Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ21-01-2014 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀՇՆ21-01-2014 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ...

 

 

117.0078.170414

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        04            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11714171

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

17 մարտի 2014 թվականի N 78-Ն

 

ՀՀՇՆ21-01-2014 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

3. Տարահանման ուղիներ

 

68. Տարահանման ուղիները պետք է լուսավորված լինեն ՀՀՇՆ II-8.03 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

69. Սենքերի առավել հեռավոր կետերից, իսկ Գ5 դասի շենքերի համար առավել հեռավոր աշխատատեղից, սահմանային թույլատրելի հեռավորությունը մինչև մոտակա տարահանման ելքը, որը չափվում է տարահանման ուղու առանցքով, պետք է սահմանափակվի` կախված գործառական հրդեհային վտանգավորության դասից և շենքերի ու սենքերի հրդեհապայթյունավտանգավորության կարգից, տարահանվողների թվաքանակից, տարահանման ուղիների և սենքերի երկրաչափական պարամետրերից, կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասից և շենքի հրակայունության աստիճանից: 2-րդ տեսակի սանդուղքով տարահանման ուղիների երկարությունը հարկավոր է ընդունել հավասար իր բարձրության եռակի չափին:

70. Տարահանման ուղիները հարկավոր է նախատեսել հաշվի առնելով սույն նորմերի 50-րդ կետի պահանջները: Դրանք չպետք է ներառեն վերելակներ և շարժական դռներ, ինչպես նաև հատվածամասեր, որոնք տանում են`

1) վերելակների հորաններից ելքերով միջանցքների միջով, վերելակների նախասրահներով և վերելակների առջևի նախամուտքերի միջով, եթե վերելակների հորանների պատող կոնստրուկցիաները, ներառյալ վերելակների հորանների դռները, չեն համապատասխանում հակահրդեհային պատնեշներին ներկայացվող պահանջներին,

2) «միջանցիկ» սանդղավանդակների միջով, երբ սանդղավանդակի հարթակը հանդիսանում է միջանցքի մասը, ինչպես նաև տարահանման ուղի չհանդիսացող 2-րդ տեսակի սանդուղք ունեցող սենքի միջով,

3) շենքի տանիքով, բացառությամբ շահագործվող տանիքից կամ հատուկ սարքավորված տանիքի հատվածամասից,

4) երկու հարկից (հարկաբաժիններից) ավելի միացնող, ինչպես նաև նկուղային և որմնախարսխային հարկեր տանող 2-րդ տեսակի սանդուղքներով, բացառությամբ սույն նորմերի 50-րդ կետում նշված դեպքերից:

71. Բոլոր աստիճանի հրակայունության և կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասերի շենքերում, բացի V աստիճանի հրակայունության և C(Ց)3 դասի շենքերից, տարահանման ուղիներում չի թույլատրվում օգտագործել ավելի բարձր հրդեհային վտանգավորությամբ նյութեր, քան`

1) Ա1, Բ1, Ծ2, Թ2 - պատերի, առաստաղների հարդարման, նախասրահներում, սանդղավանդակներում, վերելակի նախասրահներում կախովի առաստաղների լցվածքի համար,

2) Ա2, Բ2, Ծ3, Թ3 կամ Ա2, Բ3, Ծ2, Թ2 - պատերի, առաստաղների հարդարման, ընդհանուր միջանցքներում, սպասասրահներում և ճեմասրահներում կախովի առաստաղների լցվածքի համար,

3) Ա2, ԲՏ2, Ծ2, Թ2 - նախասրահներում, սանդղավանդակներում, վերելակի նախասրահներում հատակի ծածկույթի համար,

4) Բ2, ԲՏ2, Ծ3, Թ2 - ընդհանուր միջանցքներում, սպասասրահներում և ճեմասրահներում հատակի ծածկույթի համար:

72. Ընդհանուր միջանցքներում, բացառությամբ նորմերում հատուկ վերապահված դեպքերի, չի թույլատրվում հարկի հատակից 2 մ-ից պակաս բարձրության վրա տեղակայել պատի մակերեսից դուրս եկող սարքավորումներ, վառվող հեղուկներով խողովակաշարեր և գազատարեր, ինչպես նաև ներկառուցված պահարաններ, բացի հրշեջ ծորակների ու հաղորդակցուղիների պահարաններից:

73. 60 մ-ից ավելի երկարությամբ ընդհանուր միջանցքները հարկավոր է բաժանել հատվածամասերի` 2-րդ տեսակի հակահրդեհային պատնեշներով և հակահրդեհային դռներով, որոնց երկարությունը որոշվում է համապատասխան նորմատիվ փաստաթղթերով, բայց չպետք է գերազանցի 60 մ-ը: Սենքերից դեպի միջանցք բացվող դռների դեպքում միջանցքով տարահանման ուղու լայնությունը հարկավոր է ընդունել միջանցքի լայնությունը` փոքրացված.

1) դռան փեղկի լայնության կեսի չափով` դռների միակողմանի տեղադրման դեպքում,

2) դռան փեղկի լայնությամբ` դռների երկկողմանի տեղադրման դեպքում: Այս պահանջը չի տարածվում միջհարկային միջանցքների (նախասրահների) վրա, որոնք սարքավորվում են Գ1.3 դասի շենքերում բնակարանի և սանդղավանդակի ելքերի միջև:

74. Տարահանման ուղիների հորիզոնական հատվածամասերի առլույս բարձրությունը պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս, տարահանման ուղիների հորիզոնական հատվածամասերի և թեք հարթակի լայնությունը պետք է լինի ոչ պակաս`

1) 1,2 մ-ից - ընդհանուր միջանցքների համար, որոնցով Գ1 դասի սենքերից կարող են տարահանվել 15-ից ավելի, իսկ գործառական հրդեհային վտանգավորության այլ դասի սենքերից` 50-ից ավելի մարդ,

2) 0,7 մ-ից - դեպի մեկ միավոր աշխատատեղեր տանող անցումների համար,

3) 1,0 մ-ից - մնացած բոլոր դեպքերում:

75. Ցանկացած դեպքում տարահանման ուղիները պետք է լինեն այնպիսի լայնությամբ, որպեսզի, հաշվի առնելով երկրաչափական ձևը, հնարավոր լինի դրանցով անարգելք անցկացնել պատգարակներ` դրանց վրա պառկած մարդկանցով հանդերձ:

76. Տարահանման ուղիների հատակի վրա չեն թույլատրվում բարձրությունների 45 սմ-ից պակաս անկումներ և ելուստներ, բացառությամբ դռների բացվածքների շեմերի: Բարձրությունների անկումների տեղերում պետք է նախատեսել սանդուղքներ 3-ից ոչ պակաս աստիճանների թվաքանակով, կամ 1:6 ոչ ավելի թեքությամբ թեք հարթակներ: Սանդուղքների 45 սմ-ից ավելի բարձրության դեպքում պետք է նախատեսվեն բազրիքներով ճաղաշարեր:

 

VI. 4 Տարահանում սանդուղքներով և սանդղավանդակներով

 

77. Տարահանման ուղիների սանդղաբազկի և սանդղավանդակի սահմաններում չի թույլատրվում պտուտակային, հատակագծում լրիվ կամ մասամբ կորագիծ սանդուղքների, ինչպես նաև տարբեր լայնությամբ սանդղամատերի և տարբեր բարձրությամբ աստիճանների տեղակայում:

78. Սանդղավանդակները պետք է առանձնացված լինեն հարակից տարածքներից (միջանցքներ, սպասասրահներ, նախասրահներ, ճեմասրահներ և նմանատիպ այլ սենքեր) հակահրդեհային պատերով և դռներով:

79. Մարդկանց տարահանման համար նախատեսված սանդղաբազկի (այդ թվում` սանդղավանդակում տեղավորված) լայնությունը պետք է լինի ոչ պակաս հաշվարկայինից, կամ ոչ փոքր դրա վրա դուրս եկող ցանկացած տարահանման ելքից (դռնից), բայց ոչ պակաս`

1) 1,35 մ-ից - Գ1.1 դասի շենքերի համար,

2) 1,2 մ-ից - ցանկացած հարկում, բացի առաջին հարկից, 200 մարդ և ավելի թվաքանակով շենքերի համար,

3) 0,7 մ-ից - մեկ միավոր աշխատատեղ տանող աստիճանների համար,

4) 0,9 մ-ից - մնացած բոլոր դեպքերի համար:

80. Տարահանման ուղիներում սանդուղքների թեքությունը, պետք է լինի 1:1 հարաբերությունից ոչ ավելի, սանդղամատի լայնությունը` 25 սմ-ից ոչ պակաս, իսկ աստիճանի բարձրությունը` 22 սմ-ից ոչ ավելի: Միայնակ աշխատատեղ տանող անցման բաց աստիճանների թեքությունը թույլատրվում է մեծացնել մինչև 2:1 հարաբերությունը:

81. Կորագիծ շքաաստիճանների սանդղամատերի լայնությունը նեղ հատվածներում թույլատրվում է փոքրացնել մինչև 22 սմ-ը, իսկ 15 մարդուց ոչ ավելի ընդհանուր աշխատատեղերով սենքերի (բացի Ա և Բ կարգի Գ5 դասի սենքերից) սանդուղքների սանդղամատերի լայնությունը` մինչև 12 սմ-ը:

82. Երրորդ տեսակի սանդուղքները` ըստ սույն նորմերի 30-րդ կետի 1-ին ենթակետի, պետք է իրականացնել չայրվող նյութերից ու տեղաբաշխել Կ1-ից ոչ ցածր դասի պատերի խուլ (առանց լուսավորության բացվածքների) հատվածամասերում, REI(ՌԵԻ)30-ից ոչ ցածր հրակայունության սահմանով: Այդ սանդուղքները պետք է ունենան տարահանման ելքերի մակարդակի հարթակներ` 1,2 մ բարձրությամբ ճաղաշարով, և տեղակայված լինեն պատուհանային բացվածքներից 1,0 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: REI(ՌԵԻ)30-ից ոչ ցածր հրակայունության սահմանով երրորդ տեսակի սանդուղքներ թույլատրվում է կիրառել հինգ հարկից ոչ ավելի բարձրությամբ շենքերի համար:

83. Սանդղահարթակների լայնությունը պետք է լինի սանդղաբազկի լայնությունից ոչ պակաս, իսկ երկփեղկ դռներով վերելակների ելքերի առջև` սանդղաբազկի լայնության և վերելակի դռան լայնության կեսի գումարից ոչ պակաս, բայց 1,6 մ-ից ոչ պակաս: Միջանկյալ հարթակները սանդուղքի ուղիղ սանդղաբազկում պետք է ունենան 1,0 մ-ից ոչ պակաս երկարություն: Սանդղավանդակ դուրս եկող դռները բաց վիճակում չպետք է փոքրացնեն սանդղահարթակների և սանդղաբազուկների լայնությունը:

84. Սանդղավանդակներում չի թույլատրվում տեղակայել դյուրավառ գազերով և հեղուկներով խողովակագծեր, ներկառուցված պահարաններ, բացի հրշեջ ծորակների և հաղորդակցուղիների համար նախատեսված պահարաններից, էլեկտրական մալուխներ և հաղորդալարեր (բացառությամբ սանդղավանդակների և միջանցքների լուսավորման համար էլեկտրահաղորդալարերից), ներկառուցել ցանկացած նշանակության սենքեր, նախատեսել ելքեր բեռնատար վերելակներից և բեռնամբարձիչներից, ինչպես նաև տեղակայել պատի մակերևույթից դուրս եկող սարքավորումներ` սանդղամատի մակերևույթից և սանդղահարթակից մինչև 2,2 մ բարձրության վրա:

85. Գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերում, որտեղ հարկի բարձրությունը (հատակից մինչև առաստաղ) կազմում է 2,5 մ, թույլատրվում է գազի հաշվիչների արկղերի տեղադրումն իրականացնել սանդղավանդակներում` սանդղահարթակի, սանդղավանդակի սանդղամատերի կամ հարկի հատակի մակերևույթից 1,9 մ բարձրության վրա:

86. Մինչև 28 մ-ը ներառյալ բարձրությամբ շենքերում սովորական սանդղավանդակներում թույլատրվում է նախատեսել աղբամուղեր և սենքերի լուսավորման համար նախատեսված էլեկտրահաղորդալարեր: Սովորական սանդղավանդակների ծավալում չի թույլատրվում ներկառուցել այլ նշանակության սենքեր, բացի պահակակետի սենքից: Թույլատրվում է առաջին, որմնախարսխային կամ նկուղային հարկերի սանդղաբազուկների տակ ջեռուցման կառավարման, ջրաչափական հանգույցների և էլեկտրական ջրաբաշխիչ սարքերի տեղակայումը: Չծխապատվող սանդղավանդակներում թույլատրվում է նախատեսել միայն ջեռուցման սարքեր:

87. Գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերի գազամատակարարումը վերականգնելիս, որտեղ գազականգնակներն ամբողջությամբ կամ մասամբ անցնում են սանդղավանդակներով, գազի ծախսի հաշվիչներ (տեղակայված չայրվող արկղերում) և առանց պարուրակային միացման գազատար խողովակներ թույլատրվում է տեղակայել 2-րդ աստիճանի հրակայունությունից ոչ պակաս բնական արտածման օդափոխությամբ սանդղավանդակներում, եթե առկա են գազի կոնցենտրացիայի անթույլատրելի չափը կանխարգելող ավտոմատ սարքեր:

88. Գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերի գազամատակարարումը վերականգնելիս, նախագծային լուծումները անհրաժեշտ է համաձայնեցնել հրդեհային հսկողություն իրականացնող պետական մարմնի հետ:

89. Շենքերի պատերի մեջ ծխատար և օդատար ուղիները թույլատրվում է անցկացնել միասին: Այդ դեպքում դրանք շենքի ամբողջ բարձրությամբ պետք է բաժանված լինեն իրարից ոչ պակաս 120 մմ հաստությամբ հերմետիկ միջնորմերով` պատրաստված պատի նյութից:

90. Սանդղավանդակներում, բացի չծխապատվող սանդղավանդակների, թույլատրվում է տեղակայել առաջին հարկից ոչ ցածր իջնող երկուսից ոչ ավելի մարդատար վերելակներ, որոնց հորանների պատող կոնստրուկցիաները չայրվող նյութերից են: Չծխապատվող սանդղավանդակներում թույլատրվում է նախատեսել միայն ջեռուցման սարքեր:

91. Սանդղավանդակները պետք է ունենան ելք` դեպի դուրս շենքին հարող տարածք անմիջապես կամ նախասրահով, անջատված կից միջանցքներից դռներով, միջնապատերով: Երկու սանդղավանդակներից դեպի ընդհանուր նախասրահ տարահանման ելքի կիրառման դեպքում դրանցից մեկը, բացի ելքից դեպի նախասրահ, պետք է ունենա ելք անմիջապես դեպի դուրս: Չ1 տեսակի սանդղավանդակները պետք է ունենան ելք միայն անմիջականորեն դուրս:

92. Սանդղավանդակները, բացառությամբ Ս2 տեսակի սանդղավանդակներից, յուրաքանչյուր հարկում արտաքին պատերում պետք է ունենան 1,2 մ2-ուց ոչ պակաս մակերեսով լուսաբացվածքներ: Թույլատրվում է տարահանման համար նախատեսված ներքին սանդղավանդակների 50%-ից ոչ ավելին նախատեսել առանց լուսաբացվածքների հետևյալ շենքերում`

1) Գ2, Գ3 և Գ4 դասի - Չ2 կամ Չ3 տեսակի` հրդեհի դեպքում օդի ճնշումով,

2) Գ5 դասի Վ կարգի մինչև 28 մ բարձրությամբ, իսկ Գ և Դ կարգի, անկախ շենքի բարձրությունից Չ3 տեսակի` օդի ճնշմամբ հրդեհի դեպքում,

3) Ս2 տեսակի սանդղավանդակները վերնածածկում պետք է ունենան 4 մ2-ուց ոչ պակաս մակերեսով լուսաբացվածքներ` 0,7 մ-ից ոչ պակաս լայնությամբ սանդղաբազուկների միջև լուսաճեղքերով կամ սանդղավանդակի ամբողջ բարձրությամբ 2 մ2-ուց ոչ պակաս մակերեսով հորիզոնական կտրվածքի լուսավորության հորանցքներ:

93. Չ2 և Չ3 տեսակի սանդղավանդակների հակածխային պաշտպանությունը պետք է նախատեսվի ՀՀ գործող նորմատիվ փաստաթղթերին համապատասխան: Անհրաժեշտության դեպքում Չ2 տեսակի սանդղավանդակները` ըստ բարձրության պետք է բաժանել հատվածամասերի 1-ին տեսակի խուլ հակահրդեհային միջնորմերով, սանդղավանդակի ծավալից դուրս հատվածամասերի միջև անցումներով: Չ2 տեսակի սանդղավանդակներում պատուհանները պետք է լինեն չբացվող:

94. Արտաքին օդային գոտու միջով դեպի Չ1 տեսակի չծխապատվող սանդղավանդակներ տանող անցումների չծխանելիությունը պետք է ապահովվի իրենց կոնստրուկտիվ և ծավալահատակագծային լուծումներով, այդ անցումները պետք է լինեն բաց, չպետք է տեղակայված լինեն շենքի ներքին անկյուններում և պետք է ունենան 1,2 մ-ից ոչ պակաս լայնություն, 1,2 մ բարձրությամբ ցանկապատով, արտաքին օդային գոտում դռների միջև միջնապատի լայնությունը պետք է լինի 1,2 մ-ից ոչ պակաս, իսկ սանդղավանդակի դռների, պատուհանների բացվածքների և մոտակա պատուհանների միջև` 2 մ-ից ոչ պակաս հեռավորություն: Շենքի արտաքին պատի մեկ կողմը մյուսին 1350-ից ոչ պակաս անկյան տակ կցման դեպքում արտաքին օդային գոտում դռան մոտակա բացվածքից մինչև արտաքին պատի ներքին անկյան գագաթը հեռավորությունը պետք է լինի 4 մ-ից ոչ պակաս, այդ հեռավորությունը կարելի է փոքրացնել արտաքին պատի ելուստի չափով: Տվյալ պահանջը չի տարածվում 1350 և ավելի ներքին անկյուններում տեղակայված անցուղիների վրա, ինչպես նաև պատի 1,2 մ-ից ոչ ավելի ելուստի դեպքում:

95. Ս1 տեսակի սանդղավանդակներ կարող են նախատեսվել մինչև 28 մ բարձրությամբ բոլոր դասերի գործառական հրդեհային վտանգավորության շենքերում, ընդ որում, Գ5 դասի Ա և Բ կարգի շենքերում Ա և Բ կարգի սենքերից դեպի յուրաքանչյուր հարկի միջանցք ելքերը պետք է նախատեսել նախամուտք-անցախցերի միջով` օդի մշտական ճնշմամբ:

96. Ս2 տեսակի սանդղավանդակներ թույլատրվում է նախատեսել I, II և III աստիճանի հրակայունությամբ C(Ց)0 և C(Ց)1 դասերի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության և Գ1, Գ2, Գ3, Գ4 գործառական հրդեհային վտանգավորության շենքերում` 9 մ-ից ոչ ավելի բարձրությամբ: Թույլատրվում է ավելացնել շենքի բարձրությունը մինչև 12 մ` հրդեհի ժամանակ վերևի լուսաբացվածքի ավտոմատ բացման և Գ1.3 դասի շենքերում` հրդեհի ազդանշանման ավտոմատ ազդարարիչների տեղակայման դեպքերում: Ընդ որում, Գ2, Գ3 և Գ4 դասի շենքերում այդպիսի սանդուղքները պետք է լինեն 50%-ից ոչ ավելի, իսկ մնացածները յուրաքանչյուր հարկում պետք է ունենան արտաքին պատերում լուսաբացվածքներ: Հատվածամասային տեսակի Գ1.3 դասի շենքերում 4 մ-ից բարձր տեղադրված յուրաքանչյուր բնակարանում պետք է նախատեսել վթարային ելք` ըստ սույն նորմերի 66-րդ կետի:

97. 28 մ-ից ավելի բարձրությամբ շենքերում, ինչպես նաև Ա և Բ կարգի Գ5 դասի շենքերում պետք է նախատեսել Չ1 տեսակի չծխապատվող սանդղավանդակներ: Թույլատրվում է նախատեսել.

1) Գ1.3 դասի միջանցքային տեսակի շենքերում` սանդղավանդակների 50%-ից ոչ ավելին` Չ2 տեսակի,

2) Գ5 դասի Ա և Բ կարգի շենքերում Չ2 և Չ3 տեսակի սանդղավանդակներ բնական լուսավորությամբ և հրդեհի դեպքում մշտական օդի ճնշմամբ,

3) Գ1.1, Գ1.2, Գ2, Գ3 և Գ4 դասի շենքերում 50%-ից ոչ ավելի Չ2 կամ Չ3 տեսակի սանդղավանդակներ` հրդեհի դեպքում օդի ճնշմամբ,

4) Գ5 դասի Վ կարգի շենքերում` Չ2 կամ Չ3 տեսակի սանդղավանդակներ` հրդեհի դեպքում օդի ճնշմամբ,

5) Գ5 դասի Գ և Դ կարգի շենքերում` Չ2 կամ Չ3 տեսակի սանդղավանդակներ, հրդեհի դեպքում օդի ճնշմամբ, ինչպես նաև Ս1 տեսակի սանդղավանդակներ, բաժանելով դրանց բարձրությունը յուրաքանչյուր 20 մ-ը մեկ խուլ հակահրդեհային միջնորմերով և սանդղավանդակի ծավալից դուրս սանդղավանդակի մի մասից դեպի մյուսն անցումով:

98. Չծխապատվող սանդղավանդակներով շենքերում պետք է նախատեսել ընդհանուր միջանցքների, նախասրահների, ճեմասրահների և նախամուտքերի հակածխային պաշտպանություն:

99. Բոլոր դասի գործառնական հրդեհային վտանգավորության շենքերում, բացառությամբ Գ1.3 դասի, տեխնոլոգիական պայմաններից ելնելով, թույլատրվում է նախատեսել սույն նորմերի 121-րդ կետի պահանջներին համապատասխանող առաջին և որմնախարսխային (կամ նկուղային) հարկերի միջև հաղորդակցման համար առանձին սանդուղքներ: Տարահանման դեպքում այդ սանդուղքները հաշվի չեն առնվում, բացառությամբ սույն նորմերի 50-րդ կետում նշված դեպքերից:

100. I և II աստիճանի հրակայունության C(Ց)Օ դասի շենքերում թույլատրվում է նախատեսել նախասրահից մինչև երկրորդ հարկ տանող 2-րդ տեսակի աստիճաններ, հաշվի առնելով սույն նորմերի 122-րդ կետի պահանջները:

101. 28 մ-ից ոչ ավելի բարձրությամբ, Գ1.2, Գ2, Գ3 և Գ4 դասի գործառական կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության, I և II աստիճանի հրակայունության և C(Ց)Օ դասի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության շենքերում թույլատրվում է կիրառել երկուսից ավելի հարկեր միացնող 2-րդ տեսակի սանդուղքներ` նորմերով պահանջվող տարահանման սանդղավանդակների առկայության և սույն նորմերի 129-րդ կետի պահանջների պահպանման դեպքում:

102. Շարժասանդուղքները պետք է նախատեսել 2-րդ տեսակի սանդուղքների համար ընդունված պահանջներին համապատասխան:

 

VII. ՀՐԴԵՀԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

 

103. Հրդեհի տարածումը կանխարգելվում է այրման մակերեսի ինտենսիվությունը և տևողությունը սահմանափակող միջոցառումների իրականացմամբ: Դրանց են վերաբերում.

1) սենքում, սենքերի միջև, տարբեր գործառնական հրդեհային վտանգավորության սենքերի խմբերի միջև, հրդեհային հատվածամասերի միջև, ինչպես նաև շենքերի միջև հրդեհի վտանգավոր գործոնների տարածումն արգելակող կոնստրուկտիվ և ծավալահատակագծային լուծումները,

2) շենքի կոնստրուկցիաների, այդ թվում` տանիքածածկերի, ճակատների հարդարման ու երեսապատման, սենքերի և տարահանման ուղիների մակերևութային շերտերում օգտագործվող շինարարական նյութերի հրդեհային վտանգավորության սահմանափակումը,

3) սենքերի և շենքերի տեխնոլոգիական պայթյունահրդեհային և հրդեհային վտանգավորության նվազեցումը,

4) հրդեհաշիջման առաջնային, այդ թվում` ավտոմատ հրդեհաշիջման միջոցների առկայությունը,

5) հրդեհի մասին ազդանշանումը և ազդարարումը:

104. Շենքերի մասերը, որտեղ հրդեհի մարումը դժվար է իրականացնել (տեխնիկական սենքեր և հարկեր, նկուղային և որմնախարսխային հարկեր ու շենքի այլ մասեր), պետք է սարքավորել լրացուցիչ միջոցներով` ուղղված այրման մակերեսի, ինտենսիվության և տևողության սահմանափակմանը:

105. Հրդեհի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը թույլատրվում է գնահատել հրդեհից ուղղակի և անուղղակի վնասի սահմանափակմանն ուղղված սույն նորմերի IV բաժնի պահանջների վրա հիմնված տեխնիկատնտեսական հաշվարկներով:

106. Տարբեր դասի գործառական հրդեհային վտանգավորության շենքերի մասերը և սենքերը միմյանցից պետք է բաժանված լինեն հրակայունության սահմաններով և կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասերով` նորմավորված պատող կոնստրուկցիաներով կամ հակահրդեհային պատնեշներով: Ընդ որում, այդպիսի պատող կոնստրուկցիաներին և հակահրդեհային պատնեշների տեսակներին ներկայացվող պահանջները սահմանվում են, հաշվի առնելով սենքերի գործառական հրդեհային վտանգավորությունը, հրդեհային բեռնվածքի մեծությունը, հրակայունության աստիճանը և շենքի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը:

107. Շենքում հակահրդեհային պատնեշներով բաժանված տարբեր գործառական հրդեհային վտանգավորության հատվածամասերի առկայության դեպքում, յուրաքանչյուր այդպիսի մասը պետք է բավարարի համապատասխան գործառական հրդեհային վտանգավորության շենքերին ներկայացվող հակահրդեհային պահանջներին: Շենքի հակահրդեհային պաշտպանության համակարգն ընտրելիս պետք է հաշվի առնել, որ նրա մասերի տարբեր գործառական հրդեհային վտանգավորության դեպքում, շենքի գործառական հրդեհային վտանգավորությունն ամբողջությամբ կարող է մեծ լինել այդ մասերի յուրաքանչյուրի գործառական հրդեհային վտանգավորությունից:

108. Գ5 դասի շենքերում Ա և Բ կարգի սենքերը, եթե դա թույլատրվում է տեխնոլոգիական պահանջներով, պետք է տեղակայել արտաքին պատերի մոտ, իսկ բազմահարկ շենքերում` վերևի հարկերում:

109. Նկուղային և որմնախարսխային հարկերում չի թույլատրվում տեղաբաշխել սենքեր, որոնցում օգտագործվում կամ պահվում են այրվող գազեր և հեղուկներ, ինչպես նաև դյուրաբոցավառ նյութեր` բացառությամբ վերապահված դեպքերի:

110. Շինարարական կոնստրուկցիաները չպետք է նպաստեն այրման թաքնված տարածմանը:

111. Շինարարական կոնստրուկցիաների ամրակման հանգույցի հրակայունությունը պետք է լինի կոնստրուկցիայի պահանջվող հրակայունությունից ոչ ցածր:

112. Դահլիճային սենքերում հատակի թեքություն առաջացնող կոնստրուկցիաները պետք է համապատասխանեն միջհարկային ծածկերի համար սույն նորմերի 4-րդ և 5-րդ աղյուսակներով սահմանված պահանջներին:

113. Նորմավորված հրակայունությամբ և հրդեհային վտանգավորությամբ պատող կոնստրուկցիաների հետ խողովակաշարով և մալուխներով փոխհատվող հանգույցները չպետք է նվազեցնեն կոնստրուկցիաների պահանջվող հրդեհատեխնիկական ցուցանիշները:

114. Կոնստրուկցիաների բաց մակերևույթի վրա պատված հատուկ հրապաշտպան ծածկույթները և տոգորանյութերը պետք է համապատասխանեն կոնստրուկցիաների հարդարմանը ներկայացվող պահանջներին: Տեխնիկական փաստաթղթերում այդ ծածկույթների և տոգորանյութերի վերաբերյալ պետք է տրված լինի դրանց փոխարինման կամ վերականգնման պարբերականությունը` կախված շահագործման պայմաններից: Կոնստրուկցիաների հրակայունության սահմանը բարձրացնելու կամ հրդեհային վտանգավորության դասը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է այդ կոնստրուկցիաները հատուկ հրապաշտպան նյութերով ենթարկել տոգորման: Կոնստրուկցիաների հրակայունության սահմանների բարձրացման կամ հրդեհային վտանգավորության կարգերի նվազեցման դեպքում չի թույլատրվում հատուկ հրապաշտպան ծածկույթների օգտագործումն այն տեղերում, որտեղ բացառվում է դրանց պարբերական փոխարինումը կամ վերականգնումը:

115. Նյութերի հրդեհային վտանգավորության նվազեցման համար նախատեսված հրապաշտպան միջոցների արդյունավետությունը պետք է գնահատվի փորձարկման միջոցով` սույն նորմերի V բաժնում սահմանված շինարարական նյութերի հրդեհային վտանգավորության խմբերի որոշման համար: Կոնստրուկցիաների հրակայունությունը բարձրացնելու համար օգտագործվող հրապաշտպան միջոցների արդյունավետությունը պետք է գնահատվի փորձարկման միջոցով` սույն նորմերի V բաժնում սահմանված շինարարական կոնստրուկցիաների հրակայունության սահմանների որոշման համար:

116. Մետաղե կոնստրուկցիաների կրողականությունը որոշելիս, հաշվի չառնվող հրապաշտպան միջոցների արդյունավետությունը թույլատրվում է գնահատել առանց ստատիկ բեռնվածքի` 1,7 մ-ից ոչ պակաս բարձրությամբ փոքրացված չափերով սյան մոդելի կամ 2,8 մ-ից ոչ պակաս թռիչքով հեծանի մոդելի համեմատական փորձարկումներով:

117. Ծածկերի և վերնածածկերի հրակայունության սահմանը բարձրացնելու նպատակով օգտագործվող կախովի առաստաղներն ըստ հրդեհային վտանգավորության պետք է համապատասխանեն այդ ծածկերին և վերնածածկերին ներկայացվող պահանջներին: Տարահանման ուղիներում և սենքերում կախովի առաստաղների հիմնակմախքը հարկավոր է իրականացնել չայրվող նյութերից: Կախովի առաստաղներով սենքերում հակահրդեհային միջնորմերը պետք է բաժանեն դրանցից վեր գտնվող տարածությունը: Կախովի առաստաղների հետևի տարածությունում չի թույլատրվում նախատեսել այրվող գազերի, փոշեօդային խառնուրդների, հեղուկների և նյութերի տեղափոխման անցուղիներ և խողովակաշարեր: Չի թույլատրվում նախատեսել կախովի առաստաղներ Ա և Բ կարգի սենքերում:

118. Հակահրդեհային պատնեշները շենքի պատող կոնստրուկցիաների հետ միացման տեղերում, այդ թվում` շենքի ուրվագծի փոփոխման տեղերում պետք է նախատեսել հրդեհի տարածումը կանխարգելող միջոցառումներ, շրջանցելով այդ պատնեշները:

119. Շենքը հրդեհային հատվածամասերի բաժանող հակահրդեհային պատերը պետք է կառուցել շենքի ամբողջ բարձրությամբ` հրդեհի տարածումը դեպի հարակից հրդեհային հատվածամաս կանխարգելելու նպատակով:

120. Հրդեհի ժամանակ հակահրդեհային պատնեշների բացվածքները պետք է լինեն փակ: Հակահրդեհային պատնեշներում պատուհանները պետք է լինեն չբացվող, իսկ դռները, դարպասները, ելանցքները և փականները պետք է ունենան ինքնափակման համար սարքվածքներ, փեղկերում` խցվածքներ: Դռները, դարպասները, ելանցքները և փականները, որոնք կարող են շահագործվել բաց վիճակում, պետք է կահավորված լինեն հրդեհի դեպքում իրենց ավտոմատ փակումն ապահովող սարքվածքներով:

121. Հակահրդեհային պատնեշներում բացվածքների ընդհանուր մակերեսը, բացառությամբ վերելակային հորանների պատերի, չպետք է գերազանցի այդ մակերեսի 25%-ը: Հակահրդեհային պատնեշների որմնանցքները պետք է համապատասխանեն սույն նորմերի 27-րդ կետի և սույն բաժնի պահանջներին: Ա և Բ կարգի սենքերը այլ կարգի սենքերից, միջանցքներից, սանդղավանդակներից և վերելակային նախամուտքերից բաժանող հակահրդեհային պատնեշներում պետք է նախատեսել օդի մշտական ճնշումով նախամուտք-անցախցեր, հանրապետական նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Նշված կարգերի երկու և ավելի սենքերի համար ընդհանուր նախամուտք-անցախցերի սարքում չի թույլատրվում:

122. Ա և Բ կարգի սենքերն այլ սենքերից բաժանող այն հակահրդեհային պատնեշներում, որոնցում հնարավոր չէ սարքել նախամուտք-անցախցեր, կամ Վ կարգի սենքերն այլ սենքերից բաժանող հակահրդեհային պատնեշների բացվածքներում (դռներ, դարպասներ, ելանցքներ և փականներ) պետք է նախատեսել միջոցառումների համալիր` հրդեհի տարածումն ու պայթյունավտանգ պարունակություններ առաջացնող այրվող գազերի, դյուրաբոցավառ և այրվող հեղուկների, փոշիների, թելքերի թափանցումը հարակից հարկերը և սենքերը կանխարգելելու համար: Վ, Գ և Դ կարգի հարակից սենքերի միջև հաղորդակցման համար հակահրդեհային պատնեշների բացվածքներում, որոնք չեն կարող փակվել հակահրդեհային դռներով կամ դարպասներով, թույլատրվում է նախատեսել ավտոմատ հրդեհաշիջման կայանքներով կահավորված բաց նախամուտքեր: Այդ նախամուտքերի պատող կոնստրուկցիաները պետք է լինեն հակահրդեհային:

123. Հակահրդեհային պատնեշներում որմնանցքների լցնումը պետք է կատարվի չայրվող նյութերով: Դռները, դարպասները, ելանցքները և փականները թույլատրվում է պատրաստել 40 մմ-ից ոչ պակաս հաստությամբ չայրվող նյութերով պաշտպանված այրվողականության Ա3-ից ոչ ցածր խմբի նյութերի օգտագործմամբ: Հակահրդեհային պատնեշներում նախամուտք-անցախցերի դռները, դարպասները և ելանցքները սենքերի կողմից, որոնցում չեն կիրառվում և չեն պահվում այրվող գազեր, հեղուկներ և նյութեր, ինչպես նաև բացակայում են այրվող փոշու առաջացման հետ կապված գործընթացներ, թույլատրվում է պատրաստել 40 մմ-ից ոչ պակաս հաստությամբ այրվողականության Ա3 խմբի նյութերից և առանց անցքերի:

124. Չի թույլատրվում հակահրդեհային պատերը և 1-ին տեսակի ծածկերը հատել խուղակներով, հորաններով և խողովակաշարերով` նախատեսված այրվող գազերի, փոշեօդային խառնուրդների, հեղուկների և նմանատիպ այլ նյութերի տեղափոխման համար: Վերը նշվածներից տարբերվող նյութերը խուղակներով, հորաններով և խողովակաշարերով տեղափոխելու համար հակահրդեհային պատերի և 1-ին տեսակի ծածկերի հետ դրանց հատման տեղերում պետք է նախատեսել այրման արգասիքների տարածումը կանխարգելող ավտոմատ սարքեր:

125. Վերելակային հորանների (բացի սույն նորմերի 91-րդ կետում նշվածներից) և վերելակների մեքենայական բաժանմունքների սենքերի (բացի տանիքածածկի վրա տեղավորվածներից), ինչպես նաև հաղորդակցուղիների տեղավորման համար անցուղիների, խորշերի և հորանների պատող կոնստրուկցիաները պետք է համապատասխանեն 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմերին և 3-րդ տեսակի ծածկերին ներկայացվող պահանջներին: Վերելակային հորանների պատերում հակահրդեհային դռների սարքման անհնարինության դեպքում պետք է նախատեսել նախամուտքեր կամ նախասրահներ` 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմերով և 3-րդ տեսակի ծածկերով կամ էկրաններ, որոնք հրդեհի դեպքում ավտոմատ կերպով կփակեն վերելակային հորանների դռների բացվածքները: Այդպիսի էկրանները պետք է պատրաստվեն չվառվող նյութերից և դրանց հրակայունության սահմանը պետք է լինի EI(ԵԻ)45-ից ոչ ցածր: Չծխապատվող սանդղավանդակներով շենքերում, որոնք չունեն իրենց ելքերի մոտ հրդեհի դեպքում օդի ճնշումով նախամուտք-անցախցեր, պետք է նախատեսվեն վերելակային հորանների ավտոմատ հակածխային պաշտպանություն: Աղբամուղի փողը պետք է պատրաստել չայրվող նյութերից:

126. Նկուղային կամ որմնախարսխային հարկից, որի սենքերում օգտագործվում կամ պահվում են այրվող նյութեր, առաջին հարկի սենքեր տանող սանդուղքները (100-րդ կետի պահանջներին համապատասխանող) պետք է եզրապատված լինեն 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմերով` հրդեհի դեպքում օդի ճնշումով նախամուտք-անցախցերի կառուցմամբ:

127. Գ5 դասի շենքերում Վ, Գ և Դ կարգի սենքերով նկուղային կամ որմնախարսխային հարկից ելքը դեպի առաջին հարկի նույն կարգի սենքեր թույլատրվում է նախատեսել առանց նախամուտք-անցախցերի կառուցման: Գ2, Գ3 և Գ4 դասի շենքերում ճեմասրահից, հանդերձարաններից, ծխարաններից և սանհանգույցներից, որոնք տեղավորված են նկուղային կամ որմնախարսխային հարկում, դեպի առաջին հարկ ելքերը թույլատրվում է նախատեսել առանց նախամուտք-անցախցերի կառուցման:

128. Նախասրահից մինչև երկրորդ հարկ տանող 2-րդ տեսակի սանդուղք, ըստ սույն նորմերի 30-րդ կետի 1-ին ենթակետի, կամ շարժասանդուղք կառուցելիս, սենքը, որում տեղավորված է սանդուղքը կամ շարժասանդուղքը, պետք է առանձնացված լինի միջանցքներից և հարակից սենքերից 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմերով և հակահրդեհային դռներով:

129. Սենքը, որում տեղավորված է սույն նորմերի 101-րդ կետում նախատեսված 2-րդ տեսակի սանդուղք, պետք է առանձնացված լինի իրեն հարող միջանցքներից և այլ սենքերից 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմերով և հակահրդեհային դռներով: Թույլատրվում է չառանձնացնել հակահրդեհային միջնորմերով սենքը, որում տեղավորված է 2-րդ տեսակի սանդուղք`

1) ամբողջ շենքում ավտոմատ հրդեհաշիջման համակարգի առկայության դեպքում,

2) 9 մ-ից ոչ ավելի բարձրություն և հարկի 300 մ2-ից ոչ ավելի մակերես ունեցող շենքերում:

130. Նկուղային և որմնախարսխային հարկերում վերելակների առջև պետք է նախատեսել հրդեհի դեպքում օդի ճնշմամբ 1-ին տեսակի նախամուտք-անցախուց:

131. Շենքերի և հրդեհային հատվածամասերի չափերի, ինչպես նաև շենքերի միջև հեռավորությունների ընտրությունը պետք է կատարել կախված դրանց հրակայունության սահմանից, կոնստրուկտիվ և գործառական հրդեհային վտանգավորության դասից, հրդեհային բեռնվածքի մեծությունից, հաշվի առնելով նաև հակահրդեհային պաշտպանության միջոցների կիրառման արդյունավետությունը, հրշեջ փրկարարական ստորաբաժանման առկայությունն ու հեռահասությունը, նրանց զինվածությունը, հրդեհի հնարավոր տնտեսական և էկոլոգիական հետևանքները:

132. Շենքերի և շինությունների շահագործման ընթացքում պետք է ապահովված լինի հակահրդեհային պաշտպանության բոլոր ինժեներական միջոցների սարքինությունը:

133. Սահմանված պահանջների համաձայն շենքերը պետք է սարքավորվեն հրդեհի ազդանշանման և հրդեհաշիջման ավտոմատ համակարգերով:

 

VIII. ՀՐԴԵՀԻ ՄԱՐՈՒՄ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

134. Հնարավոր հրդեհի մարումը և փրկարարական աշխատանքների իրագործումն ապահովում են կոնստրուկտիվ, ծավալահատակագծային, ինժեներատեխնիկական և կազմակերպչական հետևյալ միջոցառումներով.

1) հատուկ կամ գործառնական անցումներով և մուտքերով համատեղված հրշեջ փրկարարական տեխնիկայի համար անցումների և ստորգետնյա ուղիների սարքումը,

2) արտաքին հրշեջ սանդուղքների սարքումը և հրշեջ փրկարարական ստորաբաժանումների անձնակազմի ու տեխնիկայի` դեպի շենքերի տանիք և հարկեր բարձրացնելու այլ միջոցների ապահովումը, այդ թվում` «հրշեջ փրկարարական ստորաբաժանումների տեղափոխման» ռեժիմ ունեցող վերելակների սարքումը,

3) հակահրդեհային ջրմուղի, այդ թվում` համատեղված տնտեսականի հետ, կամ հատուկ ջրմուղի, իսկ անհրաժեշտության դեպքում` ցամաքախողովակների և հակահրդեհային ջրավազանների (ամբարների) սարքումը,

4) շենքի ներսում հրշեջ ստորաբաժանումների ընթացուղիների հակածխային պաշտպանությունը,

5) անհրաժեշտության դեպքում մարդկանց փրկության անհատական կամ կոլեկտիվ միջոցներով շենքի կահավորումը,

6) բնակավայրի կամ օբյեկտի տարածքում անձնակազմի անհրաժեշտ թվաքանակով և հրդեհների ազդեցության շառավղում տեղադրված օբյեկտներում հրդեհի մարման պայմաններին համապատասխանող հրդեհային տեխնիկայով հագեցված հրշեջ փրկարարական ստորաբաժանումների տեղավորումը: Նշված միջոցառումների ընտրությունը կախված է շենքի կոնստրուկտիվ և գործառական հրդեհային վտանգավորության դասից:

135. Հիմնական և հատուկ հրշեջ մեքենաների անցումները պետք է նախատեսել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

136. Մինչև տանիքածածկի քիվը կամ արտաքին պատի (քիվապատի) վերևը 10 մ և ավելի բարձրությամբ շենքերի համար պետք է նախատեսել ելքեր դեպի տանիքածածկ անմիջապես սանդղավանդակներից կամ ձեղնահարկերի միջով, բացառությամբ տաք ձեղնահարկի, ինչպես նաև 3-րդ տեսակի սանդուղքներով կամ արտաքին հրշեջ սանդուղքներով:

137. Դեպի տանիքածածկ ելքերի թիվը և տեղաբաշխումը պետք է նախատեսել կախված շենքի գործառական հրդեհային վտանգավորությունից և չափերից, բայց մեկ ելքից ոչ պակաս.

1) ձեղնահարկային վերնածածկով շենքի յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ 100 մ երկարության համար,

2) Գ1, Գ2, Գ3 և Գ4 դասի անձեղնահարկ վերնածածկով շենքերի յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ 1000 մ2 մակերեսի համար,

3) Գ5 դասի շենքերի պարագծով հրշեջ սանդուղքներով տեղադրված յուրաքանչյուր 280 մ-ը մեկ,

4) թույլատրվում է չնախատեսել.

ա. հրշեջ սանդուղքներ շենքի գլխավոր ճակատում, եթե շենքի լայնությունը չի գերազանցում 150 մ-ը, իսկ գլխավոր ճակատին հակադիր կողմից գոյություն ունի հակահրդեհային ջրագիծ,

բ. ելք դեպի տանիք 100 մ2-ուց ոչ ավելի մակերեսով վերնածածկ ունեցող միահարկ շենքերում:

138. Շենքերի ձեղնահարկերում, բացառությամբ Գ1.4 դասի շենքերից, հարկավոր է նախատեսել մշտական սանդուղքներով սարքավորված ելքեր դեպի տանիք` դռներից, ելանցքներից կամ 0,6x0,8 մ-ից ոչ պակաս չափերով պատուհաններից: Սանդղավանդակներից ելքերը դեպի տանիք կամ ձեղնահարկ պետք է նախատեսել ելքի առջև հարթակներ ունեցող սանդղաբազուկներով` 0,75x1,5 մ-ից ոչ պակաս չափերով 2-րդ տեսակի հակահրդեհային դռների միջով: Գ1, Գ2, Գ3 և Գ4 դասի մինչև 15 մ բարձրությամբ շենքերում դեպի ձեղնահարկ կամ տանիք ելքերը թույլատրվում է իրականացնել սանդղավանդակների պատերին ամրացված պողպատե ելարաններով, 0,6x0,8 մ չափերով 2-րդ տեսակի հակահրդեհային ելանցքների միջով:

139. Տեխնիկական հարկերում, այդ թվում` տեխնիկական ներքնահարկերում և տեխնիկական ձեղնահարկերում անցման բարձրությունը առլույս պետք է լինի 1,8 մ-ից ոչ պակաս, ձեղնահարկերում ամբողջ շենքի երկարությամբ` 1,6 մ-ից ոչ պակաս: Այդ անցումների լայնությունը պետք է լինի 1,2 մետրից ոչ պակաս: 2 մ-ից ոչ ավելի երկարությամբ առանձին տեղամասերում ելքի բարձրությունը թույլատրվում է փոքրացնել մինչև 1,2 մ, իսկ լայնությունը` մինչև 0,9 մ:

140. Մանսարդներով շենքերում ձեղնահարկերի ծոցերի պատող կոնստրուկցիաներում պետք է նախատեսել ելանցքներ:

141. Տանիքածածկերի (այդ թվում` լուսաաերացիոն երդիկների տանիքածածկի) վրա բարձրանալու համար բարձրությունների 1 մ-ից ավելի անկման տեղերում պետք է նախատեսել հրշեջ սանդուղքներ: Տանիքածածկի 10 մ-ից ավելի բարձրությունների անկումներում չեն նախատեսվում հրշեջ սանդուղքներ, եթե տանիքածածկի յուրաքանչյուր 100 մ2-ից ավելի մակերեսով յուրաքանչյուր տեղամաս ունի սույն նորմերի 137-րդ կետի պահանջները բավարարող` դեպի տանիքածածկ տանող սեփական ելք, կամ երբ սույն նորմերի 137-րդ կետով բնորոշվող տանիքածածկի ստորին հատվածի բարձրությունը չի գերազանցում 10 մ-ը:

142. 10-ից մինչև 20 մ բարձրանալու համար, ինչպես և տանիքածածկի 1 մ-ից մինչև 20 մ անկման տեղերում պետք է կիրառել Հ1 տեսակի հրշեջ սանդուղքներ, 20 մ-ից ավելի բարձրանալու համար և 20 մ-ից ավելի բարձրությունների անկման տեղերում` Հ2 տեսակի հրշեջ սանդուղքներ: Հրշեջ սանդուղքները պետք է պատրաստվեն չայրվող նյութերից, տեղավորված լինեն պատուհաններից 1 մ-ից ոչ մոտ, և պետք է հաշվարկված լինեն հրշեջ փրկարարական անձնակազմի կողմից օգտագործման համար:

143. Սանդղաբազուկների միջև և սանդղաբազուկների բազրիքների միջև պետք է նախատեսել բացակ հատակագծում` առլույս 75 մմ-ից ոչ պակաս լայնությամբ:

144. Գ1.1 դասի 5 մ-ից ավելի բարձրությամբ շենքերի, 28 մ-ից ավելի բարձրությամբ (բացառությամբ Գ1.3 դասի շենքերի) հրդեհային գործառական վտանգավորության բոլոր դասերի շենքերի յուրաքանչյուր հրդեհային հատվածամասում հրշեջ փրկարարական անձնակազմի փոխադրման համար պետք է նախատեսել հրդեհային անվտանգության նորմերի պահանջներին համապատասխանող վերելակներ` տեղաբաշխված EI(ԵԻ)60 հրակայունության սահմանով հակահրդեհային պատնեշներին ներկայացվող պահանջներին համապատասխանող կոնստրուկցիաներով պատված հորաններում:

145. Տանիքի մինչև 12%-ը ներառյալ թեքությամբ, մինչև քիվը կամ արտաքին պատի (քիվապատի) վերևը 10 մ-ից ավելի բարձրությամբ շենքերում, ինչպես նաև տանիքի 12%-ից ավելի թեքությամբ և քիվի 7 մ-ից ավելի բարձրությամբ շենքերում, տանիքածածկի վրա պետք է նախատեսել բազրիքներով ճաղաշարեր: Անկախ շենքի բարձրությունից այդ ստանդարտի պահանջներին համապատասխանող բազրիքներով ճաղաշարեր պետք է նախատեսել նաև շահագործվող հարթ տանիքածածկերի, պատշգամբների, խորշապատշգամբների, արտաքին սրահների, բաց արտաքին սանդուղքների, սանդղաբազուկների և հարթակների համար:

146. Բնակավայրերի տարածքում հրշեջ փրկարարական ստորաբաժանումները պետք է տեղաբաշխել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, այնպես, որ դրանց սպասարկման շառավիղը քաղաքային բնակավայրերում չգերազանցի 3 կմ-ը, իսկ գյուղական բնակավայրերում` (10-12) կմ-ը:

147. Հակահրդեհային ջրագիծ և հրդեհաշիջման այլ մշտական միջոցներ սարքելու անհրաժեշտությունը պետք է նախատեսվի կախված շենքի հրակայունության աստիճանից, կոնստրուկտիվ ու գործառական հրդեհային վտանգավորությունից, ժամանակավոր հրդեհային բեռնվածքի մեծությունից և հրդեհապայթյունավտանգավորությունից:

148. Հրշեջ փրկարարական անձնակազմի և նրանց սարքավորումների համար պետք է ապահովված լինի մշտական մոտեցման հնարավորությունը շենքերի հակահրդեհային ջրամատակարարման համակարգերին:

149. Տրանսպորտային միջոցների և հետիոտների անցուղիներն անհրաժեշտ է նախատեսել այնպես, որ հրշեջ ավտոմեքենաները և այլ տեխնիկական միջոցները հնարավորություն ունենան մոտենալ բնակելի և հասարակական նշանակության շենքերին, այդ թվում նաև` կցակառույց և ներկառուցված սենքերին, և հրշեջ փրկարարական անձնակազմը ավտոսանդուղքի կամ ավտոամբարձիչի միջոցով կարողանա մոտենալ ցանկացած բնակարանին կամ սենքին`

1) հեռավորությունը անցուղու եզրից մինչև շենքի պատը մինչև 9-ը հարկանի շենքերի համար պետք է ընդունել 5 մ, իսկ 9-ը և ավելի հարկերով շենքերի համար` 8 մ: Այդ գոտում չի թույլատրվում իրականացնել կցակառույցներ, տեղադրել ցանկապատեր, պատնեշներ, օդային էլեկտրահաղորդման գծեր և տնկել ծառեր,

2) շենքի ճակատի երկարությամբ, որը չունի մուտքեր, թույլատրվում է նախատեսել հրշեջ ավտոմեքենաների անցման համար կոշտ ծածկույթով 6 մ լայնությամբ ճանապարհ:

 

IX. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՄԻՋՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

150. Բնակելի, հասարակական և արդյունաբերական կազմակերպությունների օժանդակ շենքերի միջև հակահրդեհային միջտարածությունները ընդունվում են ըստ սույն նորմերի 8-րդ աղյուսակի, իսկ արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների արտադրական շենքերի միջև` ըստ ՀՀՇՆ III-9.02.02 շինարարական նորմերի:

151. Բնակելի, հասարակական և I ու II հրակայունության աստիճանի օժանդակ շենքերից մինչև արտադրական շենքերը և I ու II հրակայունության աստիճանի ավտոտնակները եղած նվազագույն հեռավորությունը պետք է ընդունել 9 մ-ից ոչ պակաս, իսկ մինչև պոլիմերային կամ այրվող նյութերից պատրաստված ծածկերով արտադրական շենքերը` 15 մ:

 

Աղյուսակ 8

 

.______________________________________________________.

|Շենքերի        |Հակահրդեհային միջտարածությունները`    |

|հրակայունության|կախված օժանդակ շենքերի հրակայունության|

|աստիճանը       |աստիճանից, մ                          |

|               |______________________________________|

|               |  I, II     |    III    |   IV, V     |

|_______________|____________|___________|_____________|

|I, II          |  6         |    8      |   10        |

|III            |  8         |    8      |   10        |

|IV, V          |  10        |    10     |   15        |

.______________________________________________________.

 

152. Անհրաժեշտ է շենքերի միջև հակահրդեհային միջտարածություններ նախատեսել.

1) կախված շենքերի հրդեհային վտանգավորության աստիճանից և հրդեհապայթյունավտանգավորության կարգից,

2) շենքերի և շինությունների միջև հակահրդեհային միջտարածությունը պետք է ընդունել շենքերի և շինությունների արտաքին պատերի կամ այլ կոնստրուկցիաների միջև: Երբ շենքերի, շինությունների վրա առկա են այրվող նյութերից պատրաստված, 1 մ-ից ավելի դուրս ցցված կոնստրուկցիաներ, ապա այդ միջտարածությունը պետք է ընդունել այդ կոնստրուկցիաների միջև,

3) առանց բացվածքների (պատուհանների, դռների) շենքերի և շինությունների միջև այդ միջտարածությունները թույլատրվում է փոքրացնել 20%-ով, պայմանով, որ ծածկը պատված լինի չայրվող նյութի պաշտպանիչ շերտով` բացառությամբ V հրակայունության աստիճանի շենքերի,

4) սեյսմիկ 3-րդ գոտում բնակելի շենքերի միջև, ինչպես նաև բնակելի և հասարակական նշանակության IV ու V հրակայունության աստիճանի շենքերի միջև հեռավորությունը անհրաժեշտ է մեծացնել 20%-ով,

5) I և II հրակայունության աստիճանի շենքերի միջև այդ միջտարածությունները (բացառությամբ Գ1.1 և Գ4.1 դասի) թույլատրվում է չնորմավորել, պայմանով, որ մեկը մյուսի դիմաց տեղակայված ավելի բարձր (լայն) շենքի պատը, որը հանդիսանում է I տեսակի հակահրդեհային, և ավելի ցածր (լայն) շենքի պրոյեկցիայի սահմանից ուղղահայաց ուղղությամբ առլույս 8 մ, իսկ հորիզոնական ուղղությամբ 4 մ հեռավորության վրա չունենա բացվածքներ,

6) V հրակայունության աստիճանի շենքերի միջև այդ միջտարածությունները անհրաժեշտ է մեծացնել 50%-ով,

7) քաղաքային բնակավայրերի կառուցապատման սահմանից մինչև անտառային զանգվածները միջտարածությունը պետք է լինի 50 մ-ից ոչ պակաս, իսկ գյուղական բնակավայրերի կառուցապատման սահմանից և այգեգործական ընկերությունների տարածքներից մինչև անտառային զանգվածները` 15 մ-ից ոչ պակաս,

8) Բնակելի, հասարակական շենքերի և բենզալցակայանների միջև այդ միջտարածությունները ընդունվում են ՍՆիՊ 2.07.01 շինարարական նորմերով:

153. Շենքերին կցակառույցներ թույլատրվում է նախատեսել, պայմանով, որ հնարավոր լինի հրշեջ ավտոսանդուղքով հրշեջները մոտենան շենքի ամենավերին հարկի բնակարանին կամ սենքին, իսկ կցակառույցի տանիքը լինի չայրվող նյութերից:

 

Հավելված 1

 

Շենքերի կոնստրուկտիվ բնութագրերը կախված հրակայունության աստիճանից

 

._____________________________________________________________________.

|Շենքերի   |                               Բնութագիր                  |

|կոնստրուկ-|                                                          |

|ցիաների   |                                                          |

|հրակայու- |                                                          |

|նության   |                                                          |

|աստիճանը  |                                                          |

|__________|__________________________________________________________|

|I         |Շենքեր, որոնց կրող կամ պատող կոնստրուկցիաները բնական կամ  |

|          |արհեստական քարե, բետոնե կամ երկաթբետոնե շինանյութերից են` |

|__________|__________________________________________________________|

|          |թերթավոր և  սալիկային չայրվող նյութերի օգտագործմամբ       |

|II        |Շենքեր, որոնց կրող կամ պատող կոնստրուկցիաները բնական կամ  |

|          |արհեստական քարե, բետոնե կամ երկաթբետոնե շինանյութերից են, |

|          |օգտագործվում են թերթավոր և  սալիկային չայրվող շինանյութեր:|

|          |Շենքերի ծածկերում կարելի է օգտագործել չպաշտպանված պողպատե |

|          |կոնստրուկցիաներ:                                          |

|__________|__________________________________________________________|

|III       |Շենքեր, որոնց կրող կամ պատող կոնստրուկցիաները բնական կամ  |

|          |արհեստական քարե, բետոնե կամ երկաթբետոնե շինանյութերից են: |

|          |Միջհարկային ծածկերի համար կարելի է օգտագործել փայտե       |

|          |կոնստրուկցիաներ, պաշտպանված ծեփասվաղով կամ դժվար այրվող   |

|          |թիթեղային և  սալիկային նյութերով: Ծածկի տարրերին          |

|          |հրակայունության և  կրակի տարածման սահմանների վերաբերյալ   |

|          |պահանջներ չեն ներկայացվում, ընդ որում, ձեղնահարկի ծածկի   |

|          |փայտե կոնստրուկցիաները պետք է տոգորված լինեն հրապաշտպան   |

|          |նյութերով:                                                |

|__________|__________________________________________________________|

|IV        |Շենքեր, որոնք հիմնականում ունեն հիմնակմախքային            |

|          |կոնստրուկտիվ սխեմա:  Հիմնակմախքի տարրերը` պողպատե և  այլ  |

|          |մետաղական անպաշտպան, ամբողջական կամ սոսնձային փայտանյութից|

|          |և  ուրիշ այրվող կամ դժվար այրվող նյութերից են, որոնք կրակի|

|          |և  բարձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանված են        |

|          |ծեփասվաղով կամ այլ չայրվող նյութերով: Պատող               |

|          |կոնստրուկցիաները` պողպատե տրամատային թերթերից կամ այլ     |

|          |չայրվող թերթավոր և  դժվար այրվող ջերմամեկուսիչ նյութերից  |

|          |են: Ընդ որում, ձեղնահարկի փայտե կոնստրուկցիաները պետք է   |

|          |տոգորված լինեն հրապաշտպան նյութերով:                      |

|__________|__________________________________________________________|

|V         |Շենքեր, որոնց կրող և  պատող կոնստրուկցիաների              |

|          |հրակայունության և  կրակի տարածման սահմանների նկատմամբ     |

|          |պահանջներ չեն ներկայացվում:                               |

._____________________________________________________________________.

 

 

pin
Քաղաքաշինության պետկոմ /նախկին նախ
17.03.2014
N 78-Ն
Հրաման