020.0163.230699
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
23 հունիսի 1999 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Գալուստյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56, 67 և 21 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման փոխառության համաձայնագրում (էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգի ծրագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Գալուստյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի ապրիլի 9-ին` Վաշինգտոնում:
Համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգի ծրագրի իրականացմանը:
Ըստ համաձայնագրի Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը (վարկառու) տրամադրում է տարբեր արժույթներով տասնհինգ միլիոն SDR-ին համարժեք գումարի փոխառություն:
Վարկառուն պարտավորվում է հիմնական գումարի մարումն սկսել 2009 թվականի հուլիսի 15-ից և ավարտել 2033 թվականի դեկտեմբերի 15-ին: Ընդ որում, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ յուրաքանչյուր մուծում կատարվում է տրամադրված գումարի 1.25%-ի չափով, իսկ այնուհետև` 2.5%-ի չափով:
Վարկառուն միաժամանակ պարտավորվում է օգտագործված վարկային միջոցների դիմաց մուծել տարեկան 0.75%-ի չափով սպասարկման վճար, իսկ չօգտագործված միջոցների դիմաց` մինչև 0.5%-ի չափով կատարման (պարտավորության) վճար:
Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում Միջազգային զարգացման ընկերակցության զարգացման փոխառության համաձայնագրերի նկատմամբ կիրառելի ընդհանուր պայմանները և թվով 6 ցանկերը, որոնք վերաբերում են փոխառության միջոցների դուրսգրման կարգին, ծրագրի բովանդակությանը, ապրանքների մատակարարման ընթացակարգերին, ծրագրի իրականացման ընթացքում վարկառուի գործունեության ուղղություններին, հատուկ հաշիվ բացելու և դրանից օգտվելու, ինչպես նաև ենթավարկային համաձայնագրերի կնքման պայմաններին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1999 թվականի ապրիլի 9-ին Վաշինգտոնում ստորագրված զարգացման փոխառության համաձայնագրում (էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգի ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
23 հունիսի 1999 թվականի
ՍԴՈ-163