամենը ներմուծված ձուկ` 67 715 տ), Իսլանդիան (2012 թ.` ընդամենը ներմուծված ձուկ` 94 091 տ): Այդ ցուցակում Հայաստանը 17-րդ տեղում է Թուրքիայից ու Արգենտինայից հետո: Իսկ արտահանման խոշոր շուկաներն են Կորեայի Հանրապետությունը, Չինաստանը, Նիդեռլանդները, Ճապոնիան:

Ձկնամթերքի սպառումը մեծամասամբ կախված է տնային տնտեսությունների եկամուտից: Հիմնականում սպառում են սաղմոն, իշխան, սկումբրիա, ծովատառեխ: Պրեմիում ձուկն ու ծովամթերքն առավելապես սպառվում են բարձր եկամուտ ունեցող սպառողների կողմից: Միջին կամ ցածր եկամուտ ունեցողները ձուկը և ծովամթերքը սպառում են որպես տոնական կամ հատուկ առիթի ուտեստ` միջինում 3-4 ամիս ժամանակահատվածում:

Ձկան և ծովամթերքի մեծ մասի վաճառքը կազմակերպվում է մանրածախ վաճառքի միջոցով, որը 2008 թ. կազմում էր ընդհանուր վաճառքի մոտ 80%-ը, իսկ մնացած մասը իրացվում է սննդի սպասարկման կետերում և հաստատություններում: Հետազոտությունը ցույց է տալիս, որ ձկնամթերքի միջին մանրածախ գինը 2009 թ. համեմատ աճել է 10-20%-ով` կախված տեսակից: Իսկ սուպերմարկետներում ձկնամթերքի միջին գինը 10-30%-ով ավելի բարձր է, քան բաց շուկայում:

2012 թ.-ին Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն ձկան արտահանումը 2011 թ.-ի համեմատությամբ աճել է մոտ 69%-ով` կազմելով մոտ 1840 տ` համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում ունեցած 1 280 տ-ի հետ: Փորձագետների հավաստմամբ Ռուսաստանում ձկան սպառումը կաճի: Հատկապես մեծ է պահանջարկը թարմ ձկան` մասնավորապես թառափի ու ծածանի համար, որոնք մեծամասամբ վաճառվում են հատուկ շուկաներում: Մեծ տեղ ունի նաև պաղեցված ձուկը, ծխեցված ծածանը, պահածոյացված ձուկը:

 

--------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.2013
N 1442-Ն
Որոշում