041.0434.190799
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հուլիսի 1999 թվականի թիվ 434
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Կենսաթոշակների և պետական սոցիալական ապահովագրության այլ փոխհատուցումների վճարման ուշացումները վերացնելու, այսուհետև դրանց վճարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ապահովելու նպատակով
1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին մինչև 1999 թվականի հոկտեմբերի 1-ը վերացնել սոցիալական ապահովագրության փոխհատուցումների, այդ թվում կենսաթոշակների վճարման ուշացումները այսուհետև ապահովելով դրանց վճարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) ապահովել բյուջետային համակարգի աշխատողների աշխատավարձերի և դրանց նկատմամբ օրենքով սահմանված չափերով յուրաքանչյուր աշխատողի համար ամսական ոչ պակաս 2500 դրամ, հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների առանց ուշացումների վճարումը.
բ) ապահովել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների վճարման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների ամենամսյա լրիվ ֆինանսավորումը:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին`
ա) մեկամսյա ժամկետում ապահովել ոլորտում պետական և 50 տոկոսից ավելի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից հաշվարկված, սակայն դեռևս չվճարված աշխատավարձերի վճարումը և դրանց նկատմամբ հաշվարկվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների փոխանցումը այսուհետև դրանք կատարելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում յուրաքանչյուր 15 օրը մեկ անգամ.
բ) մեկշաբաթյա ժամկետում քննության առնել պետական և 50 տոկոսից ավելի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ ունեցած ժամկետանց պարտավորությունների առաջացման պատճառները, մշակել դրանք 1999 թվականի հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին հավասարաչափ մարելու միջոցառումների ծրագիր, բացառել նոր պարտավորությունների առաջացումը և արդյունքների մասին յուրաքանչյուր ամսվա վերջին զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին.
գ) պետական և 50 տոկոսից ավելի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների գործադիր տնօրենների հետ կնքված և նոր կնքվող պայմանագրերում, որպես պարտադիր պայման, նախատեսել պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներն օրենքով սահմանված չափերով և ժամկետներում կատարելու պարտավորություն:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը ապահովել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական կողմից ներկայացված դատական ակտերի կատարողական թերթերով նախատեսված բռնագանձումները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հետ համատեղ 15-օրյա ժամկետում մշակել գյուղացիական տնտեսություններից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրումն ապահովելու համագործակցության ծրագիր և հավաքագրման ընթացքի մասին յուրաքանչյուր ամսվա վերջին զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
6. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` համատեղ քննարկել և 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն կենսաթոշակները նաև նշված հիմնադրամի միջոցով վճարելու նպատակով Երևանի բոլոր թաղային համայնքներում, Գյումրի և Վանաձոր քաղաքներում պայմանագրային հիմունքներով հիմնադրամին փոստային բաժանմունքներ կամ անհրաժեշտ աշխատանքային տարածքներ և գույք տրամադրելու վերաբերյալ: