Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1-ԻՆ, 3-ՐԴ, 6-ՐԴ, 24-ՐԴ, 26-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ «Վ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ               Վարչական գործ թիվ ՎԴ3/0233/05/12

    դատարանի որոշում                                              2013 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ3/0233/05/12

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Հ. Բեդևյան

                       Ա. Բաբայան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ժիրայր Զոհրաբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.05.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ժիրայր Զոհրաբյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Աննա Զոհրաբյանի, երրորդ անձ ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայնքի (այսուհետ` Համայնք)` քաղվածքը և իրավունքի պետական գրանցումները մասնակի առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ժիրայր Զոհրաբյանը պահանջել է մասնակիորեն առ ոչինչ կամ անվավեր ճանաչել պետական գրանցման հիմքում ընկած Համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշումից 2000 թվականին տրված քաղվածքը և ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 03031-4-7 մատյանի 000223 համարի, թիվ 03031-4-7 մատյանի 000055 համարի և թիվ 03031-4-7 մատյանի 000056 համարի տակ սեփականաշնորհված հողամասերի նկատմամբ կատարված պետական գրանցումները` Աննա Զոհրաբյանի մասով:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Պողոսյան) (այսուհետ` Դատարան) 20.12.2012 թվականի վճռով վարչական գործի վարույթը` պետական գրանցման հիմքում ընկած Համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշումից 2000 թվականին տրված քաղվածքը մասնակիորեն` Աննա Զոհրաբյանի մասով առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճվել է, իսկ ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 03031-4-7 մատյանի 000223 համարի, թիվ 03031-4-7 մատյանի 000055 համարի և թիվ 03031-4-7 մատյանի 000056 համարի տակ սեփականաշնորհված հողամասերի նկատմամբ կատարված պետական գրանցումները մասնակիորեն` Աննա Զոհրաբյանի մասով առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջների մասով, մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.05.2013 թվականի որոշմամբ Ժիրայր Զոհրաբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.12.2012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ժիրայր Զոհրաբյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին, 3-րդ, 6-րդ, 24-րդ, 26-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվորը սկզբում որպես հիմնական պահանջ ներկայացրել էր սեփականության իրավունքի պետական գրանցումներն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջ, իսկ հետագայում հայցադիմումի լրացման տեսքով ներկայացրել է նաև Համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշումից 2000 թվականին տրված քաղվածքն անվավեր կամ առ ոչինչ ճանաչելու պահանջը: Այն փաստը, որ վերոնշյալ քաղվածքը վարչական ակտ չդիտելու պարագայում էլ սեփականաշնորհված հողամասերի նկատմամբ կատարված պետական գրանցումները մասնակիորեն` Աննա Զոհրաբյանի մասով, պետք է առ ոչինչ ճանաչել, հիմնավորվում է օրենսդրության այն պահանջով, որ առ ոչինչ է այն վարչական ակտը, եթե սեփականատիրոջ վրա դրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն կամ նրան տրամադրվել է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Ե՛վ Դատարանը, և՛ Վերաքննիչ դատարանը հաստատված են համարել այն փաստերը, որ Աննա Զոհրաբյանը ծնվել է 25.06.1978 թվականին, Աննա և Ժիրայր Զոհրաբյաններն ամուսնացել են 08.02.1995 թվականին, իսկ ամուսնության գրանցումը կատարվել է 01.06.1996 թվականին: Դատարանը մի շարք փաստաթղթերի հիշատակմամբ հաստատված է համարել այն փաստը, որ Աննա Զոհրաբյանը սեփականաշնորհման գործընթացին մասնակցել է իր հայրական ծխի կազմում:

Բացի այդ, կադաստրային գործերից բացակայում է վիճարկվող պետական գրանցումների հիմքում դրված 21.03.1991 թվականի թիվ 11 որոշումը: Այսինքն` սեփականության իրավունքի պետական գրանցման հիմք հանդիսացող փաստաթղթի բացակայությունն ինքնին հիմք է պետական գրանցումն առ ոչինչ ճանաչելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.05.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ժիրայր Վոլոդյայի Զոհրաբյանը և Աննա Հայկազի Գրիգորյանն ամուսնացել են 08.02.1995 թվականին, որի մասին ամուսնության վերաբերյալ ակտերի գրանցման գրքում 01.06.1996 թվականին կատարվել է թիվ 7 գրանցումը: Ամուսնության գրանցումից հետո կինը կրել է Զոհրաբյան ազգանունը (հատոր 1-ին, գ.թ. 6):

2) Աննա Հայկազի Զոհրաբյանը ծնվել է 25.06.1978 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 65):

3) ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետի կողմից 07.02.2000 թվականին տրվել է ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի հողային ժապավենային տնտեսության թիվ 5 գրքից 210 համարի տակ գտնվող գրանցումից քաղվածք, ըստ որի` Ֆլորա Թորգոմի Գրիգորյանի անվամբ Գոռավանի գյուղապետարանում գրանցված է 1.000քմ մակերեսով տնամերձ հողամաս, որի վրա առկա է բնակելի տուն` օժանդակ շինություններով: Ընտանիքի կազմում են Աննա Հայկազի, Անժելա Հայկազի և Պարգև Հայկազի Գրիգորյանները (հատոր 1-ին, գ.թ. 93):

4) Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշման հիման վրա` 23.06.2000 թվականին ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 03031-4-1 մատյանի 000173 համարի տակ Ֆլորա, Աննա, Անժելա և Պարգև Գրիգորյանների անվամբ ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղում գրանցվել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունք` 0,122հա մակերեսով բնակելի տան կառուցման և սպասարկման հողամասի, 66,97քմ մակերեսով բնակելի տան, 17,6քմ մակերեսով գոմի նկատմամբ, և տրվել է թիվ 0146371 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 131-132):

5) Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշման հիման վրա` 23.06.2000 թվականին ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 03031-4-3 մատյանի 000091 համարի տակ Ֆլորա, Աննա, Անժելա և Պարգև Գրիգորյանների անվամբ ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղում գրանցվել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունք` 0,803հա մակերեսով վարելահողի նկատմամբ և տրվել թիվ 0146377 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 127-128):

6) Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 20.03.1991 թվականի թիվ 11 որոշման հիման վրա` 01.09.2003 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 03031-4-8 մատյանի 000078 համարի տակ Ֆլորա, Աննա, Անժելա և Պարգև Գրիգորյանների անվամբ ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղում գրանցվել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունք` 0,209հա վարելահողի ու 0,078հա խաղողի այգու նկատմամբ, և տրվել թիվ 1437154 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 129-130):

7) ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետ Ա. Բազիկյանի կողմից 07.02.2000 թվականին տրվել է ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշումից քաղվածք, ըստ որի` Ժիրայր Զոհրաբյանի ընտանիքին սեփականաշնորհվել է 700քմ մակերեսով 3-րդ կարգի վարելահող, 1.400քմ մակերեսով 4-րդ կարգի պտղատու այգի և 1.000քմ մակերեսով 3-րդ կարգի խաղողի այգի: Ընտանիքի կազմում է 1978 թվականին ծնված Աննա Հայկազի Զոհրաբյանը (հատոր 1-ին, գ.թ. 92):

8) ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետ Ա. Բազիկյանի կողմից 07.02.2000 թվականին տրված ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշումից քաղվածքի հիման վրա` 06.06.2003 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 03031-4-7 մատյանի 000055 համարի տակ Ժիրայր և Աննա Զոհրաբյանների անվամբ ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղում գրանցվել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունք` 0,170հա պտղատու այգու նկատմամբ, և տրվել թիվ 895915 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 20-22):

9) ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետ Ա. Բազիկյանի կողմից 07.02.2000 թվականին տրված ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշումից քաղվածքի հիման վրա` 06.06.2003 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 03031-4-7 մատյանի 000056 համարի տակ Ժիրայր և Աննա Զոհրաբյանների անվամբ ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղում գրանցվել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունք` 0,154հա վարելահողի նկատմամբ, և տրվել թիվ 895916 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 23-25):

10) ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետ Ա. Բազիկյանի կողմից 07.02.2000 թվականին տրված ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշումից քաղվածքի հիման վրա` 06.06.2003 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 03031-4-7 մատյանի 000223 համարի տակ Ժիրայր և Աննա Զոհրաբյանների անվամբ ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղում գրանցվել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունք` 0,140հա խաղողի այգու նկատմամբ, և տրվել թիվ 895917 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 26-28):

11) ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետ Ա. Բազիկյանի կողմից 27.06.2012 թվականին տրվել է թիվ 1/245 տեղեկանքը, ըստ որի` Գոռավան գյուղի բնակիչ Ժիրայր Վոլոդյայի Զոհրաբյանը 1991 թվականին հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացի ժամանակ ամուսնացած չի եղել (հատոր 1-ին, գ.թ. 8):

12) ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետ Ա. Բազիկյանի կողմից 27.06.2012 թվականին տրվել է թիվ 1/246 տեղեկանքը, ըստ որի` Գոռավան գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի կողմից սեփականաշնորհման մեկ բաժին է հաստատվել 0,43հա հողատարածքը (հատոր 1-ին, գ.թ. 9):

13) ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետ Ա. Բազիկյանի կողմից 27.06.2012 թվականին տրվել է թիվ 1/247 տեղեկանքը, ըստ որի` Գոռավան գյուղի բնակիչ Ժիրայր Վոլոդյայի Զոհրաբյանը 1991 թվականին հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացին մասնակցել է միայնակ և ստացել մեկ հողաբաժին` 0,43հա հողատարածք (հատոր 1-ին, գ.թ. 15):

14) ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետ Ա. Բազիկյանի կողմից 27.06.2012 թվականին տրվել է թիվ 1/248 տեղեկանքը, ըստ որի` Գոռավան գյուղի բնակիչ Աննա Զոհրաբյանը 1991 թվականին սեփականաշնորհման գործընթացին մասնակցել է իր հայրական տան հետ միասին և համարվում է համասեփականատեր: Ընտանիքին հատկացվել է 0,12հա տնամերձ հողամաս, 0,803հա վարելահող, 0,287հա խաղողի այգի (հատոր 1-ին, գ.թ. 17):

15) ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետ Ա. Բազիկյանի կողմից 27.06.2012 թվականին տրվել է թիվ 1/249 տեղեկանքը, ըստ որի` ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ Ժիրայր Վոլոդյայի Զոհրաբյանը 1987-1989 թվականներին Վեդու ավանային սովետի կողմից ճանաչվել է առանձին ծուխ: Գոռավանի գյուղապետարանում նման փաստաթղթեր չկան, որովհետև մինչև 20.12.1990 թվականը Գոռավան գյուղը գյուղխորհուրդ չի ունեցել և սպասարկվել է Վեդու ավանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 16):

16) ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետ Ա. Բազիկյանի կողմից 28.06.2012 թվականին տրվել է ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշումից քաղվածք, ըստ որի` Ֆլորա Թորգոմի Գրիգորյանի ընտանիքին սեփականաշնորհվել է 4.600քմ մակերեսով 3-րդ կարգի վարելահող և 3.000քմ մակերեսով 3-րդ կարգի խաղողի այգի: Ընտանիքի կազմում են Աննա Հայկազի, Անժելա Հայկազի և Պարգև Հայկազի Գրիգորյանները (հատոր 1-ին, գ.թ. 10):

17) ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետ Ա. Բազիկյանի կողմից 28.06.2012 թվականին տրվել է ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի հողային ժապավենային տնտեսության թիվ 5 գրքից 210 համարի տակ գտնվող գրանցումից քաղվածք, ըստ որի` քաղաքացի Ֆլորա Թորգոմի Գրիգորյանի անվամբ Գոռավանի գյուղապետարանում գրանցված է 1.000քմ տնամերձ հողամաս, որի վրա առկա է բնակելի տուն` օժանդակ շինություններով: Ընտանիքի կազմում են Աննա Հայկազի, Անժելա Հայկազի և Պարգև Հայկազի Գրիգորյանները (հատոր 1-ին, գ.թ. 11):

18) ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետ Ա. Բազիկյանի կողմից 27.06.2012 թվականին տրվել է ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշումից քաղվածք, ըստ որի` Ժիրայր Զոհրաբյանի ընտանիքին սեփականաշնորհվել է 700քմ մակերեսով 3-րդ կարգի վարելահող, 1.400քմ մակերեսով 4-րդ կարգի պտղատու այգի և 1.000քմ մակերեսով 3-րդ կարգի խաղողի այգի: Ընտանիքի կազմում են Ժիրայր Վոլոդյայի և Աննա Հայկազի Զոհրաբյանները (հատոր 1-ին, գ.թ. 12):

19) ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետ Ա. Բազիկյանը 02.07.2012 թվականի թիվ 51 գրությամբ դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գրանցման բաժին և հայտնել, որ «Արարատի մարզի Գոռավանի գյուղապետարանի կողմից սեփականության իրավունքով առաջին պետական գրանցման նպատակով իրենց կողմից տրված 07.02.2000 թվականի հողային ժապավենային տնտեսության գրքի քաղվածքով սեփականատեր Ժիրայր Վոլոդյայի Զոհրաբյանի ընտանիքի կազմում որպես համասեփականատեր թյուրիմացաբար է նշվել Աննա Հայկազի Զոհրաբյանը` ծնված 1978 թվականին: Աննա Հայկազի Զոհրաբյանը հողի սեփականաշնորհումից օգտվել է իր հայրական տան հետ միասին» (հատոր 1-ին, գ.թ. 14):

20) Հայաստանի Ազգային արխիվի Արարատի տարածքային ներկայացուցչության ներկայացուցիչ Ռ. Ղարիբյանի 20.11.2012 թվականի թիվ 375/44 գրության մեջ նշվել է, որ ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշումն արխիվից բացակայում է: Համաձայն արխիվում պահպանված Գոռավանի գյուղացիական տնտեսությունների և տնամերձների ցուցակի 557 համարի` Ժիրայր Վոլոդյայի Զոհրաբյանը 1 շնչով ունի 1 հողաբաժին` 0,43հա հողատարածք: Տվյալ գրությանը կից ներկայացված ցուցակը ստորագրել և Գոռավանի գյուղապետարանի կնիքով հաստատել է Գոռավանի գյուղապետ Ա. Վարդանյանը 29.12.1996 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 133-135):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցերին.

1) դատարանի կողմից գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման և դրա արդյունքում միայն ներկայացված պահանջներից յուրաքանչյուրին անդրադառնալու Դատարանի պարտականությանը,

2) դատարանի կողմից գործի փաստերն ի պաշտոնե պարզելու, ինչպես նաև բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու լիազորության լիարժեք իրականացմանը:

i

1) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:

Նույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտն առ ոչինչ լինելը:

Նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կարող է մեկից ավելի պահանջներ միավորել մեկ հայցում, եթե դրանք ուղղված են միևնույն պատասխանողի դեմ և փոխկապակցված են:

i

Նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետևանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վարչական դատարանը գործը հարուցում, քննում և լուծում է միայն հայցի հիման վրա և միմիայն հայցի շրջանակներում: Հայցվորը կարող է մեկից ավելի պահանջներ միավորել մեկ հայցում, եթե դրանք ուղղված են միևնույն պատասխանողի դեմ և փոխկապակցված են:

Տվյալ դեպքում հայցվորի կողմից երկու ինքնուրույն պահանջներ միավորվել են մեկ հայցի շրջանակներում, ներկայացվել են երկու առանձին ինքնուրույն պահանջներ` քաղվածքը մասնակիորեն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջ և իրավունքի պետական գրանցումները մասնակիորեն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջ, այլ ոչ թե որպես հիմնական պահանջ` քաղվածքն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջ և որպես դրա հետևանքները վերացնելու պահանջ` սեփականության իրավունքի պետական գրանցումներն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջ:

Վերաքննիչ դատարանը, վերահաստատելով Դատարանի եզրահանգումները, որոշմամբ պատճառաբանել է, որ ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետի կողմից 07.02.2000 թվականին տրված քաղվածքը չի կարող դիտվել որպես վարչական ակտ, այլ ընդամենը իրենից ներկայացնում է բուն վարչական ակտի` ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշման բովանդակության վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ: Այսինքն` գտել է, որ տվյալ դեպքում որպես վարչական ակտ կարող է դիտվել բացառապես ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշումը, որը, սակայն, սույն գործով վիճարկված չէ: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետի կողմից 07.02.2000 թվականին տրված քաղվածքը որպես վարչական ակտ չդիտելու և այդ մասով գործի վարույթը կարճման ենթակա լինելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումները, իսկ ինչ վերաբերում է սույն գործով վիճարկվող պետական գրանցումները (ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 03031-4-7 մատյանի 000223 համարի, թիվ 03031-4-7 մատյանի 000055 համարի և թիվ 03031-4-7 մատյանի 000056 համարի տակ կատարված պետական գրանցումներ) առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու մասին պահանջին, ապա տվյալ դեպքում հիմնական պահանջի առարկա հանդիսացող քաղվածքը որպես վարչական ակտ չդիտելու պայմաններում նշված գրանցումներն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջը ևս համարել է անհիմն և ենթակա մերժման, քանի որ հիմնական հայցապահանջի մասով սույն գործով վարույթը ենթակա է կարճման:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ պատճառաբանություններն անհիմն են, քանի որ սույն գործով հայցվորի կողմից ներկայացվել են առանձին ինքնուրույն պահանջներ, որոնք միավորվել են մեկ հայցի շրջանակներում: Ավելին, տվյալ դեպքում Դատարանի կողմից հայցապահանջների տարանջատումը հիմնական և ածանցյալ պահանջների հիմնավոր չէ, քանի որ հիմնական պահանջի լուծումը չի կանխորոշում և հանգեցնում ածանցյալ պահանջի լուծմանը: Տվյալ դեպքում սեփականության իրավունքի գրանցման հիմքում ընկած է ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշումը, այլ ոչ թե ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետի կողմից 07.02.2000 թվականին տրված քաղվածքը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս ատյանները, չգնահատելով գործում առկա թույլատրելի և վերաբերելի ապացույցները և հաշվի չառնելով գործի լուծման համար էական և ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք փաստական հանգամանքները, եկել են այն եզրահանգման, որ սեփականության իրավունքի գրանցումներն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջն ածանցյալ պահանջ է, հիմնական պահանջի հետևանքները վերացնելու պահանջ: Մինչդեռ, սույն գործով սեփականության իրավունքի պետական գրանցումներն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջը ևս հանդես է գալիս որպես ինքնուրույն պահանջ և ենթակա էր քննարկման, ինչը Դատարանի կողմից անտեսվել է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որը ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`

1) գնահատում է ապացույցները.

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.

3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը.

4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է անմիջականորեն գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզել նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և այդ պահանջների պահպանման արդյունքում միայն որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը:

Սույն գործի փաստերի համաձայն` Աննա Հայկազի Զոհրաբյանը ծնվել է 25.06.1978 թվականին, վերջինս և Ժիրայր Զոհրաբյանն ամուսնացել են միայն 08.02.1995 թվականին, որի մասին ամուսնության վերաբերյալ ակտերի գրանցման գրքում 01.06.1996 թվականին կատարվել է ամուսնության գրանցում: ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետ Ա. Բազիկյանի կողմից 27.06.2012 թվականին տրվել է թիվ 1/249 տեղեկանքը, ըստ որի` ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ Ժիրայր Զոհրաբյանը 1987-1989 թվականներին Վեդու ավանային սովետի կողմից ճանաչվել է առանձին ծուխ: ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետ Ա. Բազիկյանի կողմից 27.06.2012 թվականին տրվել է թիվ 1/245 տեղեկանքը, համաձայն որի` Գոռավան գյուղի բնակիչ Ժիրայր Զոհրաբյանը 1991 թվականին հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացի ժամանակ ամուսնացած չի եղել, իսկ 27.06.2012 թվականին տրված թիվ 1/247 տեղեկանքի համաձայն` Ժիրայր Զոհրաբյանը 1991 թվականին հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացին մասնակցել է միայնակ և ստացել է հողաբաժիններ: Հետևաբար, Ժիրայր Զոհրաբյանը` որպես մենատնտես գյուղացիական տնտեսության ծխի գլուխ, միայնակ մասնակցել է հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացին և ստացել հողաբաժիններ: Նույն գյուղապետի մեկ այլ` 02.07.2012 թվականի թիվ 51 գրությամբ դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գրանցման բաժնին և հայտնել, որ ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետարանի կողմից սեփականության իրավունքով առաջին պետական գրանցման նպատակով իրենց կողմից տրված 07.02.2000 թվականի հողային ժապավենային տնտեսության գրքի քաղվածքով սեփականատեր Ժիրայր Վոլոդյայի Զոհրաբյանի ընտանիքի կազմում որպես համասեփականատեր թյուրիմացաբար է նշվել Աննա Հայկազի Զոհրաբյանը` ծնված 1978 թվականին, իսկ իրականում Աննա Հայկազի Զոհրաբյանը սեփականաշնորհմանը մասնակցել է իր հայրական տանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս ատյաններն անտեսել են գործի լուծման համար էական նշանակություն ունեցող վերոնշյալ փաստական հանգամանքները, հետևաբար և՛ Դատարանի, և՛ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն այն մասին, որ իրավունքի պետական գրանցումները մասնակի առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջն անհիմն է և ենթակա մերժման, քանի որ հիմնական հայցապահանջի մասով սույն գործով վարույթը ենթակա է կարճման, չեն բխում օրենսդրության պահանջներից, քանի որ ստորադաս դատարանները պարտավոր էին գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գործում առկա բոլոր ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, որպիսի խախտման արդյունքում մերժել է վերաքննիչ բողոքը:

 

2) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («ex օfficiօ»):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև դատարանի իրավունքն է, սակայն դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունն ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/5525/05/08 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը պարտավոր էր ձեռնարկել ողջամիտ միջոցներ, այսինքն` ի պաշտոնե պարզելու համար Աննա Զոհրաբյանի անվամբ կատարված վեճի առարկա գրանցումների (ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 03031-4-7 մատյանի 000223 համարի, թիվ 03031-4-7 մատյանի 000055 համարի և թիվ 03031-4-7 մատյանի 000056 համարի տակ կատարված պետական գրանցումներ) օրենքի պահանջներին համապատասխան կատարված լինելը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի այն փաստի պարզումը, թե արդյոք ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշմամբ որպես համասեփականատեր նշվել է նաև Աննա Զոհրաբյանը: Մասնավորապես, ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետարանի կողմից սեփականության իրավունքով առաջին պետական գրանցման նպատակով իրենց կողմից տրված 07.02.2000 թվականի հողային ժապավենային տնտեսության գրքի քաղվածքով սեփականատեր Ժիրայր Վոլոդյայի Զոհրաբյանի ընտանիքի կազմում որպես համասեփականատեր թյուրիմացաբար է նշվել Աննա Հայկազի Զոհրաբյանը` ծնված 1978 թվականին, իսկ իրականում Աննա Հայկազի Զոհրաբյանը սեփականաշնորհմանը մասնակցել է իր հայրական տանը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ թեև սույն որոշմամբ արձանագրվել են ստորադաս ատյանների կողմից թույլ տրված խախտումներ, այդուհանդերձ սույն որոշման 4-րդ կետում նշված հանգամանքների պարզումը հնարավոր է տալ միայն ՀՀ վարչական դատարանում գործի նոր քննության ընթացքում, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.05.2013 թվականի որոշման` հայցը մերժելու մասը և այդ մասով գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության: Որոշման մնացած մասը թողնել անփոփոխ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2013
N ՎԴ3/0233/05/12
Որոշում