Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

 

 

041.0085.100214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 փետրվարի 2014 թվականի N 85-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1693-Ն որոշման N 2 հավելվածի 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում երիտասարդական քաղաքականության արդյունավետության բարձրացման, երիտասարդական մասնակցության խթանման նպատակով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի օրինակելի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մինչև 2014 թվականի ապրիլի 1-ը ստեղծել Հայաստանի Հանրապետության մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդ, հաստատել խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2014 թվականի փետրվարի 10-ի

N 85-Ա որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) խորհրդակցական մարմին է:

2. Խորհրդի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և խորհրդի կանոնադրությանը համապատասխան:

3. Խորհրդի ձևավորման ու գործունեության սկզբունքներն են`

1) ժողովրդավարությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը.

2) երիտասարդների շրջանում բազմակարծության և հավասար հնարավորությունների ապահովումը` անկախ քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային կամ կրոնական պատկանելությունից, սեռից, տարիքից կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից.

3) երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների, երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի ոլորտի փորձագետների և հետազոտողների մասնակցությունը տեղերում որոշումների ընդունման գործընթացներին.

4) տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և ոչ պետական կազմակերպությունների համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության բնագավառում համակառավարման ապահովումը.

5) խորհրդի կազմի ձևավորման գործընթացում ներկայացուցչականության, արհեստավարժության և մասնագիտական գիտելիքների առաջնայնության ապահովումը:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Խորհրդի նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելը և խթանելը, երիտասարդական քաղաքականության համակարգված, հասցեավորված ու նպատակային իրականացմանն աջակցելը, հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցությունը խթանելն ու երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը նպաստելն է:

5. Խորհրդի խնդիրներն ու գործառույթներն են`

1) մարզերում երիտասարդական քաղաքականության արդյունավետության բարձրացումը, երիտասարդության հարցերին առնչվող պետական, մարզային և համայնքային մարմինների համագործակցության ապահովումը.

2) մարզերում երիտասարդական քաղաքականության գնահատումն ու Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի մարզպետին (այսուհետ` մարզպետ) համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.

3) երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում մարզային և համայնքային ծրագրերի քննարկումը, դրանց ֆինանսավորման անհրաժեշտության, ծավալների ու ձևերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը և դրանք ներկայացնելը, հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորումը, երիտասարդական կազմակերպությունների գործունեության ընդլայնման և խրախուսման նպատակով տարբեր կազմակերպական, ծրագրային, ենթակառուցվածքային և այլ խնդիրների հայտնաբերումը և մարզպետին համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.

4) երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, առողջապահական, բնապահպանական, իրավական և այլ խնդիրների քննարկումը և մարզպետին առաջարկություններ ներկայացնելը.

5) երիտասարդության (այդ թվում` ազգային փոքրամասնությունների) հոգևոր և ֆիզիկական զարգացմանը, քաղաքացիական և ազգային գիտակցության բարձրացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, ազգային հոգևոր-մշակութային ժառանգությանն ու համամարդկային արժեքներին հաղորդակից դարձնելուն, ավանդական բարոյական արժեքների քարոզչությանն ուղղված հասարակական նախաձեռնություններին և ծրագրերին, շնորհալի անհատ ստեղծագործողներին և արվեստագետներին աջակցելու մեխանիզմների ապահովմանը նպաստելը.

6) մարզում կատարվող երիտասարդական աշխատանքները գնահատելու և խթանելու նպատակով մրցանակաբաշխություն կազմակերպելն ու անցկացնելը, տարվա ընթացքում երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի ոլորտում լուրջ ներդրում ունեցած երիտասարդներին կամ երիտասարդական կազմակերպություններին տարբեր կարգի պարգևների, մրցանակների և պատվոգրերի շնորհման ներկայացնելը մարզպետին:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Խորհրդի կազմում ընդգրկվում են տվյալ մարզի բոլոր քաղաքային, ինչպես նաև 3500 և ավելի բնակիչ ունեցող համայնքների երկուական ներկայացուցիչ, որոնցից մեկը ներկայացնում է պետական, իսկ մյուսը` ոչ պետական հատվածը:

7. Խորհրդի պետական հատվածը ներկայացնող անդամը համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ այդ հաստիքի բացակայության դեպքում` համապատասխան համայնքի աշխատակազմի ղեկավարը:

8. Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամը 16-30 տարեկան երիտասարդ է, որը համապատասխանում է հետևյալ չափանիշներին`

1) երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական և մշակութային խնդիրներին տիրապետելը.

2) երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձ.

3) երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն:

9. Հավասար պայմանների դեպքում որպես առավելություն են դիտվում երիտասարդական քաղաքականության բնագավառում իրականացված փորձագիտական աշխատանքները կամ հրապարակումները, ոչ ֆորմալ կրթության ոլորտի գիտելիքները և գործնական աշխատանքի փորձը:

10. Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամն առաջադրվում է համայնքի ավագանու կողմից` մրցութային կարգով, սույն կանոնադրության 8-րդ կետին համապատասխան չափանիշներով: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն ապահովում է մրցույթի վերաբերյալ հայտարարության զետեղումը մարզպետարանի պաշտոնական կայքէջում, իսկ համայնքի ավագանին համապատասխան հայտարարություն է տեղադրում համայնքի տպագիր և էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներում, ինչպես նաև իր վարչական շենքում հայտարարությունների համար նախատեսված տեղում:

11. Նշված չափանիշները բավարարող թեկնածու չլինելու դեպքում խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամը կարող է առաջադրվել համայնքի ավագանու կազմից` ինքնաառաջադրման սկզբունքով, սույն կանոնադրության 8-րդ կետին համապատասխան չափանիշներով: Համապատասխան թեկնածու չլինելու դեպքում տվյալ համայնքից խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամ է ընտրվում ավագանու` տարիքով ամենաերիտասարդ անդամը:

12. Խորհրդի անհատական կազմը հաստատում է մարզպետը` մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

13. Խորհրդի նախագահը մարզպետն է: Խորհուրդն ունի քարտուղար, որն ընտրվում է խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամներից:

14. Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կողմից` ոչ ուշ, քան յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստ կարող է գումարվել նաև ըստ անհրաժեշտության` խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

15. Խորհրդի նիստերը նախագահում է խորհրդի նախագահը: Խորհրդի նիստերի արձանագրությունները և որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և խորհրդի քարտուղարը: Խորհրդի գործունեությանն առնչվող փաստաթղթերն ու որոշումները հրապարակվում են մարզպետարանի կայքէջում: Խորհրդի գործունեությունը լուսաբանվում է զանգվածային լրատվության միջոցներով և համացանցով:

16. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա անդամների առնվազն 2/3-ի պահանջով կարող է անցկացվել փակ քվեարկություն:

17. Խորհրդի որոշումների հիման վրա, ըստ անհրաժեշտության, մարզպետի կողմից սահմանված կարգով կարող են ընդունվել համապատասխան որոշումներ կամ տրվել համապատասխան հանձնարարականներ:

18. Խորհրդի նիստերին ի պաշտոնե մասնակցում է մարզպետարանի աշխատակազմի երիտասարդության հարցերը համակարգող համապատասխան աշխատողը` խորհրդակցական ձայնի իրավունքով: Խորհրդի նիստերին հասարակական հիմունքներով կարող են հրավիրվել ոլորտի պետական լիազոր մարմնի ներկայացուցիչներ, մարզային և համայնքային մարմինների, գիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական և ոչ պետական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և այլ անձինք:

19. Խորհուրդն իր աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կարող է ընդունել աշխատակարգ, հասարակական հիմունքներով ձևավորել աշխատանքային խմբեր և այդ խմբերում ընդգրկել խորհրդի անդամ չհանդիսացող անձանց:

20. Խորհրդի նախագահը`

1) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.

2) ապահովում է խորհրդի որոշումների կատարումը:

21. Խորհրդի քարտուղարը`

1) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգը, կազմում արձանագրությունը.

2) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում օգնում է խորհրդի անդամներին ընթացիկ գործերում, ապահովում է գործավարությունը:

22. Խորհրդի անդամն իրավունք ունի`

1) խորհրդի նիստում հանդես գալու խորհրդի խնդիրներին ու գործառույթներին վերաբերող առաջարկություններով.

2) քննարկվող հարցի վերաբերյալ հանդես գալու հատուկ կարծիքով, որը կցվում է նիստի արձանագրությանը.

3) դիմելու մարզպետին` խորհրդի կազմից դուրս գալու խնդրանքով:

23. Խորհրդի անդամը կարող է քննարկվող հարցերի վերաբերյալ տալ բանավոր կամ գրավոր եզրակացություններ, մշակել հաշվետվություններ, զեկույցներ, առաջարկներ և այլ փաստաթղթեր:

24. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են`

1) իր դիմումի համաձայն.

2) խորհրդի նիստերից երեք անգամ անընդմեջ անհարգելի բացակայության դեպքում` խորհրդի որոշմամբ.

3) իր պարտականությունները կատարելու առումով անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

 

25. Խորհուրդը ձևավորվում է 2 տարի ժամկետով:

26. Խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո նոր խորհուրդը կազմավորվում է համաձայն սույն կանոնադրության դրույթների:

27. Խորհրդի անհատական կազմը համալրվում է մարզպետի կողմից` սույն կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգով:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.02.2014
N 85-Ա
Որոշում