Սեղմել Esc փակելու համար:
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

28 սեպտեմբերի 2013 թվականի N 39

 

6. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ զբաղվածության կարգավորման 2014 թվականի պետական ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թ. սեպտեմբերի 28-ի նիստի

N 39 արձանագրային որոշման

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի (այսուհետ` ամենամյա ծրագիր) մշակման և իրականացման օրենսդրական հիմքը Հայաստանի Հանրապետության զբաղվածության 2013-2018 թվականների ռազմավարությունն է (այսուհետ` զբաղվածության ռազմավարություն) և «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ծրագրի մշակման ընթացքում հաշվի են առնվել ՀՀ վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 18-ի N 1235-Ա որոշման պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված գերակայությունները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2013-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» նախագիծը (այսուհետ` Հեռանկարային զարգացման ծրագիր), որի հիմքում դրված չորս գերակայություններից որպես առաջին` մատնանշվում է զբաղվածության ընդլայնումը:

Մշակվել և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով կյանքի է կոչվելու զբաղվածության ռազմավարության մեջ սահմանված թիրախներին համահունչ զբաղվածության քաղաքականության նոր մոդելը, ինչը հնարավորություն կտա 2014 թվականին զբաղվածության ոլորտում իրականացնել ճկուն, արդյունավետ և իրավիճակից բխող` մարտահրավերներին արագ արձագանքող քաղաքականություն:

Զբաղվածության պետական քաղաքականությունը մշակում է ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) և իրականացնում ամենամյա ծրագրի միջոցով` համագործակցելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, ոչ պետական կազմակերպությունների, շահագրգիռ այլ կազմակերպությունների և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց հետ:

2. Ամենամյա ծրագրի նպատակն է`

1) բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

2) աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր աշխատատեղերի ստեղծմանն ու համալրմանն ուղղված միջոցառումների իրականացումը, աշխատաշուկայի կարիքներին արագ արձագանքումը.

3) ըստ նախապես սահմանված առաջնահերթությունների` աշխատաշուկայում անմրցունակ խմբերի կայուն զբաղվածության ապահովումը:

3. ՀՀ ԱՎԾ-ի տվյալներով 2008-2010 թթ. բնակչության զբաղվածության, տնտեսական ակտիվության և իրական գործազրկության մակարդակների համեմատությունից պարզ է դառնում, որ տնտեսական ակտիվության մակարդակն աճել է, և քանի որ դիտարկվող ժամանակահատվածը ճգնաժամային էր, զբաղվածության մակարդակը գրեթե չի փոխվել, միաժամանակ աճել է գործազրկության մակարդակը (տես` գծապատկեր 1): 2011-2012 թթ. տնտեսական ակտիվության մակարդակը նվազել է, սակայն զբաղվածության մակարդակն աճել է, և արդյունքում կրճատվել է գործազրկության մակարդակը:

 

Գծապատկեր 1. Զբաղվածության, տնտեսական ակտիվության և գործազրկության մակարդակների համադրումը

 

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Գործազուրկների ընդհանուր թիվը և բաշխումն ըստ սեռի և կրթական մակարդակի բերված են գծապատկերներ 2-ում և 3-ում:

 

Գծապատկեր 2. Գործազուրկների ընդհանուր թիվը և բաշխումն ըստ սեռի

 

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Գծապատկեր 3. Գործազուրկների կրթական մակարդակը (հազար մարդ)

 

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Գործազուրկների ընդհանուր թիվը 2008-2010 թթ. աճել է 20.1%-ով, իսկ հաջորդ երկու տարիներին 2010 թ.-ի համեմատ նվազել է 11.7%-ով, սակայն 2012 թ. ցուցանիշը շարունակում է բարձր մնալ 2008 թ. համեմատ` 6,2%-ով:

Գործազուրկների բաշխվածությունն ըստ սեռի ունի հետևյալ պատկերը. տղամարդկանց շրջանում գործազուրկների թիվը 2008-2010 թթ. աճել է 22.1%-ով, իսկ հաջորդ երկու տարում նվազել է մոտ 10%-ով, իսկ կին գործազուրկների թիվը 2008-2010 թթ. աճել է 18.3%-ով և միայն վերջին երկու տարում գրանցվել է նվազման միտում` մոտ 13.5%-ով (2010 թ.-ի նկատմամբ): Ինչպես երևում է գծապատկեր 2-ից, կանանց շրջանում գործազրկությունը գործնականում շարունակում է բարձր մնալ միջինը 7.2%-ով:

Գործազուրկների շրջանում առավել մեծ տեսակարար կշիռ են կազմում մասնագիտություն չունեցողները, որոնց թիվը նշված ժամանակահատվածի առաջին երեք տարիներին աճել է 20.5%-ով, իսկ վերջին տարում նվազել 11.9%-ով (2010 թ.-ի համեմատ), սակայն շարունակում է գերազանցել 2008 թ. ցուցանիշը 6.2%-ով: Մտահոգիչ է նաև այն փաստը, որ չորս տարիների ընթացքում գործազուրկների մեջ բարձրագույն կրթություն ունեցողների տեսակարար կշիռը շարունակաբար աճել է` տարեկան միջինը 11%-ով և 2011 թ. բացարձակ արժեքով բարձրագույն կրթություն ունեցող գործազուրկները զիջում են միայն կրթություն չունեցողներին:

Գործազուրկների շրջանում առավել մեծ թիվ է կազմում 31-45 տարիքային խումբը, որը, թեկուզ նշված չորս տարիներին անընդհատ նվազել է միջինը` տարեկան 9.6%-ով, շարունակում է մեծաթիվ մնալ մյուս տարիքային խմբերից:

Գծապատկեր 4-ից պարզ է դառնում, որ 2009-2012 թթ. նպաստ ստացող գործազուրկների թիվն անընդհատ նվազել է, տարեկան միջինը 5.4%-ով:

 

Գծապատկեր 4. Նպաստ ստացող գործազուրկների թվի փոփոխությունը (հազար մարդ)

 

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Գծապատկեր 5. Գործազրկության մակարդակի փոփոխության դինամիկան ՀՀ մարզերում և Երևան քաղաքում (%)

 

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Ինչպես երևում է գծապատկեր 5-ից, 2009-2012 թթ. գործազրկության մակարդակն աճի միտում է դրսևորել ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում` միջինը 1.6 տոկոսային կետով: Գործազրկության մակարդակի աճի առավել մեծ դինամիկա է գրանցվել ՀՀ Սյունիքի մարզում` 2.3 տոկոսային կետով, իսկ ամենամեծ կրճատման դինամիկան գրանցվել է ՀՀ Վայոց ձորի մարզում` 8.3 տոկոսային կետով: Բացարձակ արժեքով ամենաբարձր գործազրկության մակարդակը շարունակում է մնալ Երևանում (չնայած վերջին տարիներին գործազրկության մակարդակի 3.9% կրճատմանը), ինչպես նաև ՀՀ Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզերում, որտեղ գործազրկության մակարդակի աճի տեմպերը վերջին տարիներին կազմել են համապատասխանաբար` 2%, 1.9% և 0.8%: Ըստ այս ցուցանիշի` վիճակն առավել բարենպաստ է ՀՀ Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերում, որտեղ գործազրկության մակարդակը մշտապես դրսևորում է կրճատման միտում (միջինը` 2.3%-ով), ինչպես նաև բացարձակ արժեքով ցածր է 7%-ից:

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) հետ համագործակցող գործատուների թիվը 2008-2012 թթ. աճել է 41%-ով (տես` գծապատկեր 6):

 

Գծապատկեր 6. Գործակալության հետ համագործակցող գործատուների թվի փոփոխությունը

 

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Գործակալության գործունեության, այդ թվում` գործատուների հետ համագործակցության արդյունավետությունը բնութագրող որոշ ցուցանիշներ բերված են գծապատկեր 7-ում:

 

Գծապատկեր 7. Գործատուների և գործակալության համագործակցությունը բնութագրող ցուցանիշներ

 

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Գործակալության միջնորդությամբ աշխատանքի տեղավորվածների թիվը 2008-2012 թթ. աճել է 33.3%-ով, այն դեպքում, երբ գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի թիվն աճել է 68.4%-ով:

Հատկանշական է, որ գործատուների կողմից առաջարկված թափուր աշխատատեղերի թիվը գերազանցել է աշխատանքի տեղավորվածների թիվը` միջինը տարեկան 77.2%-ով: Նշված ժամանակահատվածում զգալիորեն աճել է նաև գործատուների կողմից ներկայացվող թափուր աշխատատեղերի ամսական միջին թիվը` 68.4%-ով և չկրկնվող թափուր աշխատատեղերի թիվը` մոտ 49.7%-ով:

Մյուս կողմից, 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվել են 11571 աշխատանք փնտրող անձինք` աշխատանք փնտրողների 16.7%-ը: Սակայն ծրագրերը պլանավորվել են 17727 անձանց համար: Փաստացի և պլանավորված ընդգրկման ցուցանիշների տարբերությունը հիմնականում պայմանավորված է նպաստառու գործազուրկների ամսական միջին թվի նվազմամբ` 6095-ով, որը կարելի է հիմնավորել տնտեսության մեջ զբաղվածների թվի աճով, ինչպես նաև օրենքով նախատեսված գործիքների (գործազրկության նպաստի կասեցում, դադարեցում) առավել արդյունավետ և նպատակային կիրառմամբ: Զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկված անձանց թիվը 2013 թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 1013 (պլանավորվածի նկատմամբ` 96.7%):

Այս իմաստով հատկանշական է նաև, որ 2013 թ. հուլիսի 1-ի դրությամբ.

1) աշխատանքի են տեղավորվել գործակալությունում հաշվառված`

ա. 5956 աշխատանք փնտրողներ,

բ. երիտասարդների 8.3%-ը,

գ. աշխատաշուկայում անմրցունակ անձանց 4.1%-ը,

2) գործակալությունը համագործակցել է 10973 գործատուների հետ, իսկ գործատուներից ստացված և հավաքագրված թափուր աշխատատեղերի թիվը կազմել է 6737:

4. Հաշվի առնելով ամենամյա ծրագրի 3-րդ կետում բերված զբաղվածության իրավիճակային վերլուծության ամփոփ արդյունքները, ինչպես նաև հիմք ընդունելով Հեռանկարային զարգացման ծրագրում և զբաղվածության ռազմավարության մեջ սահմանված նպատակներն ու թիրախները` 2014 թվականին զբաղվածության պետական կարգավորման ոլորտի համար առանձնացվում են հետևյալ հիմնախնդիրները և դրանց համապատասխան լուծումները.

1) Հայաստանի աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի քրոնիկ անհամապատասխանությունը, առանձին մասնագիտությունների գծով թափուր աշխատատեղերի լրացման խոչընդոտները, գործազրկության բարձր մակարդակը

Աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունը դեռևս կրում է քանակական, որակական և տարածքային բնույթ` չնայած այն հանգամանքին, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին տարիներին անընդհատ աճել է:

Բերված հիմնախնդիրների լուծմանն են միտված ամենամյա ծրագրում ներառված բոլոր ծրագրերն ու ծառայությունները:

2) Աշխատաշուկայի տարածքային անհամամասնություններով պայմանավորված առանձին տարածաշրջաններում գործազրկության մակարդակների էական տարբերությունների առկայությունը, գյուղական համայնքներում բնակչության թերզբաղվածությունը, ինչպես նաև ոչ գյուղատնտեսական զբաղվածության ցածր մակարդակը

Տնտեսական ակտիվության և գործազրկության տեսանկյունից մարզերում և Երևան քաղաքում շարունակում է խնդիր մնալ անհավասարաչափ բաշխումը:

Մարզերի տնտեսական զարգացման անհամաչափությունների զսպման և հետ մնացող տարածքների առաջանցիկ զարգացման նպատակներից ելնելով, ինչպես նաև մարզերից դեպի մայրաքաղաք կամ արտերկիր աշխատուժի արտահոսքը մեղմելու նպատակով` ամենամյա ծրագրով նախատեսված են կոնկրետ ծրագրեր:

3) Աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովման դժվարությունները

Բերված հիմնախնդիրների լուծմանն են միտված ամենամյա ծրագրում ներառված բոլոր ծրագրերն ու ծառայությունները:

4) Կանանց շրջանում գործազրկության միջին հանրապետական ցուցանիշից բարձր մակարդակը

Հիմնախնդրի լուծմանն են ուղղված «Ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրության աջակցություն», «Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրերը:

5) Առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների աշխատանքի տեղավորման հնարավորությունների ցածր մակարդակը

Երիտասարդների մուտքը աշխատաշուկա դյուրինացնելու նպատակով կիրականացվեն` «Մասնագիտական աշխատանքային փորձ չունեցող անձանց աշխատանքային պրակտիկայի կազմակերպում», «Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրերը, «Հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում» նոր ծրագիրը, իսկ ձեռնարկատիրական գործունեության ջիղ ունեցող երիտասարդներին կօգնի «Ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրության աջակցություն» ծրագիրը:

6) Պետական-մասնավոր հատվածների միջև, այդ թվում` աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հետ գործակալության գործընկերային և փոխշահավետ համագործակցության բացակայությունը

Նշված հիմնախնդրի լուծմանն են ուղղված հետևյալ ծառայությունները` գործակալության կողմից գործատուներին և աշխատանք փնտրող անձանց նոր, այդ թվում` էլեկտրոնային ծառայությունների տրամադրումը, իսկ աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններին մեթոդական աջակցության ու խորհրդատվության, առկա թափուր աշխատատեղերի և հաշվառված աշխատանքային ռեսուրսների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև «Աշխատանքի տեղավորման ծառայություններից օգտվելու ծախսերի մասնակի փոխհատուցում ոչ պետական կազմակերպությանը» ծրագիրը:

5. Ամենամյա ծրագրում ներառված են գործող ստորև ներկայացված ծրագրերը և ծառայությունները:

 

5.1 Գործող ծրագրերը

 

1) Մասնագիտական ուսուցման կազմակերպում

ա. ծրագրի նպատակը աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման և աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է.

բ. ծրագրի շահառուներն են` գործազուրկները, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձինք, աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամություն ունեցող անձինք, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձինք.

գ. «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հայտարարված մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության կողմից շահառուների համար կազմակերպվում է մասնագիտական պատրաստում մինչև 6 ամիս տևողությամբ, վերամասնագիտացում և որակավորման բարձրացում` մինչև 3 ամիս տևողությամբ.

դ. մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված աշխատանք փնտրող անձին ուսուցման ամբողջ ընթացքում յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ.

ե. ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվողների առնվազն 70%-ը պետք է լինեն գործազուրկներ, 10%-ը` հաշմանդամություն ունեցող անձինք.

զ. ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 17.5%, որը հաշվարկվում է հետևյալ ձևով. ուսուցումն ավարտելուց հետո 3 ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված և 6 ամսվա ընթացքում աշխատանքից ազատված անձանց թվի տարբերությունը բաժանվում է ծրագրում ընդգրկվածների ընդհանուր թվի վրա և արտահայտվում է տոկոսով:

2) Աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին

ա. ծրագրի նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցման միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է.

բ. ծրագրի շահառուներն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են.

գ. մեկ կամ երկու տարի ժամկետով աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր շահառուի համար գործատուին տրվում է փոխհատուցում` գործատուի կողմից սահմանված աշխատավարձի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը.

դ. ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվողների առնվազն 30%-ը պետք է լինեն գործազուրկներ, իսկ 50%-ը` հաշմանդամություն ունեցող անձինք.

ե. ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 19.4%, որը հաշվարկվում է հետևյալ ձևով. ծրագիրն ավարտելուց հետո ծրագրում ներառվածների և 1 տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թվի տարբերությունը բաժանվում է ծրագրում ընդգրկված շահառուների ընդհանուր թվի վրա և արտահայտվում է տոկոսով:

3) Մասնագիտական աշխատանքային փորձ չունեցող անձանց աշխատանքային պրակտիկայի կազմակերպում

ա. ծրագրի նպատակը մասնագիտություն ունեցող, սակայն մասնագիտական աշխատանքային փորձ չունեցող երիտասարդին` իր մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և հարմար աշխատանքի տեղավորվելու աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է.

բ. ծրագրի շահառուներն են` գործազուրկները, աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամություն ունեցող անձինք, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձինք.

գ. աշխատանքային պրակտիկայի ամբողջ ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցներից պրակտիկանտին վճարվում է աշխատավարձ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի չափով, պրակտիկան անցկացնող անձին վճարվում է նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20%-ի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը, իսկ գործատուին տրամադրվում է գումար` պրակտիկանտի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը փոխհատուցելու համար.

դ. ծրագրի տևողությունը 3 ամիս է.

ե. ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվողների առնվազն 80%-ը պետք է լինեն գործազուրկներ.

զ. ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 18%, որը հաշվարկվում է հետևյալ ձևով. պրակտիկան ավարտելուց հետո 3 ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված և 6 ամսվա ընթացքում աշխատանքից ազատված անձանց թվի տարբերությունը բաժանվում է ծրագրում ընդգրկվածների ընդհանուր թվի վրա և արտահայտվում է տոկոսով:

4) Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում

ա. ծրագրի նպատակը գործատուի և աշխատանք փնտրողի անմիջական հաղորդակցման միջոցով մի կողմից` աշխատանք փնտրողի կայուն զբաղվածության ապահովումն է, իսկ մյուս կողմից` գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղի արդյունավետ համալրման ապահովումը.

բ. ծրագրի շահառուներն են աշխատանք փնտրողները և գործատուները.

գ. ծրագիրը մեկօրյա միջոցառում է, որն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով.

դ. ակնկալվում է, որ աշխատանքի տոնավաճառների արդյունքում աշխատանքի կտեղավորվեն առնվազն 586 աշխատանք փնտրողներ և աշխատանքի տոնավաճառին մասնակցած աշխատանք փնտրողներից առնվազն 1750 անձինք կհաշվառվեն գործակալության համապատասխան մարզային կամ տարածքային կենտրոնում.

ե. ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 10.1%, որը հաշվարկվում է հետևյալ ձևով. աշխատանքի տոնավաճառի կազմակերպումից հետո 3 ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված և 6 ամսվա ընթացքում աշխատանքից ազատված անձանց թվի տարբերությունը բաժանվում է աշխատանքի տոնավաճառին մասնակցած աշխատանք փնտրող անձանց ընդհանուր թվի վրա և արտահայտվում է տոկոսով:

5) Աշխատաշուկայի հետազոտման աշխատանքների կազմակերպում

ա. ծրագրի նպատակը տնտեսության մեջ և աշխատաշուկայում տեղի ունեցող զարգացումների գնահատումն ու միտումների բացահայտումը, ինչպես նաև աշխատուժի պահանջարկի կանխատեսումն է.

բ. ակնկալվող արդյունքը աշխատաշուկայի իրավիճակի բազմակողմանի պատկերը, գնահատված միտումները և պահանջարկի օբյեկտիվ կանխատեսումն է, ինչը հիմք կհանդիսանա հաջորդ տարվա` իրավիճակից բխող ամենամյա ծրագրի պլանավորման համար:

6) Այլ վայր աշխատանքի տեղավորման աջակցություն

ա. ծրագրի նպատակը աշխատուժի ներքին տեղաշարժի կարգավորման միջոցով մարզերում չլրացվող թափուր աշխատատեղերի լրացումն ու կայուն զբաղվածության ապահովումն է.

բ. ծրագրի իրականացումը պայմանավորված է հանրապետության գյուղական բնակավայրերում և սահմանամերձ տարածաշրջաններում որոշ մասնագիտություններով թափուր աշխատատեղերի (բժիշկներ, ուսուցիչներ, ծրագրավորողներ, կռունկավարներ, հաշվապահներ և այլն) շարունակաբար չլրացվող պահանջարկի առկայությամբ.

գ. ծրագրի շահառուներն են` գործազուրկները և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամություն ունեցող անձինք.

դ. ծրագրի շրջանակներում շահառուներին փոխհատուցվում են հետևյալ ծախսերը.

շահառուի և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսը,

շահառուի և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսը,

մեկ տարվա ընթացքում 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախսը,

միանվագ ֆինանսական աջակցություն` նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով,

30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ վայր աշխատանքի մեկնելու դեպքում` շահառուների և իրենց ընտանիքների անդամների օրապահիկը` յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված չափով,

ամսական գումար բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով,

աշխատավարձի հավելում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ից մինչև կրկնապատիկի չափով` հաշվի առնելով թափուր աշխատատեղերի` ըստ մասնագիտությունների (բժիշկներ, ուսուցիչներ) լրացման առաջնահերթությունները.

ե. ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվածների առնվազն 90%-ը պետք է լինեն գործազուրկներ, 10%-ը` հաշմանդամություն ունեցող անձինք.

զ. ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 28.7%, որը հաշվարկվում է հետևյալ ձևով. ծրագիրն ավարտելուց հետո աշխատանքի տեղավորվածների և 1 տարվա ընթացքում ազատվածների թվի տարբերությունը բաժանվում է ծրագրում ընդգրկված շահառուների ընդհանուր թվի վրա և արտահայտվում է տոկոսով:

7) Միանվագ փոխհատուցում գործատուին` աշխատաշուկայում անմրցունակ անձին աշխատանքի տեղավորման համար

ա. ծրագրում ներառված են հետևյալ 3 ենթածրագրերը`

աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում գործատուին,

աշխատաշուկայում անմրցունակ հանդիսացող և հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին,

աշխատաշուկայում անմրցունակ հանդիսացող և հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային ունակությունների ու կարողությունների ձեռքբերման և աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին.

բ. աշխատաշուկայում անմրցունակ հանդիսացող և տեսողության խնդիրներ ունեցող 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման շրջանակներում, այդ անձանց, ըստ գնահատված անհրաժեշտության` տրամադրվում է համապատասխան համակարգչային տեխնիկա.

գ. ծրագրի նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների` աշխատանքի վայրում ձեռքբերման հնարավորությունների ընձեռման միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման աջակցության միջոցով` հաշմանդամություն ունեցող անձանց կայուն զբաղվածության ապահովումը.

դ. ծրագրի շահառուներն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են.

ե. ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվող` աշխատաշուկայում անմրցունակ անձանցից առնվազն 50%-ը պետք է լինեն գործազուրկներ, իսկ 30%-ը` հաշմանդամություն ունեցող չզբաղված անձինք.

զ. ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 18%, որը հաշվարկվում է հետևյալ ձևով. գործատուին միանվագ փոխհատուցումը տրամադրելուց հետո աշխատանքի ընդունված անձանց և այդ անձանցից` 1 տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թվի տարբերությունը բաժանվում է աշխատանքի ընդունված անձանց թվի վրա և արտահայտվում է տոկոսով:

8) Գործազրկության նպաստի վճարում

ա. ծրագրի նպատակը գործազուրկին ակտիվ աշխատանք փնտրելու համար ֆինանսական հնարավորությունների ընձեռման միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է.

բ. ծրագրի շահառուները` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գործազրկության նպաստի ստացման իրավունք ունեցող գործազուրկներն են.

գ. գործազրկության նպաստի ստացման տևողությունը 3 ամիս է.

դ. գործազրկության նպաստը վճարվում է գործազրկության նպաստի իրավունք ձեռք բերած գործազուրկներին` գործատուներին այցելելու և առկա թափուր աշխատատեղերին ծանոթանալու, ակտիվ աշխատանք փնտրելու և հարմար աշխատանքի տեղավորվելու համար.

ե. ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 1.0%, որը հաշվարկվում է հետևյալ ձևով. գործազրկության նպաստի ստացման ժամանակահատվածում աշխատանքի տեղավորված և 6 ամսվա ընթացքում աշխատանքից ազատված անձանց թվի տարբերությունը բաժանվում է նպաստառուների ընդհանուր թվին և արտահայտվում է տոկոսով:

9) Ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրության աջակցություն

ա. ծրագրի նպատակը փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության ճանապարհով կայուն զբաղվածության ապահովումն է.

բ. ծրագրի շահառուներն են` աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամություն ունեցող անձինք, գործազուրկները.

գ. աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամություն ունեցող անձանց և գործազուրկների փոքր ձեռնարկատիրական գործունեության իրականացման և ինքնազբաղվածության խթանման համար տրամադրվում է աջակցություն.

դ. ծրագրի շրջանակներում ակնկալվող ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար անհրաժեշտ գործարար ծրագրերի օրինակելի ձևերը տրամադրվում են գործակալության կողմից.

ե. ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվողների առնվազն 50%-ը պետք է լինեն գործազուրկներ, իսկ 30%-ը` հաշմանդամություն ունեցող անձինք.

զ. ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 90%, որը հաշվարկվում է հետևյալ ձևով. ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցությամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողների և նրանցից` 1 տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցրածների թվի տարբերությունը բաժանվում է ծրագրում ընդգրկված շահառուների ընդհանուր թվի վրա և արտահայտվում է տոկոսով:

10) Մասնագիտական կողմնորոշման համակարգի մեթոդաբանության ապահովում և կադրերի վերապատրաստում, հանրային իրազեկում

ա. ծրագրի նպատակը հանրակրթության ոլորտում, մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների մասնագիտական կողմնորոշման, անձի ինքնագնահատման, կարիերայի պլանավորման, ձեռներեցությամբ սեփական զբաղվածությունն ապահովելու և աշխատաշուկա մուտք գործելու համար հիմնական կարողությունների զարգացմանն ուղղված մեթոդաբանության, ուսումնական ծրագրերի մշակման, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման համակարգի կադրերի վերապատրաստման, հանրային իրազեկման ապահովումն է.

բ. ծրագրի շահառուներ են` ՀՀ հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինտեգրված սոցիալական ծառայությունների համապատասխան մասնագետները:

11) Գործակալությունը զբաղվածության պետական կարգավորման շրջանակներում տրամադրում է նաև հետևյալ հիմնական ծառայությունները`

ա. աշխատանք փնտրող անձին անհրաժեշտ տեղեկատվության ու խորհրդատվության տրամադրում և հաշվառում, կայուն զբաղվածության ապահովման նպատակով` կարիքների գնահատում և անհատական ծրագրի կազմում.

բ. գործատուներին անհրաժեշտ խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում.

գ. գործատուներից թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվության ստացում և հավաքագրում.

դ. աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կողմնորոշման տրամադրում.

ե. աշխատանք փնտրող անձանց աշխատանքի տեղավորման միջնորդություն.

զ. աշխատանք փնտրող անձանց, թափուր աշխատատեղերի, գործակալության հետ համագործակցող գործատուների վերաբերյալ տեղեկատվական շտեմարանների վարում.

է. աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններին անհրաժեշտ տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության, ինչպես նաև մեթոդական աջակցության տրամադրում.

ը. զբաղվածության պետական ծրագրերի և ծառայությունների հանրային իրազեկում:

7. Ամենամյա ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է`

1) աշխատաշուկայի պետական կարգավորման ծրագրերում ներառվող անձանց թվաքանակի աճ առնվազն 5%-ով` նախորդ տարվա համեմատ.

2) ծրագրերում ներառված հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման աճ առնվազն 50%-ով` նախորդ տարվա համեմատ.

3) գործակալության տարածքային և մարզային կենտրոններում հաշվառված երիտասարդների առնվազն 18%-ի աշխատանքի տեղավորում.

4) գործազրկության նպաստի իրավունք ձեռք բերած գործազուրկների թվաքանակի կրճատում` առնվազն 10 տոկոսային կետով` նախորդ տարվա համեմատ.

5) կայուն զբաղվածության գործակցի ապահովում` առնվազն 21.3%, կամ, որ նույնն է` ամենամյա ծրագրի իրականացման արդյունքում 1600 անձի կայուն զբաղվածության ապահովում.

6) գործատուներից ստացված և հավաքագրված չկրկնվող թափուր աշխատատեղերի թվի աճ առնվազն 10%-ով` նախորդ տարվա համեմատ.

7) գործակալության մարզային և տարածքային կենտրոնների հետ համագործակցող գործատուների թվի աճ առնվազն 5%-ով` նախորդ տարվա համեմատ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թ. սեպտեմբերի 28-ի նիստի

N 39 արձանագրային որոշման

 

ՑԱՆԿ

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Միջոցառման անվանումը     |Ակնկալվող արդյունքները   |Ֆինանսավորման|

|   |                         |                         |աղբյուրը     |

|___|_________________________|_________________________|_____________|

|1. |Աշխատանք փնտրող անձանց   |1. Տարվա ընթացքում շուրջ |ֆինանսավորում|

|   |խորհրդատվության          |250000 աշխատանք փնտրող   |չի պահանջում |

|   |տրամադրում               |անձանց տրամադրվել է      |             |

|   |                         |խորհրդատվություն         |             |

|   |                         |2. 25000 անձինք հաշվառվել|             |

|   |                         |են զբաղվածության պետական |             |

|   |                         |ծառայությունում          |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|2. |Աշխատանք փնտրող անձանց   |11500 աշխատանք փնտրող    |ֆինանսավորում|

|   |աշխատանքի տեղավորման     |չզբաղված անձանց աշխատանքի|չի պահանջում |

|   |միջնորդություն           |տեղավորման միջնորդություն|             |

|___|_________________________|_________________________|_____________|

|3. |Աշխատանք փնտրող անձանց   |5000 շահառուների         |ֆինանսավորում|

|   |մասնագիտական կողմնորոշման|մասնագիտական             |չի պահանջում |

|   |խորհրդատվության          |կողմնորոշման             |             |

|   |տրամադրում               |խորհրդատվության          |             |

|   |                         |տրամադրում, այդ թվում`   |             |

|   |                         |առաջին անգամ աշխատաշուկա |             |

|   |                         |մուտք գործող անձանց      |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|4. |Ծրագրերի                 |Զբաղվածության ծրագրերի   |ֆինանսավորում|

|   |արդյունավետության        |նպատակայնության և        |չի պահանջում |

|   |մոնիթորինգ և  գնահատում, |հասցեականության          |             |

|   |տեղեկատվական բազաների    |թիրախավորված բարձրացում  |             |

|   |տվյալների համադրում      |                         |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|5. |Գործատուների հետ         |Ամսական կտրվածքով        |ֆինանսավորում|

|   |համագործակցություն       |1200-1500 թափուր         |չի պահանջում |

|   |                         |աշխատատեղերի վերաբերյալ  |             |

|   |                         |տեղեկատվություն`         |             |

|   |                         |գործատուներից ստացված    |             |

|   |                         |կամ հավաքագրված          |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|6. |Զբաղվածության պետական    |Յուրաքանչյուր ամիս և     |ֆինանսավորում|

|   |ծրագրերի հանրային        |անհրաժեշտությունից       |չի պահանջում |

|   |իրազեկում                |ելնելով` համակարգում     |             |

|   |                         |իրականացվող ծրագրերի     |             |

|   |                         |վերաբերյալ տեղեկատվության|             |

|   |                         |տրամադրում շահագրգիռ     |             |

|   |                         |անձանց և  լայն           |             |

|   |                         |հասարակության            |             |

|   |                         |ներկայացուցիչներին       |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|7. |Գործազրկության նպաստի    |Ամսական միջին թվով 8000  |Հայաստանի    |

|   |վճարում                  |գործազուրկների վճարել    |Հանրապետու-  |

|   |                         |գործազրկության նպաստ:    |թյան պետական |

|   |                         |Ծրագրի կայուն            |բյուջե`      |

|   |                         |զբաղվածության գործակիցը` |1,728,000.0  |

|   |                         |առնվազն 10%              |հազար դրամ   |

|___|_________________________|_________________________|_____________|

|8. |Մասնագիտական ուսուցման   |Կազմակերպել 1454         |Հայաստանի    |

|   |կազմակերպում             |գործազուրկների,          |Հանրապետու-  |

|   |                         |աշխատանքից ազատման ռիսկ  |թյան պետական |

|   |                         |ունեցող աշխատանք         |բյուջե`      |

|   |                         |փնտրողների և             |244,065.0    |

|   |                         |գյուղատնտեսական          |հազար դրամ,  |

|   |                         |նշանակության հողի        |միջազգային   |

|   |                         |սեփականատեր հանդիսացող   |դոնոր        |

|   |                         |անձանց մասնագիտական      |կազմակերպու- |

|   |                         |ուսուցում: Ծրագրի կայուն |թյունների    |

|   |                         |զբաղվածության գործակիցը` |միջոցներ     |

|   |                         |17.5%                    |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|09.|Այլ վայր աշխատանքի       |Կազմակերպել այլ վայր     |Հայաստանի    |

|   |տեղավորման աջակցություն  |աշխատանքի գործուղման     |Հանրապետու-  |

|   |                         |կապակցությամբ 36         |թյան պետական |

|   |                         |գործազուրկների և         |բյուջե`      |

|   |                         |հաշմանդամություն ունեցող |44,370.0     |

|   |                         |անձանց նյութական ծախսերի |հազար դրամ   |

|   |                         |հատուցում: Ծրագրի կայուն |             |

|   |                         |զբաղվածության գործակիցը` |             |

|   |                         |28.7%                    |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|10.|Ինքնազբաղվածության       |Կազմակերպել 150          |Հայաստանի    |

|   |խթանման նպատակով փոքր    |ձեռնարկատիրական          |Հանրապետու-  |

|   |ձեռնարկատիրության        |գործունեությամբ զբաղվելու|թյան պետական |

|   |աջակցություն             |նպատակով պետական գրանցման|բյուջե` 990.0|

|   |                         |համար գործազուրկների և   |հազար դրամ   |

|   |                         |հաշմանդամություն ունեցող |             |

|   |                         |անձանց ֆինանսական        |             |

|   |                         |աջակցության տրամադրում:  |             |

|   |                         |Ծրագրի կայուն            |             |

|   |                         |զբաղվածության գործակիցը` |             |

|   |                         |90%                      |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|11.|Աշխատավարձի մասնակի      |Կազմակերպել              |Հայաստանի    |

|   |փոխհատուցում գործատուին  |աշխատաշուկայում          |Հանրապետու-  |

|   |                         |անմրցունակ 330 անձանց    |թյան պետական |

|   |                         |աշխատանքի ընդունելու     |բյուջե`      |

|   |                         |դեպքում գործատուին       |193,678.0    |

|   |                         |աշխատավարձի մասնակի      |հազար դրամ   |

|   |                         |փոխհատուցում: Ծրագրի     |             |

|   |                         |կայուն զբաղվածության     |             |

|   |                         |գործակիցը` 19.4%         |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|12.|Աշխատաշուկայի հետազոտման |Իրականացնել մեկ          |Հայաստանի    |

|   |աշխատանքների կազմակերպում|հետազոտություն           |Հանրապետու-  |

|   |                         |աշխատաշուկայի կանխատեսման|թյան պետական |

|   |                         |նպատակով                 |բյուջե`      |

|   |                         |                         |5,000.0 հազար|

|   |                         |                         |դրամ         |

|___|_________________________|_________________________|_____________|

|13.|Աշխատանքի տոնավաճառի     |Կազմակերպել 11 աշխատանքի |Հայաստանի    |

|   |կազմակերպում             |տոնավաճառ: Ծրագրի կայուն |Հանրապետու-  |

|   |                         |զբաղվածության գործակիցը` |թյան պետական |

|   |                         |10.1%                    |բյուջե`      |

|   |                         |                         |7,700.0 հազար|

|   |                         |                         |դրամ         |

|___|_________________________|_________________________|_____________|

|14.|Մասնագիտական աշխատանքային|Կազմակերպել              |Հայաստանի    |

|   |փորձ չունեցող անձանց     |մասնագիտություն ունեցող, |Հանրապետու-  |

|   |աշխատանքային պրակտիկայի  |սակայն մասնագիտական      |թյան պետական |

|   |կազմակերպում             |աշխատանքային փորձ        |բյուջե`      |

|   |                         |չունեցող 300             |78,128.3     |

|   |                         |գործազուրկների և         |հազար դրամ   |

|   |                         |գյուղատնտեսական          |             |

|   |                         |նշանակության հողի        |             |

|   |                         |սեփականատեր հանդիսացող   |             |

|   |                         |անձանց, ինչպես նաև       |             |

|   |                         |աշխատանք փնտրող չզբաղված |             |

|   |                         |հաշմանդամություն ունեցող |             |

|   |                         |անձանց աշխատանքային      |             |

|   |                         |պրակտիկան գործատուի մոտ: |             |

|   |                         |Ծրագրի կայուն            |             |

|   |                         |զբաղվածության գործակիցը` |             |

|   |                         |18%                      |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|15.|Միանվագ փոխհատուցում     |Կազմակերպել աշխատանքի    |Հայաստանի    |

|   |գործատուին`              |տեղավորման դեպքում 75    |Հանրապետու-  |

|   |աշխատաշուկայում          |հաշմանդամություն ունեցող |թյան պետական |

|   |անմրցունակ անձին         |չզբաղված անձանց          |բյուջե`      |

|   |աշխատանքի տեղավորման     |աշխատատեղի հարմարեցում և |19,624.2     |

|   |համար                    |տեսողության խնդիրներ     |հազար դրամ   |

|   |                         |ունեցող առաջին խմբի      |             |

|   |                         |հաշմանդամություն ունեցող |             |

|   |                         |անձանց ուսուցում և       |             |

|   |                         |համակարգչային տեխնիկայի  |             |

|   |                         |տրամադրում, ինչպես նաև   |             |

|   |                         |աշխատաշուկայում          |             |

|   |                         |անմրցունակ անձանց        |             |

|   |                         |աշխատանքի ընդունելու ու  |             |

|   |                         |աշխատանքային             |             |

|   |                         |ունակություններ և        |             |

|   |                         |կարողություններ ձեռք     |             |

|   |                         |բերելու համար միանվագ    |             |

|   |                         |դրամական փոխհատուցում    |             |

|   |                         |գործատուին: Ծրագրի կայուն|             |

|   |                         |զբաղվածության            |             |

|   |                         |գործակիցը` 18%           |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|16.|Աշխատանքի ակումբների     |Զբաղվածության            |Միջազգային   |

|   |աշխատանքների կազմակերպում|կենտրոններում ստեղծված 11|դոնոր        |

|   |և  համակարգում           |աշխատանքային ակումբներից |կազմակերպու- |

|   |                         |յուրաքանչյուրում տարվա   |թյունների    |

|   |                         |ընթացքում խմբային        |միջոցներ     |

|   |                         |աշխատանքներում կընդգրկվի |             |

|   |                         |միջինը 230 աշխատանք      |             |

|   |                         |փնտրող չզբաղված անձ      |             |

|___|_________________________|_________________________|_____________|

|17.|Մասնագիտական կողմնորոշման|3 մեթոդաբանական ձեռնարկի |Հայաստանի    |

|   |համակարգի մեթոդաբանության|մշակում, 250 շահառուի    |Հանրապետու-  |

|   |ապահովում և  կադրերի     |վերապատրաստում, հանրային |թյան պետական |

|   |վերապատրաստում           |իրազեկում (300)          |բյուջե`      |

|   |                         |                         |27 081.6     |

|   |                         |                         |հազար դրամ   |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.2013
N 39
Արձանագրային որոշում