Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 41...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 414.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                             ԵԿԴ/0055/11/13

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0055/11/13

Նախագահող դատավոր` Գ. Մելիք-Սարգսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Օհանյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Ավագյանի

 

    մասնակցությամբ դատախազ                    Հ. Մովսեսյանի

 

    2013 թվականի նոյեմբերի 28-ին                        ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի հուլիսի 10-ի որոշման դեմ դատախազ Հ.Մովսեսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի հուլիսի 27-ին «Անահիտ Սիմոնյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անահիտ Սիմոնյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին հաղորդում է տվել այն մասին, որ 2011 թվականի մարտի 2-ից մինչև ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում իր ծանոթ Էմին Ավանեսյանը, հանդիսանալով վերոհիշյալ ՍՊԸ-ի ֆինանսական գործառույթներ իրականացնող անձ, յուրացրել է ՍՊԸ-ի 4.741.000 ՀՀ դրամ գումարը և ՍՊԸ-ի կարիքների համար վերցված 7.000.000 ՀՀ դրամ վարկը:

Հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա 2012 թվականի հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է թիվ 12102312 քրեական գործը:

2. 2013 թվականի հունվարի 23-ին Էրեբունու քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Բ.Եղիազարյանը որոշում է կայացրել թիվ 12102312 քրեական գործի վարույթը կարճելու և Է.Ավանեսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով:

3. Վերոնշյալ որոշումը դիմող Ա.Սիմոնյանի ներկայացուցիչ Վ.Ավագյանի կողմից 2013 թվականի փետրվարի 1-ին բողոքարկվել է դատախազին:

2013 թվականի փետրվարի 25-ին Երևան քաղաքի դատախազ Հ.Բադալյանի որոշմամբ Ա.Սիմոնյանի ներկայացուցչի բողոքը մերժվել է:

4. Էրեբունու քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Բ.Եղիազարյանի 2013 թվականի հունվարի 23-ի և Երևան քաղաքի դատախազ Հ.Բադալյանի 2013 թվականի փետրվարի 25-ի որոշումները դիմող Ա.Սիմոնյանի ներկայացուցիչ Վ.Ավագյանի կողմից բողոքարկվել են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանը 2013 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացրել ներկայացված բողոքը հիմնավոր ճանաչելու, «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Բ.Եղիազարյանի 2013 թվականի հունվարի 23-ի որոշումը և Երևան քաղաքի դատախազ Հ.Բադալյանի 2013 թվականի փետրվարի 25-ի որոշումը վերացնելու և վարույթն իրականացնող մարմնին տվյալ դատական ակտով արձանագրված քրեադատավարական գործողությունները կատարելուն պարտավորեցնելու մասին:

5. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Հ.Մովսեսյանն Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 10-ի որոշման դեմ բերել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ մերժվել է:

6. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 10-ի որոշման դեմ դատախազ Հ.Մովսեսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ վարույթ է ընդունվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:

Դիմող Ա.Սիմոնյանի ներկայացուցիչ Վ.Ավագյանը վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել` խնդրելով դատախազ Հ.Մովսեսյանի վճռաբեկ բողոքը մերժել` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) ակնհայտ է, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Բ.Ա.Եղիազարյանի կողմից «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 2013 թվականի հունվարի 23-ին կայացված որոշմամբ, Երևան քաղաքի դատախազ Հր.Վ.Բադալյանի կողմից նշված որոշումը վերացնելուց հրաժարվելու մասին որոշումներով թույլ է տրվել Անահիտ Սիմոնյանի իրավունքների և ազատությունների խախտում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բողոքը ճանաչելով հիմնավորված, դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատություններ խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին» (...)»:

Այնուհետև Առաջին ատյանի դատարանը, նշելով, որ ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով, որոշել է. «Անահիտ Սիմոնյանի բողոքը ճանաչել հիմնավորված` վերացնել «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Բ.Ա.Եղիազարյանի 2013 թվականի հունվարի 23-ի և Երևան քաղաքի դատախազ Հր.Վ.Բադալյանի կողմից 2013 թվականի փետրվարի 25-ի «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին» որոշումները, և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել կատարելու սույն որոշմամբ արձանագրված քրեադատավարական գործողությունները (...)» (տե՛ս նյութեր, թերթ 73-86):

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Բ.Ա.Եղիազարյանի կողմից «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 2013թ. հունվարի 23-ին կայացված որոշմամբ, Երևան քաղաքի դատախազ Հր.Վ.Բադալյանի կողմից նշված որոշումը վերացնելուց հրաժարվելու մասին որոշումներով թույլ է տրվել Անահիտ Սիմոնյանի իրավունքների և ազատությունների խախտում»:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազի բողոքը` գտնելով, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված է, այն վերացնելու հիմքեր չկան (տե՛ս նյութեր, թերթ 118-125):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

9. Բողոքաբերի պնդմամբ` Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի դատական ակտերն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չեն, կայացվել են դատավարական նորմերի խախտումներով և հակասում են Լ.Զարյանի գործով Վճռաբեկ դատարանի կողմից 2010 թվականի փետրվարի 12-ին կայացված որոշմանը:

10. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքի հեղինակը վկայակոչել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը, 290-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Լ.Զարյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշումը, որից հետո եզրահանգել է, որ սույն գործով ստորադաս դատարաններն իրավասու չէին որոշում կայացնել նախաքննության մարմնի` քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին: Հետևաբար, Առաջին ատյանի դատարանն այդպիսի որոշում կայացնելով, իսկ Վերաքննիչ դատարանն այն անփոփոխ թողնելով, դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իրենց լիազորությունների շրջանակներից` խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով նախատեսված օրինականության սկզբունքը:

11. Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 10-ի, Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 10-ի որոշումները և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. սույն գործով ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը հակասո՞ւմ են արդյոք Լ.Զարյանի գործով Վճռաբեկ դատարանի կողմից 2010 թվականի փետրվարի 12-ին կայացված որոշմանը:

13. ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով»:

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե`

(...)

2) վերանայվող դատական ակտը առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներին,

(...)»:

Մեջբերված իրավադրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Լ.Բաբայանի գործով որոշման մեջ` իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «(...) Վճռաբեկ դատարանի որոշումները պարտադիր են ստորադաս դատարանների համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ: Այս ընդհանուր կանոնից բացառություն են այն դեպքերը, երբ ստորադաս դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ Վճռաբեկ դատարանի դատական ակտի հիմնավորումները կիրառելի չեն քննվող գործի փաստական հանգամանքների նկատմամբ (տե՛ս Լուսինե Բաբայանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ/0093/11/11 որոշման 11-րդ կետը):

14. Ս.Այվազյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի) հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունների պարզ համադրմամբ: Յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների համակցությամբ եզակի է, ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները որքանով են էական: Հակառակ պարագայում ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում) ամրագրված իրավանորմը կդառնա անկիրառելի:

Դրա հետ մեկտեղ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի կիրառելիության հարցը լուծելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն, թե տվյալ դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող ինչպիսի դրույթ է ենթակա կիրառման: Եթե այդ դրույթն իր բնույթով առավել ընդհանրական է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: ԵՎ ընդհակառակը` եթե դրույթն իր բնույթով առավել կոնկրետ է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել մեծ ընդհանրություն» (տե՛ս Սեյրան Այվազյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի մայիսի 23-ի թիվ ՎԲ-17/08 որոշման 26-րդ կետը):

15. Սույն որոշման 13-14-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումները համադրելով և զարգացնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի) հիման վրա վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշման կիրառելիության հարցը լուծելիս դատարանը պետք է ղեկավարվի Ս.Այվազյանի գործով որոշման 26-րդ կետում ամրագրված չափանիշներով, քանի որ դրանք վերաբերելի են ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, այնպես էլ վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշումների կիրառելիության հարցի լուծման շրջանակներին:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին (...)»:

Մեջբերված դատավարական դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Լ.Զարյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի որոշման մեջ` իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «(...) Մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատախազական հսկողության և դատարանի վերահսկողության շրջանակներում քննվող բողոքների արդյունքում խախտված իրավունքների վերականգնման ձևերն ու եղանակները տարբեր են: Համապատասխան բողոքի քննության արդյունքում դատարանն անձի խախտված իրավունքը և ազատությունը վերականգնում է ոչ թե մինչդատական վարույթն իրականացնող մարմնին դատավարական որոշակի գործողություններ կատարելու ցուցում տալով կամ նրանց որոշումները վերացնելով, ինչպես առկա է դատախազական հսկողության պարագայում (տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը), այլ թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելով:

(...) սույն գործով Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելով քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ նախաքննության մարմնի և տուժողի բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշումները վերացնելու մասին, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքը (տե՛ս Լաուրա Զարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0081/11/09 որոշման 13-րդ և 15-րդ կետերը):

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Բ.Եղիազարյանի 2013 թվականի հունվարի 23-ի և Երևան քաղաքի դատախազ Հ.Բադալյանի 2013 թվականի փետրվարի 25-ի որոշումները վերացնելու մասին: Նշված որոշմամբ Առաջին ատյանի դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է նաև կատարելու դատարանի որոշմամբ արձանագրված քրեադատավարական գործողությունները (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը` Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազի բողոքը` գտնելով, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված է, այն բեկանելու հիմքեր չկան (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Մեջբերված հանգամանքների վերլուծությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, դիմող Ա.Սիմոնյանի ներկայացուցչի բողոքը ճանաչելով հիմնավորված, քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումը վերացրել է և դատավարական որոշակի գործողություններ կատարելու ցուցում է տվել: Վերաքննիչ դատարանն էլ, իր հերթին, գտել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված է:

18. Սույն որոշման 17-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 10-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 10-ի դատական ակտերը հակասում են Լ.Զարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի որոշմանը:

Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ եզրահանգումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ Լ.Զարյանի գործով կայացված դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող դրույթը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը, իր բնույթով առավել ընդհանրական է և դրա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն և Լ.Զարյանի գործերի փաստական հանգամանքների ընդհանրությունն այն է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում որոշում կայացնելիս ստորադաս դատարանները դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իրենց լիազորությունների շրջանակներից և խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները` վերացրել են նախաքննության մարմնի որոշումը: Նշված փաստական հանգամանքների համընկնումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս պնդելու, որ Լ.Զարյանի գործով որոշման հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) սույն գործով որոշում կայացնելիս ստորադաս դատարանների համար պարտադիր են եղել:

19. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ, Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, քանի որ սույն գործի քննության ժամանակ անտեսել են Լ.Զարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի որոշման հիմնավորումները, որոնք նրանց համար պարտադիր են եղել: Ստորադաս դատարանները ոչ միայն չեն կիրառել կիրառման ենթակա` Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումը, այլև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չեն հիմնավորել, որ այն կիրառելի չէ տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Արդյունքում, ստորադաս դատարանները, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, որոշում են կայացրել քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ նախաքննության մարմնի և դրա դեմ բերված բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշումները վերացնելու մասին: Այլ խոսքով` դատարանները դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իրենց լիազորությունների շրջանակներից, ինչի հետևանքով խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (...)»:

20. Հիմք ընդունելով սույն որոշման 13-19 կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը սույն գործով թույլ են տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն` հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Անահիտ Ալբերտի Սիմոնյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 10-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հուլիսի 10-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2013
N ԵԿԴ/0055/11/13
Որոշում