Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

9 հունիսի 1999 թվականի թիվ 33

 

16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության ներկայացրած` հայկական երկաթուղու դեպարտամենտի համակարգում անցկացված տարեկան գույքագրման արդյունքների մասին տեղեկանքը (կցվում է):

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. հոկտեմբերի 16-ի

«Հայկական երկաթուղու համակարգի կառուցվածքային և տնտեսական

բարեփոխումների մասին» թիվ 634 որոշման կատարման ընթացքի մասին

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության հայկական երկաթուղու համակարգում իրականացվող կառուցվածքային և տնտեսական բարեփոխումներին զուգընթաց, պահպանելով երկաթուղու գործունեության տեխնոլոգիական գործընթացի ամբողջականությունը, որոշակի աշխատանք է կատարվել բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների և այլ աշխատանքների դիմաց ստացված պատվերների, ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ հաստատված ծրագրերի և տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ:

Տեղին է նշել, որ բարեփոխումների նախապատրաստական փուլը սկսվել է դեռևս 1998թ. հուլիս ամսին ՀՀ կառավարության հանձնարարականի հիման վրա և հատուկ այդ նպատակի համար ստեղծված աշխատանքային խմբի կողմից հուլիս-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ծավալուն աշխատանք է կատարվել «ՀՀ երկաթուղի» ՊՓԲԸ վերջին 3 տարվա գործունեության բազմակողմանի վերլուծության, ԱՊՀ, մերձբալթյան և արտասահմանյան այլ երկրների փորձի ուսումնասիրության, բարեփոխումների տեխնիկա-տնտեսական հիմնավորման, համակարգի նոր կառուցվածքի, անհրաժեշտ օրենսդրական և նորմատիվային ակտերի նախագծերի և հայկական երկաթուղու 1998-2001 թթ. զարգացման ծրագրի մշակման ուղղությամբ: Նշված ուսումնասիրության արդյունքները ամփոփվել և հայկական երկաթուղու կառուցվածքային և տնտեսական բարեփոխումների ամբողջական ծրագրի նախագծի տեսքով ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը, որն արժանացել է հավանության և հաստատվել 1998թ. հոկտեմբերի 16-ի թիվ 634 որոշմամբ:

ՀՀ կառավարության հիշատակված որոշմամբ ստեղծվել է ՀՀ տրանսպորտի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտ` գերատեսչության կարգավիճակով:

Միաժամանակ բաժանման միջոցով վերակազմավորվել է «ՀՀ երկաթուղի» ՊՓԲ ընկերությունն ու նրա դուստր ձեռնարկությունները` ստեղծելով «ՀՀ երկաթուղու շարժակազմ» , «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» և «ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքներ» պետական փակ բաժնետիրական ընկերություններ:

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում և կարգով մշակվել և հաստատման է ներկայացվել հայկական երկաթուղու դեպարտամենտի կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը, որոնք հաստատվել են ՀՀ վարչապետի 1998թ. նոյեմբերի 9-ի թիվ 625 որոշմամբ: Նշված որոշմամբ դեպարտամենտի կենտրոնական ապարատի աշխատողների թիվը սահմանվել է 47 մարդ, իսկ խորհրդի անդամների թիվը` 7 մարդ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների խստիվ պահպանմամբ լուծարվել է «ՀՀ երկաթուղի» ՊՓԲ ընկերության վարչական ապարատը, որի աշխատողների բացարձակ մեծամասնությունը աշխատանքի են տեղավորվել նորաստեղծ դեպարտամենտի կենտրոնական ապարատում և համապատասխան ընկերություններում: Բավական է նշել, որ լուծարված ապարատի շուրջ 370 աշխատողներից միայն 20 են ազատվել աշխատանքից հաստիքի կրճատման պատճառով և անձնական դիմումների համաձայն:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան մշակվել և սահմանված կարգով հաստատվել են նորաստեղծ բաժնետիրական ընկերությունների և նրանց կազմի մեջ մտնող մասնաճյուղերի կանոնադրությունները և հաստիքացուցակները: Սահմանված կարգով լուծվել են հին կնիքների հանձնման և նորերի պատրաստման, ինչպես նաև բանկային հաշիվների բացման հետ կապված հարցերը:

Մշակվել և գործողության մեջ է դրվել համակարգի 3 խոշոր փակ բաժնետիրական ընկերությունների փոխհարաբերությունը կանոնակարգող փաստաթղթերի փաթեթի նախնական տարբերակը, որի շնորհիվ հաջողվել է անցումային փուլում խուսափել հնարավոր անցանկալի դրսևորումներից: Այստեղ հարկ է նշել, որ փաստաթղթերի նշված փաթեթը ենթակա է լրամշակման և կատարելագործման ու ներկայումս այդ ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ:

ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման 7-րդ կետին համապատասխան Գյումրիի երկաթուղային տեխնիկումը և «Գուգարք» ճամբարը հանձնվել են ՀՀ տրանսպորտի նախարարության ենթակայությանը, դրանք ընթացիկ տարում համապատասխան նախարարություններին հանձնելու նպատակով: Ներկայումս քննարկվում է Գյումրիի երկաթուղային տեխնիկումը ՀՀ գիտության և կրթության նախարարությանը հանձնելու հարցը:

ՀՀ կառավարության համաձայնությամբ երկարաձգվել են «Հայկական երկաթուղու մասին» ՀՀ օրենքի և երկաթուղու համակարգի բուժհիմնարկների հետագա կարգավիճակի մասին հարցերի քննարկման ներկայացնելու ժամկետները համապատասխանաբար մինչև 1999թ. հուլիսի 1-ը և սեպտեմբերի 1-ը: Սահմանված կարգով ներկայացվել է երկաթուղու համակարգից ընթացիկ տարում մասնավորեցման ենթակա թվով 5 բաժնետիրական ընկերությունների ցանկը:

Կառուցվածքային փոփոխությունների հետ մեկտեղ կոնկրետ աշխատանքներ են տարվել շարժակազմի և գծերի տեխնիկական վիճակը բարելավելու, էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնելու, բեռնափոխադրումների ծավալը մեծացնելու, շարժակազմի արդյունավետությունը բարձրացնելու, նախկինում գոյացած դեբիտորական և կրեդիտորական պարտքերը մարելու ուղղությամբ:

1998թ. երկաթուղային տրանսպորտով տեղափոխված բեռների ծավալը կազմել է 1763,3 հազար տոննա, որը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 4,6 տոկոսով:

Երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում հանրապետություն ներկրված բեռների բաժինը կազմել է 58,6 տոկոս 1997թ. 54,8 տոկոսի փոխարեն, իսկ արտահանված բեռների բաժինը` 16,2 տոկոս, նախորդ տարվա 20,3 տոկոսի դիմաց:

Հանրապետության փոխադրումների ընդհանուր ծավալում երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների տեսակարար կշիռը աճել է և նախորդ տարվա 10,9 տոկոսի փոխարեն 1998թ. կազմել է 12,5 տոկոս:

Հաշվետու տարվա երկրորդ կիսամյակում արձանագրվել է բեռնափոխադրումների ծավալի 10,4 տոկոս աճ առաջին կիսամյակի նկատմամբ:

Բեռնափոխադրումների ծավալի աճի պայմաններում զգալի փոփոխություններ են կրել նաև առաքվող և ներկրվող բեռների ծավալները: Նախորդ տարվա համեմատությամբ առաքված բեռների ծավալը 1998թ. աճել է 7,7 օ/օ-ով, ըստ որում հաշվետու տարվա երկրորդ կիսամյակում առաքված բեռների ծավալը առաջին կիսամյակի համեմատությամբ աճել է 28 օ/օ-ով:

1998թ. ներկրված բեռների ծավալը 1997թ. համեմատությամբ աճել է 2,5 օ/օ-ով, կամ 26,3 հազար տոննայով:

Նկատելի փոփոխություն է կրել նաև առաքվող և ներկրվող բեռների կառուցվածքը ըստ բեռնատեսակների (աղյուսակ թիվ 2):

Տարվա ընթացքում առաքվող բեռների ընդհանուր ծավալի մեջ արդյունաբերական հումքի տեսակարար կշիռը կազմել է 25,9 օ/օ, որը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 2,4 անգամ: Մետաղի ջարդոնի արտահանման ծավալը նվազել է 11,8 հազար տոննայով, իսկ ցեմենտինը` 22,7 օ/օ-ով: Ներկրված բեռների ընդհանուր ծավալում մեծ տեսակարար կշիռ են ունեցել նավթամթերքները և հացամթերքները, որոնց ծավալները նախորդ տարվա համեմատությամբ աճել են համապատասխանաբար 2 և 2,8 անգամ:

Արագածի շրջանից պեռլիտի արտահանումը խթանելու նպատակով երկաթուղու կողմից սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով կատարվել են պայմանագրային պարտավորությունները, վագոնների տեխնիկական վիճակին և դրանց մատուցման ժամկետներին ներկայացված պահանջների առումով, ինչը հնարավորություն է տվել երկաթուղուց անկախ պատճառներով որոշ ձգձգումներից հետո ի վերջո առաքել առաջին խմբաքանակները: Բացի այդ, հաշվի առնելով պեռլիտի արտահանման ծավալների ակնկալվող աճը 1999թ. փոխադրման սակագնի նկատմամբ սահմանվել է 50 օ/օ զեղչ, իսկ առաջին 3 խմբաքանակների համար չի գանձվել նաև վագոնների օգտագործման վճարները: Դրա հետ մեկտեղ վրացական կողմի հետ վարած երկարատև բանակցությունների շնորհիվ հաջողվել է պեռլիտի փոխադրման սակագնի նկատմամբ 50 օ/օ զեղչ կիրառել նաև Վրաստանի տարածքում պայմանով, որ պեռլիտի արտահանման ծավալը 1999թ. պետք է հասցվի 200 հազար տոննայի:

Բեռնափոխադրումների կարևորագույն ցուցանիշ համարվող բեռնաշրջանառությունը ևս նախորդ տարվա համեմատությամբ աճել է 9,8 օ/օ-ով և կազմել է 418,5 մլն տ. կմ (աղյուսակ թիվ 1):

1998թ. երկաթուղով փոխադրվել է 1588,6 հազար ուղևոր, ուղևորաշրջանառությունը կազմել է 52,4 մլն. ուղևոր.կմ, փոխադրման միջին հեռավորությունը` 33 կմ:

Նախորդ տարվա համեմատությամբ ուղևորաշրջանառությունը նվազել է 37 օ/օ-ով, ուղևորափոխադրումների ծավալը` 335,6 հազար ուղևորով, իսկ փոխադրման միջին հեռավորությունը` 11 կմ-ով:

Հաշվետու տարվա տվյալների վերլուծությունը ըստ կիսամյակների ցույց է տալիս, որ 2-րդ կիսամյակում զգալի աճ է արձանագրվել ինչպես ուղևորափոխադրումների ծավալի, այնպես էլ այդ փոխադրումներից ստացվող եկամուտների առումով: Այսպես, 2-րդ կիսամյակում տեղափոխված ուղևորների թիվը կազմել է 902,0 հազար ուղևոր, որը գերազանցում է առաջին կիսամյակի ցուցանիշը 31 օ/օ-ով: Երկրորդ կիսամյակում ուղևորափոխադրումներից ստացված եկամուտը կազմել է 93,3 մլն. դրամ, առաջին կիսամյակի 61,0 մլն. դրամի փոխարեն, կամ աճը կազմել է ավելի քան 52 օ/օ:

Եթե երկրորդ կիսամյակում ուղևորափոխադրումների ծավալի աճը բացատրվում է հիմնականում սեզոնային առանձնահատկություններով և ուղևորափոխադրումների պայմանների որոշակի բարելավմամբ, ապա եկամուտների կտրուկ աճը պայմանավորված է ուղևորներից գանձվող հասույթի ավելացմամբ և ուղևորափոխադրումների ոլորտում աշխատանքների կազմակերպման բարելավմամբ և հսկողության ուժեղացմամբ:

Ուղևորափոխադրումների ոլորտում խիստ մտահոգիչ է Երևան-Թբիլիսի միջազգային երթուղու կանոնավոր աշխատանքում մի շարք լուրջ խոչընդոտների առկայությունը, որոնց պատճառով, որպես կանոն գնացքը տեղ է հասնում մի քանի ժամ ուշացումով, ինչն էլ բնականաբար պատճառ է հանդիսանում ուղևորների մի զգալի մասի այդ երթուղու ծառայություններից հրաժարվելուն:

Առաջին լուրջ խոչընդոտը Վրաստանի տարածքում էներգետիկ ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակն է, երբ հոսանքի անջատումները կրում են գրեթե սիստեմատիկ բնույթ:

Մյուս կարևորագույն հարցը կապված է ՀՀ մաքսային վարչության տարածքային մարմինների և երկաթուղայինների միջև փոխհարաբերությունների հստակության բացակայության և մաքսային հսկման կետերում գնացքի երկարատև կանգառների հետ:

Նշված գնացքի, երբեմն նաև անհարկի, կանգառների տևողությունը կրճատելու, ինչպես նաև մաքսային հսկման կետերում երկաթուղայինների և մաքսավորների գործողությունները կանոնակարգելու նպատակով նախատեսված է ՀՀ մաքսային վարչության հետ համատեղ մշակել և սահմանված կարգով հաստատման ներկայացնել ՀՀ մաքսային վարչության տարածքային հսկման կետերում «Երևան-Թբիլիսի միջազգային երթուղին սպասարկող մարդատար գնացքի ստուգման կարգը»: Բացի այդ, նախապատրաստական աշխատանքներ են տարվում ռեզերվային գնացքի կազմավորման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա անկախ ժամանող գնացքի ուշացումից, ապահովել չվացուցակով մեկնումը Երևանից, ինչպես նաև իրականացնել ժամանող գնացքի ընթացիկ վերանորոգումը, հարդարումը և մաքրումը:

1998թ. հունվարի 1-ի դրությամբ երկաթուղու դեբիտորական պարտքերը կազմել են 1429 մլն. դրամ, որից 842,5 մլն. դրամը` հաշվարկներ դուստր ձեռնարկությունների հետ (78 հաշիվ): Ռեալ դեբիտորական պարտքերը տարեսկզբին կազմել են 578,5 մլն դրամ, իսկ տարեվերջին` 478,5 մլն դրամ, կամ դրանք նվազել են 109 մլն դրամով (22,8 տոկոսով):

Ընդհանուր առմամբ տարվա ընթացքում դեբիտորական պարտքերը նվազել են 951 մլն դրամով, իսկ նվազման միտումը արձանագրվել է հատկապես տարվա երկրորդ կիսամյակում, ունենալով նվազման հետևյալ դինամիկան`

 

01.01.98թ. - 1429 մլն դրամ

01.04.98թ. - 1112 մլն դրամ

01.07.98թ. - 1119,8 մլն դրամ

01.10.98թ. - 404,1 մլն դրամ

01.01.99թ. - 478,0 մլն դրամ

 

Այլ ակտիվները 1998թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել են 415, իսկ 1999թ. հունվարի 1-ի դրությամբ` 162 մլն դրամ, կամ նվազել են 253 մլն դրամով:

1999թ. հունվարի 1-ի դրությամբ այլ ակտիվները ունեն հետևյալ կառուցվածքը`

 

   ա.  կապիտալ ներդրումներ                   - 144 մլն դրամ

բ.  երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ   - 18 մլն դրամ:

 

1998թ. տարեսկզբի համեմատությամբ կանոնադրական կապիտալի աճի պայմաններում, երկաթուղու սեփական կապիտալը նվազել է 243 մլն դրամով կամ 3,2 տոկոսով, ինչը բացատրվում է հաշվետու տարվա ֆինանսական արդյունքներով գոյացած վնասով:

1998թ. պահուստային կապիտալը համալրվել է 137 մլն դրամով:

Հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ երկաթուղու կրեդիտորական պարտքը կազմել է 2370,2 մլնդ դրամ, որը տարվա ընթացքում ավելացել է 270 մլն դրամով և 1999թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել 2640,2 մլն դրամ: Կրեդիտորական պարտքերի ավելացումը բացատրվում է ԱՊՀ երկրների վագոնների օգտագործումից առաջացած պարտքերի աճով: Այստեղ հարկ է նշել, որ տարվա հատկապես 2-րդ կիսամյակում հետևողական աշխատանքներ են տարվել երկաթուղու կրեդիտորական պարտքերը մարելու ուղղությամբ: Մասնավորապես վերլուծվել է մատակարար կազմակերպությունների հետ կնքված բոլոր պայմանագրերը, վճարումներ է կատարվել նրանց կողմից երկաթուղուն փաստացի հանձնված ապրանքանյութական արժեքների համամասնությամբ, որը հնարավորություն է տվել մի կողմից նվազեցնելու պարտքերը և մյուս կողմից վաղաժամկետ խզելու բազմաթիվ պայմանագրեր, որոնք ժամանակին կնքվել էին երկաթուղու համար ոչ շահավետ պայմաններով և առանց հաշվի առնելու ռեալ ֆինանսական հնարավորությունները: Նման մոտեցման շնորհիվ հաջողվել է կանխել երկաթուղու կրեդիտորական պարտքերի հետագա աճը:

 

Կրեդիտորական պարտքերը ունեն հետևյալ կառուցվածքը`

 

._________________________________________________________________________.

| Հ/Հ |   Կրեդիտորական պարտքերի | 1/1  1998թ.| 1/1  1999թ. | 1/1  99թ.    |

|     |        անվանումը        | դրությամբ  | դրությամբ   | 1/1  98թ.    |

|     |                         |            |             | համեմատու-   |

|     |                         |            |             | թյունը       |

|_____|_________________________|____________|_____________|______________|

| 1   |           2             |     3      |     4       |     5        |

|_____|_________________________|____________|_____________|______________|

| 1   | Հաշվարկներ մատակարար-   |            |             |              |

|     | ների և  կապալառուների   |            |             |              |

|     | հետ                     | 499822     | 283502      |   56,7       |

|     |                         |            |             |              |

| 2   | Հաշվարկներ բյուջեի      |            |             |              |

|     | հետ                     | ------     | 155458      |  126,2       |

|     | այդ թվում տուժ ու       |            |             |              |

|     | տուգանքներ              |            | 5764        |  -----       |

|     |                         |            |             |              |

| 3   | Հաշվարկներ սոցիալա-     |            |             |              |

|     | կան ապահովագրության     |            |             |              |

|     | և  ապահովության գծով    | 27161      | 19909       |  73,3        |

|     |                         |            |             |              |

| 4   | Հաշվարկներ անձնակազմի   |            |             |              |

|     | հետ եկամուտների         |            |             |              |

|     | վճարման գծով            | 52669      | 64094       |  121,7       |

|     |                         |            |             |              |

| 5   | Հաշվարկներ հաշվետու     |            |             |              |

|     | անձանց հետ              | 21         | 3999        |  -----       |

|     |                         |            |             |              |

| 6   | Հաշվարկներ տարբեր       |            |             |              |

|     | կրեդիտորների հետ        | 825044     | 2023840     |  245,3       |

|     |                         |            |             |              |

| 7   | Հաշվարկներ դուստր       |            |             |              |

|     | ձեռնարկությունների      |            |             |              |

|     | հետ                     | 842380     | -----       |  -----       |

|     |                         |            |             |              |

| 8   | Կուտակումային           |            |             |              |

|     | ֆինանսավորում և         |            |             |              |

|     | մուտքեր                 | -----      | 89431       |  -----       |

|     |                         |            |             |              |

|_____|_________________________|____________|_____________|______________|

|     |    Ընդամենը             | 2370208    | 2640233     |  111,4       |

._________________________________________________________________________.

 

Այլ պասսիվները նվազել են 406 մլն դրամով և 1999թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել են 3 մլն դրամ:

Հաշվետու տարում հայկական երկաթուղու արտադրատնտեսական գործունեության արդյունքում ստացվել է 5567,8 մլն դրամ եկամուտ, որը տարվա համար ծրագրավորված 4960,0 մլն դրամ եկամուտի ծավալը գերազանցել է 571,1 մլն դրամով, կամ 12,3 օ/օ-ով:

Ըստ գործունեության ոլորտների ստացված եկամուտները գոյացել են` բեռնափոխադրումներից - 4649,4 մլն դրամ, ուղևորափոխադրումներից - 154,3 մլն դրամ, օժանդակ և այլ գործունեությունից - 777,3 մլն դրամ:

Հարկ է նշել, որ եկամուտի 60 օ/օ-ը, կամ 3355,1 մլն դրամը ստացվել է երկրորդ կիսամյակում:

Բեռնափոխադրումներից ստացված եկամուտները հաշվետու տարվա առաջին և երկրորդ կիսամյակներում համապատասխանաբար կազմել են 2121,2 և 2528,2 մլն դրամ, այսինքն երկրորդ կիսամյակում աճը կազմել է ավելի քան 19 օ/օ:

Ինչպես ցույց են տալիս վերլուծության արդյունքները, երկրորդ կիսամյակում զգալիորեն բարելավվել է բեռնափոխադրումների, վագոնների օգտագործման և մատուցվող մյուս ծառայությունների դիմաց հաշվարկված հասույթի գանձման վիճակը, որի արդյունքում յուրաքանչյուր տ.կմ տրանսպորտային աշխատանքի համար գանձվել է 12,29 դրամ, կամ առաջին կիսամյակի համեմատությամբ 2,29 դրամով ավելի: Դա պայմանավորված է մի կողմից այդ ոլորտում հսկողության ուժեղացմամբ և պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ պահանջկոտության բարձրացմամբ և մյուս կողմից բեռնառաքողների և բեռ ստացողների հետ տարվող ամենօրյա հետևողական աշխատանքով:

Օժանդակ և այլ գործունեությունից ստացված եկամուտների վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած նախորդ տարվա համեմատությամբ 1998թ. ստացված եկամուտը ավելացել է 45,3 օ/օ-ով, այնուամենայնիվ, դեռևս սպառիչ միջոցներ չեն ձեռնարկվել հիմնարկ-ձեռնարկություններին և բնակչությանը մատուցվող ծառայությունների ցանկը ընդլայնելու, վարձակալության տրված տարածքների, գույքի, մեքենա-մեխանիզմների, երկաթուղային գծերի և փակուղիների վարձակալական պայմանագրերով նախատեսված վարձավճարները ժամանակին գանձելու ուղղությամբ:

Բավական է նշել, որ վարձակալների պարտքը երկաթուղուն 1999թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 7,8 մլն դրամ:

Բացի այդ, նշված հոդվածով եկամուտների աճը նախորդ տարվա համեմատությամբ մեծապես պայմանավորված է վագոնների վաճառքից ստացված հասույթով, որը կազմել է 247,97 մլն դրամ, կամ տվյալ ոլորտից ստացված եկամտի ավելի քան 32 օ/օ-ը:

Հայկական երկաթուղու 1998թ. ամփոփ հաշվեկշռի համաձայն, հաշվետու տարվա արտադրա-տնտեսական գործունեության իրականացման համար փաստացի ընդհանուր ծախսը կազմել է 5678,2 մլն դրամ, որը գերազանցել է տարեկան ստացված եկամուտները 110,4 մլն դրամով: Նախորդ տարվա համեմատությամբ երկաթուղու ընդհանուր ծախսը աճել է 42,5 օ/օ-ով, եկամուտների 45,3 օ/օ աճի պայմաններում: Առաջին կիսամյակի համեմատությամբ 2-րդ կիսամյակի ծախսերն աճել են 263,9 մլն դրամով, կամ 11 օ/օ-ով: Ինչպես վկայում են վերլուծության արդյունքները, ծախսերի աճը ինչպես ամբողջ տարում, այնպես էլ 2-րդ կիսամյակում պայմանավորված է նրանով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ ձեռք են բերվել երկաթուղուն խիստ անհրաժեշտ այնպիսի տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, որպիսիք են` ակումուլյատորային մարտկոցներ (մոտ 95,0 հազար ԱՄՆ դոլար), հաշվիչներ (32800 ԱՄՆ դոլար), կապի սարքավորումներ (28400 ԱՄՆ դոլար), ԺՏ-79 և ԺՌՕ տեսակի քսայուղեր, գծի վերին կառույցների նյութեր և այլն: Բացի այդ, ԱՊՀ երկրների վագոնների օգտագործման համար վարձավճարների հաշվարկված ծախսերը կազմել են 1078,0 մլն դրամ, կամ նախորդ տարվա համեմատությամբ աճել են 33 օ/օ-ով և մասամբ դրանով է պայմանավորված նաև այլ ծախսերի արձանագրված աճը: Նախորդ տարվա համեմատությամբ միայն տվյալ ցուցանիշի 267,3 մլն դրամով աճը պայմանավորված է նրանով, որ նախորդ տարում ԱՊՀ երկրների վագոնների օգտագործման համար վարձավճարների պարտքը հաշվարկվել է միայն 10 ամսվա համար: Երկաթուղու շահագործման ընդհանուր ծախսերի մեջ առանձնահատուկ տեղ ունի էլեկտրաէներգիայի ծախսը, որի տեսակարար կշիռը կազմում է 26,7 օ/օ:

Հաշվետու տարվա ընթացքում 982.058 մլն տ.կմ բրուտո կատարված աշխատանքի համար ամբողջ համակարգում ծախսվել է 75,9 մլն կվտ.ժամ էլեկտրաէներգիա, որը ըստ ծախսի տեսակների բաշխվել է հետևյալ կերպ`

 

- Քարշի վրա - 56,7 մլն կվտ.ժամ, որը կազմում է ընդհանուր ծախսի 75 տոկոսը

- Տեխնոլոգիական կարիքների համար - 16,4 մլն կվտ.ժամ, կամ ընդհանուր ծախսի

21,5 տոկոսը

- Այլ նպատակներով (բնակելի տներ, կողմնակի սպառիչներ և այլն) - 2,8 մլն

կվտ.ժամ կամ ընդհանուր ծախսի 3,5 տոկոսը:

 

Ինչպես և նախորդ տարիներին, ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումներն իրականացվել են B/\ - 8 և B/\ - 10 տիպի էլեկտրաքարշերով ու ԷՌ-2 շարժիչավագոնային սեկցիաներով և միայն բացառիկ դեպքերում են թույլատրվել մանևրային աշխատանքների իրականացումը քարշի էլեկտրաէներգիայով:

Էլեկտրաէներգիայի օգտագործման արդյունավետության կարևորագույն ցուցանիշը հանդիսացող քարշի էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը 1998թ. կազմել է 529,3 կվտ.ժամ - 10.000 տ.կմ բրուտո, նախորդ տարվա 640,4-ի փոխարեն, կամ նվազել է 17,3 տոկոսով:

Հարկ է նշել, որ հաշվետու տարվա 2-րդ կիսամյկում կատարված աշխատանքը կազմել է 494,776 մլն տ.կմ բրուտո, որը առաջին կիսամյակի համեմատությամբ աճել է 1,5 տոկոսով և միևնույն ժամանակ քարշի վրա 2-րդ կիսամյակում ծախսվել է 25,5 մլն կվտ.ժամ էլեկտրաէներգիա, որը 1-ին կիսամյակի համեմատությամբ նվազել է 19,4 տոկոսով: Այսպիսով, 1998թ. 2-րդ կիսամյակում քարշի էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը կազմել է 516 կվտ.ժամ - 10.000 տ.կմ բրուտո, որի արդյունքում առաջին կիսամյակի համեմատությամբ պակաս է ծախսվել 5,624 մլն կվտ.ժամ էլեկտրաէներգիա:

Քարշի էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսի նվազումը 2-րդ կիսամյակում պայմանավորված է այդ ոլորտում հաշվիչների տեղադրմամբ, հաշվիչ սարքերի կարգաբերմամբ, հսկողության ուժեղացմամբ և պաշտոնատար անձանց նկատմամբ պահանջկոտության բարձրացմամբ:

Տեխնոլոգիական նպատակների համար ծախսված էլեկտրաէներգիայի քանակը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 1,0 մլն կվտ.ժամ-ով և դա այն դեպքում, երբ երկաթուղու համակարգում լոկոմոտիվների և վագոնների նորոգման ամենաէներգատար աշխատանքների ընդհանուր ծավալները չեն նվազել:

Չնայած էլեկտրաէներգիայի խնայողաբար օգտագործման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները տվել են որոշակի դրական արդյունք, այնուամենայնիվ, դեռևս այդ ոլորտում առկա են բազմաթիվ թերություններ ու բացթողումներ, որոնց վերացումը կարող է բերել էլեկտրաէներգիայի ծախսի զգալի տնտեսումների:

Առկա բացթողումների մասին է խոսում թեկուզ այն փաստը, որ դեպարտամենտի պետի 1999թ. փետրվարի 17-ին թիվ 16 հրամանով ստեղծված հանձնաժողովը, ուսումնասիրելով «ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքներ» ՊՓԲԸ Երևանի էներգամատակարարման ուղեմասի գործունեությունը, արձանագրել է բազմաթիվ թերություններ, բացթողումներ և ԷՕԿ կանոնների մի շարք կոպիտ խախտումներ, որի համար աշխատանքից ազատվել են ինչպես ուղեմասի պետը, այնպես էլ մի շարք պատասխանատու աշխատողներ:

1999թ. առաջին եռամսյակում երկաթուղային տրանսպորտով փոխադրվել է 279.7 հազար տոննա բեռ, որը 1998թ. առաջին եռամսյակի համեմատությամբ նվազել է 17.7 տոկոսով, այդ թվում ներմուծումը նվազել է 46 տոկոսով, արտահանումը` 20,2 տոկոսով, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումները աճել է 172.4 տոկոսով:

Բեռնաշրջանառությունը նվազել է 42.5 տոկոսով և կազմել` 52.6 մլն տոնն.կմ:

Բեռնափոխադրումների ծավալների կտրուկ նվազեցումը պայմանավորված է Ռուսաստանի դաշնությունում առկա տնտեսական ճգնաժամով:

Ուղևորների փոխադրման ծավալը 1998թ. առաջին եռամսյակի համեմատ 1999թ. առաջին եռամսյակում աճել է 15,9 օ/օ-ով և կազմել 311,5 հազ. ուղևոր, իսկ ուղևորաշրջանառությունը աճել է 1 օ/օ-ով և կազմել 9,5 մլն ուղևոր.կմ:

Առաջին եռամսյակի արդյունքներով եկամուտները կազմել են 962.6 մլն. դրամ, իսկ ծախսերը 1072,4 մլն. դրամ, հաշվեկշռային մասը կազմել է 109,8 մլն. դրամ: Դեբիտորական պարտքերը (ներառելով ներքին շրջանառությունը) կազմել է 839,4 մլն. դրամ, որը 1999թ. հունվարի 1-ի դրությամբ աճել են 361,4 մլն. դրամով: Կրեդիտորական պարտքերը այդ նույն ժամանակաշրջանում աճել են 335,6 մլն. դրամով և առ 01.04.99թ. կազմել 2975,8 մլն. դրամ:

ՀՀ տրանսպորտի նախարարի 1998թ. սեպտեմբերի 25-ի թիվ 189 հրամանի պահանջներին համապատասխան հայկական երկաթուղու համակարգի բոլոր ստորաբաժանումներում անհրաժեշտ խորությամբ և ամբողջ ծավալով անց է կացվել հիմնական միջոցների գույքագրում, որի շնորհիվ վեր է հանվել երկաթուղու հաշվեկշռում առկա հիմնական միջոցների իրական քանակները և դրանց տեխնիկական վիճակը, բացակայող հիմնական միջոցները, պահեստներում առկա ապրանքանյութական արժեքների ծավալները, ինչպես նաև հանրապետության սահմաններից դուրս գտնվող երկաթուղուն պատկանող հիմնական միջոցների քանակները և դրանց տեղաբաշխվածությունը:

Գույքագրման արդյունքների ողջ ընթացքը դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանումների կողմից պահվել է մշտական հսկողության տակ և հանձնաժողովներին ցուցաբերվել է մեթոդական օգնություն: Բացի այդ, ընտրանքային կարգով տեղերում ուսումնասիրվել են մի շարք օբյեկտների գույքագրման արդյունքները, ինչը հնարավորություն է տվել ստուգելու ներկայացված տվյալների արժանահավատությունը և խուսափելու հնարավոր սխալներից:

Գույքագրման արդյունքները առավել մատչելի և իրազննելի դարձնելու նպատակով պատրաստվել են մեծ ծավալի դիտակտիկ նյութեր, որոնք ֆոտոալբոմների տեսքով պատրաստ են քննարկման ներկայացնելու համար:

Հիմնական միջոցների ցանկը գույքագրման արդյունքներով ամփոփել և առանձնացվել է խմբերի` ըստ ՀՀ տրանսպորտի նախարարության կողմից հաստատված հաշվետվության ձևերի:

Գույքագրման արդյունքում պարզվել է, որ համակարգի ընկերությունների և մյուս ստորաբաժանումների հաշվեկշռում առկա են 13.329.531 հազար դրամ ընդհանուր գումարի հիմնական միջոցներ, որոնց մնացորդային արժեքը կազմում է 7.888.517.300 դրամ:

Ինչպես պարզվել է հիմնական միջոցների տեխնիկական վիճակի ուսումնասիրությունից 454.671.261 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող հիմնական միջոցներ ենթակա են դուրս գրման: Դրանք հիմնականում 60-ական թվականների արտադրության էլեկտրաքարշեր, ջերմոքարշեր և վագոններ են, որոնց վերանորոգումը կպահանջի հսկայական կապիտալ ներդրումներ և տնտեսապես նպատակահարմար չէ: Բացի այդ, դրանց դուրս գրման դեպքում պիտանի ագրեգատները և հանգույցները սահմանված կարգով կարող են օգտագործվել վերանորոգման ենթակա կամ շահագործվող շարժակազմերի նորոգման համար: Միաժամանակ, ինչպես ցույց են տալիս նախնական հաշվարկները, շարժակազմի դուրս գրման և ապամոնտաժման արդյունքում կգոյանա մոտ 18.0 հազար տոննա մետաղի ջարդոն (որից մի մասը գունավոր), որի իրացումից սպասվող եկամուտը ավելի քան 130 անգամ կգերազանցի դուրս գրվող հիմնական միջոցների մնացորդային արժեքը, որը կազմում է 47.422.986 դրամ:

Դուրս գրման ենթակա և բացակայող հիմնական միջոցներից են`

- 22 էլեկտրաքարշեր, որից 10-ը բացակայող

- 15 ջերմոքարշեր, որից 2-ը բացակայող

- 602 տարբեր տեսակի ուղևորատար և բեռնատար վագոններ

- 41 էլեկտրոգնացքներ, որից 28-ը բացակայող

- Դիլիջան-Իջևան հատվածի գողացված հպակային ցանցի պղնձյա հաղորդալարերը մոտ 43 տոննա և այլն:

Հարկ է նշել, որ բացակայող հիմնական միջոցներից յուրաքանչյուրի որոնման և վերադարձման ուղղությամբ տարվում է հետևողական աշխատանք: Ուսումնասիրվել է և հստակեցվել է նաև նախորդ տարիներին այդ ուղղությամբ կատարված աշխատանքի նյութերը:

Մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել հատկապես հանրապետությունից դուրս գտնվող հիմնական միջոցների հայտնաբերման, դրանց փաստացի տեխնիկական վիճակի ուսումնասիրման և վերադարձման հնարավոր տարբերակների մշակման ուղղությամբ: Համապատասխան մասնագետներ են գործուղվել ԱՊՀ երկրներ, որոնք տեղերում ուսումնասիրել են շուրջ 270 միավոր հայկական երկաթուղուն պատկանող հիմնական միջոցներ, պարզել դրանց պահպանվածության վիճակը, նախապատրաստել ֆոտոալբոմներ և տեսաժապավեններ, որոնք առավել ակնառու են դարձնում փաստացի իրավիճակը:

Կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ «ՀՀ երկաթուղու շարժակազմ» ՊՓԲԸ հաշվեկշռում ընդգրկված թվով 91 էլեկտրաքարշերից փաստացի առկա է 81-ը:

Հանրապետության տարածքից դուրս գտնվող 14 էլեկտրաքարշերից հայտնաբերվել են 11-ը, որոնցից 10-ը գտնվում են տեխնիկական անբավարար վիճակում: Համեմատաբար բարվոք վիճակում է գտնվում միայն Լվովում հայտնաբերված էլեկտրաքարշը, որի Հայաստան տեղափոխվելու անհրաժեշտությունն ակնհայտ է:

Բացակայող էլեկտրաքարշերից 3-ը ժամանակին Մոսկվա քաղաքում կտրվել և հանձնվել են որպես մետաղի ջարդոն, չունենալով դրանց դուրս գրման և լիկվիդացման թույլտվությունը: Նույն բախտին են արժանացել հանրապետությունում որպես բացակայող արձանագրված թվով 7 էլեկտրաքարշերը, որոնց դուրս գրման և լիկվիդացման համար անհրաժեշտ փաստաթղթերը տրանսպորտի նախարարություն ներկայացնելուց հետո, չսպասելով համապատասխան թույլտվությունը (որն ի դեպ առ այսօր չի տրված) կտրվել, վերածվել են մետաղի ջարդոնի և վաճառվել: Նույն ձևով լիկվիդացվել են նաև որպես բացակայող հիմնական միջոց արձանագրված ջերմաքարշերը: Առանց համապատասխան թույլտվության դրանցից մեկը որպես մետաղի ջարդոն վաճառվել է Երևանում, իսկ մյուսը` Ջանկոյ քաղաքում:

Նույն ընկերության հաշվեկշռում գտնվող 119 ջերմոքարշերից օգտագործման համար ոչ պիտանի են 15-ը: Ինչպես արդեն նշվել է, 2 ջերմոքարշ ընդհանրապես բացակայում են, 4 ջերմոքարշ գտնվում են հանրապետության տարածքից դուրս, որոնցից 1-ի գտնվելու վայրը առ այսօր հայտնի չէ: Ընկերության հաշվեկշռում գտնվող 4573 տարբեր տեսակի և նշանակության բեռնատար վագոններից 602-ը ենթակա են դուրս գրման անբավարար տեխնիկական վիճակի և ծառայության սահմանված ժամկետի լրացման պատճառով:

Գույքագրման ընթացքում հաշվառված բեռնատար վագոնների թիվը կազմել է 4763 միավոր: Բեռնատար վագոնների ընդհանուր թվից 475 վագոն գույքագրման ընթացքում դուրս է մնացել հաշվապահական հաշվառումից, քանի որ համակարգչային հաշվիչ կենտրոնի տվյալների բազայում դրանց տվյալները դեռևս ճշգրտված չեն: Դրանք հիմնականում այն վագոններն են, որոնց համարները կամ բացակայում են, կամ հստակ պատկերված չեն: Ներկայումս այդ վագոններից 82-ի համարներն արդեն ճշտված են և ապրիլ ամսից սահմանված կարգով վերցվել են հաշվապահական հաշվառման: Թվով 624 վագոն գտնվում են հանրապետության սահմաններից դուրս: Դեպարտամենտի կարծիքով պետք է վերջնականորեն որոշել դրանց հետագա ճակատագիրը, նկատի ունենալով դրանք հանրապետություն տեղափոխելու հարցում առկա տեխնիկական և ֆինանսական լուրջ հիմնախնդիրները: Ընկերության հաշվեկշռում գտնվող թվով 258 ուղևորատար վագոններից 217-ը գտնվում են հանրապետության տարածքում, իսկ մնացած 41-ը` ԱՊՀ երկրներում: Գույքագրման ընթացքում վերը նշված 1 ուղևորատար վագոններից հայտնաբերվել են 12-ը, որոնցից 2-ը Դնեպրոպետրովսկում, 7-ը Սիմֆերոպոլ, 3-ը Ադլեր քաղաքներում: Մնացած 29 ուղևորատար վագոնների որոնման աշխատանքները շարունակվում են: Ընկերության հաշվեկշռում գրանցված են 205 սառնարանային վագոններ, որոնցից 204-ը գտնվում են ԱՊՀ երկրներում, իսկ մեկ վագոն գողացվել է Մայկոպ երկաթուղային կայարանից, ինչի կապակցությամբ հարուցված է քրեական գործ Ադիգեի տրանսպորտային դատախազության կողմից:

Գույքագրմամբ հաշվապահական հաշվառման մեջ գտնվող 99 միավոր էլեկտրոգնացքների վագոններից հայտնաբերվել է 71-ը: Բացակայող 28 վագոնը դեռևս 1998թ. ուղարկվել են աղետի գոտի (հիմնականում Գյումրի) որպես ժամանակավոր կացարաններ: Այժմ ընթացքի մեջ են դրանց փաստացի տեղաբաշխվածությունը պարզելու և դուրս գրման հետ կապված նախապատրաստական աշխատանքները:

Բացի այդ, անց է կացվել բեռնախցիկների համատարած հաշվեգրում, որը հնարավորություն է տվել ճշտելու ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող բեռնախցիկների քանակները և հստակեցնելու դրանց տեղաբաշխվածությունը:

Գույքագրմամբ արձանագրվել է, որ անբավարար վիճակում են գտնվում համակարգի շենքերը, շինությունները, տրանսպորտային միջոցները և մեքենա-մեխանիզմները, սարքավորումները:

Այսպես, երկաթուղու համակարգում գտնվող 42 քարշային ենթակայաններից 33-ի շենքերն ու շինությունները ենթակա են հիմնական նորոգման: Տեխնիկապես անբավարար վիճակում են Սանահինի, Գյումրիի և Երևանի կապի տները: Երկաթուղային կայարանների շենքերից 14-ը թալանված են, բերված շահագործման համար ոչ պիտանի վիճակի: Օրինակի համար կարելի է նշել Աղինի, Կույբիշևի, Շորժայի, Լուսաբացի, Երասխի կայարանային շենքերն ու շինությունները, իսկ Դիլիջանի կայարանային շենքը գտնվում է խիստ վթարային վիճակում, որը փլուզումից փրկելու համար անհրաժեշտ է արագ նախագծային և վերականգնողական աշխատանքների իրականացում:

Տարիներ շարունակ միջոցներ չեն հատկացվել երկաթուղու ինժեներական կառույցների վերականգնման աշխատանքների համար, որի հետևանքով դրանցից շատերն այսօր շահագործվում են վթարային ռեժիմներում: Վերանորոգման կարիք ունեն Մեղրաձորի երկաթուղային թունելի որոշ հատվածները: Երկաթուղու 2604-2672 կմ-րի հատվածում գործող մետաղյա կամուրջները պահանջում են հիմնական վերանորոգում: Վերականգնման անհրաժեշտություն ունի Ջաջուռի երկաթուղային թունելի վերին ջրահեռացման համակարգը, Շահալիի կամուրջը:

Մինչև այժմ երկաթուղու հաշվեկշռում են գտնվում Ախուրյանի ջրամբարի կառուցման հետևանքով Գյումրիի գծի ուղեմասի լիկվիդացված մերձատար երկաթուղային գծերը, 1988թ. երկրաշարժի հետևանքով փլուզված բազմաթիվ շինություններ, շենքեր:

Երկաթուղու համակարգից մաշված, շահագործման համար ոչ պիտանի և բացակայող շենքերի, շինությունների և մյուս հիմնական միջոցների դուրս գրման հարցի հրատապ լուծումը այսօր խիստ անհրաժեշտություն է, որի արդյունքում`

ա) համակարգը կազատվի փաստորեն գոյություն չունեցող, չօգտագործվող հիմնական միջոցների համար հարկային վճարումներ կատարելուց.

բ) չեն կատարվի ծախսումներ այդ միջոցների պահպանման ուղղությամբ.

գ) երկաթուղային, կայարանային գծերը և բազաները կազատվեն ավելորդ ծանրաբեռնվածությունից և հնարավորություն կստեղծվի դրանց նպատակային օգտագործման համար.

դ) հիմնական միջոցների լիկվիդացման ընթացքում առանձնացված օգտագործման համար դեռևս պիտանի հանգույցները, մասերը, կօգտագործվեն շահագործման մեջ գտնվողների վերանորոգման նպատակով:

Երկաթուղու միջազգային կապերի շրջանակներում շարունակվել են բանակցությունները Երկաթուղու միջազգային կազմակերպության, ԱՊՀ և մերձբալթյան, ինչպես նաև մյուս արտասահմանյան երկրների հետ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցություն հաստատելու ուղղությամբ:

1999թ. հունվարի 14-ից, Հայաստանի Հանրապետությունը դարձել է Սերասխի պայմանագրի անդամ, որով 50 տոկոս զեղչ է նախատեսվում տարանցիկ բեռների սակագների նկատմամբ, սակայն Վրաստանի կողմից չեն կատարվում պայմանագրային պարտավորությունները և զեղչ չի կիրառվում Հայաստանից առաքվող և հանրապետություն ներկրվող բեռների համար: Չնայած դրան, երկարատև բանակցությունների շնորհիվ հաջողվել է Վրաստանի տարածքում տարանցիկ բեռների տեղափոխման սակագնի նկատմամբ սահմանել 25 տոկոս զեղչ:

Պայմանագիր է կնքվել գերմանական «Polzuq» ընկերության հետ բեռնախցիկային հատուկ գնացք սարքավորելու մասին, որի իրագործումը հնարավորություն կտա արմատապես բարելավելու բեռնախցիկների տեղափոխման աշխատանքները: Դրա հետ մեկտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ մաքսային վարչության հետ «Կարմիր Բլուր» կայարանում մաքսային հսկման հետ կազմակերպելու մասին և ներկայումս ՀՀ մաքսային վարչությանը համապատասխան հաստիքներ հատկացնելու հարցը քննարկվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում:

Շարունակվում են բանակցությունները համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ 2000թ. հայկական երկաթուղուն 13.0 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու և այդ վարկային ծրագիրն իրագործելու նպատակով ԾԻԳ ստեղծելու խնդրի շուրջ:

Զգալի աշխատանքներ են տարվել ԱՊՀ երկրների հետ վագոնների օգտագործման փոխադարձ հաշվարկները հստակեցնելու ուղղությամբ:

Քննարկվել և համապատասխան եզրակացություններ են պատրաստվել ԱՊՀ երկրների միջպետական տնտեսական կոմիտեի կողմից ստացված պայմանագրերի, համաձայնագրերի և այլ նորմատիվ փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ:

Երկաթուղու դեպարտամենտը ակտիվորեն մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի աշխատանքներին, որոնց ընթացքում ընդունվել են բազմաթիվ որոշումներ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Մասնավորապես, լուրջ նախապատրաստական աշխատանքներ տանելուց հետո 1999թ. փետրվարի 9-ից 10-ը Ռիգայում կայացած խորհրդի XXIII նիստում ընդունվել են որոշումներ հետևյալ կարևորագույն հարցերի վերաբերյալ`

- այլ երկրների բեռնատար վագոնների օգտագործման համար փոխադարձ հաշվարկներ կատարելու մասին.

- 1998թ. սեպտեմբերի 16-ին բեռնախցիկային պարկի հաշվեգրման արդյունքների և բեռնախցիկների հաշվառումը և օգտագործումը բարելավելու միջոցառումների մասին.

- բեռնատար վագոնների նորոգման նոր համակարգի (ըստ կատարված աշխատանքի ծավալի) անցնելու մասին.

- ԱՊՀ անդամ և մերձբալթյան երկրների բեռնատար վագոնների շահագործման կանոնների և Իլիչյովսկ-Բաթումի (Փոթի) երկաթուղային-լաստանավային հաղորդակցությունում դրանց օգտագործման հաշվարկների կարգի մասին:

Հայաստան-Իրան երկաթուղիների միացման հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով կազմակերպվել է իրանական «Մերտա» երկաթուղային-ինժեներական պատվիրակության այցը Հայաստան, որի ընթացքում կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ և ձեռք է բերվել պայմանավորվածություն այդ ուղղությամբ հետագա աշխատանքները իրանական կողմի և «Հայգիպրոտրանս» ընկերության միջոցով շարունակելու մասին:

Ամերիկյան միջազգային զարգացման գործակալության «Այրիս» կազմակերպության հետ վարած նախնական բանակցությունների շնորհիվ վերջերս համատեղ մասնագիտական աշխատանքային խմբով ուսումնասիրվել է Մեղրի-Հորադիզ հատվածի երկաթգծերի վիճակը և դրանց շահագործման տեխնիկական հնարավորությունները:

Հայկական երկաթուղու 1998-2001թթ. վերանորոգման և զարգացման կառավարության կողմից հաստատված ծրագրով ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 39,4 ԱՄՆ դոլար:

Նշված ծրագիրը նախատեսված է իրականացնել ինչպես միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից նպաստավոր պայմաններով տրվող ներդրումային վարկերի, այնպես էլ երկաթուղու սեփական միջոցների հաշվին:

Որպես մոտակա ծրագիր նախատեսված է ընթացիկ տարում երկաթուղու սեփական միջոցներից շուրջ 1,0 մլրդ. դրամ հատկացնել փոխադրումներին անմիջականորեն առնչվող 3 հիմնական ուղղություններով, այդ թվում` ենթակառուցվածքներ - 500,0 մլն., շարժակազմ - 340,0 մլն. և փոխադրումներ - 160,0 մլն. դրամ: Նշված ներդրումների հաշվին հիմնական նորոգումներ կկատարվեն երկաթգծի կոնտակտային ցանցերում, քարշի ենթակայաններում, էներգամատակարարման համակարգում, գծային տնտեսությունում, արհեստական կառույցներում, կապի և ազդանշանային համակարգերում, ինչպես նաև լոկոմոտիվային և վագոնային տնտեսություններում, ինչը հնարավորություն կտա որոշակիորեն բարձրացնելու փոխադրումների հուսալիությունը և ապահովելու երկաթուղու անվտանգ շահագործումը:

Ծրագրերի իրականացման հաջորդ` միջին փուլը նախատեսված է իրականացնել Համաշխարհային Բանկի կողմից 2000թ. տրվելիք 13,0 մլն. ԱՄն դոլար ներդրումային վարկի հաշվին: Այդ նպատակով արդեն իսկ կազմված են և առաջիկայում ՀՀ տրանսպորտի նախարարության կոլեգիայի հաստատմանը կներկայացվի համապատասխան ծրագիր, որով նախատեսված է ապահովել առաջին անհրաժեշտության ներքոհիշյալ աշխատանքների կատարումը`

- Այրում-Գյումրի ուղեմասի երկաթգծի հիմնական նորոգում - 5.180.0 հազ. ԱՄՆ

դոլար.

- Գյումրիի լոկոմոտիվային և վագոնային դեպոների շինարարության

շարունակում - 2.100 հազ. ԱՄն դոլար.

- Էլեկտրաքարշերի և ջերմաքարշերի հիմնական նորոգում - 2.200.0 հազ. ԱՄՆ

դոլար.

- Ուղևորատար և բեռնատար վագոնների հիմնական նորոգում - 1.388,2 հազ.

ԱՄՆ դոլար.

- Կապի և ազդանշանային համակարգերի վերականգնում և կատարելագործում -

1.397,65 հազ. ԱՄՆ դոլար.

- Համակարգչային կապի և տվյալների էլեկտրոնային մշակման կազմակերպում -

500,0 հազ. ԱՄՆ դոլար.

- Շարժակազմի վերանորոգման համար անհրաժեշտ նոր տեխնոլոգիական

սարքավորումների ձեռք բերում և տեղադրում - 420,0 հազ. ԱՄՆ դոլար.

- Լոկոմոտիվների էլեկտրասարքավորումների հիմնական նորոգում - 193,2 հազ.

ԱՄՆ դոլար:

Հայկական երկաթուղուն տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով «Տրասեկա» ծրագրի շրջանակներում նախատեսված է վերակառուցել և արդիականացնել կապի ողջ համակարգը` օպտիկա-մանրաթելային կաբելի կիրառմամբ, ինչը հնարավորություն կտա համակարգչային ցանցում ընդգրկել երկաթուղու բոլոր ենթակառուցվածքները, ինչպես նաև կապ հաստատել «Ինտերնետ» համակարգի հետ: Նշված ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 5,0 մլն էքյու և այն պետք է իրագործվի մինչև 2001 թվականը:

Բացի այդ «Տրասեկա» ծրագրով Եվրոմիությունը պետք է հատկացնի ևս մեկ միլիոն էքյու «Կարմիր բլուր» կայարանում նույն ժամանակահատվածում խոշոր բեռնահամալիրի կառուցման համար:

Տրանսպորտային կոմունիկացիոն ցանցի փլուզման և շրջափակման արդի պայմաններում հանրապետության տնտեսական համալիր բեռնափոխադրումների պահանջարկը բավարարելու կարևորագույն նախապայմանը Հայաստանից ԱՊՀ անդամ երկրներ և Եվրոպա երկաթուղային կապի ստեղծումն է:

Ներկայումս միակ գործող երկաթուղային անցումը Այրում-Սադախլոն է, որով իրականացվում է Հայաստանից Վրաստանի Փոթի և Բաթումի նավահանգիստներ տրանսպորտային կապը:

Հայաստանից ԱՊՀ երկրներ և Եվրոպա տրանսպորտային հուսալի ուղիների ստեղծման նպատակով ուսումնասիրվել է այդ ուղղություններով 1994թ.-ից հետո ընկած ժամանակահատվածում բեռնափոխադրումների ցուցանիշները, որի արդյունքում պարզվել է, որ 1994թ.-ից սկսած հանրապետություն ներմուծվող բեռների ծավալը տարեկան 500000 տոննայից չի նվազել, իսկ ոչ հեղուկ բեռների ամսական միջին վիճակագրական ծավալը կազմել է մոտավորապես 19,0 հազար տոննա: Ավելին, 1998թ. հունվար-հունիս ամիսների տվյալները վկայում են, որ ներմուծվող բեռների ծավալները էապես աճել են և ամսական առնվազն 30.000 տոննա բեռ ծովային տրանսպորտով տեղափոխվել է վրացական նավահանգիստներ, իսկ այնուհետև` երկաթուղով Հայաստան:

Այլ է պատկերը Հայաստանից արտահանվող բեռների առումով:

1995թ. սկսած այլ բեռների ծավալն անընդհատ աճել է և ամսական կազմել մոտ 25,0 հազար տոննա, իսկ 1998թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում նվազագույն ծավալը գրանցվել է փետրվարին` 16,0 հազար տոննա, առավելագույնը` ապրիլին 39,3 հազար տոննա:

Այսպիսով, 1998թ. Հայաստանից ամսական առնվազն 16000 տոննա բեռ է տեղափոխվել Վրաստանի նավահանգիստներ, իսկ այնուհետև ծովային տրանսպորտով` այլ երկրներ:

Ներկայումս գործող Փոթի-Իլիչյովսկ-Վառնա և Բաթումի-Իլիչյովսկ-Վառնա երկաթուղային լաստանավերի շնորհիվ զգալիորեն մեծացել են Եվրոպայից երկաթուղային վագոններով առանց միջանկյալ բեռնման-բեռնաթափման բեռների տեղափոխման հնարավորությունները: Նշված ուղղություններով գործող «Գերոյ Շիպկի» տիպի լաստանավերը հնարավորություն ունեն միանգամից տեղափոխելու թվով 108 բեռնատար վագոններ:

1999թ. ապրիլի 15-ից գործողության մեջ է մտել Ուկրաինայի և Վրաստանի միջև կնքված «Վագոններով միջազգային ուղիղ երկաթուղային-լաստանավային բեռների տեղափոխման մասին» համաձայնագիրը և «Իլիչյովսկ-Բաթումի երկաթուղային-լաստանավային հաղորդակցությունում բեռնատար վագոնների օգտագործման կանոնները» , որոնց համաձայն հայկական երկաթուղու վագոնները կարող են առանց որևէ խոչընդոտի բարձվել լաստանավերի վրա, հասնել Իլիչյովսկ և շարունակել ճանապարհը մինչև պատվիրված ցանկացած կետ:

Նկատի ունենալով, որ այդ ճանապարհով, հաշվի առնելով տարանցիկ միջազգային բարձր սակագները, նպատակահարմար չէ փոխադրումների իրականացումը Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ, ներկայումս Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության հետ բանակցություններ են վարվում Ռոստով քաղաքի մոտակայքում գտնվող «Կովկաս» նավահանգստի վերագործարկման խնդրի շուրջ:

Այդ լաստանավային անցման վերականգնումը ոչ միայն կապահովի կայուն տրանսպորտային կապ Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ մյուս երկրների հետ, այլև հնարավորություն կտա զգալիորեն նվազեցնելու բեռնափոխադրումների ինքնարժեքը:

Տրանսպորտային նոր ուղիների ստեղծման մյուս կարևորագույն և հեռանկարային ուղղությունը Իրանից Հայաստան, Վրաստանի և Ուկրաինայի տարածքով մինչև Եվրոպա տնտեսապես ամենահարմար երթուղիներով առավել արդյունավետ տարբերակների մշակումը և իրագործումն է: Նշված հիմնախնդիրը լուծելու նպատակով ՀՀ տրանսպորտի նախարարությունը ձեռնամուխ է եղել «Միջազգային եվրո-ասիական տրանսպորտային ընկերության» (ՄԵԱՏԿ) հիմնադրման աշխատանքներին:

Բացի «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» ՊՓԲԸ-ից այդ ընկերության հիմնադիրներ են հանդիսանում նաև Իրանի տրանսպորտի նախարարությունը («Ռախնավարդ»), Վրաստանի երկաթուղին (»Մագի»), Ռոստովի (»Միդել» և «Դոնիֆլոտ»), Ուկրաինայի (»Ամոս») և Հայաստանի (»ԵԱՏ») ոչ պետական ընկերությունները: Նորաստեղծ համատեղ ընկերության հիմնական նպատակը ավտո, երկաթուղային, գետային և ծովային տրանսպորտի հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործման ճանապարհով և նվազագույն ծախսումներով բեռները առանց պատվիրատուի լրացուցիչ միջամտության առաքման կետերից ստացման կետեր տեղափոխելն է: Բացի այդ, «ՄԵԱՏԿ» ընկերության գործունեությունը հնարավորություն կտա օգտագործել «Արսկո» ընկերության սեփականություն հանդիսացող նավերը և «Կովկաս» նավահանգստի հայ-ռուսական երկաթուղային-լաստանավային անցումը:

Վերջերս եռակողմ` Հայաստան-Վրաստան-Բուլղարիա համաձայնագիր է ստորագրվել երկաթուղային լաստանավային անցման օգտագործման վերաբերյալ: Բուլղարիայի կառավարությունից նախնական համաձայնություն է ստացվել նաև համատեղ կոմբինացված փոխադրումներ իրականացնելու նպատակահարմարության մասին:

Նույնպիսի համաձայնագրի նախագիծ է ուղարկվել Հունաստանի կառավարությանը, որտեղից մոտ ապագայում ակնկալում ենք դրական պատասխան:

Առաջիկայում նախատեսվում է կոմբինացված փոխադրումների համաձայնագիր ստորագրել Ռումինիայի հետ, որին միանալու ցանկություն է հայտնել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Շուկայական հարաբերությունների զարգացման արդի պայմաններում, փոխադրումների ծավալի հետագա աճը ապահովելու և երկաթուղու համակարգի ֆինանսական վիճակի առողջացման գործում պակաս կարևոր չեն նաև շուկայի ուսումնասիրման, երկաթուղու ներկայացուցչական օղակների գործունեության արդյունավետության բարձրացման, ճկուն սակագնային քաղաքականություն վարելու, ինչպես նաև երկաթուղու առավելությունների և վարվող սակագնային քաղաքականության լուսաբանման գործոնները:

ՀՀ կառավարության 1998թ. հոկտեմբերի 16-ի հ. 634 որոշման 10-րդ կետի ա) ենթակետով սահմանված կարգով հաստատվել և 1999թ. հունվարի 10-ից գործողության մեջ է դրվել «ՀՀ երկաթուղով տեղական (ներհանրապետական) հաղորդակցություններում բեռների փոխադրման գնացուցակը» , որի կիրառումը հնարավորություն է տվել խուսափելու դրամի և ԱՄՆ-ի դրամի փոխարժեքի տատանումների հետևանքով երկաթուղուն հասցվող նյութական զգալի վնասներից:

Կանոնակարգվել է երկաթուղու ներկայացուցչական օղակների գործունեությունը, նախապատրաստական աշխատանքներ են տարվում տրանսպորտային խոշոր հանգույցներում ներկայացուցչական կետեր ստեղծելու ուղղությամբ: Ավարտին են մոտենում հայկական երկաթուղու սակագնային քաղաքականության մշակման աշխատանքները և մինչև ընթացիկ ամսվա վերջը այն կհաստատվի և կդրվի գործողության մեջ:

Երկաթուղու կառուցվածքային և տնտեսական բարեփոխումների ընթացքի և դրա արդյունքում ձևավորված կառավարման որակապես նոր համակարգի պայմաններում բաժնետիրական ընկերությունների փոխհարաբերությունները կանոնակարգող փաստաթղթերի փաթեթին, ինչպես նաև երկաթուղու վերջին մեկ տարվա ֆինանսա-տնտեսական գործունեության արդյունքներին անաչառ գնահատական տալու նպատակով առաջիկայում նախատեսված է մրցութային կարգով անկախ աուդիտի միջոցով կազմակերպել ստուգումներ, ինչը հնարավորություն կտա շտկելու տեղ գտած բացթողումները և մշակելու համակարգի ֆինանսական առողջացման լուրջ ծրագրեր:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՀՀ Երկաթուղու դեպարտամենտի համակարգի ՊՓԲԸ-ի հիմնական

միջոցների մասին

 

31.12.1998թ. դրությամբ

 

._________________________________________________________________________.

| Հ/Հ | ՊՓԲԸ-ի անվանումը    |   Հիմնական      | Մնացորդային   | Ծանոթու-  |

|     |                     |   միջոցների     | արժեքը        | թյուն     |

|     |                     |   սկզբնական     |               |           |

|     |                     |   արժեքը        |               |           |

|     |                     |                 |               |           |

|     |                     |         դրամ    |       դրամ    |           |

|     |                     |                 |               |           |

|_____|_____________________|_________________|_______________|___________|

| 1   |         2           |        3        |      4        |     5     |

|_____|_____________________|_________________|_______________|___________|

| 1   | «Ենթակառուց-       |                 |               |           |

|     | վածքներ»           |  9457403000     |  5314678000   |           |

|_____|_____________________|_________________|_______________|___________|

| 2   | «Շարժակազմ»       |  2721418000     |  1810384000   |           |

|_____|_____________________|_________________|_______________|___________|

| 3   | «Փոխադրումներ»    |  810405000      |  571187000    |           |

|_____|_____________________|_________________|_______________|___________|

| 4   | Երևանի              |  17148000       |  9799300      |           |

|     | քաղաքացիական        |                 |               |           |

|     | կառույցների         |                 |               |           |

|     | ուղեմաս             |                 |               |           |

|_____|_____________________|_________________|_______________|___________|

| 5   | Գյումրիի            |  19532000       |  13153000     |           |

|     | քաղաքացիական        |                 |               |           |

|     | կառույցների         |                 |               |           |

|     | ուղեմաս             |                 |               |           |

|_____|_____________________|_________________|_______________|___________|

| 6   | Երևանի              |  71950000       |  30367000     |           |

|     | ջրամատակարարման     |                 |               |           |

|     | ուղեմաս             |                 |               |           |

|_____|_____________________|_________________|_______________|___________|

| 7   | «Երկաթուղիմատ»    |  26320000       |  21955000     |           |

|_____|_____________________|_________________|_______________|___________|

| 8   | Երևանի              |  47326000       |  28158000     |           |

|     | բեռնման-բեռ-        |                 |               |           |

|     | նաթափման            |                 |               |           |

|     | ուղեմաս             |                 |               |           |

|_____|_____________________|_________________|_______________|___________|

| 9   | Արզնիի երկա-        |  41700000       |  31206000     |           |

|     | թուղու              |                 |               |           |

|     | հիվանդանոց-         |                 |               |           |

|     | վերականգնողական     |                 |               |           |

|     | կենտրոն             |                 |               |           |

|_____|_____________________|_________________|_______________|___________|

|10   | Գյումրիի            |  32528000       |  17475000     |           |

|     | երկաթուղու          |                 |               |           |

|     | հիվանդանոց          |                 |               |           |

|_____|_____________________|_________________|_______________|___________|

|11   | Երևանի              |  22865000       |  17911000     |           |

|     | երկաթուղու          |                 |               |           |

|     | պոլիկլինիկա         |                 |               |           |

|_____|_____________________|_________________|_______________|___________|

|12   | Այրումի             |                 |               |           |

|     | «Լեռնագործ»       |  15045000       |  4226000      |           |

|_____|_____________________|_________________|_______________|___________|

|13   | Գյումրիի            |                 |               |           |

|     | շինմոնտաժային       |  25338000       |  12976000     |           |

|_____|_____________________|_________________|_______________|___________|

|14   | Վանաձորի            |  20553000       |  5042000      |           |

|     | թունելակամրջային    |                 |               |           |

|_____|_____________________|_________________|_______________|___________|

|15   | Ընդամենը            | 13.329.531.000  |  7.888.517.3000           |

._________________________________________________________________________.

 

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՀՀ երկաթուղու դեպարտամենտի համակարգի ՊՓԲԸ-ի գույքագրման

արդյունքներով դուրս գրման ենթակա հիմնական միջոցների մասին

31. 12. 1998թ. դրությամբ

 

._________________________________________________________________________.

| Հ/Հ |  ՊՓԲԸ-ի անվանումը  |     Դուրս գրման  |   Դուրս գրման  | Ծանո-    |

|     |                    |     ենթակա       |   ենթակա       | թություն |

|     |                    |     հիմնական     |   մնացորդային  |          |

|     |                    |     միջոցների    |   արժեքը       |          |

|     |                    |     սկզբնական    |                |          |

|     |                    |     արժեքը       |                |          |

|     |                    |                  |                |          |

|     |                    |            դրամ  |        դրամ    |          |

|_____|____________________|__________________|________________|__________|

|1    | «Ենթակառուց-      |     80149532     |   27132984     |          |

|     | վածքներ»          |                  |                |          |

|_____|____________________|__________________|________________|__________|

|2    | «Շարժակազմ»      |     113087141    |   11712211     |          |

|_____|____________________|__________________|________________|__________|

|3    | «Փոխադրումներ»   |     14843130     |   6472067      |          |

|_____|____________________|__________________|________________|__________|

|4    | Երևանի  քաղաքա-    |     479250       |                |          |

|     | ցիական կառույց-    |                  |                |          |

|     | ների ուղեմաս       |                  |                |          |

|_____|____________________|__________________|________________|__________|

|5    | Գյումրիի քաղաքա-   |     7702771      |                |          |

|     | ցիական կառույցների |                  |                |          |

|     | ուղեմաս            |                  |                |          |

|_____|____________________|__________________|________________|__________|

|6    | Երևանի  ջրամատա-   |     940600       |    402510      |          |

|     | կարարման ուղեմաս   |                  |                |          |

|_____|____________________|__________________|________________|__________|

|7    | Երևանի  բեռնման-   |     1569625      |    57678       |          |

|     | բեռնաթափման        |                  |                |          |

|     | ուղեմաս            |                  |                |          |

|_____|____________________|__________________|________________|__________|

|8    | Երկաթուղու         |     1073704      |    707312      |          |

|     | հիվանդանոց         |                  |                |          |

|_____|____________________|__________________|________________|__________|

|9    | Այրումի            |     259650       |                |          |

|     | «Լեռնագործ»      |                  |                |          |

|_____|____________________|__________________|________________|__________|

|10   | Գյումրիի շին-      |     1277357      |    932291      |          |

|     | մոնտաժային         |                  |                |          |

|_____|____________________|__________________|________________|__________|

|11   | Վանաձորի           |     135668       |    5933        |          |

|     | թունելակամրջային   |                  |                |          |

|_____|____________________|__________________|________________|__________|

|     | Ընդամենը           |     454671261    |    47422986    |          |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.1999
N 33
Արձանագրային որոշում