ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
26 դեկտեմբերի 2013 թվականի N 53
50. ՆՈՏԱՐԻԱՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Նոտարիատի համակարգի զարգացման հայեցակարգին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել նոտարիատի համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ցանկը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թ. դեկտեմբերի 26-ի նիստի
N 53 արձանագրային որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
I. ՆՈՏԱՐԻԱՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
1. Դատաիրավական բարեփոխումների կարևոր մաս է կազմում նոտարիատի համակարգի բարեփոխումները, որոնց արդյունքում նոտարը պետք է իրականացնի իրեն վերապահված դերը` աջակցել արդարադատության իրականացմանը: Նոտարը նաև կարևոր դեր է խաղում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված` անձանց գույքային իրավունքների (և առավելապես` սեփականության իրավունքի) իրականացման գործում: Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո արդեն իսկ իրականացվել են որոշակի համակարգային փոփոխություններ նոտարիատի բնագավառում, մասնավորապես պետական նոտարիատին փոխարինելու է եկել մասնավոր նոտարիատը, ինչը նոտարի անկախության երաշխիքներից է: Ընդ որում, նոտարական համակարգն ամբողջությամբ համապատասխանեցվել է լատինական նոտարական համակարգին, իսկ 2005 թվականին ՀՀ նոտարական համակարգը առաջինը տարածաշրջանում դարձրել է Լատինական նոտարիատի միության անդամ:
2. 2011 թվականին իրականացվել են որոշակի օրենսդրական փոփոխություններ, ինչի արդյունքում նոտար դառնալու ընթացակարգերը ժամանակավորապես որոշակիորեն ազատականացվել են. նոտարի մոտ ստաժավորում անցնելը այլևս պարտադիր նախապայման չի նոտարների թեկնածուների որակավորման քննություններին մասնակցելու համար: Նշված քայլը կրում է ժամանակավոր բնույթ, մինչև օրենսդրությամբ նոտարի թեկնածուի ստաժավորման ընթացակարգերի հստակեցնելը:
3. Նոտարիատի «մասնավորեցումը», ինչը լատինական նոտարիատի սկզբունքներից է, առաջ է բերել նաև պետություն-նոտարիատ հարաբերությունները վերանայելու անհրաժեշտություն` նախկին վարչական կառավարման մոդելը փոփոխելով կարգավորման և ընդհանուր վերահսկողության մոդելով: Հաշվի առնելով նոր մոտեցումները` 2011 թվականին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում (այսուհետ` նախարարություն) տեղի ունեցան կառուցվածքային փոփոխություններ (այդ թվում նաև նոտարիատի բաժնի լուծարում): Նոտարիատի բաժնի գործառույթները վերաբաշխվեցին նորաստեղծ` Համակարգի իրավական ապահովման վարչությանը (որը պատասխանատու է նոտարիատի ոլորտում քաղաքականության մշակման և համապատասխան օրենսդրության զարգացման համար) և Օրինականության վերահսկողության տեսչությանը (որն իրականացնում է ընդհանուր վերահսկողությունը և նոտարիատի գործունեության վերաբերյալ քաղաքացիների բողոքների ուսումնասիրությունը): Արդյունքում, նոտարների զգալի մասը հնարավորություն է ստացել առավել ազատականացված միջավայրում ծառայություններ մատուցել, վերացվել են արհեստական խոչընդոտները (նախկինում Երևան քաղաքում ժառանգության գործերով իրավունք ունեին զբաղվել միայն որոշ նոտարներ), իսկ խախտումներ թույլ տված մի շարք նոտարների նկատմամբ վարույթներ են հարուցվել, նյութերը հետազոտվել և փոխանցվել են նոտարական պալատ, ինչի արդյունքում արդեն իսկ որոշ նոտարներ Պալատի կողմից ենթարկվել են պատասխանատվության, իսկ մեկ նոտար դատարանի վճռով ազատվել է պաշտոնից:
4. Տեղի է ունեցել որոշակի փոփոխություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, համաձայն որի 2012 թվականից սկսած, անշարժ գույքի հետ կապված այն գործարքները, որոնք կնքվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմուշային պայմանագրերի հիման վրա, ենթակա չեն պարտադիր նոտարական վավերացման և կարող են կնքվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում (այսուհետ` կադաստր): Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվել են նմուշային պայմանագրերի ձևերը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության է արժանացել նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգը, ինչպես նաև ապահովվել է նշված ծրագրի իրականացման ֆինանսավորումը` «Աջակցություն արդարադատության մատչելիության ապահովմանը» (Support for access to justice) Հայաստան-Եվրոպական միություն-Եվրոպայի խորհուրդ համատեղ ծրագրի շրջանակներում:
6. Զգալի աշխատանք է տարվել և կան արդեն շոշափելի արդյունքներ նոտարական գործողությունների սակագների հստակեցման, սպասարկման որակի ապահովման գործում, աշխատանքային ռեժիմի պահպանման և մի շարք այլ հարցերում, որոնք նախկինում արդարացիորեն առաջացնում էին քաղաքացիների դժգոհությունը:
7. Իրականացված բարեփոխումների արդյունքում արդեն իսկ զգալիորեն բարելավվել է Նոտարիատի գործունեությունը: Այսպես օրինակ`
1) Բոլոր նոտարական գրասենյակներում տեսանելի վայրերում փակցված են յուրաքանչյուր նոտարի կողմից սահմանված սակագները (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սակագների միջակայքում) և պետական տուրքի չափերը: Բոլոր նոտարների կողմից ապահովված է վճարների ընդունումը ինչպես փոխանցման միջոցով, այնպես էլ` կանխիկ եղանակով, ընդ որում, կանխիկ վճարումների դեպքում ինչպես նոտարական ծառայության վճարի, այնպես էլ պետական տուրքի համար միանգամից տրամադրվում է հսկիչ դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կտրոն: Տվյալ իրավիճակում նոտարական գործողությունների (ծառայությունների) գնագոյացումը արդեն իսկ լրիվ թափանցիկ է, ինչը նպաստում է քաղաքացիների վստահության աճին:
2) Օրենսդրական փոփոխությունների արդյունքում, 2012 թվականին նոտարների թեկնածուների որակավորման քննություններին հնարավորություն ունեցան մասնակցել նոտարական ստաժավորում չանցած անձինք (սակայն առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձով):
3) Նոտարական պալատը արդեն վարձակալել է շինություն, և արդեն իսկ ձևավորվել է պալատի քարտուղարություն, որը ի թիվս այլոց սպասարկում է նոտարական պալատի թեժ գիծը:
8. Նոտարական ծառայությունների որակի և բնակչության բավարարվածության զգալի աճը հաստատվել է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից (օրինակ` Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա ՀԿ-ի` ԵԱՀԿ աջակցությամբ իրականացվող մոնիթորինգներ) իրականացվող հետազոտություններում:
II. ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Չնայած վերը նշված ձեռքբերումներին, նոտարական համակարգում դեռևս առկա են մի շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել կարճ ժամկետներում, մասնավորապես`
1) անհրաժեշտ է ներդնել քաղաքացու պահանջով մեկ պատուհանի սկզբունքով ծառայություններ մատուցելու նոտարի պարտավորությունը (անշարժ գույքի առքուվաճառք, տրանսպորտային միջոցների առքուվաճառք, առևտրային կազմակերպություններում բաժնեմասի և բաժնետոմսերի օտարում և այլն), նպատակ ունենալով, սեղմ ժամկետում անցնելու բացառապես կամ առավելապես մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունների մատուցմանը.
2) անհրաժեշտ է ներդնել էլեկտրոնային նոտարի համակարգը, ինչը հնարավորություն կտա նոտարի կողմից գործողությունները առավելապես նոտարի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթղթերի միջոցով կատարմանը, ինչը կբացառի թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, կբարձրացնի գործարքների անվտանգությունը և կապահովի սպասարկման բարձր որակը, ներառյալ մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունների մատուցում.
3) նոտարի նյութական պատասխանատվությունը սահմանափակված է միայն նրա կողմից դիտավորյալ հասցված վնասի փոխհատուցմամբ, իսկ մասնագիտական գործունեության պարտադիր ապահովագրության չափը չի համապատասխանում առկա անշարժ գույքի շուկայի գներին: Անհրաժեշտ է նախատեսել նոտարի լրիվ գույքային պատասխանատվություն` անկախ մեղքի ձևից (օբյեկտիվ պատասխանատվություն կամ մեղքի առկայության կանխավարկած), նախատեսել նոտարական պալատում համապատասխան հիմնադրամի առկայությունը, որտեղից կհատուցվեն վնասները նոտարի անվճարունակության դեպքում, ինչպես նաև զգալիորեն ավելացնել ապահովագրության ծավալը (Երևան քաղաքում այն հասցնելով մոտ երեսուն-հիսուն միլիոն դրամի յուրաքանչյուր ապահովագրական դեպքի համար).
4) գործարքների անվտանգությունը բարձրացնելու և անհրաժեշտության դեպքում վճարման փաստի ապացուցման գործընթացը հեշտացնելու նպատակով անհրաժեշտ է բանկերի հետ համատեղ գործարկել համապատասխան հաշվարկային համակարգ, ինչպես, օրինակ գործում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի դեպքում (ՓԴ Կաղպա): Տվյալ գործողության արդյունքում հնարավոր կլինի առավել ապահովել անշարժ գույքի գործարքների կատարումը և դրանց համար վճարելը` միևնույն ժամանակ կողմերին ազատելով ակրեդիտիվային / ԷՍՔՐՈՈՒ գործարքների դեպքում նախատեսված վճարներ կատարելու պարտավորությունից: Որպես հարակից արդյունք է նաև համապատասխան գումարների համար վճարված տոկոսները նոտարական պալատի կողմից օգտագործելու հնարավորությունը, ինչը իր հերթին կնպաստի նոտարական պալատի ֆինանսական անկախության ամրապնդմանը.
5) չնայած «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է նոտարի կատարած փաստաթղթերի լրիվ ապացուցողական ուժ, սակայն օրենսդրական այլ կարգավորումների արդյունքում նոտարական փաստաթղթերը նույնիսկ վեճի բացակայության պայմաններում կարող են կիրարկվել միայն դատարան դիմելու միջոցով: Նման կարգավորումը չի համապատասխանում լատինական նոտարիատի երկրներում ընդունված նոտարի կարգավիճակին, և փաստացի զգալիորեն նվազեցնում է գործող նոտարական համակարգի արժեքը, որպես դատարաններին (արդարադատության իրականացմանն) աջակցող համակարգի: Անհրաժեշտ է վերականգնել նոտարի կատարողական մակագրության ինստիտուտը: Արդյունքում նոտարը պետք է իրավասություն ունենա ապահովել իր կողմից պատրաստված և հաստատված պայմանագրերի կատարումը` դրանք կողմերից որևէ մեկի կողմից խախտելու դեպքում, տուժող կողմի պահանջով տալով համապատասխան կատարողական թերթիկ (օրենքով սահմանված հստակ կարգով և ծավալներով), որը և ենթակա կլինի հարկադիր կատարման: Նշված փոփոխությունների արդյունքում զգալիորեն կավելանա նոտարական համակարգի կողմից ստեղծվող հավելյալ արժեքը, կաճի վստահությունը նոտարիատի նկատմամբ (նոտարական վավերացում ստացած փաստաթղթերի արագ կատարում), ինչպես նաև հնարավոր է դատարանների ծանրաբեռնվածության զգալի նվազեցում: Միևնույն ժամանակ, նշված գործողությունը, ինչպես և մնացած նոտարական գործողությունների կատարումը, ենթակա կլինի դատական վերահսկողության: Նշված ինստիտուտի օրենսդրական կարգավորման մշակման ժամանակ անհրաժեշտ է նաև հաշվի առնել Սահմանադրությամբ պաշտպանվող մարդու հիմնարար իրավունքները և սահմանադրական արժեքները` առավել մեծ ուշադրություն դարձնելով անձի սեփականության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների իրականացմանը.
6) լիազորագրերի կեղծելու ռիսկը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել լիազորագրերի առցանց շտեմարան, որը կկազմի էլեկտրոնային նոտարի համակարգի մաս, սակայն դրան կմիանան նաև նոտարական լիազորագրերին հավասարեցված լիազորագրեր տալու իրավունք ունեցող այլ սուբյեկտներ` հյուպատոսական հիմնարկները (e-consular համակարգ), համայնքի ղեկավարները (օրենսդրությամբ գործող դեպքերում և ծավալով): Սույն գործողության կատարումը չի ենթադրում տարբեր սուբյեկտների (հյուպատոսական հիմնարկի կամ համայնքի ղեկավարի) լիազորությունների նվազեցում, այլ նախատեսում է զուտ դրանց իրականացման հետ կապված իրավահարաբերությունների հստակեցում և էլեկտրոնային եղանակով լիազորագրերի տրամադրման հնարավորության ընձեռում: Նույն համակարգում հնարավոր կլինի նաև պարզ գրավոր ձևով` էլեկտրոնային ստորագրության միջոցով հաստատված լիազորագրերի տրամադրումը քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից, ինչը կրկին կապահովի անվտանգությունը: Համակարգը միևնույն ժամանակ պետք է ապահովի տվյալների անվտանգությունը և գաղտնիությունը.
7) պաշտպանված տիրույթում առցանց կտակների շտեմարանի և ժառանգական գործերի վարման բաժնի ներդրումը հնարավորություն կտա ապահովել ժառանգության գործընթացի անվտանգությունը: Միաժամանակ զգալիորեն կպարզեցվեն և կավտոմատացվեն ժառանգության հետ կապված գործընթացները: Համակարգը պետք է համապատասխան կապ հաստատի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տվյալների բազայի հետ, որպեսզի անձի մահանալու և համապատասխան ժառանգության գործի բացման դեպքում հնարավոր լինի հստակ իմանալ համապատասխան կտակ(ներ)ի առկայության մասին.
8) նոտարներից յուրաքանչյուրը պահպանում է սեփական արխիվը: Արդեն իսկ զգալի ծավալով փաստաթղթեր են հավաքվել մի շարք նոտարական գրասենյակներում: Անհրաժեշտ է հստակեցնել արխիվների վարման կարգը, դրանց պահպանման ժամկետները, ազգային արխիվ կամ որևէ այլ արխիվ հանձնելու դեպքերը և կարգը, դրա ֆինանսավորման առանձնահատկությունը.
9) նոտարական գործողությունների համար նախատեսված սակագները անհրաժեշտ է վերանայել: Գործարքների համար անկախ գործարքի գնից սահմանված սակագներ հաստատելը չի համապատասխանում նոտարի լրիվ նյութական պատասխանատվության սկզբունքին, ինչպես նաև որոշակի խնդիրներ է առաջացնում սոցիալական պետության սկզբունքի համատեքստում: Արդյունքում անհրաժեշտ է անցում կատարել տոկոսային սակագների, գույքի օտարման վճարը սահմանելով կես տոկոսից մինչև երկու տոկոս, կախված գործարքի գնից` ընդ որում, ամեն դեպքում սահմանելով ստորին և վերին շեմ: Մնացած գործարքների համար անհրաժեշտ է վերացնել գործող սանդղակը (օրինակ եռապատիկից հնգապատիկ և այլն) և սահմանել կոնկրետ սակագին, քանի որ կառավարության և քաղաքացիական հասարակության կողմից իրականացված հետազոտությունները հստակորեն ցույց է տալիս, որ գների զգալի փոփոխություններ տեղի չեն ունենում, և, որպես կանոն նոտարների կողմից սահմանվում է վերին կամ ստորին շեմին համապատասխան գումար (նաև լատինական նոտարիատի սկզբունքներից է, որ նոտարների միջև մրցակցությունը պետք է պայմանավորված լինի ծառայության որակով, այլ ոչ թե սակագնի չափով).
10) որոշ նոտարական գրասենյակներում դեռևս գոյանում են զգալի հերթեր: Նաև կա որոշակի անհամաչափություն տարբեր նոտարական տարածքների միջև: Անհրաժեշտ է վերանայել նոտարական տարածքների աշխարհագրությունը և սահմանները` նպատակ ունենալով բնակչության քանակի վրա հիմնված տարածքային բաժանումից անցնել գործարքների /ակտիվության վրա հիմնված տարածքային բաժանման: Նաև անհրաժեշտ է ներդնել հերթերի կառավարման և հերթագրման արդյունավետ մեթոդներ (նախնական հեռախոսային հերթագրումից մինչև հերթերի կառավարման ավտոմատացված համակարգեր և առցանց հերթագրման մոդելներ` կախված կոնկրետ գրասենյակների կարիքներից և հերթերի հետ կապված փաստացի վիճակից).
11) բարեփոխումների արդյունքում նոտարական համակարգը պետք է նաև լիովին ստանձնի արդարադատությանը աջակցող մարմնի գործառույթը, դրա համար անհրաժեշտ է մի շարք` դատարանին ընդդատյա հարցերով` վեճերի բացակայության դեպքում, որոշումների կայացման հնարավորությունը փոխանցել նոտարներին` թողնելով նշված գործողությունների նկատմամբ դատական վերահսկողության հնարավորությունը: Այդպիսի գործառույթներ են`
ա. քաղաքացիական կացության ակտերի գրառումների անճշտությունները պարզելու գործերի վարույթը,
բ. գույքը տիրազուրկ ճանաչելու գործերի վարույթը,
գ. երեխայի որդեգրման վերաբերյալ գործերի վարույթը,
դ. անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու (էմանսիպացիայի) գործերի վարույթը,
ե. քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու գործերի վարույթը,
զ. ըստ ներկայացնողի կամ օրդերային կորցրած արժեթղթերով հավաստված իրավունքների վերականգնելու գործերի վարույթը,
է. իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերի վարույթը:
Նշված գործողությունները պարտադիր դատական կարգով հաստատելու պահանջը առաջացնում է զգալի արդարացված դժգոհություն քաղաքացիների մոտ (քանի որ ժամանակատար և ծախսատար է), ինչպես նաև ծանրաբեռնում է դատարանները: Միևնույն ժամանակ, որպես անձանց իրավունքների պաշտպանության երաշխիք, նշված գործողությունները, ի թիվս այլ նոտարական գործողությունների, ենթակա կլինեն դատական վերահսկողության, ինչպես նաև վեճի առկայության դեպքում, երբ նոտարը կմերժի նոտարական գործողության կատարումը (գործողություն կատարելը մերժելու դեպքում գումար չի գանձվի), անձը հնարավորություն կստանա դիմել դատարան.
12) նոտարական գրասենյակները կարող են իրականացնել պետության կողմից վարվող ռեգիստրների սպասարկման գործառույթը (փաստաթղթերի մուտքագրում, ստանդարտ փաստաթղթերի ստեղծում, համակարգի կողմից պատրաստված փաստաթղթերի հանձնում քաղաքացիներին և այլն): Նշված գործընթացները կիրականացվեն նոտարի կողմից համապատասխան փաստաթղթերը էլեկտրոնային ստորագրությամբ հաստատելու և էլեկտրոնային համակարգի կիրառմամբ համապատասխան մարմիններին հանձնելու միջոցով, ինչպես ստացված պատասխանները (որոշումները)` տպելու և քաղաքացիներին հանձնելու միջոցով: Նաև նոտարներին պետք է զուգահեռ հանձնվի ՔԿԱԳ որոշ գործառույթների իրականացում` ամուսնության և ամուսնալուծության հայրության որոշման, արտադատարանական կարգով որդեգրման պետական գրանցում, ընդ որում ՔԿԱԳ մարմինները կշարունակեն վարել իրենց գործունեությունը, իսկ գանձվող պետական տուրքը կմուծվի համապատասխան համայնքի բյուջե.
13) նշված գործողությունների արդյունքում պետության կողմից մատուցվող ծառայությունների մի մասը կիրականացվի նոտարական գրասենյակների կողմից: Ծառայությունների որակը ապահովելու նպատակով անհրաժեշտ կլինի սահմանել նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները` ինչպես անվտանգության ապահովման մասով (պատերի ամրացում, արխիվային սենյակների անվտանգության ապահովում, չհրկիզվող պահարանների առկայություն, ծրագրային կոդերի անվտանգության պահանջներ և այլն), այնպես էլ քաղաքացիների հարմարավետության և հաճախորդներին սպասարկման որակի մասով (ընդհանուր մակերես, սպասասրահի մակերես, հերթագրման համակարգերի առկայություն, ինտերնետ տեսախցիկների առկայություն, նստարանների առկայություն և քանակ և այլն): Ընդ որում նվազագույն չափանիշները պետք է սահմանվեն նոտարական պալատի կողմից կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով` «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանվելիք ընդհանուր սկզբունքների հիման վրա, ինչը հնարավորություն կտա ժամանակի հետ զուգահեռ հստակեցնել պահանջները` բարձրացնելով սպասարկման որակը.
14) լուրջ խնդիր և խոչընդոտ է մնում իրազեկվածության պակասը, ինչի արդյունքում քաղաքացիները հաճախ ունենում են թյուր պատկերացում նոտարի կողմից մատուցվող ծառայությունների մասին, ծառայությունների սակագների, արդեն իսկ ընձեռված հնարավորությունների մասին և այլն: Արդյունքում վատ աշխատող համակարգի ընկալումը կարող է մնալ բնակչության զգալի մասի մոտ և բերել համակարգի բարեփոխումների ձախողման: Անհրաժեշտ է մշակել և իրականացնել իրազեկման համապատասխան արշավներ և միջոցառումներ: Զուգահեռաբար, անհրաժեշտ է մշակել տեղեկատվական թերթիկներ, ինչպես նաև նոտարական պալատի կայքում տեղադրել առանձին նոտարական գործողությունների իրականացման կարգը նկարագրող տեղեկատվություն` ներառյալ անհրաժեշտ փաստաթղթերը, գործողությունների կատարման ժամկետները, պետական տուրքի և վճարների հաշվարկման մեխանիզմը: