Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 67 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱ ...

 

 

020.0160.210699

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 67 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 21 հունիսի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ`

դիմող կողմի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Կարապետ Ներսիսյանի, նրա ներկայացուցիչներ` Հովհաննես Լալայանի և Հովհաննես Դավթյանի,

պատասխանող կողմի` Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ Պարգև Կուրղինյանի, Հովհաննես Պետրոսյանի և Ժաննա Աղաջանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի և 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 25 հոդվածի 3 կետի և 57 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 67 ընտրատարածքում 1999 թվականի մայիսի 30-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Կարապետ Ներսիսյանի դիմումը:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Կարապետ Ներսիսյանի, նրա և Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների բացատրությունները և հետազոտելով գործում առկա փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովը 1999 թվականի հունիսի 3-ին, ամփոփելով թիվ 67 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները, որոշում է կայացրել Սամվել Ավետիսյանի` Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու մասին:

Համաձայն Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով 1999 թվականի մայիսի 30-ի ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության, թիվ 67 ընտրատարածքում առաջադրված և ՀՀ ընտրական օրենսգրքի 114 հոդվածի 4 կետով սահմանված կարգով քվեաթերթիկներում ընդգրկված 12 պատգամավորության թեկնածուների օգտին տրված ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Սամվել Ավետիսյան` 3524, Կարապետ Ներսիսյան` 2849, Հունան Պետրոսյան` 2285, Աշոտ Շահբազյան` 2251, Պետրոս Մակեյան` 2084, Ռոմիկ Մանուկյան` 1931, Կարապետ Բայբուրդցյան` 1062, Արթուր Եզեկյան` 989, Գագիկ Հովհաննիսյան` 626, Յուրիկ Պետրոսյան` 224, Խաչիկ Սարգսյան` 210:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Կարապետ Ներսիսյանը սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով մարզային ընտրական հանձնաժողովի նշված որոշումն անընդունելի է համարում և խնդրում է պատգամավորի ընտրությունն այդ ընտրատարածքում ճանաչել անվավեր: Նա գտնում է, որ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի լուրջ խախտումներ, որոնք ազդել են ընտրատարածքում ընտրությունների արդյունքների վրա: Մասնավորապես նշվում է, որ մի քանի տեղամասերի ընտրացուցակներում բացակայում են ընտրողների անձնագրային տվյալները, տարբեր անձինք քվեարկել են միևնույն անձնագրով, որոշ տեղամասերում նախապես ընտրացուցակներում չընդգրկված անձինք ընտրացուցակներում ընդգրկվել և քվեարկել են առանց դատարանի համապատասխան վճռի:

Դիմող կողմը նշված օրինախախտումների առկայությունը հիմնավորելու համար ներկայացրել է համապատասխան տեղամասերի ընտրացուցակների պատճեններ, մարզային ընտրական հանձնաժողովի երեք անդամի և պատգամավորության թեկնածուների երկու վստահված անձանց կողմից կատարված ստուգումների վերաբերյալ արձանագրության պատճենը, մարզային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրությունների պատճենները:

3. Սահմանադրական դատարանի որոշմամբ գործի քննությանը որպես պատասխանող կողմ ներգրավված Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներն առարկեցին դիմումի դեմ, պատճառաբանելով, որ դիմողի մատնանշած խախտումները չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ այդ տեղամասերում հաղթող թեկնածուն նվազագույն ձայներ է ստացել:

4. Սահմանադրական դատարանը Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովից պահանջել և ստացել է հետևյալ փաստաթղթերը, թիվ 67 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վերաբերյալ Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի որոշման, ինչպես նաև մարզային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության` հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից վավերացված պատճենները, թիվ 67 ընտրատարածքի բոլոր ընտրական տեղամասերի ինչպես ամփոփիչ, այնպես էլ անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների պատճենները, այդ ընտրատարածքի տեղամասերում ընտրության արդյունքների վերաբերյալ մարզային ընտրական հանձնաժողով մուտքագրված դիմում-բողոքների օրինակները և տեղեկանք` դրանց ընթացք տալու մասին:

5. Կարապետ Ներսիսյանի դիմում-բողոքի հիման վրա մարզային ընտրական հանձնաժողովի երեք անդամի և պատգամավորության թեկնածուների երկու վստահված անձանց կողմից կատարված ստուգումների վերաբերյալ 1999 թվականի հունիսի 3-ի արձանագրության համաձայն Արևշատ համայնքի թիվ 1318 տեղամասի ընտրացուցակներում բացակայում են թվով 480 ընտրողների անձնագրային տվյալներ, թվով 496, 204, 184 ընտրողների անձնագրերի սերիաներ բացակայում են համապատասխանաբար Մեծ Մանթաշ համայնքի 1320, Անուշավան համայնքի 1313 և Ախուրյան համայնքի 1324 տեղամասերում: Ախուրյան համայնքի 1324 տեղամասում թվով 20 անձինք` Գյումրի, Երևան, Վանաձոր քաղաքների բնակիչներ, և Արևիկ համայնքի 1329 տեղամասում թվով 36 անձինք` տվյալ համայնքի բնակիչներ չհանդիսացող ընտրողներ, քվեարկել են առանց դատարանի վճռի:

6. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 5 կետին համապատասխան պատգամավորի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը բացառում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը, կամ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել նույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա:

Ներկայացված ընտրացուցակների հետազոտման արդյունքում պարզվեց, որ Արևշատ համայնքի թիվ 1318 տեղամասի ընտրացուցակներում բացակայում են թվով 516 անձնագրային տվյալներ, իսկ Մեծ Մանթաշ համայնքի 1320, Անուշավան համայնքի 1313 և Ախուրյան համայնքի 1324 տեղամասերում համապատասխանաբար թերի են թվով 400, 376 և 167 ընտրողների անձնագրային տվյալները: Նշված տեղամասերում խախտվել են ՀՀ ընտրական օրենսգրքի` ընտրողների գրանցման կարգը սահմանող 55 հոդվածի 2 կետի պահանջները, համաձայն որի հանձնաժողովի` գրանցման համար պատասխանատու անդամն ստուգում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ընտրողների ցուցակում գտնում է նրա անունը, ազգանունը և հերթական համարը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները լրացնում է ընտրողների ցուցակում, և ընտրողն ստորագրում է այդ տվյալների դիմաց: Սակայն տեղամասային ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրությունների ուսումնասիրությունը վկայում է, որ Արևշատ համայնքի թիվ 1318, Մեծ Մանթաշ համայնքի 1320 և Անուշավան համայնքի 1313 տեղամասերում, ուր տեղ են գտել ՀՀ ընտրական օրենսգրքի 55 հոդվածի 2 կետի խախտումները, ընտրված թեկնածու Սամվել Ավետիսյանի օգտին տրվել է համապատասխանաբար 4, 39 և 3 ձայն` ընդդեմ Կարապետ Ներսիսյանի օգտին տրված 308, 126 և 29 ձայնի: Հետևաբար, այս տեղամասերում տեղ գտած օրինախախտումները չէին կարող ազդեցություն ունենալ առավելագույն «կողմ» ձայներ ստացած թեկնածու Սամվել Ավետիսյանի օգտին տրված ձայների քանակի վրա: Սամվել Ավետիսյանի օգտին տրված ձայների քանակի վրա ազդեցություն չէր կարող ունենալ նաև Ախուրյան համայնքի 1324 տեղամասում թվով 167 ընտրողների անձնագրերի սերիաների բացակայության փաստը, քանզի այս տեղամասում Սամվել Ավետիսյանի օգտին քվեարկել է 1815 ընտրող, իսկ հաջորդ առավել «կողմ» ձայներ ստացած թեկնածուի օգտին` 68 ընտրող:

Ընտրատարածքի բոլոր 26 ընտրական տեղամասերի` անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափն ըստ այդ արձանագրությունների կազմում է 487, իսկ ըստ ամփոփիչ արձանագրությունների տվյալների` 134: Անճշտությունների այդ չափի չի բացառում ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը, քանի որ առավելագույն «կողմ» ձայներ ստացած թեկնածու Սամվել Ավետիսյանի և հաջորդ առավել «կողմ» ձայներ ստացած թեկնածուի` Կարապետ Ներսիսյանի ստացած ձայների տարբերությունը կազմում է 675, որն ավելին է, քան անճշտությունների չափը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 57, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Կարապետ Ներսիսյանի պահանջը` Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունը թիվ 67 ընտրատարածքում անվավեր ճանաչելու մասին, մերժել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

21 հունիսի 1999 թվականի

ՍԴՈ-160

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
21.06.1999
N ՍԴՈ-160
Որոշում