Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

5 հունիսի 1999 թվականի թիվ 32

 

17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում հիվանդանոցային համակարգի օպտիմալացման ռազմավարությանը (կցվում է):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ կուտակված խնդիրներն իրենց ազդեցությունն ունեցան նաև երկրի առողջապահական համակարգի վրա: Ի պատասխան տնտեսության ազատականացման, առողջապահության բնագավառում իրականացվեցին վերափոխումներ կառուցվածքային, ֆինանսական, կադրային և այլ ոլորտներում: Այնուամենայնիվ, համակարգում դեռևս ակնհայտ են բազմաթիվ անհամամասնություններ, որոնք հատկապես ցավագին են արտահայտվում առողջապահության ամենաթանկարժեք` հիվանդանոցային օղակում: Խորհրդային տարիներին հիմնականում էքստենսիվ մեխանիզմներով զարգացած հիվանդանոցային համակարգն առանձնանում է իր կադրային և մահճակալային գերհագեցվածությամբ ու անհամաչափ բաշխմամբ, բժշկական տեխնոլոգիաների թույլ ներգրավմամբ, բուժօգնության որակի վերահսկման համակարգի բացակայությամբ, արտահիվանդանոցային ծառայությունների հետ փոխհամագործակցության անբավարար մակարդակով: Հիվանդանոցային համակարգի արդյունավետ օգտագործմանը խոչընդոտում է նաև պետական բյուջեի կողմից անբավարար ֆինանսավորումը, բնակչության վճարունակության խիստ անկումը, պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի բացակայությունը:

Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ հիվանդանոցների զբաղվածության աստիճանը հանրապետությունում կազմում է, միջին հաշվով, ընդամենը մոտ 40 օ/օ: Հանրապետության մահճակալային ֆոնդն այսօրվա դրությամբ կազմում է 24,470 կամ 64,4`  10.000 բնակչի հաշվարկով: Ընդհանուր առմամբ եվրոպական միջին ցուցանիշների սահմաններում գտնվող այս թիվը, սակայն, չի արտացոլում հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման և պահանջարկի իրական պատկերը: Մահճակալային ֆոնդի մոտ կեսը կենտրոնացված է երկրի բնակչության մոտ 1/3-ը ունեցող մայրաքաղաքում (10.000 բնակչի հաշվով` 93 մահճակալ), մարզերում հիվանդանոցային մահճակալներով ապահովվածությունը տատանվում է 10.000 բնակչի հաշվով 22,7-ից մինչև 65,4 մահճակալային ֆոնդի ընդհանուր առմամբ զգալի թերօգտագործման պայմաններում առանձին մասնագիտությունների գծով գոյություն ունի անգամ մահճակալների պակաս և այլն: Մահճակալային ապահովվածության վերոհիշյալ ցուցանիշը հաշվի չի առնում նաև երկրից երկարաժամկետ բացակայող բնակչության թիվը:

Ընդհանուր առմամբ հիվանդանոցային համակարգում առկա են չօգտագործված կարողություններ, առանձին մասնագիտությունների գծով մահճակալների անհամաչափ բաշխում, հիվանդանոցների թվի, չափերի, զբաղվածության և իրականացվող ծառայությունների անհամարժեքություն, մարդկային ռեսուրսների ավելցուկ, ցածրորակ և անհամաչափ բաշխված բժշկական տեխնոլոգիաներ և հիվանդանոցների անհամաչափ աշխարհագրական տեղաբաշխում: Այս գործոնները ստեղծում են լուրջ խոչընդոտներ համակարգի զարգացման, առկա սուղ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման և որակյալ բուժական ծառայությունների ծավալման համար, որոնք իրենց հերթին նպաստում են հիվանդանոցային ծառայությունների գների բարձրացմանը, մատչելիության և որակի անկմանը:

Ստեղծված իրավիճակը թելադրում է երկրի հիվանդանոցային համակարգի օպտիմացման ռազմավարության անհրաժեշտությունը, որի հիմնական նպատակներն են`

- համակարգի արդյունավետության բարձրացումը.

- երկրի իրական պահանջներին և միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխանեցումը:

Վերոհիշյալ նպատակներին հասնելու համար հարկավոր է լուծել հետևյալ հիմնական խնդիրները`

1. Արտահիվանդանոցային առողջապահական ծառայությունների կատարելագործման միջոցով հիվանդանոցային օղակի բեռի թեթևացումը և արդյունավետության բարձրացումը.

2. Բուն հիվանդանոցային համակարգի ներուժի կատարելագործումը.

3. Առողջապահությունում ընդհանուր համակարգային նշանակության միջոցառումների իրականացումը, որոնք կնպաստեն հիվանդանոցային օղակի օպտիմալացմանը:

Ներկայացվող սխեման պատկերում է նշված խնդիրների փոխհարաբերակցությունը:

 

.__________________________.

|  Ընդհանուր համակարգային  |

|նշանակության միջոցառումներ|

.__________________________.

.__________________.  .________________.  .__________________.

|Մինչհիվանդանոցային|__| ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ |__|Հետհիվանդանոցային |

|ծառայություններ   |  |    ՀԱՄԱԿԱՐԳ    |  |ծառայություններ   |

|(ամբուլատոր-պո-   |  .________________.  |(վերականգնողական, |

| լիկլինիկական,    |                      | երկարատև  խնամքի,|

| ախտորոշիչ և  այլն|                      | և  այլն)         |

.__________________.                      .__________________.

 

1. Արտահիվանդանոցային առողջապահական ծառայությունների կատարելագործման

միջոցով հիվանդանոցային օղակի բեռի թեթևացումը և արդյունավետության

բարձրացումը

 

1.1. Մինչհիվանդանոցային ծառայություններ

 

1.1.1. Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ

 

Առաջնային օղակի ամրապնդումը և նրա ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի աստիճանական փոխարինումն առավելապես ընտանեկան բժշկության համակարգով (մինչև 2005 թ.` մոտ 50 օ/օ-ով և մինչև 2010 թ.` մոտ 100 օ/օ-ով) կնպաստի հիվանդությունների կանխարգելմանը և վաղ հայտնաբերմանը, որոնք արդյունավետ բուժման հիմնական երաշխիքներից են: Արդյունքում առաջնային օղակի զարգացումն ուղղակիորեն կնպաստի մասնագիտացված ծառայությունների բեռի թեթևացմանը և հիվանդանոցային ծառայությունների օպտիմալացմանը: Վերոհիշյալը բխում է նաև Հայաստանի Հանրապետությունում առողջապահության զարգացման քաղաքականության հիմնական դրույթներից, ըստ որոնց առողջության առաջնային պահպանման համակարգի առաջանցիկ զարգացումը մոտակա տարիների կարևորագույն գերակայունություններից է: Ընդ որում, կանխատեսվում է, որ ընտանեկան բժշկության համակարգի ներդրումը հիվանդանոցային ներուժի օպտիմալացման տեսանկյունից առավել արդյունավետ կլինի մայրաքաղաքում, որտեղ առավել ուռճացված են թե ամբուլատոր-պոլիկլինիկական և թե հիվանդանոցային ծառայությունները:

 

1.1.2. Մինչհիվանդանոցային ախտորոշիչ ծառայություններ

 

Մինչհիվանդանոցային օղակում մեծ դեր է վերապահվում կենտրոնացված ախտորոշիչ ծառայությունների ուժեղացմանը, որոնք միջանկյալ օղակի դեր կարող են կատարել առաջնային և հիվանդանոցային բուժհիմնարկների միջև: Այս ծառայությունների օգնությամբ հիվանդների հոսքը դեպի հիվանդանոց կֆիլտրվի և արդյունքում ճշգրիտ ախտորոշման հետևանքով կուղղորդվի հնարավոր տարբերակներով.

- հիվանդանոցային կամ այլ բուժման անհրաժեշտության աննպատակահարմարություն.

- բուժման կազմակերպման նպատակահարմարությունն ամբուլատոր-պոլիկլինիկական

օղակում.

- հիվանդի հոսպիտալացում, սակայն բուժման ավելի փոքր տևողությամբ` ի

հաշիվ արդեն իրականացված ախտորոշիչ հետազոտությունների:

Կանխատեսվում է, որ մինչհիվանդանոցային կենտրոնացված ախտորոշիչ ծառայությունների ստեղծումը հիվանդանոցային ներուժի օպտիմալացման տեսանկյունից առավել արդյունավետ կլինի մարզկենտրոններում և նախկին շրջկենտրոններում, ուր ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների թույլ տեխնոլոգիական հագեցվածությունը և հետևաբար առավելապես ախտորոշման նպատակով հիվանդանոցների ավելորդ ծանրաբեռնվածությունը խիստ արտահայտված են:

 

1.1.3. Ցերեկային ստացիոնարներ

 

Ցերեկային ստացիոնարները մեծ դեր կարող են ունենալ հիվանդանոցային ներուժի օպտիմալացման հարցում: Նրանց ստեղծումը և ցանցի ընդլայնումը հնարավորություն կընձեռեն զգալիորեն բարձրացնելու բուժման մատչելիությունը` խուսափելով դասական հիվանդանոցային պայմանների անհարմարությունից և հիվանդի ու առողջապահական համակարգի համար ավելորդ ֆինանսական բեռից (այն դեպքերում, երբ դա թույլ են տալիս կոնկրետ բժշկական ցուցումները): Նախատեսվում է, որ ցերեկային ստացիոնարները կարող են առավելապես զարգանալ ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների կառուցվածքում, չնայած բացառված չէ նաև ցածր արդյունավետությամբ օգտագործվող հիվանդանոցային մահճակալների որոշ մասի վերափոխումը ստացիոնար բուժման կազմակերպման զգալիորեն ավելի էժան այս ձևին: Այդ առումով հատկապես արդյունավետ կարող է գտնվել բժշկական և կազմակերպական առումով իրենց սպառած գյուղական հիվանդանոցների վերափոխումը ցերեկային ստացիոնարների` հաշվի առնելով նաև գյուղական համայնքներում ընդհանուր առմամբ առկա ձգտումը պահպանելու սեփական մահճակալային կարողությունները: Ցերեկային ստացիոնարները հնարավորություն կտան նաև լայնորեն կիրառելու հիվանդի մի քանի ժամվա հոսպիտալացում պահանջող վիրաբուժական և այլ միջոցառումներ` այս առումով ևս զգալիորեն թեթևացնելով հիվանդանոցների բեռը:

 

1.2. Հետհիվանդանոցային ծառայություններ

 

1.2.1. Վերականգնողական բուժման ծառայություններ

 

Առաջիկա տարիներին պետք է ուժեղացվեն վերականգնողական բուժման ծառայությունները, ընդ որում, թե ստացիոնար, թե ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում: Հիվանդանոցների մեծ մասում նախատեսվում է ստեղծել պահպանման ավելի փոքր ծախսեր պահանջող վերականգնողական բուժման բաժիններ, ուր բուժման ինտենսիվ կուրսից հետո հիվանդները կտեղափոխվեն ավարտելու ստացիոնար բուժումը: 2-3 առավել խոշոր մարզերում նախատեսվում է ստեղծել նաև վերականգնողական բուժման մասնագիտացված հիվանդանոցներ: Հստակ քաղաքականություն պետք է տարվի նաև ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում վերականգնողական բուժման ծառայությունների կատարելագործման ուղղությամբ, ինչը նույնպես կբերի հիվանդանոցային մահճակալին ֆոնդի օգտագործման արդյունավետության բարձրացմանը:

 

1.2.2. Քրոնիկ հիվանդների բուժման և երկարատև խնամքի

հիվանդանոցային ծառայություններ

 

Ծառայությունների այս խումբը չափազանց թույլ է զարգացած երկրում, ինչը ևս բերում է դասական, շատ ավելի թանկարժեք հիվանդանոցների ավելորդ ծանրաբեռնվածությանը: Նախատեսվում է ստեղծել քրոնիկ հիվանդների բուժման և երկարատև խնամքի մի քանի հիվանդանոցներ, այդ թվում` Երևանում և 3-4 մարզերում: Նրանցում գերակշռող կլինի քույրական խնամքը` բժշկի կողմից ցույց տրվող օգնության նվազագույն ծավալով: Հաշվի առնելով միջազգային փորձը` կանխատեսվում է, որ նմանատիպ ծառայությունների ստեղծումը որոշակիորեն կբեռնաթափի հիվանդանոցային օղակը:

 

2. Հիվանդանոցային համակարգի ներուժի կատարելագործումը

 

Բացի արտահիվանդանոցային ծառայությունների ուժեղացման ճանապարհով հիվանդանոցային օղակի սպասվող բեռնաթափումից և օպտիմալացումից, մեծ ուշադրություն է դարձվելու բուն հիվանդանոցային համակարգի ներուժի որակական և քանակական կատարելագործմանը: Այն ուղղված է լինելու մահճակալների ավելցուկի վերացմանը, ինչպես նաև գործող մահճակալների առավել համաչափ բաշխմանը:

 

2.1. Հինգ տարվա ընթացքում ծրագրվում է մահճակալային ֆոնդի նվազեցում

25 օ/օ-ով` տարեկան կտրվածքով` միջինը 5 օ/օ-ով, հիվանդանոցների

մահճակալների թվի կրճատման, ինչպես նաև առանձին հիվանդանոցների

լիկվիդացման կամ միացման ճանապարհով:

 

Այս գործընթացում առավելապես կընդգրկվեն այն հիվանդանոցները, որոնք կհամապատասխանեն հետևյալ չափանիշներին`

- շենքերը հին են, ոչ սեյսմակայուն և ծախսատար են վերակառուցման առումով.

- կարողությունների օգտագործման մակարդակը պակաս է 35 օ/օ-ից, այսինքն`

առկա են ծառայությունների և մահճակալների թվի մեծ ավելցուկ և

անհամապատասխանություն սպասարկող բնակչության իրական կարիքների

նկատմամբ.

- պայմանները բավարար չեն ֆունկցիոնալ արդյունավետություն ապահովելու

համար.

- շենքային պայմաններն անհարմար են ծառայությունների զարգացման կամ

վերապրոֆիլավորման համար.

- տեխնիկապես թերզինված են և պահանջում են մեծ ներդրումներ բժշկական

տեխնոլոգիաների մեջ.

- հիվանդանոցը չի ապահովում հիվանդների անհրաժեշտ քանակի և սպեկտորի

առկայությունը, որը հնարավորություն կտար բուժանձնակազմին պահպանելու և

կատարելագործելու իրենց բժշկական գիտելիքները:

 

Հաշվի առնելով այս խնդրի իրականացման սոցիալական ասպեկտները` առողջապահության նախարարությունը որդեգրում է համեմատաբար նվազագույն կարողություններով և ֆունկցիոնալ ոչ մեծ նշանակություն ունեցող հիվանդանոցների սահուն և աստիճանական լիկվիդացման կամ մահճակալային ֆոնդի կրճատման քաղաքականություն: Կտրուկ միջոցառումներն այս ուղղությամբ ցանկալի չեն մի քանի պատճառներով`

ա) առողջության առաջնային պահպանման օղակի մատչելիության բարձրացումը կարող է բերել երկրորդային և երրորդային օղակների վերակառուցման քաղաքականության ճշգրտումների անհրաժեշտության.

բ) հիվանդանոցների լիկվիդացումը և մահճակալների թվի կրճատումը պետք է զուգորդվեն մարդկային ռեսուրսների մասնակի վերապատրաստմամբ և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ, որը կպահանջի անհրաժեշտ ներդրումներ և ժամանակ.

 

2.2. Ծրագրվում է հիվանդանոցների մահճակալային ֆոնդի վերապրոֆիլավորում

25 օ/օ-ով` տարեկան կտրվածքով` միջինը 5 օ/օ-ով:

 

Բացի հիվանդանոցների մահճակալների վերապրոֆիլավորմանն ուղղված հիմնականում արտահիվանդանոցային օղակն ընդգրկող վերոհիշյալ միջոցառումներից (վերականգնողական բուժման ծառայություններ, ցերեկային ստացիոնարներ, քրոնիկ հիվանդների և քույրական խնամքի հիվանդանոցներ)` նախատեսվում է նաև բուն հիվանդանոցային համակարգի ներքին վերապրոֆիլավորում` ուղղված առկա անհամամասնությունների վերացմանը: Հաշվի են առնվելու հիվանդության փոփոխված կառուցվածքը, ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր` առավելապես նեղ մասնագիտացված ծառայությունների ստեղծման անհրաժեշտությունը, առկա ծառայությունների գծով մահճակալային ֆոնդի օգտագործման արդյունավետությունը: Այս գործընթացը ևս ընթանալու է սահուն և աստիճանական, 5 տարվա ընթացքում` հաշվի առնելով մարդկային ներուժի զուգահեռ մասնագիտական վերապրոֆիլավորման անհրաժեշտությունը և հնարավորությունները:

 

3. Առողջապահությունում ընդհանուր համակարգային նշանակության

միջոցառումների իրականացումը, որոնք կնպաստեն հիվանդանոցային

օղակի օպտիմալացմանը

 

3.1. Հանրապետական և մարզային նշանակության ծառայությունների դերը և

բաշխման հստակեցում, այդ թվում` որոշ մարզկենտրոններում

հանրապետական նշանակության բարձր տեխնոլոգիական և նեղ մասնագիտացված

ծառայությունների ստեղծմամբ:

 

3.2. Հանրապետության առողջապահական համակարգի տեխնոլոգիական պարկի

ուսումնասիրում և համապատասխան վերաբաշխում հատկապես հիվանդանոցային

օղակում: Այդ ճանապարհով բուժօգնության գործընթացի ավելի համաչափ

տեխնոլոգիական ապահովում և, որպես արդյունք, մահճակալային ֆոնդի

ավելի ռացիոնալ օգտագործում:

 

3.3. Բուժօգնության ֆինանսավորման կատարելագործման հետագա խորացում`

ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային օղակների ֆինանսավորման

տարանջատված մեխանիզմների կիրառմամբ հիվանդանոցային օղակում ըստ

հիվանդության յուրաքանչյուր դեպքի ֆինանսավորման համակարգի վերջնական

ներդրմամբ:

 

3.4. Առողջապահական ծառայությունների և հիմնարկների լիցենզավորման

չափանիշների նկատմամբ պահանջների բարձրացում, այդ ճանապարհով նրանց

կառուցվածքի ու ներուժի կատարելագործում և օպտիմալացում:

 

3.5. Բուժօգնության ստանդարտների և որակի վերահսկման համակարգի

աստիճանական` 4-5 տարվա ընթացքում ներդրում:

 

3.6. Պետական բժշկական ապահովագրական համակարգի աստիճանական ներդրում`

առաջիկա 6-7 տարվա ընթացքում, այդ ճանապարհով հիվանդանոցային

բուժօգնության մատչելիության բարձրացում և որպես արդյունք,

մահճակալային ֆոնդի ավելի արդյունավետ օգտագործում:

 

3.7. Կլինիկական բազաների կարգավիճակի հստակեցում, այդ ճանապարհով

հիվանդանոցային և ուսումնական հաստատությունների միջև կադրային և

տեխնոլոգիական ներուժի համակարգված և ավելի արդյունավետ

օգտագործում, որպես արդյունք` կլինիկական բազաներում արհեստականորեն

ուռճացված կադրային և, հետևաբար, նաև մահճակալային ներուժի

օպտիմալացում:

 

3.8. Դեղորայքային քաղաքականության վերանայում, այդ հարցում պետական

կանոնակարգման, ինչպես նաև միջհիվանդանոցային գնումների համակարգի

դերի մեծացում, որպես արդյունք` հիվանդանոցային դեղորայքի և,

հետևաբար, բուժօգնության գների կանոնակարգում և իջեցում`

հիվանդանոցային բուժօգնության մատչելիության և, հետևաբար,

մահճակալային ֆոնդի օգտագործման արդյունավետության բարձրացմամբ:

 

3.9. Առողջապահական տարբեր օղակները կապող (ամբուլատոր-պոլիկլինիկական,

ընդհանուր պրոֆիլի և մասնագիտացված հիվանդանոցային,

հետհիվանդանոցային և այլն) հստակ բժշկական ինֆորմացիոն համակարգի

ներդրում, որպես արդյունք` բուժօգնության տարբեր փուլերում բժշկական

միջոցառումների շարունակականության ապահովում, նախորդ փուլերում

իրականացված բուժօգնության ճիշտ և ժամանակին գնահատման ճանապարհով

առողջապահական ներուժի (հատկապես հիվանդանոցային օղակում),

արդյունավետության բարձրացում և կատարելագործում):

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.06.1999
N 32
Արձանագրային որոշում