Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՐԱՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

ելնելով Անկախ Պետությունների Համագործակցության հետագա զարգացման Հայեցակարգի դրույթներից, որը հավանության էր արժանացել 2007թ. հոկտեմբերի 5-ի Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի Որոշմամբ, կրթության և գիտության զարգացման մասով,

կարևորելով հիմնարար գիտության զարգացումը Կողմերի պետությունների տնտեսական և սոցիալական առաջընթացի համար,

նպատակ ունենալով հիմնարար գիտության ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության համակարգման, զարգացման և հետևողականորեն խորացնելուն ուղղված բարենպաստ պայմանների ստեղծումը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը ստեղծում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հիմնարար գիտության ոլորտում համագործակցության Խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):

Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հիմնարար գիտության ոլորտում համագործակցության Խորհրդի մասին Կարգի հիման վրա, որը սույն Համաձայնագրի անբաժանելի մասն է:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից է հանդիսանում Կողմի պետությունը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրող Կողմերի կողմից ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին հանձնելու ամսաթվից:

Այն Կողմերի համար, որոնք ավելի ուշ են կատարել ներպետական ընթացակարգերը, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում անհրաժեշտ փաստաթղթերի ավանդապահի ստանալու ամսաթվից:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են հանդիսանում և ձևակերպվում են առանձին արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է ցանկացած պետության միանալու համար, որը բաժանում է սույն Համաձայնագրի նպատակները և սկզբունքները: Միացող պետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին հանձնելու ամսաթվից:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` իր մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով դուրս գալու ամսաթվից առնվազն վեց ամիս առաջ, կատարելով ֆինանսական և այլ պարտավորությունները, որ առաջացել են սույն Համաձայնագրի գործողության ընթացքում:

Կատարված է Մինսկ քաղաքում 2011թ. թվականի մայիսի 19-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն:

Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա վավերացված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:

 

Հավելված

2011 թ. մայիսի 19-ի`

«Անկախ Պետությունների

Համագործակցության մասնակից

պետությունների հիմնարար

գիտության ոլորտում

համագործակցության Խորհրդի

կազմավորման մասին»

Համաձայնագրին կից

 

ԿԱՐԳ

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՐԱՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հիմնարար գիտության ոլորտում համագործակցության Խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) ստեղծվում է «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հիմնարար գիտության ոլորտում համագործակցության Խորհրդի կազմավորման մասին» Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) մասնակից պետությունների գիտության ոլորտի պետական իշխանության մարմինների, գիտությունների ազգային ակադեմիաների, ինչպես նաև հիմնարար գիտական հետազոտություններ իրականացնող Համաձայնագրի մասնակից պետությունների կազմակերպությունների համագործակցության համակարգման ապահովման համար:

1.2. Իր գործունեության ընթացքում Խորհուրդը ղեկավարվում է Անկախ Պետությունների Համագործակցության (այսուհետ` ԱՊՀ) Կանոնադրությամբ, ԱՊՀ շրջանակներում ընդունված միջազգային բազմակողմանի պայմանագրերով և որոշումներով, ԱՊՀ-ի ճյուղային համագործակցության մարմինների մասին Ընդհանուր կանոնադրությամբ, ինչպես նաև սույն Կարգով:

 

2. Խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները և

գործառույթները

 

2.1. Խորհրդի գործունեության հիմնական ուղղություններն են.

հիմնարար գիտության ոլորտում միջպետական ծրագրերի և նախագծերի ձևավորմանն ու իրականացմանն ուղղված առաջարկությունների մշակում,

հիմնարար գիտության ոլորտում համագործակցության նորմատիվ իրավական դաշտի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակում,

հիմնարար գիտական հետազոտություններ իրականացնող Համաձայնագրի մասնակից պետությունների կազմակերպությունների միջև ուղիղ կապերի հաստատմանն ու համագործակցության ամրապնդմանն աջակցություն,

իր իրավասության շրջանակներում փոխգործակցության իրականացում ԱՊՀ մարմինների, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Համաձայնագրի մասնակից պետությունների պետական իշխանության մարմինների, ինչպես նաև հիմնարար գիտական հետազոտություններ իրականացնող Համաձայնագրի մասնակից պետությունների կազմակերպությունների հետ,

հիմնարար գիտության հարցերով միջազգային կառույցների աշխատակազմերի հետ համագործակցություն:

2.2. Խորհրդի հիմնական գործառույթներն են.

Առաջարկների նախապատրաստում` ուղղված.

հիմնարար գիտության ոլորտում համագործակցության գերակա ուղղությունների և ձևերի որոշմանը,

հիմնարար գիտության ոլորտում միջպետական ծրագրերի և նախագծերի ձևավորմանն ու իրականացմանը,

հիմնարար գիտության ոլորտում համագործակցության նորմատիվ-իրավական դաշտի կատարելագործմանը,

հիմնարար գիտության ոլորտում տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծմանը.

հիմնարար գիտության ոլորտում համատեղ ծրագրերի և նախագծերի իրագործման կազմակերպում:

 

3. Խորհրդի իրավունքները

 

Իր գործառույթների իրականացման համար Խորհուրդն իրավունք ունի.

Խորհրդի կողմից նախապատրաստված փաստաթղթերի նախագծերը սահմանված կարգով ներկայացնել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի, ԱՊՀ տնտեսական խորհրդի, ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի քննարկմանը,

անհրաժեշտության դեպքում Խորհրդի առջև դրված խնդիրների լուծման համար սահմանված կարգով ստեղծել աշխատանքային խմբեր,

Համաձայնագրի մասնակից պետությունների համապատասխան պետական մարմիններից և հիմնարար գիտական հետազոտություններ իրականացնող կազմակերպություններից սահմանված կարգով պահանջել և ստանալ Խորհրդի առջև դրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն,

լուծել իր իրավասության մեջ մտնող այլ հարցեր:

 

4. Խորհրդի գործունեության կազմակերպումը

 

4.1. Խորհրդի կազմի մեջ մտնում են գիտության ոլորտի պետական իշխանության համապատասխան մարմինների ղեկավարները, ԱՊՀ մասնակից պետությունների գիտությունների ազգային ակադեմիաների նախագահները, կամ պետության կողմից լիազորված այլ անձինք:

Խորհրդի անդամներին փոխարինող անձանց Խորհրդի նիստերին ուղարկելու դեպքում նրանց իրավասությունները պետք է հաստատված լինեն համապատասխան փաստաթղթով:

Խորհրդի կազմի մեջ խորհրդատվական ձայնի իրավունքով ընդգրկվում են Խորհրդի քարտուղարության ղեկավարը և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը, ինչպես նաև կարող են ընդգրկվել ԱՊՀ ճյուղային համագործակցության այլ մարմինների ղեկավարները:

Խորհրդի աշխատանքներին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել գիտության ոլորտում պետական իշխանության մարմինների նաև այն պետությունների ներկայացուցիչները, որոնք Համաձայնագրի մասնակից չեն, բայց ընդունում են Համաձայնագրի նպատակները և սկզբունքները:

Խորհրդի նիստերին Խորհրդի որոշմամբ կարող են մասնակցել նաև այլ անձինք` հրավիրյալի կարգավիճակով:

4.2. Խորհրդում նախագահությունն իրականացվում է հերթով` յուրաքանչյուր ԱՊՀ մասնակից պետության կողմից, ի դեմս իր ներկայացուցչի` համաձայն ԱՊՀ մասնակից պետությունների անվանումների ռուսերեն այբբենակարգի, որպես կանոն, մեկ տարի ժամկետով: Խորհրդի նախորդ և հաջորդ նախագահները հանդիսանում են դրա համանախագահներ: Խորհրդի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականությունները դրվում են համանախագահներից մեկի վրա:

Նախագահության հարցը որոշվում է Խորհրդի առաջին նիստի ժամանակ:

4.3. Խորհրդի նիստերը անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց տարին առնվազն մեկ անգամ:

Խորհրդի նիստերի գումարման և անցկացման կարգը, քվորումը, որոշումներ կայացնելու կարգը, ինչպես նաև գործունեության այլ հարցեր սահմանվում են Խորհրդի կողմից ընդունված կանոնակարգով:

4.4. Խորհրդի նախագահը`

կազմակերպում է Խորհրդի աշխատանքը,

անցկացնում է Խորհրդի նիստերը և ստորագրում է Խորհրդի կողմից ընդունված փաստաթղթերը, Խորհրդի անդամներից պահանջում է տեղեկատվություն Խորհրդի որոշումների կատարման վերաբերյալ,

ներկայացնում է Խորհուրդը ԱՊՀ մարմիններում և Համաձայնագրի մասնակից պետությունների հիմնարար գիտական հետազոտություններ իրականացնող կազմակերպություններում:

4.5. Խորհրդի քարտուղարությունը իրականացնում է Խորհրդի գործունեության տեղեկատվական և կազմակերպատեխնիկական ապահովումը:

Խորհրդի քարտուղարության գործառույթները կատարում է այն պետության գիտության ոլորտի պետական մարմինը կամ գիտությունների ազգային ակադեմիան, որը նախագահում է Խորհրդում:

Խորհրդի քարտուղարության ղեկավար է հանդիսանում այն մարմնի ներկայացուցիչը, որը կատարում է Խորհրդի քարտուղարության գործառույթները, իսկ Խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ է հանդիսանում ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:

4.6. Համաձայնագրի մասնակից պետությունները անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում Խորհրդի և Խորհրդի քարտուղարության գործառույթների իրականացման գործում:

 

5. Ֆինանսավորումը

 

5.1. Խորհրդի նիստերի անցկացման ծախսերը հոգում է ընդունող պետության գիտության ոլորտի համապատասխան պետական իշխանության մարմինը, ինչպես նաև գիտությունների ազգային ակադեմիան: Խորհրդի անդամների և նիստերի մասնակիցների գործուղման ծախսերը հոգում է ուղարկող գիտության ոլորտի պետական իշխանության մարմինը և Համաձայնագրի մասնակից պետությունների կազմակերպությունները:

5.2. Խորհրդի կողմից ստեղծված աշխատանքային խմբերի գործունեության ֆինանսավորումը կարող է իրականացվել արտաբյուջետային աղբյուրների միջոցների հաշվին:

 

6. Եզրափակիչ դրույթներ

 

6.1. Խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է:

6.2. Խորհուրդը ամեն տարի տեղեկացնում է ԱՊՀ գործադիր կոմիտեին իր գործունեության մասին:

6.3. Խորհրդի աշխատանքային գործունեության վերաբերյալ հաշվետվությունը սահմանված կարգով քննարկվում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստում:

 

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2012թ. փետրվարի 17-ին

 

 

pin
''
19.02.2011
Միջազգային պայմանագիր