Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՐԱԶԵՆԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՐԱԶԵՆԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԵՐԻ ԱՆՕՐԻ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀՐԱԶԵՆԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

անհանգստություն արտահայտելով հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման և շրջանառության ծավալների աճի հետ կապված,

ընդգծելով, որ հանցագործություն կատարելու համար ավելի հաճախ են օգտագործվում հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր,

ընդունելով, որ հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառությունը և պատրաստումը ստանում են անդրազգային բնույթ, և դրանց դեմ պայքարը պահանջում է միջազգային համագործակցության շրջանակներում փոխգործակցություն և ջանքերի համակարգում,

ելնելով հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման և շրջանառության դեմ արդյունավետ պայքարի համատեղ ձգտումից,

ղեկավարվելով այդ բնագավառում միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Կողմերը, ինչպես նաև ազգային օրենսդրությամբ,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև թվարկված հասկացությունները նշանակում են.

«ռազմամթերք» - սպառազինության առարկաներ և նետման սարքեր, որոնք նախատեսված են նպատակակետը խոցելու համար և պարունակում են պայթուցիկ, նետողական, հրատեխնիկական կամ արտամղիչ լիցքեր կամ դրանց համակցությունը,

«պայթուցիկ նյութ» - խտացված քիմիական նյութ կամ նյութերի խառնուրդ, որոնք ներքին ազդեցությունների ուժով ունակ են արագ ինքնատարածվող քիմիական փոխակերպման (պայթյունի)` անջատելով մեծ քանակությամբ ջերմություն և գազանման արտադրություն,

«պայթուցիկ սարք» - արդյունաբերական կամ ինքնաշեն սարք, որը գործառնապես միավորում է պայթուցիկ նյութը և պայթյունը սկսող հարմարանքը,

«վերահսկվող մատակարարում» - Կողմերի մեկ կամ մի քանի պետությունների տարածքով հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի տեղափոխման հետ կապված օպերատիվ-հետախուզական միջոցառում, որն իրականացվում է իրավասու մարմինների գիտությամբ և վերահսկողությամբ,

«իրավասու մարմիններ» - Կողմերի պետությունների պետական իշխանության մարմիններ, որոնց, Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան, հանձնարարված են հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման ու շրջանառության դեմ պայքարի և կանխարգելման խնդիրները,

«զենքի անօրինական պատրաստում» - հրազենի, հրազենի հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի պատրաստում, որը Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան` թույլատրված չէ,

«զենքի անօրինական շրջանառություն» - հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի շրջանառություն, որն իրականացվում է Կողմերի պետությունների ազգային օրենսդրության խախտմամբ,

«հրազեն» - զենք, որը նախատեսված է վառոդի կամ այլ լիցքի էներգիայի միջոցով ուղղորդված ընթացք ստացող արկով հեռվից նպատակակետի մեխանիկական խոցման համար, ինչպես նաև` դրա հիմնական մասեր,

«հրազենի հիմնական մասեր» - փող, փակաղակ, թմբկագլան, շրջանակ, փողատուփ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Կողմերը համագործակցություն են իրականացնում զենքի անօրինական պատրաստման և շրջանառության հետ կապված հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, խափանման և բացահայտման գործում իրենց իրավասու մարմինների միջոցով:

2. Իրավասու մարմինների ցանկը որոշում է Կողմերից յուրաքանչյուրը և փոխանցում ավանդապահին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին ծանուցումը հանձնելիս:

Իրավասու մարմինների ցանկի փոփոխությունների մասին Կողմերից յուրաքանչյուրը 30 օրվա ընթացքում գրավոր ծանուցում է ավանդապահին:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Կողմերը համագործակցություն իրականացնում են հետևյալ ուղղություններով.

Կողմերի համագործակցության իրավական-պայմանագրային հենքի կատարելագործում և հրազենի անօրինական պատրաստման և շրջանառության դեմ պայքարի ոլորտում Կողմերի պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանը աջակցություն,

հրազենի անօրինական պատրաստման և շրջանառության դեմ պայքարի համաձայնեցված ռազմավարության և համատեղ միջոցների մշակում,

հրազենի անօրինական պատրաստման և շրջանառության հակազդման բնագավառում իրավասու մարմինների փոխգործակցության մեխանիզմների համակարգում և կատարելագործում,

հրազենի անօրինական պատրաստմանը և շրջանառությանը մասնակից անդրազգային հանցավոր խմբերի, դրանց առաջնորդների և մասնակիցների մասին տվյալների համատեղ բանկի ստեղծում,

հրազենի անօրինական պատրաստման և շրջանառության հակազդման հարցերի հետ կապված միջազգային կազմակերպություններում և միջազգային ֆորումներում փոխգործակցություն,

հրազենի անօրինական պատրաստման և շրջանառության կանխման ուղղությամբ համատեղ և/կամ համաձայնեցված միջոցառումների անցկացում:

2. Կոնկրետ ուղղություններով իրավասու մարմինների համագործակցության կարգը կարող է որոշվել նաև Կողմերի համատեղ պայմանավորվածությունների հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Կողմերը համագործակցություն են իրականացնում հետևյալ ձևերով.

ա/ տեղեկատվության փոխանակում`

զենքի անօրինական պատրաստման և շրջանառության հետ կապված` նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների և դրանց մասնակից անձանց ու կազմակերպությունների մասին,

հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի քրեական օգտագործման նոր մեթոդների մասին, որոնք հայտնաբերվել են,

հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման վայրերի մասին,

խոցելու հատկությունները հզորացնելու համար հրազենի և ռազմամթերքի անօրինական վերափոխման` հայտնաբերված նոր ձևերի մասին,

հայտնաբերված իրավախախտումների մասին, որոնք կարող են նպաստել զենքի պատրաստման և շրջանառության ոլորտում հանցագործությունների կատարմանը,

հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի բռնագրավման փորձի մասին,

հրազենի անօրինական պատրաստման և շրջանառության փաստերի կանխարգելման, հայտնաբերման, խափանման և բացահայտման նոր մեթոդների մասին,

բ/ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման վերաբերյալ հարցումների կատարում,

գ/ համատեղ և/կամ համակարգված` պրոֆիլակտիկ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների ծրագրում և իրականացում, այդ թվում` վերահսկվող մատակարարման մեթոդի օգտագործմամբ,

դ/ աշխատանքային փորձի փոխանակում, աշխատանքային հանդիպումների, խորհրդատվությունների, խորհրդակցությունների, գործնական կոնֆերանսների և սեմինարների անցկացում,

ե/ աջակցություն կադրերի պատրաստման և մասնագետների որակավորման բարձրացման գործում,

զ/ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով համատեղ գիտական հետազոտությունների անցկացում,

է/ օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, գիտական հետազոտությունների արդյունքների և մեթոդական հանձնարարականների փոխանակում:

2. Սույն Համաձայնագիրը չի շոշափում քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման և հանձնման հարցերը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա օգտագործում են վերահսկվող մատակարարման մեթոդը հրազենի անօրինական պատրաստման և շրջանառության հետ կապված հանցագործությունները խափանելու և բացահայտելու, ինչպես նաև դրանց մասնակից անձանց հայտնաբերելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում Կողմերին համագործակցության փոխադարձաբար ընդունելի այլ ուղղություններ ու ձևեր որոշելու և զարգացնելու գործում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է աջակցություն ցուցաբերելու մասին հայցի հիման վրա, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրելու միջոցով:

Հայցը կամ տեղեկատվությունն ուղարկվում են գրավոր:

Անհետաձգելի դեպքերում սույն հոդվածով սահմանված կանոններին համապատասխան ձևակերպված հայցը կամ տեղեկատվությունը կարող են ուղարկվել ֆաքսիմիլային կապով, ինչպես նաև կապի այլ միջոցների օգտագործմամբ: Միաժամանակ` հայցի կամ տեղեկատվության բնօրինակը պետք է ուղարկվի փոստով կամ սուրհանդակի միջոցով:

Անհետաձգելի դեպքերում հայցը կամ տեղեկատվությունը կարող են հաղորդվել նաև բանավոր, սակայն առավելագույնը 72 ժամվա ընթացքում դրանք պետք է կրկնորդվեն գրավոր` անհրաժեշտության դեպքում օգտագործելով տեքստի հաղորդման տեխնիկական միջոցներ:

2. Հայցը պետք է ներառի.

հայցող և հայցվող Կողմերի պետությունների իրավասու մարմինների անվանումները,

հայցի նպատակներն ու հիմնավորումները,

հայցվող աջակցության բովանդակության նկարագրությունը,

այլ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է կամ կարող է օգտակար լինել հայցը ժամանակին և պատշաճ կերպով կատարելու համար,

անհրաժեշտության դեպքում` տեղեկատվության մատչելիության սահմանափակման աստիճանի նշումը:

3. Գրավոր փոխանցվող հայցը կամ տեղեկատվությունը ստորագրվում են հայցող Կողմի պետության իրավասու մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և վավերացվում են այդ իրավասու մարմնի` զինանշանի պատկերն ունեցող կնիքով:

4. Հայցի կամ տեղեկատվության իսկության կամ բովանդակության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում կարող է պահանջվել դրանց հաստատումը կամ պարզաբանումը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Հայցվող Կողմի պետության իրավասու մարմինը հայցը կատարում է հնարավորին չափ սեղմ ժամկետում, բայց առավելագույնը` հայցը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում` բացառությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման մասին հայցերի կատարման, եթե Կողմերի միջև այլ պայմանավորվածություն չկա, և այդ մասին տեղեկացնում է հայցող Կողմի պետության իրավասու մարմնին:

2. Հայցվող Կողմի պետության իրավասու մարմինն անմիջապես ծանուցում է հայցող Կողմի պետության իրավասու մարմնին հայցի կատարմանը խոչընդոտող կամ կատարումը զգալիորեն ուշացնող հանգամանքների մասին:

3. Եթե հայցի կատարումը հայցն ստացած մարմնի իրավասության մեջ չէ, ապա նա փոխանցում է հայցը իր պետության մեկ այլ մարմնի, որն իրավասու է այն կատարելու, և այդ մասին անմիջապես տեղեկացնում է հայցող Կողմի իրավասու մարմնին:

4. Հայցվող Կողմի պետության իրավասու մարմինը կարող է հայցող Կողմի պետության իրավասու մարմնից պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք, իր կարծիքով, անհրաժեշտ են հայցը կատարելու համար:

5. Հայցը կատարելիս կիրառվում է հայցվող Կողմի պետության օրենսդրությունը: Հայցող Կողմի պետության իրավասու մարմնի խնդրանքով` կարող է կիրառվել հայցող Կողմի պետության օրենսդրությունը, եթե դա չի հակասում հայցվող Կողմի պետության օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:

6. Հայցվող Կողմի պետության իրավասու մարմինը կարող է թույլատրել հայցող Կողմի պետության իրավասու մարմնի ներկայացուցիչներին հայցի կատարման ժամանակ ներկա գտնվել իր պետության տարածքում, եթե դա չի հակասում այդ պետության օրենսդրությանը:

7. Հայցի կատարումը կարող է հետաձգվել, կամ դրա կատարումը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվել, եթե հայցվող Կողմի պետության իրավասու մարմինը համարում է, որ դրա կատարումը կարող է վնաս հասցնել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ այլ էական շահերին կամ հակասում է հայցվող Կողմի պետության օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:

8. Հայցի կատարումը կարող է մերժվել նաև, եթե այն գործողությունը, որի կապակցությամբ հայցն ուղարկվել է, հայցվող Կողմի պետության օրենսդրությամբ հանցագործություն չէ:

9. Հայցի կատարման ամբողջական կամ մասնակի մերժման կամ հետաձգման մասին հայցվող Կողմի պետության իրավասու մարմինը ծանուցում է հայցող Կողմի պետության իրավասու մարմնին` նշելով մերժման կամ հետաձգման պատճառները:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է սույն Համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկատվության և փաստաթղթերի պաշտպանությունն ու պահպանվածությունը: Տեղեկատվության կամ փաստաթղթերի մատչելիության սահմանափակման աստիճանը որոշում է հայցող Կողմը:

2. Սույն Համաձայնագրի հիման վրա ստացված տեղեկատվությունը կամ հայցի կատարման արդյունքները, առանց դրանք տրամադրող Կողմի գրավոր համաձայնության, չեն կարող օգտագործվել այլ նպատակներով քան այն նպատակներն են, որոնց համար դրանք հայցվել կամ տրամադրվել են:

3. Տեղեկատվությունը և փաստաթղթերը, որոնք սույն Համաձայնագրի հիման վրա մի Կողմը ստացել է մյուս Կողմից, ենթակա չեն փոխանցման երրորդ կողմի` առանց դրանք տրամադրած Կողմի նախնական գրավոր համաձայնության:

4. Կողմերի` ստացված տեղեկատվության պաշտպանության ապահովման հետ կապված պարտավորություններն ուժի մեջ են մնում նաև սույն Համաձայնագրի գործողության դադարեցումից կամ դրանից դուրս գալուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերը, ըստ անհրաժեշտության, անցկացնում են խորհրդատվություններ և խորհրդակցություններ համագործակցության արդյունքների վերլուծության և գնահատման, ինչպես նաև դրա կատարելագործման ուղիների մշակման համար:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերն ինքնուրույն են կրում սույն Համաձայնագրի կատարման ընթացքում ծագող ծախսերը, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չի համաձայնեցվում:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտավորությունները, որոնք կապված են այլ միջազգային պայմանագրերի հետ, որոնց մասնակից է այդ Կողմի պետությունը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցություն իրականացնելիս Կողմերը որպես աշխատանքային լեզու օգտագործում են ռուսերենը:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից:

Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին գրավոր ծանուցելով ավանդապահին դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է Անկախ Պետությունների Համագործակցության այն չստորագրած մասնակից պետությունների, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից չհանդիսացող պետությունների համար այդ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին հանձնելու միջոցով:

Անկախ Պետությունների Համագործակցության միացող մասնակից պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից երեք ամիսը լրանալուց հետո:

Եթե ավանդապահն ստանում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից չհանդիսացող պետության` սույն Համաձայնագրին միանալու մասին ծանուցում, ավանդապահն անմիջապես այդ մասին տեղեկացնում է Կողմերին: Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից չհանդիսացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած կամ դրան միացած պետությունների` այդ միանալուն համաձայնության մասին վերջին ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից երեք ամիսը լրանալուց հետո:

 

Կատարված է Քիշնև քաղաքում 2008 թվականի նոյեմբերի 14-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Հայաստանի Հանրապետության համար համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. նոյեմբերի 11-ին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ

 

25-րդ կետի համաձայն` «Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման և շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» Համաձայնագրի վերաբերյալ

 

16-րդ հոդվածն ընդունվում է հետևյալ խմբագրությամբ. «Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով և դրա անբաժանելի մասն է»:

 

 

pin
''
14.11.2008
Միջազգային պայմանագիր