Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Արգենտինյան Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` Կողմեր),

ցանկանալով դյուրացնել երկու պետությունների քաղաքացիների ուղևորությունները և ամրապնդել երկկողմ հարաբերությունները,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերից մեկի պետության քաղաքացիները, իրենց քաղաքացիության պետության սովորական վավերական անձնագրերով կարող են մուտք գործել, դուրս գալ, տարանցել և մնալ մյուս Կողմի պետության տարածքում առանց մուտքի արտոնագրի և մնալ այնտեղ առավելագույնը իննսուն (90) օր ժամկետով` պայմանով, որ չի իրականացվելու վարձատրվող գործունեություն:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերից մեկի պետության քաղաքացիները, ովքեր, սույն Համաձայնագրին համապատասխան, մուտք են գործում մյուս Կողմի պետության տարածք, պարտավոր են հարգել ընդունող պետության գործող օրենքներն ու կանոնները:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը դիվանագիտական ուղիներով և հնարավորինս սեղմ ժամկետներում միմյանց կտեղեկացնեն օտարերկրացիների մուտք գործելու, մնալու կամ դուրս գալու հետ կապված համապատասխան օրենսդրության փոփոխությունների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերից յուրաքանչյուրն իրեն իրավունք է վերապահում մերժելու մյուս Կողմի պետության այն քաղաքացիների մուտք գործելը կամ կրճատելու նրանց

մնալու ժամկետը, ովքեր համարվում են անցանկալի անձ կամ թաքցրել են իրենց մուտքի իրական պատճառները:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերից մեկի պետության այն քաղաքացիները, որոնց անձնագրերը կորել են, վնասվել են, կամ դրանք գողացել են մյուս Կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում, պետք է այդ մասին անմիջապես տեղեկացնեն իրենց քաղաքացիության պետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությանը, ինչպես նաև ընդունող պետության իրավասու մարմիններին:

Կողմերից յուրաքանչյուրի պետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը իրենց համապատասխան քաղաքացիներին կտրամադրի նոր անձնագիր կամ իրենց քաղաքացիության պետություն վերադարձը արտոնող` ժամանակավոր նույնականացման փաստաթուղթ: Այդ դեպքերում Կողմերի պետությունների քաղաքացիներին թույլատրվում է դուրս գալ առանց համապատասխան արտոնագրի:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերից յուրաքանչյուրը կարող է ամբողջովին կամ մասնակիորեն կասեցնել սույն Համաձայնագրի կիրառումը ազգային անվտանգության, հասարակական կարգի կամ հանրային առողջության պահպանման կամ այլ պատճառներով: Այդպիսի կասեցման, ինչպես նաև կասեցման վերացման մասին յուրաքանչյուր Կողմ պետք է դիվանագիտական ուղիներով ծանուցի մյուս Կողմին կասեցման ուժի մեջ մտնելուց և կասեցման վերացումից առնվազն յոթանասուներկու (72) ժամ առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Մի Կողմի պետության այն քաղաքացիները, ովքեր չեն կարող սույն Համաձայնագրի 1-ին հոդվածով սահմանված ժամկետներում դուրս գալ մյուս Կողմի պետության տարածքից անհաղթահարելի ուժի (force majeure) պատճառով, որը կարող է ապացուցվել փաստաթղթերի միջոցով կամ պատշաճորեն հաստատվել այլ միջոցներով, կարող են այդ Կողմի պետության տարածքում իրենց գտնվելը երկարաձգելու թույլտվություն խնդրել այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ կլինի տարածքից հեռանալու համար` համաձայն ընդունող պետության օրենսդրության:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը կփոխանակեն սույն Համաձայնագրում նշված անձնագրերի նմուշները ստորագրման պահից երեսուն (30) օրվա ընթացքում:

Եթե Կողմերից մեկը թողարկի նոր անձնագիր կամ փոփոխություններ կատարի իր վավերական անձնագրերում, այդ փոփոխությունների մասին դիվանագիտական ուղիներով կտեղեկացնի մյուս Կողմին դրանք գործածության մեջ դնելուց երեսուն (30) օր առաջ` տրամադրելով նոր անձնագրերի նմուշները:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են փոփոխություններ կատարել, որոնք ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը մյուս Կողմից ստանալու օրվանից 30 օր հետո:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անժամկետ: Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը դիվանագիտական ուղիներով այդ մասին գրավոր ծանուցումով: Համաձայնագիրը կդադարի գործել մյուս Կողմին գրավոր ծանուցումը հանձնելուց իննսուն (90) օր հետո:

 

Կատարված է Երևան քաղաքում 2011 թվականի սեպտեմբերի 15-ին, երկու բնօրինակով, հայերեն և իսպաներեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012թ. հունվարի 19-ին

 

 

pin
''
15.09.2011
Միջազգային պայմանագիր