Սեղմել Esc փակելու համար:
«ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱԱԳԱՅԻ 195 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

16 հունվարի 2014 թվականի N 2

 

11. «ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱԱԳԱՅԻ 1954 Թ. ՄԱՅԻՍԻ 14-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ»ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱԱԳԱՅԻ 1954 Թ. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ 1999 Թ. ՄԱՐՏԻ 26-Ի ԵՐԿՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. մայիսի 14-ի կոնվենցիայի և»Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիային կից 1999 թ. մարտի 26-ի երկրորդ արձանագրության կիրարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պարբերական զեկույցին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել պարբերական զեկույցի և կից ներկայացվող փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ, 11-րդ, 91-րդ և 92-րդ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 14-րդ, 15-րդ, 264-րդ, 390-րդ, 397-րդ հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2002 թվականի հուլիսի 11-ի N 555 հրամանով հաստատված` «Զինված ընդհարումների իրավունք» ձեռնարկի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2002 թվականի հուլիսի 19-ի N 573 հրամանով հաստատված` «Միջազգային մարդասիրական իրավունք» ուսումնական ձեռնարկի համապատասխան բաժինների և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2011 թվականի օգոստոսի 25-ի N 978 հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական կանոնադրության 2-րդ մասի օտար լեզվով (անգլերեն) թարգմանությունը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` պարբերական զեկույցն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում ապահովել «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. մայիսի 14-ի կոնվենցիայի և «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիային կից 1999 թ. մարտի 26-ի երկրորդ արձանագրության կիրարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պարբերական զեկույցի և կից ներկայացվող փաստաթղթերի փոխանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թ. հունվարի 16-ի նիստի

N 2 արձանագրային որոշման

 

ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ «ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱԱԳԱՅԻ 1954 Թ. ՄԱՅԻՍԻ 14-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ «ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱԱԳԱՅԻ 1954 Թ. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ 1999 Թ. ՄԱՐՏԻ 26-Ի ԵՐԿՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Անկախացումից հետո Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության, ճարտարապետության, արվեստի, գեղարվեստական, հնագիտական, մշակութային արժեքների պահպանությամբ մտահոգված լինելու հանգամանքը պայմաններ հանդիսացան Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրության կատարելագործման և հետագա զարգացման, ինչպես նաև համապատասխան միջազգային կոնվենցիաներին միանալու համար: 2013 թ. դրությամբ Հայաստանի Հանրապետությունը միացել է «Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պահպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիային (այսուհետ` Կոնվենցիա (1993 թ.), դրա առաջին (1993 թ.) և երկրորդ (2006 թ.) արձանագրություններին:

Կոնվենցիան ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի ուժով ենթակա է պարտադիր կատարման և ուղղված է ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի դրույթի կիրառմանը, այն է` «Պատմության և մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության և պաշտպանության ներքո»:

Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում նպաստում է հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը, այլ պետություններում գտնվող հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը»:

Զեկույցի պատրաստման համար ՀՀ վարչապետի 2013 թ. հունիսի 1-ի N 414-Ա որոշմամբ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով` ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ պաշտպանության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ արդարադատության, ՀՀ ֆինանսների, ՀՀ մշակույթի նախարարությունների և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներից:

Պարբերական զեկույցի պատրաստումը պայմանավորված է Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 2-րդ կետի և նույն Կոնվենցիայի երկրորդ արձանագրության 37-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, համաձայն որոնց` չորս տարին մեկ անգամ պետությունը ներկայացնում է զեկույց Կոնվենցիայի և արձանագրությունների իրականացման վերաբերյալ:

Սույն զեկույցով ներկայացվում է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված միջոցառումների մասին` Կոնվենցիայի և վերջինիս երկու արձանագրություններով նախատեսված դրույթներին համապատասխան:

 

I. 1954 թ. Հաագայի Կոնվենցիա

 

1. Հոդված 3. Մշակութային արժեքների պահպանություն

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կառուցվածքում գործող մասնագիտացված ստորաբաժանումների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ոլորտի լիազոր մարմինների մասնակցությամբ և խորհրդատվությամբ մշակվել և հաստատվել են միջոցառումների պլաններ և կարգեր, որոնք նպատակ ունեն նվազեցնելու, կանխարգելելու բոլոր հնարավոր վտանգները` կապված մշակութային արժեքների պահպանության և այդ ոլորտում ներգրավված մարդկանց հետ: Յուրաքանչյուր տարի իրականացվում են վարժանքներ, որոնք թույլ են տալիս բացահայտել խոցելի կողմերը, գոյություն ունեցող նյութատեխնիկական բազան համապատասխանեցնել արդի պահանջներին, ինչպես նաև կատարելագործել ներգրավված անձնակազմի հմտությունները և ներդաշնակեցնել համագործակցող ստորաբաժանումների միջև գործողությունները:

 

1.1. Անշարժ մշակութային արժեքներ

 

1998 թ. նոյեմբերի 11-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի նպատակներն են հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի իրավական հիմքերի սահմանումը և այդ գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների կարգավորումը: Տվյալ օրենքով սահմանված խնդիրները ենթադրում են հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների, հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման հարցերի կանոնակարգման սկզբունքների` հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավասությունների, հուշարձանների` որպես անշարժ գույքի հատուկ տեսակի նկատմամբ սեփականատիրության, տնօրինման և օգտագործման առանձնահատկությունների սահմանումը:

2003 թ. ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններն ըստ տիպերի, ինչպես նաև այդ հուշարձանների և դրանց զբաղեցրած տարածքների նպատակային օգտագործման ձևերը:

ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 20-ի N 438 որոշմամբ հաստատվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը», որը սահմանում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, հնագիտական ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման բնագավառներին առնչվող սուբյեկտների իրավասությունները, փաստաթղթերի կազմման, հաստատման և գործառույթների իրականացման կարգը` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

ՀՀ կառավարության 2009 թ. փետրվարի 5-ի N 104-Ն որոշմամբ հաստատվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի վարման կարգը», որով սահմանվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի պետական կադաստրի վարման, հուշարձանների հայտնաբերման, ուսումնասիրման, հաշվառման փաստաթղթերի ստեղծման գործառույթների իրականացման կարգը:

ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 11-ի N 363-Ն որոշմամբ հաստատվեց նաև «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի կազմման և ներդրման կարգը», որով կարգավորվում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի կազմման ու ներդրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են հուշարձանների պետական կադաստրի ձևավորման և գործունեության ապահովման համար անհրաժեշտ նախապայմանները, ցուցանիշները և բաղադրիչները:

ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով հաստատվել են ՀՀ Արագածոտնի, ՀՀ Արարատի, ՀՀ Արմավիրի, ՀՀ Գեղարքունիքի, ՀՀ Լոռու, ՀՀ Կոտայքի, ՀՀ Շիրակի, ՀՀ Սյունիքի, ՀՀ Վայոց ձորի, ՀՀ Տավուշի մարզերի և Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակները: Ներկայումս Հայաստանի պետական ցուցակներում ներառված է 24152 հուշարձան, որոնք պարբերաբար համալրվում են նորահայտ հուշարձաններով:

ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պարբերաբար տրամադրում է տեղեկատվություն հուշարձանների պահպանության բնագավառում գործող իրավական ակտերի, դրանցում կատարված փոփոխությունների և իրավահարաբերությունները կարգավորող այլ փաստաթղթերի վերաբերյալ` հանրային իրազեկվածության աստիճանի բարձրացման նպատակով:

Պատմամշակութային արժեքների ու ավանդույթների նկատմամբ հարգալից վերաբերմունք արմատավորելու և դրանց պահպանման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի 2012 թ. հունվարի 19-ի N 26, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թ. հունվարի 20-ի N 32-Ա/Ք, ՀՀ մշակույթի նախարարի 2012 թ. հունվարի 20-ի N 14-Ա համատեղ հրամանով ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանները կցագրված են ՀՀ ԶՈՒ զորամասերին և ուսումնական հաստատություններին:

Այս հրամանը նպատակ ունի նաև ամրապնդել բանակ-կրթություն-մշակույթ ոլորտների միջև գոյություն ունեցող կապերը, մշակույթի և արվեստի միջոցով ձևավորել զինծառայողների ու մատաղ սերնդի հոգում բարոյակամային ըմբռնումներ ու հատկանիշներ:

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների տեղեկատվական շտեմարանի ստեղծման և վարման գործընթացը կանոնակարգված է ՀՀ մշակույթի նախարարի 2010 թ. հոկտեմբերի 20-ի N 704-Ա հրամանով, որով հաստատվել է «Հուշարձանների տեղեկատվական շտեմարանի ստեղծման և վարման» ընթացակարգը: Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղեկատվական շտեմարանում (www.armmonuments.am) տեղադրված է հուշարձանների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ինչը արագ իրազեկման հնարավորություն է ապահովում: Տեղեկատվական շտեմարանը գործում և պարբերաբար լրացվում է ստորաբաժանումների կողմից տրամադրված նյութերով և լուսանկարներով:

Ներկայումս ՀՀ մշակույթի նախարարության փորձառու մասնագետներից ստեղծված աշխատանքային խումբը պատրաստում է հուշարձանների պահպանության ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունների նոր փաթեթ, ինչի արդյունքում կկատարելագործվի ժամանակակից պահանջներին և չափորոշիչներին համապատասխանող ազգային օրենսդրություն:

 

1.2. Շարժական մշակութային արժեքներ

 

Ոլորտի քաղաքականության հիմնական խնդիրներն իրականացնելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարության կազմում գործում են համապատասխան մասնագիտացված ստորաբաժանումներ, որոնց գործառույթներն ուղղված են ՀՀ մշակութային ժառանգության պահպանությանը նպաստելուն, մշակութային արժեքների արտահանումը, ներմուծումը կարգավորելուն, մշակութային արժեքների ապօրինի արտահանումը, ներմուծումը և այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխարգելելուն ու կանխելուն: Նման ստորաբաժանման ստեղծումը պայմանավորված էր նաև «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելմանն ու կանխմանն ուղղված միջոցառումների մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թ. կոնվենցիայի պահանջներով:

Գործունեության իրավական հիմքերի ապահովման նպատակով ընդունվեց «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքը, որտեղ հաշվի են առնված Կոնվենցիայի և «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելմանն ու կանխմանն ուղղված միջոցառումների մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թ. կոնվենցիայի պահանջները:

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4.2-րդ կետի պահանջն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի N 1643-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը, որոնց արտահանումը և ժամանակավոր արտահանումը ՀՀ տարածքից արգելվում է: Դրանք այն արժեքներն են, որոնք բնութագրվում են ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի օգոստոսի 30-ի N 428-Ա հրամանով հաստատված սկզբունքներով:

Մշակութային ժառանգության պահպանության, օգտագործման, հանրահռչակման և ուսումնասիրության գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում, ինչպես նաև ենթակայությամբ գործող կազմակերպություններում ստեղծվել են մշակութային արժեքների տվյալների շտեմարաններ: Դրանք ներառում են Հայաստանի Հանրապետության թանգարանային և գրադարանային ֆոնդի, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանական ցուցակի չափորոշիչներին համապատասխանող գրադարանային և արխիվային հավաքածուների, տարբեր մարմիններին և կազմակերպություններին որպես գույք ամրացված, պետական սեփականություն հանդիսացող մշակութային արժեքների և պետական սեփականություն չհանդիսացող` նման մշակութային արժեքների վերաբերյալ կամավորության սկզբունքով տրամադրված տեղեկատվությունը: Շտեմարանի տվյալների հիման վրա Մշակութային արժեքների պահպանության գործակալությունը կազմում է Հայաստանի Հանրապետության մշակութային արժեքների պահպանական ցուցակը: Այն պետական պահոցներում գրանցված, ինչպես նաև պետական սեփականություն չհամարվող և ոչ պետական պահոցներում պետության կողմից պահպանվող մշակութային արժեքների ռեգիստրն է: Ցուցակում պետական սեփականություն համարվող մշակութային արժեքների գրանցումն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարի 2010 թվականի ապրիլի 1-ի N 140-Ա հրամանով հաստատված կարգով` դրանք մշտապես պահպանող կազմակերպությունների կողմից: Պահոցներում գրանցված արժեքների նախատեսված բնութագրիչների թվայնացված տվյալները փոխանցվում են գործակալություն` վերոհիշյալ ցուցակում ներառելու համար:

Ապահովվում է նաև բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած մշակութային արժեքները պետական պահոցների մշտական պահպանությանը հանձնելու գործընթացը` ՀՀ կառավարության 2010 թ. փետրվարի 2-ի N 146-Ն որոշմամբ և ՀՀ մշակույթի նախարարի 2010 թ. հոկտեմբերի 14-ի N 683-Ա հրամանով հաստատված կարգով:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են 100-ից ավելի թանգարան և մոտ 1000 գրադարան (այդ թվում` համայնքային), որոնք ունեն պատմական, հնագիտական, ազգագրական, գեղարվեստական, բնապահպանական, գիտահետազոտական և այլ ուղղվածություններ: Հայաստանի թանգարանները և գրադարանները ներկայացնում են ոչ միայն հայ ժողովրդի, այլև պատմական Հայաստանի և նրա սահմաններից դուրս բնակվող տարբեր ժողովուրդների և քաղաքակրթությունների պատմությունը: Թանգարանային և գրադարանային հավաքածուների եզակիությամբ է պայմանավորված համապատասխան միջոցների և միջոցառումների իրականացումը` վտանգների և սպառնալիքների ազդեցության մակարդակը նվազեցնելու, հանրային իրազեկվածության աստիճանը բարձրացնելու, պահպանության պայմանակարգերի և նյութատեխնիկական բազայի բարելավման նպատակով: Հետևողական քաղաքականություն է իրականացվում նաև շենքային պայմանների բարելավման ուղղությամբ, ինչի արդյունքում անկախացումից հետո նորոգվեց և հիմնանորոգվեց 31 թանգարան և 27 գրադարան, որի համար հատկացումները տրամադրվում էին ՀՀ պետական բյուջեից, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամից և անհատ բարերարներից:

Մշակութային արժեքների պահպանության գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը կարևորում է համապատասխան կադրերի պատրաստումը և վերապատրաստումը: Մասնավորապես, Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում գործում է թանգարանագիտության և հուշարձանագիտության ամբիոնը, Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում վերականգնող-ճարտարապետների գոյություն ունեցող մագիստրոսական երկամյա կրթության հիման վրա Իտալիայի կառավարության հետ համատեղ 2011 թ. աշնանից իրականացվում են վերականգնող ճարտարապետների վերապատրաստման դասընթացները:

Նույն համաձայնագրով նախատեսվում է նաև վերականգնման լաբորատորիայի հիմնում` Հայաստանի ազգային պատկերասրահում, մասնավորապես, կտավի, Հայաստանի պատմության թանգարանում` մետաղի, փայտի, խեցեղենի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում` որմնանկարների և հնագիտական գտածոների: Նախանշվում են մշակութային ժառանգության վերականգնման ու պահպանության վերաբերյալ մի շարք այլ ծրագրեր ևս, որոնցից հիշատակման արժանի է Հայաստանի պատմության թանգարանի և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի կողմից հնագիտական բրոնզե առարկաների ուսումնասիրությանն ու պահպանությանը նվիրված հայ-ճապոնական սեմինարների անցկացումը, որոնց մասնակցում են մասնագետներ Հայաստանի տարբեր թանգարաններից` իրականացնելով տարբեր հնավայրերից հայտնաբերված առարկաների մաքրում և ամրակայում:

Հայաստանի Հանրապետության թանգարանային առարկաների պետական հաշվառումն ապահովելու և վերջիններիս շարժը վերահսկելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարի 2012 թ. ապրիլի 1-ի N 140-Ա հրամանով հաստատվել է «Նախարարության ենթակայության թանգարաններում թանգարանային առարկաների ու հավաքածուների հաշվառման և պահպանման կարգը», ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս նախանշելու արտակարգ իրավիճակների պայմաններում թանգարանային առարկաների տարհանման միջոցառումները և դասակարգելու դրանք ըստ առաջնահերթությունների` անկախ դրանց պատմամշակութային արժեքից ու գտնվելու վայրերից: Հաստատվել է նաև «Պետական և համայնքային թանգարաններում գտնվող` թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության կարգը»:

Սերտ համագործակցություն է հաստատվել նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավապահ մարմինների հետ` մշակութային արժեքների և թանգարանային առարկաների ապօրինի արտահանումը, ներմուծումը կանխարգելելու, նման դեպքերում այդ արժեքների սեփականատերերի իրավունքները վերականգնելու և այլ նպատակներով:

 

2. Հոդված 7. Ռազմական միջոցներ (խաղաղ պայմաններում)

 

ՀՀ պաշտպանության բնագավառի գործող օրենսդրության համակարգում ներառված են այնպիսի նորմեր, որոնք թույլ են տալիս ապահովել Կոնվենցիայի հիմնական դրույթների կիրարկումը: Մասնավորապես` 2006 թ. դեկտեմբերի 5-ի «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «ժե» ենթակետով սահմանված է, որ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում կարող է իրականացվել բնակչության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների, նյութական և մշակութային արժեքների տարհանում առավել անվտանգ տարածքներ:

Միևնույն ժամանակ, ՀՀ Զինված ուժերի մարտական կանոնադրությունում ներառված են դրույթներ, որոնք արգելում են ռազմական նպատակներով օգտագործել մշակութային արժեքները, ինչպես նաև արգելվում է հատուկ պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների դեմ ձեռնարկել ցանկացած տիպի թշնամական գործողություն և դրանց հարակից տարածքի տեղանքի հատվածներն օգտագործել ռազմական նպատակներով (մարտական կանոնադրության 2-րդ մաս, «Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման պահանջները» բաժին, հոդված 39): Մարտական գործողությունների վարման արգելված եղանակներից է մշակութային արժեքների, պատմական հուշարձանների, պաշտամունքի կատարման վայրերի և ժողովուրդների մշակութային կամ հոգևոր ժառանգություն կազմող այլ օբյեկտների ոչնչացումը, ինչպես նաև դրանց օգտագործումը մարտական գործողություններում հաջողության հասնելու նպատակով (մարտական կանոնադրություն, մաս 2, «Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման պահանջները» բաժին, հոդված 41): Մարտական կանոնադրության 1-ին և 3-րդ մասերը դեռևս լրամշակվում են, որոնցում նույնպես կընդգրկվեն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանն ուղղված դրույթներ: Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի Ժնևյան և Հաագայի կոնվենցիաների ու դրանց արձանագրությունների դրույթների պահպանումը ՀՀ զինված ուժերում ապահովում և իրականացնում են բոլոր կարգի հրամանատարներն ու պետերը:

ՀՀ զինված ուժերում ՀՀ պաշտպանության նախարարի 2002 թ. հուլիսի 19-ի հրամանով գործողության մեջ է դրվել «Միջազգային մարդասիրական իրավունք» ուսումնական ձեռնարկը: Նշված ձեռնարկում արտահայտված են նաև Կոնվենցիայի հիմնական դրույթները մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ, մասնավորապես ներկայացված են մշակութային արժեքների սահմանումը, դրանց ռազմական նպատակներով օգտագործման անթույլատրելիությունը, մշակութային արժեքների նկատմամբ ցանկացած տիպի թշնամական գործողություններից ձեռնպահ մնալու անհրաժեշտությունը, մշակութային արժեքների տարբերակիչ նշանը և այլն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների հետ համատեղ, աշխատանքներ է տանում բանակ-կրթություն-մշակույթ կապերն ամրապնդելու, պատմամշակութային արժեքների, հուշարձանների ու ավանդույթների նկատմամբ զինծառայողների շրջանում հարգալից վերաբերմունք արմատավորելու և դրանց պահպանման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Նշված աշխատանքների իրականացումը կարգավորվում է ՀՀ պաշտպանության, ՀՀ մշակույթի, ՀՀ կրթության և գիտության նախարարների համատեղ հրամանով:

 

3. Գլուխ V. Տարբերանշանը

 

Մինչ օրս Հայաստանի Հանրապետությունը չի կիրառել Կոնվենցիայով սահմանված տարբերանշանը:

 

4. Հոդված 25. Կոնվենցիայի տարածումը

 

ՀՀ զինված ուժերում Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այդ թվում` մշակութային արժեքների հանդեպ հարգանքի և պաշտպանության ապահովման նպատակով ԶՈՒ անձնակազմի ուսուցումն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված և գործողության մեջ դրված «Զինված ընդհարումների իրավունք» և «Միջազգային մարդասիրական իրավունք» ուսումնական ձեռնարկներով:

Նկատի ունենալով, որ զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պահպանության մաս են կազմում միջազգային մարդասիրական նորմերը, ՀՀ զինված ուժերի զորամասերում հրամանատարական պատրաստության ծրագրով սահմանված են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ուսումնասիրման ժամեր: Դրանք ուսումնասիրվում են ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ զինծառայողներին ուսուցանելու ընթացքում: ՈՒսումնասիրումը զորամասերում կազմակերպում ու անմիջականորեն ղեկավարում են դրանց հրամանատարները, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով օգնական սպաները: Ծրագրի շրջանակներում զինծառայողները ծանոթանում են ՀՀ զինված ուժերի մարտական գործողությունների մասնակցի վարքականոնին, միջազգային տարբերանշաններին, նշաններին ու ազդանշաններին, իրենց պաշտոնական պարտականությունների սահմաններում մարդասիրական իրավունքի հիմնական նորմերին, որպեսզի կարողանան ղեկավարվել դրանցով և ապահովեն միջազգային իրավունքի նորմերի պահպանման վերահսկողությունը զինված ընդհարումների ողջ ընթացքում:

Բացի նշվածներից, տարեկան երկու անգամ ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ գումարտակների հրամանատարական կազմերի համար կազմակերպվում և անցկացվում են միջազգային մարդասիրական իրավունքի հրահանգիչների 5-օրյա դասընթացներ, որոնց ընթացքում նույնպես ուսուցանվում և ամրապնդվում են անձնակազմին ուսուցանող հրամանատարական կազմի գիտելիքները զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման վերաբերյալ:

Հանրային իրազեկվածության աստիճանի բարձրացման նպատակով ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանը վերաբերող իրավական ակտերը, այդ թվում նաև` Կոնվենցիան և կից արձանագրությունները, տարածվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների շրջանում, ինչպես նաև պարբերաբար հրավիրվում են խորհրդակցություններ` Կոնվենցիայի դրույթների հետ կապված մեկնաբանություններ տրամադրելու և համապատասխան կրթական գործընթաց ապահովելու համար:

 

5. Հոդված 26(1). Պաշտոնական թարգմանություններ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Կոնվենցիայի պաշտոնական թարգմանությունը տրամադրել է քարտուղարությանը:

 

6. Հոդված 28. Պատիժներ

 

ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ, 390-րդ և 397-րդ հոդվածներով քրեականացված են Կոնվենցիայով պաշտպանվող մշակութային արժեքների նկատմամբ հանցագործությունները: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածը սահմանում է.

«1. Պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաև պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները կամ փաստաթղթերը ոչնչացնելը կամ վնասելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնակի արժեք ունեցող օբյեկտների կամ հուշարձանների նկատմամբ`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին մասում նշված արարքները, որոնք կատարվել են անզգուշությամբ և պատճառել են խոշոր վնաս`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի երրորդ մասում նշված արարքները, որոնք կատարվել են առանձնակի արժեք ունեցող օբյեկտների կամ հուշարձանների նկատմամբ կամ պատճառել են առանձնապես խոշոր վնաս`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքով (390-րդ հոդված) քրեական պատիժ, 8-12 տարի ազատազրկում է նախատեսվում զինված հակամարտությունների ժամանակ հատուկ պաշտպանության տակ գտնվող, հստակ տարորոշված, ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգություն համարվող պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը հարձակման օբյեկտ դարձնելու և հարձակման հետևանքով դրանց վնաս պատճառելու համար, եթե դրանք չեն գտնվում ռազմական օբյեկտների անմիջական հարևանությամբ, և եթե տվյալներ չկան այդ պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը հակառակորդի կողմից ռազմական գործողություններին նպաստելու համար օգտագործելու մասին:

ՀՀ քրեական օրենսգրքով քրեորեն պատժելի է ռազմական գործողությունների ժամանակ մշակութային արժեքների համար նախատեսված պաշտպանիչ նշաններն ապօրինի օգտագործելը (397-րդ հոդված):

ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրության համաձայն` բոլոր կարգի հրամանատարները պարտավոր են իմանալ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը (այդ թվում նաև` մշակութային արժեքների պահպանության վերաբերյալ նորմերը), պահանջել դրանց իմացությունը և կատարումը ենթակա անձնակազմի կողմից, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել խախտումներ կատարած անձանց (մարտական կանոնադրության 2-րդ մաս, «Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման պահանջները» բաժին, 52-րդ հոդված):

 

II. 1954 թ. համաժողովի II բանաձև/որոշում

 

Երկրորդ բանաձևով սահմանված պահանջներին ընդառաջ` ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ մշակույթի, ՀՀ պաշտպանության, ՀՀ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչները: Խմբի աշխատանքները համակարգում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Ազգային հանձնաժողովը): Այն չի հանդիսանում միջազգային մարդասիրական իրավունքի իրականացման ազգային հանձնաժողովի անդամ:

 

III. 1954 թ. (առաջին) արձանագրություն

 

Հայաստանի Հանրապետությունը որևէ պետության տարածք չի գրավել:

 

IV. 1999 թ. երկրորդ արձանագրություն

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Հոդված 5. Մշակութային արժեքների պահպանություն

Տե՛ս «I. 1954 թ. Հաագայի Կոնվենցիայի Հոդված 3. Մշակութային արժեքի պահպանություն» հարցի պատասխանը:

1.2. Հոդված 9. Գրավյալ տարածքներում մշակութային արժեքների պաշտպանությունը

Հայաստանի Հանրապետությունը որևէ պետության տարածք չի գրավել:

 

2. Գլուխ 3. ՈՒժեղացված պաշտպանություն

 

2.1. Հայաստանի Հանրապետությունը մտադիր է դիմելու մշակութային արժեքի ուժեղացված պաշտպանության, և ներկայումս քայլեր են ձեռնարկվում Կոնվենցիայի երկրորդ արձանագրության 10-րդ հոդվածով սահմանված պահանջները բավարարելու և անվանակարգերը նախապատրաստելու ուղղությամբ:

2.2. Տարբերանշանը ուժեղացված պաշտպանության ներքո մշակութային արժեքի վրա տեղադրելու հարցը կքննարկվի ուժեղացված պաշտպանության ցանկում հուշարձաններն ընդգրկելուց հետո:

 

3. Հոդվածներ 15 և 21. Սույն արձանագրության լուրջ խախտումները և այլ խախտումներին վերաբերող միջոցները նշված հաջորդականությամբ

 

ՀՀ քրեական օրենսգրքով ներկայումս պատիժներ նախատեսված են Կոնվենցիայի խախտումների համար (տե՛ս «6. Հոդված 28. Պատիժներ» հարցի պատասխանը), սակայն ուժեղացված պաշտպանության ներքո գտնվող մշակութային արժեքների խաղաղ, ինչպես նաև պատերազմական դրության ժամանակ անզգուշությամբ կամ դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու դեպքում ՀՀ օրենսդրության վարչական և քրեական պատժամիջոցներ նախատեսված չեն: Նույնը վերաբերում է նաև 21-րդ հոդվածում թվարկված գործողություններին:

 

4. Հոդված 16. Իրավազորություն

 

Համաձայն ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Դատարանի վերջնական ակտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անունից:

ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և Վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև մասնագիտացված դատարանները:

Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով:

Արտակարգ դատարանների ստեղծումը ՀՀ-ում արգելվում է:

ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով: Միաժամանակ, նույն օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվում է նաև քրեական օրենքների գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած անձանց նկատմամբ:

 

5. Հոդվածներ 29 (Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքի պաշտպանության հիմնադրամ), 32 (Միջազգային օժանդակություն) և 33 (UNESCO-ի օժանդակություն)

 

5.1. Հոդված 29

 

Զինված հակամարտությունների դեպքում Մշակութային արժեքի պաշտպանության հիմնադրամից Հայաստանի Հանրապետությունը միջազգային օժանդակություն չի ստանում:

 

5.2. Հոդված 32

 

Ներկայում Հայաստանի Հանրապետությունը որևէ հայց չի ներկայացրել Կոնվենցիայի կոմիտեին` ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների համար, ինչպես նաև օգնություն` Կոնվենցիայի երկրորդ արձանագրության 10-րդ հոդվածում նշված օրենքների, վարչական կանոնակարգերի և միջոցների նախապատրաստման, մշակման և իրագործման համար:

 

5.3. Հոդված 33

 

Հայաստանի Հանրապետությունը մշակութային արժեքների պահպանության կազմակերպման նպատակով չի դիմել ՅՈՒՆԵՍԿՕ` տեխնիկական աջակցության համար:

 

6. Հոդված 30. Տարածում

 

Տե՛ս «4. Հոդված 25. Կոնվենցիայի տարածումը» հարցի պատասխանը:

 

7. Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը զինված հակամարտության դեպքում

 

Հայաստանի Հանրապետությունը մինչ օրս հիմնադրամ ներդրում չի կատարել:

 

8. Երկրում հիմնական կոնտակտային անձը

 

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյան

Հեռախոս` +374 10 52-68-69

Ֆաքս` +374 10 52-39-22

Էլ. փոստ` [email protected]

 

V. Այլ հարցեր` կապված Հաագայի կոնվենցիայի և դրա երկու արձանագրությունների իրականացման հետ

 

Կից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ և 92-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ, 15-րդ, 264-րդ, 390-րդ, 397-րդ հոդվածների, ինչպես նաև «Զինված ընդհարումների իրավունք» և «Միջազգային մարդասիրական իրավունք» ուսումնական ձեռնարկների ու ԶՈՒ մարտական կանոնադրության 2-րդ մասի պաշտոնական թարգմանությունները:

 

VI. 1954 թ. Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրության պաշտոնական թարգմանությունը

 

Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիայի քարտուղարություն ներկայացրել է երկրորդ արձանագրության պաշտոնական թարգմանությունը, որը տեղադրված է կայքում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.01.2014
N 2
Արձանագրային որոշում