Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                      ԱՐԴ/0150/01/12

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՐԴ/0150/01/12

Նախագահող դատավոր` Ա. Խաչատրյան

    Դատավորներ`        Ա. Դանիելյան

                       Լ. Թադևոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                         Կ. Աբրահամյանի

 

    2013 թվականի սեպտեմբերի 13-ին                          ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Օգսեն Ղազարի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի մարտի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է թիվ 57115612 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2012 թվականի սեպտեմբերի 11-ին Օգսեն Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2012 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ Օ.Մկրտչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

2012 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ Օ.Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

2012 թվականի նոյեմբերի 14-ին Օ.Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 21-ի դատավճռով Օ.Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով: Օ.Մկրտչյանը զրկվել է նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` Օ.Մկրտչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:

Տուժողի իրավահաջորդ Գեղեցիկ Գևորգյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցի հարցը` 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, համարվել է լուծված, իսկ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի պահանջի վերաբերյալ կողմերի միջև կայացած համաձայնության շուրջ, պարտավորությունը չկատարելու պայմաններում, տուժողի իրավահաջորդ Գ.Գևորգյանին իրավունք է վերապահվել ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով դիմելու դատարան:

3. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի մարտի 18-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունվարի 21-ի դատավճիռը` նշանակված պատժի մասով, թողել է օրինական ուժի մեջ: Քաղաքացիական հայցի հարցը համարվել է լուծված: Դատավճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 18-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի մայիսի 8-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ամբաստանյալ Օ.Մկրտչյանը և նշելով, որ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական են, արդարացի, իսկ վճռաբեկ բողոքը` անհիմն, հակասական, չպատճառաբանված, չի բխում օրենքի պահանջներից, խնդրել է այն մերժել և ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 21-ի դատավճիռը:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Ամբաստանյալ Օ.Մկրտչյանը դատապարտվել է այն բանի համար, որ «2012 թվականի սեպտեմբերի 11-ին` ժամը 21.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Ռ.Եսայան փողոցում իր կողմից վարած «Վազ 21063» մակնիշի 64 ՕՏ 371 պետհամարանիշի ավտոմեքենայով երթևեկել է տվյալ պայմանների համար սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ, ու իր երթևեկության համար վտանգն առաջանալու` հանդիպակաց ուղղությամբ ընթացող ավտոմոբիլի հեռահար լույսերից շլանալու սկզբնապահից սկսած, արգելակում չկատարելով, այլ շլացած վիճակում շարունակելով երթևեկությունը, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների 65, 67 և 129 կետերի պահանջներին հակասող գործողություններ և վրաերթի է ենթարկել իր ավտոմեքենային համընթաց քայլող հետիոտն, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ Արսեն Նորիկի Ենոքյանին և անզգուշությամբ պատճառել մահ»:

6. 2013 թվականի հունիսի 28-ին Վճռաբեկ դատարանում ստացված մահվան վկայականի պատճենի համաձայն` ամբաստանյալ Օ.Մկրտչյանը 2013 թվականի հունիսի 16-ին մահացել է տեխնիկական էլեկտրահարության պատճառով:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը բերվել է հետևյալ հիմքերով ու հիմնավորումներով.

7. Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 18-ի որոշումը հիմնավորված և օրինական չէ, դրանով թույլ են տրվել նյութական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Բողոքի հեղինակը, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-63-րդ, 70-րդ հոդվածների, Վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված որոշումների վկայակոչմամբ, նշել է, որ ամբաստանյալ Օ.Մկրտչյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելով` Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ քրեական օրենսգրքի վերոգրյալ դրույթների պահանջները, ինչի արդյունքում նշանակել է ոչ արդարացի պատիժ` հաշվի չառնելով Օ.Մկրտչյանի կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, ինչպես նաև նրա պատժի անհատականացման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների ամբողջ ծավալը:

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը չի վերլուծել պատժի բոլոր նպատակների իրականացման համատեքստում, մինչդեռ դրանց պատշաճ վերլուծությունը ցույց կտար, որ նշանակված պատժի կրումից Օ.Մկրտչյանին ազատելը զգալիորեն նվազեցնում է պատժի նպատակների իրականացման հնարավորությունը:

8. Վերոգրյալի հիման վրա` բողոքի հեղինակը խնդրել է Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 18-ի որոշումը բեկանել և փոփոխել, գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նախևառաջ պետք է պատասխանել հետևյալ իրավական հարցին. առկա՞ է արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` քրեական գործի վարույթը բացառող հանգամանք:

i

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

1) բացակայում է հանցագործության դեպքը.

2) արարքի մեջ հանցակազմ չկա.

3) վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է իրավաչափ.

4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը.

5) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ.

6) անցել են վաղեմության ժամկետները.

7) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ դատարանի այլ որոշում, որը հաստատում է քրեական հետապնդման անհնարինությունը.

8) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում.

9) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին.

10) անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար.

11) անձը կամովին հրաժարվել է հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց, եթե նրա փաստորեն կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում.

12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից.

13) ընդունվել է համաներման ակտ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ դրանում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Սարգսյանի գործով որոշման մեջ և արձանագրել, որ «(...) թեև (...) [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման» (տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը):

11. Վերոգրյալ իրավական դիրքորոշման համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված հիմքի` քրեական հետապնդման ենթարկվող անձի մահվան դեպքում, այդ անձի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, իսկ քրեական գործի վարույթը` կարճվի:

Նշվածից բացառություն կարող է լինել միայն այն դեպքերում, երբ տվյալ գործով վարույթի իրականացումն անհրաժեշտ է.

ա) մահացածի իրավունքների վերականգնման համար,

բ) այլ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար:

Հետևաբար, եթե բացառություն կազմող վերոգրյալ անհրաժեշտությունը բացակայում է, ապա անձի մահվան դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ քրեական գործի վարույթը` կարճման, անկախ նրանից, թե գործը քննության որ փուլում է գտնվում:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով Օ.Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով, և նա զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` Օ.Մկրտչյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:

Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը` վիճարկելով ամբաստանյալ Օ.Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման իրավաչափությունը: Գործի քննության արդյունքներով Վերաքննիչ դատարանը բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` նշանակված պատժի մասով, թողել է օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը` փաստարկելով, որ ամբաստանյալ Օ.Մկրտչյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելով` դատարանը սահմանել է ոչ արդարացի պատիժ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը` վերը նշված հիմնավորումներով, Վճռաբեկ դատարանի 2013 թվականի մայիսի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

2013 թվականի հունիսի 28-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է սույն գործով ամբաստանյալ Օ.Մկրտչյանի մահվան փաստը հաստատող վկայականի պատճենը, որի համաձայն` Օ.Մկրտչյանն էլեկտրահարվելու պատճառով 2013 թվականի հունիսի 16-ին մահացել է (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

13. Սույն որոշման 10-11-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 12-րդ կետում նշված փաստական հանգամանքները, այն է` ամբաստանյալ Օ.Մկրտչյանի մահվան փաստը, ինչպես նաև այն, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը բերված չէ ամբաստանյալի իրավունքների վերականգնման նպատակով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված` Օ.Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ինչպես նաև նրա վերաբերյալ քրեական գործի վարույթը բացառող հանգամանք: Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բացակայում է մահացածի իրավունքների վերականգնման նպատակով գործի վարույթը շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես նաև առկա չէ այլ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու անհրաժեշտություն:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Օգսեն Ղազարի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 21-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի մարտի 18-ի որոշումը պետք է բեկանել, Օ.Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել` ամբաստանյալի մահվան հիմքով:

ՈՒստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Օգսեն Ղազարի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 21-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի մարտի 18-ի որոշումը բեկանել, Օգսեն Ղազարի Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել` նրա մահվան կապակցությամբ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.09.2013
N ԱՐԴ/0150/01/12
Որոշում