i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
«ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԱՊՀ ՊՈՐՏԱԼԻ ՁԵՎՈՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները (այսուհետ` Կողմեր)`
հասկանալով ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական գործունեության տեղեկատվական ենթակառուցվածք ստեղծելու, զարգացնելու և կատարելագործելու անհրաժեշտությունը,
ցանկանալով ստեղծել բարենպաստ պայմաններ նորարարական ինտեգրման գործընթացների արդյունավետության բարձրացման, նորարարական գործունեության սուբյեկտների կողմից օպերատիվ և հավաստի տեղեկատվության արագ ստացման համար,
գիտակցելով սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային տեղեկատվական համակարգերի և էլեկտրոնային ռեսուրսների հիմքի վրա տեղաբաշխված ինտեգրված տեղեկատվական համակարգի ձևավորման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու կարևորությունը,
հիմք ընդունելով 1998 թվականի սեպտեմբերի 11-ի «ԱՊՀ մասնակից պետությունների բաց գիտատեխնիկական տեղեկատվության մատչելիության և փոխանակման կարգի մասին» Համաձայնագրի դրույթները, 2009 թվականի մարտի 13-ի ԱՊՀ Տնտեսական խորհրդի որոշմամբ հավանության արժանացած նորարարական ոլորտում ԱՊՀ մասնակից պետություններին ծրագրերի և նախագծերի գիտատեղեկատվական ապահովման Հայեցակարգը,
համաձայնեցին հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև ներկայացվող եզրույթներն ունեն հետևյալ նշանակությունները.
նորարարական ենթակառուցվածք - ձեռնարկությունների, կազմակերպությունների, հաստատությունների, նրանց միությունների, սեփականության ցանկացած ձև ունեցող միավորումների ամբողջություն, որը ծառայություններ է տրամադրում նորարարական գործունեության ապահովման համար (ֆինանսական, խորհրդատվական, շուկայագիտական, տեղեկատվական-հաղորդակցական, իրավաբանական, կրթական և այլն).
նորարարական գործունեության տեղեկատվական ենթակառուցվածք - իրար հետ կապի և հարաբերությունների մեջ գտնվող իրավաբանական անձանց, ռեսուրսների, միջոցների և այլ տարրերի ամբողջություն կազմող բազմություն, որն ուղղված է նորարարական գործունեության տեղեկատվական ծառայությունների ապահովմանը.
տեղեկատվական տարածք - տեղեկատվական ռեսուրսների, տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների, տեղեկատվական-հեռահաղորդակցական ենթակառուցվածքի ամբողջություն, որն ապահովում է տեղեկատվական փոխգործակցությունը կազմակերպությունների և քաղաքացիների միջև, ինչպես նաև նրանց տեղեկատվական պահանջների բավարարումը.
տեղեկատվական ռեսուրսներ - փաստաթղթավորված տեղեկատվության կազմակերպված ամբողջություն, ներառյալ տվյալների բազաները և բանկերը, տեղեկատվական համակարգերում տեղեկատվական նյութերի (փաստաթղթերի) այլ ամբողջությունները.
տեղեկատվական համակարգ - տեղեկատվական ռեսուրսների, տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրային-տեխնիկական միջոցների համալիրի ամբողջություն, որն իրականացնում է տեղեկատվական գործընթացները.
մետատվյալներ - տեղեկատվական օբյեկտների և նրանց միջև հարաբերությունների (կապերի) տեսակների նկարագրության ձևավորված ամբողջություն.
պորտալ - տեղեկատվական համակարգ (կայք կամ կայքերի ամբողջություն), որը կենտրոնացված, ստրուկտուրիզացված և միասնականացված մուտք է ապահովում լայն հավաքակազմի ծառայությունների, տեղեկատվական օբյեկտների, տվյալների բազաների, վեբինտերֆեյսների և այլ տեղեկատվական համակարգերի մեջ.
նավիգացիոն համակարգ - գիտատեղեկատվական տվյալների և ռեսուրսների ամբողջությանը հեռահաղորդակցական մուտքի կազմակերպման առումով կարգավորված համակարգ.
տեղաբաշխված տեղեկատվական համակարգ - որպես համակարգ կազմակերպված տվյալների բաց բազաների ամբողջություն, որոնց հասանելիությունն իրականացվում է միասնական իրավական, կազմակերպական և տեխնոլոգիական սկզբունքների հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 2
ԱՊՀ մասնակից պետությունների միջպետական նորարարական համագործակցության և նորարարական գործունեության փոխադարձ տեղեկատվական աջակցության ընդլայնման համար պայմանների ստեղծման նպատակով Կողմերը սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրություններին համապատասխան համագործակցություն են իրականացնում ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական գործունեության տեղեկատվական ենթակառուցվածքի ձևավորման ուղղությամբ` տեղաբաշխված ինտեգրված տեղեկատվական համակարգի և «Տեղեկատվություն ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական գործունեության համար» ԱՊՀ պորտալի ձևով:
Կողմերը որոշում են տեղեկատվական ռեսուրսների կազմը, որն անհրաժեշտ է ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական գործունեության տեղեկատվական ապահովման, տեղաբաշխված տեղեկատվական համակարգ դրանց ընդգրկման համար:
Ինտեգրված տեղեկատվական համակարգի ձևավորման տեխնոլոգիան ենթադրում է պորտալների համակարգի օգտագործում, որոնք հանդիսանում են ռեսուրսների որոշակի տեսակներով ինտեգրված մետատվյալների հավաքման և հեռարձակման միջոց:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը սույն Համաձայնագրին համապատասխան զարգացնում են համագործակցությունը միջպետական նորարարական քաղաքականության, միջպետական նորարարական նախագծերի մշակման և իրականացման տեղեկատվական ապահովման և ուղեկցման ոլորտում` ինովացիոն ցիկլի բոլոր փուլերում:
Կողմերն իրականացնում են տեղեկատվության միջպետական փոխանակում նորարարական համագործակցության սուբյեկտների միջև` սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերն իրականացնում են համագործակցությունը հետևյալ ուղիներով.
ազգային և միջպետական տեղեկատվական ռեսուրսների մատչելիության ապահովման նպատակով ընդհանուր կանոնների և մոտեցումների ձևավորում.
գիտատեխնիկական տեղեկատվության ստեղծման, պահպանման և տարածման գործընթացները կարգավորող նորմատիվ մեթոդական ապահովման կատարելագործում` ներառյալ գիտատեխնիկական տեղեկատվության ոլորտում միջպետական չափորոշիչների, գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական դասակարգչի մշակում.
տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և դրանց պաշտպանության իրավական բազայի կատարելագործում, այդ թվում` մտավոր սեփականության իրավունքների (տեղեկատվական ռեսուրսներ և տեխնոլոգիաներ) ամրագրման և փոխանցման ընթացակարգերի սահմանումը.
սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տեղեկատվական ռեսուրսների նավիգացիայի համակարգի ստեղծում, ներառյալ ժամանակակից որոնման համակարգերի և լեզվագիտական ապահովման մշակումը.
սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կազմակերպությունների գիտատեխնիկական գործունեության արդյունքների մասին տեղեկատվության հաշվառման միասնական համակարգի ստեղծում` անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից, և այդ տեղեկատվության մատչելիության ապահովում.
տեխնոլոգիաների առևտրայնացման համակարգի ձևավորում.
տեղեկատվական ռեսուրսների ստեղծմանը միջպետական աջակցության մեխանիզմների մշակում,
սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան տեղեկատվական անվտանգության ապահովում:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը հանձնարարում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային գիտատեխնիկական տեղեկատվական կենտրոններին (ազգային տեղեկատվական կենտրոններ, այսուհետև` ԱՏԿ) անցկացնել համաձայնեցված աշխատանք բաց միջազգային չափորոշիչների ընտրության ուղղությամբ, դրանց հիման վրա տվյալների ինտեգրված վարում իրականացնելու գործիքների կազմի, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական գործունեության տեղեկատվական ենթակառուցվածքի ստեղծման նպատակով իրականացնել տեղեկատվության մշակման, պահպանման, պաշտպանության և որոնման ապահովման համակարգում:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը հանձնարարում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման գծով բազային կազմակերպությանը իրականացնել սույն Համաձայնագրին մասնակից պետությունների ԱՏԿ-ների գործունեության համակարգումը` տեղաբաշխված ինտեգրված տեղեկատվական համակարգի և ԱՊՀ պորտալի ձևավորման ուղղությամբ:
ՀՈԴՎԱԾ 7
«Տեղեկատվություն ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն գործունեության համար» ԱՊՀ պորտալը պետք է ապահովի համացանցից բոլոր օգտվողներին հասանելի տեղեկատվական ռեսուրսների տրամադրումը հետևյալ բովանդակությամբ.
նորմատիվ իրավական ակտեր (միջպետական, ԱՊՀ մասնակից պետությունների, այլ միջազգային միավորումների).
տեղեկատվություն նորարարական ինտեգրման հիմնական թիրախային ինդիկատորների (ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական ոլորտում երկարաժամկետ համագործակցության հիմնական ուղղություններին համապատասխան` հաստատված ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի 2009թ. նոյեմբերի 20-ի Որոշմամբ), ԱՊՀ մասնակից պետությունների տարածաշրջանների, ազգային տնտեսությունների ճյուղերի նորարարական ակտիվության ինդիկատորների, նորարարական համագործակցության միջպետական առաջնահերթությունների, գիտատեխնիկական զարգացման ազգային առաջնահերթությունների, միջպետական և ազգային կրիտիկական տեխնոլոգիաների և միջպետական ու ազգային նշանակության կարևորագույն նախագծերի ցանկերի վերաբերյալ.
տեղեկություններ ԱՊՀ մասնակից պետություններում փոքր և միջին ձեռնարկությունների կազմակերպման անհրաժեշտ ընթացակարգերի համալիրի վերաբերյալ.
տեղեկություններ նորարարական ձեռնարկատիրությանը միջպետական և պետական աջակցության գոյություն ունեցող ձևերի և մեթոդների վերաբերյալ.
տեղեկատվություն ազգային (ներառյալ գերատեսչական և տարածաշրջանային) և միջազգային նպատակային գիտատեխնիկական և նորարարական նախագծերի և ծրագրերի մասին.
տեղեկատվություն գիտական և գիտատեխնիկական մրցույթների, միջազգային դրամաշնորհների մասին.
տեղեկատվություն գիտական և նորարարական գործունեության ոլորտներում որակավորման բարձրացման և մասնագիտական վերապատրաստման վերաբերյալ.
տեղեկություններ ԱՊՀ նորարարական գործունեության սուբյեկտների մասին.
տեղեկատվություն նորարարական գործունեությունն ուղեկցող ծառայությունների մասին, որոնց վերաբերում են.
կրթական (նորարարական ոլորտի համար կադրերի պատրաստում և վերապատրաստում, մասնագետների փորձառնության կազմակերպում և անցկացում, նորարարական մենեջմենթի բնագավառում մասնագետների մասնագիտական վերապատրաստում).
տեղեկատվական (տեղեկություններ կազմակերպությունների մասին, որոնք նորարարական ինտեգրմանն աջակցելու նպատակով տրամադրում եմ իրենց տեղեկատվությունը ԱՊՀ տեղաբաշխված ինտեգրված տեղեկատվական համակարգին, այլ ազգային և արտասահմանյան տեղեկատվական կենտրոնների, հրատարակչությունների և գրադարանների մասին, գիտատեխնիկական տեղեկատվություն, միջազգային և ազգային չափորոշիչներ, արտադրանքի և տեխնոլոգիաների անվտանգության և որակի նկատմամբ պահանջներ, արտոնագրային տեղեկատվություն, գործարար, ֆինանսական, վիճակագրական, իրավական տեղեկատվական, շուկայագիտական, կադրային և այլ տեղեկատվություն).
ինժինիրինգային (արտադրական, գիտատեխնիկական և առևտրային բնույթի ծառայությունների համալիր, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների արտադրության փուլ հասցնելը).
իրավաբանական (ծառայությունների ամբողջ սպեկտրը` ներառյալ մտավոր սեփականության պաշտպանությունը).
ֆինանսական (ազգային և միջազգային ներդրումային հիմնադրամներ, մասնավոր ներդրողների առաջարկներ, ֆինանսավարկային կազմակերպություններ, վենչուրային հիմնադրամներ, հետազոտական և գիտատեխնիկական ծրագրեր, կրթաթոշակներ, միջազգային դրամաշնորհներ, բանկային ծառայություններ, այլ ֆինանսական ծառայություններ).
խորհրդատվական (գիտատեխնիկական, տնտեսագիտական, իրավաբանական և այլ խորհրդատվություն).
շուկայագիտական (ԱՊՀ մասնակից պետությունների և միջազգային շուկաներ ապրանքային և տեխնոլոգիական ինովացիաների առաջ մղման ծառայությունների համալիր, ցուցահանդես-տոնավաճառների և այլ գովազդային միջոցառումների անցկացում, համատեղ տեխնոլոգիական բորսաների ստեղծում):
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերը սույն Համաձայնագրի Հոդված 7-ում թվարկված ուղղություններից յուրաքանչյուրի համար տեղեկատվական ռեսուրսների և ծառայությունների տեսակների հիման վրա ձևավորում են համապատասխան տվյալների բազաներ:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերը հանձնարարում են Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգող խորհրդին իրականացնել սույն Համաձայնագրի դրույթների իրագործման գործողությունների վերլուծություն և անհրաժեշտության դեպքում դրա իրագործման ընթացքի վերաբերյալ տեղեկացնել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդին:
ՀՈԴՎԱԾ 10
Յուրաքանչյուր Կողմ ֆինանսավորում է սույն Համաձայնագրի իրագործումը իր պետության օրենսդրությանը համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Համաձայնագրի շրջանակում համագործակցության իրականացման համար աշխատանքային լեզու է հանդիսանում ռուսերենը:
ՀՈԴՎԱԾ 12
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից է հանդիսանում իր պետությունը:
ՀՈԴՎԱԾ 13
Սույն Համաձայնագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են մտցվել փոփոխություններ և լրացումներ, որոնք հանդիսանում են դրա անբաժանելի մասը, ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ և մտնում են ուժի մեջ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:
ՀՈԴՎԱԾ 14
Կողմերի միջև վիճահարույց հարցերը, որոնք ծագում են սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանության ընթացքում, լուծվում են շահագրգիռ Կողմերի խորհրդատվությունների և բանակցությունների միջոցով կամ Կողմերի միջև համաձայնեցված այլ ընթացակարգով:
ՀՈԴՎԱԾ 15
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ավանդապահի կողմից երրորդ գրավոր ծանուցումը ստանալու ամսաթվից 30 օր լրանալուց հետո:
Այն Կողմերի համար, որոնք ներպետական ընթացակարգերը կատարել են ավելի ուշ, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից համապատասխան փաստաթղթերի ստացման ամսաթվից 30 օր լրանալուց հետո:
ՀՈԴՎԱԾ 16
Սույն Համաձայնագիրը բաց է ԱՊՀ ցանկացած մասնակից-պետության անդամակցության համար, ինչպես նաև ցանկացած այլ պետության համար, որը բաժանում է դրա նպատակներն ու սկզբունքները` անդամակցության մասին փաստաթղթերի ավանդապահին փոխանցելու միջոցով:
Համաձայնագրին միացող պետության համար այն ուժի մեջ է մտնում.
ա) ավանդապահի կողմից անդամակցության մասին փաստաթղթի ստացման ամսաթվից 30 օր լրանալուց հետո` այն պայմանով, որ ավանդապահին անդամակցության մասին փաստաթղթերի հանձնման պահին Համաձայնագիրն արդեն մտել է ուժի մեջ.
բ) Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից` այն պայմանով, որ ավանդապահին անդամակցության մասին փաստաթղթերը հանձնելու պահին Համաձայնագիրը դեռ ուժի մեջ չի մտել:
ՀՈԴՎԱԾ 17
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալ սույն Համաձայնագրից, ավանդապահին ուղարկելով իր մտադրության մասին գրավոր ծանուցում ոչ ուշ, քան իր դուրս գալուց 6 ամիս առաջ և կարգավորելով Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած պարտավորությունները:
Կատարված է Մինսկ քաղաքում 2011թ. մայիսի 19-ին մեկ ռուսերեն բնօրինակով: Բնօրինակը պահպանվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա վավերացված պատճենը:
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2012թ. մարտի 18-ին
Տաջիկստանի Հանրապետության վերապահումը
Անկախ Պետությունների համագործակցության ղեկավարների խորհրդի նիստի
9-րդ կետի «ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական գործունեության
տեղաբաշխված տեղեկատվական համակարգի և «Տեղեկատվություն ԱՊՀ
մասնակից պետությունների նորարարական գործունեության համար» ԱՊՀ
պորտալի ձևով տեղեկատվական ենթակառուցվածք ստեղծելու մասին»
համաձայնագրի վերաբերյալ
«Տաջիկստանի Հանրապետությունը կմասնակցի սույն Համաձայնագրի իրականացմանը` այդ նպատակների համար պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում:
Տաջիկստանի Հանրապետության
Վարչապետ Ա. Ակիլով