Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ` ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ...

 

 

i

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ` ՏԵՂԱԿԱՆ
ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Նախաբան

 

Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի (այսուհետ` «Խարտիա», ԵՊՇ թիվ 122) սույն Լրացուցիչ արձանագրությունը ստորագրած` Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները,

համարելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն իր անդամ պետությունների միջև առավել մեծ միասնության հասնելն է` նրանց ընդհանուր ժառանգությունը հանդիսացող կատարելատիպերն ու սկզբունքները պահպանելու և իրականացնելու նպատակով,

համարելով, որ հանրային գործերին մասնակցելու իրավունքը ժողովրդավարական այն սկզբունքներից է, որն ընդունում են Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունները,

համարելով, որ անդամ պետություններում զարգացման միջոցով ցույց է տրվում այս սկզբունքի բացառիկ կարևորությունը տեղական ինքնակառավարման համար,

համարելով, որ նպատակահարմար կլինի լրացնել Խարտիան այնպիսի դրույթներով, որոնցով կերաշխավորվի մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների գործերին,

հաշվի առնելով «Պաշտոնական փաստաթղթերի հասանելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան` ընդունված Նախարարների կոմիտեի կողմից 2008 թվականի նոյեմբերի 27-ին,

հաշվի առնելով նաև Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների` 3-րդ գագաթնաժողովում (Վարշավա, 16-17-ը մայիսի, 2005 թ.) ընդունած հռչակագիրը և գործողությունների ծրագիրը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

1. Մասնակից պետությունները, իրենց իրավազորության շրջանակներում, ապահովում են տեղական ինքնակառավարման մարմինների գործերին յուրաքանչյուրի մասնակցության իրավունքը:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների գործերին մասնակցության իրավունք նշանակում է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների և պարտականությունների իրականացումը որոշելու կամ դրանց վրա ազդելու ձգտման իրավունքը:

3. Այդ իրավունքի իրականացմանը նպաստելու միջոցները սահմանվում են օրենքով: Առանց անարդարացիորեն խտրական մոտեցում ցուցաբերելու որևէ անձի կամ խմբի նկատմամբ` օրենքով կարող են սահմանվել կոնկրետ միջոցներ տարբեր հանգամանքների կամ մարդկանց կատեգորիաների համար: Համաձայն Կողմի` Սահմանադրության ներքո ստանձնած և (կամ) միջազգային պարտավորությունների` օրենքով կարող են, մասնավորապես, սահմանվել միջոցներ` կոնկրետ միայն ընտրողների համար:

4.1. Յուրաքանչյուր Կողմ օրենքով ճանաչում է իր քաղաքացիների իրավունքը` մասնակցելու, որպես քվեարկողներ կամ թեկնածուներ, այն տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդի կամ ժողովի անդամների ընտրությանը, որտեղ նրանք բնակվում են:

4.2. Օրենքով նաև ճանաչվում է այլ անձանց այդպիսի մասնակցության իրավունքը, եթե Կողմը, իր սահմանադրական կարգին համապատասխան, այդպես է որոշում, կամ եթե դա համապատասխանում է Կողմի միջազգային իրավական պարտավորություններին:

5.1. Տեղական ինքնակառավարման մարմինների գործերին մասնակցելու իրավունքի մասով ցանկացած ձևական պահանջ, պայման կամ սահմանափակում սահմանվում է օրենքով և համապատասխանում է Կողմի միջազգային իրավական պարտավորություններին:

5.2. Օրենքով սահմանում են այնպիսի ձևական պահանջներ, պայմաններ և սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ են` ապահովելու համար, որ մասնակցության իրավունքի իրականացումը չվնասի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման ազնվությունը` էթիկայի տեսանկյունից, և թափանցիկությունը:

5.3. Արդյունավետ քաղաքական ժողովրդավարություն իրականացնելու, ժողովրդավարական հասարակության մեջ հանրային անվտանգությունը պահպանելու կամ Կողմի` իր միջազգային իրավական պարտավորությունների պահանջները կատարելու համար, պետք է անհրաժեշտ լինեն այլ ձևական պահանջներ, պայմաններ կամ սահմանափակումներ:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1. Կողմերը ձեռնարկում են բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ են տեղական ինքնակառավարման մարմինների գործերին մասնակցելու իրավունքը կյանքի կոչելու համար:

2. Մասնակցության իրավունքի իրականացման միջոցները ներառում են`

i. լիազորել տեղական ինքնակառավարման մարմիններին` հնարավորություն ընձեռել, խրախուսել և նպաստել սույն Արձանագրության մեջ ամրագրված մասնակցության իրավունքի իրականացմանը,

ii. ապահովել`

ա) մարդկանց ներգրավման ընթացակարգերի սահմանումը, որոնք կարող են ներառել խորհրդատվական գործընթացներ, տեղական հանրաքվեներ և խնդրագրեր, իսկ եթե տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության ներքո գտնվող տարածքում բնակչության թիվը մեծ է և (կամ) այն ընդգրկում է աշխարհագրական մեծ տարածք` մարդկանց այնպիսի մակարդակով ներգրավելուն ուղղված միջոցներ, որոնք ավելի մոտ են նրանց,

բ) Կողմի սահմանադրական կարգին և միջազգային իրավական պարտավորություններին համապատասխան` տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական փաստաթղթերին հասանելիության ընթացակարգերի սահմանումը,

գ) այնպիսի միջոցների սահմանումը, որոնք ուղղված են մասնակցության որոշակի դժվարությունների հանդիպող մարդկանց կատեգորիաների կարիքների բավարարմանը,

դ) մեխանիզմների և ընթացակարգերի սահմանումը` քննարկելու և արձագանքելու տեղական ինքնակառավարման մարմինների ու տեղական հանրային ծառայությունների վերաբերյալ ստացված բողոքներին և առաջարկներին,

iii. խրախուսել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը` սույն Արձանագրությամբ ամրագրված մասնակցության իրավունքին աջակցման և իրականացման համար:

3. Ընթացակարգերը, միջոցները և մեխանիզմները կարող են տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր կատեգորիաների համար տարբեր լինել` հաշվի առնելով նրանց չափերը և իրավասությունները:

4. Տեղական ինքնակառավարման մարմինների գործերին մասնակցելու իրավունքի կյանքի կոչման համար ձեռնարկվելիք միջոցների հետ կապված պլանավորման և որոշումների կայացման գործընթացներում տեղական ինքնակառավարման մարմինները խորհրդատվություն են ստանում, որքանով դա հնարավոր է, պատշաճ ժամանակին և եղանակով:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն Արձանագրությունը կիրառվում է Կողմի տարածքում գործող տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր կատեգորիաների նկատմամբ: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր պետություն կարող է, վավերացման, ընդունման կամ հաստատման մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս, նշել տեղական կամ տարածքային մարմինների այն կատեգորիաները, որոնց այն մտադիր է ընդգրկել Արձանագրության գործողության ոլորտում, կամ այն կատեգորիաները, որոնց այն նախատեսում է հանել դրա գործողության ոլորտից: Կողմը կարող է նաև, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հետագայում ծանուցելով, Արձանագրության գործողության ոլորտում ընդգրկել նաև տեղական կամ տարածքային մարմինների այլ կատեգորիաներ:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Յուրաքանչյուր պետություն կարող է, ստորագրման ժամանակ կամ վավերացման, ընդունման կամ հաստատման մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս, նշել այն տարածքը կամ տարածքները, որի (որոնց) նկատմամբ կիրառվում է սույն Արձանագրությունը:

2. Յուրաքանչյուր Կողմ կարող է, ցանկացած ավելի ուշ ամսաթվին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարության միջոցով, սույն Արձանագրության կիրառումը տարածել հայտարարությունում նշված ցանկացած այլ տարածքի վրա: Այդպիսի տարածքի համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու ամսաթվից հետո եռամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

3. Նախորդ երկու պարբերությունների համաձայն արված` որևէ տարածքի մասով ցանկացած հայտարարություն կարելի է հետ վերցնել` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով: Հետ վերցնելն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու ամսաթվից հետո վեցամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՍՏՈՐԱԳՐԵԼԸ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Արձանագրությունը բաց է Խարտիան ստորագրած` Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից ստորագրման համար: Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող վավերացնել, ընդունել կամ հաստատել սույն Արձանագրությունը, եթե այն կամ զուգահեռաբար կամ նախկինում չի վավերացրել, ընդունել կամ հաստատել Խարտիան: Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

2. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ամսաթվից հետո եռամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Եվրոպայի խորհրդի ութ անդամ պետություններ տվել են իրենց համաձայնությունն առ այն, որ Արձանագրությունը պարտադիր է իրենց համար` 1-ին պարբերության դրույթներին համապատասխան:

3. Ցանկացած պետության համար, որը հետագայում իր համաձայնությունն է տալիս առ այն, որ Արձանագրությունը պարտադիր է իր համար, սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու ամսաթվից հետո եռամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ ցանկացած ժամանակ կարող է չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով:

2. Այդպիսի չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ստանալու ամսաթվից հետո վեցամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ

 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին ծանուցում է.

ա) սույն Արձանագրությունը ստորագրելու ցանկացած դեպքի,

բ) վավերացման, ընդունման կամ հաստատման մասին որևէ փաստաթուղթ ի պահ հանձնելու,

գ) 5-րդ հոդվածին համապատասխան` սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելու ցանկացած ամսաթվի,

դ) 3-րդ հոդվածի դրույթները կիրառելիս ստացված ցանկացած ծանուցման,

ե) սույն Արձանագրությանը վերաբերող ցանկացած այլ ակտի, ծանուցման կամ հաղորդագրության մասին:

 

Ի հաստատումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

 

Կատարված է ՈՒտրեխտում 2009 թվականի նոյեմբերի 16-ին` անգլերենով և ֆրանսերենով, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ օրինակով, որն ի պահ է հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետության:

 

Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2013թ. սեպտեմբերի 1-ին

 

 

pin
''
16.11.2009
Միջազգային պայմանագիր