Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Քուվեյթի Կառավարությունը,

ցանկանալով կնքել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԻՆՔ

 

Սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐԿԵՐԸ

 

1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա տեղական իշխանության մարմինների կողմից սահմանված` եկամտից և գույքից գանձվող հարկերի նկատմամբ` անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամտի և գույքի վրա սահմանված հարկեր են համարվում եկամտի ընդհանուր գումարի, գույքի ընդհանուր արժեքի կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերի վրա սահմանված բոլոր տեսակի հարկերը, այդ թվում` շարժական կամ անշարժ գույքի օտարման արդյունքում արժեքի հավելաճի, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարի, ինչպես նաև գույքի արժեքաճի վրա սահմանված հարկերը:

3. Սույն Համաձայնագիրը կիրառվում է գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ, մասնավորապես.

ա) Հայաստանում`

1) շահութահարկ,

2) եկամտահարկ,

3) գույքահարկ,

(այսուհետ` Հայաստանի հարկ)

բ) Քուվեյթում`

1) կորպորատիվ եկամտահարկ,

2) զուտ շահույթից վճարումներ քուվեյթական բաժնետիրական կազմակերպությունների կողմից, որը ենթակա է վճարման Քուվեյթի գիտության զարգացման հիմնադրամին (KFAS),

3) Զակատ,

4) ազգային վարձու աշխատողների աջակցության օրենքին համաձայն գանձվող հարկ,

(այսուհետ` Քուվեյթի հարկ):

4. Սույն Համաձայնագիրը կիրառվում է նաև ցանկացած նույնատիպ կամ էապես համանման հարկերի նկատմամբ, որոնք սահմանվում են սույն Համաձայնագրի ստորագրումից հետո` ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները միմյանց ծանուցում են իրենց հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակներով, եթե համատեքստով այլ բան չի պահանջվում`

ա) «Պայմանավորվող պետություն» տերմինը, համատեքստից կախված, նշանակում է` Հայաստան կամ Քուվեյթ.

բ) «Հայաստան» տերմինը նշանակում է` Հայաստանի Հանրապետություն, և երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է` տարածք, ջրային տարածքը, ընդերքը և օդային տարածքը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավազորությունը` ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքին համապատասխան.

գ) «Քուվեյթ» տերմինը նշանակում է` Քուվեյթի Պետության տարածք, որը ներառում է տարածքային ջրերից դուրս ցանկացած տարածություն, որը, միջազգային իրավունքին համապատասխան, Քուվեյթի օրենքների համաձայն, ճանաչվել է կամ հետագայում կարող է ճանաչվել որպես տարածություն, որի նկատմամբ Քուվեյթը կարող է իրականացնել իր ինքնիշխան իրավունքները և իրավազորությունը.

դ) «անձ» տերմինը ներառում է` ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում.

ե) «ընկերություն» տերմինը նշանակում է` ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ սուբյեկտ, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ.

զ) «ձեռնարկություն» տերմինը կիրառվում է ցանկացած ձեռնարկատիրական գործունեության իրականացման նկատմամբ.

է) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները համապատասխանաբար նշանակում են` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն.

ը) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է` ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավով, օդանավով կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցով` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նավը, օդանավը կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև,

թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.

1) Հայաստանի դեպքում` ֆինանսների նախարար և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ կամ նրանց լիազորած ներկայացուցիչներ.

2) Քուվեյթի դեպքում` ֆինանսների նախարար կամ ֆինանսների նախարարի լիազորած ներկայացուցիչ.

ժ) «քաղաքացի» տերմինը նշանակում է`

i) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած անձ.

ii) Պայմանավորվող պետության գործող օրենքների հիման վրա իր, որպես այդպիսին, կարգավիճակն ստացած ցանկացած իրավաբանական անձ, գործընկերություն կամ ասոցիացիա.

ժա) «ձեռնարկատիրական գործունեություն» տերմինը ներառում է մասնագիտական ծառայությունների և անկախ բնույթի այլ գործունեության իրականացումը.

ժբ) «հարկ» տերմինը նշանակում է` Հայաստանի հարկ կամ Քուվեյթի հարկ, ինչպես պահանջվում է համատեքստով:

2. Ինչ վերաբերում է Պայմանավորվող պետության կողմից սույն Համաձայնագիրը ցանկացած պահի կիրառելուն, ապա Համաձայնագրում չսահմանված ցանկացած տերմին, եթե համատեքստով այլ բան չի պահանջվում, ունի այն նշանակությունը, որն այն ունի այդ պահին տվյալ Պետության օրենսդրության համաձայն այն հարկերի նկատմամբ, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը, ընդ որում` այդ Պետությունում գործող հարկային օրենքներով սահմանված յուրաքանչյուր նշանակություն գերակայում է այդ Պետության այլ օրենքներով այդ տերմինին տրվող նշանակության նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

ՌԵԶԻԴԵՆՏԸ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է`

ա) Քուվեյթում` անձ, որի բնակության (գտնվելու) վայրը Քուվեյթում է, կամ որը Քուվեյթի քաղաքացի է, ինչպես նաև Քուվեյթում ստեղծված ընկերություն,

բ) Հայաստանում` ցանկացած անձ, որը, Հայաստանի օրենքների համաձայն, ենթակա է հարկման այնտեղ իր բնակության (գտնվելու վայրի), ռեզիդենտության, ստեղծման վայրի, կառավարման վայրի կամ ցանկացած այլ համանման չափորոշիչի հիման վրա, և ներառում է նաև Հայաստանը կամ նրա տեղական իշխանության մարմինը: Սակայն այդ տերմինը չի ներառում որևէ անձի, որը Հայաստանում ենթակա է հարկման միայն Հայաստանի աղբյուրներից ստացած եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի առնչությամբ:

2. 1-ին պարբերության նպատակներով Քուվեյթի ռեզիդենտը ներառում է ստորև նշվածներից բոլորը`

ա) Քուվեյթի Կառավարությունը կամ նրա տեղական իշխանության մարմինը,

բ) հանրային իրավունքի համաձայն ստեղծված ցանկացած կառավարական հաստատություն, ինչպիսիք են կորպորացիան, կենտրոնական բանկը, հիմնադրամը, իշխանության մարմինը, հաստատությունը, գործակալությունը կամ այլ նմանատիպ սուբյեկտ,

գ) Քուվեյթում հիմնադրված ցանկացած սուբյեկտ, որի ամբողջ գույքը ապահովել է Քուվեյթը կամ նրա տեղական իշխանության մարմինը կամ «բ» ենթապարբերությունում սահմանված ցանկացած կառավարական հաստատություն այլ պետությունների հետ համատեղ:

3. Եթե 1-ին պարբերության դրույթների հիման վրա անձը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպով.

ա) նա համարվում է այն Պետության ռեզիդենտ, որտեղ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան. իսկ եթե նա երկու Պետություններում էլ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան, ապա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որի հետ նրա անձնական և տնտեսական կապերը (կենսական շահերի կենտրոն) առավել սերտ են.

բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պետություններից ոչ մեկում իր տրամադրության տակ չունի մշտական կացարան, ապա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է.

գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պետություններում էլ, կամ եթե նա սովորաբար չի բնակվում դրանցից և ոչ մեկում, ապա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որի քաղաքացին է.

դ) եթե նրա կարգավիճակը չի կարող որոշվել «ա»-»գ» ենթապարբերությունների դրույթներին համապատասխան, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:

4. Եթե 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթների հիման վրա ֆիզիկական անձից տարբերվող անձը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, ապա նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որի օրենքների համաձայն ստեղծվել է:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակներով «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է` գործունեության ֆիքսված վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:

2. «Մշտական հաստատություն» տերմինը մասնավորապես ներառում է.

ա) կառավարման վայրը,

բ) մասնաճյուղը,

գ) գրասենյակը,

դ) գործարանը,

ե) արհեստանոցը և

զ) հանքահորը, նավթի կամ գազի հորատանցքը, քարհանքը կամ բնական պաշարների հետազոտման կամ արդյունահանման ցանկացած այլ վայրը:

3. ա) Շինարարական հրապարակը կամ կառուցման, մոնտաժային կամ հավաքման օբյեկտը կամ դրանց հետ կապված վերահսկողական գործունեությունը կազմում է մշտական հաստատություն, եթե այդպիսի հրապարակը, օբյեկտը կամ գործունեությունը շարունակվում է 6 ամսից ավելի ժամանակահատվածով:

բ) Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից ծառայությունների մատուցումը, ներառյալ խորհրդատվական կամ կառավարման ծառայությունները, այդ նպատակով ձեռնարկության կողմից ընդգրկված վարձու աշխատողների կամ այլ անձնակազմի միջոցով մյուս պետությունում կազմում է մշտական հաստատություն, եթե այդ բնույթի գործունեությունը ցանկացած տասներկուամսյա ժամկետում շարունակվում է ընդհանուր առմամբ 3 ամիսը գերազանցող ժամանակահատվածով կամ ժամանակահատվածներով:

4. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից` «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում`

ա) շինությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով.

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով.

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով.

դ) գործունեության մշտական վայրի պահպանումը` ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի բացառապես գնման կամ տեղեկատվություն հավաքելու նպատակով.

ե) գործունեության մշտական վայրի պահպանումը` ձեռնարկության համար բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով.

զ) գործունեության մշտական վայրի պահպանումը բացառապես «ա»-»ե» ենթապարբերություններում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար` պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության մշտական վայրի ամբողջական գործունեությունը նախապատրաստական կամ օժանդակ բնույթի է:

5. Անկախ 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթներից` եթե անձը, որը չի հանդիսանում անկախ կարգավիճակով գործակալ, որի նկատմամբ կիրառվում է 6-րդ պարբերությունը, գործում է ձեռնարկության անունից և ունի ու սովորաբար օգտագործում է Պայմանավորվող պետությունում ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն, ապա այդ ձեռնարկությունը համարվում է մշտական հաստատություն ունեցող այդ Պետությունում այդ անձի կողմից տվյալ ձեռնարկության համար իրականացվող ցանկացած գործունեության մասով` բացառությամբ, երբ այդպիսի անձի գործունեությունը սահմանափակվում է 4-րդ պարբերությունում նշվածով, որը եթե անգամ իրականացվում է գործունեության մշտական վայրի միջոցով, այդ պարբերության դրույթների համաձայն` այդ գործունեության մշտական վայրը չի վերածում մշտական հաստատության:

6. Ձեռնարկությունը չի համարվում Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն ունեցող միայն այն պատճառով, որ նա ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ Պետությունում բրոքերի, առևտրային գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով` պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում: Սակայն երբ նման գործակալի գործունեությունը լիովին կամ գրեթե լիովին իրականացվում է այդ ձեռնարկության և այլ ձեռնարկությունների հանձնարարությամբ, որոնք վերահսկվում են այդ ձեռնարկության կողմից կամ վերահսկողական շահեր ունեն դրանում, նա, այս պարբերության իմաստով, չի դիտարկվում որպես անկախ կարգավիճակով գործակալ:

7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպով), այդ ընկերություններից որևէ մեկին ինքնին չի դարձնում մյուսի մշտական հաստատությունը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏԸ

 

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից ստացված եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից եկամուտը) կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. «Անշարժ գույք» տերմինն ունի այն նշանակությունը, որ նրան տրված է այն Պայմանավորվող պետության իրավունքով, որտեղ գտնվում է տվյալ գույքը: Տերմինն ամեն դեպքում ներառում է անշարժ գույքին օժանդակ գույքը, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող անասունն ու սարքավորումները, իրավունքները, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենսդրության դրույթները, անշարժ գույքի օգտագործման իրավունքը (ուզուֆրուկտը) և օգտակար հանածոների հանքատեղերի, հանքավայրերի և այլ բնական պաշարների շահագործման կամ շահագործման իրավունքի դիմաց փոխհատուցման կարգով վճարվող` փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները. նավերը, օդանավերը կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցները որպես անշարժ գույք չեն դիտարկվում:

3. 1-ին պարբերության դրույթները կիրառվում են անշարժ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալության տալու դիմաց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացված եկամուտների նկատմամբ:

4. 1-ին և 3-րդ պարբերությունների դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից ստացված եկամուտների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԸ

 

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է վերը նշված ձևով, ապա այդ ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը:

2. Պահպանելով 3-րդ պարբերության դրույթները` եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական հաստատությանն է վերագրվում այն շահույթը, որը նա կարող էր ստանալ, եթե լիներ նույնպիսի կամ համանման պայմաններում, նույնպիսի կամ համանման գործունեություն իրականացնող` միանգամայն ինքնուրույն և առանձին ձեռնարկություն և գործեր լիովին անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է:

3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է նվազեցնել մշտական հաստատության ձեռնարկատիրական գործունեության նպատակներով կատարված ծախսերը, այդ թվում` կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, անկախ այն հանգամանքից` դրանք կատարված են այն Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, թե այլ տեղ: Սակայն մշտական հաստատության կողմից ձեռնարկությանը վճարված գումարների առնչությամբ ոչ մի այդպիսի նվազեցում չի թույլատրվում (այլ կերպ, քան փաստացի կատարված ծախսերի փոխհատուցման ձևով), եթե այդպիսիք կան, արտոնագրերի կամ այլ իրավունքների օգտագործման համար ռոյալթիների, հոնորարների կամ այլ համանման վճարումների տեսքով կամ մատուցած ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի տեսքով կամ, բացառությամբ բանկերի, մշտական հաստատությանը տրամադրած փոխառության համար տոկոսների տեսքով: Նմանապես, մշտական հաստատության շահույթը որոշելիս հաշվի չեն առնվի այն գումարները (այլ կերպ, քան փաստացի կատարված ծախսերի փոխհատուցում), որոնք մշտական հաստատության կողմից վճարվում են ձեռնարկությանը պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար ռոյալթիի, հոնորարների կամ նման վճարումների տեսքով կամ մատուցած ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի տեսքով կամ, բացառությամբ բանկերի, ձեռնարկությանը տրամադրած փոխառության համար տոկոսների տեսքով:

4. Եթե Պայմանավորվող պետությունում ընդունված է մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշել ձեռնարկության տարբեր ենթամասերի միջև ձեռնարկության ընդհանուր շահույթի համամասնական բաշխման հիման վրա, ապա 2-րդ պարբերությունում ոչինչ չի արգելում այդ Պայմանավորվող պետությանը որոշել հարկման ենթակա շահույթը այդպիսի բաշխման ընդունված եղանակով: Այնուամենայնիվ, բաշխման ընդունված եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածի սկզբունքներին:

5. Մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար միայն ապրանքների կամ արտադրանքի գնումը հիմք չի հանդիսանում այդ մշտական հաստատությանը որևէ շահույթ վերագրելու համար:

6. Նախորդ պարբերությունների նպատակներով մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշվում է ամեն տարի նույն եղանակով, քանի դեռ չկա այն փոխելու հիմնավոր և բավարար պատճառ:

7. Եթե շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնք առանձին քննարկված են սույն Համաձայնագրի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ

 

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործումից ստացված շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:

2. Սույն հոդվածի նպատակներով միջազգային փոխադրումներում նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործումից շահույթը ներառում է ստորև նշվածներից բոլորը`

ա) նավերի կամ օդանավերի` առանց անձնակազմի վարձակալության տրամադրելուց առաջացած շահույթը,

բ) բեռնարկղերի, ներառյալ տրեյլերների և ապրանքների ու արտադրանքի փոխադրման համար օգտագործվող հարակից սարքավորումների օգտագործումից, պահպանումից կամ վարձակալության տալուց ստացված շահույթը,

եթե այդպիսի վարձակալությունը կամ այդպիսի օգտագործումը, պահպանումը կամ վարձակալությունը, որպես այդպիսին, երկրորդական է միջազգային փոխադրումներում նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործման համար:

3. 1-ին պարբերության դրույթները կիրառվում են նաև միավորման մեջ, համատեղ գործունեությունում կամ միջազգային գործակալությունում մասնակցությունից ստացած շահույթի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Եթե`

ա) Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը կամ կապիտալում, կամ

բ) միևնույն անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում են Պայմանավորվող պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում,

և երկու դեպքերից յուրաքանչյուրում երկու ձեռնարկությունների միջև նրանց առևտրային կամ ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են այն պայմաններից, որոնք կարող էին լինել երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը հաշվեգրված կլիներ նրանցից մեկին, բայց այդ պայմանների պատճառով նման ձևով չի հաշվեգրվել, կարող է ներառվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և, համապատասխանաբար, հարկվել:

Եթե Պայմանավորվող պետությունը այդ Պետության ձեռնարկության շահույթի կազմում ընդգրկում և, համապատասխանաբար, հարկում է այն շահույթը, որի նկատմամբ մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ենթարկվել է հարկման այդ մյուս Պետությունում, և այդ ձևով ներառված շահույթի բոլոր տարրերը համարվում են շահույթ, որը պետք է հաշվեգրված լիներ առաջինը նշված Պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև փոխհարաբերությունները լինեին նույնպիսին, ինչպիսին անկախ ձեռնարկությունների միջև է, ապա այդ մյուս Պետությունը կատարում է այդպիսի շահույթից իր կողմից գանձված հարկի գումարի համապատասխան ճշգրտում: Այդպիսի ճշգրտումը որոշելիս պետք է հաշվի առնվեն սույն Համաձայնագրի մյուս դրույթները, և Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները պետք է անհրաժեշտության դեպքում խորհրդակցեն միմյանց հետ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԸ

 

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է շահաբաժինները վճարող ընկերությունը` այդ Պետության օրենքների համաձայն. բայց եթե ստացողը շահաբաժինների փաստացի սեփականատերն է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը:

Պայմանավորվող պետությունների իրավասու մարմիններն այս սահմանափակումների կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:

Սույն պարբերությունը չի ազդում ընկերության այն շահույթի հարկման վրա, որից վճարվում են շահաբաժինները:

3. Չնայած 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերության կողմից վճարված շահաբաժինները հարկման ենթակա չեն, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը հանդիսանում է մյուս Պայմանավորվող պետության Կառավարությունը կամ ցանկացած կառավարական հաստատություն կամ նրանց այլ սուբյեկտ, ինչպես սահմանված է 4-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում:

4. «Շահաբաժիններ» տերմինը սույն Համաձայնագրում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող` շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև` եկամուտ այլ բաժնետիրական իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպես բաժնետոմսերից եկամուտը` այն Պետության օրենքների համաձայն, որի ռեզիդենտն է բաշխումն իրականացնող ընկերությունը:

5. 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերությունների դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և մասնակցությունը, որի կապակցությամբ վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

6. Եթե Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, ապա այդ մյուս Պետությունը չի կարող հարկել ընկերության կողմից վճարված շահաբաժինները` բացառությամբ, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության հետ, և չի կարող ընկերության չբաշխված շահույթը ենթարկել հարկման ընկերության չբաշխված շահույթից գանձվող հարկով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթն ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

ՏՈԿՈՍՆԵՐԸ

 

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք առաջանում են` այդ Պետության օրենքների համաձայն. բայց եթե տոկոսների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 5 տոկոսը:

Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն սահմանափակման կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:

3. Չնայած 1-ին և 2-րդ պարբերություններին` Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերության կողմից վճարված տոկոսները հարկման ենթակա չեն, եթե տոկոսների փաստացի սեփականատերը հանդիսանում է մյուս Պայմանավորվող պետության Կառավարությունը կամ ցանկացած կառավարական հաստատություն կամ նրանց այլ սուբյեկտ, ինչպես սահմանված է 4-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում:

4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջից, անկախ հիպոթեկային ապահովումից և անկախ պարտապանի շահույթին մասնակցության իրավունքի առկայությունից, և, մասնավորապես, եկամուտ պետական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից` ներառյալ այդպիսի արժեթղթերից, պարտատոմսերից և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներից ու մրցանակներից: Ժամկետանց վճարման համար գանձվող տույժերը սույն հոդվածի նպատակներով որպես տոկոսներ չեն դիտարկվում:

5. 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերությունների դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և պարտապահանջը, որի կապակցությամբ վճարվում են տոկոսները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

6. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ Պետության ռեզիդենտ է: Եթե, այնուամենայնիվ, տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի կապակցությամբ առաջացել է պարտքը, և որի տոկոսները վճարվում են, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը, ապա այդպիսի տոկոսները համարվում են առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:

7. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջին վերաբերող` վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը նշված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան` հաշվի առնելով սույն Համաձայնագրի մյուս դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

ՌՈՅԱԼԹԻՆԵՐԸ

 

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված ռոյալթիները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն այդպիսի ռոյալթիները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են` այդ Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան. բայց եթե ռոյալթիների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիների համախառն գումարի 10 տոկոսը:

Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն սահմանափակման կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:

3. «Ռոյալթիներ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` փոխհատուցման ձևով ստացված ցանկացած տեսակի վճարում գրական, գեղարվեստական կամ գիտական աշխատանքների, ներառյալ կինոնկարների կամ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար օգտագործվող ֆիլմերի կամ ձայներիզների, ցանկացած արտոնագրի, ապրանքային նշանի, արդյունաբերական նմուշի կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկությունների (նոու-հաու) օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար:

4. 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են ռոյալթիները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ վճարվում են ռոյալթիները, փաստացի կապված են այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքերում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

5. Ռոյալթիները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողը հենց Պետությունն է կամ նրա տեղական իշխանության մարմինը կամ այդ Պետության ռեզիդենտը: Սակայն երբ ռոյալթիներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի կապակցությամբ առաջացել է ռոյալթիներ վճարելու պարտավորությունը, և այդպիսի ռոյալթիների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը, ապա այդպիսի ռոյալթիները համարվում են առաջացած այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:

6. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկատվության համար վճարվող ռոյալթիների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը նշված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան` հաշվի առնելով սույն Համաձայնագրի մյուս դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃԸ

 

1. 6-րդ հոդվածում նշված և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքի օտարումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Պայմանավորվող պետության ձեռնարկությանը պատկանող` մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մասը կազմող շարժական գույքի, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) օտարումից առաջացած այդպիսի արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների կամ այդպիսի նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից ստացված արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ընկերության բաժնետոմսերի կամ այլ բաժնետիրական իրավունքների օտարումից ստացված արժեքի հավելաճը, որոնց արժեքի 50 տոկոսից ավելին ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացվում է մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

5. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերություններում չնշված ցանկացած գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է օտարող անձը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏԸ

 

1. Պահպանելով 15-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում, եթե այդպիսի վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքն իրականացվում է այդ կերպով, ապա դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Անկախ 1-ին պարբերության դրույթներից` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջինը նշված Պետությունում, եթե.

ա) ստացողը հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում սկսվող կամ ավարտվող ցանկացած 12-ամսյա ժամանակահատվածում գտնվում է մյուս Պետությունում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամանակահատվածով կամ ժամանակահատվածներով, և

բ) վարձատրությունը վճարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և

գ) վարձատրություն կատարելու ծախսերը չի կրում գործատուի` մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատությունը:

3. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից` Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավի տախտակամածի վրա կամ օդանավում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կարող է հարկվել այդ Պայմանավորվող պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀՈՆՈՐԱՐՆԵՐԸ

 

Պայմանավորվող պետության ռեզիդենտի` որպես մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերության տնօրենների խորհրդի կամ այլ համանման մարմնի անդամ ստացած տնօրենների հոնորարները և այլ համանման վճարումները կարող են հարկվել միայն առաջինը նշված Պայմանավորվող պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

 

1. Անկախ 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներից` Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում որպես արվեստի գործիչ, ինչպիսին է թատրոնի, կինոյի դերասանը, ռադիոյի կամ հեռուստատեսության ոլորտի աշխատակիցը կամ երաժիշտը, կամ որպես մարզիկ իր իրականացրած անձնական գործունեությունից ստացված եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Եթե արվեստի գործչի կամ մարզիկի` որպես այդպիսին իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անհատապես արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, անկախ 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներից, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:

3. Չնայած 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից` որպես արվեստի գործիչ կամ մարզիկ իր անձնական գործունեությունից ստացած եկամուտը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե այդ գործունեությունն իրականացվում է մյուս Պայմանավորվող պետությունում երկու Պայմանավորվող պետությունների կողմից հաստատված մշակութային կամ մարզական ծրագրերի փոխանակման շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ

 

Պահպանելով 18-րդ հոդվածի 2-րդ պարբերության դրույթները` Պայմանավորվող պետության ռեզիդենտին նախկինում կատարված վարձու աշխատանքի համար վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

1. ա) Պայմանավորվող պետության կամ նրա տեղական իշխանության մարմնի կողմից այդ Պետությանը կամ նրա իշխանության մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում.

բ) սակայն այդպիսի աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ Պետությունում, և այդ Պետության ռեզիդենտ ֆիզիկական անձը.

1) այդ Պետության քաղաքացի է կամ

2) չի դարձել այդ Պետության ռեզիդենտ բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:

2. ա) Անկախ 1-ին պարբերության դրույթներից` Պայմանավորվող պետության կամ նրա տեղական իշխանության մարմնի կողմից կամ նրանց կողմից ստեղծված միջոցներից այդ Պետությանը կամ նրա իշխանության մարմնին պետական բնույթի գործառույթների իրականացման համար մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

բ) Սակայն այդպիսի կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ֆիզիկական անձն այդ Պետության ռեզիդենտն է ու քաղաքացին:

3. 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող պետության կամ նրա տեղական իշխանության մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց աշխատավարձի, ռոճիկի, կենսաթոշակի և համանման այլ վարձատրությունների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԸ

 

Ֆիզիկական անձը, ով հանդիսանում կամ մինչև Պայմանավորվող պետություն անմիջապես ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և ով առաջինը նշված պետության Կառավարության կամ առաջինը նշված պետության համալսարանի, քոլեջի, դպրոցի, թանգարանի կամ այլ մշակութային հաստատության հրավերով կամ մշակութային փոխանակման պաշտոնական ծրագրերի ներքո գտնվում է այդ պետությունում 2 տարին չգերազանցող ժամանակահատվածով` այդպիսի հաստատություններում ուսուցման, դասախոսության կամ հետազոտության իրականացման նպատակով, ազատվում է հարկից այդ Պետությունում այդպիսի գործունեությունից ստացված վարձատրությունից:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

 

1. ՈՒսանողը կամ ստաժորը, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Պայմանավորվող պետություն ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և որը գտնվում է առաջինը նշված Պետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով, չի հարկվում այդ Պետությունում իր ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար ստացած վճարումներից` պայմանով, որ այդպիսի վճարումներն առաջանում են այդ Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:

2. Չնայած 1-ին պարբերության դրույթներին` վարձատրությունը, որը ուսանողը կամ ստաժորը, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Պայմանավորվող պետություն ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և որը գտնվում է առաջինը նշված Պետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով, առաջինը նշված Պետությունում ժամանակավոր ծառայություններ մատուցելուց չի հարկվի այդ Պետությունում` պայմանով, որ այդ ծառայությունները կապված են նրա կրթության կամ մասնագիտացման հետ, և որ այդպիսի ծառայություններից վարձատրությունն անհրաժեշտ է` ավելացնելու նրա ապրելու համար անհրաժեշտ միջոցները:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏԸ

 

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամտի` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չնշված տեսակները, անկախ դրանց առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

2. 1-ին պարբերության դրույթները չեն կիրառվում, 6-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում սահմանված անշարժ գույքի եկամտից բացի, այլ եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և գույքը կամ իրավունքը, որոնց մասով վճարվել է եկամուտը, փաստացի կապված են այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

ԳՈՒՅՔԸ

 

1. 6-րդ հոդվածում նշված անշարժ գույքի տեսքով ներկայացված` Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Մյուս Պայմանավորվող պետությունում` Պայմանավորվող պետության ձեռնարկությանը պատկանող մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մասը կազմող շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Միջազգային փոխադրումներում շահագործվող նավերով, օդանավերով կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցներով ներկայացված գույքը և այդպիսի նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքը ենթակա են հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է այդպիսի գույքի սեփականատեր ձեռնարկությունը:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի մյուս բոլոր տարրերը ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ

 

1. Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում գործող օրենքները շարունակում են կարգավորել հարկումը համապատասխան Պայմանավորվող պետությունում` բացառությամբ, երբ դրանց դրույթները հակասում են Համաձայնագրին:

2. Եթե Պայմանավորվող պետության ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որը, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, ապա առաջինը նշված Պետությունը թույլ է տալիս.

ա) այդ ռեզիդենտի եկամտի վրա սահմանվող հարկից նվազեցնել այդ մյուս պետությունում վճարված եկամտահարկին հավասար գումար.

բ) այդ ռեզիդենտի գույքի վրա սահմանվող հարկից նվազեցնել այդ մյուս պետությունում վճարված գույքահարկին հավասար գումար:

Սակայն այդպիսի նվազեցումը ցանկացած դեպքում չպետք է գերազանցի մինչև նվազեցման տրամադրումը հաշվարկված եկամտահարկի կամ գույքահարկի այն մասը, որը վերագրելի է, հանգամանքներից կախված, այն եկամտին կամ գույքին, որը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ

 

1. Պայմանավորվող պետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող պետությունում չեն ենթարկվում այլ կամ ավելի խիստ որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, մասնավորապես, կապված ռեզիդենտության հետ, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց միևնույն հանգամանքների դեպքում ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս պետության քաղաքացիները: Անկախ 1-ին հոդվածի դրույթներից` սույն դրույթը կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:

2. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս Պետությունում չպետք է լինի պակաս բարենպաստ, քան համանման գործունեություն իրականացնող այդ մյուս Պետության ձեռնարկության հարկումը: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող` տրամադրել մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին, քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա, հարկման նպատակներով այնպիսի անձնական արտոնություններ, նվազեցումներ և զեղչեր, ինչպիսիք Պայմանավորվող պետությունը շնորհում է իր սեփական ռեզիդենտներին:

3. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին պարբերության, 11-րդ հոդվածի 7-րդ պարբերության կամ 12-րդ հոդվածի 6-րդ պարբերության դրույթները, Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները, ռոյալթին և այլ վճարումները այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են նվազեցման նույն պայմաններով, ինչպես առաջինը նշված պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտք մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին այդ ձեռնարկության հարկման ենթակա կապիտալի որոշման նպատակով ենթակա է նվազեցման նույն պայմաններով, ինչպես որ պարտքը առաջինը նշված պետության ռեզիդենտին:

4. Պայմանավորվող պետության այն ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կամ ուղղակի կամ անուղղակի վերահսկվում է այդ մյուս Պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է առաջինը նշված Պետությունում ենթարկվեն այլ կամ ավելի խիստ հարկման կամ դրա հետ կապված պարտավորությունների կատարման, քան առաջինը նշված Պետության այլ նման ձեռնարկությունները:

5. Չնայած 2-րդ հոդվածի դրույթներին` սույն հոդվածի դրույթները կիրառվում են հարկերի ցանկացած տեսակի և ձևի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Եթե անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր` սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման, ապա նա կարող է, անկախ այդ Պետությունների ներպետական իրավունքով նախատեսված պաշտպանության միջոցներից, ներկայացնել իր գործն այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ եթե իր գործը վերաբերում է սույն Համաձայնագրի 24-րդ հոդվածի 1-ին պարբերությանը, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի քաղաքացին է հանդիսանում: Այդպիսի գործը պետք է ներկայացվի սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից երեք տարվա ընթացքում:

2. Եթե իրավասու մարմինը դիմում-բողոքը համարում է արդարացի, և եթե ինքն ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ լուծման, ապա նա ձգտում է խնդիրը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ` սույն Համաձայնագրին չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով: Ցանկացած ձեռք բերված համաձայնություն իրականացվում է անկախ Պայմանավորվող պետությունների ներպետական իրավունքում առկա որևէ ժամանակային սահմանափակման:

3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացած ցանկացած դժվարություն կամ խնդիր ձգտում են լուծել փոխադարձ համաձայնությամբ: Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ Համաձայնագրով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու ուղղությամբ:

4. Նախորդ պարբերությունների առնչությամբ համաձայնության հասնելու նպատակով Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ, ներառյալ` իրենցից կամ իրենց ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

 

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն Համաձայնագրի դրույթների կիրառման կամ ներքին օրենքների կիրարկման համար տեղեկատվություն են փոխանակում Պայմանավորվող պետությունների տեղական իշխանության մարմինների անունից կիրառվող ցանկացած տեսակի և նկարագրության հարկերի վերաբերյալ` այնքանով, որքանով հարկումը չի հակասում Համաձայնագրին: Տեղեկատվության փոխանակումը 1-ին և 2-րդ հոդվածներով չի սահմանափակվում:

2. Պայմանավորվող պետության կողմից 1-ին պարբերության համաձայն ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է գաղտնի այնպես, ինչպես այդ Պետության ներպետական իրավունքով ստացված տեղեկատվությունը, և բացահայտվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղվում են 1-ին պարբերությունում նշված հարկերը գնահատելով կամ գանձելով, հարկադիր գանձումով կամ դատական հետապնդումով, բողոքարկումներ քննելով: Այդ անձինք կամ մարմինները տեղեկատվությունն օգտագործում են միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկատվությունը դատական դռնբաց նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ:

3. 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող.

ա) իրականացնել այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներից և վարչական գործելակերպից չբխող վարչական միջոցներ.

բ) ներկայացնել տեղեկատվություն, որն ստացվել է այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով կամ վարչարարության բնականոն ընթացքում.

գ) ներկայացնել տեղեկատվություն, որը բացահայտում է որևէ առևտրային, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրային գործընթաց, կամ` տեղեկատվություն, որի բացահայտումը հակասում է պետական քաղաքականությանը (հանրային կարգին):

4. Եթե Պայմանավորվող պետություններից մեկը դիմում է տեղեկատվություն ստանալու համար, սույն հոդվածի դրույթների համաձայն, ապա մյուս Պայմանավորվող պետությունը օգտագործում է տեղեկատվություն հավաքելու իր միջոցները` ստանալու համար այն տեղեկատվությունը, որի համար դիմել է մյուս Պայմանավորվող պետությունը, եթե նույնիսկ այդ մյուս Պետությունն իր սեփական հարկային նպատակների համար չունի այդպիսի տեղեկատվության անհրաժեշտություն: Նախորդ նախադասության մեջ պարունակվող պարտավորությունը ենթարկվում է 3-րդ պարբերությամբ սահմանված սահմանափակումներին, բայց այդպիսի սահմանափակումները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես թույլտվություն Պայմանավորվող պետությանը` խուսափել տեղեկատվություն տրամադրելուց բացառապես այն պատճառով, որ նա չունի այդպիսի տեղեկատվության նկատմամբ ներքին հետաքրքրություն:

5. 3-րդ պարբերության դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես թույլատրող Պայմանավորվող պետությանը` խուսափել տեղեկատվություն տրամադրելուց միայն այն պատճառով, որ տեղեկատվությանը տիրապետում է բանկը, այլ ֆինանսական հաստատությունը, գործակալությունում աշխատող թեկնածուն կամ անձը կամ վստահված անձը, կամ` այն պատճառով, որ այն վերաբերում է անձի սեփական շահերին:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չի սահմանափակում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անդամներին` միջազգային իրավունքի ընդհանուր նորմերին կամ հատուկ համաձայնագրերի դրույթներին համապատասխան տրամադրված հարկային արտոնությունները:

 

ՀՈԴՎԱԾ 28

 

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ծանուցում է մյուսին սահմանադրական կամ ներքին ընթացակարգերի կատարման մասին, որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումներից վերջինն ստանալու օրվանից, և դրա դրույթները գործում են երկու Պայմանավորվող պետություններում.

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո ստացված եկամուտների նկատմամբ.

բ) եկամտի կամ գույքի մյուս հարկերի առնչությամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող ցանկացած հարկային տարվա ընթացքում վճարման ենթակա հարկերի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա հինգ տարի ժամկետով և դրանից հետո կշարունակի ուժի մեջ մնալ նույն ժամանակահատվածի կամ ժամանակահատվածների համար, եթե Պայմանավորվող պետություններից մեկը մյուս Պայմանավորվող պետությանը դրա գործողության դադարեցումից վեց ամիս առաջ գրավոր չծանուցի սկզբնական ժամանակահատվածում կամ դրան հաջորդող որևէ ժամանակահատվածում սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Այդ դեպքում սույն Համաձայնագիրը դադարեցնում է իր գործողությունը երկու Պայմանավորվող պետություններում`

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցումը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ այդ օրվանից հետո ստացված եկամուտների նկատմամբ, և

բ) եկամտի կամ գույքի մյուս հարկերի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցումը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ այդ օրվանից հետո սկսվող ցանկացած հարկային տարվա ընթացքում վճարման ենթակա հարկերի նկատմամբ:

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Քուվեյթ քաղաքում 2009 թվականի նոյեմբերի 3-ին, որը համապատասխանում է Դու Ալ-Քադահի 1430 թվականի 15-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ առաջացած տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. ապրիլի 12-ին

 

 

pin
''
03.11.2009
Միջազգային պայմանագիր